Սամվել Սաղաթելյան | Խանդի միջազգային փորձը և ցեղային առանձնահատկությունները

……Ես կանգնած էի նրա
գլխավերևում խրոխտ, ինչպես ռազմատենչ
նախնիներս և հսկում էի նրա արևային
հանգիստը օտար ցեղերի հայացքների
արշավանքներից` hայտնաբերելով
հանկարծ, որ իմ զավեշտական գլխար-
կով նմանվում եմ մի խրտվիլակի, որը
անհուն սիրով պաշտպանում է միակ
արևածաղիկը անծայրածիր ու
լքված այս դաշտում……………………


Դեպքը.

Ակնհայտ էր, որ նա խանդոտ էր:

Վերլուծական զեղում.
Ի վերջո, ինչ է խանդը: Ինտելեկտի բացակայություն, ուղղակի նևրոզ, մտքի հիվանդություն, թե կենսական անհրաժեշտություն: Այն, որ եթե սիրում ես, ուրեմն խանդում ես, դեռ չի նշանակում, որ եթե խանդում ես, ուրեմն սիրում ես: Ամեն խանդ սիրուց չէ, ամեն սեր խանդից չէ:
Միջազգային փորձը գրականության մեջ ցույց է տալիս, որ այդ զգացումից զերծ չի մնացել ըստ էության ոչ ոք. ոչ հերոսները,ոչ հարուստ ինտելեկտուալները, ոչ աղքատները,ոչ արտիստները, ոչ հիմարները, ոչ նույնիսկ ցինիկները, ոչ տղամարդիկ ու ոչ էլ կանայք:
Բոլոր դեպքերում էլ խանդի անկառավարելի և ծայրահեղ դրսևորումները ավարտվել են ողբերգություններով: Արդյունքում խեղդամահ, սրախողխող և թունավորված կանանց դիակներ, կործանված տղամարդիկ: Եվս մի կարևոր հանգամանք. չնայած փոխադարձ մեղադրանքներին, երկու կողմերն էլ ըստ էության ունեն կարիքը թե խանդելու և թե խանդվելու:

Դեպքը.
Հրաշալի սկսված օրը, որ երջանկության զգացողության ելևէջներ էր առաջացրել սիրահարների սրտերում, այնուամենայնիվ երեկոյան կողմ սկսեց «մթնել» այն բանից հետո, երբ Գեղեցկուհին թաց լողազգեստը փոխելու ընթացքում բարձր տրամադրությունից կամ էլ ուղղակի աղջկական չարաճճիությունից ոգևորված փորձ էր անում ծովափնյա հասարակությանը ցուցադրել իր չքնաղ կրծքերը, իսկ այնուհետև նաև «ծաղկեփունջը»:

Վերլուծական զեղում.
Կինը, եթե դա իսկական կին է, գրեթե միշտ փորձում է իր գործողություններով դուրս մղել տղամարդու հոգու ընդերքում մրափող խանդի լավան՝ հաճախ անելով դա ենթագիտակցաբար: Ինչի՞ համար, կհարցնեք դուք: Գուցե կրքերի վառ դրսևորման համար կամ սեփական բացառիկության բացահայտման համար կամ էլ ցեղի մյուս կանանց նկատմամբ իր գերապատվության ապացույցները ստանալու ակնկալիքով։ Դժվար է միանշանակ պատասխան տալ:

Դեպքը.
Պահապան Խրտվիլակը, որ մինչ այդ հմայվում էր իր սիրեցյալով, ով մեծ հետույքով սպիտակ ուլիկի նման ցատկոտում էր օվկիանոսի ափով, ընկնելով ափին զարնվող ալիքների մեջ՝ վերածնվելով այնտեղից Բոտիչելիի Աֆրոդիտեի նման և հասցնելով այդ ընթացքում իր «ոսկյա անձրևը» հանձնել օվկիանոսի ջրերին՝ սկսեց անհանգստության նշաններ ցույց տալ: Նա ամեն կերպ փորձում էր սեփական մարմնով պաշտպանել սիրեցյալի մարմինը օտար հայացքներից՝ չնկատելով այդ ընթացքում, որ ըստ էության ոչ մեկի հայացքը ուղղված չէր իրենց կողմ, ինչը Գեղեցկուհին լավ գիտեր: Բայց խաղը արդեն սկսված էր։ Խրտվիլակը լարվել էր և նրա գլխուղեղում սկսել էր անհանգիստ մտքերի բլբլթոցը, որոնք ի վերջո ընդհանրացան մեկ միասնական ընդվզման տակ, որ արտահայտումն էր նախնիների վերաբերմունքի դեպի կինն ու նրա մարմինը. «սա իր սեփական կինն է և նրա մարմնից ոչ մի հատված չպետք է երևա օտարի աչքին»:

Վերլուծական զեղում․
Նախորդ դարասկզբին տեղի ունեցած ցեղասպանությունը այս ցեղի ինչպես տղամարդկային, այնպես և կանացի տեսակի մեջ առաջացրել էր ավելի սրված վերաբերմունք կնոջ մարմնի մերկությունը հասարակությանը ի ցույց դնելու փաստի նկատմամբ:
Անդրադառնալով տղամարդու և կնոջ փոխհարաբերությանը՝ պետք է ասել, որ լարումը ենթագիտակցական շերտի վրա վերը նշված ողբերգական իրադարձությունների հետ կապված, շիկացած էր:
Տղամարդը կարծես մեղավոր զգալով իրեն այն բանում, որ ցեղի կանայք բռնաբարվել են իր աչքի առջև՝ մերկության ամեն դրսևորում, որը օտար աչքի «ավար» կարող էր դառնալ, ընդունում էր որպես խորը անձնական վիրավորանք: Հաճախ սեփական անզորությունը գիտակցելով, ունենալով որոշակի մեղքի զգացում և ելք չգտնելով՝ իր ողջ վիրավորանքը կենցաղային մակարդակով իրականացնում էր կնոջ վրա՝ սեքսուալ ակտին վերաբերվելով որպես ինչ-որ տեղ ցածր կրքերի բավարարման միջոցի, ինչը կնոջ կողմից ի պատասխան դիտվում էր որպես նվաստացում:
Կինն իր հերթին նույն դրդապատճառով մինչ վերջին ժամանակները պահում և պահպանում էր իր «մաքրությունը» (ցեղում այսպես էր ընդունված ընդհանրացված արտահայտվել կանացի առաքինությունների վերաբերյալ), հոգու խորքում կրելով վախը ավելորդ անգամ չդիտվել գեղեցիկ, հրապուրիչ և որ ամենակարևորն է` սեքսուալ:

Դեպքը.
Իհարկե զգացողությունները խառնված էին և միանշանակ չէին: Գեղեցկուհու մարմինը իր կրքոտ և հրապուրիչ ձևերով շատ էր հուզում նրան և ցանկությունը մեծ էր հենց հասարակության աչքի առաջ հաճույք ստանալ ընձեռված հնարավորությունից՝ ըմբոշխնելով մարմնի այն հատվածները, որոնք մերթընդմերթ հայտնվում էին աչքի առջև, բայց նախնյաց պայմանական ռեֆլեքսը թույլ չէր տալիս անել դա:

Վերլուծական զեղում
Սակայն այս նոր ժամանակներում, որ նշանավորվեցին ցեղասպանություն իրականացրած դարավոր ոսոխի նկատմամբ տարած կարևորագույն հաղթանակներով և ցեղի ներքին կառուցվածքներում զգալի փոփոխություններով, առաջացավ պահանջ վերանայելու հին արժեքները: Այստեղ էր, որ պարզվեց, որ ցեղի կանայք ինչ որ տեղ ավելի արագ էին ընկալել վերափոխվելու հրամայականը, քան տղամարդիկ:
Իսկ ինչու՞։ Կարելի է ենթադրել, որ կինը, լինելով այդ հին արժեքների պահապանը ցեղի տան(օջախի) ներսում, առաջինը պետք է հասկանար նրանց նույնությամբ գոյության վտանգված լինելը նոր իրականությունում և վերափոխումների անհրաժեշտությունը, և նաև այն, որ արտաքին ազդակները կարելի էր օգտագործել նոր իրականությանը ադապտացվելու` աrանց վնասելու գոյություն ունեցած ներքին կառուցվածքի արժանիքները:
Ցեղի տղամարդը ավելի ուշ ընկալեց այս ամենը, քանի որ նա կոչված էր դրսից պաշտպանելու «ցեղի Մարմինը» (տունը, օջախը) և դարերով ձևավորված պայմանական ռեֆլեքսը նրա մեջ առաջացրել էր մտայնություն, որ ցանկացած արտաքին ինֆորմացիա և միջամտություն իրենից վտանգ էր ներկայացնում և կարող էր խախտել կնոջ շնորհիվ ապահովված հարաբերական կայունությունն ու տղամարդու իշխանությունը:

Դեպքը․
Իրավիճակը ավելի սրվեց, երբ Գեղեցկուհին մի կողմից ադրենալինի ավելի շատ քանակ ստանալու պահանջից, իսկ մյուս կողմից տուրք տալով հակառակվելու տակավին աղջկական ցանկությանը՝ սկսեց պահապան խրտվիլակի երեսին շպրտել պատմություններ իր անցյալից, որոնք վերաբերվում էին «բաց ակումբներում» նրա կիսամերկ հայտնվելուն:
Գեղեցկուհուն հաջողվեց խանդի նոր ալիք առաջացնել խրտվիլակի զգայուն սրտում, որից նյարդային գրգիռները տեղափոխվեցին ուղեղ և սկսվեց այն, ինչը գիտական լեզվով կարելի է անվանել նևրոզ, ուղեղի մթագնում կամ նման մի բան։ Խրտվիլակը լարվեց, նյարդայնանալու առաջին նշանները դարձան ջղայնություն և Գեղեցկուհուն ապտակելու ցանկությունը իրականացնելու անհնարինությունից վերջնականապես թթվեց։

Վերլուծական զեղում.
Մյուս կողմից կնոջ մոտ պահպանվելու բնազդից առաջացած աննշմար, ոչ սեքսուալ դիտվելն իր հետ բերել էր որոշակի թերարժեքության բարդույթ, իսկ օտար վայրի ցեղերի կողմից բռնաբարված լինելու փաստը ձևավորել էր խորը վիրավորանք նախ և առաջ ցեղի տղամարդկային տեսակի նկատմամբ և հետո նոր մնացած աշխարհի: Այստեղ կարևոր է նշել սեքսուալ մշակույթի բացակայությունը, որը հնարավորություն չէր տվել ցեղի թե կանանց, թե տղամարդկանց անցնել սեքսուալ դաստիարակության այն փուլերը, որոնց արդյունքում պետք է ձևավորվեր նրանց փոխհարաբերությունը, որն էլ իր հերթին պետք է բացահայտեր այն նախադրյալները, որոնց հիման վրա ստեղծվելու էր ընտանիք հասկացությունը: Այս ամենին իհարկե նպաստել էին նաև մի կողմից նոր կրոնի ընդունումը, որը իր հետ ներմուծեց կանացի սեքսուալության նկատմամբ նեգատիվ վերաբերմունքը՝ համարելով այն մեղք եվ «սատանայության» դրսևորում, փոխարենը սրբացնելով մայրությունը, իսկ մյուս կողմից պետականության կորուստը, որի արդյունքում ամուր ընտանիքն էր դարձել ցեղը պահպանելու միակ գրավականը՝ մարմնավորելով իր մեջ դարեր առաջ կորցրած պետականության ֆունկցիան: Տղամարդու և կնոջ մերձեցման հիմքում ոչ թե սերն էր և սեքսուալ սիրո ճանաչումը, այլ ցեղի գոյատևումն ու բազմացման ֆունկցիայի ապահովումը: Հեզությունն ու համբերատարությունը դարձել էին կնոջ հիմնական արժանիքները: Սեքսուալությունը կարող էր դիտվել որպես արատ և նման կինը դառնար ընտանիք կազմելու համար ոչ պիտանի: Սակայն կնոջ այդ տեսակը, որին այնուամենայնիվ չէր կարող չձգտել տղամարդը, պիտանի էր որպես սիրուհի, որի հետ տղամարդը կարող էր թույլ տալ իրեն որոշ սեքսուալ «սանձարձակություններ», որոնք չէր կարելի իրականացնել իր երեխաների մոր հետ:
Բայց դե ինչ խոսք այս ամենը մի կողմ դրած ուղղակի անվիճելի էր երկուստեք թաքցրած և կուտակած դարավոր կարոտը մարմնական սիրո նկատմամբ:
Հարկ է նշել նաև, որ այնուամենայնիվ ցեղի կանանց մոտ նկատվող ազատագրվելու բնական ցանկությունը իր հետ բերեց որոշ ծայրահեղ դրսևորումներ, որոնք իրենց արտացոլումը գտան ներքին մղումների և արտաքին արտահայտումների անհամապատասխանության մեջ:
Այդ պատճառով էր, որ նրանց ազատ շունչ առնելու մղումը իր որոշ դրսևորումներով լինելով դեռ սաղմնային անկատար և չձևավորված վիճակում՝ կարող էր ընկալվել որպես մարտահրավեր ուղղված նախ և առաջ դեպի տղամարդկային տեսակը:

Դեպքը.
Ժամն էր լքելու օվկիանոսի ափը և նրանք Գեղեցկուհու սեթևեթանքների ներքո, որոնք այնուամենայնիվ դուր էին գալիս Խրտվիլակին, շարժվեցին դեպի մեքենան: Հավանական է Խրտվիլակի ուղեղը պատած մշուշը ցրվեր, եթե Գեղեցկուհու չդադարող աշխույժ շատախոսությունը չբացահայտեր նոր մանրամասնություններ նախկին բովանդակ «ազատ» կյանքից: Խրտվիլակը ինֆորմացիայի նոր հոսքից պրկվեց և ի պատասխան նետելով սեփական մարտահրավերը՝ սկսեց լողազգեստը փոխել մեքենայի մոտ, միաժամանակ հասարակությանը ցուցադրելով իր «արժանապատվության փարոսը»:
Գեղեցկուհին չէր սպասում այսպիսի «համարձակ» արարք և ամոթից անհանգստության նշաններ ցույց տալով փորձում էր համոզել նրան, որ դադարեցնի սույն գործողությունը:

Վերլուծական զեղում.
Ցեղի տղամարդկային տեսակի մոտ իր հերթին ձևաորվել էր մեկ այլ բարդույթ և ըստ երևույթին չկարողանալով զենքով պաշտպանել ցեղի պատիվը, ունենալով թե մարդկային և թե տարածքային կորուստներ՝ ժամանակի ընթացքում տղամարդկային արժանապատվության դրսևորումը սկսեց նույնացվել առնանդամի նկատմամբ հատուկ վերաբերմունքով, բայց ոչ որպես սեքսուալ սիրո իրականացման միջոց, այլ որպես զենք՝ դրանով իսկ փորձ անելով լրացնել սեփական անկարողությունը: Այստեղից է ըստ երևույթին ցեղի լեքսիկոնում օգտագործվող մեծաքանակ հայհոյանքները, որոնք համեմված են առնանդամի բազմատեսանկյուն օգտագործման հնարավորություններով և որ ամենահետաքրքիրն է, մեծաքանակ հայհոյանքներ կան վերջին ժամանակներս ուղղված հասցեատիրոջ հատկապես հայրական կողմին: Ինչու՞: Մի կողմից երևի տղամարդկային ընկերասիրության հաճախ չափազանցված դրսևորումը (անվանված «ախպերություն»), կարող էր նպաստել ենթագիտակցական շերտում այսպես կոչված «լատենտ հոմոսեքսուալության» գոյությանը, բայց մյուս կողմից էլ ըստ երևույթին հայհոյանքները հայրիշխանությանը կործանարար սեքսուալ հարված հասցնելու նպատակ էին հետապնդում:
Ինչևէ, սա առանձին թեմա է, որը իհարկէ կարող է մեզ տանել մարդկության հեռավոր անցյալը, երբ առնանդամը պաշտամունքի առարկա էր, բայց մեր նպատակը դա չէ: Համենայն դեպս այս ամենից կարելի է ենթադրել, թե ինչու կանայք կարող էին ընկալել առնանդամը որպես զենք ուղղված նաև իրենց դեմ` չփորձելով տրվել նրա հաճելի զորությանը:

Դեպքը.
Քանի որ նրանք արդեն սոված էին, իսկ սովածությունը հայտնի է, որ ինչպես բաժանող այնպես և միավորող հատկություն ունի, զույգը սկսեց սնվելու տեղ որոնել՝ ընթացքում միմյանց նկատմամբ դրսևորելով սեքսուալ ակնկալիքներով լի մտերմություն:
Ընտրությունը կանգ առավ մավրիտանական ռեստորանի վրա: Միջավայրը հագեցած էր արևելյան թմբիրով, որը խոստանում էր ներքին խաղաղության վերականգնում։ Թվում էր, թե նույն ափսեից փլավ ուտելու ասիական սովորությունը նույպես պետք է նպաստեր մեղմելու լարումը և ավելի մերձեցներ նրանց, սակայն Գեղեցկուհու անմիջական տոնով հրամցրած խանդի հերթական պատառը մնաց Խրտվիլակի կոկորդում: Նրա ջղերը լարվեցին, մատները սկսեցին անկապ քչփորել փլավը և չգտնելով այնտեղ մխիթարություն՝ Խրտվիլակը վերջնականապես կորցրեց ախորժակն ու կրկին պղտորվեց:
Դեպի տուն ճանապարն անցավ հիմնականում լռության մեջ: Գեղեցկուհին, արդեն բավարարված իր կատակների էֆեկտիվ ազդեցությունից, հասկանալով, որ բավ է արդեն և ժամանակն է գազանին փաղաքշել, իր նուրբ ձեռքերի մեջ վերցրեց Խրտվիլակի «արժանապատվությունը» և բաց չթողեց այն ողջ ճանապարհի ընթացքում` վերաբերվելով նրան հեթանոսական գորովանքով: Խրտվիլակի ուղեղը իհարկե չէր դադարում հիվանդագին դեգերումները անասնական կիսագնդից դեպի մարդկային կիսագնդի տարածքները, ընթացքում այնուամենայնիվ չկորցնելով սեքսուալ հետաքրքրությունը դեպի սիրուհին, որը արտահայտվում էր «սիրո գործիքի» պատրաստակամ վիճակի մեջ, ինչը հույս էր ներշնչում, որ մոտալուտ սիրո ակտի մեջ կհաջողվի պարպել համակած ողջ դառնությունն ու լարվածությունը:
Տուն հասնելուն պես, չնայած երկուստեք հոգնածությանը, այնուայնուամենայնիվ մերձեցումը տեղի ունեցավ Խրտվիլակի կողմից որոշակի ագրեսիայի դրսևորմամբ: Գեղեցկուհին ենթարկվում էր: Նրան դուր էր գալիս տղամարդկային ուժի այդ տեսակ դրսևորումը մարմնական մտերմության ընթացքում:
Երբ բուռն սեքսի կենարար ազդեցությունից բավարարված և հոգնած Գեղեցկուհին գլուխը դրեց սիրեցյալի կրծքին և անմիջապես քնեց, Խրտվիլակին դեռ երկար ժամանակ չէր հաջողվում քնել, բայց ի վերջո մտային խառնաշփոթը կարծես թե սկսեց ցրվել տեղի տալով մարմնական սիրուց ստացած բավարարվածությանը և շուտով նա էլ քնեց:

Վերլուծական զեղում.
Ցեղի կանայք այնուամենայնիվ կարիքը ունեին տղամարդկային ուժեղ, ինչ-որ տեղ կոպիտ սիրո արտահայտմանը, բայց քանի որ սեքսուալ մշակույթի բացակայությունը թույլ չէր տալիս այն իր բոլոր երևակայական ձևերով դրսևորելու մարմնական կոմունիկացիայի ժամանակ և փոխարենը իրականացվում էր կենցաղում, որի արդյունքում ճնշվում էր կանացին տղամարդկային իշխանությունը հաստատելու համար:

Դեպքը.
Խրտվիլակը արթնացել էր բավականին ուշ և դեռ չգիտակցած առավոտվա գալուստը, նրա տակավին անպաշտպան ուղեղը արդեն սկսել էր նախորդ օրվա հիվանդագին իներցիոն հողմապտույտը՝ ընթացքում ներգրավելով արդեն անցյալի մասին հիշողություններ:
Նրա հիշողության ընդերքից հառնում էին ցեղի ողբերգական անցյալի հետ կապված անցքերը, որոնց մանրամասների հետ ծանոթությունը դեռ պատանեկությունից պղտորել էին նրա դեռ չձևավորված հոգեկան աշխարհը, իսկ ոչ կատարյալ հայրենասիրական գրականության ընթերցումը ճիշտ է, ակնածանք էր ձևաորվել ցեղի մարմինը պաշտպանած հերոսների նկատմամբ, բայց փոխարենը շեղել էր նրա ի ծնե կարծես շնորհ տրված կանացիության առողջ ընկալումը՝ ինչ-որ ժամանակահատված ուղղելով այն նահապետական կարգ ու կանոնը գովերգող հնացած արժեքների պահպանման ուղիով, որը խորը հետք էր թողել նրա աշխարընկալման ոլորտում: Այս ամենին եթե գումարենք նաև ամոթի, ցասման և անզորության զգացողությունները հայրենիքի մեծ հատվածից զրկված ու անարգված ցեղի համար, սրանց էլ, եթե ավելացնենք ներքին անհաշտությունը ցեղի տղամարդկային տեսակի բարդույթների հետ և վերջպես ինքն իր հետ, կարելի է պատկերացնել վիրավորանքների այն կծիկը, որ կոյուղու մեջ մոլորված առնետի նման կրծում էր նրա մարմնի և ուղեղի ներքին կառուցվածքը և այդ առավոտյան արդեն հասել էր կոկորդին ու կարծես թե ելք էր գտել:
Գեղեցկուհին արթնացել էր ավելի վաղ: Նա ժամանակ առ ժամանակ կիսամերկ մտնում էր սենյակ ու սեթևեթանքով սիրաբանելով ու կատակելով փորձում էր ցրել սիրեցյալի ուղեղի ամպամածությունը՝ կանացի ինտուիցիայով զգալով, որ այնտեղ դեռ պղտոր է: Արժանին հատուցելով Խրտվիլակին պետք է ասել, որ նույնիսկ մտքի պղտորությունը չէր խանգարում նրան պահը չկորցնելով աչքի տակով ըմբոշխնելու Գեղեցկուհու մարմնի գայթակղիչ ձևերը, ինչը արդեն իսկ հուսադրող փաստ էր:
Խրտվիլակը, ուղեղը չլքող մտքերից արդեն տագնապած, բայց նաև կարծես թե զգալով մոտալուտ օպտիմիստական վերջաբանը արդեն նստել էր անկողնում, երբ Գեղեցկուհին հերթական անգամ ներս մտավ: Նա մի պահ ծայրահեղ լարվելով արժանապատվությամբ բարձրացրեց գլուխը, նայեց Գեղեցկուհու կողմն ու զգալով կոկորդը սեղմող արտասվելու ցանկությունը՝ շեքսպիրյան դրամատիզմով լի, բայց իհարկե անկեղծ արտաբերեց. «Ուզում եմ լաց լինել»: Գեղեցկուհին առանց վարանելու մոտեցավ ու նստելով մահճակալի եզրին գորովանքով գիրկն առավ սիրեցյալի հոգնատանջ գլուխը` հնարավորություն տալով նրան լիառատ արտասվել:
Խրտվիլակը արտասվում էր հեղեղելով սիրեցյալի կրծքերը արցունքներով՝ առանց մտածելու տղամարդկային առժանապատվության մասին, արտահայտելով իր սովորական մարդկային թուլությունն ու զգում էր, թե ինչպես է ազատվում տարիներ առաջ ձեռք բերած հոգեմաշ վիրավորանքի վերջին մնացորդներից և ցեղի տղամարդկային դոմինանտության սին նախապաշարումներից…….

2004 – 2005

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *