Արման Գրիգորյան | Խոստացված ազատությունը

Եթե հարցը պատմական համապատկերում դիտարկենք՝ մշտապես ի՞նչ դերակատարություն է հատկացվել գրողին ու մտավորականին հասարակա-քաղաքական հարաբերությունների կազմավորման կամ կարգավորման գործընթացներում և ի՞նչ փոփոխությունների է ենթարկվել հասարակության մեջ գրողի կերպարի ընկալումը:

Արման Գրիգորյան․ Եթե խնդիրը վերցնենք ամբողջ մարդկության պատմության համատեքստում հողագործական աշխարհի արշալույսից մինչև հետինդուստրիալ հասարակություն, կտեսնենք, որ նախկինում հասարակական-քաղաքական կյանքի վրա ազդեցություն ունեցող տեքստերը հիմնականում առնչվում էին հավատալիքների, կրոնի հետ, և շատ ավելի ուշ շրջանում գիտության ու տեխնիկայի զարգացման հետ զուգահեռ գրողները ձեռք են բերում իրենց այն կերպարը, որին մենք այսօր ասում ենք մտավորական: Հատկապես ֆրանսիական հեղափոխությունից հետո գրողը ազատության, հավասարության և համերաշխության խոստումը պահողն է: Ազգային պետությունները իրենց հեղափոխություններն անում են այդ նպատակները իրականացնելու համար, բայց մեծամասամբ տանուլ են տալիս, ու գրողը կամ մտավորականը կոչված է անդադար հիշեցնել, որ ամեն մարդու իր ծննդյան պահին խոստացել են ազատություն, հավասարություն և համերաշխություն կամ մեկ բառով ասած՝ երջանկություն: Հետևաբար գրողի, մտավորականի խոսքը իր մեջ ունի քննադատություն կամ պահանջ և ուղղված է պետական-բյուրոկրատական ապարատի սահմանափակող, շահագործող, բռնությունն և անպատժելիությունը արդարացնող օրենքների ու վարքագծի դեմ:

Փաստորեն, գրողի կերպարի հասարակական ընկալումը անհամեմատ նոր երևույթ է, իսկ նախկինում նման գործառույթ վերապահված էր եկեղեցուն, ի՞նչ առանցքային տարբերություն կա կրոնական և գրական տեքստերի միջև:

Կրոնական տեքստերի հեղինակները Երջանկության խոստման իրականացումը տեսնում են միայն ֆիզիկական գոյության ավարտի մեջ կամ կենդանի կյանքի վերացման միջոցով, իսկ գրող-մտավորականը հակառակը՝ այդ կյանքը պահպանելու և բազմացնելու մեջ: 18-19-րդ դարերում արվեստագետի այս նոր կերպարը կարելի է ասել գտավ իր վերջնական ձևակերպումը, և մինչև հիմա էլ ընթերցողը գեղարվեստական գրականություն կարդալիս հեղինակի տեքստը մեկնաբանում է հենց այս հումանիստական ավանդույթի մեջ:

Արդյոք անկա՞խ են գրողները և արվեստագետները մեր օրերում:

Երևի թե սա ամենակարևոր հարցն է, որ հուզում է մտավորականության հանդեպ մեծ հարգանք ունեցող արվեստասերին և առաջին հերթին ենթադրում է անկախություն սնոտիապաշտությունից, քաղաքական նպատակահարմարությունից և տնտեսական կախվածությունից: Երևի կհիշեք՝ Սովետական Միության ժամանակ մի այսպիսի կարգախոս կար՝ «Հասնել և անցնել Ամերիկային», այստեղ խոսքը տնտեսության և գիտատեխնիկական առաջընթացի մասին էր իհարկե, բայց այս լոզունգը ունեցավ նաև նեգատիվ ազդեցություն: Արվեստի և գրականության չափանիշ դարձան մեծ տիրաժները և տնտեսական շահը: Մեզ մոտ հասարակության վրա ազդեցություն ունեցող անհատների մեծ մասը, այսպես ասած՝ տնտեսական ու ֆինանսական էլիտան, գործում և քարոզում է իռացիոնալ մրցակցություն: Մրցանակները, կոչումերը, պետական ու հասարակական կազմակերպությունների կողմից տրվող դրամաշորհները ինքնին վատ բան չեն, եթե տրվեն նրանց, ովքեր իսկապես նպաստում են ազատությանը, հավասարությանը և համերաշխությանը: Եթե ելնենք արվեստագետի կամ մտավորականի իդեալից, ապա կտեսնենք, որ դրական իմաստով մրցակցության էլեմենտը մշտապես եղել և՛ խորհրդային ժամանակ, և՛ հիմա: Բայց այսօր ավելի հաճախ մենք տեսնում ենք դեպրեսիվ ու հաշտվողական տրամադրություններ, անվստահություն և հովանավորչություն: Դասականների անունից հասարակությանը պառակտող, անհավասարություն ու անազատություն քարոզողները լրատվական բոլոր հնարավոր միջոցները օգտագործում են համոզելու համար, որ արվեստագետը համընդհանուր դժբախտության այս թատրոնում դեկորատիվ էլեմենտ է միայն:

Ի՞նչ բացատրություն ունի այս երևույթը:

