Մեռնում էր աշնան արեգակը, լույսը գունատ էր, ջերմությունից զուրկ թեք ճառագայթները լիզում էին տների հողե պատերը, ցցված երդիկների ստվերները երկար պառկեցնում կտուրներին։
Տարեց մի տղամարդ նստած էր դռան սեմին, նայում էր շուրջն ու միտք էր անում։
Դեղնել էր անտառը, նոսրացել, պարզ երևում էին զառիթափերը, ձորակները, սարալանջերի բացուտները։ Գյուղի տակ, ձորում, խշշոցով գլորվում էր գետը, զարնվում ժայռոտ ափերին, պոկում նրա ճեղքերում մնացած վերջին ծաղիկների չորացած ցողունները և կորչում կամուրջի տակ։
Դռան սեմին նստած տղամարդը մտածում էր, որ շուտով ծանր կնստի ձմեռը, ձյուն կիջնի անտառ տանող արահետներին և, ստիպված, նա օր ու գիշեր կմնա տանը։ Ի՞նչ ցավեր ու հիվանդություններ է ձմեռը բերելու մարդկանց գլխին, բավականացնելո՞ւ են այն ծաղիկներն ու բույսերը, որ ամբողջ ամառ հավաքել էր դեղորայք պատրաստելու համար…
Քամի բարձրացավ, պտույտ տվեց շուրջն ու թերթեց կողքին դրված հին բժշկարանը։ Նա սթափվեց մտքերից, ուշադրությունը գրավեց բացված էջը, աչքը կարդաց կարմիր մի տող.
«Դեղ սիրո»։
Նա ժպտաց, ծալեց ձեռագիր մատյանը։
Տան առջևի մարգերում կինը հավաքում էր սերմացու լոբին։ Տղամարդը ոտքի կանգնեց, մտածեց գնալ կնոջն օգնելու, բայց մտավ տուն, վերցրեց գրիչը, բացեց ձեռագիր բժշկարանն ու կրկին կարդաց.
«Դեղ սիրո։ Հյութն ցայգածաղկի խառն ի օշարակի և բան տուր։ Սիրե և ոչ մոռանա»։
Կարդաց և դեղատոմսի դիմաց, լուսանցքում, հատ֊հատ տառերով շարեց. «Փորձյալ է»։
Նա կրկին մտքի մեջ ընկավ, հիշեց, շա՜տ բան հիշեց։
Վաղուց էր, տարիներ առաջ, երիտասարդ էր ինքը։ Աշխարհը թվում էր զարմանալի գեղեցիկ, կյանքն անվերջանալի վայելք, թեպետ ձմեռը պակասում էր հացը և սով էր լինում աշխարհում, մահ տարաժամ… Մեռնում էին երիտասարդ մարդիկ, որոնց հետ նա՝ Գնելը, ծնվել֊մեծացել էր, և ինչ արհավիրք ասես, որ չէր գալիս գյուղի գլխին։
Հայրը՝ Սիմեոնը, բժիշկ էր, ամեն խոցի սպեղանի էր գտնում, ամեն ցավի դեղ էր տալիս, ոտքի կանգնեցնում նրան, ով արդեն պատրաստվել էր կյանքից հեռանալու։
Ձմռան երկար գիշերներին նստում էին հայր ու որդի ճրագի առջև, Սիմեոնը թերթում էր բժշկարանն ու կամաց֊կամաց որդուն մասնակից դարձնում իր արվեստին։ Երբ բացվում էր գարունը, նրանք գնում էին անտառ, ելնում սարերը՝ ծաղիկներ, արմատներ, բույսեր էին հավաքում դեղորայքի համար։ Երբեմն հիվանդի մոտ էին գնում միասին, Գնելն օգնում էր հորը։
Այն ժամանակ Գնելին թվում էր, թե հայրն այդպես էլ ապրելու է միշտ աշխարհի երեսին, իր ձեռագիր բժշկարանից անբաժան, մարդկանց ցավին հասնող։ Բայց այդպես չեղավ։
Ձմեռ էր, դրսում վայում էր բուքը, գիշերն այնքան ցուրտ էր, որ չէր օգնում վառած կրակը։
Մեռնում էր Սիմեոնը։ Նա արթնացրեց որդուն և երկար, շնչակտուր խոսք խոսեց կյանքի ու մահվան, պապենական իրենց արհեստի, ցավի ու հիվանդության վրա։
«Գնում եմ, որդի,— ասաց։— Ցավ կա, ջուր ու գինի թե տաս, դուրս կերթա մարմնից, չի մնա… Ցավ կա՝ վերջինն է, չես փրկի, ինչպես իմը… Կյանք է, որդի, վերջ ունի… Մաղձը երակը լցվեց թե չէ, մնաք բարև ասա, գնալու ցավ է»։
Սիմեոնը մեռավ հանգիստ խոսելով, ասես, գործ էր, արեց, վերջացրեց ու գնաց։
Մնաց Գնելը՝ ձեռքին մի հին բժշկարան, որ հանձն էր առել իրենից հետո հանձնել հաջորդին։ Մնացին խորշում հոր թողած դեղերն ու սպեղանիները, որոնց արդեն կարող էր «բան տալ» որդին։ Եվ առաջին անգամ նա հասկացավ, որ աշխարհը լիքն է հոգսով ու ցավով, որ ինքը պարտավոր է մարդկանց ցավին հասնել, ինչպես հասնում էր հանգուցյալ հայրը։
Գտնվեցին հարևան մարդիկ, մենակ չթողին նրան։ Խաթուն նանն ու աղջիկը՝ Գնելի հետ մեծացած Վարսենիկը, գալիս էին, հավաքում տունը, օգնում մարգերը քաղհանելիս, լվանում էին, կարում, եփում… Թե գլխացավ ունենային, կամ «երակ պատռվեր», սովորել էին, խմում էին մի կում Գնելի ցույց տված դեղից, սպեղանի էին դնում վերքին, անցնում գնում էր, ցավ չէր մնում։
Իսկ Գնելը նստում էր դեղորայքի կողքին, հիշում, թե հայրն ինչն ինչպես էր գործածել։ Կամ բաց էր անում ձեռագիրը, կարդում և միտք անում կարդացածի շուրջը։ Գիրքը խոսում էր հոր լեզվով, թվում էր, այդ Սիմեոնն էր, որ դանդաղ, ծոր տալով, որդուն բացատրում էր ցավին կռիվ տալու կերպերը։
«Արմատենիք կան՝ սպեղանի են, կան, որ մահու կտան մարդու, թե չիմացար չափը, և կշիռը, և բան տալու ժամանակը չիմացար»։
Գնելը ձեռքն էր առնում կշեռքը, լաթի միջից խնամքով հանում մանրիկ կշռաքարերը և դեղ եփելիս տասն անգամ չափում էր, կշռում ու նորից ստուգում բժշկարանում գրվածը։
«Առ հյութն վաղամեռուկի և աղավնարոտ ծաղկանց, և խեժ մի նուկի, բարկ քացախով եփ տուր, մինչև կես կթխա մնա, և բան տուր։ Կոկորդի ցավի է»։
Սրա դիմաց հոր ձեռքով գրված էր. «Փորձյալ է»։ Ապա հիշատակված էին այն մարդկանց անունները, որոնք ընդունել էին դեղը։
«Մարիամ՝ դուստր Դավթակի, և Սադուն, որդի Երեմիայի»։
Դրանից հետո սկսվում էին սպեղանիների դեղատոմսերը. «Սրով խոցվածի է»։ «Գալիանոսն ասես՝ ժանգոտ դանակով արածի է»։ «Որ նետն զարկած լինի»։ «Մխիթարի բժշկապետի սպեղանի ամեն ազգի խոցի»։
Հայրն այստեղ էլ լուսանցքները ծածկել էր «Փորձյալ է» բառը գրոտելով։
Հին բժշկարանի մեջ կար, սակայն, մի դեղատոմս, որի դիմաց ոչինչ չէր գրված, Գնելն այդ դեղատոմսը կարդում էր շիկնելով, որովհետև երիտասարդ էր, և առավոտները, թե տանն էր, կանգնում էր դռան մոտ և թաքուն նայում ջրի գնացող աղջիկներին։
«Դեղ սիրո…»։
Հայրը ոչ փորձել էր այդ դեղը, ոչ, երևի, մտածել փորձելու վրա։ Եվ որդուն էր վիճակվել ստուգել նրա զորությունը։
Գնելն ինքն իրեն ժպտաց, բաց դռնից նայեց մարգերում աշխատող կնոջ կողմը և շարունակեց հիշել ու հիշել։
… Հարևաններ էին նրանք. Հրանուշն ապրում էր երկու տուն այն կողմ՝ ջրաղացի կողքին։ Անցնում էր Գնելը նրանց դռան առջևով՝ Հրանուշն աչքովն էր ընկնում։ Կամ առավոտյան ջրի էր գնում աղջիկների հետ։ Պատահում էր, կանգնում էին աղջիկները Գնելի տան առջև, ինչ֊որ քչփչում, ծիծաղում էին, թվում էր՝ ճնճղուկներ են իջել ցանկապատին։ Իսկ Գնելը նայում էր Հրանուշին ու հոգոց էր հանում։ Եթե աղջիկը նկատում էր նրան, հավաքելով հոնքերը, մեջքով շրջվում էր նրա կողմը և գնում֊հեռանում էր օրորուն հպարտ։
Խոսուն հոնքեր ուներ Հրանուշը. նրանք մերթ անշարժ կամար էին կապում քիչ տամուկ աչքերի վրա, մերթ մեկը ձգվում էր վեր, մյուսն իջնում, կամ հավաքվում էին քթարմատի մոտ ու այնպես մթնեցնում հայացքը, որ Գնելն իսկույն հեռանում էր աղջկա ճանապարհից։
Այդ տարի գարունը եկավ մի օրվա մեջ։ Գիշերը տաք քամի անցավ սարերի վրայով, սարալանջերի ու արոտների ձյունը հալվեց, լցվելով հեղեղատները՝ գահավիժեց ձորը։ Գետը փրփրեց, հորդացավ, ջրի աղմուկն արթնացրեց Գնելին։
Լուսադեմին գյուղի գլխով անցավ կռունկների առաջին երամը, և Գնելը, այլևս չկարողանալով բացաչ պառկել, ելավ բակ։
Նա կանգնեց ցանկապատի մոտ, շնչեց գարնան օդը և մտածեց, որ օրեր հետո կգնա սարերը ծիլ տված լոշտակը հավաքելու, իսկ շաբաթ չանցած, երբ հալչի նաև անտառի ձյունը, լեռան կատարին կբացվի ալպիական մանուշակը, հետո ցայգածաղիկը, որի թերթերը կարմիր֊ոսկերանգ են. բացվում են ադամամութին և գոցվում, երբ սարերի գագաթներին է կպչում արեգակի առաջին ճառագայթը…
Այդ առավոտ էր, ջրից դարձին Հրանուշը Վարսենիկի հետ ետ էր ընկել աղջիկներից, երբ Գնելը կտրեց նրա ճանապարհը։
«Կա՛ց, անսիրտ,— ասաց,— երկու խոսք գանգատ ունեմ անելու»։
Աղջիկը խոժոռեց դեմքը, գլխին կապած թաշկինակի ծոպով ծածկեց բերանն ու շրջվեց դեպի Վարսենիկը։
«Ասա, թող աչքունքով չանի, թող քար չդառնա ջրիս ճամփին։ Ասա՝ չեմ սիրում իրեն»։
Գնելը հարբածի պես մոլոր տուն մտավ ու ընկավ թախտին։
Սենյակում պտույտ էր տալիս Վարսենիկը, իբր գործ էր անում, կարեկցող, տրտում աչքերով նայում էր նրան։ Բայց դրանից ավելի էր մթնում Գնելի սիրտը։
Իսկ դրսում բացվում էր գարնան առաջին օրը, արեգակն աչք էր ծակում ձնհալի լճակների երեսին, սարալանջի մացառների մեջ այնպես բարձր էր խոսում կաքավը, որ երգը գալիս, Գնելի ականջին էր հասնում։
Ու նա վեր կացավ, գնաց թռչնի ձայնին։
Մացառները մերկ էին, թաց, ոտնատակը՝ ցեխ, կավը կպչում էր ոտքին ու չէր պոկվում։ Լռել էր կաքավը։ Գլխում ոչ մի միտք չէր մնացել։ Սրտում եփվում էր ցավը, ինչպես պղնձե անոթի մեջ եփվում է օձի կծածից ազատելու պղտոր դեղը, որ նա պատրաստում էր նռան կեղևի ու մարդատակի արմատներից։
Իրիկունն ուշ դարձավ տուն, որ չտեսնի Վարսենիկի կարեկցող աչքերը, իսկ լուսաբացին գնաց սարերը, վճռելով ետ չգալ, մինչև լեռնագագաթին բացվի ալպիական մանուշակը և այն ծաղիկը, որի թերթերը կարմիր֊ոսկերանգ են, ինչպես երկնքի շուրթն արևածագին։
Բաց դռնից նա տեսավ, որ կինն ուղղեց մեջքն ու բռանը հավաքած լոբին լցրեց կապ արած գոգնոցի մեջ։ Գնելն սպասեց, թե կինը հիմա կկանչի իրեն, բայց նա սրբեց ճակատի քրտինքը և նորից կռացավ թփերի վրա։ Գնելը փակեց աչքերն ու գնաց հիշողության ետևից։
… Սարից ետ եկավ շաբաթն անցած, իսկ տանն արդեն Խաթուն նանն իրարով էր անցել։
«Քեզ ի՞նչ պատահեց, որդի,— հարցրեց։— Աչքներս ջուր կտրեց սպասելով։ Հրեն, տասն անգամ Հրանուշի մերը եկավ ու գնաց։ Աղջկա բկերն են ուռել, ճար անող չկա»։
Մթնշաղին էր, ճրագ չէր վառվում։ Վարսենիկը գլուխը քաշ, մաքրում էր Գնելի ցեխոտ ոտնամանները։ Խաթուն նանը ջուր էր տաքացնում, որ Գնելը լվանա գլուխը, հանգստանա։ Իսկ նա՜…
Մախաղի մեջ մի փունջ ցայգածաղիկ կար, որ նա հանեց ցողացող մատներով, մամլեց, խառնեց օշարակի հետ, ազատ կթխա չգտնելով՝ ինչ֊որ դեղ թափեց հատակին և ցայգածաղկի հյութը լցնելով նրա մեջ, դուրս թռավ տնից։
Պառկած էր Հրանուշը, գլուխը ծածկած ծաղկավոր հաստ վերմակով, և ինչքան էլ մայրը խնդրում, աղաչում էր, վերմակը չէր հեռացնում երեսից։ Գնելը կանգնել, ոտքից֊ոտք էր փոխվում, խեղճ ու մեղավոր ժպտում էր միայն։
«Չեմ ուզում,— ասում էր աղջիկը վերմակի տակից։— Ասա՝ թող գնա, ասա՝ երեսն էլ չեմ ուզում տեսնել…»։
Այսպես ամեն ինչ վերջացավ։ Չէր եղել ու չկար։
Տուն եկավ Գնելը մթնած։ Խորշում տեղավորեց ձեռքի կթխան, այդտեղ էլ նստեց և, չդիմանալով, գլուխը դրեց ձեռքերին։
Ինչի՞ն էր պետք գարունը, եթե Հրանուշը նրա երեսն էլ չէր ուզում տեսնել։ Ի՞նչ էր անելու հին բժշկարանը, որտեղ, բազմաթիվ դեղերի ու սպեղանիների դիմաց արդեն իր ձեռքով գրված էր նույն «Փորձյալ է» բառը, եթե կողքին չէր լինելու Հրանուշը։ Աշխարհը դատարկվել էր, ինչպես դատարկվել էր հոր մեռնելու գիշերը…
Խաթուն նանն ախ ու վախ էր անում, աղջիկը կամաց տնքում էր, բայց Գնելը գլուխը չէր բարձրացնում։
Հետո, ուշ էր, Վարսենիկը կանգնել էր գլխավերում, դառնացած, կարեկից խոսք էր ասում.
«Կերթամ ոտքը կընկնեմ, կհամոզեմ, «չէ» չի ասի… Առ, կում արա, գլխիդ ցավը կանցնի, չի մնա… Հրես, ես կում արի, իմը, տե՞ս, անցավ, ցավ չմնաց»։
Գնելը կթխան մոտեցրեց շուրթերին, ըմպեց մի կում և. նոր միայն լայն բացեց աչքերը… Կթխայի մեջ մի կում «սիրո դեղ» էր մնացել, խմել էր միամիտ աղջիկը գլխացավի դիմաց, մնացածը տվել էր Գնելին խմելու։
Տեսնելով, որ կինը դուրս եկավ մարգերից, ուղղվեց դեպի տուն, Գնելը նորից ձեռքն առավ գրիչը և հին բժշկարանի լուսանցքում, որտեղ կարմիր տառերով գրված էր «Դեղ սիրո», «Փորձյալ է» բառի տակ ավելացրեց հանգուցյալ Սիմեոնի նման.
«Վարսենիկ, դուստր Անանիայի, որ եղև կողակից նվաստ բժշկիս Գնելի, որդվո Սիմեոնի»։
1945֊1966