16+
(Սև կատակերգություն` 1 գործողությամբ)
Գործող անձինք`
Կիկոս_դերասան, 16-18 տարեկան
Կիկոսի պապը_50-52 տարեկան տղամարդ, ավանդական հայացքներով
Կիկոսի տատը_47_49 տարեկան կին, սև հագուստով
Կիկոսի մայրը-30 տարեկան
Միջնեկ Մորաքույր-25 տարեկան
Կրտսեր մորաքույր-17 տարեկան , շատ ժամանակակից հագուստով
Սեղանակիցներ_տղամարդիկ և երկու կին
Ռեստորանի սրահ է, պատին գրված է` «Հանդիսությունների սրահ` Վերգո», սեղանի վրան` խաշլամա, օղի, կանաչի։ Բաժակները թարս են դրած։ Նստած են բոլոր գործող անձինք։
Պապը- (գլխարկն ուղղում է, վերցնում թարս դրած բաժակը, ոտքի կանգնում, նայում վերև, հանդիսավոր ձայնով կենաց ասում)_Բարեկամներ ջան, ընկերներ ջան, հարա…(զանգ է գալիս, բաժակը ձեռքին է պահում) հա, հա, չէ, երրորդ գարյաչին պետք չի, չէ, թթուներից մենակ վարունգ, դանդուռը ռեստորանի կողմի՞ց ա, ուրեմն թող լինի, լավ, (բաժակը լցնում է), հարազատներ ջան, (հայացքն ուղղում է հանդիսաստեսին), հանդիսատես ջան, մենք հավաքվել ենք մեր սիրասուն, մեր աննման, մեր չտեսնված Կիկոսի քելեխը տանք, մի մի բաժակ օղորմաթաս խմենք։
Հյուրեր են ներս մտնում։ Ձեռքով բարևում են տղամարդկանց, նստում։
Կիկոսի մայր_(կողքերը նայելով և ամեն հյուր մտնողի հետ ավելի բարձրաձայն) _Վա՜յ, Կիկո՜ս ջան, վա՜յ, որդի ջան։ Ախր ո՞նց չտեսանք էն սև_սև աչքերը, էն քաղցր ժպիտը։
Միջնեկ մորաքույր_Վայ, քուրո ջան, էս ի՞նչ ցավ էր, եկավ, մեզ կպավ, Վայ, Կիկոս ջան, վայ որդի ջան։ Քոռանան քո մոր աչքերը։ (Ակնոցն ուղղում է)։
Կրտսեր Մորաքույրը_Բա էլ ո՞վ պիտի ինձ հետ սելֆի անի, Կիկի ջան, էլ ո՞վ պիտի սրտիկի իմ նկարները։ Ո՞վ պիտի ինձ ռիլ ուղարկի։ Է՜հ, Կիկոս ջան, տես` արդեն 105 մարդ արցունքի, 25 մարդ էլ գրկիկի էմոջի ա թողել քեզ, Կիկի ջան։
Տատ_(Կրտսեր աղջկա հեռախոսը վերցնելով) Հերիք ա, ախչի՜, դրա վախտը չի։ Քուրդ Էն ա հալից գնում ա։ Վա՜յ Կիկոս ջան, վայ, որդի՜ ջան։ (Ոտքերին է խփում)։
Միջնեկ քուր_(Ախորժակով ուտում է և դիմում սեղանակցին) էս խաշլամեն տաք ա, ջրից լցնե՞մ, Վարդուշ տոտա։
Կրտսեր մորաքույր_Ինչի՞ ա Աստված լավերին ու սիրուններին տանում, կարա՞ր չէ էն մեր կուրսի Գագուլի նոր ընկերուհուն տաներ, ոչ թե իմ սիմպո Կիկիին։
Տատ_Չէ, էնի սիրուն ջահել էր, թո՛ղ մեր հարևան Հռիփսիկի լիրբ կիսուրին տաներ, որ օր ու արև չտվավ էն խեղճ աղջկանը։
Միջնեկ մորաքույր_Կիսուրը ոչինչ, ա՛յ մեր, բա տեգոր կինը, Աստված դրան տաներ մեր Կիկոսի փոխարեն։
Մայր_ Իմ ազիզ բալա. Մինուճար բալա, Ես տապ անեմ, տու քթի, // Տու տապ արա, ես քըթնեմ։[1]
Տատ_Այ բալա ջան, էլի խառնե՞լ ես, էդ գերեզմանին պիտի երգվեր։
Կրտսեր քույր_Սխալ չատի մեջ ես գրել, քույրս։
Բոլոր կանայք_Վա՜յ Կիկոս ջան, վա՜յ որդի ջան։
Պապ_(ոտքի կանգնելով) Էս մի օղորմաթասն էլ Կիկոսի մեղավոր հոգուն հանգստություն։ Աստված թող լիս դարձնի նրա հոգին։
Տատ_էն մի մատ էրեխեն ի՞նչ մեղք էր գործել, ա՛յ մարդ, ի՞նչ ես շաշ_շաշ խոսում։
Կիկոս_Դե մարդը, որ ծնվել է, արդեն ադամական մեղքով է ծնվել։
Կրտսեր մորաքույր_Դու ո՞վ ես։
Կիկոս_Ե՞ս։
Միջնեկ մորաքույր_Բա քեզ հետ ենք խոսում, բա դու։
Կիկոս_ դերասան եմ։
Տատ_Տղա ջան, չենք ասում` ի՞նչ ես աշխատում, ասում եմ` անունդ ի՞նչ ա։
Կիկոս_Դե ես էնքան եմ խաղացել, իսկական անունովս ոչ մեկ չի հիշում, ես էլ դերի տակ եմ մնացել, չեմ հիշում` ով եմ։ ինձ բոլորը դերով գիտեն։
Պապ_Լավ, տղա՛ ջան, բա վերջը քեզ ի՞նչ ասենք։
Կիկոս_Ինձ ասում են` Կիկոս, դուք էլ Կիկոս ասեք։
Երեք քույրեր (միաձայն)_Վա՜յ, Կիկոս ջան, վա՜յ, որդի ջան։
Մայր_Բա դու ո՞նց էստեղ եկար, որդի։
Կիկոս_Դե որտեղ Կիկոսի անունն է, էնտեղ էլ ես եմ։
Միջնեկ մորաքույր_ Ինչի՞, Կիկոսը մի հատ չի՞։
Կրտսեր մորաքույր_ Հատ չէ, հոգի։
Միջնեկ մորաքույր_Լեզվի քննության հարցաշարը բերեց։
Կիկոս_ Չէ՛, ինչքան հայի տուն, էնքան Կիկոս։
Պապ_Բա որտեղի՞ց եկար, որդի։
Կիկոս_ժողովրդի ծոցից։
Մայր_Բա քույր, եղբայր ունե՞ս։
Կիկոս_Մենակ տղա եմ, բայց ասում են, թե գերմանացիքի մեջ էլ իմ պես մեկը կա։
Մայր_Բա դու ուրիշ ի՞նչ հարազատ ունես, հայր, մա՞յր։
Կիկոս_Հերս անհայտ ա, էն Օհանյան Արմենը ասում ա` հերս Հովհաննես Թումանյանն ա, բայց ես ո՛չ հեր եմ տեսել, ո՛չ մեր։
Տատ_Քոռանամ ես, ո՞րբ ես։
(Քիչ քիչ հավաքում են սեղանը)
Կիկոս_Չէ, տատի ջան, ես մի մեր ունեմ, մերս էլ` էրկու քույր։ Մի օր մորս հերը, (շեշտադրելով)։ Չէ՜, էդ չէի ուզում ասել` պապս էլի, մորս ուղարկեց ջրի։
Պապ_Ախչի՜, էս կուժն առ ու ջրի գնա։
Կրտսեր քույր_, ՕՀ, my Gosh, ի՞նչ կուժ, ինչի՞ ա հերը շահագործում աղջկան։
Միջնեկ քույր_Այ դե դու սո՛ւս, թո՛ղ Կիկոսը պատմի։
Կիկոս_Հա, ի՞նչ էի ասում, մերս էդ կուժն առնում ու գնում ա աղբյուրի մոտ։
Մայրը վերցնում է սեղանի վրա դրված դատարկ կուժը, գնում է բեմի մյուս անկյունը, որտեղ ծառ կա, նստում է ծառի տակ։
Մայր_Գնացի մարդի,
Ունեցա որդի,
գդակը` պոպոզ,
Անունը` Կիկոս,
Վեր ելավ ծառին,
ցած ընկավ քարին։ (Գլխին տալով)
Բոլոր քույրերը_Վա՜յ, Կիկոս ջան, վա՜յ, որդի ջան։
(Մայրը հետ է գալիս, նստում տեղում)
Կրտսեր քույր_Վայ, ի՜նչ քրինջ ա։
Պապ_Բա ըտենց ո՞նց կլնի, բալա ջան, հետո ի՞նչ եղավ։
Կիկոս_Էդ օրվանից ինչքան դպրոցական քյոռփա կա, ինձ հանում ծառին, գետին ա գցում։ էնքան են գցել, որ երևի գրիժա էլ ստացած կլինեմ։
Տատ_Վայ քոռանան տատիդ աչքերը, որդի։
Կիկոս_Բա էդ հլը մի կողմ, մի օր մի ցնդած որոշեց, թե Կիկոսը հայ ժողովրդի հավաքական անմտությունն է, ինքը պիտի հայկական ծեսով Կիկոսին թաղի։
(Տղամարդկանցից մի քանիսը պատգարակ են բերում,Կիկոսը նստում է վրան, շրջում են, բերում, պառկեցնում սեղանին)
Պապ_Կնանիք թող գնան, քելեխի սեղանը սարքեն, մեր մեռելին պիտի լողացնենք։
Կիկոս_Ես լողացած եմ, պապի։
Պապ_Կարգն է, որդի, հիմի կտկլորցնենք, Կլողացնենք։
Կիկոս_(Ձեռքերը խաչած, անշարժ պառկած է սեղանին, տեղից միանգամից վեր է թռչում)_Ո՞նց տկլորացնեք, (Հանում են հագուստը, մնում է մարմնագույն, մերկության տպավորություն թողնող կիպ գիշերազգեստով)
Պապ_Հլը գնացե՛ք խունկ ու տեր հոր օրհնած ջուր բերե՛ք։
(Խունկ ու ջուր են բերում, սեղանակից տղամարդիկ խունկը ծիծաղելի շարժումով մտցնում են ականջների մեջ, խունկը ընկնում է, էլի են փորձում)
Պապ_Ամեն մեկդ մի թաս ջուր լցրեք վրան։
(Հերթով ջուր են լցնում հնարավորինս ծիծաղելի շարժումներով)
Պապ_Քարդ քաղած ըլնի,
Հողդ մարած ըլնի,
Դատաստանդ քաղցր ըլնի,
Գնալ ճանապարհդ բարի լինի,
Մնացածները բարի ըլնեն,
Դու էլ բարի մեռել ըլնես,
Չմոռանան քեզ….[2]
Սեղանակից_Օղորմածիկ հորս շատ բարև կանես, կասես քեզնից հետո կովը սատկավ, բայց հորթին պահել ենք։
Պապ_Եկեք հագցնենք մեր Կիկոսին, կնանիք գան. վերջին հրաժեշտի տան։
(Հագցնում են Կիկոսին. Գալիս են կանայք։ Հավաքում են ջուրը և խունկը, Կիկոսը, ականջները մաքրելով, միանում է կանանց։)
Միջնեկ մորաքույր_,Դու միանգամից թաղումը պատմեցիր, բա մանկություն, պատանեկություն, բան չե՞ս հիշում։
Կիկոս_Շատ բան չեմ հիշում, շատ էլ տեղյակ չեմ, հեռու եմ գրից ու գրականությունից։ Էս մեր պստիկ մոքորը թող ասի` հեչ ի՞նչ են գրում։
Կրտսեր մորաքույրը վերցնում է հեռախոսը,, պատին երևում են սոցցանցի էջերին գրված մեկնաբանություններ, տարբեր ձայներ են գալիս)
Ձայն 1_Կիկոսը մեր դասարանի գերազանցիկն էր։
Ձայն 2_Կիկոսը ծույլիկ էր, բայց լավ տղա էր։
Ձայն 3_Կիկոսը ընդդիմադիր էր։
Ձայն 4_Կիլոսը իշխանավոր էր։
Ձայն 5_Կիկոսը պողոսական էր։
Ձայն 6_Կիկոսը պետրոսական էր։
Ձայն 7_Կիկոսը պատրիոտ էր։
Ձայն 8_Կիկոսը ֆեմինիստ էր։
Պապ_մեղա~, մեղա~։
Մայր_Բա դու ի՞նչ ես հիշում, որդի։
Կիկոս_Ես հիշում եմ, որ հազար տեղ իմ մասին խոսեցին, բայց ինձ խոսք չտվին, մենակ Մալյանները ստիպեցին ճապոներեն սովորեմ, արտասանեմ։[3]
Կրտսեր մորաքույր_Ի՜նչ քյութ ա։
Միջնեկ մորաքույր_Բա հետո՞,, տղես։
Կիկոս_Հետո մի օր մայրս գնաց ջրի, նստեց ծառի տակ։
(Մայրը գնում է, նստում ծառի տակ)
Գընացի մարդի,
Ունեցա որդի,
Գըդակը պոպոզ,
Անունը Կիկոս․
Վեր ելավ ծառին,
Ցած ընկավ քարին․․․
Վա՜յ, Կիկոս ջան,
Վա՜յ, որդի ջան․․․
(Տատը և քույրերը գալիս, գրկում են, ու միասին գոռում)
_Վայ, Կիկոս ջան, վայ որդի ջան….
(Պապն է գալիս)
Մայր_Արի՜, արի՜ անբախտ պապի, տես` քո Կիկոսի գլխին ի՞նչ է եկել։ (Քարանում են, առաջ է գալիս Կիկոսը)
Կիկոս_Ու քանի որ Պապը արդեն որերորդ ներկայացումն է խաղում, էլ դես ու դեն չի ընկնում, թե բա` ի՞նչ որդի, ի՞նչ բան, մերն էլ չի ասում` գնացի մարդի, ունեցա որդի։Ու քանի որ սա մեջների հարիֆը, է՜, հանճարն էր, միանգամից անում է դարի լավագույն առաջարկը։
Պապ ( քարացած տեղից շարժվում է, գրկում, աղջկան)_Էդպես է աշխարհի բանը, աղջի՛կ ջան, դու դարդ մի՛ անի, եկեք Կիկոսի քելեխը տանք։ Ես հիմա զանգեմ ռեստորան։
Միջնեկ մորաքույր_Ես բարեկամներին զանգ տամ։
Կրտսեր մորաքույր_Ես ինստայում և ֆբ_ում պոստեմ։
(Արագ, արագ սեղան են դնում), նստում են առաջին տեսարանի պես նույնությամբ։
Պապը-(գլխարկն ուղղում է, վերցնում թարս դրած բաժակը, ոտքի կանգնում, նայում վերև, հանդիսավոր ձայնով կենաց ասում)_Բարեկամներ ջան, ընկերներ ջան, հարազատներ ջան, (հայացքն ուղղում է հանդիսաստեսին), հանդիսատես ջան, մենք հավաքվել ենք մեր սիրասուն, մեր աննման, մեր չտեսնված Կիկոսի քելեխը տանք, մի մի բաժակ օղորմաթաս խմենք։ Աշխարհի կարգն է, ու քանի մենք կանք, մեր հետ կապրի Կիկոսը հավերժ…..(Բոլորը բարձրացնում են բաժակները, օդում քարանում)
Առաջ է գալիս Կիկոսը։
Կիկոս_Էս էլ իմ պատմության նոր տարբերակն էր, հանդիսատես ջան։ Միշտ Ձեր`
Կիկոս։
Վարագույր
[1] Հատված հայ ժողովրդական սգերգից, որ երգվել է հուղարկավորության ժամանակ։
[2] Հայ ժողովրդական սգերգ։
[3] Ակնարկում է Հ. Մալյան թատրոնում բեմադրված ներկայացումը, որտեղ Կիկոսը ճապոներեն է արտասանում։