Բեմի սև խավարից լույսի շողի հետ «դուրս է պրծնում» Պենելոպեն` կատաղությունից իրեն կորցրած:
ՊԵՆԵԼՈՊԵ – Ո՞ւր է… այստեղ բերեք նրան… ո՞վ է այդ շան քածը… բերեք այստեղ, ոտքերիս տակ… ես ուզում եմ տեսնել նրա սփրթնած դեմքը, սարսափից դուրս պրծած աչքերը, բերանը, որի ատամների ցանկապատից դուրս եկան այդ բառերը… ես պիտի տեսնեմ… պիտի տեսնեմ` ով է այդ մատնիչը… մատնիչ քածը…
Վերջին բառի հետ բեմի խորքում լուսավորվում է էկրանը Պենելոպեյի վերջին` «մատնիչ» բառն արտաբերող կադրով: Խոշոր պլան. Պենելոպայի` զայրույթից աղճատված դեմքը:
Իրական Պենելոպեն, որ էկրանի լուսավորվելու պահին անշարժացել է այդ նույն կեցվածքով, ինչն էկրանին է, խոշորացող պլանի ժամանակ սկսում է կենդանության նշաններ ցույց տալ, հետո շրջվում, հետաքրքրությամբ զննում է իրեն:
Երբ կշրջվի հանդիսատեսին` մեկ այլ Պենելոպե է` «իրեն հավաքել է», զուսպ է, հպարտ, դասական Պենելոպեն է, միայն աչքերն են չարաճճի փայլում:
ՊԵՆԵԼՈՊԵ – (ժեստով` դեպի էկրանը): Տեսարանը հաճելի չես անվանի, բայց անկեղծ զայրույթը ինչ-որ չափով արդարացնում է «կորսված դեմքս»: (Կիսաթեք` նայում է էկրանին:) Աղախիններիցս մեկը իրենց փեսացու հռչակած հիմարներին մատնել էր, որ արդեն երեք տարի է` դրանց քթներից բռնած ման եմ ածում` ցերեկը մահվան սավան եմ գործում ապագա հանգուցյալ կեսրարիս համար, գիշերը` մոմի լույսի տակ, գործածիս մի մասը քանդում եմ: Հա´, երեք տարի այդ հիմարները գլխի չէին ընկնում` հանկարծ, այդ քածի ասածով, աչքները բացվեց, ու… բացատրություն պահանջեցին ինձնից: Իսկ ես դուրս թռա ննջարանից ու… (Անշարժանում է, նրա մասում լույսը մարում է, լուսավորված էկրանին «կենդանանում» է Պենելոպեն:)
ԷԿՐԱՆԻՆ – Ուրեմն, իմ հարկի տակ երախտամոռ շուն եմ պահել, ով ուտում է իմ հացը, լվանում է իմ ոտքերը, իսկ իմ գաղտնիքը ծախում է օտարի՞ն… Հենց հիմա´, լսո՞ւմ եք, անմիջապե´ս գտեք նրան ու բերեք այստե´ղ… (Էկրանը մարում է:)
Լուսավորվում է բեմի աջ անկյունը` գահավորակին արքայավայել նստած է Պենելոպեն:
ՊԵՆԵԼՈՊԵ – (ազնվական հոգնածությամբ): Մատնիչ քածին չգտան: Բոլորին լավ թափ տվին, ինչ ասես` չարին, բայց չգտան: (Դադարից հետո, երկիմաստ ժպիտով:) Թեև… կզարմանայի, եթե գտնեին: Որովհետև ես էի իմ ամենահավատարիմ նաժիշտին սովորեցրել, թե ինչ պիտի ասեր փեսացու կոչեցյալներին` դեմքի ի´նչ արտահայտությամբ, ձայնի ի´նչ ելևէջով, որ նրանց մեջ կասկած չառաջանար, թե նրա բերանով ես եմ խոսում:
Ե´ս: Պենելոպե´ն: Ոդիսևսի կի´նը: (Զգուշավոր նայելով աջ` ասես այնտեղից ինչ-որ բան լսեց:) Հա, կի´նը… (Զգուշավոր նայելով ձախ` ասես այնտեղից էլ ինչ-որ բան լսեց:) Այրի՞ն… (Նայելով աջ:) Մեկ տարվա կի´նը… (Նայելով ձախ:) Քսան տարվա այրի՞ն… (Նայելով աջ ու ձախ:) Կի՞նը… թե՞ այրին… Սրանցից ո՞րն է ծանրակշիռը… (Ձեռքերով «կշռում է»:) Մեկ տարվա կի՞նը, թե՞ քսան տարվա այրին… (Աջ ձեռքը բարձրացնելով:) Մեկ տարվա մեջ իմ սերն է, առաջին տղամարդս, ներսումս պտղավորված նրա սերմը, արու զավակս… (Ձախ ձեռքը բարձրացնելով:) Քսան տարվա մեջ սպասումս է: Ու մնացած ամեն ինչը… (Սկսում է ծանրութեթև անել ձեռքի նժարները և մի պահի, կարծես երկուստեք ծանրությանը չդիմանալով` ձեռքերն անուժ ընկնում են ցած: Դադարից հետո, համառ շեշտով:)
Ե´ս, Պենելոպե´ն, Ոդիսևսի կի՜նը… այո, կի´նը, միա´յն կինը, նրա բացակայության 20-րդ տարում, օրերից մի օր, թեկուզ հենց այսօր, սպասումս սպանեցի: Երբ մատնեցի ինքս ինձ և ապշահար փեսացուներիս աչքի առաջ բզկտեցի չարաբաստիկ սավանը: Երբ տունս շուրջկալած ազնվազարմ արուների աչքերին առաջին անգամ նայեցի կանացի մարտահրավերով: Ու փակվեցի ննջարանում` սպասելով Ոդիսևսի հայտնվելուն: Իսկ որ նա հայտնվելու էր` կասկած չունեի:
Բարձրանում է տեղից, գնում ձախ` լուսավորվող անկյունը, որտեղ կախված է սպիտակ քաթանի կտոր` պատառոտված, քանդված թելերով: Սկսում է քանդել կախված թելերը:
Տրոյական պատերազմն ավարտվել էր տասը տարի առաջ, մեր մենամարտը շարունակվեց ևս տաս տարի: Որովհետև, ի տարբերություն Հեղինեի` Ագամեմնոնի կնոջ ու Պարիսի սիրուհի Հեղինեի, ես Պենելոպեն եմ, Ոդիսևսի կինը: Եվ…
Անսպասելի կիսատ է թողնում ասելիքը, մի պահ մտորում, հետո գալիս է կենտրոն, նայում դահլիճ, փորձում է կոնտակտ ստեղծել: Անցնելով սովորական, անգամ տնավարի տոնի:
ՊԵՆԵԼՈՊԵ – Ինչ-որ պաթոսը շատ է… համաձայն չե՞ք: Ու նաև, ինչպես հիմա եք ասում` ինֆորմացիայի պակաս կա, իսկ այդ պակասը միշտ էլ խանգարում փոխըմբռնմանը: (Խաղացկուն փքունությամբ:) Ուստի… քանզի… (Ասես չդիմանալով խաղին, պարզ, անմիջական ժպտում է:) Դրա համար էլ` մի փոքր ինֆորմացիա:
(Գործնական-շուտասելուկային:) Եվ այսպես, թեթևամիտ Հեղինեի պատճառով բռնկված Տրոյական պատերազմի ավարտից հետո ով ողջ մնաց` տուն վերադարձավ` զինվորից մինչև Ագամեմնոն արքա: Այո, այո, անգամ Ագամեմնոնը Պարիսի թերմացք իր Հեղինենին ետևից գցած տուն եկավ: Բոլորը` Ոդիսևսից բացի: Հոմերոսը դարեր շարունակ իր «Ոդիսականով» համոզել է, ու լա´վ է համոզել, որ Ոդիսևսը տուն չէր կարողանում հասնել աստվածների զայրույթի պատճառով: Ըհ´ը… 10 տարի հունական աստվածները, բան ու գործ թողած, ինտրիգներ են հյուսել, հազար ու մի արգելքներ մոգոնել, ինչ է, թե նա Իթակե չվերադառնա: Հոմերոսից ուրիշ բան սպասելն առնվազն միամտություն կլիներ, եթե նկատի ունենանք, որ հեղինակն ու նրա հերոսը նույն սանրի կտավն են… ուզում եմ ասել` ցեղը ցեղ չի… տատս էլ կասեր` շունը շան միս չի ուտի: Մտքինս ի՞նչ է… Հիմա ե´ս կասեմ, թե ինչո´ւ սիրասուն ամուսինս 10 տարի տուն հասնել չէր կարողանում: Ու հենց սկզբից հայտարարում եմ` աստվածների մասին մոռացե´ք: Քանի մարդը երկրի վրա է ապրում, աստվածները վերևում ոչինչ անել չեն կարող… (Կարծես իր տոնից զգուշանալով` վերև նայելով, թեթև շողոքորթ): Համարյա ոչինչ…
Էկրանը լուսավորվում է: Ոդիսևսն է: (Կամ հունական որևէ պատկեր, դիմաքանդակ, կամ Կոնչալովսկու ֆիլմի հերոսը, կամ հատուկ ընտրված կերպարներ, համապատասխան «խաղադիմակով»:)
ՊԵՆԵԼՈՊԵ – (չնայելով էկրանին, ձեռքի արտահայտիչ շարժումով): Հերո´ս է: Հե-րո´ս: Ընդ որում, պատերա´զմը նրան հերոս չդարձրեց: Նա հերոս ծնվե´լ էր: Ես դա հասկացա առաջին հայացքից: (Կարծես դահլիճից ինչ-որ մեկին` ի պատասխան:) Այդ հայա՞ցքս… Տասնվեց տարեկան էի: Մարմինս արդեն կին էր ուզում դառնալ, միտքս էլ փնտրում էր ինձ արժանի տղամարդուն: Եթե տասնվեց տարեկանում մարմինն ու միտքը գիտեն` ինչ են ուզում, մնացածը, ինչպես դուք եք ասում` տեխնիկայի հարց է: Մեր ժամանակ ասում էինք` աստվածները բարեհաճ կգտնվեն: Մի խոսքով, աստվածների բարեհաճությամբ հարցի տեխնիկական կողմը լուծվեց: Մինչև հիմա էլ չգիտեմ` ե՞ս նվաճեցի նրան, թե՞ ինքը` ինձ: Մենք այնպես նետվեցինք սիրո հորձանուտը, այնպիսի կատաղի կրքով տրվեցինք իրար, կարծես գիտեինք, որ մեկ տարում պիտի սպառենք նաև քսան տարիների… ամեն ինչը:
Էկրանին` էրոտիկ պատկեր… Պենելոպեն միմիկայով ու ժեստիկուլյացիայով արտահայտում է իր վերաբերմունքը` հաճելի հիշողությանը խառնված է վատ թաքցրած հեգնանք: Անսպասելի իդիլիան ավարտվում է` ամենաբուռն գրկախառնության կադրը քարանում է:
ՊԵՆԵԼՈՊԵ – («իրեն» վերադառնալով): Նվաճելուն հաջորդում է անձնատուր լինելը: Ասածս հավասարապես վերաբերում է բանակներին ու սիրող զույգերին: Բնականաբար, ես կխոսեմ երկրորդի մասին: (Կարճ դադար` ասածն ավելի շեշտելու համար:) Հաղթանակած կինը հաճույքով, ես կասեի` ինքնազոհաբերման մարմաջով ենթարկվում է իր տղամարդուն: «Ու դա բնական է»,- հիմա կմտածեք դահլիճում նստածներդ` կին, թե տղամարդ: Կնոջը նվաճելուց հետո այդ նույն կնոջն անձնատուր լինելը տղամարդու համար հավասարազոր է հայրենիքը դավաճանելուն. «Ու դա բնական է»,- հիմա մտածեցին դահլիճում նստած տղամարդիկ: Միայն նրանք…
Իմ Ոդիսևսը հերոս էր, իսկ հերոսի համար հայրենիքի դավաճանությո՜ւնը… (Կարճ դիմախաղ` հեգնախառն հոգեվիճակը ցուցանող:)
Դա էր պատճառը, որ հերոսս երկնային մանանայի պես ընդունեց պատերազմի գույժը: Դե… նա սկսել էր դառնալ ընտանի կենդանի` ցանկալի կին, նորածին զավակ… տուն, կալվածքներ… կովեր, ոչխարներ… պանրի գլուխներ, գինու կարասներ… Թյո՜´ւ… Իսկ ո՞ւր մնաց հերոսը, գրո´ղը տանի…
Ես նրան արժանապատվորեն ուղարկեցի հերոսանալու` գիշերն այրում էի մարմնիս ծարավով, ցերեկը` պահը չկորցնելով, որդուս կաթնահոտ բարուրը խցկում էի թուր ու կռիվ տենչացող ձեռքերի մեջ, այդ կերպ նախապատրաստելով նրա վերադարձի օրը: Որ իմ խորամա՜նկ, ինձնից ո´չ պակաս նենգամիտ ամուսինը գուշակել էր կանացի խորամանկությունս` բացահայտեց միայն հրաժեշտի պահին, ասելով. «Եթե չվերադառնամ, նայիր հորս ու մորս, ու երբ որդիս մեծանա, միրուք ունենա, դու կարող ես մարդու գնալ ու հեռանալ իմ տնից»: Որ նա չէր սպանվելու մարտի դաշտում` երկուսս էլ գիտեինք… (Երկիմաստ ժպիտով): Աստվածնե՜րն էին ասել: Ուրեմն, ի՞նչ էին նշանակում նրա խոսքերը: Մարտահրավե՜ր, սադրա´նք, այսինքն` «Ամեն կին էլ կարող է սիրել, մեկը` ավելի, մյուսը` պակաս: Դու, Պենելոպե, կարո՞ղ ես սպասել, որովհետև դրան ընդունակ չէ և ոչ մի կին: Կսպասե՞ս, եթե հերոսին արժանի կին ես»:
Պատասխան չտվեցի: Նայեցի աչքերին: Ինչքան նայեցինք իրար աչքերի մեջ` չգիտեմ, բայց երկուսս էլ հասկացանք, որ մեզ համար կյանքի նոր հաշվարկ սկսվեց. այդ պահից ամեն օրը ոչ թե մոտեցնելու, այլ հեռացնելու էր նրա վերադարձը: Այնպես որ, կարող եք արձանագրել. Տրոյական պատերազմին զուգահեռ սկսվեց նաև մե´ր պատերազմը:
Պենելոպեն ոսկեգույն պարեգոտի վրայից դանդաղ հագնում է սև բալախոն:
10 տարին հեշտ անցավ: Այսինքն` 10 տարվա չափ: Պատերազմ էր, բոլոր տղամարդիկ կռվի դաշտում էին, ես էլ, մյուս կանանց պես, մեծացնում էի զավակիս, նայում նրա հորն ու մորը, ավելացնում նրա ունեցվածքն ու հարստությունը և, ամենակարևորը` հպարտ քայլում էի Իթակեի փողոցներում` ես հերոս Ոդիսևսի կինն էի:
Բայց… պատերազմն ավարտվեց, ողջ մնացածները հերթով վերադարձան: Ոդիսևսը չկա´ր: Ու միայն ես գիտեի, որ դեռ չի գալու: Ժամկետն էլ գիտեի` ևս 10 տարի` տրոյական պատերազմի չափ: Այնպես որ, շարունակեցի մեծացնել զավակիս, խնամել նրա ծնողներին, ավելացնել նրա հարստությունը, անբիծ պահել նրա պատիվը, բայց արդեն աշխատում էի փողոցում քիչ երևալ… հետո ընդհանրապես փակվեցի չորս պատերի մեջ: Զոհվածների այրիները փայփայում էին իրենց սուգը: Վերադարձածների կանայք` իրենց հրճվանքը: Ես ոչ մեկն էի, ոչ` մյուսը…
Հատակից վերցնելով մի գիրք` գալիս է բեմի կենտրոն` անցնելով անմիջական-մտերմական տոնին:
ՊԵՆԵԼՈՊԵ – (բազմանշանակ դադարից հետո): Ճիշտ հասկացաք, ևս մի կարճ ինֆորմացիա: (Գիրքը թերթելով:) Ահա… գտա… ամուսնու բացակայության պատճառով մենակ մնացած այրի կին… ռուսերեն ավելի լավ է հնչում` րՏսՏՎպվվՈÿ ՉՊՏՉՈ! Ցավոք, այս բառակապակցության համարժեքը հայերենում չգտա, մնում է ուղղակի թարգմանել` «ծղոտե այրի»… (Ուսերը թոթվելով` գիրքը շպրտում է կուլիսները, հետո գնում, նույն կուլիսներից բերում է ծղոտե լայնեզր գլխարկ, դնում գլխին:) Այսպես ինչ-որ չափով համապատասխանեցի անհեթեթ անվանումին… Բայց սա չէ կարևորը: Կարևորն այն է, որ Իթակեում և ամբողջ Հունաստանում միայն ե´ս էի այդ կարգավիճակով… և ա´յս գլխարկով:
Երկարատև լռությունից հետո լուր եկավ` ամուսնյակ-լուսնյակս Կիրկեի գրկում է: (Անսպասելի ծիծաղ` հիստերիկ քրքրջոցի վերածվող:) Հոմերոսն ասում է, որ իբր Կիրկեն ինչ-որ թուրմով… կախարդանքով… նրա խելքն առել է: Ոդիսևսի՜ խելքը… Ոդիսևսը ում խելքն ասես` կառնի, ծովը տանի, ծարավ ետ կբերի… Հիմար ծերուկ, ո՞ւմ ես հիմարի տեղ դնում… (Կատաղության նոպա` հաշվեհարդար գլխարկի հետ: Հետո` տանում-կախում է քրքրված սավանի վրա: Անսպասելի հանգստությամբ:) Մեկ տարին մսխեց այդ պառավող պոռնիկի ծոցում, ում կախարդանքը ընդամենը ծերությունից սարսափող կնոջ` բժժանքի հասնող կիրքն էր: Ու թեև գիտեի, որ այդ հրապուրանքը երկար չի տևի, բայց հաճելի էր լսելը, որ բաժանվել են, և իմ հերոսը տան ճամփան է բռնել: Գալի՜ս է: (Սկսում է խելահեղ պտտվել բեմում:) Գալի՜ս է…գալի՜ս է… գա՜-լի՜-սէ՜ (Կտրուկ կանգ է առնում, դառն հեգնանքով:) Եկա՜վ, եկա՜վ… ու լռվեց մնաց` հիմա էլ Կալիպսոյի անկողնում:
Ի տարբերություն Կիրկեի` այս մեկն ինձնից ջահել էր, ինձնից գեղեցիկ… Լուրն իմանալով` փակվեցի ննջարանում ու մերկ կանգնեցի հայելու առաջ: (Ֆոլգա-հայելու առաջ խաղում է տեսարանը:) 13 տարի սպասող կնոջ մարմին, 13 տարի անհայր որդի մեծացնող մոր ձեռքեր, 13 տարի ճանապարհին նայող աչքեր… 13 տարի չհամբուրված շուրթեր… (Ֆոլգան գցում է ոտքերի տակ, սկսում «հոշոտել»:) Իսկ նա ինձնից գեղեցիկ… սլացիկ… Ոդիսևսի կիրքը ափիբերան վայելող… (Կանգ առնելով, ծանր շնչելով:) Երբ կտոր-կտոր էի անում հայելին, հույս ունեի, որ սիրտս կպայթի ու կպրծնեմ… Պարզվեց` շատ առողջ սիրտ ունեմ: Մոր սիրտը չդիմացավ… չէ՜, չպայթեց, նրա սիրտն էլ պակաս առողջը չէր, պարզապես որպես կեսուր համեմատեց ինձ և այդ պոռնիկին, գերապատվությունը տվեց նրան ու… գնաց ծովում խեղդվելու: Իհարկե, նրան տեղը տեղին թաղեցի, բայց մի´ կաթիլ արցունք չթափեցի: Ցանկացած մոր պես նա էլ համոզված էր, որ իր տղան ինձնից լավին էր արժանի, դրա համար էլ կյանքին վերջ տվեց: (Անսպասելի քինախնդրությամբ:) Տե´ղն է քեզ… չհավատացիր կանացի իմ ուժին: (Միանգամից սթափվելով, բայց դեռ չարացած:) Ինձ կշտամբանքով նայող մի հայացք պակասեց, բայց դա կաթիլ էր ծովում: Ընդհանրապես, երբ ամուսինը թափառում է դրսերում, հասարակությունը դատապարտում է… կնոջը: Տրոյական պատերազմից հետո մարդիկ ինձ սկսեցին նայել ա´յդ հայացքով, թեև ես թքած եմ ունեցել բոլորի… բոլորի… մեկից բացի:
Էկրանին` Տելեմակը:
ՊԵՆԵԼՈՊԵ – (պատկերը զննելուց հետո, հոգնատանջ): Ծնածս աղջիկ լիներ` փեշիս կպած կմեծացնեի, հպարտությանս ցավը նրա հետ կկիսեի ու նրան կդարձնեի համախոհ: Կանանց միաբանող միակ ուժը տղամարդկանց ցեղի նկատմամբ հատո՜ւկ վերաբերմունքն է: Բայց… (Գուրգուրանքով, հպարտ:) Զավակս է` Տելեմա´կը: Մինչև 10 տարեկանը, այսինքն` պատերազմի ավարտը, իմ պաշտպանն ու բարեկամն էր: Հետո… խորթացանք: Նրա հայացքն էլ դարձավ կշտամբող` ի՞նչ ես արել, որ հայրս չի ուզում տուն վերադառնալ: Ի՞նչ կարող էր ասել մեկին, ում մորուքն աճելու միտք էլ դեռ չուներ:
Համատարած կշտամբանքին ու վատ թաքցրած արհամարհանքին դիմանալ էր պետք: Ու ես տնեցիների հետ սկսեցի խոսել միա´յն հրամաններով, իսկ քաղաքի արհամարհանքին պատասխանեցի իմ լռությամբ: Մի խոսքով` վհուկ… Ես ո´չ մեկին չէի կարող բացատրել կամ արդարանալ… Մի´ք մոռանա, ես Պենելոպե´ն եմ` Ոդիսևսի կի´նը:
Կեսրարս սկզբում կարեկցում էր, հետո նա էլ սկսեց փախցնել հայացքը… նա է´լ էր համարում, որ մեղավորը ես եմ, կարգին կին լինեի` գիրկս կանչող կլիներ: Բայց… մեկ-մեկ մեղավոր ժպտում էր: Դե, իր որդուն լավ գիտեր, ինքն էլ ժամանակին պակաս անառակը չի եղել…
Ուրեմն, երբ կեսուրս խեղդվեց, տղաս ինձնից խորթացավ, երբ կեսրարս սկսեց խուսափել ինձնից, երբ քաղաքի չարախնդությունը դարձավ բացահայտ և արդեն չորս տարի էր` Ոդիսևսը Կալիպսոյի անկողնուց դուրս չէր գալիս, ես որոշեցի ամուսնանալ: Առավել ևս, որ Տելեմակի դեմքին մորուքի պես բան էր երևացել:
Որ փեսացուներ կհայտնվեին` կասկած չունեի, բայց որ կեսբերան ասածս այդպիսի արձագա՞նք կգտներ… 35-ամյա «ծղոտե այրուն» տենչում էին 18-ից 30 տարեկան լավագույն տղերքը… Սեփական արժեքդ ճշտելու վատ միջոց չէ…
Էկրանին` փեսացուների շարանը:
ՊԵՆԵԼՈՊԵ – Խնդրեմ` մեկը մեկից ջահել, սիրառատ, ուժեղ, առնական: Լկտի ու հաբռգած: Ինչո՞ւ այդպես… որովհետև ուզում են դառնալ Ոդիսևսի կնոջ ամուսինը: (Քրքիջի վերածվող ծիծաղ:) Որովհետև վրա տվեցին սոված շնագայլերի պես ու սկսեցին սպասել: Սպասել իմ արձագանքին: Ես էլ էի սպասում… Ոդիսևսի արձագանքին:
Չէ, այդքան միամիտ չէի, որ մտածեի, թե ամուսնությանս լուրն առնելուն պես նա գլխապատառ տուն կվազի: Ինչ-ինչ, բայց լա՜վ էր ճանաչում ինձ: Պարզապես հասկացավ, որ լռությունից անցնում եմ ակտիվ գործողության:
Ոդիսևսի արձագանքը չուշացավ` լուր եկավ, թե Կալիպսոն էլ ուզում է ամուսնանալ ամուսնուս հետ: (Իբր մեկուսի:) Ամուսնանալ ամուսնուս հետ… վատ չի հնչում: (Թթու ժպիտով:) Սիրտս հանգստացավ. դա միայն մի բան կարող էր նշանակել` Ոդիսևսը անպայման կվերադառնա… մի օր: Բայց փեսացուներս, որոնք իրենց գործն արել էին ու այլևս ավելորդ էին, արի տես, որ աներես ճանճերի պես կպել էին տանս շեմին ու պոկ գալու միտք չունեին:
Հա, մոռացա ասել, ու ամուսնությանս մասին լսելուն պես կեսրարս տնից դուրս եկավ ու այլևս չվերադարձավ: Գնաց սարերը, հովիվների մոտ… դե, ինչ, մաքուր օդն ու թարմ կաթը նրա տարիքում օգտակար են: Իսկ որ նույն լուրը որդուն զվարճացրել էր, հորը` կատաղացրել` ուրեմն հաշվարկս ճիշտ էր:
Վերադառնանք մեր ոչխարներին… պարդոն, իմ փեսացուներին: Սրանք, որ դուռս եկան երկյուղից, ակնածանքից ու ցանկությունից դողացող վերջույթներով (բոլո´ր վերջույթներով), շատ չանցած սկսեցին փոխվել, այսինքն` հասկանալ, որ Պենելոպեն արագ ընտրություն չի անի: Հասկացան ու սանձերը բաց թողին… Իրենց թվում էր, թե իրե´նք են սանձերը բաց թողել, իրականում ե´ս այդ առնական, ուժեղ, մարզված ջահելներին դարձրի որկրամոլ, հարբեցող ու ցոփ, ու շատ ցեղական ցուլերը վերածվեցին գեր, ծույլ ու ցոփ որձակների: Ինչո՞ւ… Որ երբ գար ժամը` Ոդիսևսը հեշտությամբ նրանց սատկացներ: Դաժա՞ն եմ… Ամենևի´ն: Որովհետև նրանք համարձակվել էին ցանկանալ Ոդիսևսի կնո´ջը: Ի´նձ: Մի անգամ գավիթով անցնելիս լսեցի. «17 տարի չշինված կնոջը ունենալն էլ իր կայֆն ունի»… Մյուսն էլ, թե` «Բա որ մտածում ես, թե դրանից առաջ էլ միայն Ոդիսևսի տե՜գն է եղել նրա…»… մնացածը թաղվեց նրանց լրբենի քրքջոցի մեջ: Իսկ ես ավելի հպարտ շարունակեցի ճամփաս` ամեն կին չէ, որ կարող է հպարտանալ ամուսնու` թեկուզ 17 տարվա վաղեմության առնականությամբ…
Վերջապես մի օր, երկու կերուխումի արանքում, դրանք պահանջեցին ընտրել մեկնումեկին, իրենց չխայտառակել, եթե ոչ… Իսկ որ նրանք ամեն ինչի ընդունակ էին` կասկած չունեի, հետո էլ, միք մոռանա, որ տղաս արդեն տաքարյուն պատանի էր… Ես նրանց առաջ պայման դրեցի… դե, գիտեք, դարդից սարերը փախած կեսրարիս սավանը գործելու մասին է խոսքը:
Նրանք ստիպված ընդունեցին պայմանս, բայց հասկանալով, որ երկար ժամանակ կպահանջվի` կերուխումից անցան աղախիններիս շինելուն: Աղջիկներն, իհարկե, արդեն նախապատրաստված էին, ես մեկ առ մեկ նրանց հրահանգ էի տվել` ինչպես գայթակղել ու ցոփացնել այդ մանրապճեղ արուներին:
Իսկ ե՜ս… երբ աստիճանների վերևից նրանց նայելով ասում էի պայմանիս մասին, սիրտս հրճվանքից պայթում էր: Ախր, իմ իմաստո´ւն, հնարամի´տ, տրոյական ձի հորինած հերոսը միանգամից գլխի կընկներ, թե ի՜նչ խորամանկ բան եմ մտածել` սավանը գործել-քանդել, գործել-քանդել, գործել-քանդել… Ու քանի որ մեզ կապողը ոչ միայն մարմնի կիրքն էր, այլ ավելի շատ` մտքի ուժը, նա պիտի գուշակեր հնարամտությունս ո՜՜՜ւ… (Արտահայտիչ շարժումով ցույց է տալիս գիրկը նետվող Ոդիսևսին փարվելը: Դադարից հետո, ասես ամաչելով պոռթկման համար, չոր-գործնական տոնի է անցնում:)
Բայց մինչև այդ «ո՜ւ-ն» դեռ ժամանակ կար: Մինչ ես գործում-քանդում էի սավանը, իսկ փեսացուներս օրգիաներ էին սարքում աչքիս առաջ, տղաս գլուխն առավ-տնից փախավ` հորը փնտրելու… Ասեմ, որ սպասում էի նրա այդ քայլին, ավելին` այդ կերուխումերն ու զեխությունը մի նպատակ էլ ունեին: Կարծելով, որ մայրը ուշացած ցանկասիրությունից խելքը թռցրել է` ի՞նչ պիտի աներ դժբախտ մանչուկս` այո´, փնտրել-գտնել հորը, ումից նա պակաս վիրավորված չէր, իսկ վերջին տարում վիրավորանքը վերածվել էր ատելության: Այո, իմ խեղճ զավակն ատում էր և´ ինձ, և´ հորը, որովհետև չգիտեր ու չպիտի´ իմանար մեր պատերազմի մասին: Ես ամեն ինչ արեցի նրան տնից քշելու համար: (Իբր ի պատասխան դահլիճի:) Ինչո՞ւ.. որպեսզի ինքն իրեն խղճացող տղեկը դառնա ինքնավստահ տղամարդ: Հորը փնտրելուն զուգահեռ նավահանգիստների կեղտոտ որջերում արու դարձող իմ Տելեմակն էր ինձ պետք, հետո՞ ինչ, որ ձեռնունայն պիտի վերադառնար. այդքան հե՞շտ է Ոդիսևսին գտնել, անգամ եթե փնտրողը հարազատ զավակն է: Վերադառնալով, Ոդիսևսը տանը պիտի գտներ ոչ թե կակղամորթ մեկին, այլ իր նմանի´ն, իր շարունակությա´նը:
Անկեղծորեն խոստովանեմ` եթե թեկուզ ակնարկ ուղարկեի Ոդիսևսին, որ էլ սպասել չեմ կարող, նա գլխապատառ գիրկս կնետվեր: Բայց ես կարողացա´ սպասել 19 տարի, իսկ 20-րդում, երբ ժամկետը լրացավ, աղախնուս բերանով փեսացուներիս պատմեցի սավանի մասին, իմանալով, որ Ոդիսևսը շուտով կանգնի իր տան շեմին: Աղետ է, երբ կինն ու տղամարդը այդչափ ճանաչում են իրար. մեր դեպքում դա մի քանի տասնյակ փեսացուներիս մահվան պատճառը դարձավ:
Բայց շարունակեմ պատմությունս… Եվ այսպես, Ոդիսևսն արդեն ճանապարհին էր: Ու ես վերջին, վճռական ճակատամարտի անհամբերությամբ սպասեցի նրա հայտնությանը:
Ու նա հայտնվեց… մուրացի՜կ, քրջո՜տ, անլվա՜… Բո´մժ:
Նրան ճանաչեցին երկուսը. շունն ու ես: Արգոսը, որպես հավատարիմ շուն, սողալով գնաց ու նրա ոտքերի տակ շունչը փչեց:
Հիմա սպասում եք, որ ասեմ. «Ես, որպես հավատարիմ կին…» և ուզում եք իմանալ, ինչ արեցի ե՞ս…
Ես նրան ճանաչեցի առանց տեսնելու: Երբ հրամայեցի մոտս բերել թափառական մուրացիկին, ինչպես միշտ վարվում էի` ամուսնուս մասին լուր լսելու հույսով, առաջին անգամ մերժում ստացա, որն ավելի շատ պայման էր հիշեցնում. «Թող տիրուհին ինձ սպասի մինչև արևը մայր մտնի, հետո կրակի մոտ նստեցնի ու հարցմունք անի…»: Ա՜յ, դա նման էր իմ խորամանկ Ոդիսևսին: «Արևը մայր մտնի»`- որպեսզի արևի լույսով քրջերի մեջ չբացահայտեի նրան: «Կրակի մոտ նստեցնի»`- որպեսզի բոցերի ստվերը չմատներ նրա հուզմունքը:
Նաժիշտներս մի քանի ժամում վերադարձրին մաշկիս թավիշը, աչքերիս փայլը, կրծքերիս պրկությունը… Ու երբ մետաքսն ու կերպասը փաթաթվեցին անուշաբույր մարմնիս, երբ ոսկե հերակալները թաքցրին ճերմակ մազերս, երբ մատներիս մեջ քարացած կարոտն արթնացավ ու դարձավ մանրիկ դող, ես դուրս եկա ննջարանից: Հյուրասենյակում, կրակի ստվերում նստած մուրացիկը ինձ տեսնելով` փորձեց տեղից բարձրանալ: Ես թույլ չտվեցի, ասելով, որ հարգում եմ նրա ծերությունը: Նա քթի տակ, իր կարծիքով` աննկատ, ժպտաց, որ չճանաչեցի: Ե՞ս… չճանաչեի նրա՞ն… մի՞թե քրջերը կարող էին թաքցել նրա բազուկների ուժը, թե՞ կեղտից թաղքած, խռիվ մազերի տակից չէի տեսնի աչքերի խորամանկ փայլը… բա հո՜տը… նրա հոտը, որն անկարող էին խեղդել տարիները, ճամփաներն ու կանայք: Բազմելով գահավորակին` անցա հարցուփորձին: Ավելի ու ավելի համոզվելով, որ կարողացել է ինձ ֆռռացնել, սիրասուն ամուսինս մտավ դերի մեջ ու հո չսկսե՜ց իր փչոցները, որոնք, ճիշտն ասած, համարյա չէի լսում: Քիչ անց ծառան վառեց մեծ ջահը: Ու նա տեսավ ինձ… նայում ու չէր հավատում, որ 37 տարեկան կինը կարող է 17 տարեկանի տեսք ունենալ: Նրան ի՞նչ բացատրեի, որ երբ չես ապրում, չես էլ ծերանում: Իսկ աստվածներին մոլորեցնող իմ հերոսն այլևս չէր կարողանում զսպել զարմանքն ու հիացմունքը, իզուր փորձելով ցույց չտալ մեջը ալիքվող, այդքա՜ն ուշացած ցանկությունը…
Հրամայեցի բերել ոսկեզօծ թասը, հոտավետ յուղերն ու տաք ջուր: Հասկանալով, ու պատրաստվում եմ ոտքերը լվանալ, փորձեց խույս տալ, քիչ մնաց` հյուրասենյակից փախչեր: Ի դեպ, էպոսում իբր նրա ոտքերը դայակն է լվացել… Չհավատա´ք: Ե´ս ծնկի իջա ու լվացի նրա գոսացած, սպիներով ծածկված ոտքերը, որոնց վրա դրոշմվել էր Տրոյայի փոշին ու… Կալիպսոյի բույրը: Մատներիս մեջ արթնացած կարոտը շերտ-շերտի ետևից մաքրում էր անառակ ամուսնուս վերադարձի պարտություններն ու հաղթանակները… իսկ հետո ձեռքերս դանդաղ, շա՜տ դանդաղ սկսեցին սողալ վերև: Չէի նայում նրան, միայն լսում էի անկառավարելի դարձող շնչառությունը: Ե՞ս նվաճեցի նրան, թե՞ ինքը` ինձ… Մենք թավալվում էինք քարե հատակին, կատաղի մոլուցքով իրար վրայից պոկում` ես` նրա քրջերը, նա` իմ ոսկեկար մետաքսը… ես համբուրում էի նրա կեղտաբույր դեմքը, նա լիզում էր անուշահոտ մարմինս…
Հավատացած եմ` աստվածներն այդ պահին նախանձից մեռնում էին ու նաև հռհռում էին` փորները բռնած: Ա՜յ թե տեսարան էր. անառիկ Պենելոպեն տրվել է թափառական մուրացիկին, իսկ Ոդիսևսը պառկել է իրեն դավաճանող կնոջ հետ:
Երբ ուշքի եկանք` պառկած էինք ջրի ու մոխրի մեջ: Թասի ջուրը լցվել էր կրակի վրա… իմ կեղտակուր մարմինը համարյա չէր տարբերվում նրա մարմնից: Ահա, այդ պահին էր, որ ես խաղացի իմ ամենա… ամենադաժան խաղը: Ես նրան…
Իբր սթափվելով, անցնում է չոր-գործնական տոնին:
ՊԵՆԵԼՈՊԵ – Որպեսզի հասկանաք այս պատմության ինտրիգը, ևս մի կարճ ինֆորմացիա: Ինչպես բոլոր սիրեկանները, մենք էլ ունեինք սիրային մեր նշանաբառերը: Ըըը… օրգազմից հետո, դեռ լրիվ ուշքի չեկած, նա ականջիս շշնջում էր` «անկուշտսսսս» ու լսում իմ պատասխանը` «անհագսսսս»: Դե, հիմա կարող եք լսել շարունակությունը:
(Քիչ առաջվա տոնով:) Ուրեմն, ըըը… օրգազմից հետո պառկել ենք քով-քովի` մոխրաջրի մեջ: Աչքերս փակ են, բայց զգում եմ` լրիվ իրեն կորցրել է հերոսս, չի հասկանում` սա ի՞նքն է, անբիծ Պենելոպե՞ն, բա ո՞ւր մնացին նրա բարոյականության մասին պատմվող լեգենդները… Պատկերացնում եք, չէ՞, խեղճի վիճակը, պառկել է սեփական կնոջ հետ որպես բոմժ ու սիրել բոմժին տրվող պոռնիկին… Իսկ իմ պե՜տքը չէ… հաճույքից ձգվում եմ, ժպտում ու հազիվ լսելի ասում. «Ան-հա…»… Ու շունչս պահում եմ` ամբողջ մարմնով լարվեց ինչպես վիրավոր գազան, սպասում է, ինչ եմ ասելու, մի՞թե…
Իսկ ես բացեցի աչքերս, ժպտացի ամոթխած պոռնիկի ժպիտով… հերոսիս աչքերը ճակատն են թռել, գույնը` պատի ծեփ, հայացքը` բառեր չեմ գտնում նկարագրելու համար… «Ան… հարմար է, կտեսնեն»,- շշնջացի նրա ականջին, ուշացած ամաչկոտությամբ վրաս քաշեցի ծածկոցս ու վազեցի ննջարան:
Այդ օրը չերևաց: Որդուս հետ սատկացրեց փեսացուներիս, տունն ու դուռը օտարից մաքրելուց հետո միայն եկավ-կանգնեց ննջարանիս դռանը: Այս անգամ` որպես Ոդիսևս` իր ողջ շքեղությամբ ու փայլով, սպառազեն ու հերոս, ինչպիսին և պիտի´ լիներ Պենելոպեի ամուսինը: Կանգնեց շեմին ու սպասեց: Ես, որպես հավատարիմ կին, մոտեցա, ծնկի իջա, համբուրեցի անհաշիվ ճամփա անցած ոտքերը, համբուրեցի անհաշիվ կանանց գուրգուրած ձեռքերն ու ոտքի ելա: Նայեցինք իրար աչքերի մեջ: Ինչպես քսան տարի առաջ: Ու նա հասկացավ, որ այդպես էլ չի իմանալու` անցած գիշեր ո՞ւմ հետ պառկեց Պենելոպեն, աշխարհում միա´կ կինը, ով կարողացել է քսան տարի սպասել ամուսնուն: Հասկացավ, որ այդ կասկածը սրտում ապրելու է ինձ հետ երկա՜ր ու երջանիկ… Ու երբևէ չի համարձակվելու հարցնել այդ մասին, չէ՞ որ հասել էր ուզածին` պատմության, ավելի ճիշտ` գրականության մեջ մնացինք իրար արժանի` նա` հերոս Ոդիսևս, ես` հավատարիմ Պենելոպե:
(Գնում է դեպի բեմի խորքը, կեսճամփա շրջվում է:) Եթե հիմա ինչ-որ մեկը մտածում է` այդ փոքրիկ վրեժն արժե՞ր քսանամյա իմ սպասումին, ուրեմն նա կին արարածից ընդհա´նրապես գլուխ չի հանում:
Վերադառնում է սավանի մոտ, գլխին է դնում ծղոտե գլխարկն ու ժպտալով իր մտքերին` քանդված թելերը հավաքելով սկսում է գործել սավանը:
© Կարինե Խոդիկյան, 2009թ
Հունական էպոսը տարբեր ժամանակներում տարբեր մեկնաբանությունների է արժանացել, ամեն մեկն էլ իրենց ժամանակի ոգին են կրել:Շատ տպավորիչ էր մեր ժամանակաշրջանի ոգին ու գաղափարախոսությունը կրող Պենելոպեն:Խոդիկյանը ժամանակի շունչն է, իրական գրող, որը կմնա գրականության պատմության մեջ:
Xndirn ajn e, vor ete hunakan eposy hanenq taky vo4in4 4i mna.Isk da menq gitenq ev herustacujcov filmy tesel enq.
Ete penelopei poxaren dnenq orinak Marine ev vodisevsi anuny orinak Aramajis u yntecenq piesy noric apa in4 kstacvi 4gitem.
Հարգանքներս Տիկին Խոդիկյանին: Միշտ էլ հետեւում եմ նրա ստեղծագործական աշխատանքներին եւ հաճույքով եմ դիտում նրա պիեսների բեմադրությունները:
Hargeli LLLLLL, ays piesum karevory hogevichakneri, mtacelakerpi, ashxarhayacqi patkerumn e.Jamanakakic gorceri mec masy chunen konkret syuje, qanzi aveli karevor e mtqi trichqi tarber ceveri patkerumy.Isk ayn, vor menq gitenq Penelopein u Vodisevsin, mez aveli ognum e haskanalu katarvacy, isk che vor kan shat lav gorcer, voronq haskanal karox enq miayn herosneri xosqeri mijocov mtovi patkereacnelov iradarcutyunneri shxtan.Hunakan eposneri syujeic ogtvel en aynqan haytni u hzor groxner, vor ays hangamanqy bnav chi nsemacnum ajs piesi arjeqy.
chunem
ինձ պետք է բացատրությունը
hargeliners,erb xosq@ hunakan arvestin ev mshakuytin e veraberum, uremn nranum ka katareliutyan hasnelu paylun dzgum.voghj mardkutyun@ eraxtapart e huyn joghovrdin.isk kuyr patmich Homeros@ ir erku mets gortserov der kapri darerov.
Ողջունում եմ ձեր աշխատանքը, շնորհակալություն: