Կուզեի խեղդվել
Քո ամուր գրկում
Քո մարմնի տենդագին սիրո մեջ
Քո դեմքին, քո վշտահար անդամների վրա
Իմ սիրո մեջ սուզված
Քո խորունկ աչքերի ցնորքում
Այս մռայլ դառնությունը
Որ տանջում է ինձ։
Հուսահատ քեզ խառնվելով այրել
Այս անհագությունն իմ հոգու
Որն արդեն հոգնել է ամենից
Անգամ մինչև փորձելը
Եվ այժմ այնքան մոլեգնած
Աշխարհի համրությունից
Անհաղորդ իմ բոլոր երազներին
Եվ նրա հանդարտ անգթությունից
Որ ծանրացել է վրաս ահեղ
Ու անտարբեր
Եվ այլևս չի պարգևում նույնիսկ
Տաղտուկի անդորրը
Այլ կեղեքում է անվերջ
Ու դաշունահարում ինձ
Թույլ չտալով գոռալ
Բորբոքելով արյունս
Խեղդելով ինձ ուժգին
Մի լռության մեջ, որ տառապանք է
Մի խռովահույզ լռության մեջ։
Հուսաբեկ արբեցման մեջ
Քո ողջ մարմնի սիրո
Եվ քո կորուսյալ հոգու
Կուզեի խառնել ու այրել հոգիս
Վերջ տալ այս սոսկումին
Որ խլում է ճիչերս
Ու խեղդում կոկորդիս մեջ
Այրել, ոչնչացնել մի ակնթարթում
Ու սեղմվել քեզ
Այժմ արդեն անզուսպ
Կուրորեն, տենդագին
Խորտակելով քեզ
Իմ սիրով
Հետո մեռնել, մեռնել
Քեզ հետ։
Այն չարագույժ օրը
Երբ պետք է միայնակ
Մեռնեմ (և կգա անխուսափելիորեն)
Այդ օրը կարտասվեմ
Մտածելով, որ կարող էի
Մեռնել արբեցման մեջ
Մի այրող կրքի։
Բայց ի գութ սիրո
Չցանկացա երբեք։
Գթալով քո թշվառ սերը
Ընտրեցի, հոգիս,
Ճանապարհն ավելի երկար վշտի։
12 դեկտեմբերի, 1927
Թարգմանությունը իտալերենից՝ Լուսինե Աբովյանի
