Տիգրան Պասկևիչյան | Կյանք, որն անցնում է կամարի տակով


Լույս է տեսել եւ հոկտեմբերի 16-ին հանրությանն է ներկայացվելու Արմինե Տեր-Ղեւոնդյանի «Կամարի տակով» վիպակը, որն, իմ կարծիքով, վավերագրական արձակը զարգացնելու ուղղությամբ արված բավական համարձակ քայլ է։
Ժամանակակից հայ գրի մեջ վավերագրական արձակը կամ քիչ է, կամ տեղավորված է հուշագրության, օրագրության շրջանակներում։ Միտքս լարելով կարող եմ հիշել լրագրող Ռուզան Խաչատրյանի «Թաց քաղաքը», Մեսրոպ Հարությունյանի կարճ պատմվածքները, որոնք պարբերաբար լույս են տեսնում ArtColage կայքում, տողերիս հեղինակի «Նի վերյու» վավերագրական երգիծավիպակը, որը, ցավոք, տպագրվել է շատ փոքր քանակով եւ դեռեւս չի ներկայացվել հանրությանը։
Վավերագրական դրվագներ՝ ներդաշնակորեն միահյուսված գեղարվեստական պատումին, առկա են Վահրամ Մարտիրոսյանի «Բամբակե պատեր» վեպում, Գեւորգ Տեր-Գաբրիելյանի որոշ գործերում։ Եթե անուններ մոռացա, հայցում եմ չհիշատակված հեղինակների ներողամտությունը։
Ինչո՞վ է առանձնանում Արմինե Տեր-Ղեւոնդյանի «Կամարի տակով» վիպակը։ Եթե կարճ պատասխանեմ՝ իրականության երկվությամբ։
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ծառայողը (գրքում՝ Սոնա) պատմում է իր աշխատանքի մասին եւ զուգահեռ ներկայացնում Հայաստանի նույն ժամանակվա իրականությունը։
Եթե Սոնա-Արմինեն խոսեր միայն աշխատավայրի խոհանոցային կողմի մասին, գուցե բավարարեր ընթերցողի հետաքրքրությունն այնքանով, որքանով դա անում է որեւէ սուր բամբասանք։ Եթե գրեր միայն աշխատանքի բերումով դիտարկած առօրեականության մասին, գրական արտադրանքը դժվար թե տարբերվեր լրահոսից կամ ռեպորտաժային ամենօրյա լրագրությունից։
Ուրեմն Արմինե Տեր-Ղեւոնդյանի նորարարությունն այս գործում երկու, թվում է՝ իրար հետ անմիջականորեն կապ չունեցող, իրականությունների միախառնումն է՝ գեղարվեստական վարպետությամբ, սահուն, ընթեցանության տրամադրող լեզվով, երբեմն հումորով, երբեմն էլ տագնապներով։
Երկու հարց է տանջում հեղինակ-հերոսին՝ ինչո՞ւ եմ ես տաքուկ տեղում (ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում) աշխատում, արդյոք կհաջողվի՞ ավարտել այս աշխատանքը՝ լուծելով նաեւ անձնական ապահովության խնդիրը։
Այս հարցերի «ծառ»-ից նա կախում մռայլ ու անլույս Գյումրիի, Սյունիքի, Շիրակի կամ Լոռվա՝ պետությունից ու մարդուց մոռացված գյուղերի իրապատկերը, քովիդի ու 44-օրյա պատերազմի տագնապները, գործընկերների անձնական եւ ընտանեկան ողբերգությունները, առաքյալ-ղեկավարների կերպարներն ու վարքը։
«Կամարի տակով» վիպակում վավերագրականությունն ամրապնդվում է օրագրային հատվածներով, որոնցից տպավորություն է ստեղծվում, որ հեղինակն այս գործը հղացել է, ոչ թե հանգստի անցնելուց հետո, այլ «եփել» աշխատանքային գործունեության ողջ ընթացքում՝ համեմելով սեփական եւ գործընկերների ապրումներով ու մտածումներով։
Վավերագրողի իմ փորձը ցույց է տվել, որ գրեթե բոլոր մարդիկ են իրենց ապրած կյանքը «կինո» համարում։ Երբ այս կամ այն նախագիծն իրականացնելիս բանավոր պատմություններ էի հավաքում, տասը խոսողից առնվազն ութն իր պատմությունը սկսում էր «Կյանքս, որ պատմեմ, կարաք կինո նկարեք» բառերով, բայց բոլորը կամ մեծ մասը «կինո» ասելով պատկերացնում էին «Տիտանիկի» նման ինչ-որ բան, այսինքն սուր սյուժե, ինտրիգաշատ դիպաշար եւ այլն։
Արմինե Տեր-Ղեւոնդյանը՝ հակառակը, չնայած շարադրողի տպավորիչ հմտությանը, զերծ է մնացել Ֆելինի լինելու գայթակղությունից եւ հնարավորինս մերձեցել Հեմինգուեյի արձակի ազնիվ լրագրականությանը։
Կյանքն իսկապես կինո է։ Եվ եթե հմուտ մի ռեժիսոր կարդա վիպակի այն հատվածները, որոնցում Արմինեն պատմում է գործի գալն ու գնալը, մտքում հաստատ կադր առ կադր կդասդասի մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանից մինչեւ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ ձգվող՝ մետրերով ոչ երկար, բայց տարողությամբ անվերջանալի ճանապարհը։
Ամփոփելով՝ գրքի ընթերցումից հետո ունեցած, մտածումներս, ասեմ, որ «Կամարի տակով» վիպակը հեղինակի խիզախության վառ նմուշ է։ Պետք է անպայման կարդալ այս գիրքը, ավելին՝ եթե ունեք ձե՛ր կամարը, որի տակով կամա թե ակամա անցնում եք ամեն օր, նաեւ գրել, որովհետեւ պատմությունը միայն պատմաբաններինը չէ եւ գրականությունը ոչ միայն գրողների մենաշնորհն է։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *