Այս նախագծի շրջանակում մեր գործնեությունը սկսել ենք փետրվար ամսից։ Եղել ենք Հայաստանի Հանարապետության 10 մարզերի և Երևան համայնքի թվով երեսուն դպրոցներում։
Ի՞նչ հասցրեցինք անել։ Որպես արվեստաբան՝ միջնադարյան արվեստի պատմության և տեսության մասնագետ, իմ դասավանդման ծրագրի հիմքում դրել եմ հենց այս գիտաճյուղի ներածական նյութերը։ Դասավանդվող թեմաներն էին՝ «Արվեստի ժանրերը և տեսակները», «Գույնը որպես խորհուրդ, ներկերի ստացման եղանակները և միջնադարյան կերպարվեստը», «Միջնդարյան Անիի ճարտարապետությունը», «Հայակական մանրանկարչությունը Կիլիկիայում», «Հայոց թագավորության գանձերը և ձեռագրերը», «Խաչակրաց արշավանքները և Կիլիկիան», «Սասունցի Դավիթ և Դիգենիս Ակրիտաս էպոսները», «Բյուզանդական կայսերական արվեստը», «Բյուզանդական ոսկին և խճանկարների արվեստը»։ Նշված հիմնական թեմաներին զուգահեռ մեր կողմից ներկայացվել է նաև ժամանակակից արվեստը։ Մասնավորապես՝ «Մարկ Շագալը և 20-րդ դարի արվեստի ուղիները» թեման։ Հիշյալ թեմաներով բանախոսությունները կայացել են սովորողների կամընտրության սկզբունքով։ Դասավանդվող նյութը, որը բաշխված էր երկու ակադեմիական ժամի սահմանում ՝ 90 ր․, ներառում էր կառուցվածքային երեք բաղադրիչներ։
ա․ Ինտերակտիվ դասախոսություն և քննարկում։ Դասավանդման մեթոդների արդիականացման տեսանկյունից խիստ կարևորում ենք զրույցի և փոխներգործուն միջոցների կիրառման պրակտիկան։ Մեր պարագայում նախ սկսում էինք ներածական նյութի մատուցումից։ Հետո սովորողները պատասխանում էին նյութից և իրավիճակից բխող հարցադրումներին, որի միջոցով էլ առաջանում էր քննարկում։ Մեզ համար կարևոր էր, որ նրանց մեջ ամրապնդվեր ազատ խոսքը, ռացիոնալ մտածողությունը։ Ինչպես նաև հավասարաչափ կիրառել ենք զգայական մեթոդներ արվեստի գործերը մեկնաբանելու համար։ Օրինակ՝ ընդհանրական, ներքին լռության միջոցով պատկերների և գույների զգայական ըմբռնումը։ Մեկ հույզ արտահայտող բառի միջոցով պատկերի, կամ առարկայի մեկնաբանությունը։ Գույների և ձևերի համեմատությունը բնական երևույթների հետ և այլն ․․․
բ․ Վիզուալ պատկերներ։ Դրանք թույլ էին տալիս առավել մեծ հետաքրքրություն ստեղծել դասավանդվող տեսական նյութի շուրջ, վառ և հատուկ ընտրված նկարները, տեսագրությունները, միկրոֆիլմերը ապահովվում էին կենդանի մթնոլորտ և թույլ էին տալիս ավելի տպավորիչ մատուցել դասը։ Մեր կողմից խիստ և մանրամասն ընտրվել էին բոլոր այն հիմնական դրույթները, որոնք հավասարապես դասի շրջանակներում շոշափում էին ոչ միայն արվեստի թեման, այլ տվյալ դարաշրջանի պատմական պարբերափուլը։
գ․ Սեփական կարծիք և եզրահանգումներ։ Ի զարմանս մեզ ՝ սովորողների մեծ մասի մոտ խնդիր էր առաջանում պատկերային մտածողություն հետ։ Դրա թույլ զարգացվածության հետևանքով ծայրահեղ բարդ էր դառնում ստեղծագործություն որևէ գեղարվեստական վերլուծության ենթարկելու հարցը։ Սա ավելի շատ հիշեցնում էր երևակայության ճգնաժամ։ Զուտ մակերեսային մեկնաբանության հետևանքով բազմաթիվ հարցեր ստանում էին տարտամ և ոչ հիմնարար գնահատակններ, որոնք հենց սովորողների համար մնում էին անհասկանալի և չբավարարող։ Սակայն մեր դասավանդման մեթոդները գալիս էին լրացնելու հենց այս բացը և ինչ –որ առումով լուծելու խնդիրը։
Ի՞նչ ունենք իրականում։ Ըստ մեր դիտարկման Հայասատնի հյուսիսային շրաջաններն աչքի էին ընկնում բարձր ընկալողունակությամբ, այդ տարածաշրջանների դպրոցականները ունեին համբերատար վարք և նյութն ըմբռնելու պատրաստակամություն։ Գյումրիի, Տավուշի գյուղերի և Իջևանի դպրոցներում լավ հիմքերի վրա էին դրված պատմության, գրականության և մյուս հասարակագիտական առարկաների դասավանդումը։ Բավարար մակարդակ կար նաև Լոռվա մարզի դպրոցներում՝ Հաղպատում, Ախթալայում։ Գեղարքունիքի, Արագածոտնի, Կոտայքի դպրոցներին առավել հատկանշկան էր բանագիտական առարկաների ուղղվածությունը և դա արտահայտվում էր հիմնականում զարգացած տրամաաբանությամբ։ Թեև սխալ կլինի միանշանակ պնդել թե իրավիճակը բավարար էր, կամ միանշանակ հատուկ բոլորին։ Հյուսիսային շրջանների աշակերտներն առավել անկաշկանդ էին, ընդգծված էթիկայով և զարգացած խոսքով։ Իսկ Արարատի, Արմավիր դպրոցներում իրավիճակը խիստ խոցելի էր և նույնիսկ մտահոգիչ, բացառությամբ մեկ կամ երկու դպրոցի։ Մեր կարծիքով հանրակրթական միջին որակի ապահովման տեսանկյունից ամենախոցելին այս երկու մարզերն են։ Հետաքրիքիր և լավ տպավորություն թողեցին Վայոց ձորի դպրոցները։ Այստեղ լավ էին դասավանդվում ոչ միայն բնագիտական առարկաները, այլ նաև լեզուներն ու հասարակագիտական առարկաները։ Սյունիքի մարզում դպրոցները ունեին պատրաստված և գիտակ ուսուցիչներ, բայց հստակ նշմարվում էր հին և նոր սերունդների մեջ գոյացած անդունդը։ Ընդհանուր առմամաբ մեր դպրոցներում կրթության կազմակերպան հիմնական և ամենամեծ մտահոգությունը մեր կարծիքով միասնական կրթական մոդելի բացակայությունն է։ Հնացած մեթոդները, գործիքակազմը և ժամանակավրեպ հայացքները անհամատեղելի են դարձնում սերունդների երկխոսության հարցը։ Այն դպրոցներում, որտեղ տնօրեններն ակնհայտ մտավորական մարդիկ էին, այդ հաստատություններն աչքի էին ընկնում բարձր մակարդակով։ Այն կրթօջախներում, որտեղ տնօրենները միայն լավ վարչարարներ էին, այդտեղ բացակայում էր կրթության ոգին։ Հարակավոր է պարզել՝ ի՞նչ ենք պահանջում դպրոցից, արդյոք այն դիտարկում ենք որպես կրթական միջավա՞յր, թե՞ ադմինիստրատիվ լծակներով խեղդված ՊՈԱԿ, որտեղ ընդհանուր պատկերացում և տեսլական չկա ապագայի և առհասարակ որակյալ կրթական համակարգի նկատմամբ։
Ի՞նչ կարող ենք անել։ Հատկապես դեռահասության շրջանում գտնվող անհատի պարագայում մենք խիստ կարևորում ենք քննդատական մտածողությունը։ Այն պիտի ունենա փաստարկված և բավարար հիմքեր, որոնք սկզբնապես սովորողին պիտի մատուցվեն նախնական գիտելիքների տեսքով, ապա պրակտիկ փորձառության միջոցով։ Բայց նախևառաջ՝ խնդիրը ուսուցման գործընթացի կազմակերպումն է։ Ելնելով փորձից, մեր կարծիքով քննադատական-անալիտիկ մտածողության ձևավորման համար հարկավոր է հանրակրթական դպրոցներում դասավանդել երեք օժանդակ առարկաներ, ընդ որում կրտսեր դպրոցից։
Առաջինը ՝ տարամաբանությունը։ Տրամբանության և առօրյայում տրամաբանական խնդիրերի միջոցով կյանքի կազմակերպման հմտությունների ուսումնասիրությունը անահատին կհաղորդի կառուցիկ մտածողություն, սեփական ներուժի արդյունավետ կառավարում և ներքին հոգեբանական, տարիքային առանձնահատկություններից բխող հակասությունների ըմբռնում և հաղթահարում։ Տրամաբանության և տրամաբանական մեթոդների կիրառման մասին գիտելիքների դասավանդումը և յուրացումը անհատին ավելի կմոտեցնեն ներքն վախերի հաղթահարմանը, բնավորության կամային գծերի ձևավորմանը և ինքնաճանաչողության ուղղուն։ Ընդհանուր առմամբ այն սովորողների մեջ սեր կձևավորի դեպի բնական գիտությունները։
Երկրորդը՝ հռետորական արվեստը և խոսքի վարպետությունը։ Սա իբրև հաղորդակցման հայեցակարգ կարիք ունի հոգածու վերաբերմունքի։ Հռետորական արվեստի դասավանդումը ուղիղ կապ ունի տրամաբանության հետ և անհատի մեջ պիտի ձևավորի առանց ներքին հակասության մտքի կառուցման գործընթացը։ Այն պիտի արտահայտվի ոչ միայն բանավոր խոսքում՝ ժամանակի, տարածության, համատեքստի, էթիկայի իմացությամբ, այլ նաև պիտի թափանցի գրավոր խոսքի մեջ։ Գրավոր խոսքում կարիք կա սովորեցնել անհատին կարճառոտության, սուր մտքի արտահայտման, մանիպուլիատիվ մեթոդների մերժման և լեզվի նկատմամաբ հարգանք տածելուն։ Նա ով կսովորեցնի անհատին հոգածու լինել բառերի ընտրության մեջ, դրանց իմաստներին կատարելապես հասու լինելու արվեստին, հանիրավի կերպով կսովորեցնի նրան հաղթահարել կոնֆլիկտները և հաղորդակցային ճգնաժամերը։ Խոսել, նախ և առաջ նշանակում է մտածել։ Եթե անհատը սկսում է մտքի կառուցման պրոցեսը, ապա մեծամասամբ գործ ունի փաստերի հետ։ Հարկավոր է սովորողին ցույց տալ փաստերը ճիշտ կիրառելու, չխեղաթյուրելու, հնարավորինս օբեկտիվ դիտարկելու պրակտիկան։ Անհատին հաղորդակից դարձնելով այս մեթոդաբանությանը՝ կունենանք փաստերից բխող տեսակետներ, որոնցից էլ կծնվեն իրական հղացքներն ու եզրահանգումները՝ վերջնական ապացուցելի դատողությունները և ամենակարևորը՝ հոգևոր փորձառառության։
Երրորդ՝ գեղագիտություն։ Գեղագիտության դասավանդումը, ոչ որպես ուղիղ փիլիսոփայական գիտակարգ, այլ ավելի շատ արվեստի տեսական հիմունքների, պատմության, պրակտիկ ստեղծարարության մի համախումբ, որը թույլ կտա անհատի մեջ ձևավորել որոշակի ընկալում դասական արվեստի նկատմամբ։ Այն բարոյաէթիկական տեսանկյունից ուղենիշների կսահմանի գեղեցիկի ընկալման մեջ՝ առնվազն բավարար հիմքեր ապահովելով մարդու ձևավորման համար։ Սա ամենևին չի նշանակում դպրոցականների մոտ արվեստի կլիշեավորում և գեղեցիկի ստանդարտավորում, հակառակը՝ այն թույլ կտա ստեղծարար էներգիան ուղղորդել դեպի կերպարվեստ, թատրոն, գրականություն՝ միևնույն ժամանակ թույլ տալով սովորողին զարգացնել հոգեկան ապրումների դաշտը։ Արդի աշխարհում, տեխնոկրատական հասարակության հիմնական խնդիրը կենդանի հաղորդակցության խոցելիությունն է։ Եվ հենց մոտ ու տեսնելի ապագայում որաշարկված, փոխընդունելի գեղարվեստական միջավայրն է դառնալու այն հարթակը, որտեղ արհեստական ինտելկտից, տեխնոլոգիական զարգացումներից անդին մարդն իբրև արարած կարիք է ունենալու արտահայտել իր հույզերը։ Նա հոգեկան տրանսֆերի, էմպատիայի միջոցով փորձելու է հասնել որոշակի ներքին, հոգևոր ներդաշնակության։
Այսպիսով կարող ենք ասել, որ բավարար ջանքեր ենք ներդրել այս կրթական նախագծի շրջանակներում։ Մեր կողմից առաջադրված խնդիրն էր հետաքրքրություն առաջացնել մեր արվեստների նկատմամբ՝ գեղանկարչության, քանդակի և ճարատարապետության ճյուղերում։ Սա նաև անգնահատելի փորձ էր հասկանալու ժողովրդի ոգին, իրապես զգալու նրա ներքին մղումները, կրթության նկատմամաբ վերաբերմունքն ու ճանաչելու ապագաի մասին նրա մոտեցումները։ Մենք այդ անհատների մեջ տեսանք փայլուն կերպարների, որոնք վստահաբար պիտի լրացնեն գիտության և արվեստի գործիչների շարքերը։ Տեսանք վերլուծող միտք ունեցողներ, որոնք մեզ հույս ներշնչեցին ապագայի հանդեպ։ Տեսանք նաև անհաղորդ ժպիտներ, անտարբեր հայացքներ, օտարված գաղափարներ ու անկում ապրած բարքեր, որնոք ցավալիորեն արձագանք են գտել դպրոցում։ Մենք ուզում ենք ունենալ մի դպրոց, որտեղ կրթությունը ավելի լավը պիտի դարձնի մեզ, և մենք էլ ավելի լավը պիտի դարձնենք աշխարհը։