Գրախանութի տիրուհին մեզ դիմավորում էր կառամատույցում: Ակնոցով էր ու այնքա՜ն էր շպարված, որ մտքովս անմիջապես անցավ․ քսվում է առանց ակնոցի ու չափն անցնում է, հետո դնում է ակնոցն ու, առանց իրեն հայելու մեջ նայելու, վազում գործի: Գործարար կանայք այդ սինդրոմն ունեն:
Դա արևմտագերմանական այն փոքրիկ քաղաքներից էր, որոնց անվանումն ավարտվում է «բադենով»: Այդ անգամ ելույթներն այնքան շատ էին, որ մի տեսակ կպել էին իրար․ քաղաք, ակումբ, համալսարան, գրախանութ, գնացք ու նորից՝ նոր քաղաք, նոր գրախանութ: Գրքային մարդիկ մարդկության հատուկ, իմ սիրելի տեսակն են: Պարտադիր չէ, որ դրանք լինեն գրախանութների տնօրեններ, կարող են լինել վաճառողներ, տարածողներ, նույնիսկ՝ խանութի հավաքարարներ: Ես կանխավ սիրում եմ նրանց, բոլորին միասին, բայց այս մեկի դեմքը մի քիչ էն չէր: Վարսավիրանոցում սանրված շիկահեր էր, գլխին՝ անձրևից պաշտպանվելու պլաստիկից թասակ: Փոքրիկ չոր բերանում մեծ, արհեստական ատամներ, ճակատին ու քթին՝ գրիմով լղոզած ու դիմափոշով ծածկած պզուկներ: Ժպտում էր կեղծ ու ծվծվալով ճռվողում:
Հաննան թարգմանում է: Մենք շատ նուրբ փոխըմբռնում ունենք․ Հաննան գիտի, որ ես հասկանում են գերմանական «մովու»-ն և թարգմանում է այն ժամանակ, երբ զգում է, որ ես այնքան էլ չեմ ուզում շփվել:
– Մենք Ձեզ այնքան էինք սպասում, այնքա՜ն էինք սպասում: Ձեր հրատարակչությունը դեռ անցած տարի էր խոստացել, որ Դուք կգաք: Մեր գրախանութը շատ փոքր է, պստիկ տարածքով, Ձեր ելույթի համար մենք վարձել ենք մեծ դահլիճ՝ իմ ընկերուհու մոտ: Նա երաժշտական գործիքների խանութ ունի, հիմնականում՝ դաշնամուրների, և ունի մեծ, հրաշալի շենք: Մենք հիանալի դաշնակահարի ենք հրավիրել՝ լավագույնն է քաղաքում և հրաշալի համերգային ծրագիր ունի:
Քիչ թե շատ հասկանալի է՝ գոյություն ունի խարդավանք, որին մասնակից են գրախանութի և դաշնամուրի խանութի տիրուհիները, երաժիշտն ու էլի ինչ-որ մեկը: Ես մասնակցում եմ երաժշտական գործիքների գովազդային արշավին, ու ես ատում եմ այդ ամենը: Մեզ օգտագործում են: Որքան ավելի լայն է ժպտում գրախանութի տիրուհին, որի անունը Հաննելոպե է, այնքան ավելի քիչ է նա ինձ դուր գալիս:
– Հյուրանոցն այստեղ է, կայարանից երկու քայլի վրա, բայց կարող ենք տաքսիով գնալ,- առաջարկում է նա:
Մենք քայլում ենք անձրևի տակ ոչ թե մի երկու քայլ, այլ բավական շատ՝ տնտեսում է ճարպիկը: Հյուրանոցն էլ, կպարզվի, ամենավատն է, որ կարող է լինել արևմտյան այս կողմում: Իրականում ես դեմ չեմ փոքրիկ սենյակի՝ դեռահասի մահճակալով և համատեղ ցնցուղով ու սանհանգույցով, որտեղ հետույքդ հազիվ է տեղավորվում լվացարանի և սրբիչների չորանոցի մեջտեղում:
Ճանապարհին Հաննելոպեն հասցնում է ասել․
– Լսե՞լ եք, որ Թել-Ավիվում պայթյուն է եղել դիսկոտեկում:
Մենք այդ մասին արդեն լսել էինք:
– Հասկանո՞ւմ եք, թե հիմա դրան ինչ կհաջորդի,- տրտմալից հարցնում է Հաննելոպեն:
Մենք չենք հասկանում:
– Սարսափելի ակցիաներ կլինեն: Իսրայելցիները նորից կքանդեն պաղեստինցիների տները: Եվ նորից հազարավոր վիրավորներ, անտուն մարդիկ․․․ Խեղճ պաղեստինյան ժողովուրդ:
Մենք նորից իրար ենք նայում՝ հետաքրքիր տեսակետ է:
Հյուրանոցը ցնցող էր, պարզապես՝ չտեսնված: Կարծես ինքը՝ Օսկար Ուայլդն էր այն հորինել․ անգլիական, կամ, ամենաքիչը, անգլիական ձևացող կահույք, արքայական շուշաններ «յուգենդշտիլ» ծաղկամաններում, պատերին՝ արտասովոր շրջանակներով օֆորտներ: Մեզ դիմավորում է մի երկարամազ երիտասարդ՝ թախծագորով դեմքով, գեղարվեստական հագուկապով, պարսկական վարունգներով մետաքսե շարֆով: Մյուսը, նրա նման գեղեցիկ, բայց սևամորթ, դուրս է գալիս վերելակից և բարեհամբույր ժպտում: Ես ու Հաննան իրար ենք նայում․ էս ինչ գեյ ակումբ է: Շարֆովն ասում է․
– Դուք պատվիրել եք երկու համար, բայց մենք կարող ենք տրամադրել մեկ երկտեղանոց:
Ես ու Հաննան ոճով նման ենք․ երկուսս էլ կարճ սանրվածք ունենք, պարզ, սև հագուստ, և ակնոցով ենք: Ճգնակյացի տեսք ունենք, բայց երկտեղանոց համար մեզ պետք չէ: Այստեղ մեզ յուրայինի տեղ դրին: Սխալ է, բայց վիրավորական չէ:
– Շնորհակալություն, մեզ միանգամայն հարմար են առանձին համարները:
Գնում ենք մեր համարները: Իմ սենյակն ապշեցուցիչ գեղեցիկ է, ամեն ինչ՝ նորաձև ու շքեղ: Ամեն ինչ՝ մի քիչ չափազանց: Բայց մի բան պակաս է: Զուգարանը: Սենյակում ոչ լողասենյակ կա, ոչ զուգարան: Այդպես չի կարող լինել: Այսպիսի շքեղություն և զուգարանը միջանցքո՞ւմ: Զանգում եմ Հաննային: Գալիս է: Մենք շվարած ենք: Դուրս եմ գալիս սրահ՝ հասարակական զուգարան, ցնցուղ փնտրելու: Ոչ մի այդպիսի բան չկա: Սեղանիկներ, փոքր բազմոցներ, ծաղիկներ՝ կան: Եվ շատ:
– Հիմա կզանգեմ,- ասում է Հաննան և ձեռքը վերցնում լսափողը:
Այդ ընթացքում ես բացում եմ եռափեղկ պահարանի դուռը, որպեսզի կախեմ անձրևանոցս: Մեջտեղի դուռը լողասենյակի մուտքն է: Այն էլ ինչպիսի՜․ թարմ ծաղիկներով և արդուզարդի պարագաների ամբողջական հավաքածուով՝ ներառյալ խալաթն ու դեմքի քսուկը:
Ուտել մենք արդեն չենք հասցնում, գնում ենք դաշնամուրի խանութ, որը բոլորովին հեռու չի: Ցերեկը եղանակը պարզապես վատն էր, իսկ հիմա՝ մղձավանջային․ անձրևին ձյուն էր խառնվել ու այդ ամենը թռչում էր բոլոր կողմերից՝ վերևից, ներքևից, կողքից: Մրրիկ էր։
– Մարդ չի գա,- գոռում եմ ես Հաննայի ականջին:
Նա գլխով է անում:
Շքեղ խանութ է: Սև, սպիտակ, համերգային, կաբինետային ռոյալներ: Դաշնամուրներն այստեղ օրապակաս են թվում: Սրահը երկհարկանի է՝ երկրորդում պատկերասրահ է կամ ձմեռային այգի, որտեղ, բույսերի արանքից, երևում է փողային գործիքների պղինձը: Սպիտակ սմոքինգներով մատուցողները գինու գավաթներ են բաժանում: Հասարակությունը տարիքով է, սոլիդ, տիկնայք թանկարժեք զարդերով են, տղամարդիկ շատ չեն, բայց բոլորն անթերի են, ինչպես օպերայի պարտերի հաճախորդները:
– Իմ կարծիքով մենք սխալ տեղ ենք ընկել,- շշնջում եմ ես Հաննային:
Նա ժպտում է:
– Ճիշտ տեղում ենք, մի անհանգստացիր, մեր գործը կանենք․․․
Փոքրիկ սև զգեստով, ուժեղ գրիմով, արհեստական խոշոր մարգարիտներով Հաննելոպեն ինձ ծանոթացնում է երաժշտական խանութի տիրուհու հետ՝ շա՜տ բարձրահասակ, տղամարդու դեմքով ոչ երիտասարդ կին՝ մորթուց թիկնոցով։
Նա հայտնում է, որ ամբողջ գիշեր կարդացել է իմ վեպն ու արտասվել:
Ուզում եմ ասել, որ ես իր համար չեմ գրել, բայց լրիվ ուրիշ, վերամբարձ մի բան եմ ասում․
– Արցունքները մաքրում են հոգին, ճիշտ չէ՞:
– Օ, այո, այո,- նա միանգամայն համաձայն է ինձ հետ: Հաննելոպեն քաշելով ինձ մոտ է բերում փոքր ու վտիտ մի պատանու:
– Ծանոթացեք՝ իմ որդեգիր Իբրահիմն է:
– Շատ հաճելի է, Իբրահիմ:
– Հաջորդ տարի դպրոցն ավարտում է, գրականագիտություն է ուսանելու,- փայլում է Հաննելոպեն։
Նա պաշտամունքով տղային է նայում: Ծուռտիկ տղան թաքուն շոյում է մոր ուսը:
– Իսկ մեր երկրորդ տղան՝ Մոհամեդը, տարիքով մեծ է, բայց ավելի ուշ ենք որդեգրել: Հիմա Ֆրանսիայում է, պրակտիկա է անցնում: Այս տարի է ավարտել ինստիտուտը: Ափսոս, որ այստեղ չի, նա նույնպես Ձեր ընթերցողն է:
Տղան հետ է քաշվում, նա լուրջ կաղում է, երևի պոլիոմելիտ է:
Նա դեռ ինձ դուր չի գալիս, էդ Հաննելոպեն, բայց զարմացնում է, շարժում հետաքրքրությունս ու զարմացնում:
Հյուրերը հավաքվեցին: Նրանք եկան՝ չնայած զզվելի եղանակին: Այսպիսի եղանակին ես չէի գնա հանդիպման նույնիսկ Ուիլյամ Շեքսպիրի հետ: Նստում են սպիտակ աթոռներին: Ֆրակով երաժիշտը նստում է սպիտակ ռոյալի առաջ: Շուբերտ:
Հաննան, սիրելի ընկերուհիս, շշնջում է․
– Արի «Ընտրյալ ժողովուրդը» կարդա:
«Ընտրյալ ժողովուրդը» աղքատների մասին է: Ես ու Հաննան չենք սիրում հարուստներին: Չենք սիրում բուրժուականությունը, քաղաքական վերնախավին, պատկառելիներին: Հոգով մենք ձախական ենք: Այսօր մեզ հրավիրել են նրանք, ում մենք չենք սիրում:
Երաժիշտը նվագում է, հասարակությունը լավ ունկնդրում է: Գերմանացիները զարմանալի երաժշտական են, համարյա՝ վրացիների պես: Միայն թե վրացիները երգելու վարպետ են, գերմանացիները՝ լսելու: Մերոնքականներ էլ կան․ ուսանողների մի խումբ նստել է պատկերասրահ տանող աստիճաններին: Ահա մի քանի մարդ ևս՝ սվիտերով ու ջինսով: Շատ մարդ կա: Դահլիճը լիքն է:
Հետո մենք սկսում ենք կարդալ․ ես՝ փոքր կտոր ռուսերենով, Հաննան՝ մի պատմվածք գերմաներենով: Մենք դա անում ենք սովորականի պես, թեթև: Հետո՝ հարցուպատասխան: Հարյուրերորդ անգամ՝ նույնը: Նոր հարց հազարից մեկ է լինում:
Հետո մեզ հրավիրում են ընթրիքի: Նեղ շրջանակով՝ միայն գրախանութի աշխատակիցներն ու մենք: Նստած ենք ռեստորանում, ինչ-որ նկուղում: Յոթն ենք՝ ես ու Հաննան, Հաննելոպեն ու նրա չորս աշխատակից-վաճառողուհիները: Քառասնամյա, կոստյումներով, առույգ, աշխատող կանայք են՝ ինձ շատ հասկանալի:
– Ձեր խանութը վաղո՞ւց կա,- հարցնում է Հաննան:
Նրանք սկսում են միաժամանակ ու աշխույժ ճռվողել, ու ես դադարում եմ ինչ-որ բան հասկանալ: Հաննան թարգմանում է․
– Խանութը գոյություն ունի վաղուց, ութ տարի առաջ տերը որոշեց վաճառել այն և բոլորը շատ անհանգիստ էին՝ կպահպանվե՞ն իրենց աշխատատեղերը: Հետո պարզվեց, որ գրախանութն ընդհանրապես պատրաստվում են փակել ու այդ տեղում ոչ այն է՝ օծանելիքի, ոչ այն է՝ կոշիկի խանութ բացել: Մենք շատ էինք տխրել․ լավ հաճախորդներ ունենք, մեր գնորդները ճանաչում են միմյանց, կարող են գալ պարզապես գրքերի մասին զրուցելու: Սա վաղուց արդեն ակումբ է, ոչ թե՝ առևտրի կետ: Ու մենք որոշեցինք խանութը հետ գնել: Հավաքեցինք մեր ամբողջ խնայողությունները, բայց դա բավարար չէր: Այդ ժամանակ Հաննելոպեի ամուսինը գրավ դրեց ժառանգություն ստացած հողը, ու հերիքեց: Առաջին երկու տարին հազիվհազ էինք գոյատևում, բայց հիմա գործերը լավ են գնում․ պահպանեցինք և՛ խանութը, և՛ մեր փոքրիկ կոլեկտիվը:
Նրանք հենց այդպես էլ ասացին՝ կոլեկտիվը:
– Իսկ Հաննելոպեի ամուսի՞նը, ստացա՞վ փողերը, հողը չկորցրե՞ց: Հաննելոպեն աշխուժանում է․
– Օ՜, իմ ամուսինը: Հողը չկորցրինք, մենք ժամանակին ներդրեցինք գումարը: Էրիկը, էդ ամեն ինչից բացի, անում է մեր ամբողջ հաշվապահությունը: Հասարակական կարգով: Հիմա կգա իմ Էրիկը:
– Օ՜, մե՛ր Էրիկը,- նորից ճռվողեցին վաճառողուհիները:
Ու Էրիկը գալիս է՝ ոսկրոտ հսկա՝ գագաթին երեք մազ, պատի պես խուլ․ երեխա ժամանակ Ֆրանկֆուրտում ընկել է ռմբակոծության տակ ու լսողությունը կորցրել: Բարեբախտություն է, որ այդ ժամանակ նա արդեն խոսել գիտեր: Երբ երեխաներն ավելի վաղ հասակում են կորցնում լսողությունը՝ կարող են համր մնալ: Էրիկի ականջից լսելու սարք է ցցված: Խոսում ենք գրքային գործերից․ ոնց է ընթանում վաճառքը, ինչ խնդիրներ կան այսօր, ինչ է կարդում երիտասարդությունը․․․ Էրիկը մասնակցում է խոսակցությանը, հետո ականջից հանում է պստլիկ մի բան ու․․․ լռում :
Հաննելոպեն բացատրում է․
– Էրիկը հոգնում է երկար խոսակցություններից, երբեմն պետք է շունչ քաշի:
Բացառիկ անգեղ զույգ է, բայց ի՜նչ գորովով են իրար վերաբերվում՝ մեկ ուսին են դիպչում, մեկ՝ ձեռքին: Ժամանակ առ ժամանակ որսում եմ միմյանց ուղղված նրանց հայացքները, որոնցում կարդում եմ․ շուտով, շուտով մենք մենակ կմնանք:
Իր փոքրիկ սարքն Էրիկը դնում է, երբ մենք սկսում ենք ցրվել, որպեսզի հրաժեշտ տա:
Մեզ տանում են հյուրանոց: Պայմանավորվում ենք, որ Հաննելոպեն մեզ վաղը անպայման կայարան կհասցնի:
– Այնպես էի նեղվում, որ ձեզ հյուրանոց քաշ տվի անձրևի տակ: Երեկ մեքենա չունեի՝ մեխանիկի մոտ էր, հիմար բան ստացվեց: Միայն մի խնդրանք ունեմ՝ ես ձեզ գնացքի մոտ կհասցնեմ նախապես՝ մի քառասուն րոպե շուտ: Բանն այն է, որ տասն անց կեսին ժամադրություն ունեմ, որն արդեն չեմ կարող տեղափոխել՝ ժպտում է նա իր կեղծ ժպիտով, բայց, քիչ առաջ լսածիցս հետո, այն ինձ թվում է ոչ այնքան վատը, նույնիսկ՝ փառահեղ:
Երեկոյան Հաննայի հետ հասցնում ենք քննարկել մեզ համար անսովոր այդ երեկոն, զարմանալ, հիանալ գրախանութի հետգնման ու պահպանման պատմությամբ, մանկատնից որդեգրած երկու պաղեստինցի որբերով:
Երբեք չգիտես, թե որտեղ ես դնելու վերջակետը: Այն դրվեց հաջորդ առավոտ: Հաննելոպեն իսկապես մեր հետևից կանուխ եկավ, ու հիմա մենք պետք է մի քառասուն րոպե թափառենք կայարանում: Ճանապարհին Հաննելոպեն բացատրում է․ երկուշաբթի օրերին սրսկվում է, որից հետո երկու-երեք ժամ այնքան վատ է զգում, որ ստիպված է մնալ իր բժշկի ընդունարանում: Արդեն քսան տարի ընդունում է այդ ներարկումները․ բանն այն է, որ պատանի տարիքում ավտովթարի է ենթարկվել և նրան ոտքի անդամահատում էր սպառնում, բայց կովի հոդ են պատվաստել, որը կպել է, բայց՝ ոչ ամբողջովին: Անընդհատ օտարման պրոցես է գնում, և սրսկումները մարում են այդ աուտոալերգիկ ռեակցիաները․․․ Կամ՝ դրա պես մի բան․․․
Այդ տարիներին դեռ չկային պրոթեզավորման ժամանակակից նյութերը, ու այդ բիոպրոթեզը․․․ դրանք վաղուց չեն կիրառվում, և ինքն իր կովի ոտքով պարզապես բժշկական հազվագյուտ նմուշ է․․․ Ցավերն իհարկե ժամանակ առ ժամանակ անտանելի են, մանավանդ, երբ ստիպված էր կանգնել: Առաջ ինքը վաճառող էր, կանգնած էր աշխատում, բայց ամբողջ կոլեկտիվը որոշեց, որ ինքը պետք է լինի խանութի տնօրեն, քանի որ տնօրենը ստիպված չի կանգնել․․․
Մենք գրկախառնվեցինք ու համբուրվեցինք: Ես՝ առանց նայելու, այտիս վրայից սրբեցի համբույրի շրթներկը: Շշմելու կնիկ է էս Հաննելոպեն:
Людмила Улицкая, Коровья нога, из книги Люди нашего царя, стр. 272-280
Թարգմանությունը ռուսերենից՝ Լիլիկ Ստեփանյանի