Կարծում եմ շատ պարզ՝ խոստումը չիրականացրած իշխանությունը վախենում է կամ լավ, ուրիշ ձևով ասեմ, զզվել է իրեն անընդհատ այդ խոստումը հիշեցնող մտավորականից: Սակայն այս իրավիճակը չի կարող հուսահատեցնել արվեստագետին, եթե հիշում եք Եղիշե Թադևոսյանի «Հանճարը և ամբոխը» (1909) կտավը, ապա նկատած կլինեք, որ հանճարի կերպարը շատ նման է մեր հրաշալի ֆուտուրիստ պոետ Կարա Դարվիշին, որի մոտ Երջանկության խոստումը հստակ պահանջ է և թերևս այդ պատճառով նա շարունակում է մարգինալ մնալ:

Իսկ մեր ներկայիս հասարակության մեջ ի՞նչ գործառույթներ են հատկացվում մտավորականին և հասարակության գիտակցության վրա ազդման ի՞նչ մեխանիզմեր են նրանք կիրառում:

Քանի որ մենք առավելապես գտնվում ենք ռուսական մտավորականության ավանդույթի մեջ, ապա ակնհայտ է, որ մենք այսօր վերաիմաստավորման կամ այդ տրադիցիան քննադատաբար վերարժեքավորելու հրատապ պահանջի առջև ենք կանգնած: Որքան հիշում եմ, առաջին անգամ Եկատերինա երկրորդ կայսրուհին էր, որ հնարավորություն տվեց ամսագիր տպագրել, որտեղ մտավորականները կարող էին խելամտության շրջանակներում քննադատել իշխանություններին: Թերևս, այն ժամանակ արդեն ֆրանսիական հեղափոխությունից վախեցած միապետները փորձում էին ձևավորել նոմենկլատուրային մտավորականություն: Սա նույնպես հետաքրքիր մարտավարություն է, որը, ի դեպ, միշտ չէ, որ հանգեցնում է իշխանությունների համար ցանկալի արդյունքներին: Եթե ավելի մոտենանք մեր ժամանակներին, սա ինչ-որ առումով խորհրդային լճացման տարիների «Գարուն» ամսագրի ֆենոմենն էր: Պատմաբան, ակադեմիկոս Հակոբ Նազարեթյանը ռուսական կայսրության, սովետական երկրի, այժմ էլ հետսովետական երկրներում պահպանողականության պարբերաբար կրկնվող ալիքները բացատրում է Նապոլեոնի արշավանքների ժամանակ ավատատիրական համակարգը փրկելու համար ստեղծված և ավտորիտար իշխանությունների կողմից հովանավորվող ծրագրերով ու գաղափարախոսություններով, որոնք հասկանալի է, որ ստեղծվում ու տարածվում էին կոնսերվատիվ համալսարանական շրջանակների կողմից: Այսօր դեռևս իներցիան շարունակվում է և մեր համալսարանները՝ իրենց և՛ դասախոսական, և՛ ուսանողական կազմերով, շատ ավելի հեշտ ու անկաշկանդ, կարելի է ասել նույնիսկ մեծ հպարտությամբ, ցուցադրում են իրենց կախվածությունը քաղաքական իշխանությունից և տնտեսական նպատակահարմարությունից և, թերևս, իրենց հիմար կհամարեն, եթե պաշտպանեն ազատության, հավասարության և համերաշխության իդեալները, էլ ուր մնաց՝ այդ իդեալների կատարումը պահանջեն իշխանություններից: Սա է այն իրականությունը, որտեղ մենք հայտնվել ենք: Անկախ արվեստագետները և գրողները փորձում են իրենց հեռու պահել պաշտոնական հաստատություններից, բայց կարծում եմ՝ դրանից իրավիճակը առանձնապես չի փոխվում:

Իսկ ինչպիսի՞ն է ազատ ու անկախ մտովարականի ձեր տեսլականը, ովքե՞ր են այդ մարդիկ, ո՞ր դաշտում կարող են ստեղծագործել և հասնել հաջողության:

Այսօր հասարակական-քաղաքական կյանքի հարաբերությունների կառուցման և մեկնաբանման վրա գրողների ու արվեստագետների ազդեցությունը կարող է աճել ոչ թե պետական հաստատությունների միջոցով, չնայած այն թերագնահատել պետք չէ, այլ ազատ մամուլի և լրագրողների ակտիվության դեպքում: Ինչո՞ւ հենց լրագրողները, որովհետև ենթադրաբար գեղարվեստական գրականության ամենաակտիվ ընթերցողները հենց նրանք են: Լավ կլիներ իհարկե, որ ժամանակակից արվեստից ու փիլիսոփայությունից էլ նրանք տեղյակ լինեին, բայց գրականությանը վստահորեն տեղյակ են: Ուրեմն հենց իրենք էլ պիտի իրենց տեղին, չափավոր և հրատապ հարցադրումներով լայնացնեն մտավորականության օրեցօր նեղացող շրջանակը՝ դրա մեջ ներքաշելով բնական գիտությունների ու նոր տեխնոլոգիաների մասնագետներին, զանգվածային ու ռաբիս երաժշտության, սերիալների ու սպորտի աստղերին: Շատ կարևոր է, որ հասարակությունը տեսնի, որ միայն կոնֆորմիստները չէ որ հասնում են հաջողության, այլ նաև նրանք, ովքեր առաջնորդվում են ազատության, հավասարության և համերաշխության իդեալներով և չվախենալով անհաջողություններից և ողջ կյանքում պայքարելով, թեկուզ փոքր քայլերով, բայց գնացել են դեպի իրենց նպատակը ու հասել են հաջողության:

Հարցազրույցը արտատպված է  «Գրանիշ» թիվ 4 համարից

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *