«Քո արվեստը դպրոցում» ծրագրով այս անգամ այցելել էի Կոտայքի մարզի Նոր Արտամետ գյուղի միջնակարգ դպրոց: Մաքուր օդով ամառանոցատիպ գյուղ է, նախկինում այստեղ է գտնվել ԳԱ կիրառական կենդանաբանության կենտրոնը, որը զբաղվում էր վայրի կենդանիների բուծմամբ։ Դպրոցի շինությունը ինքնատիպ կառույց է, շատ տարբեր խորհրդային ճարտարապետության նմուշ այլ դպրոցներից: Հետագա խոսք ու զրույցի ընթացքում տնօրենից տեղեկանում եմ, որ դպրոցը կառուցվել է 1998 թվականին՝ եվրոպական ինչ-որ ծրագրի շրջանակներում: Իրականում յուրօրինակ տեսքով դպրոցը այդքան էլ հարմարավետ չէ. դասասենյակները չափազանց փոքր են, դպրոցը չունի ո՛չ միջոցառումների, ո՛չ մարզադահլիճ: Փոխարենը այստեղ փայտագործության հրաշալի ավանդներ ունեն, տղաները տարբեր տեսակի փայտե քանդակներ ու այլ իրեր են պատրաստում: Դասաժամերի մի մասը դիմացի փայտաշեն կառույցում են անցկացնում, որը սակայն բավարար պայմաններ չունի։ Դասասենյակը, որտեղ հանդիպում եմ երեխաներին հետ, իրոք չափազանաց փոքր է, ընդամենը 4 նստարան է տեղադրված, բայց հենց այս փոքր շենքում, սակավաթիվ աշակերտներով դասարանում եմ հանդիպում ամենալավ դպրոցականներին՝ Մերիին, Մերիին, Անիտային ու մյուսներին: Պարզ, անմիջական, չափազանց ընկալունակ, խելացի ու կարդացող երեխաներ են սովորում այս դպրոցում՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ սովորելու համար մեծ ու ընդարձակ դասասենյակները գուցե հաճելի, բայց միակ ու ամենակարևոր պայմանը չեն:
Ճիշտ է, ժամանակակից գրականության մասին պատկերացումները նախորդ դպրոցների պես այստեղ էլ են հիմնականում բացասական, բայց թե ինչ գրքերի անուններ են տալիս աղջիկները՝ մեկը մեկին հերթ չտալով, կարելի է պարզապես խնդություն ապրել. Լև Տոլստոյ «Աննա Կարենինա», Ջեյն Օսթին «Հպարտություն ու նախապաշարմունք», Էրիխ Մարիա Ռեմարկ՝ «Հաղթական կամար», «Երեք ընկեր», Ժյուլ Վեռնի «Կապիտան Նեմոյի արկածները» և այսպես շարունակ….
Աղջիկները նաև ստեղծագործում են, Մերին ինձ հավաստիացնում է, որ ոչ ավել, ոչ պակաս, ինքը դրամա է գրել, իսկ Անիտան՝ ֆանտաստիկ պատմվածք, դեռ չեմ ընթերցել, եթե ուղարկեն, խոստանում եմ տպավորություններով կիսվել ձեզ հետ 🙂
Նոր Արմատետի ամենախելոքներն ինձ հույս են ներշնչում, որ ամենահեռավոր գյուղերում անգամ մենք կարդացող ու մտածող երեխաներ ունենք, ու սխալ են այն մարդիկ, ովքեր կարծում են, որ գիրք կարդալն այսօր մոռացված ու հին զբաղմունք է:
Դասաժամին ընթերցվել են ստեղծագործություններ՝ Գարնանային գլխապտույտ, Հայաստան՝ սա իմ երկիրն է, Սիրային բանաստեղծություններ՝ գրված անպատեհ ժամանակներում բանաստեղծական շարքերից: