Մարիո Մելենդես Մունյոսը ծնվել է Չիլիում, 1971թ։ Մունյոսի հրատարակած ժողովածուներից են․ «Նշումներ լեգենդի համար», «Ստորգետնյա թռիչք», «Թղթե կրկես», «Մահվանը հաշված օրեր են մնում», «Սպասելով Պերեկին»։ 1993-ին արժանացել է Լինարեսի քաղաքապետարանի գրական մրցանակին։ Նրա ստեղծագործությունները տպագրվում են իսպանալեզու գրականությանը նվիրված զանազան ամսագրերում և անթոլոգիաներում։ Մունյոսի գործերը թարգմանվել են իտալերեն, անգլերեն, ֆրանսերեն և տասնյակ այլ լեզուների:
ԱՆԱՎԱՐՏ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ
Երեխան հարցնում է հորը
բառերն էլ են ծերանո՞ւմ
հայրը ասում է որդուն
չէ, հավերժ երիտասարդ են մնում Երեխան պապի մոտ է վազում
հայտնելու հրաշալի նորությունը
մեկ էլ ծերուկը գզրոցն է բացում
բառերով լեփ-լեցուն
որ նրանք պատմեն գաղտնիքը էրեխուն
ՌԵՄԲՈՅԻ ԴՈՒՍՏՐԸ
Աղջնակը բացազատ զգեստով
վեր է կենում այն ժամին
երբ բառերը տոնախմբում են
քանզի աղջնակն ինքն էլ է տոն
երբ ազդրերն արևի է տալիս
ու քամին սահում է վրայով
իր անհամար մատներով
Բակում ծաղիկների մոտ
նրան սպասում է
ապակե եռանիվ հեծանիվ
ու կույր թիթեռների մի բույլ
թրթռում է նուրբ ոսկորների արանքում
կապույտ փետուրներից անկողնում
նա փռում է ցորենի իր հյուսերը
ու հաշվում մեռած մեղուներին
մինչև քունը տանի
ու միջօրեն նրան ծածկում է
իր դեղին շուրթերով
Աղջնակը բաց զգեստով
արթնանում է այն ժամին
երբ ժամացույցները դեռ երազում են
քանի որ աղջնակը ինքը երազ է
երբ իր հագուստն է բացում
ու սիրուց խենթացած
ճնճղուկները հավաքվում են
նրա թղթե կրծքերին
ԱՂՔԱՏ ԿՐԿԵՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Կենդանավարժը մերկ մտավ վանդակը
Լարախաղաց կինը մերկ մտավ վանդակը
Առյուծը սատկել էր
Բայց վանդակը մռնչում էր
Իր փառավոր ժամանակների պես
ՄԱՀԸ ԽՈՍԵՑ ՎԱՆ ԳՈԳԻ ՀԵՏ
1890 թ․հուլիսի 29-ը
Ես էլ եմ խենթ, նրա ականջին ասաց
ու իմ դևերը գիշերն են դուրս գալիս
ոտքերը մարզելու
ու հարբելով
այրում են ցորենի դաշտերը
կամ մեղուների գլուխները պոկում
ու խեղդում են կատվիկներին
իբր դրանք դժբախտություն են բերում
Իմ դևերը ինձ են նման
Ճաղատ ու ոսկրոտ
ու վատ տրամադրություն են ունենում
երբ արթնանում են ժամը հինգին
թխվածքով թեյ խմելու համար
կամ էլ երբ նրանց ընդհատում են
մինչ միմյանց են նկարում
ժամեր շարունակ
Բայց ես նրանց սիրում եմ, գիտես
նրանք դռան շեմին լքված զավակներ են
որ լացում են սովից ու ցրտից
Նրանց գրկում ու ասում եմ
Գնանք այնտեղ, որտեղ քեռի Վինսենթը հազիվ հասնելով՝ անհետանում է
ՄԱՀԸ ՈՒԶԵՑ ՌԵՄԲՈ ԴԱՌՆԱԼ
Մահն ուզեց Ռեմբո դառնալ
ու գեղեցկությանը նստեցրեց էլեկտրական աթոռին
Փորձի պակաս ունեմ
ասաց տեղի բժշկին
բայց սպասեք որ ոսկե հանրագիտարանը ստանամ
Անդինի պոետները
Ուիթմենի գլխավորությամբ
ու էդ գիժ Արտոյի՝ որ բառերն էր խեղդում օրհնված ջրում
Կտեսնեն, թե ինչպես մի քանի շաբաթում
կտիրապետեմ գրչին ու
ինձ Նոր Ռեմբո կանվանեն
Իսկ մինչ այդ
գեղեցկությանը կտանեմ գնումների
նրան կասեմ որ թյուրիմացություն է եղել
Երանի, չհարգելով, վրաս խաչ չքաշի
ՄԱՀԸ ԱՍՏԾՈ ԱԶԳԱՆՈՒՆՆ ՈՒՆԻ
Մահը Աստծո ազգանունն ունի
Այդպես է ասում դագաղում գտնված փաստաթուղթը
Թվականը լավ չի երևում
նշանները պրիմիտիվ լեզու են հիշեցնում
բայց հստակ երևում են վսեմ նշանները
սրբերի հետքերը հին ձեռագրում
Սա անհերքելի փաստ է
արյունակցական կապի ապացույց
ի սկզբանե համրացած վառ վկայություն
պահված հին գրվածքներում
կորսված պարսպապատ քաղաքներում
թաղված հնդկացիների գերեզմաններում
որտեղ հմայողները շշնջում են տարօրինակ ծեսերի ընթացքում
հանրահայտ գաղտնիք որ տրոփում էր խորաններում
ու որ հիմա հայտնվում է իր ողջ դառը փայլով
Մահը հերքում է այդ ամենն իհարկե
ասում է որ ներկայացում է, մի մեծ թատրոն
թաքցնելու համար միակ իսկականը՝
Որ Որդուն Հայրն է առևանգել:
ԿԱՏՈՒՍ ՈՒԶՈՒՄ Է ԲԱՆԱՍՏԵՂԾ ԴԱՌՆԱԼ
Կատուս ուզում է բանաստեղծ դառնալ ու դրա համար ամեն օր կարդում է գրածներս ու գրքերս: Կարծում է, որ ես գլխի չեմ, բացի այդ՝ չափից ավելի հպարտ է, որ ինձնից օգնություն խնդրի: Մոտը միշտ նոթատետր է լինում, որտեղ կոկիկ գրի է առնում իմ ասած կամ արած ցանկացած բանը: Իսկ երեկ, իմ գրական երեկոյի ժամանակ, կամացուկ ներս մտավ ու խառնվեց մարդկանց. վանդակավոր վերնաշապիկով էր ու իմ հին կարմիր կոշիկներով, որ բավական ժամանակ աչքովս չէին ընկել: Ելույթիցս հետո գիրքս ձեռքին մոտեցավ որ ստորագրեմ, ու ինձ կեղծ անունով ներկայացավ՝ իբր ոմն Սիլվեստրե Գատիկա : Անմիջապես ճանաչեցի նրա երկար բեղերն ու բրդոտ պոչը, բայց բան չասեցի՝ նախընտրելով նրա խաղը խաղալ: Ձեռքիս տակ սահեցրեց իր ձեռագրերից մեկը. «Մաեստրո՛, կարդացե՛ք, երբ ժամանակ ունենաք», հետո՝ գովասանքներ ու բարեմաղթանքներ տեղալով, հրաժեշտ տվեց: Այդ գիշեր, չկարողանալով քնել, առանց մեծ ցանկության ձեռքս վերցրի նվեր ստացած ձեռագիրը՝ աչքի տակով անց կացնելու համար: Սիրային բանաստեղծություն էր, գեղեցիկ սիրային բանաստեղծություն՝ նվիրված Սուսաննային ՝ քաղաքի ցածրադիր մասում բնակվող սիամական մի կատվիկի: Տեքստը, փաստացի, անթերի էր՝ տպավորիչ, ռիթմիկ, մեծ երևակայությամբ, մի խոսքով՝ բոլոր նախադրյալներն ուներ հրաշալի բանաստեղոություն համարվելու, ու անկասկած ինձ քիչ պատահած հզոր գործերից էր: Այդ պահին կատաղությունը, նախանձն ու բարկությունը մշուշեցին ուղեղս, ու լուսաբացը վրա հասավ, երբ ես ո՛չ կարողանում էի պատռել ձեռքիս եղած տեքստը, ո՛չ էլ ուղղումներ անել վրան: Թող Աստված ինձ ների, բայց ուրիշ ելք չկա. վաղը կատվիս դուրս կշպրտեմ ու կհրապարակեմ բանաստեղծությունն իմ անունով: