Ներսից գոլորշի փչող սուպերմարկետի դիմաց կանաչի վաճառող կնոջ ձեռքերը կապտել ու ճաքճքել էին ցրտից: Եղունգները սևացած էին, բայց ոչ կեղտից` հողի հատիկներ էին եղունգների արանքում: Հայացքը միշտ խաղում էր` գնորդ էր փնտրում. արդեն գիտեր` անցորդներից ով կգնի, ով կտնտղի, գինը կիջեցնի ու, միևնույն է, դժգոհ դեմքի արտահայտությամբ կհեռանա: Վերարկուի վրայից գոգնոց էր կապում` լույսի պես ճերմակ գոգնոց: Գլխին միշտ գլխաշոր կար, որի վրայից էլ ամուսնու որսորդական հաստ գլխարկն էր դնում` տարիքն այլևս էն չի` ցրտին չի դիմանում: Կոշիկները… գյուղից քաղաք բերող ավտոբուսին հասնելու համար երկար ճանապարհ էր կտրում, որից կարծես միայն կոշիկներն էին բողոքում. մի քանի տեղից պատառոտված ամուսնու կոշիկները փորձում էր խնամքով թաքցնել վերարկուի փեշերի տակ: Քայլելիս միշտ խշխշոց էր գալիս` կոշիկների տակից տոպրակ էր հագցնում ոտքերին, որ ջուր չքաշի: Դեմքը կարծես միշտ մտահոգ լիներ, բայց ցրտից մրմռացող վերջույթների ցավն էր աչքերի ու շրթունքների մոտ կնճիռներ առաջացրել: Շրթունքներն էլ գնորդների հայտնվելուն սպասելու ժամանակ կծոտելուց էին ճաքճքել ու արյունոտվել. միայն աչքերն էին գոգնոցի պես չվերափոխված. սաթի պես սև, խոշոր աչքերն ու սպիտակ գոգնոցը…
***
«Լույսը բարի է` արդեն 2 համեմ եմ վաճառել, որ այսպես գնա` այսօր լույսով տուն կվերադառնամ»,-մտածում էր Ալվարդը. միայն թե ոտքերը չսկսեն ցրտից մրմռալ:
-Համեմ, պետրուշկա տարեք` տես, է՜, ինչ մեծ դաստաներ են,-մի կնոջ կանաչի առաջարկելով, բայց արդեն հաջորդ գնորդին հայացքով փնտրելով` ասաց Ալվարդը:
-Պահ, հո դրսից չենք առնելո՞ւ: Արի, արի,-ամուսնու թևը քաշելով` հպանցիկ նայելով Ալվարդի կողմն ասաց բարակ ու կարճ, բայց մաքուր մորթուց վերարկուն հպարտորեն ցուցադրելով անցնող մի կին:
«Եթե այսքան բարակ է հագնվել, ուրեմն` մեքենայով են»,-ուշադրություն չդարձնելով կնոջ արհամարհական տոնին` մտածում էր Ալվարդը: 10-15 տարի առաջ ինքն էլ բնական մորթուց վերարկու ուներ` ամուսինը տարել էր գյուղի փոքր կրպակն ու տեղը կես լիտրանոց 2 օղի վերցրել ու հետո էլ պարծեցել, թե` տեսա՞ր, երկու շիշ «վոդկա» պոկեցի` կարո՞ղ էին, չէ՞, մեկը տալ: Ալվարդը ասթմա ուներ` ծխախոտի ծխից այնքան էր հազում, որ թոքերը բերանն էին գալիս. ամուսնանալուց հետո բարեկամների մոտ գլուխ էր գովում, թե` բախտս բերեց, ամուսինս չի ծխում, բայց երկու ամիս անց հասկացավ` ամուսինն օրական երկու տուփ… խմում է:
***
-Քույրիկ, այ քույրիկ, արի, տես ինչ մեծ դաստաներ են` հատը 200-ով կտամ, խանութի ներսում 300-400 է,-ասաց Ալվարդն ու փոշմանեց` կողքի գյուղի Լուիզն էր, ով գյուղից հասնում էր քաղաք` հատուկ սուպերմարկետից գնումներ անելու ու հետո հյուրերի մոտ գլուխ գովալու.«Ընտիր պեչենի է, փորձիր, Երևանից եմ, է՜, առել, էն էլ` սուպերմարկետից»: Լուիզի ամուսնու խելքը հասակի չափ էր` թիզ ու կես ու սա դեռ բավարար չէ` 12 տարով էլ փոքր էր կնոջից, բայց փոխարենը գյուղից հենց հասնում էին քաղաք` կնոջը մեջքը քնքշորեն գրկում էր ու այդպես էլ քայլում էին` Լուիզի դեմքը` հպարտ, որ ամուսինը դրսում իրեն պահել գիտի, ամուսնունը`մի փոքր շփոթված` սովոր չէ կնոջն ուրիշների ներկայությամբ գրկել: «Վերջին անգամ բարեկամներից մեկի հարսանիքի ժամանակ նկարվելուց է թաղվածս ինձ գրկել»,-հիշեց Ալվարդը, աչքերի ծայրերում ժպիտ առաջացավ ու մարեց տեղում, գլուխը կախեց կանաչիներով լի տոպրակի մեջ` փորձելով զբաղված ձևանալ, որ Լուիզը չմոտենա: «Չմոտեցավ»,-խորը շունչ քաշեց Ալվարդը.«Լավ էլ կին է երևում, ջհանդամ, թե մի քիչ ձևավոր չէ»:
***
«Լավ օր է, կեսօր չկա, բայց կանաչիներից կեսից շատն արդեն ծախել եմ: Տեսնե՞ս` հո տոն-մոն չէ, որ այսքան շատ մարդ կա քաղաքում»,-մտածում էր Ալվարդը` մնացած կանաչիներից ամենափարթամները ջոկջկելով, որ մարդկանց ցուցադրի:
-Եթե մինչև ժամը 4-ը վաճառեմ բոլորը, ոստիկանների փողը չեմ տա` կգան, կիմանան, թե այսօր չեմ եկել: Շուն-գել` մարդս է` այդ փողով «վոդկա» տանեմ տուն, իրար հետ խմենք, բալքիմ այսօր տոն էլ լինի` կնշենք:
Արդեն 2 ամիս է` Ալվարդը գյուղից գալիս քաղաք` կանաչի էր վաճառում ու ամեն օր երիտասարդ երկու ոստիկաններին մի-մի խուրձ կանաչի էր տալիս, որ թողնեին դրսում կանգներ ու առևտուր աներ: Փողոցային առևտուրն արգելել էին, մանր-մունր բաներ վաճառողներին հիմա միայն դալանների արանքում կարող էիր տեսնել. լիքը տոպրակները թողնում էին դալանի ներսում` իրենք դատարկ ձեռքերով առաջ գալիս ու մարդկանց առաջարկում` ընտիր դեղձ, կարտոֆիլ, խնձոր կամ կանաչեղեն… Պատահում էր` մինչև գնորդ էին գտնում, գալիս ու տեսնում էին` տոպրակը չկա, գողացել են, դրա համար էլ որոշները նախընտրում էին ոստիկանների հետ բարիշել ու կամ իրենց ապրանքից ինչ-որ բան տալ, կամ էլ` «տեղի փողը» վճարել` 200-400 դրամ: Ալվարդն էլ ոստիկանների հետ լեզու էր գտել, ամեն օր մեկական կանաչի էր տալիս նրանց. բախտը բերում էր` երիտասարդներ էին լինում, խղճում էին` տարիքն ու կապտած ձեռքերը տեսնելով:
***
4-5 տարեկան մի երեխա կանգնել Ալվարդի կողքին` լացում էր.«Մամա՜, մամա՜»: Մորը կորցրել էր ու հա՛մ վախեցած կողքերն էր նայում, հա՛մ էլ գնալով ձայնն ավելի բարձրացնում` Ալվարդի վերարկուի փեշերը գրկելով:
-Այ բալա, ո՞ւր է մամադ,-Ալվարդը շվարած էր մնացել: Կանաչիները գցել էր գետնին, ավելի ճիշտ, ընկել էին ձեռքից: Ալվարդն այդպես էլ երեխա չունեցավ` երկու անգամ վիժել էր` ամուսնու ծեծից հետո, բայց, միևնույն է, արդարացնում էր ամուսնուն.«Չի իմացել, որ հղի եմ»: Դրանից հետո էլ չէր ստացվում:
-Մամա՜, մա՜մ,-երեխայի ձայնը գնալով ավելի աղեկտուր էր դառնում, իսկ Ալվարդը չգիտեր անելիքը:
-Սուս մնա, սիրուն ջան, հիմա մամադ կգա,-երեխային փորձում էր հանգստացնել Ալվարդը` մտածելով, իսկ եթե մայրը չհայտնվի` ի՞նչ է անելու.«Երևի մարդիկ կհավաքվեն, ոստիկանները կգան ու ձեռքի հետ էլ երկու կանաչիներս կտանեն»:
Երեխան սուպերմարկետից մոր ձեռքը թողել ու դուրս էր վազել` րոպեներ անց մայրն արդեն երեխայի կողքին էր ու երեխային հանգստացնելու փոխարեն` գլխին ու կարմիր թուշիկներին էր հարվածում.«Էլի՞ կանես, ասա, էլի՞ կանես»: Երեխայի մայրն Ալվարդին չնկատեց էլ, երեխային ձեռքը բռնած` հետևից քարշ տալով` նորից խանութ մտավ:
***
4-ից 20 էր պակաս` 20 րոպե ուներ` մինչ ոստիկանների հայտնվելը վերջին կանաչին ծախելու համար: Մեկն եկավ` գին գցեց ու կարծես ուզում էր առնել, բայց Ալվարդը էժանով չտվեց` հաշվարկ էր արել`տուն վերադառնալու, հաց ու մակարոն առնելու, վաղը նորից գալու, հարևանի պարտքից 1000 դրամ տալու ու ամուսնու օղիի փողը` անգամ 10 դրամ չէր կարող էժան տալ:
-Հա՜, լա՜վ, այ կնիկ, ցուրտ է` 100-ով տուր` հա՛մ դու կպրծնես ու տուն կգնաս, հա՛մ էլ ես էլ խանութ չեմ մտնի,-համոզում էր գնորդը:
Ալվարդը փորձում էր ցրտի վրա չկենտրոնանալ, դրա համար էլ միշտ ինչ-որ հուշերի հետևից էր ընկնում: Բայց ոտքերն արդեն սկսել էին սառչել ու ծակծկել` շուտով նաև կմրմռան: Հիշեց` վառարանի փայտն էլ առավոտյան չի հասցրել ներս բերել, որ մի քիչ չորանա, կտրածն էլ քիչ է, պիտի գնա` փայտը մանրացնի: Ողորմածիկ մայրն ասում էր.«Կինը մինչև տան գործերը չանի, տնից չպետք է դուրս գա»: «Լա՜վ, հա՜, այ մեր, հո չգիտեի՞ր, որ կինը պարտավոր է նաև փայտ կտրել, թե չէ` երևի նման բան չէիր ասի»,-մոր հետ մտովի կռվում էր Ալվարդը` չնկատելով, թե ինչպես գնորդը փոշմանել ու 200 դրամն իր բուռը դրած` սպասում էր համեմին:
***
-Վարուժի կինը քաղաքում կանաչի ծախի, հա՞, այ քած: Ուրեմն` ես մեռե՞լ եմ, որ կնիկս գնա ու խալխի տղամարդկանց «Էստի՜ համեցեք» անի… Ես էլ ասեմ` էս ո՞ւր է` ամեն առավոտ արթնանում ու ուրախ-ուրախ տնից դուրս գալիս` դու մի ասա առևտրական է դարձել, տե՜ս, է՜, կանաչի է ծախում` էն էլ քաղաքում: Բա որ Լուիզն էր ու ինձ չէր ասում` դեռ երկա՞ր էիր, հա՞, ինքնագլուխ բաներ անելու…
Ալվարդի` ցրտից սառած մարմինն ամուսնու ոտքի հարվածների հզորությունը չէր զգում, բայց վերջին հարվածի հետ հանկարծ փորը սկսեց տաքանալ: «Գրիժաս պայթե՞ց… Չէ, վերարկուս հաստ է, չէր թողնի»,-մտածում էր Ալվարդը, բայց հետո հիշեց` վերարկուի ծոցագրպանում դրված ամուսնու համար գնած օղին կոտրվեց: