Անկախ Հայաստանում առաջին իսկ տարիներից գրքեր դժվարությամբ էին տպագրվում, որովհետև թուղթ չէր ճարվում, ֆինանսական միջոցներ չկային, տպարաններն այլ պատվերներ էին անում, գիրք տպագրելը ձեռնտու չէր, ալան-թալանի տարիներ էին…
Հետո եկավ մի պահ, որ գրքերը պարզապես տպագրվում էին, որովհետև շատ քչերն էին կարդում դրանք, հեռուստատեսությամբ ոչ ոք չէր խոսում դրանց մասին, թերթերը կարճ տեղեկատվություններով էին սահմանափակվում, գրախանութները գնալով փակվում էին, ու գրքերը մնում էին գրողի տանը, խորդանոցում կամ մեկ այլ տեղ՝ կապոցներով շարված, փոշոտ ու մոռացված… Ու երևի այդ պատճառով էր, որ գրքի վերահրատարակում հասկացությունը գնալով արխայիզմ էր դառնում, իսկ այն, որ դա կիրառվեր ժամանակակից հայ գրողի գրքի պարագայում, արդեն ֆանտաստիկայի ոլորտից էր…Անկախ Հայաստանի իրականության մեջ առաջինը ժամանակակից գրողներից վերահրատարակվեց Լևոն Խեչոյանի «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» պատմավեպը: 1995-ին հրատարակված այդ վեպը վերահրատարակվեց 2002-ին: Ընդ որում՝ դա, այսպես ասած՝ ֆինանսական հնարավորություններով թելադրված վերահրատարակություն չէր, այլ ընթերցողական պահանջ-պարտադրանք: Նույնը կատարվեց նաև գրողի «Սև գիրք, ծանր բզեզ» վեպի պարագայում: Վերջինի դեպքում խոսուն է այն հանգամանքը, որ դրա երկու օրինակները Ազգային գրադարանում այնքան էին ընթերցվել, որ ուղղակի քրքրվել էին՝ այլևս երբեք չվերականգնվելու աստիճան:Ընդհանրապես, Լևոն Խեչոյանի գրքերը ամենափնտրվածն են գրախանութներում ու ամենահարցվածներից մեկը գրադարաններում: Եվ ահա կրկին, արդեն երրորդ անգամ հրատարակվեց Լևոն Խեչոյանի «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» պատմավեպը, որում, ի դեպ, ուղղվել են նախորդ հրատարակություններում տարբեր պատճառներով սպրդած վրիպակները: Ամեն ինչից զատ, այս հանգամանքը վկայում է այն մասին, որ Խեչոյանը ստեղծել է մի գործ, որն իր գեղարվեստական բարձր մակարդակով ու գաղափարական հարցադրումներով մշտապես արդիական է և ժամանակի հետ չի հնանում: Անտարակույս, այդ պատմավեպը անկախության շրջանի հայ գրականության նվաճումներից է: Վեպի մասին բազմաթիվ հոդվածներ և ուսումնասիրություններ են գրվել, ուստի զերծ եմ մնում մեկնաբանություններից:Պարզապես նշեմ, որ 4-րդ դարի պատմական իրադարձությունների հենքով Լևոն Խեչոյանը յուրովի մեկնաբանում է նորագույն ժամանակների անկախ հայկական պետականության կայացման դժվարությունները: Այդ առումով վեպը նաև մեր ժամանակների մասին է՝ հասարակական, քաղաքական ու սոցիալական հարցերի առարկայական ճանաչելիությամբ: Վեպի խոր ենթաշերտերի ընկալումը կօգնի պատկերացնել մերօրյա իրականության բազմաթիվ հասարակական-քաղաքական խնդիրներ ու, պատմության փորձն աչքի առաջ ունենալով, առավել հստակ պատկերացնել դրանց լուծման ուղիները:«Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» պատմավեպն այն բացառիկ գրքերից է, որի ընթերցումն այսօր առավել քան պարտադիր է: Ի դեպ, վերընթերցումն էլ չէր խանգարի…
Գիրքը կարելի է ձեռք բերել Օպերա գրքերի տաղավարից
Արքմենիկ Նիկողոսյան | imYerevan.com