Երեկո
You have reached your destination.[1] Բարձրաձայն հայտնեց աղջկա հեռախոսը հոգեհանգստի ճիշտ մեջտեղում: Կողքին կանգնած բարձրահասակ երիտասարդը փռթկաց: Դիմացի շարքում նստածներից էլ ոմանք իրենց կողմ շրջվեցին: Շփոթված աղջիկը ձեռքը տարավ գրպանը, հանեց հեռախոսն ու սկսեց ինչ-որ բաներ սեղմել: Ալվարդն անսասան պառկած էր սրահի մեջտեղում: Հեռանում էր ճիշտ այնպես, ինչպես ապրել էր՝ առոք-փառոք, զավակներով, թոռներով, ընկերներով շրջապատված: Անգամ հոգեհանգստի երաժշտությունն էր ինքն ընտրել. ջութակ ու ոչ մի դեպքում դուդուկ: Եվ ոչ մի քահանա: Հագուստն էլ, լուսանկարն էլ: Լուսանկարում քառասուն տարեկան էր՝ կարճ կտրած սև մազերով, սև մատիտով ընդգծված մեծ աչքերը՝ մուգ կապույտ շրջանակով ակնոցի հետևում, շուրթերին՝ համարձակ ժպիտ, պարանոցին՝ սպիտակ, թեթև շարֆիկ: Չնայած վերջին ամիսներին շատ էր տանջվել՝ դեմքը խաղաղ ու անվրդով էր: Պարանոցին նույնատիպ սպիտակ շարֆիկ էր՝ իր իսկ ընտրած մուգ կապույտ զգեստի վրա: Կրծքին խաչած ձեռքերն ասես շարֆիկի շարունակությունը լինեին:
Սոֆին միայն աչքի ծայրով էր կարողանում նայել ընկերուհուն: Միասին շատ երկար ճանապարհ էին անցել: Մի ամբողջ կյանք՝ դպրոցից մահ: Անգամ երբ Ալվարդն արդեն շատ հիվանդ էր՝ Սոֆին չէր հավատում, որ այս օրը գալու է: Ինքն էլ ցնցվեց աղջկա հեռախոսից: Ձեռնափայտին հենվելով՝ նստեց չոր նստարանին: Երբեք չէր պատկերացնի, որ այսքան արագ վերջնակետին կհասնեն: Ինքն ու Ալվարդը թաղել էին գրեթե բոլոր համադասարանցիներին, ծնողներին, իրենց ամուսիններին, քույր-եղբայրներին: Ալվարդն՝ անգամ թոռանը, 2020-ի նոյեմբերին: Հիմա Ալվարդի աղջկա դեմքին արցունք չկար. որդու մահն իր հետ տարել էր բոլոր արցունքները:
Տարուց ավել է սպասում էին այս օրվան: Շատ լավ հիշում էր՝ երբ էին էդ լուսանկարն արել: Ութսունութի մարտն էր: Ալվարդը զանգեց, ասաց, որ կանայք մարտի 8-ին Ծիծեռնակաբերդ երթ են կազմակերպում՝ Սումգայիթի զոհերի համար ու նաև ի պաշտպանություն Ղարաբաղի: Գնացին: Հետո որոշեցին, որ պատմական օր է, պետք է անպայման լուսանկարվեն: Ու չնայած Ալվարդի ամուսինը երթի սիրողական լուսանկարներ էր անում, այդ թվում և իրենց էր նկարում՝ որոշեցին, որ ուզում են հիշել ոչ միայն օրը, այլև իրենց՝ հենց այդ օրը: Հատուկ, առանձին, իրենք իրենց, ոչ թե երթով շրջանակված: Ծիծեռնակաբերդից ոտքով, ստադիոնի մոտով իջան Կոնյակի գործարան, անցան Հաղթանակի կամուրջը, հերթով անցան արձանից արձան՝ Մյասնիկյան, Շահումյան, Լենին, Ինտուրիստի մոտով թեքվեցին դեպի Աբովյան փողոց ու հասան Աբովյան 12: «Խանոյան» լուսանկարչատունն արդեն պատմական էր՝ չնայած ինքը՝ Խանոյանը այլևս չկար: Հետո, երբ իրենց մանկության ու երիտասարդության Երևանն արագ ու անդառնալիորեն անհետանում էր, մի օր Ալվարդենց բալկոնում սուրճ էին խմում ու թերթում ալբոմը՝ ինչ-որ աշխատանքային լուսնակարներ փնտրելով, Ալվարդն ասաց, որ շենքը, որտեղ 1988-ի մարտի 8-ին իրենք լուսանկարվել էին, արդեն չկա: Ապա ավելացրեց, որ ուզում է, որ իրեն հենց այդ լուսանկարով հիշեն:
Դուրս եկան: Մի ձեռքով ձեռնափայտին, մյուսով՝ աղջկա թևին հենվելով՝ քայլեց լուսանկարչատան ուղղությամբ: Ի՜նչ ա ասում է, ի՞նչ լուսանկարչատուն, աղջկա՝ Նունեի մեքենան էր… Նունեն միացրեց մեքենայի շարժիչը: Կրկին հեռախոսով հավաքեց հասցեն՝ ձկան խանութի… Մաշտոցի 2: Հոգեհանգստի սրահները որպես կանոն քաղաքի ծայրամասերում են, և այդ տեղերից դուրս գալու համար գուգլի կամ յանդեքսի օգնությունն է պետք: Մամ, բայց ո՞նց պանիխիդայի տեղը միացավ է՜, մոռացել էի անջատել՝ նկատեց Նունեն: Ապա ցածրաձայն ծիծաղելով ավելացրեց՝ հլը տես, Ալենն էս նեղ մաջալին մեսիջ ա ուղարկել, հարցնում ա՝ քո երկրային կյանքն է՞լ մոտեցավ ավարտին: Ալենն Ալվարդի տղան էր, Նունեի մանկության ընկերը: Արեշի ծայրամասերի նեղ ու չլուսավորված փողոցներում մթի մեջ խարխափելով ու ճանապարհի բոլոր փոսերը հաշվելով՝ հասան տուն: Աղջիկը բարի գիշեր մաղթեց ու գնաց՝ ընտանիքին հասնելու:
Առավոտ
Երեկոյին նախորդել էր առավոտը: Երբ արթնացավ, արդեն գիտեր, որ Ալվարդը գնացել է: Փորձում էր էներգիան մտովի ուղղորդել դեպի լյարդ, աշխատեցնել այն, ինչպես ժամանակին սովորեցրել էր իր ու Ալվարդի սիրելի թերապևտը, որը մի տաս տարի առաջ Ամերիկա էր արտագաղթել՝ աղջկա մոտ: Ու զգում էր՝ ինչպես է մարմնով, արյունատար անոթներով այդ էներգիան ճանապարհ գծում, պարուրում լյարդը, ենթաստամոքսային գեղձը, տաքացնում, ամոքում: Ամեն առավոտ, նախքան մարմնի մասերն ու մտքերը հավաքելն ու տեղից վեր կենալը, կրկնում էր այս վարժությունը: Կարելի է ասել՝ ծեսը: Հավատում էր, որ իրեն պահողը հենց դա է, ոչ թե ճնշման ու շաքարի դեղերը: Հետո վերցնում էր սենյակային բույսերի փոշին, ջրում ու զրուցում դրանց հետ: Քովիդից հետո ձեռնափայտով էր: Մի ամիս վերակենդանացման բաժնում պայքարել էր մահվան դեմ: Իրենից հետո էլ Ալվարդն էր նույն բաժնում պայքարել: Ալվարդին անվասայլակով դուրս գրեցին: Իրեն՝ շաքարով:
Այդ առավոտ շաքարը չչափեց: Սուրճ դրեց: Դառը, Ցենտրալից գնած ստանդարտ # 1: Նունեն էր ստանդարտին կապել: Արաբիկայի ու ռոբուստայի ճիշտ խառնուրդ էր: Սուրճի բաժակը դրեց սեղանին, պահարանի ներքևի դարակից հանեց լուսանկարների արկղն ու ալբոմները: Կային ժամանակներ, երբ սուրճն իրենք էին աղում՝ հին, մետաղյա աղացով: Սրճելը սկսվում էր դեռ աղալուց, երբ ինքը կամ Ալվարդը պտտում էին աղացի բռնակն ու զրույցները հյուսվում էին ու հոսում: Էդպես էր Կոնդում՝ իրենց մանկության տներում, երբ դեռ ոչ թե իրենք իրենց, այլ մեծերի համար էին սուրճ աղում ու էդ ընթացքում լսում մեծերի խոսակցությունները: Ընդունված չէր նրանց ընդհատել: Տնքտնքալով տեղավորվեց բազմոցին, աջ ոտքն առաջ պարզեց: Կպցրեց սիգարետը, լուսանկարների մեծ արկղը դրեց գոգին: Ամեն տեղ Ալվարդը հետն էր: Բակում՝ հարևանների ու ծնողների հետ, դպրոցի բեմին՝ Լենինի մեծ դիմանկարի տակ, համալսարանի լաբորատորիայում՝ կոլբաներով ինչ-որ փորձ անելիս, աշխատավայրում՝ ամբողջ բաժնով ակադեմիկոս Վարդանյանի հետ լուսանկարում, Կարմիր հրապարակում՝ մոսկովյան գործուղման ժամանակ, հարսանիքին՝ «Երջանկություն նորապսակներին» բամբակով գրառմամբ գորգի տակ, Օպերայում՝ ձեռքերը բռունցքած: Մեծացել էին Կոնդում: Ամուսնանալուց հետո Ալվարդենց տունը Մարքսի վրա էր, իրենցը՝ Լենինի պողոտայի: Շարժման ժամանակ այնքան քայլեցին, նստեցին ու բողոքեցին, որ վերջը Լենինը Մաշտոց դարձավ, Մարքսը՝ Խորենացի: Չնայած Լենինն ինչպես կար, էդպես էլ Պրոսպեկտ մնաց: Լենինի արձանն էլ միասին, ձեռք-ձեռքի տված գլխատեցին: Ուրախ էին շատ: Անգամ երբ իրենց գործարանը՝ հարազատ լաբորատորիայով հանդերձ, փակվեց, և սկսեցին խմորեղեն թխել՝ ընտանիք պահելու համար: Անգամ երբ լույս ու ջեռուցում չկար, ու այլևս խմորեղեն թխելն էլ էր անկարելի: Հագուստ էին գործում. հին սվիտերները քանդում էին, թելը գոլորշու վրա հարթեցնում ու մոմի կամ լամպի լույսի տակ գործում: Աղում էին դժվար ճարվող սուրճը, որն իրենք էին բովում: Եփում չոր սպիրտի վրա: Անգամ մի անգամ միասին Լեհաստան գնացին՝ ապրանք բերելու: Գույնզգույն շապիկներ էին՝ վրաները տարբեր գույներով «Benetton» ասեղնագործած: Նունեն ու Ալենն էլ էին հագնում: Հետո Թուրքիա: Վաճառում էին: Հետո Աշոտն ու Արգամը մեկնեցին Մոսկվա՝ ընտանիքը պահել էր պետք: Ալվարդի ամուսինը՝ Աշոտը, Մոսկվայում մահացավ, անհասկանալի հանգամանքներում: Արգամը վերադարձավ ու Սոֆիի հետ երկու տասնամյակ ապրեց: Նրան էլ Քովիդը տարավ: Կարոտում էր: Հատկապես առավոտները, երբ սուրճը մենակ էր խմում:
Դուռը թակեցին: Շենքի հավաքարարն էր: Շաբաթը մեկ գալիս էր, Սոֆին էլ միշտ ինչ-որ գումար էր տալիս: Թոռնուհու հետ էր: Ներս հրավիրեց: Սեղանին դրված կոնֆետից հյուրասիրեց: Էս դու՞ք եք, ի՜նչ սիրուն եք՝ նկատեց հավաքարարի նիհարիկ թոռնուհին՝ ցույց տալով նույն 1988-ի մարտի 8-ին «Խանոյան» լուսանկարչատանն արված Սոֆիի լուսանկարը: Երկար, շեկ մազերն ուսերին, դեմքին՝ լայն ժպիտ, հագին՝ երկնագույն զգեստ, պարանոցին` մի շար ճերմակ մարգարիտ` ժպիտին զուգահեռ: Թե ինչո՞ւ միասին չնկարվեցին: Ալվարդը չուզեց: Ասեց՝ միասին նկար շատ ունենք, արի առանձին-առանձին պորտրետներ անենք: Հիմա արդեն զարմանում էր, որ 1988-ի մարտի 8-ին, երբ արդեն գիտեին Սումգայիթի սոսկալի մանրամասները, ինքն այսպիսի հագուստով էր, նույնիսկ մարգարիտներով և լայն ժպիտով: Դա պատկերացնելն անգամ հնարավոր չէր, բայց լուսանկարը փաստում էր… Երևի ինքն էլ Նունեին խնդրի, որ իրեն այս լուսանկարով հիշեն՝ մտածեց Սոֆին դուռը հավաքարարի հետևից փակելով: Հեռախոսը զանգեց: Մա՛մ, ե՞րբ գամ հետևիցդ՝ հարցնում էր Նունեն: Հինգի կողմերը՝ ասաց: Իսկ տեղը գիտե՞ս՝ հարցրեց: Թոխմախի կողմերն ա, Ալենը ֆեյսբուքում գրել էր, նայի՛՝ ասաց: Լավ, ինչ-որ բան պե՞տք ա՝ հարցրեց: Չեմ կարծում, Ալենին փող կտանք՝ ասաց:
Ասածը ճշտելու համար մոտեցավ սենյակի անկյունում դրված սեղանի վրայի համակարգչին: Տարիներ առաջ աղջիկն էր գնել, որ Լոս տեղափոխված որդու հետ կարողանան սկայպով շփվել: Հետո եղավ Ֆեյսբուքն ու սկայպի կարիք այլևս չկար՝ թոռների լուսանկարները հարսը հրապարակում էր գրեթե ամեն օր, ինքն էլ պարտաճանաչ կերպով առաջին լայքողն էր: Հպվեց ստեղնաշարին, և համակարգիչն արթնացավ: Ֆեյսբուքի էջը բաց էր: Անցավ Ալենի էջին՝ հոգեհանգստի վայրը կրկին ճշտելու: Նախքան կհասներ Ալվարդի հոգեհանգստի մասին գրառմանը՝ տեսավ, որ Ալենն ինչ-որ մեկի գրառումն էր կիսել, որի տակ ակտիվ քննարկում էր: Գրառումը կատարողն իր և Ալվարդի վաղաժամ մահացած ընկերուհու՝ Հասմիկի տղան էր: Բառացիորեն գրել էր, թե Ղարաբաղյան շարժումը Կրեմլի պրոյեկտ է եղել՝ կազմակերպված սովետական Կա-Գե-Բե-ի կողմից, որ առանց ԿոմԿուսի ու Կա-Գե-Բե-ի դաբրոյի նման բան հնարավոր չէր լիներ, որ «Ղարաբաղ» կոմիտեն, ու մասնավորապես Լևոն Տեր-Պետրոսյանը Կրեմլի ագենտ էին, որոնք մանիպուլացրել են ժողովրդին, հանել ցույցերի, որ Լևոնը երբեք Հայաստանի անկախությունը չի ուզել, այլ միշտ սպասարկել է Կրեմլի շահերը, որ Հայաստանը հավերժ կախյալ լինի ռուսներից, ու որ դրա վկայությունն է այն, որ 1994-ի զինադադարից հետո Ադրբեջանի հետ պայմանագիր չկնքվեց, որ 1998-ի հրաժարականը և իշխանության հանձնումը Քոչարյանին նույն նպատակով էր, և այլն: Ու Ալենը հերիք չի հավանել էր այս գրառումը՝ այն իր էջում հրապարակելով և մեկնաբանություններով ցույց էր տալիս, որ համամիտ է: Բարկացած փակեց Ֆեսյբուքը: Սիրտն ուր որ է բերանից դուրս կգար: Նոր սիգարետ կպցրեց:
Երբ Ալենը ծնվեց, Ալվարդը ծանր էր: Ծանր հղիություն, այնուհետև՝ ծննդաբերության ժամանակ կլինիկական մահ էր տարել: Հետո շատ երկար վերականգնվում էր: Վե՛րջ, էլ կյանքում աբորտ չեմ անի՝ ասաց Սոֆիին: Էս աբորտներիս մեղքն էր: Պատմում էր, որ մի երկար, շատ երկար միջանցքով է անցել, ծայրին՝ լույս: Միջանցքով մեկ՝ բժիշկների ձայները: Ասում էր՝ երբ հասա ելքին, դու էիր, պատկերացնու՞մ ես, Աշոտը չէր, Ալենը չէր, հենց դու՛ էիր: Կատակում էր, ասում էր՝ իմ ելքը դու ես: Հետո կաթ չուներ, ու քանի որ ինքը Նունեին, որն Ալենից երկու ամիս առաջ էր ծնվել, կրծքով էր կերակրում, սկսեց Ալենին էլ կերակրել:
Ցերեկ
Ժամը երկուսի կողմերը եկավ թոռնուհին՝ Սոֆին, Նունեի աղջիկը: Տատ, կոֆեդ բերել եմ՝ ասաց: Աղացած ստանդարտ #1-ը միշտ նա էր բերում: Բնակարանում դեռ առավոտից սուրճի հոտն էր: Լուսանկարները հավաքել էր սեղանի մի անկյունում: Առանձին միայն իր՝ «Խանոյան» լուսանկարչատանն արված դիմանկարն էր: Վաայ, տատ, փաստորեն ճիշտ են ասում, որ քեզ նման եմ՝ նկատեց Սոֆին՝ լուսանկարը վերցնելով: Սառը կաթ կխմե՞ս՝ հարցրեց Սոֆին Սոֆիին: Չպասելով պատասխանի՝ սառնարանից հանեց կաթը: Հա, առավոտ հիշել էր Ալենին կրծքով կերակրելը: Եթե երկուսն էլ իր կաթը կերած չլինեին, գուցե ամուսնանային: Էդ դեպքում գուցե Ալենը երեք անգամ չբաժանվեր: Ու գուցե եթե երեք անգամ չբաժանվեր՝ Ալվարդն էդքան շուտ չհանձնվեր: Բայց գուցե Նունեն էլ Սոֆիին ու Արթուրին չունենար: Գուցեները շատ են: Միշտ: Ուրեմն չի կարող Ղարաբաղյան շարժման մասին էդ գրառումը միակ ճշմարտությունը լինել: Իր մայրը միշտ ասում էր՝ թազա հավեր են դուրս էկել, էրկաթի ձվեր են ածում…
Հեռախոսը զանգեց: Թոռն էր` Արթուրը: Վարդենիսում էր ծառայում: Եթե մի օր չէր զանգում, Սոֆիի ճնշումը բարձրանում էր:
— Ո՞նց ես, տա՛տ, — հարցրեց:
— Լավ եմ, տղես: Ի՞նչ կա, էսօր ի՞նչ եք կերել, — հարցրեց:
— Սովորական: Տուշոնկա մակարոնով: Պոստերում էդ ա: Տատ, դու Վարդենիս էղել ես, չէ՞,— հարցրեց:
— Հա, տղե՛ս: Շուտ, ուսանող տարիներին: Ըտեղերք հանք կար, մեզ պրակտիկա էին բերել:
— Ճի՞շտ ա, որ էն ժամանակ ստեղ ադրբեջանցիներ էին ապրում, — հարցրեց:
— Հա, թուրքի գյուղեր էին հիմնականում, իրանք էլ Բասարգեչար էին ասում:
— Բա հետո ի՞նչ էղան էդ թուրքերը, — հարցրեց:
— Դե գնացին, մերոնք էլ էկան իրանց տեղը:
— Բա որ հիմա Ալիևն ասում ա Արևմտյան Ադրբեջան, էդ ստեղերքի՞ մասին ա ասում, — հարցրեց:
— Ալիևը գլուխը պատով ա տալիս, — ասաց:
Ալվարդը կասեր՝ քաք ա ուտում Ալիևը: Մտածեց: Հետո եղանակից հարցուփորձ արեց, ոտքերից՝ բատինկեքը խաշել էին, լողանալու հարմարություններից: Էնքան, մինչև Արթուրին կանչեցին, ու հեռախոսազրույցն ավարտվեց:
Սեղան դրեց. նախորդ օրը ջեռոց դրած հավ, վարունգ-պոմիդորով ամառային սալաթ, հաց, պանիր: Հավի բուդը դրեց թոռնուհու ափսեին՝ կե՛ր: Թե էդ Արևմտյան Ադրբեջանը որտեղի՞ց հայտնվեց: Էն օրը թոռնուհին ցույց էր տվել Արհեստական Բանականության սարքած մի նկար: Երևանն էր: Եթե ինքը Երևանում ծնված-մեծացած չլիներ՝ լրիվ կհավատար, որ Երևանը հենց էդպիսին էլ եղել ա՝ երկնաքերերով ծովափնյա քաղաք, էնքան իրական էին պատկերներն ու պատմությունները: Ապրել-ապրել, հասել էին էս կետին, երբ չորը թացին էնքան էր խառնվել, որ արդեն շատ դժվար, եթե ոչ անհնար էր սուտը ճշտից տարբերելը: Ալվարդը գնաց: Էսա ինքն էլ կգնա, ու բոլորը կգնան, ովքեր տեսել են էդ իրական Երևանը, ու եթե իրենցից հետք չմնա, ոչ ոք չի կարող ապացուցել, որ Մասիսի փեշերին ծով չի ծփացել, ու որ Նոյը հենց էդ ծովի ափերին չի հանգրվանել, ու որ Երևանը երկնաքերեր չի ունեցել, ու որ իրենք Կրեմլի ագենտ չեն եղել….Հիմա ի՞նչ են ուզում ասել, ասենք՝ Լևոնը Կրեմլի հետ համագործակցում էր, ի՞նչ, իրա ու Ալվարդի ապրածը ռուսական պրոյեկտ էր: Ո՞նց, էլի:
Արգամի տաք ձեռքերը՝ գոտկատեղին, դեռ չեղած կասկադի գլխին նստած, Երևանը՝ դեմները: Մասիսն էլ: Էդ ամենը եղել ա, չէ՞: Մարգարյանում Նունեի ծնվելը, Արգամն ու Աշոտը՝ ծաղկեփնջերով պատուհանի տակ: Սովետական տանկերը Երևանի փողոցներում, պարետային ժամն ու Ալվարդի հարբած ծնունդը, երբ ռուս զինվորներին կեսգիշերն անց համոզում էին իրենց հետ շամպայն խմել: Այդ օրը, երբ հռչակեցին անկախությունն ու հրապարակի ժամացույցի գլխին դրոշը դրեցին… թե՞ Գերագույն Խորհրդի պրեզիդիումի շենքի գլխին էր՝ Բաղրամյանի վրա…. Շենքի գլխին Սովետական Հայաստանի դրոշն էր, կամերային քառյակ էր նվագում, հանեցին դրոշը, բերեցին բոլորի առաջ, ինքն ու Ալվարդն առաջին շարքերում էին, բարձրացրին եռագույնը, էն մյուսը ծալեցին, հարգանքով – պատվով տարան ներս և հետո բոլորին շամպայն բաժանեցին։ Ի՜նչ գեղեցիկ էր։ Կամերային քառյակի երաժշտության տակ։ Հարգանքով, պատվով, с почётным караулом[2] տարան ներս… երևի տարել- արխիվացրել են։ Չքանդեցին, չէ՞, կապը: Պահեցին շարունակականությունը: Ու իրենք դա մարմնով զգացել են, զգում են: Ու հիմա ի՞նչ են ուզում ասել, որ էդ ամենը չի եղել, որ էդ սաղ ուրիշի պրոյեկտ ա եղել, որ ինքն ու Ալվարդը իրե՛նց կյանքը չեն ապրե՞լ, ուրիշի կյանք են ապրե՞լ, որ ուրիշի գրածի հերոս էի՞ն, որ ինքն ու Ալվարդը չեն եղե՞լ: Թազա հավեր են դուրս էկել, էրկաթի ձվեր են ածում… Բայց կարող ա ճիշտ են: Կարող ա իսկապես պետք ա կապը մեկընդմիշտ կտրել, որ նորը հնարավոր լինի… Ալվարդը հաստատ տենց կասեր:
Սոֆին համ ուտում էր, համ՝ թերթում տատի հին լուսանկարները: Կանգ առավ տատի ու Ալվարդի մի լուսանկարի վրա: Պլակատի ֆոնին էին, պլակատին գրված էր. “Ленин- партия – Горбачев”: Էս ի՞նչ ա, տա՛տ՝ հարցրեց: Ղարաբաղյան շարժման վախտերն ա, Օպերայում ենք: Բա որ իմանայիք, որ վերջը սենց կլինի, կգնայի՞ք՝ հարցրեց: Տատը վերցրեց լուսանկարն ու բան չասաց: Կաղալով սեղանն էր հավաքում: Հետո ասաց՝ դեռ վերջը չի:
Թոռնուհու հեռախոսն անվերջ ծնգում էր: Ընկերուհիների համատեղ չաթում ռուս բոյֆրենդի հարցն էին քննարկում: Առհասարակ՝ ոչ հայ բոյֆրենդ ունենալու հարցը: Իրենց համադասարանցիներից մեկը մի ռուս ռելոկանտի հետ էր կապվել ու հետը թռել Թիֆլիս՝ առանց տնեցիներին ասելու: Փակեց չաթը բացեց իր վարժեցրած Աբոյին, որ զրույցը շարունակի: Ընդհատված խոսակցությունը ամառային հանգստի տարբերակների մասին էր: Աբոյի վերջին առաջարկը Իտալիան էր, քանի որ WizzAir-ով էժան թռիչքներ կային: Նոր չաթ բացեց ու պարզապես գրեց. Ленин, партия, Горбачев: Աբոն տեղում, վայրկյանական ռուսերեն պատասխանեց, թե ով ա Լենինը, ինչ ա պարտիան և ով ա Գորբաչովը: Այնուհետև բացատրեց դրանց միջև կապը, ըստ որի Լենինը պարտիան կառուցել է որպես կուռ ու կարգապահ կառույց, որը պետք է կառավարեր սոցիալիստական երկիրը: Գորբաչովի ժամանակ պարտիան կորցրել է իր միակը լինելու կարգավիճակը և թուլացել, ինչն էլ հանգեցրել է կուսակցության, ապա և երկրի փլուզմանը: Այնուհետև թույլտվություն էր հարցնում՝ պերեստրոյկայի և ԽՍՀՄ փլուզման պատճառները բացատրելու: Տա՛տ, դու Գորբաչովին անձամբ տեսե՞լ ես՝ հարցրեց: Չէ, ասաց տատը, բայց ինքը Հայաստան եկել ա, երկրաշարժի ժամանակ: Տատ, իսկ դու ադրբեջանցիների հետ շփվե՞լ ես՝ հարցրեց: Հա՛, հետներն աշխատել էլ եմ: Հարևան էլ ունեինք: Սովորական մարդիկ էին: Իրանց էրէխեքի հետ մենք շատ էինք խաղում: Ես ու Ալվարդը: Իմիջիայլոց, էս մեր շենքի կողքի դպրոցը, որ հիմա քանդել ու ոնց որ նորից սարքում են, իրանցն էր, ադրբեջանական էր: Իրանք հայերեն խոսու՞մ էին՝ հարցրեց: Հա, բա ո՞նց չէին խոսում: Բա որ իմանայիք սաղ սենց կլինի, ցույցերի կգնայի՞ք՝ հարցրեց: Բարդ բան ես ասում: Որ դուք իմանայիք սենց կլինի՝ Նիկոլի ցույցերին կգնայի՞ք՝ հարցին հարցով պատասխանեց տատը: Էսօրվա դիրքից անցյալը քննադատելը հեշտ ա, որովհետև արդեն տեսել ես էդ անցյալի ապագան՝ ասաց: Ու մեծ հարց ա՝ տեսե՞լ ես, թե՞ կարծում ես, որ հե՛նց տեսածդ ա էդ ապագան, ու որ տեսածդ հենց էդ պատկերացրածդ անցյալի ապագան ա՝ շարունակեց գրեթե շշուկով: Իսկ կյանքդ մեկն ա, ու դու այն ապրում ես հե՛նց էսօր: Գուցե՞ դու անցյալին վերագրում ես բաներ, որոնք չեն եղել, վերագրում ես անցյալդ, որ կարողանաս ապրել այսօր: Սոֆին որոշ ժամանակ լուռ էր: Հետո հարցրեց՝ տա՛տ, իսկ էս պլակատն ի՞նչ ա նշանակում: Աբոյի պատասխանները Սոֆիին չէին բավարարել: Դե, դրանով ասում էինք, որ կուսակցությունը պետք ա վերադառնա ազգային քաղաքականության լենինյան սկզբունքներին, քանի որ Լենինը կողմ էր ազգերի ինքնորոշման իրավունքին:
Հա՛, էլի, ճիշտ էի մտածում, Աբոն խաբար չի կոնտեքստից, տատս Աբոյից շատ բան գիտի էս հարցում՝ մտածեց Սոֆին: Բայց էսա մի հատ էլ այլ կերպ հարցնեմ, կարող ա հարցնելու ձևից կախված այլ պատասխան տա: Ու գրեց. ի՞նչ էր նշանակում Ленин – партия – Горбачев –ը Ղարաբաղյան շարժման ժամանակ: Աբոն վայրկյանական պատասխանեց.
«Ленин – партия – Горбачев» (Լենին – կուսակցություն – Գորբաչով) պլակատը, որն օգտագործվում էր Ղարաբաղյան շարժման (1988թ.) առաջին փուլում, խորհրդանշում էր հայ ժողովրդի փորձը՝ իր պահանջները ներկայացնել խորհրդային իշխանությունների ներքին օրակարգին համահունչ և ընդունելի լեզվով։
Պլակատի նշանակությունը շարժման կոնտեքստում
- Հուսալով բարեփոխումներին՝
1980-ականների վերջերին ԽՍՀՄ-ում սկսվել էին Միխայիլ Գորբաչովի նախաձեռնած վերակառուցման («перестройка») և հրապարակայնության («гласность») գործընթացները։ Շարժման մասնակիցները հույս ունեին, որ Գորբաչովի՝ ժողովրդավարության ու արդարության մասին հայտարարությունները կտան հնարավորություն արդարացի լուծում տալու ԼՂԻՄ-ի միացման հարցին: - Հղում խորհրդային լեգիտիմությանը՝
Պլակատում Լենինի, կուսակցության և Գորբաչովի անունները ներկայացվում էին որպես խորհրդային արժեքների մարմնավորում՝ փորձելով ցույց տալ, որ հայ ժողովրդի պահանջները ոչ թե հակախորհրդային են, այլ բխում են հենց այդ արժեքներից։ Շարժման ղեկավարները փորձում էին ձեւակերպել իրենց պահանջները՝ օգտագործելով խորհրդային համակարգին հարազատ և ընդունելի լեզու։ - Քաղաքական մարտավարություն՝
Շարժումը սկզբում հեռու էր սեպարատիզմից կամ հակախորհրդայինությունից։ Դրա առաջնորդները ցանկանում էին ցույց տալ, որ պայքարը հանուն ԼՂ-ի ինքնորոշման կարելի է տեղավորել ԽՍՀՄ սահմանադրության և գաղափարախոսության շրջանակներում։
Այս պլակատը շատ արագ վերածվեց պատմական վկայության՝ այն անցողիկ փուլի մասին, երբ Ղարաբաղյան շարժումը դեռ հուսալից նայում էր դեպի Մոսկվա՝ խնդրի լուծումը այնտեղից ակնկալելով։
Ցանկանու՞մ ես նաև տեսնել օրինակ՝ նման պլակատի լուսանկար կամ վերլուծություն՝ ըստ շարժման առաջնորդների հիշողությունների։
Մի քիչ էլ մարզեմ, կարգին կպատասխանի՝ ասաց բարձրաձայն: Հը՞՝ հարցրեց տատը: Հեչ, ասում եմ արի Արհեստական Բանականությանը հարցնենք Ալվարդի մասին: Դա Ալվարդին որտեղի՞ց իմանա, Ալվարդը հայտնի դեմք չի՝ ասաց տատը: Կհորինի-կխաբի: Ավելի լավ ա արի էս ամանները լվա: Սոֆին վեր կացավ, գնաց խոհանոց, յութուբով երաժշտություն միացրեց ու սկսեց ամանները լվանալով հետը երգել. “я солдат, недоношенный ребёнок войны, мама залечи мои раны, я солдат, солдат забытой Богом страны, я герой, скажите мне, какого романа.”[3]
Դռան զանգը միջամտեց: Մայրն էր, եկել էր տատին Ալվարդի հոգեհանգստին տանելու:
Երեկո
Երբ վերջապես տուն մտավ, խորը շունչ քաշեց: Նստեց բազմոցին, կպցրեց սիգարետը: Քանի՜ գլանակ էին Ալվարդի հետ ծխել: Դպրոցի զուգարանից սկսած: Հետո համալսարանի զուգարանն էր: Հետո՝ տան զուգարանը, որ երեխաները չտեսնեն: Ալվարդը տանը բացահայտ էր ծխում: Ինքը ոչ մի կերպ չէր կարողանում գնալ այդ քայլին: Չէր ուզում, որ երեխաները, իսկ հետագայում՝ թոռները, իրենից վատ սովորություններ ձեռք բերեն: You have reached your desitnation. Հասար, իջի: Պտտվում էր գլխում: Հա, հասել ա, առանց Ալվարդ անգամ սիգարետը հավեսով չի ծխվում: Բայց հո հեռախոսն Աստվածը չի, որ իրա ասածն իմաստ ունենա, հո ինքը հեռախոսի պրոյեկտը չի… Երեխա ժամանակ, էն որ սոցիալիզմ էին կառուցում, Լենինի ու Մարքսի պրոյեկտն էին, հետո, էն որ կառուցածը քանդում էին, վստահ էին, որ իրանք իրանց սեփական պրոյեկտն են կառուցում: Հենց էդ վստահությամբ էլ քանդում էին: Հետո եկեղեցին վերադարձավ, ու ոմանք սկսեցին Աստծո մատը կրկին տեսնել, վերադարձան էդ պրոյեկտին: Ինքը՝ մասամբ: Ալվարդն էդպես էլ մնաց ինքն իր սեփական պրոյեկտը: Գոնե ինքն էդպես էր կարծում:
Մի անգամ Նունեն վերադարձել էր հերթական գործուղումից: Ինքն ու Ալվարդը սուրճ էին խմում: Սեղանին ամռան սկզբի բերք ու բարիքն էր՝ կարմիր կեռաս, մանր կանաչ խնձոր, ելակ: Սուրճի հոտը սենյակում էր: Ալվարդ ծյոծա, պատկերացնու՞մ ես, էդ եվրոպացիք լրիվ ցնդել են: Մի շվեցարացի կոլեգա ունեմ, մայրը 100-ի մոտ ա, ու քանի տարի ա կույր ա՝ բան չի տեսնում: Բայց գիտակցությունը-բան տեղն ա: Ասում ա՝ մի տարի ա մայրս ասում ա կյանքի համը կորցրել եմ, անիմաստ ա իմ ապրելը, ուզում եմ մեռնեմ: Մի խոսքով, իրանք տենց հատուկ ծառայություն ունեն, կոչվում ա EXIT, հայերեն «ելք» ա նշանակում, որ մարդիկ էլ ապրել չեն ուզում, կանչում են, իրանց ելքն ապահովում են: Տենց իրա մաման էկզիթ էր արել: Ալվարդը վառած սիգարետը դրեց մոխրամանի մեջ, սուրճից կում արեց, ժպտաց ու ասաց. ես էլ կուզեի ելք ունենալ, թե չէ մեկ-մեկ թվում ա, որ ստարտը տվել են ու անվերջ վազում եմ, ֆինիշը չկա, կուզեի ինքս ընտրել ելքս: էն ժամանակ շատ բանի տեղ չդրեց Ալվարդի ասածը: Ալվարդը միշտ ելք էր գտնում, ցանկացած իրավիճակից: Իրեն էլ ասում էր՝ ցանկացած տուպիկից կա առնվազն երկու ելք: Երևի ելքին շատ մոտ էր եղել Ալվարդը, կլինիկական մահ էր տարել, էդ էր պատճառը, որ հավատում էր ելքերի բազմազանությանը, հոգնակիությանը, նաև, որ ինքը կարող ա ընտրի՝ որտեղ և երբ դուրս գա: Բայց հիմա, էսօրվա դիրքից որ նայում էր, հասկանում էր, որ էնքան էլ Ալվարդի ուզածով չէին ստացվել էդ ելքերը: Ալվարդն էր ուզել, որ թոռը բանակ գնար: Հա ասում էր՝ իսկական տղեն պիտի ծառայի: Բայց երևի չէր սպասում, որ թոռան ծառայության ժամանակ պատերազմ կլինի ու թոռան մահվան լուրը պատերազմի վերջին օրը կստանան: Էդ էր ելքը: Ալենի կանանց չէր հավանում ու առաջին ամուսնալուծությունն ինքն էր որպես ելք առաջարկել:
Ալվարդն իրենից շուտ գնաց: Հիմա իր ելքի դռան մոտ սպասում ա երևի: Բայց ինքը դեռ չի ուզում գնալ: Հեչ չի ուզում: Ուզում ա մի քիչ էլ ապրել: Ուզում ա տեսնել բանակից վերադարձող թոռանը: Ուզում ա, որ թոռը փնտրի ու ելքեր գտնի՝ համ իր, համ ծնողների համար: Ուզում ա, որ իր պատմություններն իմացող լինի: Օրինակ՝ 1988թ. մարտի 8-ի իր ու Ալվարդի լուսանկարների պատմությունը: Ոչ թե միայն 1988թ. մարտի 8-ի երթի, այլ հե՛նց լուսանկարների պատմությունը: Ուզում ա, որ իրենց բակի լուսանկարում թոռները ճանաչեն իրեն էլ, Ալվարդին էլ, Նարգիզին էլ: Տեսնես որտե՞ղ ա հիմա Նարգիզը: Չէր հիշում՝ 88-ի՞ն գնացին, թե՞ ավելի ուշ: Նարգիզենց տանը հաստատվեց մի բաքվեցի հայ ընտանիք: Արդյո՞ք դա էր ելքը: Ելքերը շատ են, մենք ենք դրանք նեղացնում-նեղացնում միայն մեկը սարքում: Գուցե՝ որովհետև թողնում ենք, որ ուրիշները տնօրինեն մեր ելքերը: Կամ էլ՝ մեկ ա մեզնից անկախ ա, ուզենք-չուզենք հոսում ա կյանքը: Բայց ուզում ա, որ Օպերայի պատմությունն էլ իմանան: Իմանան, թե իրենք ինչ էին մտածում, երբ ամեն օր Օպերա էին գնում: Իսկ ինքը գիտի՞, թե իրենք ինչ էին մտածում: Դե հա, էսօրվա հեռավորությունից գիտի: Ուզում ա, որ իմանան, թե որտեղ էր Լեզվի Ինստիտուտը: Էնտեղ ամուսինն էր աշխատում: Կամ որ Մզկիթի շենքում ժամանակին Երևանի պատմության թանգարանն էր:
Անցավ խոհանոց: Էլի սուրճ դրեց: Չէ՛, բայց լուրջ, ո՞նց կարող ա ելքը սենց անհեթեթ լինի: Հիմա էլ ասում են՝ սահմանադրություն փոխեք: Ո՞նց էլի, ո՞նց կարան մեր գտած բոլոր ելքերը չաշխատեն: Թե՞ ելքն էլ ա միայն էս պահին ու էս կոնկրետ իրավիճակի համար աշխատում: Ասենք՝ էն ժամանակ ելքը Սովետից դուրս գալն էր, անկախություն հռչակելը, ու էդ հռչակագրում Ղարաբաղի ու Հայաստանի, համայն հայության կամքը ֆիքսելը: Իսկ համայն հայությանը հարցրե՞լ են…. Ո՞վ ա էդ համայն հայությունը… Համայնն այլևս չի աշխատում: Իրենք են իրենց բերում, խաչմերուկներից դուրս հանում, մի նեղ արահետ գցում, էնպես, որ վերջում միայն մեն-մի ելք մնա… Խաչմերուկում կատարած ընտրության պատճառով: Բայց կարելի ա, չէ՞, էդ արահետից շեղվել, ճամփի կեսից դուրս գալ, անգամ եթե արահետի վրա կանգնած մարդուն թվում ա, թե արահետից դուրս անդունդ ա ու գնալու տեղ չկա: Մարդիկ իրարից օտարվել, տրոհվել, փոքրացել, մասնիկացել են: Բայց մասնիկ չեն, ամեն մեկը մի օվկիանոս ա: Ու հիմա մեզ փորձում են համոզել, թե մենք չկանք, չենք եղել, չենք ապրել, մեր ապրածը մեր կյանքը չի եղել, այլ ուրիշի պրոյեկտը: Որ էդ արահետը մեր փոխարեն ուրիշն ա գծել ու մեզ ծուղակը գցել: Ի վերջո՝ կարելի ա թևեր աճեցնել ու արահետից վեր ճախրել, վերևից տեսնել արահետն ու ելքերը: Բա սրա ելքը ո՞րն ա: Ուզում ա տեսնի էդ ելքը, չի կարող գնալ, առանց տեսնելու: Չի կարող էս կինոն առանց իրա շարունակվի: Չի հաշտվում Ալվարդի գնալու հետ: Եթե մի տաս տարի առաջ գնացած լիներ, էսպես չէր լինի: Էսքան չէր ափսոսա: Իսկ հիմա, ախր, շատ անհեթեթ կլինի, անավարտ կմնա ինքը: Առանց վերջակետ ու վերջնակետ: Ոնց որ Սովետի քանդվելը: Քանդվելուց էս կողմ հա քանդվում ու քանդվում ա, անվերջ… Ելքը չի երևում… Ոնց որ իր ծնողների գնալը: Շարժման օրերին թաղեցին երկուսին էլ: Ու էնքա՜ն բան չխոսված մնաց: Ու հիմա երևի էդ Արհեստական Բանականությունն ա պատմում նրանց չպատմածը: Ոնց որ Ալվարդի մահը: Ոնց որ…. Չէ՛, սխալ էր ասում, հեչ էլ չի հասել դեսթինեյշընին: Ի՞նչ էր ասում աղջիկը, դեսթինեյշընը վերջնակե՞տն ա: Էս չի իրա դեսթինեյշընը: Էդ դեսթինեյշընը չի կարող ուրիշն իր տեղը որոշի: Կյանքը վերջնակետ չունի: Ելքն էլ մեկը չի: Ուշքի եկավ թշշոցից: Չէր նկատել՝ սուրճն ինչպես էր թափվել: Գազն անջատեց: Սուրճ չէր ուզում:
Գիշեր
Սենյակի կիսամթում սեղանից իրեն էր նայում Ալվարդը՝ սպիտակ խալաթով ու կոլբան ձեռքին: Ժպտերես, լայնաժպիտ՝ ինչպես միշտ: Ալվարդն էնքան շատ էր, որ ինքն իրեն չէր նկատել լուսանկարում, Ալվարդի կողքին: Չզգաց էլ՝ ինչպես հայտնվեց էդ միջանցքում: Երկար, շատ երկար միջանցք էր, ծայրին՝ լույս: Ճիշտ և ճիշտ Ալվարդի պատմածը: Ու երեխաների ձայներ: Չէ՛, երեխաներ չէին, պայքա՛ր, պայքա՛ր մինչև վերջ՝ միջանցքի երկայնքով ձայնագրության պես Լևոնի ձայնն էր: Ոտքերն ինչ-որ կպչուն բանի մեջ էին խրվում: Ցած նայեց: Միջանցքով հոսում էր կաթի գետը: Կրծքերը մրմռացին ճիշտ այնպես, ինչպես երեխաներին կերակրելիս, երբ ծայրաստիճան լցվում էին ու պտուկներից կաթը դուրս էր ժայթքում: Փորձեց էներգիան կրծքերին ուղղել… Կաթն էնքան շատ էր, որ ոչ միայն Նունեին ու Ալենին էր կերակրում, այլև կթում, Նարգիզին էլ էր տալիս: Նարգիզի կաթը շուտ էր ցամաքել… Հետո աղջկա հեռախոսի ձայնն էր՝ you have reached your destination. Միջանցքը գնալով երկարում էր, ծայրի լույսը՝ հեռանում: EXIT` մեծ-մեծ կարմիր տառերով գրված էր լույսի գլխին: Расставание – маленькая смерть[4]` երգում էր Պուգաչովան, երբ բացեց աչքերը: Մթության մեջ փորձեց կողմոնորշվել՝ որտեղ է: Ինչ-որ ձայն էր: Ալո՛, ասաց: Արգամին եմ ուզում՝ ասում էր անծանոթ, անհեթեթ ձայնը: Հեռախոսի էկրանին կեսգիշեր էր:
Վառեց հերթական գլանակը: Արգամը կյանքի վերջին ամիսն անց էր կացրել հիվանդանոցում, որտեղ այցելություններն արգելվում էին: Քովիդ էր: Միացված էր շնչառական ապարատին: Հետո իրեն շատ երկար չէր ներում, որ էդպես էլ ո՛չ տեսավ Արգամին, ո՛չ էլ խոսեց հետը: Արգամից միայն հեռախոսն էր մնացել, որին դեռ շարունակում էին ինչ-որ մարդիկ զանգել: Անցավ խոհանոց: Առանց լույսը վառելու կրկին սուրճ դրեց: Նստեց խոհանոցի պատուհանի մոտ, որը նայում էր դպրոցի քանդված կմախքին ու շինտեխնիկային: Չէր էլ հիշում՝ քանի տարի էր ընթանում էս շինարարությունը: Դանդաղ խմում էր սուրճը, երբ նկատեց, որ պատուհանից ներս է սահում Ալվարդը: Քանդված դպրոցի վրա մեծատառերով շատ հստակ գրված էր ԵԼՔ: Ալվարդն էլ կարծես հենց էդ ԵԼՔ-ի վրա նստած շյուղերով ինչ-որ երկար բան էր գործում: Ուրեմն դո՞ւ ես իմ ելքը՝ հանգիստ ասաց Սոֆին՝ ինքն իր ձայնից զարմանալով: Ալվարդը գլխով հաստատեց: Սոֆին լուռ վեր կացավ, անգամ կաղալը մոռացավ, վերցրեց պայուսակը և հետևեց Ալվարդին՝ առանց հետ նայելու: Նստեցին խոհանոցից բացվող անսպասելի երկար միջանցքի ծայրին: Պատերն սկսեցին թեթևակի շարժվել, կարծես շնչում էին: Ալվարդը տարածվեց, տարածվեց միջանցքով մեկ ու հաստ ու բարակ թելեր հյուսելով ասաց՝ այստեղ սպասի, մինչև հերթդ գա: Իսկ հիմա ո՞ւմ հերթն է՝ աչքերով հետևում էր Ալվարդի հյուսած թելերին, ու դրանցից յուրաքանչյուրը մի նոր տեղ էր տանում: Բոլորս ենք հերթի մեջ՝ ասաց Ալվարդը: Սոֆին գլխով արեց ու վերցրեց հեռախոսը: Նոր հաղորդագրություն էր ստացել աղջկանից. մամ, մոռացել էի ասել, որ ցերեկը եկա, դռանդ վրա կավիճով գրված էր ԵԼՔ, չհասակացա՝ ով էր արել, բայց մոռացա քեզ ասել ու համ էլ մոռացա ջնջել: Սոֆին լուռ ժպտաց, ապա պատասխանեց. լավ ա չես ջնջել, հաջորդի համար ա երևի: Ալվարդը վերադարձավ, հայտնեց, որ իր հերթն ա: Սոֆին ոտքի կանգնեց ու մտավ: Միջանցքով հոսող վարար կաթի գետն իր հետ տանում էր Աշոտին, Արգամին, Լենինի գլուխը, Նարգիզին, լուսանկարիչ Խանոյանին, որի դեմքը երբեք չէր տեսել, Ազիզբեկովի արձանը, Լեզվի ինստիտուտը, Օպերայի բակում խմբվածներին: Ֆիրդուսը: Դե բոլորին չես թվարկի: Հասավ ու անցավ ծայրի ելքը, ու հայտնվեց խոհանոցում: Նույն սեղանը, նույն սուրճի բաժակը, պատուհանից դուրս՝ կիսաքանդ դպրոցի շենքը, չերևացող Մասիսը՝ Կիլիկիային բազմած, Հաղթանակի կամուրջն ու Կոնյակի գործարանը: Սուրճից կում արեց: Տարօրինակ համ ուներ: Մտածեց, թե սխալմամբ շաքար է ավելացրել: Հեռախոսը կրկին ծնգաց: Տատ, ելքը որտե՞ղ էր, չեմ գտնում: Սոֆին էր ուղարկել, դեռ ցերեկը, բայց ինքը նոր էր ստանում: Տեսնես ո՞ր ելքն էր փնտրում: Արդեն մոռացել էր՝ ուր էր ուղարկել Սոֆիին: Պատասխանելու համար շատ ուշ էր: Թափեց բաժակի քաղցր սուրճն ու նորը դրեց: Ու շարունակեց խառնել սուրճը: Ու շարունակում էր խառնել: Ու շարունակում էր: Ու խառնում էր:
Առավոտ
Էներգիայի ուղղորդման ծեսը չհասցրեց անել: Սովորականից ուշ էր արթնացել, ինքն էլ՝ Նունեի զանգից: Մամ, մի ժամ ա դուռդ ծեծում եմ, արդեն 11-ն ա, ժամը 1-2-ի կողմերն Ալվարդին վերցնում են: Երկար չէր կողմնորոշվում՝ որտեղ է: Քնել էր հյուրասենյակում, բազմոցին, շուրջբոլորը՝ լուսանկար: Մի քանի րոպե տևեց, մինչև գտավ ձեռնափայտն ու գնաց դուռը բացելու: Նունեն ու Սոֆին արագ-արագ ներս մտան: Սոֆին սուրճ դրեց, մինչ ինքը գնաց հագնվելու:
— Տա՛տ, գիտե՞ս, էս չաթ ջի-փի-թի-ին կարելի ա կրթել — ասում էր Սոֆին՝ սուրճը խառնելով:
— Ո՞նց, —հարցրեց Սոֆին՝ վերնաշապիկի օձիգն ուղղելով:
— Դե որ մի հարցով հետը շատ ես շփվում, հարցեր տալիս, փոխում հարցդ, ինքը ստիպված ավելի շատ ա փորփրում ու ավելի շատ բան ա գտնում, — ասաց, — ա՛յ, օրինակ, Ղարաբաղյան շարժման մասին էնքան հարցուփորձ արեցի, վերջը սկսեց քո պատմածներն էլ պատմել:
— Ո՞ր պատմածս, —հարցրեց:
— Դե, օրինակ, էն որ մի երեխա կար շարժման օրերին՝ «Ղարաբա՛ղ, մի վախեցիր, Հակոբիկը քեզ հետ է» պլակատով, կամ՝ ոնց վիքթըրիի նշանից անցաք բռունցքին: Լրիվ պատմեց, թե ոնց սկզբում երկու մատը վեր էիք պարզում՝ եվրոպական V` հաղթանակ ցույց տալով, բայց հետո Զորի Բալայանն առաջարկեց բռունցք անել՝ Ղարբաղի ու Հայաստանի վերամիավորման համար, ու սկսեցիք բռունցք անել:
— Հիմա որ օրինակ ինձ ձայնագրես ու էդ ձայնագրությունն իրան տաս, ինքը դա որպես սկզբնաղբյուր կօգտագործի՞,— հարցրեց՝ սուրճից կում անելով:
— Հա, բայց պատկերացրու միլիոններով տենց ձայնագրություններ ու տեքստեր ու մրցակցություն՝ լեզուների, տեքստերի, պատկերների: Հետո, օրինակ, ես կարող եմ ընտրել, որ իմ Չաթն ուրիշների Չաթերի հետ չշփվի, սենց ասած՝ չսնվի նրանց ունեցած ինֆորմացիայով ու իրենն էլ նրանց չփոխանցի, նրանց չկրթի: Ավտոնոմ լինի, էլի: Կամ, որ չհիշի տվածս հարցերը: Մի խոսքով՝ դեմենցիա ունեցող չաթ լինի ու չաթի պատմության մեջ առհասարակ չերևա: Էդ դեպքում մեր իմացածը միայն մերը կլինի: Կամ իմը, որովհետև ինքը չի հիշի, տեղում կմոռանա:
Ավտոնոմ չաթ: Ավտոնոմ բանականություն: Ինքնիշխանությունը չի կարա տենց դեմենցիայով, մենակ քո հիշողությամբ լինի, մյուսներից չսնվի, երեկվա խոսացածն էլ մոռանա… Եթե պրոյեկտի տերը դու ես՝ դու ես որոշում, սնվի թե չսնվի: Կամ ումից սնվի: Ու ինչքան: Մտածում էր Սոֆին: Անջատել մեկի սնուցումը, միացնել մեկ ուրիշինը… Քովիդի ժամանակ չէին հերիքում սնուցման սարքերը…
Գիշերվա մասին աղոտ էր հիշում: Հեռախոսում էլ հաղորդագրություններ չկային: Կար միայն անծանոթ հեռախոսահամարից զանգ: Սուրճը լուռ խմեցին, Սոֆիին թողեցին տանն ու Նունեի հետ ցած իջան: Դժվարությամբ էր իջնում բարձր աստիճանները: Հրաժարվում էր Նունեին հենվել, ձեռնափայտն ավելի հարմար էր: Նունեն կրկին միացրեց Ջի-Փի-Էս-ը: Երբ հասան՝ անջատեց նախքան սրահ մտնելը, որ կրկին անպատեհ պահի չմիջամտեր:
Ալվարդն անխռով պառկած էր: Սրահում լուռ շշուկ էր, դիմացը՝ լիքը ծաղիկ ու ծաղկեպսակ: Սոֆին ցավակցություններ էր ընդունում՝ դագաղի կողքին, ամենամտերիմների շարքում նստած: Մտովի էներգիան ուղղում էր դեպի լյարդ, ենթաստամոքսային գեղձ ու սիրտ: Սնուցում էր: Սիրտն արագ էր խփում: Նայում էր Ալվարդին ու տեսնում, թե իր արյունն ինչպես է հազարավոր անոթներով գրկում-պարուրում սիրտը, անթիվ-անհամար թելերով անցնում կրծքեր, կաթի վերածվում: Հղիության ժամանակ կնոջ արյան ընդհանուր ծավալն ավելանում է մինչև 50 տոկոսով՝ կրկնվում էր գլխում: Կրծքերը եռում ու մրմռում էին՝ կարծես էսա-էսա կաթը ժայթքելու էր: Նունեն եկավ և հայտնեց, որ արդեն հանելու ժամանակն է: Թաղելու էին Թոխմախում՝ Աշոտի կողքին:
Արևը հավասարապես այրում էր բոլորին. Սոֆիին, Ալվարդին, Ալենին, Նունեին, ծաղկեպսակները, Աշոտի գերեզմանաքարը, Ալվարդի փոսի հատակը: Ալվարդը շարունակում էր ժպտալ լուսանկարից: Վերջին պահին, երբ դագաղը պիտի փակեին, Սոֆին կաղալով մոտեցավ, կռացավ, ու դագաղի մեջ գցեց իր ու Ալվարդի՝ Շարժման օրերին Լենին-պարտիա-Գորբաչով պլակատի ֆոնին Օպերայի բակում Աշոտի արած լուսանկարը: Հանկարծ հեռախոսը բարձր զնգաց: Բոլորը ցնցվեցին ու իրար նայեցին: «Ալվարդ»՝ գրված էր Սոֆիի հեռախոսի էկրանին: You have reached your destination` ցածրաձայն ասաց Ալենը: Սոֆին աչքերը բարձրացրեց հեռախոսի էկրանից: Աչքերի առաջ արևից սևացավ: Վերջ: Առաջին սերիայի: Ասաց դագաղի մեջ ձիգ նստած Ալվարդը: Հետո կրկին պառկեց, ձեռքերը խաչեց կրծքին ու փակեց աչքերը:
հունիս-հուլիս 2025
[1] Դուք հասել եք ձեր վերջնակետին:
[2] Ռուսերեն՝ «պատվո պահակախմբով»
[3] Ուկրաինական 5’Nizza խմբի հայտնի երգը. «Ես զինվոր եմ, պատերազմի վաղաժամ զավակ, մայրի՛կ, բուժի՛ր վերքերս, ես զինվոր եմ, Աստծո կողմից լքված երկրի զինվոր, ես հերոս եմ, ասա՛ ինձ, թե ո՞ր վեպի»
[4] Բաժանումը փոքրիկ մահ է

