Կպավ ու վերջ։ Չէ։ Քանդեց։ Հիմնահատակ արեց էներգիադ ու ծուռ ժպտաց։ Անասուն։ Ձեռքը ջարդեցիր։ Չի օգնում։ Դասական զոհ։ Թռավ անգիտակացական ամեն ինչ, ու դու չիմացար։ Դուրս հանելն համարյա անհնար։ Անմարդկային ջանքեր, կամ ձևիստություն։ Մեջն ինչ կա, շփվում էիք էլի։ Բարեկամություն։ Իսկ ինքնասպանվել պետք է առանց զգուշացնելու, մենակ։ Թե չէ, մնացածը` ուշադրության մուրացկանություն։ Թքած։ Տարբերվելու մոլուցք։ Ոչ ավել, ոչ պակաս` տրավմաները (իսկ եթե ավելի մարդավարի խոսենք` վախերը) գրկած։ Ազատվելու անհնարինություն` սեփական կամքով։ Տրագիկոմեդիա։ Ձեռքդ ամուր։ Ամբիվալենտության բարձր մակարդակ։ Շները գիշերը սովորաբար քնում են` կոնգնիտիվ քարտեզներն անտեսած։ Պետք էլ չէ։ Նպատակ չկա։ Դու էլ չունես ո՛չ կոգնիտիվ քարտեզ, ո՛չ էլ նպատակ։ Սովորական ես, իսկ ավելի վատ` միջին վիճակագրական։ Դու մենակ ցկյանս, հաջող(ություն) և այլ մանրուքներ։
Հաղթել անգիտակցականի կռվում, այսինքն լինել, պարտվել անգիտակցականի կռվում, այսինքն չլինել։ Գիտակցությունդ խորը քնած է էշի ականջում։ Նորմալ է։ Ու հիմա է բախտորոշը` քեզնից անկախ` լինե՞լ, թե՞ չլինել։ Պարզ թվաբանություն է, հաշվարկներն են բարդ։ Նևորզները վկա, սա հիմարություն է, իսկ դու` պարպված «Շագրենի կաշի» ( մասնագետները կասեն` լիցքն ավելի կսազեր, և ի՜նչ էական է այս ամենը)։ Տխմարություն։
Միտյա՛, դու կասեիր` մարդու ճակատագիրը մի ճիվաղ է։ Կամ նման մի բան։ Թքած էդիպյան բարդույթների վրա էլ, դրանք, միևնույնն է, ոչինչ չեն նշանակում։ Երևի: Խճճվեց ամեն ինչ։ Հրաշալի է, որովհետև չկա ճակատագիր։ Կներես։ Հարց կոչվածը, որ տվիր կյանքին, երկու ելք ուներ։ Երկուսն էլ` ախմախ։ Սխալ է։ Տեղ չի տանում։ Պարտադիր պայման։ Չստացվեց։ Մի անգամ էլ փորձիր. էս անգամ հին փորձառությունից մի բան դուրս բեր, կամ դուրս կգա։ Փորձառությունը` կյանք։ Միանշանակ չէ։ Բառերը կարևոր չեն։ Որովհետև գաղափարախոսությունը սոսկ տնտեսական շահ է կամ զիբիլ։ Անիմաստ նկրտում։ Իսկ պարզվեց մարդը տիեզերքի կենտրոնը չէ, այլ էվոլուցիայի տարր։ Սանդղակը ներքև։ Փիլիսոփայությունն էլ չփրկեց։ Միգուցե սովորական սև սու՞րճ։ Ընդամենը։ Գիրքը` մոդա, կամ դու մենակ չես։ Գրելը` փրկություն։ Չէ։ Ինքնահասկացման խճճված ուղիները գրելու են տանում։ Բարդ գրելը` վախ։ Իսկ եթե անկեղծ, ինքնահավան ինդիվիդ ու բարդույթավորված ծայրահեղություն, կամ կխոսենք հետո։ Անորոշություն։ Անկարևոր դերեր, կամ վերջապես ժամանակն է քնելու։ Այլմոլորակայինների միտքը կոսմոպոլիտի երազանքն էր, իսկ ավելի ճիշտ` չմոռանանք «Մենք» ու «Նրանք» կառույցի մասին։ «Ու»-ն` փոփոխական։ Արխետիպը քո` դատարկ մոդել։ Դա լավ է, բայց շատ մի ոգևորվիր: Կլցվի դեռ։
Ամենի մեղավորը` սեռական սկիզբ, կամ արի տիրանանք աշխարհին։ Իշխանություն։ Իսկ ամեն ինչի պայքարը չոր ազատություն է և այլ անկարևոր բաներ։ Չապրված սերեր, իսկ դու արանքում` նպատակ փնտրող։ Աշխատի՛ր: Չարերը հաղթեցին, բարին կիսեց հոգին։ Ցուրտ է։ Հոգին մասեր ունի, բայց միայն հետազոտման համար, իսկ դու շարունակիր դեռ ընկերություն անել գեշտալտների հետ։ Երևի։ Ամեն ինչ հարաբերական է: Դու` էլ:
Սեքսուալ զեղումներ կամ վերջակետ։ Ինտերտեքստային մտքերը ամենասովորական ածականներն են` պաթոսին չհասած։ Ժամանակն է։ Հարցը փոխի՛ր ոտքից գլուխ, որովհետև ունես արդեն պատասխանը։ Քեզ թո՛ւյլ տուր ավելի շատ տարբերակներ։ Դու արժանի ես, կամ էլ սովորական ջահել` չթարմացող երազանքներով։ Համբերությունդ` չլցված բաժակ, կամ հարմարվողականությունդ քեզ ստիպեց երկինք քերել։ Կենացդ, ընկե՛ր։ Էս ո՞ւր հասանք։ Ի՞նչ հասնել, տեղում կանգնել մնացել ենք` քարի պես, բայց առանց հիշողության։ Ես բամ, դու բաս։
Մարդը տիեզերք չէ, ընդամենը մի մարդու հետ փոխհարաբերություն։ Մգդակված բանդագուշանք, կամ հիմարություն համար մեկ։ Հաղթանակդ անհետաքրքիր էր, որովհետև քեզնից առաջ միլիոնները հաղթել էին արդեն։ Անկեղծ ասած, դրանք ավելի լավն էին ու որակով։ Բռակ։ Հարված անհատականությանդ, ու պարտության սկիզբը։ Վերջապես զգացումնե՞րն են քո մեջ, թե՞ դու` նրանց։ Չկողմնորաշվածի մեկը։ Արգելակված շփումներ, կամ քեզ սխալ կհասկանան։ Կարմրել կանգնել ես։ Շնչա(կտուր): Օրագիր պահի՛ր, բայց մեկ է, չի օգնի:
Սեփական կարծիքդ ուղղակի իմացածիդ արտացոլանք, կամ հասարակական կարծիքը լավ հռետորաբանության արդյունք է։ Թարգը տո՛ւր արդեն։ Քեզ չսազական է: Զազրախոսություն։ Իսկ դու վերջապես ծնողավարի պատասխանիր մեծահասակ «Ես»-իդ, որ «Չի՛ կարելի», նշանակում է` հնարավոր չէ, կամ արի նորից չխառնենք կծու պղպեղները։ Փորձել գոնե պետք է։ Բեկում, կամ ցնդաբանության մեջտեղներ։
Դժոխքը մարդիկ են, որ քեզ ընկալեցին ամբողջություն ու էլ չեն տեսնելու քեզ` երբեք: Իսկ դու` դեռ աճող բջիջ։ Հոգեբաններն ասում են` անհատականությունը երկու անգամ է ծնվում, իսկ դու ներկայում` ապագա ու անցյալ։ Չեղարկում ենք պահը որսալու պրոցեսները։ Հիմարություն համար երկու։
Բազմակետ, կամ թեթևակի ինսայդ։ Գիտակցության հոսքը փոխելու կարողություն։ Դու խելացի ես, կամ քեզ այդպես են համոզել։ (Շահադիտական վիժվածքներ, իսկ մենք քայլենք, միգուցե)։ Իսկ իրականում, կյանքին կցվող նախդիրներ, կամ շփոթել ենք միրգը բանջարեղենի հետ։ Նորից: Ամեն դեպքում ճշտել է պետք։ Ու պետք է սխալվել:
Ու ընդամենը` Հիերարխիկ տուպիզմ, իսկ մենք մեջը` (Գոդոյին) սպասողներ։ Գազար կուտե՞ս։