Երևանի գլխավոր փողոցներից մեկին զուգահեռ պստիկ մի անցուղու սպիտակ տունը մոմի մեղմ լույս և Էրիկ Սաթի էր արձակում։ Շինության ճակատը գրեթե ամբողջությամբ ապակուց էր, պատուհաններից մեկի ներսից շտապող անցորդների կարծրացած սրտերն իր հայացքով թրջում էր Լունան՝ արվեստանոցի պահապան կատուն։ Երես առածի մեկն էր, սակայն հաշվի առնելով ազնվական տեսքն ու շարժուձևը, նրա վարքագիծն արդարացված էր։ Բոլորս էինք սիրում, պաշտում Լունային, իհարկե, ոչ ավել քան Դիանան՝ նրա մարդկային մայրը։
Արդեն մի քանի ամիս էր, ինչ Դիանան ամեն ուրբաթ մեզ հավաքում էր իր արվեստանոցում․ գինի, կենդանի երաժշտություն (մեղա՜-մեղա՜, եթե այն այլ տեսակի էլ է լինում), արվեստի կամ արվեստով մարդիկ, գինու շշի հատակի պես խոր մտքեր, գույներ պատերին, օդում լարված զգացմունքներ, լավ օրեր, լավ մարդիկ, լավ հուշեր։ Դիանայի մոտ շատ մարդկանց հետ ծանոթացա՝ Սողոմոնի՝ ազատ իմպրովիզացիայի վարպետ, կոմպոզիտոր, List.am-ի կուրիոզ հայտարարությունների հավաքող, Փարփիի սարերի պահապան, Ճեմարանն ավարտած տանգոյի սիրահար և անհույս․․․ Գենան, Ճարտարապետներ Նարեկն ու Լևոնը, համակարգիչների մասնագետ, ինքնամփոփ գիրուկ Ժոզեֆը, եվրոպամիտ, ինստագրամում Լյուցիֆերի անունով հռչակված, կեղծ շիկահեր 18-ամյա Արուսյակը, գերմանացու հետ ամուսնացած 50-նն անց կարմիր շրթներկավոր կարճավարս Ռոզան, դե Ժակը՝ Դիանայի գիրուկ եղբայրն ու համատեղությամբ տանգոյի ուսուցիչը, և իհարկե, նկարչուհի, ձեռներեց Դիանան, որին հաջողվել էր այս տարասեռ ամբոխին տարածաժամանակային մի կետում պարբերաբար հանդիպացնել։
Ուրբաթն ուրբաթի հետևից՝ գինու մեկ շիշ ձեռքիս, նոր արկածների ու մտավոր ճամփորդությունների նախահամը լեզվիս, գնում էի արվեստանոց, որը դարձել էր այլ աշխարհներ տանող պահարանի դռնակը՝ այն կախարդական շեմը, որն անցնելով, այլևս երբեք նույնը չես։ Թեպետ արդյո՞ք երբևէ նույնն ենք․ վա՞ղը, մեկ ժամի՞ց, մեկ րոպեի՞ց։ Փոփոխությունից հաստատուն երևույթ չկա աշխարհում, բայց արվեստանոցի՝ իմ փոփոխությունները յուրահատուկ տեղ են զբաղացնում դարակիս մեջ։ Շատ չէի խոսում, գերադասում էի լսել։ Երջանիկ էի, որ վերջապես կա մի տեղ, որտեղ կարող եմ երկար լսել՝ առանց միջամտելու սուր ցանկության։ Այդ սենյակում ես հաստատ ամենախելացին չէի։ Ճիշտ սենյակ էր։
Չեմ ցանկանա ամեն մանրամասնություն պատմել արվեստանոցից՝ եթե հակիրճ՝ Սողոմոնը մի օր համերգ տվեց, գեղեցկությունից հուզվեցի, ապա հուզվեցի իմ՝ իր կատարողական մակարդակին հասնելու անհնարինությունից, կոտրեցի այդ մի պատը ներսում, ընդունեցի, որ մորս ու տատերիս հռչակած վունդեռկինդը չեմ, թեթևացա։ Դեռ նվագում եմ։ Ընկերոջս նկարիչ հայրը մի օր վարպետաց դաս անցկացրեց կոլլաժի թեմայով, կերպարվեստի հետ առաջին հարաբերություններիցս էր, հավանեցի, դեռ չեմ հանդգնում նկարել։ Մի օր քաջություն կհավաքեմ։ Մի օր էլ կիթառը վերցրի, մի քանի թարմ-թարմ սովորած ակորդներով երգերիցս մեկը կատարեցի, ոնց որ թե հավանեցին։ Ոնց որ թե դեռ երգում եմ ու սիրում եմ այդ գործը։
Այս բոլոր դիպվածները՝ մի կողմ, մի հյութալի սիրային պատմություն կար արվեստանոցում, դե ու՞ր առանց դրա։ Ճարտարապետ Նարեկը սիրում էր Դիանային, այնքան ակնհայտ ու անհույս էր սիրում, որ Դիանայի ստվերի պես՝ չէ ստվերի պոչի պես հետևում էր նրան ամենուր։ Դե ճարտարապետ էր, հաշվարկներ էր արել, նախագիծ, հատակագիծ, նյութը, ժամանակը, բայց․․․ Դիանան կա՛մ իր զգացմունքները բոլորի մոտ չէր սիրում արտահայտել, կա՛մ էլ դրանք իսպառ բացակայում էին։ Նկարչուհին չկարողանա զգացմո՞ւնք արտահայտել՝ չլսված բան է։ Նարեկը չէր հասկանում՝ որտե՞ղ է հաշվարկների մեջ սխալվել, չէր հասկանում կամ էլ չէր կարողանում ընդունել։
Մի օր մեր խմբակին են միանում Լեննականցի Կարոն ու Կիրովականցի Լուսինեն։ Զույգ էին, մի քիչ արվեստի մեջ, մի քիչ բիզնեսի, լավն էին, զիլ մարդիկ էին։ Մի քանի ուրբաթ անց, որոշում ենք Թիֆլիս գնալ բոլորով, մի գիշեր մնալ, պտտվել, խմել, վայելել՝ կարճ ասած արվեստանոցյան ուրբաթ Թիֆլիսում։ Որպես խմբի երիտասարդներ՝ ինձ ու Արուսյակին թևերի մեջ նոր ուժ առած թռչնակների նման Ռուսթավելիի մեր բնից դուրս նետեցին (մենք միայն կողմ էինք)՝ թե գնացեք ման եկեք, ձեր տարիքն է։ Արուսի հետ մի լավ քայլում ենք քաղաքով, մինչև երեկո զրուցում ենք, լավ աղջիկ էր՝ իր դեռ այն ժամանակ քնած բարի լկտիությամբ, բայց որպես տղամարդու ինձ չգերեց, և լավ էր, այդ երեկո գինու կարմիրը տեղին չէր, երբ կար ճաճայի ոսկեգույնը։ Կարոյի ու Լուսինեի հետ մտերմացանք, Ռոզան ինձ շատ էր գովում, մեկ աղջիկ ուներ, երևի դարձել էի իր բացակա երևակայական որդին, Նարեկը Դիանային էր նայում, Դիանան՝ Թիֆլիսին, Թիֆլիսն էլ գրկաբաց՝ բոլորիս։ Կարմրամորուս Ճարտարապետականի դասախոս և կրկնուսույց Լևոնը՝ չեմ հիշում եկել էր թե չէ, բայց հավատացեք նա հիշարժան երևույթ է։
Երբ վրացական բազմաձայնույթը սրտներումս վերադարձանք Երևան, մի քանի օր անց Կարոն ու Լուսինեն հայտնեցին գեղեցիկ լուրը՝ շաբաթ օրը նշանվելու էին Գյումրիում և բոլորիս հրավիրում էիր իտալական Ռինաշիմենտոյի մայրաքաղաքի վերածնված՝ անգլիական տարբերակով անվանումը կրող ռեստորան՝ առիթը կիսելու (Ներսում՝ ամեն ինչ հայկական վերածննդի ոճով էր)։ Արագ ինքնակազմակերպվեցինք, Կարոն պապի հյուրանոցում բոլորիս սենյակներ էր պատրաստել, ուրախ-զվարթ ճամփա ընկանք։ Ոչ ավանդական հայկական փորով Ժոզեֆն առանձին նստարանի էր նստել, Լևոնը զույգ նստարանն իրենով էր արել, Ռոզան և ես իրար կողք նստած ամբողջ ճանապարհին զրուցում էինք։ Նարեկն ու Դիանան վարորդի կողքն էին նստել՝ Նարեկը նայում էր Դիանային, Դիանան՝ Արարատին, Արարատը՝ մեր փայլուն Սպրինտերին։
Առաջին անգամ էի Գյումրիում, հարազատ թվաց, Թիֆլիսին էի նմանեցնում։ Հորս թիֆլիսահայ կողմը խառնվել էր մայրական պապիս հոր՝ ալեքսանդրապոլյան կողմին ու ինձ՝ տանը զգալու ջերմ զգացողություն պարգևել։ Տեղավորվեցինք Կոմա պապի նույնանուն հյուրանոցում (եվրոպական ստանդարտներով դժվար կլիներ հյուրանոց կոչել, բայց կոկիկ էր, հարմարավետ), Կիլիկիա բիստրոյում բոլորս բացի Ժոզեֆից մեր կյանքի լավագույն շաուրման համտեսեցինք, դե նա շաուրմա չէր ուտում (ի՞նչ), քայլեցինք հինունոր Գյումրիով, Գոռկի պարկ (Մինչ օրս «Կարիճների» երգի տողն եմ երգում մտքումս, երբ մտնում եմ այգի), Թումո, Կիրով, Յոթ Վերք, երկդեմ Մայր Հայաստան։ Սիրուն օր էր՝ խոստանում էր ավելի սիրուն երեկո։
Երեկոյի մթի նուրբ քողի հետ մեր կանանց սլացիկ մարմինների վրա իջան նրբագեղ զգեստները, մեր՝ հայ տղամարդկանց թփոտ կրծքավանդակները սկսեցին վերնաշապիկներ զսպել, ժպիտը չէր լքում մեզ․ միայն Նարեկն էր հատուկենտ խոժոռվում՝ Դիանայի հայացքը որսալ ունակ չլինելու անեծքից։ Հասանք ռեստորան, շնորհավորեցինք նշանառածներին, տեղավորվեցինք սեղանի շուրջ, Դիանան՝ սեղանի գլուխ, Նարեկն ու Լևոնը իրար կողք, ես, Ռոզան, Ժոզեֆն էլ՝ իրար։ Օղու բաժակները՝ սկզբում կենացներին զուգահեռ, ապա՝ անհամաչափ թափվում էին մեր բերանները, ամեն ինչ լավ էր, ճառասացի առաքելությունը մյուսների անգործության հետևանքով ստանձնեցի ես․ կերուխում, պար, ուրախություն։ Լեննականցիները իրոք քեֆ անել գիտեն, լոռեցիներն էլ քեֆ անող լեննականցիներին համով քննադատել։ ՇՇերի և երկհարկ մրգամանների արանքից Նարեկը նայում էր Դիանային, Դիանան թախծոտ հիացմունքով՝ նշանառածներին, նրանք էլ բոլոր մնացածին, սակայն միայն իրար էին տեսնում այդ երեկո մինչև․․․ Նկատեցի, որ Լևոնը՝ Վահագն աստծո ճիշտ ֆիզիկական մարմնավորումը՝ հյուրերից մեկի բալիկին այնքան ուժեղ է օդ շպրտում ու բռնում, որ խեղճի գլուխը առաստաղին է անընդմեջ հարվածում։ Երեխան մորը ուզեց, երեխայի մայրը՝ երեխայի հորը, դե նա էլ՝ Լևոնին։ Դիանան միջամտեց, Լևոնին նստեցրինք սեղանի մոտ, Նարեկը մի երկու բառ ականջին աղմուկի մեջ շշնջաց, հոնքերը մանկան պես կիտեց, հանդարտվեց։
Միջադեպը ոչ բոլորն էին նկատել, քեֆը շարունակվում էր, հանդիսավարը խաղ առաջարկեց՝ մասնակիցներից յուրաքանչյուրին տրվելու էր մի երկիր և այդ երկրի երաժշտության ներքո նա պարտավորվում էր պարել։ Ինձ Իսպանիան ընկավ, բաչատայի մեկ դասն օգնեց կատարյալ խայտառակությունից խուսափել։ Դիանային Ֆրանսիան ընկավ, Մուլեն Ռուժն անցավ աչքերիս առջև, Ժոզեֆին Ռուսաստանն էր ընկել, մի երկու անգամ կքանստեց, լայն ժպտաց, ժպիտը փրկեց, անցանք առաջ։ Լուսինեի երիտասարդ բարեկամուհուն Ամերիկան ընկավ, սկսեցին մի քանի օրիորդով աշխույժ, բայց նամուսն ապահով պարել, գլուխս մի պահ շրջեցի, որպեսզի արդեն մեկ ժամ դիմացս հավաքած օղու շշերից մեկից բաժակս լցնեմ, մեկ էլ տեսնեմ Լևոնը Մայքլ Ջեքսընի անտրամադիր իռլանդացու եղանակով մտերմիկ պարի է բռնվել օրիորդների հետ։
Զուգարանի փակ դուռ, լսվում է Կարոյի թավ ձայնը, միայն Կարոյի ձայնն է լսվում, դա շատ վատ է։ Փորձում եմ բռնակին համոզել, որ ներս թողնի, կողպեքը ձեռքը բռնել, չի թողնում։ Հետո Կարոն լսում է ձայնս, ինքն էլ չի թողնում։ Մի կերպ համոզում եմ։ Ասում է, որ պիտի դուրս գան, հարցերը լուծի։ Գլխավոր մուտքի դիմաց ենք, Լևոնին օձիգից բռնել գրեթե գետնից կտրած թափ է տալիս։ Բաժանեցի, Կարոյին խնդրեցի, որ ինքն իր տոնը չփչացնի, խոստացա, որ առանց հավելյալ միջադեպերի կհասցնեմ հյուրանոց։ Մի կերպ էի զսպում իսպանական ամոթս, Կարոն էլ՝ հայկական տաքարյունությունը։ Տեղի տվեց, հասկացումով լի հայացքով փոխանակվեցինք։ Լևոնի ընկերն ու գործընկեր Նարեկը չկար, երևի Դիանան բարկացած դաս էր տալիս ներսում։ Նարեկին դուր էր գալիս․ սիրելիի հետ առանձին մնալու միակ տարբերակն էր, և չնայած զգացմունքների խիստ անբարենպաստ բնույթին, նա պատրաստ էր դրանք հոգով և ինչու չէ մարմնով ընդունել։ Նարեկը եկավ, ասացի, որ տաքսիով շտապ հյուրանոց տանի կիսագիտակից ընկերոջը, խոհեմ լսեց տասնինամյա տղային։ Կանանց համար ինքս մեքենա կանչեցի, Դիանային հանգստացրի, Ռոզան էլ ավելացրեց, որ այդպես էլ է լինում, ոչինչ։ Մեքենայի դուռը փակելն ու հեռախոսիս անջատվելը մեկ եղան։ Ալկոհոլի (Լևոնին հավասար խմել էի), բարձր երաժշտության և տրագիկոմեդիայի ազդեցության ներքո չէի հասկացել, որ իմ շատ երևանյան մոխրագույն երկարաբաճկոնն ու շոտլանդական կեպին հագած՝ գիշերվա կեսին առանց մեկ կոպեկի կանգած եմ ինձ անծանոթ քաղաքի կենտրոնում և պետք է հասնեմ մեր արվարձանային փոքրիկ հյուրանոցը։ Խուճապի չմատնվեցի, հասա մտքումս տպավորված հրապարակը, մոտավոր ուղղություն բռնեցի, սկսեցի ճոճվելով քայլել, զգաստանում էի, երբ կողքովս կարմիր բերետավորներ էին անցնում։ Հետաքրքիր է, այդ ժամանակ դեռ չէի ծառայել բանակում, բայց բնազդաբար զգում էի աստղերից եկող կեղտոտ ու լուռ վտանգը։ Քաղաքը հետին կարգով բացահայտելով՝ հասա հարազատ տեղեր՝ ահա Կիլիկիա բիստրոն, մի քիչ էլ, ու պետք է, որ հասնեի։ Արբած գիշերվա թմբիրից հեռվում երկու ուրվագիծ նշմարվեցին։ Երերուն ուրվագծեր էին։ Լևոնն էր Նարեկին կես գոռոց-կես խոսքով սփոփում, թե Նարեկը Լևոնին՝ այդպես էլ չհասկացա։
— Էս ինչո՞ւ եք դուրսը։
— Ախպեր, նայի՛ ինչ սիրուն աստղազարդ երկինք ա։
— Նարեկ ջան, արի ներս ուղեկցենք մեր էստետ ընկերոջը, իրա համար հիմա սենյակում էլ աստղերը գեղեցիկ կլինեն։
— Մի հինգ րոպեից կգանք, մաքուր օդի ենք դուրս եկել․ – պատասխանեց Նարեկը։
Գնացի ներս, Ժոզեֆը թևերը աթոռի բռնակներին հառած վեր թռավ քաղցր քնից։ Խիղճս տվեց, շատ մանկամիտ խոսք ուներ, բայց փառք Աստծո գոնե իրեն կարողանում էր խմած տիրապետել, երևի քաշից էր։ Մի երկու բառ փոխանակեցինք, Նարեկն ու Լևոնը եկան։ Սենյակի երեք աթոռները քիչ թե շատ սթափերովս գրավեցինք, Լևոնին մահճակալը հասավ, մի քանի րոպե ջանում էր ձևացնել, որ մասնակցում է զրույցին, ապա մատը օդ ցցելով՝ հայտարարեց, որ քնել է ուզում, կտրուկ նետվեց բարձի վրա, անկողնուց շուռ եկավ գետնին, ուժ չունեինք մոտենալու, ոչ էլ ցանկություն․ հինգ րոպեից դատարկ խոսակցությունը համեմվեց խուլ խռռոցներով։
Անպատասխան սիրո իմ հերթական պատմությունը նոր էր վերջացել, դեռ թարմ էր վերքը, զգացի, որ թարմ ու հլու ականջ․․․ չէ՝ երկու զույգ ականջ եմ գտել, սկսեցի կիսվել, ամբողջը պատմեցի, Նարեկը մեկ-մեկ իր հետ զուգահեռներ տանելով (չնայած որպես իր մտերիմ ընկերոջ հետ պատահած դեպք էր ներկայացնում իր ու Դիանայի պատմությունը), սկզբում հաստատում էր խոսքս, ապա փորձեց հավելումներ անել, չստացվեց, վերջում՝ միայն հարցեր էր տալիս ու խորհուրդ հարցնում։ Ժոզեֆը քիչ էր խոսում, բայց հայացքից զգացվում էր, որ սա գուցե կնոջ և սիրո հետ իր ամենամոտ առնչությունն էր։
Այսպես եղավ, որ լուսացող Գյումրվա փոքրիկ մի հյուրանոցում տասնինամյա տղան՝ ինքը դեռ խակից էլ խակ, երեսունն անց մոլորյալներին սիրո դասեր էր տալիս։ Խոսքերը կրքոտ էին, պատմությունները՝ հյութեղ։ Սիրտն իսկապես բացել էր նրանց առջև և նույնիսկ Նարեկի հուսահատ հայացքն ու Լևոնի հույսերով լի խռմփոցը չէին կարող խաթարել իր զգացմունքների՝ խոսքերի վերածվելու հոսքը։
Մեկ տարի անցավ, Հունաստանում էի, Քովիդ, համաշխարհային հիստերիա, Դիանան անվերադարձ փակեց արվեստանոցը, տխրեցի հեռավոր տնից ստացված լուրից։ Հետո պատերազմ, կորուստ, կորուստ, կորուստ։ Մի քանի անգամ պայմանավորվում էինք հանդիպել խմբով, չէր ստացվում։
Մի քանի օր առաջ Արագածի լանջերով քայլում էինք, Գենան կար, ընկերոջս նկարիչ հայրը։ Վերջինին պատմեցի Գյումրվա կուրիոզը, ասաց․
– Նարեկին շատ էի տեսնում փողոցում, միշտ Դիանայից էր հարցնում։ Դե ես էլ առանձնապես տեղեկություններ չունեի։ Մի օր Դիանան գրեց, որ միջոցառումներից մեկի ժամանակ ինչ-որ լուսատեխնիկ էր եկել, աչքով հոնքով էին արել միմյանց։ Ամուսնանում են, գնան Բելգիա։ Ու եղավ, հիմա Բելգիայում են։
– Պահո՛, տեսնես Նարեկը ո՞նց տարավ։
– Գիտես, տղամարդկանց տեսակ կա, որ ընտրում է այդ ցավագին, հիվանդագին կապվածությունը, ուրիշ բանի քաջություն չունեն, ստվերի պես կնոջ պոչից հոտոտելով գնում են։
– Գիտե՞ք չէ, Լևոնը քրոջս կրկնուսույցն է, քույրս պատմեց՝ ոնց էր մի օր հարբած եկել դասի, էդ օրվանից իրենց հերոսն ա դարձել․․․