Որովհետև նորանց ոտները չարութեան են վազում,
և շտապում են արիւն թափելու:
Գիրք Առակաց, Գլուխ 1
***
Քամի էր թեթև: Լվացքի պարանի վրա կանացի սպիտակ վարտիքները հաճույքով տարուբերվում էին: Չափերով մեծ էին, հնամաշ ու տեղ-տեղ էլ` դեղնած: 52-ամյա կինը մոտեցավ պատուհանին, նայեց երկնքին` հասկանալու` անձրևի կաթլները կմաքրե՞ն իր վարտիքի դեղինները, թե` ոչ:
Մի պահ աչքերը կկոցեց, որ վերևներն ավելի լավ տեսնի, բայց փոխարենը քամին մի մեծ ավազահատիկ բերեց ու հեշտ-հանգիստ մխրճեց կնոջ արցունքատար ծորանի անցքի մեջ: Ավազահատիկը խորացավ աչքի մեջ, հասավ սպիտակուցային թաղանթին ու մնաց անշարժ: Կինը անհարմարություն զգաց, սկսեց քորել աչքը, որից արդեն գլոր-գլոր էին լինում արցունքաջրերը:
– Վաղի’կ, տղե’ս, մի հատ աչքս նայի, տե’ս` ի՞նչ մտավ, պատշգամբից` խոսելով դեպի հյուրասենյակ էր գալիս տիկին Կարինեն:
Նա մոտեցավ Վաղիկին , գլուխը թեքեց, կռացավ, բայց մի բան խանգարում էր:
– Մա’մ, սենց հեչ հարմար չի, նոռմալ չեմ տեսնում, գնա’ պառկի բազմոցին, գամ, փչեմ:
Տիկին Կարինեն պառկեց, գլուխն առաջ բերեց, Վաղիկն էլ մոտեցավ բազմոցին, ամբողջ մարմնով առաջ եկավ, ձեռքերի մեջ առավ մոր գլուխն ու փչեց:
Մոր և տղայի միջև աննշան հեռավորություն մնաց. շարժասայլակին նստած տղան մեծ ջանք էր գործադրում ողջ մարմնով առաջ գալու համար:
Երեք անգամ ուժեղ փչեց, ուշադիր նայեց մոր հոգնած աչքերին ու մի փոքր հետ գնաց.
– Մա’մ, թարթի աչքդ, տե’ս խանգարող բան կա՞:
Տղայի հորդորը լսելով` տիկին Կարինեն թարթեց աչքը, մի քիչ մռմռոց կար, բայց խանգարող բան այլևս չկար:
Մինչ առօրյա հոգսերից հոգնած կինը տնքալով բարձրացավ բազմոցից` շարժասայլակի անիվները թեքվեցին, և Վաղիկն անձայն հեռացավ:
Նա ուղղվեց դեպի ննջասենյակ, որտեղ հեռուստացույցից ռուսական էստրադային երաժշտության ձայներ էին լսվում: Մի հայացք ձգեց գեղեցկատես երգչուհուն, հետո հայացքը սևեռեց ձախ` պատի ուղղանկյուն հայելուն:
***
Տեսավ իրեն ողջ հասակով մեկ` փոքրացել էր, կարճացել ու կպել սայլակին: Հայելուն ավելի մոտեցավ, ուզում էր լավ զննել իրեն, այնքան մոտեցավ, որ սարժասայլակի անիվները շարժվելու տեղ էլ չունեցան: Աչքերը գամեց ուղիղ հայելուն, վախի պես մի բան զգաց ներսը: Ումի՞ց էր վախենում ինքը: Վախենում էր ինքն իրենից, իր թրի պես կտրող հայացքից: Իր անդրադարձը հայելում շատ էր փոխվել, առաջվանը չէր ինքը: Հայացքը մի պահ իջեցրեց, հետո նորից սևորակ աչքերը գամեց իր անդրադարձին: Ո՞նց ապրի հիմա, ի՞նչ անի ինքն իր հետ: Վաղիկը չէր կարողանում հաշտվել կատարվածի հետ. միայն զգում էր, որ շնչում է, բայց իր գոյության մասին պատկերացումներն անէացել էին:
Հայելու միջից իրեն նայողն ինքը չէր, իրեն նա թողել էր հոկտեբերի 6-ի հուշերում:
Հոկտեմբերի 6. Չարեքտար (գյուղ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում)
Լուսինը փոքրացել էր, դարձել մի բուռ: Երկնքում ոչ մի աստղ չէր նշմարվում: Միայն մի քանիսի առկայծումներից էր պարզ դառնում, որ աստղերն անհետ չեն կորել երկնակամարից: Ահազանգող մի բան կար օդում` ծանր ու դժվարամարս:
Իրիկնապահի քամին հեռուներից լուրեր էր բերում, օդը սառեցնում ու դող գցում սահմանին ծառայություն իրականացնողների ներսը: Խրամատում չորսն էին. բոլորն էլ երեք տասնամյակը չէին բոլորել: Նրանցից մեկը` բարձրահասակ, սևահեր, մկանուտ 28-ամյա երիտասարդը, վաշտի հրամանատարն էր: Անունն Աբել էր, բայց հրամանատարությունից մինչև շարքային զինվոր նրան ռայկոմցի Աբո էին դիմում: Զինվորական ծառայության ավարտից հետո Աբոն հասկացել էր, որ ինքը քաղաքում էլ տեղ չունի, ինքը պետք է լինի սահմանին, իր տեղն այստեղ է:
Սահմանին` թշնամու դեմ դիմաց, ծառայություն իրականացնելը նման է օդապարիկի բացվելուն: Եթե բախտդ բերեց, օդապարիկը բարեհաջող կբացվի ու դու կփրկվես: Հակառակ պարագայում` կգնաս ու կձուլվես այն հողին, որի համար պայքարում ես: Սահմանն անեզր է ու հանգիստ, բայց այն գիշատչի նման շուտ է որսի հոտն առնում: Մեկ էլ, հո’պ, բացում է երախն ու քեզ կուլ տալիս: Մի տեսակ շատ հանգիստ, մի տեսակ առանց խղճի խայթ զգալու: Սահմանին կանգնած ամեն մի զինվոր գիտակցում է, որ ինքը երկու կյանք ունի. մեկը նախկինում ապրածն է, մյուսը`այդրոպեկան ծառայությունն է` սահմանին:
Ռայկոմցի Աբոն սահմանին կանգնած լինելու հաճույքը ոչ մի զգայական հաճույքի հետ չէր համեմատում: Նա սիրում էր լինել անդունդի եզրին` հասկանալով, որ անգամ թեթև քամին կարող է իրեն գրկաբաց հանձնել սևազգեստ հարսնացուին:
***
– Տղե’րք, մի տեսակ էսօր շատ մութա, չլինի՞ լույսի վարձը չենք տվել,- գեղեցկադեմ կերպարով մեկ, լայն ժպտալով ու հումորներ անելով` տղերքին մոտեցավ Աբոն:
– Տո մենակ լույսինը չէ, ջրինն էլ չենք տվե, «զբլինն» էլ չենք տվե,- Աբոյին հակադարձեց նրա սիրելի զինվորը` «բիբարՎաղիկը»:
Բիբար մականունը Վաղիկը ստացել էր կծու բիբարի նկատմամբ անտարբեր չլինելու պատճառով: Երբ տղերքով նստում էին մի կտոր հաց ուտելու, առաջինը, որ ասում էր, հետևյալն էր`
– Տղե’ք, կծու բիբար կա՞:
Մի անգամ նույնիսկ գրազ էին եկել: Արտաշատցի Սմբոն բիբար էր բերել, բայց նախօրոք զգուշացրել էր, որ էս ուրիշ սորտա, կծում ու պաժառ ես ընկնում:
– Ապե’, գրազ եմ գալիս, որ ինձ բան չի ասի, 100% հանգիստ կուտեմ,- ինքնավստահություն արտահայտող տեսքով ասել էր Վաղիկը:
– Կասկածում եմ, ապե’, չես կարա,- վրա էր բերել Սմբոն:
Գրազ էին եկել, Վաղիկը գրազը կրել էր ու էդ օրվանից դարձել «բիբարՎաղիկ»:
Բիբարը նայեց անաստղ երկնքին ու Աբոյի հումորը գլխում պտտվեց:
– Ապե՛, բայց իրոք հլը նայե՛ք երկնքին, ձևի հմար մի հատ աստղ չկա,- աչքերը երկնքին հառած, հոգոց հանելով՝ ասաց Վաղիկը:
– Ասա վիճակներս վիճակ չի էլի, նեղն ենք: Կարող ա լավերին ասենք մեզ լուսավորեն,- վրա բերեց ծաղկաձորցի Վզգոն:
Խրամատում չորսն էին` Աբոյին էլ հաշված: Չորսի հայացքն էլ դիփ սև երկնքին էր գամված, երբ ամեն բան սկսվեց:
Գիշերը մի վայրկյանում դարձավ ցերեկ, երկինքն այնպես լուսավորվեց, կարծես, հյուրասենյակի ջահերը մեկ կտտոցով վառվեցին:
– Տղե’րք, հետ,- անմարդկային եղանակով լսելի եղավ Աբոյի ձայնը:
Թշնամու հարձակումն այնքան անսպասելի էր, որ, անկասկած, կարելի էր հենց տեղում հանկարծամահ լինել: Աբոն սուր հայացք ձգեց տղերքի վրա ու հասկացավ իր անելիքը:
– Տղե’րք, ասում եմ հետ, սաղդ, հենց հիմա՛,- անմարդկային ջանքեր գործադրելով՝ գնդակոծության աղմուկի միջից մի կերպ լսվում էր Աբոյի ձայնը:
***
Վաշտի հրամանատարի ասածն ասած էր երիտասարդ զինվորների համար: Մի անգամ` մի խաղաղ երեկո, Աբոն հավաքել էր իր վաշտի տղերքին ու մարդավարի, ընկերոջ նման խոսել հետները.
– Տղե՛րք, երկար խոսեցի, բայց ուշադիր լսեք` ինչ եմ ասում: Եթե մի օր լսեք «Տղե՛րք հետ» բառերն` ասածս անում եք արագ ու կազմակերպված: «Տղե՛րք հետ»-ը չբացատրեմ, հասկացա՛ք` ինչ ա նշանակում: Չանողը երեսիս չնայի՛:
Երրորդ անգամ հնչեց «Տղե՛րք հետ»-ն ու դրությունից շանթահար եղած Վաղիկն ու մյուս երկու տղաները, անմարդկային ջանքեր գործադրելով, ոտքերի մկանները պրկելով, հևասպառ ու շնչարգել լինելով, խրամատից 50-100 մետր հեռացան:
Պատերազմի սկիզբը դոմինո խաղն է հիշեցնում: Սկզբում շարում ես քարերը, մի տեսակ հատուկ տրամաբանությամբ, տակտիկական հնարքներով, հետո, երբ ամեն բան իր տեղն է, սկսում ես խաղդ, որ հաճույք ստանաս: Պատերազմ սկսողները, երևի, դոմինո խաղալ շատ են սիրում: Մի լավ տեղավորվում են, իրենց կամակատարներին հրամայում ֆիգուրները շարել, որ վերջում, էքստազի մեջ ընկած, մատով կտտացնեն: Մատի մեկ հպումից երկրի երեսից անհետանում են տարբեր քանակի զույգ աչքեր` շատ բան տեսած. շատ բան չտեսած: Աչքերից բացի անհետանում են ժպիտներ, որոնք առերևույթ կան, բայց հանգամանքներից ելնելով` փակվում են ու մնում կիսատ:
Անաստղ երկնքից հետո երկնքում այնպիսի հրավառություն էր, որ ձայները Չարեքտարի տարածքից հասնում էր կողքի` 100-150 բանկիչ ունեցող գյուղերը: Տպավորություն էր` Աստված աշխարհն ավիրում է, որ նորը ստեղծի:
Անօդաչու սարքերը բզզում էին մոծակի պես, բայց խայթելուց ու փուշը թողնելուց բացի տապալում էին կամ անդամահատում` ձեռք, ոտք ու միտք:
Երբ Աբոն գլուխը շրջեց ու տեսավ, տղերքը հեռու են, այնպես երջանկացավ, ինչպես իր 3-ամյա որդին` խաղալիք ստանալիս: Մի հատ էլ նայեց հետ, տեսավ տղերքի ստվերներն էլ անհետացան, միաժամանկ հասկացավ, որ անօդաչուներից բացի այլ խաղալիքներ էլ են կռվի մեջ մտել: Աղմուկն այնքան մեծ էր, որ Աբոն մի պահ աչքերը փակեց, թվաց` խելագարվել է, բայց գործել էր պետք:
Թշնամին մոտենում էր, իսկ ինքը դեռ կանգնած էր իր տեղում:
– Արա՛, ապե, արա՛, ապե,- ներքին ձայնն էր հուշում ու ներսից գոռում:
Հրասայլերը մոտենում էին արևելյան կողմից, իսկ առջևից նշմարվում էին տասնյակից ավել թշնամական ուժերի ստվերներ:
***
Մի քանի քայլ էր մնացել, որ թշնամական ուժերի խումբը շրջափակեր Աբոյին: Հրամանատարն այլևս չէր զգում` ու՞ր է, ի՞նչ է անում: Նա անգամ շնչելու ձևն էր մոռացել. Ախ՜ր, ինքն ուզում էր ապրել, ախ՜ր ինքն այնքան անելիքներ ուներ:
Ու հենց այդ պահին աստվածային պայծառացման պես մի բան իջավ Աբոյի վրա. երիտասարդ կյանքի դրվագները ժապավենի պես թերթեց, վերջում կատարյալ նիրվանայի հասնելով` եզրակացրեց.
«Ոչինչ այս աշխարհում հարատև չէ, մարդկային կյանքն էլ. բոլորս ճամփորդ ենք, գուցե, ես իմ ճանապարհորդությունն ավարտեցի, գուցե, ես բացահայտեցի մի նոր կղզի կամ թերակղզի, գուցե, իմ ետևից եկած նավն ինձ նոր հորիզոններ շպրտի: Ես անվերջ ճամփորդ եմ, ես ուզում եմ չանէանալ, ես ուզում եմ տեսնել, զգալ, գործել»:
Մտքերի տարափը վայրկենական արագությամբ եկավ ու չքացավ: Սպասելու ժամանակ չկար, գործելու ժամն էր:
Ծոցագրպանում դրված «մահն» անասելի արագությամբ հանեց ու մեկ, երկու, երեք հաշիվը մտքում ավարտելուն պես 67 մմ տրամաչափ ունեցող, 850 գ. քաշով զրահահարի նռնակը կայծակնային արագությամբ գործի դրեց:
Հենց այդ պահին նոր ճամփորդություն սկսած հրամանատարը սանդուղքով բարձրացավ նավի վրա, և այլևս որևէ մեկը նրան աշխարհիս երեսին չտեսավ:
Վաղիկն ու մյուս տղաներն արդեն ահագին հեռացել էին իրենց դիրքից: Նրանց համար կատարվածն իրականության հետ աղերս չուներ, նրանք պատերազմի կործանիչ թմրության մեջ էին:
– Տղե՛րք Աբոն մնաց, տղե՛րք էս ի՞նչ արինք,- կատարվածի հետ չէր համակերպվում Վաղիկը:
– Ստե՛ղ կանգնելու ժամանակը չի, քայլե՛ք տղերք, գոնե անտառ հասնենք, մտնենք ծառերի տակ:
Երկնքից թափվող կրակահերթը չէր դադարում, նոր թափ էր առել: Վաղիկն ու ընկերները քրտինքի մեջ կորել էին, ոտքերը հազիվ էին քարշ տալիս, բայց ապրելու ցանկությունը բարձրացնում էր նրանց տիղմից: Տիղմը նորից քաշում էր նրանց իր ճիրաններն ու իրենք էլ չգիտեին` ո՞վ կհաղթի անհավասար կռվում: Տղերքը չէին դադարում հուսալ, որ կփրկվեն: Անէլանելի թվացող իրավիճակներում ցանկացած անձի մոտ արթնանում են գոյապայքարի ամենասուր արտահայտությունները: Գիտակցությունն ուղղակի թմբկահարում է ուղեղը, ուզում եմ փրկվել: Քիչ չենք լսել պատմություններ, երբ մարդիկ ուղղակի հրաշքով փրկվել են:
– Վաղո՛ վազի, ապե՛, արագ, Վա՛ղղղ,- կոկորդի երակները պատռելով՝ Սեթոն բան էր հասկացնում ընկերոջը:
***
Սեթոն ու Խիկարը Վաղիկից առաջ էին ընկել, ճիշտ է, շատ քիչ, բայց պատերազմում շատ ու քիչ չի լինում. մեկ սանտիմետրն էլ կարող է մեկ մարդու կյանք արժենալ: Վաղիկը մի քանի քայլ հետ մնաց ընկերներից` առանց նկատելու, որ արկի հարվածի ուղիղ նշանառության տակ է:
Գիշերը դարձավ ցերեկ, բնությունը խլացավ ձայներից, Վաղիկն ընկավ խոնավ հողի վրա` անցավ, անտրտունջ ու անգիտակից: Միայն թե խոնավ հողն ավելի խոնավացավ արյան շիթերից:
– Սեթո՛, պտի փրկենք Վաղոյին, Սե՛թ, պտի մի բան անենք,- հուսակտուր ճչում էր Խիկարը:
Ընկերոջը դաշտում անօգնական ընկած տեսնելը գոտակետեղից ներքև հարված է սահմանին կանգնած ցանկացած զինվորի համար:
Վաղիկի կյանքը վայրկյաններից էր կախված: Խոտերի մեջ, արնաշաղախ պառկած վիճակում նա մի տեսակ ձուլվել էր բնությանը: Նա նույնիսկ մի քանի պարզ բացահայտում էր իր համար արել: Ամեն բան այս կյանքում` շնչավոր կամ անշունչ, իր ձևն ու բույրն ունի:
Նույն կառուցվածքն ունեցող մարդիկ այնքան տարբեր են իրարից` թե՛ արտաքուստ, թե՛ ներքուստ: Կյանքի ու մահվան հետ կռիվներում, սովորաբար, ամենամեծ ճշմարտություններն են ծնվում: Իսկ, եթե կռվում կյանքն է հաղթում, մարդիկ 99,9% վերափոխված են վերածնվում: Վաղիկն իր կերպարանափոխությունը խոտից էր սկսել, ուզում էր ավելին զգալ, ուզում էր ձուլվել բնությանը:
– Քշե՛ք տղերք, քշե՛ք տղերք, գույնը գնումա, արագ,- դեպի հիվանդանոց ճանապարհին անկանոն խոսում էին Վաղիկի ընկերները:
Քաոսից հետո միշտ խաղաղություն է գալիս, աղմուկից հետո միշտ երկարատև լռության պահեր են լինում: Սպիտակ հիվանդասենյակ, դեպի բակ նայող պատուհան, հիվանդապահ և զինվոր, որը երկու օր է` գիտակցության չի գալիս:
Որդու ծայրահեղ ծանր վիճակի մասին լուրը տիկին Կարինեն իմացել էր Վաղիկի` հիվանդանոց տեղափոխվելու հաջորդ օրը: Բժիշկները հրատապ կանչել էին զինվորի ծնողներին, ներկայացրել կատարվածը և նախկինում առողջ, եռանդուն երիտասարդին տվել հետևյալ ախտորոշումը.
***
– Տիկի’ն Կարինե, ձեր տղան` Վաղիկը, հրաշքով է փրկվել: Դուք կարող եք Աստծուն փառք տալ, որ նա հիմա հիվանդասենյակում պառկած է: Ձեզ ասեմ, որ Վաղիկը հերոս է, որովհետև ունենալով ողնաշարի գոտկային հատվածի հրազենային բեկորային կույր թափանցող վիրավորում, ողերի բազմաբեկոր կոտրվածք` ողնուղեղի սալջարդով, ստորին պարապլեգիայով, կոնքի օրգանների ֆունկցիայի խանգարումով, Վաղիկը ժպտում է և հույսը չի կորցնում: Իսկ եթե պացիենտը հավատում է, ուրեմն անգամ սարերը տեղից կշարժվեն:
Սարերը տեղից շատ իրար չեկան, Վաղիկն հիվանդանոցում մնաց մի քանի ամիս, բայց ամենդժվարը սկիզբն էր, գիտակցությունը, որ դու ոտքեր ունես, բայց քայլել, շարժվել չես կարող: Մի անգամ, դպրոցական տարիներին` գրականության ժամին, ուսուցչուհին Նարեկացուն էր ներկայացնում, մեկնաբանում միջնադարյան գրականությունն իր ողջ հմայքով, և «Մատյան ողբերգության»-ից մեջբերումներ անում: Մի քանի տողեր այդ գործից ուղղակի մխրճվել էին 15-ամյա դպրոցական Վաղինակ Գալստյանի միտքն ու սիրտը:
«Չլինի, որ երկնեմ ես, և չծնեմ,
Ողբամ՝ և չարտասվեմ, խորհեմ՝ և չհառաչեմ,
Ամպեմ, և չանձրևեմ,
Եվ, երբ որ բացվի երկինքը վերին,
Չլինի՛ որ ես լույսը վայելելու անվարժ, անընտել՝
Մոմի պես հալվեմ, սպառվեմ իսպառ, ջնջվեմ մեջտեղից»:
Գրիգոր Նարեկացի, «Մատյան ողբերգության»
Այս տողերը դարձան Վաղիկին էլ ավելի հարազատ այն պահից, երբ նա իմացավ բժշկական եզրակացությունը` ստորին վերջույթների պարապլեգիայի հետևանքով հենաշարժողական համակարգն ամբողջապես ախտահարվել է:
Անցան ամիսներ, փոթորկոտ տրամադրությունները կամաց-կամաց դարձան մեղմ քամիներ: Վաղիկը փուլ առ փուլ հետևեց բժիշկների ցուցումներին` հասնելով վերջին կետին` վերականգնողական բուժմանը: Սա, թերևս, ամենասպասվածն էր. վերակագնվել էր պետք թե’ հոգեպես, թե’ ֆիզիկապես:
22-ամյա տղան մաշվել էր մտքերից, երբեմն նրան թվում էր` ծանր իրակնությունը բեմադրված է, բայց թե ռեժիսորն ո՞վ է, գլխի չէր ընկնում, որ ասեր.
– Պարո՛ն ռեժիսոր, այս դերն ինձ դուր չի գալիս, փոխե՛ք, ուրիշը տվեք:
Քնում արթնանում էր, ոչինչ չէր փոխվում: Հետպատերազմյան սթրեսի վերջին շոկային հարվածը մտքերն էին, մտքերը Աբոյի մաին: Վաղիկն թևաթափ էր լինում դրանցից, խոր հոգոց հանում ու սրտի մռմռոցով ասում. «Ախպե՛րս, երանի քո տեղը ես լինեի»:
***
Վաղիկի մյուս երկու զինակից ընկերները ողջ-առողջ վերադարձել էին տուն, բայց ներսում մի բան փոխվել էր, պոկվել ու ընկել: Դարձել էին քչախոս ու մի տեսակ ցրված:
– Ветер с моря дул, ветер с моря дул, нагонял беду, нагонял беду…
Ռուսական էստրադայի մի ժամանակվա հիթերից մեկը «Մտածմունքների կղզուց» Երկիր մոլորակ բերեց Վաղիկին: Ինքն էլ չէր հիշում` քանի րոպե մնաց հայելու առջև, ինքն էլ չէր հիշում` մտքերի ծովում ինչքան լողաց:
Իրեն հուզող մտքերից ամբողջովին արթնացավ, երբ դուռը ծեծեցին.
– Վաղիկ, տղե՛ս, ի՞նչ ես փակվել սենյակում, արի՛, քեզ հարցնող կա,- կիսաբաց դռան արանքից Վաղիկին միջանցք հրավիրեց տիկին Կարինեն:
Միջանցքում կանգածը երիտասարդ աղջիկ էր` 20-21 տարեկան էր, սևահեր, կլոր երեսով, արտահայտիչ սև աչքերով, համաչափ դիմագծերով, միջինից ցածր հասակով: Նա մի տեսակ խառնված էր, ապրումներից կուչ եկած, ձեռքին էլ մի իր կար` պինդ բռնած:
Տիկին Կարինեն զգաց, որ իր ներկայությունն ավելի է կաշկանդում երկուսին:
– Ազի’զ ջան, եկե’ք հյուրասենյակ, դռների արանքը կանգնած մնացիր’ր, եկե’ք, եկե’ք,- ասաց տիկին Կարինեն ու երիտասարդների հյուրասենյակ մտնելու պես` անցավ խոհանոց:
Քար լռություն էր, երկու զույգ աչքեր իրար էին գտնում, երկու զույգ աչքեր բառերից ավելի խոսուն էին արտահայտվում: Լռությունը խախտեցին ոչ թե բաղաձայններն ու ձայնավոներն, այլ սայակի շարժումը:
Երբ Վաղիկը մոտեցավ գեղեցկադեմ աղջկան, նա ավելի ամուր սեղմեց բռունցքն ու միջի եղածը:
– Հա’ս, չէի սպասի, որ մի օր նորից կհանդիպեմ քեզ: Երևի դու էլ չէիր սպասի ինձ էս վիճակում տեսնել, ինչի՞ ես տենց նայում:
– Չէ, չէ Վաղ, ամեն ինչ նոռմալա, գիտես ինչի՞ եմ եկել, հիշում ես, երբ ընկերություն էինք անում ես քեզ էս կարմիր թաշկինակը նվիրեցի ու խնդրեցի, որ ու՞ր էլ լինես հետդ վերցնես: Հիշում ես` ասեցի հետդ ծառայության էլ տանես:
– Բա տարել եմ, լավ պտտել եմ, հետո հետ եմ բերել:
– Նստի Հա’ս, նստի’ կոֆե խմենք, մա’մ մեզ կոֆե տու’ր էլի:
Վաղիկն ու Հասմիկը նույն դպրոցում էին սովորում, Հասմիկը մի տարի փոքր էր: Վաղիկը դպրոցի միջանցքում մի քանի անգամ հանդիպել էր Հասմիկին, հայացքներով փոխանակվել էին, հետո սկսվել էր բուռն սիրո շղթան: Հենց այդ ժամանակ էլ Հասմիկը սիրելիին նվիրել էր իր կարմիր թաշկինակը` անուշաբույր օծանելիքը վրան:
***
Ծառայության գնալուց առաջ զույգը կռվել էր ու չէին էլ ուզում իրար մասին որևէ բան իմանալ:
Վաղիկը ծառայության ընթացքում` հանգստի ժամերին, երբեմն գրպանից հանում էր կարմիր թաշկինակը, հոտ քաշում ու տեղը դնում: Նա կարոտում էր Հասմիկին` հուսալով, որ ծառայությունից հետո իրենց հարաբերություններում մի բան կփոխվի:
Երիտասարդները հարևանությամբ էին ապրում, տեղի կանայք էլ փայլում էին վերջին լուրերը արագ տանել-բերելու ունակությամբ: Պատերազմի ողջ ընթացքում Հասմիկը տեղը չէր գտնում, նա դեռ զգացմունքներ ուներ Վաղիկի նկատմամբ:
– Երեխե’ք ջան, կոֆեն պատրաստա, հեսա ձմերուկն էլ բերեմ,- սկուտեղը ձեռքին` խոսելով հյուրասենյակ մտավ տիկին Կարինեն:
Սուրճի սեղանը դրեց ու դուրս եկավ:
Հասմիկը լսել էր, որ Վաղիկը ծանր վիրավորվել է, բայց որ գամվել է սայլակին, այսօր իմացավ:
Ինչպե՞ս կարմիր թաշկինակը Վաղիկենց տնից հասավ իր ձեռքը:
Քամին, որը տարուբերում էր տիկին Կարինեի վարտիքները, լվացքի պարանի վրայից պոկել էր կարմիր թաշկինակն ու գցել գետնին: Հասմիկն էլ տուն գնալու ճանապարհին ոտքերի տակ անմիջապես նկատել էր իրենց սիրո առարկայայակն ապացույցն ու իմանալով, որ Վաղիկը վատառողջ է ցանկացել էր տեսակցել նրան:
Հիմա, երիտասարդ աղջիկը ո՛չ կարմիր թաշկինակի մասին էր հիշում, ո՛չ իրենց միջև եղած հարաբերությունների. նա քարացել էր տեսածից: Վաղիկը սլացիկ, ամրակազմ տղա էր, իրենց դպրոցի սրտակերներից մեկը, բայց կյանքը նման անակնկալներ էլ է մատուցում:
– Հա’ս, շատ շփոթված ես, որտեղի՞ց քեզ իմ կարմիր թաշկինակը:
– Դրսից եմ գտել, բակում ընկած էր, ես էլ ասեցի հա’մ բերեմ, հա’մ քեզ տեսնեմ:
– Էդ կարմիր թաշկինակը ոնց որ մեզ հանգիստ չի տալիս հա՞,- զննելով Հասմիկի գեղեցիկ երեսն ասաց Վաղիկը:
Մոտ 15 րոպե էլ Հասմիկը նստեց, նստած տեղը տասնյակ անգամ կարմրեց-սպիտակեց, մի կերպ նայեց Վաղիկի աչքերին, տիկին Կարինեին հապշապ ցտեսություն մաղթեց ու դուրս եկավ:
Տուն հասնելուն պես մտավ սենյակ, փակվեց ու ինքն էլ չէր հասկանում` ի՞նչ է զգում: Գլուխը տրաքում էր մտքերից, սիրտը` հույզերից:
***
Պատերազմից հետո կանայք շատ են փոխվում, նրանք նույն չեն մնում, նրանք դառնում են ավելի խիզախ, ավելի ճարպիկ ու տեղ-տեղ էլ նախաձեռնող: Նրանք գիտակցում են, որ սիրելու և սիրվելու ժամանակը եկել է, նրանք գիտակցում են, որ իրենց զենքերն էլ պակաս հուժկու չեն:
Մի քանի օր մտորելուց հետո Հասմիկը դիմեց այս քայլին:
Վաղիկի համարն իմացավ ու հաղորդագրություն գրեց` կին-հրամանատարի ոգով:
– Սերս, արի՛ ամուսնանանք:
Պատասխանը երկար սպասեցնել չտվեց. տղամարդավարի, կարճ-հակիրճ:
– Կյա՜նքս, պատրաստ եմ:
Քամի էր թեթև: Երիտասարդ աղջիկը լվացք էր փռում, բայց քամին հանգիստ չէր տալիս: Կարմիր թաշկինակը փռելիս երեք ամրակով ամրացրեց. վախենում էր գտածը կորցնել:
Քամի էր ուժեղ, կնոջ` ժանյակով և տղամարդու` մոխրագույն վարտիքներն ու կարմիր թաշկինակը հաճույքով տարուբերվում էին: Քամի՞ն էր մեղավորը…