Սիրում եմ առաջին դեմքով գրել թե՛ պատմվածք, որ կառուցվում է երեւակայությամբ հորինված սյուժեով եւ նախատիպերի վրա ստեղծված կերպարներով, թե՛ բնականաբար էսսե, որ կառուցվում է իրականության մատուցած որեւէ նյութի «սյուժեով» ու հանգամանքներով, որոնք ճշտորեն տեսնելու եւ պատկերելու համար էլ երեւակայություն է պետք : Առաջին դեմքով գրելը ինքնին արդեն ինձ տալիս է այն զգացողությունը, թե անմիջականորեն խոսում եմ ընթերցողի հետ որպես իր բարեկամը, ով էլ որ է նա, ու թերեւս նախ եւ առաջ ինքս եմ՝ գրելու իսկ պահին: Ինձ գրաված, մտածել տված մի բան եմ պատմում այն ներշնչող տրամադրությամբ, թե կարող եմ նրան էլ հետաքրքրել հաճելիորեն, աշխատելով մաքուր ձեւ տալ պատմածիս գրվածության տեքստին՝ բնական, պարզ, հստակ լեզվով ու ոճով:
Այս ներածականում, սակայն, խոսքս պետք է մասնավորեմ հատկապես «էսսե» բառով բնորոշվող ժանրի վերաբերյալ, քանի որ ինձ «էսսեիստ» են համարում, վաղուց եւ քանիցս գրել են նույնիսկ, թե այդ ժանրը ինքս եմ բերել մեզ մոտ:
Հարկ է, որ ճշտեմ այս հարցը:
Քառասուն տարի առաջ, երբ հրատարակության ներկայացրի «Բնիկ որտեղացի՞ եք» գիրքս՝ հավաքածո, որի մեջ ամփոփել էի «Արվեստ» ամսագրում մի քանի տարի պարբերաբար լույս տեսած եւ ուշադրության արժանացած գրվածքներս, ոմանց արտասովոր թվացին դրանք Պետհրատում: Նույնիսկ ասող եղավ, թե դրանք ոչ թե գրականություն, այլ «սպորտ» են, գրական ոչ մի ժանրի չեն պատկանում: Առաջ քաշեցի «էսսե» բառը, որ երեւի անծանոթ էր, ուս թոթվեցին: Բայց գիրքը լույս տեսավ այնուամենայնիվ: Թե ինչպիսի ընդունելություն գտավ, թող վկայի «Սովետական Հայաստան» օրաթերթում գրականագետ Սուրեն Աղաբաբյանի «Ազնիվ վերապրումների գիրք» վերնագրած գրախոսականը (29 ապրիլի 1970), ուր նա, հենց սկզբից էլ ասելով, որ «սովորական իմաստով արձակ չէ» իմ գիրքը, ապա ժանրային հատկանշում փնտրելով եւ «յուրահատուկ հիշատակարան-օրագիր» բնորոշելով, ըստ որում շեշտելով նաեւ, թե բազմապիսի է բովանդակությունը, հավաստում է. «Այսքան բազմազան, խայտաբղետ է Սուրենյանի Հիշատակարանի «իմացական-նյութական ատաղձը»: Բայց այս բազմազանությամբ իսկ նրա գիրքը վերին աստիճանի ամրակուռ, միասնական է իր գեղարվեստական առաջադրությամբ»: Իսկ ծանոթ ընթերցողներ այդ գրվածքներս համարեցին հենց «պատմվածք՝ ուրույն ոճով», եւ գուցե դա զարմանալի չէր: Բայց «ժանրի» հարցը Պետհրատում կրկնվեց հաջորդ՝ «Արեւորդիներ» գրքիս առթիվ, որ ավելի ծավալուն էր եւ ոչ թե ժողովածու, այլ բովանդակությունն էլ միասնական՝ նյութով, գաղափարով եւ «գեղարվեստական առաջադրությամբ» էլ հենց: Դա նույնպես անսովոր արձակ նկատվեց, պահանջվեց ժանրային մի բնորոշում նշել վերնագրի տակ: Նշեցի՝ «խոհա-վիպական էսսե»: Իսկ որոշ ընթերցողներ այդ գիրքս էլ համարեցին ուրույն ոճով «վեպ», իսկ ես ժպտում էի, թե գուցե «վեպ-էսսե՞»:
Խոստովանեմ, պայմանականորեն էի «էսսե» բնորոշումը տվել այդ գրքերիս: Բայց անդրադարձա, որ դա իմ խառնվածքին հատուկ, ինքնաբուխ «ժանր» էր ինձ համար՝ բնույթով հենց էսսեիստական: Իսկ այդ «էսսե» բառը, գցված սերմի նման, արմատ բռնեց ու տարածվեց մեզ մոտ, կամաց-կամաց շատացան այսպես կոչված «էսսեները»: Հիշում եմ նաեւ, որ իմ «Բնիկ որտեղացի՞ եք» գիրքը «սպորտ» համարողն էլ տարիներ հետո, իր հոբելյանին, բեմից հայտարարեց, որ ինքն էլ էսսեներ է գրելու: Ոմանք ուզեցին հայացնել այդ բառը՝ «փորձագրություն» կամ «խոհագրություն» կամ չգիտեմ ինչ: Իզուր: Այսպիսի «բնորոշումները» ճիշտ չեն, որովհետեւ նեղացնում են բուն էսսեի ընդգրկման ոլորտները:
Էսսեանման գրելակերպի պատառիկներ կարելի է գտնել դեռ հին դարերում, ասենք, օրինակ, Կիկերոնի, Պլուտարքոսի կամ չինացի դաոսական փիլիսոփա Չժուան Ցեի եւ կամ հենց մեր իսկ Խորենացու մոտ: Իսկ բուն ժանրն իր անվանումով ծնունդ առավ, երբ ֆրանսիացի գրող-փիլիսոփա Միշել դը Մոնտեյնը 1580-ին սկսեց լույս ընծայել իր դարակազմիկ երկը, որը կոչել էր Essais (Փորձեր), եւ որի վրա քսան տարի աշխատեց մինչեւ կյանքի վերջը, իր իսկ ստեղծած ժանրը զարգացնելով, խորացնելով: Այս ֆրանսերեն essai բառը, սակայն, լոկ սովորական ըմբռնումով «փորձից» ավելին էր նշանակում նրա գրչի տակ՝ փորձառք, փորձարկում, փորձարարություն, ջանացում այդ իմացական գործընթացում: Մոնտեյնը իր խառնվածքին, աշխարհայացքին հատուկ անձնական մոտեցումով, բոլոր սխեմաներից անկախ, ազատորեն, այդ գործընթացին էր ենթարկում իր ընթերցումները, կյանքի երեւույթները, իր սեփական անձն ինքավերլուծմամբ, այլոց վարքուբարքը, հասարակական կեցությունը, անելով հոգեբանական աննախընթաց նուրբ դիտումներ, եւ իր քննական, մերթ սկեպտիկ հայացքով ի հայտ բերում իր խոհերը, կարծիքները, զգացումները ընդհանրապես մարդու, նրա գոյության կենսապայմանների, նրա էության մասին, իր գրելակերպում օգտագործելով ամենազանազան արտահայտչամիջոցներ, լրջագույն խորհրդածությունից մինչեւ իսկ անեկդոտանման պատմություններ հումորով, եւ միշտ լուսամիտ աշխարհընկալմամբ, մեղմաբարո, ջերմ, չհարկադրող, անկաշկանդորեն գրավիչ իր անմիջականությամբ:
Ինչպես իր ստեղծած ժանրին Մոնտեյնի տված այնքան բարեհաջող, թելադրական անվանումն իսկ հուշում է ըստ ինքյան, էսսեն բազմակողմանիորեն ճկուն է, ամենաճկունը գրական բոլոր ժանրերի մեջ: Կարելի է էսսեն նմանեցնել, կարծում եմ, հունական դիցաբանության մեջ Պրոտեւս ծովային աստվածությանը, որ ուներ ցանկացած կերպարանքն ստանալով՝ փոփոխվելու ընդունակություն: Արդարեւ, ավելի քան որեւէ ուրիշ ժանր, էսսեն ոչ միայն հարմարվում, այլեւ հենց «կերպարանափոխվում» է, կարծես, ամեն մի հեղինակի հետ՝ լինի գրող, քննադատ, գրականագետ, արվեստաբան, մշակութաբան, պատմաբան, փիլիսոփա, գիտնական, բարձրակարգ ժուռնալիստ, որեւէ ասպարեզի գործիչ, որ դիմում է այդ ժանրին, իր ասպարեզի կանոնական կաշկանդումներից անկախ, սեփական տեսակետով արտահայտվելու մի նյութի շուրջ, անմիջական իր խոսքով: Էսսեն միաձուլվում է ամեն մի տվյալ հեղինակի հետ, պատշաճում նրա խառնվածքին, ուրույն աշխարհազգացողությանը, ասելիքով սեփական միտքն ի հայտ բերելու ներքին մղումին, տրամադրվածությանը, նրա ոճին, ըստ այնմ էլ հնարավորություն ընծայելով նրան ընթերցողի հետ զրուցատրության նստելու անմիջականորեն, իրեն հուզող նյութի մասին խոսելու իր անձնական մոտեցումով, նպատակային առանցքի շուրջն այս ու այն կողմ պտտվող ազատ ձեւով, եւ անպայմանորեն նյութին ըստ անհրաժեշտության գիտակ լինելով հանդերձ՝ առանց զայն լիովին ընդգրկելու կամ սպառիչ ներկայացնելու հավակնության: Բայց էսսեն դնում է մի առաջնային էական պայման՝ ունենալ գրելու ձիրք եւ կամ գոնե, առնվազն, խոսքի արվեստի զգացողություն, այսինքն՝ որեւէ ասպարեզում իբրեւ էսսեագիր հանդես եկողը պետք է գիտենա իր ասելիք ինչը ինչպես գրել: Այլապես կպատժվի, որովհետեւ ընթերցողն էլ մարդ է, տաղտկալի զրուցակից չի սիրում:
Մոնտեյնին հետեւեց, գրեթե անմիջապես, անգլիացի փիլիսոփա եւ պետական գործիչ Ֆրենսիս Բեյկոնն իր essay-ների հատորով, ուր շեշտը սակայն ուրիշ էր անշուշտ՝ ավելի գործնական ու խստաշունչ, ըստ հեղինակի խառնվածքի, աշխարհընկալման եւ ոճի բնականաբար, ու նաեւ նրա դիրքի, որով ամեն մի էսսեում զգացվում էր պետական գործչի քաղաքացիական ու բարոյախոսական խորհրդատվությունը: Մոնտեյնից եւ Բեյկոնից հետո, դարերի ընթացքում, հետզհետե լայն տարածում գտավ էսսեն Եվրոպայում, ապա Ամերիկայում եւ ամբողջ աշխարհում: Մեծ գրողներ ու մտածողներ դիմում էին նաեւ այդ ժանրին, գրելով փոքր կամ նույնիսկ ծավալուն էսսեներ, անձնական մոտեցումով ազատորեն արտահայտելու իրենց տեսակետը՝ հենց իրենց ասպարեզին իսկ առնչվող կամ որեւէ այլ, իրենց հուզող նյութի շուրջ: Առաջ եկան նաեւ զուտ էսսեիստներ, ինչպես անգլիական գրականության մեջ Չարլզ Լեմը եւ Ուիլյամ Հեզլիտը: Այդ ընթացքում Պրոտեւս-էսսեն, իր տարաձեւ «կերպարանափոխվելու» ընդունակությամբ հարմարվում, պատշաճում էր ոչ միայն այս ու այն հեղինակի ինքնուրույնությանը, այլեւ փոփոխվող ժամանակներին, մշակույթի բազմաճյուղավորվող զարգացման մեջ մտածելակերպի նորանոր դրսեւորումներին, այսինքն հանդես եկան էսսեի բազմացող տարատեսակներ: Եվ այդպես՝ մինչեւ տասնիններորդ ու մանավանդ քսաներորդ դար, երբ էսսեն, պատկերավոր ասած, ավելի ու ավելի լայն «տարածքներ նվաճեց»: Եվ ոչ միայն: Էսսեիստական մտածողությունն սկսեց թափանցել ու քիչ-շատ տեղ գրավել ուրիշ գրական ժանրերի մեջ, իր բնույթով բարեխառնելով դրանք, մերթ ընդունելով ուղղակի հեղինակի դեմքը նրա անձնական մոտեցումով, մերթ էլ հեղինակի անձը փոխարինող իբր չեզոք մի «մեկնաբանի» դեմքն ընդունելով:
Էսսեի տեսակներից առանձնացնեմ այն, որը լայն առումով կոչվում է «պատմողական» (narrative): Դա ամենաճկուն եւ ազատաձեւ տեսակն է, որ թույլ է տալիս գրել որեւէ նյութի մասին, ասենք՝ շեքսպիրյան մի ներկայացումից կամ ճարտարապետական հուշարձանից տպավորություն, կամ ուշագրավ մի անձնավորության նկարագիր, կամ սեփական կենսագրությունից հիշարժան դեպք, կամ իր ձեռակերտի որակին նախանձախնդիր արհեստավոր, կամ նույնիսկ ձկնորսական զվարճալի դրվագ, մի խոսքով՝ որեւէ այնպիսի բան, որ կենդանի մատուցումով ավելի եւս կգրավի ընթերցողին: Այդպիսի մատուցման մեջ ըստ տեղին գեղարվեստական պատումի միջոցներ էլ կիրառելով տեղեկատվական փաստերի, վերլուծումների եւ խոհերի հետ միասին՝ հաճելիի եւ օգտակարի զուգակցումը բնականորեն ավելի խթանիչ դեր կկատարի ընթերցողի մտքի եւ զգացումների համար:
Նոր չէ էսսեի այս տեսակը, բայց ընդհանրացավ հատկապես քսաներորդ դարում, նույնիսկ նմանվելով արձակի այլ ժանրերին ու հատկապես պատմվածքին, եւ արդեն ոչ թե լոկ թափանցելով դրանց մեջ, այլ կարծես դառնալով դրանց երկվորյակը, մերթ մասնագետին էլ երկմտեցնելու աստիճան՝ սա պատմվա՞ծք է, թե՞ էսսե: Հեռու չգնամ, քսաներորդ դարում ամերիկյան եւ ընդհանրապես անգլիագիր մեծ գրողներից մեր հայրենակից Ուիլյամ Սարոյանի առաջին շրջանի շատ պատմվածքներ, ինչպես «Անունս Արամ է» գրքում ամփոփվածներն օրինակ, փաստորեն պատմողական էսսեներ են, էսսե-պատմվածքներ, իր մանկության ու պատանեկության աշխարհից եղելություններ՝ ցայտունորեն ինքնատիպ իր տաղանդով պատմված, ուր միշտ ներկա է ինքը իր հարազատների, ազգականների, դպրոցական ընկերների, ուսուցիչների եւ այլ ծանոթների հետ, իր ամենադետ ու ամենատես, ամենաթափանց զգացումների ու մտածումների անմիջական հայացքով ու ընկալումներով, իր անսպառ եռանդի ժիր ու նաեւ խոհուն կայծկլտումներով, այդ աշխարհի միջավայրում: Իսկ նրա ուշ շրջանի այնպիսի գրքերը, ինչպես օրինակ «Գալիս է գնում գիտեք ով» նշանակալից վերնագրով հատորը, ինքնակենսագրական ճոխ էսսեներ են՝ հույժ սարոյանական ոգով ու ոճով, նույն անսպառ, ժիր, բայց նաեւ կյանքի մեծ փորձառությամբ իմաստնացած եռանդի հզոր շնչով, իր հախուռնորեն ուրույն ու նաեւ թափանցիկորեն թախծալի հումորով, հենց ընթերցողի առաջ պատմողական կենսալի զրուցատրություններ, ուր նա մշտապես հակված է բացահայտելու բարդ ճակատագրով ու ներաշխարհով իր անհատը այս ու այն կողմից որպես մարդ ու ամերիկացի ու հայ, իր աներեր մարդասիրությունն ու կենսասիրությունն ի հեճուկս մարդկային գոյության բոլոր վատ երեւույթների, բացահայտելու իր անհատական աշխարհատեսությունն ամենայն անկեղծությամբ:
Թող ինձ ների ընթերցողն էսսեի մասին այս երկար էքսկուրսը այս գրքիս ներածականում: Դրա անհրաժեշտությունն զգացի, որովհետեւ այս գիրքս կազմել եմ առանցքային մի նպատակով եւ ընտրել ու, վերանայելով կամ խիստ վերամշակելով, ներառել իմ որոշ պատմվածքներն ու էսսեները, որոնք այս կամ այն եզրով առնչվում են այդ նպատակին, որով նաեւ իրար: Բոլորի մեջ էլ, առաջին դեմքով պատմած, ինքս ներկա եմ: Էսսեների մեջ, ուրեմն, ինքնըստինքյան է այդպես: Իսկ պատմվածքների մեջ, իմ կյանքի որոշ պահերով, ներկա եմ այն միջավայրում, որ ենթահող է, օրինակ, Հեթում աղբարի կամ Օսկան աղայի կամ Արարայի քահանայի նման կերպարների համար: Չէ՞ որ ինքս էլ այդպիսի միջավայրի մասնիկն եմ իմ ճակատագրով, ինչպես իմ սերնդակիցներն առհասարակ: Դա էլ այս գրքի առանցքային նպատակին առնչվող եզր է…