Վիլյամ Սարոյան | Խաղողի տերևով տոլմա

«Ռուբեն, — ասում եմ, — ուզում եմ, որ ինձ մի լավություն անես: Պիտի խնդրեմ, որպեսզի ինձ անկորիզ խաղողի այգին տանես, որ անմիջապես «Արարատ» գերեզմանատան ետևում է, որովհետև խաղողի նորելուկ տերևներն արդեն բավական մեծացել են, և դրանք քաղելու ժամանակն է, ուզում եմ չորս-հինգ դյուժին հավաքել և տոլմա պատրաստել: Ահավոր քաղց եմ զգում Բիթլիսի մեր ամենասիրած կերակուրի հանդեպ»: Ինչ խոսք, արդեն պարզել էի, որ համենայն դեպս միայն Բիթլիսը չէր, որ ծանոթ էր և սիրում էր խաղողի տերևով տոլմա ուտել: Հարյուր հազարավոր քառակուսի կիլոմետրեր անցիր սկսած Եվրոպայի ծայր արևելքից դեպի արևմուտք, մինչև Ասիայի խորքերը և դեպի Սև ծովի հյուսիսային մասերը մինչև Դոնի Ռոստով և այնտեղից էլ վեր Ուկրաինա, Կիև ու Խարկով, ապա նաև հարավ Հյուսիսային Աֆրիկա և դրանից էլ այն կողմ, և ամբողջ Արաբական թերակղզին, Պարսկաստան ու Աֆղանստան, այս ամբողջ ընդարձակ տարածքում գեթ մեկ ժողովուրդ չկա, որ չսիրի խաղողի տերև հավաքել և լցոնել գառան աղացած մսով, մանր կտրատած սոխով, խոշոր աղացած բլղուրով, լոլիկով, հետո փափկացնել արգանակով և համեմել աղով ու պղպեղով: Ո՜ւխ: Այ թե համեղ ուտելիք է, ավանդական մածունն էլ լցնում ես կես դյուժին տոլմաների վրա, հետո մի կես դյուժին էլ ես ավելացնում: «Որքան հասկանում եմ, — ասում է Ռուբենը, — խաղողի տերև հավաքելիս, սովորաբար, ճյուղի կամ որթի վրայի յուրաքանչյուր երրորդ տերևն են պոկում, այդ մասին լսե՞լ ես»: «Գիտե՞ս ինչ, — պատասխանում եմ, — երևի չեմ լսել, բայց ոնց որ թե հայավարի չի լինի, եթե հարգես ամառվա տոթին ստվեր ունենալու խաղողի ողկույզների իրավունքը»: Տարիներ առաջ անթիվ-անհամար խաղողի այգիներում եմ եղել և տեսել եմ, թե ինչպես են բոլոր հայրերն ու մայրերը և նրանց որդիներն ու դուստրերը խաղողի թարմ տերևներ հավաքում: Իրականում այդ մասին գրել եմ պատմվածքներիցս մեկում, առաջին գրքիս մեջ է: Վերնագիրը «Մեծ դաշտավայրի խաղողի այգին»: Նման բաներն ինձ համար նույն նշանակությունն ունեն, ինչ այլոց համար եկեղեցական արարողությունները: Նախ պետք է ասեմ, որ չէի պատկերացնում, թե անկորիզ խաղողի տերևները կամ ցանկացած տեսակի խաղողի տերևները ինչպե՞ս կարելի էր ճաշի վերածել: Ռուբենը հարցրեց. «Ուրեմն խաղողի տերևով տոլման մե՞նք ենք հորինել»: «Եթե, — ասացի, — հայերին նկատի ունես ոչ: Իսկ եթե բիթլիսցի Սարոյաններին նկատի ունես` այո, և կասեմ, թե ինչու: Մենք աշխարհի մեծագույն խոհարարներն ենք, ինչպես մեր երկուսի մայրերն ու հայրերը, քանի որ համոզված եմ, վաղուց նկատած կլինես, որ հորդ պատրաստած ճաշերը նույնքան համեղ են, որքան մորդ եփածը: Բաղադրատոմսերի ետևից էլ չենք ընկնում: Սովորում ենք այն, ինչ ունենք, և ամենալավը մենք ենք պատրաստում: Աշխարհի այս հսկա տարածքում տոլման կատարելապես մեր սեփականությունը չէ»: Տեղյակ չեմ, թե հույները երբ են այն իրենց խոհանոցի մեջ ներառել, բայց ուզում եմ հավատալ, որ Պլատոնն ու Սոկրատեսը և մտքի ու ժողովրդավարության մյուս ռահվիրաներն իրենց տներում, իրենց ընկերների տներում կամ ռեստորաններում հաճախ են խաղողի տերևով տոլմա ըմբոշխնել: Խաղողի տերևն առանձնահատուկ համ ունի, էլ չեմ խոսում դրա լցոնման եղանակի մասին, հետո թաթախում ես արգանակի մեջ, և ավելի համեղ է դառնում, երբ վրան մածուն ես ավելացնում, որին օտարները յոգուրտ են ասում: Լսեցի՞ր, սա է ամբողջը այդ կերակուրի մասին, որ փափագում եմ կրկին վայելել և շատ շուտով:

Դեպի «Արարատ» ուղևորվեցինք, վեց դյուժին խաղողի հրաշալի տերևներ քաղեցինք և երբ տուն հասանք, մեծ կաթսայով լիքը բիթլիսցի Սարոյանների ավանդական հայկական ճաշատեսակը պատրաստեցի:

Թարգ­մա­նությունը անգլերենից՝ Արամ Արսենյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *