Ախ, կի ՜ն- ցնորք, քու ՜յր,
Շամիրա ՜մ ու Աստվա ՜ծ…
Ե. Չարենց,
«Երազում եմ այն երկիրը հեռավոր…»
Վհուկ բառը առաջացել է վիհ բառից և նշանակում է կախարդ, հմայող[1], զանազան կեղծ արվեստներով կամ իրերով գուշակություններ անող[2], դյութող կին:
«Վհուկը, ժողովրդական հավատալիքների համաձայն, սատանայի սպասավորն է, որը մարդկանց և կենդանիներին վնասելու հատկություն ունի»[3]: Այդ հավատալիքներն առաջացել են նախնադարյան հարաբերությունների քայքայման ժամանակշրջանում և մեծապես տարածվել միջին դարերում, կնոջ` որպես գայթակղության ու մեղքի աղբյուրի: «Միջնադարում վհուկներին` որպես օրենք, պատկերացնում էին երիտասարդ, գեղեցիկ, հմայիչ և հաճախ որպես մերկ կին»[4]: Գրականության մեջ որպես այդպիսին` վհուկի կերպարը լավագույնս դրսևորվել է Մ. Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան» վեպում: Մարգարիտան երիտասարդ է, գեղեցիկ, հմայիչ, նա Վարպետի մուսան է, փրկիչը` միաժամանակ կերպավորվում է որպես վհուկ, ով թռչում է դեպի Վոլանդը` մերկ և խնոցի հեծած:
19-րդ դարից սկսած վհուկները պատկերանում են ծեր, տգեղ, սապատավոր ջադու պառավի կերպարանքով, իսկ ժամանակակից մտածողության մեջ վհուկ, կախարդ և նման արտահայտությունները ընկալելի են որպես սնոտիապաշտական երևույթներ:
Որպես վհուկներին բնորոշ հատկանիշ` դիտվել են չղջիկը, սև կատուն, ցախավելը, կրակխառնիչը, կախարդական խոտը և այլն: XV-XVII դարերում կաթոլիկ եկեղեցին վհուկությունը հռչակել է հերետիկոսություն, տանջանքի և մահապատժի արժանի հանցանք, ինչի արդյունքում հազարավոր կանայք մեղադրվել են կախարդության մեջ, ենթարկվել տանջանքների և ողջակիզվել[5]:
Լևոն Խեչոյանի «Սև գիրք, ծանր բզեզ» վեպում կրկնվող պատկերի շրջանակում հանդիպում է խնոցիներ հեծած յոթ վհուկների միֆոլոգիական կառույցը: Վեպը բաղկացած է երեք ենթավերնագրերից` «Խնոցիներ հեծած յոթ վհուկներ», «Հատվածներ օրագրից» և «Նամակ»: Կոմպոզիցիոն կառույցը չի ենթադրում նշված ենթավերնագրերի հաջորդականություն: Վեպը կառուցված է աստիճանական վերադարձերի և անցումների միջոցով: Որպես առաջին ենթավերնագիր և վեպի մուտք` «Խնոցիներ հեծած յոթ վհուկները» ենթադրվում է որպես վեպի հիմնական «սյուժե», որն ընդմիջվում է օրագրային հինգ հիշատակումներով («Հատվածներ օրագրից»):
Վհուկների պատկերը վեպում հանդիպում է չորս անգամ` հագեցնելով այն միստիկական տարրերով.
Հետո հույն կինը մորս ձեռքից վերցնում է լաչակը, ինձ հարցնում է. «Լսե՞լ ես, քաղաքում խնոցիներ հեծած յոթ վհուկներ են երևացել… (8),
Ես նրա այրող, ջերմություն արձակող մարմնի, ստինքների միջով լուսամուտին եմ նայում, նրանք՝ յոթ հոգով, խնոցի հեծած վհուկները, դեմքներն ապակուն սեղմած, մեզ էին նայում… (107),
Տեսնում եմ, թե ինչպես է Օնանը վազում Օհաննայի հետևից: Լսում եմ, թե ինչպես է Օնանը նրան գոռում՝ հեռացիր, ու ինքն էր հեռանում, արագ, ինչքան հնարավոր է հեռու լաբիրինթոսի խորքերը: Զգում եմ, թե ինչպես թունելի տարբեր խորշերից խնոցիներ հեծած յոթ վհուկները թռչելով եկան, Օնանին վերցրին, գնում են … (142),
Երկուսի գլխավերևով խնոցիներ հեծած յոթ վհուկները, դեմքները սեղմած պատուհանի խավոտ ապակուն, ինձ էին նայում: Ծիծաղում եմ… (155)։
Յոթը քրիստոնեական ընկալումներում հայտնի է որպես սուրբ թիվ: Գրիգոր Նարեկացու «Մատյանում» գտնում ենք յոթ թվի հետևյալ մեկնաբանությունը.
…թիւ անբաւութեան` զբանս նշանակելոյ զէութիւն,
Աստվածութեանն յստակաութեան սահման
անհետազաւտելի…
Այս թիւ է պանծալի, որումն ո՛չ է կէտ կցորդի
և ոչ սպառուած վախճանի,
Այն կոյս ոմն է…[6]։
(ԼԱ, Ա)
Այսինքն, Գր. Նարեկացին յոթ թիվը բնութագրում է որպես Աստծո մաքրության, հստակության խորհրդանիշ: Տիեզերքի արարման ընթացքը Աստվածաշնչում տևում է յոթ օր, և յուրաքանչյուր օր ունի իր պահապան հրեշտակը, Սուրբ Կարապետ վանքը հայ ավանդության մեջ օժտված է յոթ անուններով, քրիստոնյային վերագրվում են յոթ առաքինություններ և այլն: Ս. Հարությունյանը «Հայ հմայական և ժողովրդական աղոթքներ» գրքում, որում տրվում են աղոթքների և անեծքների մեկնաբանությունները, նշում է, որ «…աղոթքի սրբազան ազդեցությունը զորացնելու նպատակով աղոթքը պարտադիր կրկնում են երեք, երբեմն հինգ, յոթ կամ ինն անգամ, այսինքն` միշտ կենտ և սրբազան թվերով»[7]: Իհարկե, տարբեր մշակույթներում ընկալումները տարբեր են, սակայն դիտարկելով յոթ թվի նշանակությունը հայկական սիմվոլիկ տիրույթում` խնոցիներ հեծած յոթ վհուկների պատկերով դրսևորվում է միֆաքայքայում: Նարեկացիական …Այն կոյս ոմն է… գաղափարաբանությանը հակադրվում է վհուկի չարության խորհրդաբանությունը: Միֆաքայքայման այս կառույցում հակադրվում են նաև Աստված-Սատանա արքետիպերը: Կինը գործեց մեղք և արտաքսվեց դրախտից, նա ձգտեց դեպի Սատանան և գայթակղվեց, իսկ վհուկի սիմվոլը ունի և՛ կանացի գայթակղության, և՛ Սատանայից գայթակղվելու խորհրդաբանությունը: «Վարպետը և Մարգարիտան» վեպում Մարգարիտային օգնում է թռչել Ազազելլոյի քսուքը: Ազազելլոն նույնպես սատանա է, և Գյոթեի «Ֆաուստ»-ում նույնպես կինը թռչում է քսուքի օգնությամբ, որը տրվում է Սատանայի կողմից:
«Սև գիրք․․․» վեպում հեղինակի հետ փոխհարաբերության տեսանկյունից հանդիպում են կանացի ինը կերպարներ` Աննա, Սրբուհի, Նոյեմ, Հերմոնե, Լիլի, Գոհար, Մելան, Ելեն և Օհաննա: Նրանք դուրս են օրագրային կառույցից: Աննայի, Սրբուհու, Նոյեմի, Հերմոնեի, Լիլիի, Գոհարի և Մելանի կերպարները հանդիպում են «Խնոցիներ հեծած յոթ վհուկները» ենթավերնագրի նարատիվում, իսկ Ելենի կերպարը` «Նամակում»` որպես վեպի թաքնված շերտերը բացահայտող նամակագրի: Հիմքում ունենալով վհուկի մշակութաբանությունում կանացի սկիզբը և «Խնոցիներ հեծած յոթ վհուկները» ենթավերնագրային պատումում յոթ կանանց առկայությունը, ենթադրվում է, որ խնոցիներ հեծած յոթ վհուկները յոթ կանայք են: Այսպիսի համեմատության համար հիմք է ծառայում նաև վեպի կրկնվող պատկերի համակարգում առկա հետևյալ նկարագրությունը. Տեսնում եմ, թե ինչպես է Օնանը վազում Օհաննայի հետևից: Լսում եմ, թե ինչպես է Օնանը նրան գոռում՝ հեռացիր, ու ինքն էր հեռանում, արագ, ինչքան հնարավոր է հեռու լաբիրինթոսի խորքերը: Զգում եմ, թե ինչպես թունելի տարբեր խորշերից խնոցիներ հեծած յոթ վհուկները թռչելով եկան, Օնանին վերցրին, գնում են … (142)
Օնանի կերպարի անձնական անգիտակցականում` որպես կնոջ արքետիպ, առկա է Օհաննայի կերպարը: «Խնկի ծառեր» վիպակից սկսած նրա կերպարը անընդհատ հեղինակի հետ է: Վիպակում, որը Խեչոենց ընտանիքի տոհմագրությունն է, Օհաննան հեղինակի հորեղբոր` Զաքարի կինն է, բայց ավելին է, քան պարզապես տան հարս. …Երբ նա գիշերանոցն էլ հանեց, իմ վրա հաճելի մի սարսափ իջավ, մեջքս տաք քրտնել էր, ու ես դողում էի… (126) Օհաննան գեղեցիկ էր…(126), …Ես անմիջապես շուռ էի գալիս դեպի պատը, որպեսզի Օհաննայի գայթակղիչ, տաք շունչը չկպչի դեմքիս։ Իսկ թիկունքիս՝ մեջքիս վրա թրթռում էին Օհաննայի արձակ ստինքները, ու ես ամբողջ գիշեր մատներով քանդում էի պատի ծեփերը։ Օհաննան առավոտյան կիր ու ավազի հատիկներից մեր սավանն էր թափ տալիս՝ կանացի խորհրդավոր ժպիտով ու քրոջ նման… (127), իսկ կինը`
Ախ, կի ՜ն-ցնորք, քու ՜յր, Շամիրա ՜մ ու Աստվա ՜ծ… [8]
Սև գիրք…» վեպում Օհաննայի կերպարը հանդիպում է Օնանի տոհմի պատմության կառույցում, պատերազմի դաշտում և լաբիրինթում: Պատերազմի դաշտում մահվան հետ կողք-կողքի գտնվելը Օնանին կենդանացնել է տալիս իր էությանը հավերժ միաձույլ Օհաննայի և հոր կերպարները ու նկատելի է դարձնում կապույտ ծաղիկը` որպես պատերազմի հետ անհամադիր սիմվոլի` …Հայացքս, նշանառության բոլոր պահերին, միաժամանակ, նրան էլ է տեսնում, անընդհատ կապույտը կա: Հետո ներսումս էր: Մեջս կապույտ ծաղիկն էլ, հայրս էլ, Օհաննան էլ կան… (108), …Կտրտված, արագ փոփոխվող թախծոտ կարոտ կար, չգիտեմ՝ հո՞րս, Օհաննայի՞, թե՞ փորված հողի նկատմամբ: Հետո՝ նորից ծաղիկը: Գնդակն անցավ Վահրամի միջով… (108):
Լաբիրինթում` հողի տակ, Օնանը հայտնվում է մորֆիի ազդեցությամբ: Բնականաբար մորֆին աստիճանաբար մթագնում է նրա գիտակցությունը, և տեսանելի է դառնում այն, ինչն ամրակայված է ենթագիտակցությամբ: Օնանը հայտնվում է հողի արգանդում, որը մայրական և կանացի նախասկզբի սիմվոլային կառույց է ենթադրում: Հողի արգանդում գտնվող լաբիրինթում նա տեսնում է Օհաննայի ետևից վազող Օնանին` կտրելով իրեն իրենից և դրսևորելով իր անգիտակցական ձգտումները` ամրակայված դեռ մանկուց: Բայց ահա … Զգում եմ, թե ինչպես թունելի տարբեր խորշերից խնոցիներ հեծած յոթ վհուկները թռչելով եկան, Օնանին վերցրին, գնում են …(142): Խնոցի հեծած յոթ վհուկները Օնանի կյանքում հանդիպած յոթ կանայք են, ովքեր իրեն հեռացնում են Օհաննայից: Նրանից, ով միաժամանակ կա և չկա, ով ամրակայված է որպես աստված, որին փնտրում է Օնանը տարբեր կանանց մեջ, բայց Օհաննային տեսնելու փոխարեն ` խնոցի հեծած յոթ վհուկները, մեկը մյուսի հետևից, հնրավորինս հեռացնում են Օնանին Օհաննայից` կտրելով իրեն իրենից:
[1] Տե’ս Հ. Աճառյան, Հայերեն արմատական բառարան, հ. 6, Եր., 1926., էջ 345:
[2] Տե’ս Ստ. Մալխասյանց, Հայերեն բացատրական բառարան, հ. 4, Եր., 1945թ., էջ 348:
[3] Ինչու և ինչպես հանրագիտարան, Կախարդները, վհուկները և մոգությունը, Եր., 2014թ., էջ 4:
[4] Նշվ. աշխ.,էջ 6:
[5] Տե’ս ՀՍՀ, հ 11, Եր., 1985թ., էջ 478:
[6] Գր. Նարեկացի, Մատյան ողբերգության, Եր., 1979 թ., էջ 190:
[7] Ս. Հարությունյան, Հայ հմայական և ժողովրդական աղոթքներ, Եր., 2006թ., էջ 52:
[8] Ե. Չարենց, Պոեմներ, բանաստեղծություններ, Եր., 1984 թ., էջ 232 :