Ես, փշաքաղ, կայի, ինքս իմ դեմ մեջքով,
բրդակալած դունչս ոռնալու էր հակվել,
Սակայն իմ ձախ ուսին գայլակարապ էջքով
համբույր իջավ հանկարծ, ու երկինքը փակվեց։
Վ. Աթաբեկյան
Օդանավը կժամանի Երեւան Բուդապեշտից կեսգիշերին։ Երկար թռիչքուղու վրա կանգնած օդնավերը պատրաստվում են մեկնել: Գուցե … չգիտե՜մ, այլեւս անշրջելիորոն հեռու վայրեր, որտեղ երբեք ոտք չեմ դնի։ Ժակն անընդհատ նայում է ժամացույցին, մկանները ձգվել են։ Ձեռքերս մեջքիս հետեւում` ուշադիր նայում եմ թռիչքուղուն. լույսերի մեջ ողողված է հարթ ճանապարհը։ Հերթով իջնում են օդնավերը, Ժակը գնալով կծկվում է, համառում է, որ լուսաբացը տեսնի: Ասում եմ. «Հանգի՛ստ էղիր, էս ի՞նչ հիստերիա է, դեռ հավքը կանչելուն երկու ժամ կա, եւ դու հակված չես դավաճանելու ինձ, սիրելի՛ բարեկամ»։ Ժպտում է, կեսօրին միասին սրճեցինք ու փողկապս հանած նայում էի լճակին, էնպես տոթ էր, քրտինքի կաթիլները հետքեր էին թողել օձիքիս, իսկ նա շարունակ ուզում էր բաժակը վերցնել ձեռքիցս, որ չափը չանցնեի։ Ոտքերս եռում են ամառվա կեսին: Դե, ես սիրում են Թավրիզի դարչնագույն կաշվից ձիգ ներբաններով կոշիկներ հագնել։ Դարչնագույն կաշին այնքան վճիտ է փայլում արեւի տակ, ու մենք նստած արեւոտ այգում նայում ենք իրար երեսի, ամպհովանիների ու ծփիների տակ։ Ժակի հետ որոշել էինք մեկնել Եգիպտոս, հետո՝ Ռաբաթ, Եթովպիա: Հետո եթե բախտներս բերեր՝ Աթենք, Դուբրովնիկ. նա առահասարակ սիրում է Բալկանները։ Մենք հաճախ էինք նայում Անգելոպուլոսի ֆիլմերը, չգիտես ինչու երկուսիս սիրտն էլ ճմլում է Բալկանյան պատերազմը հիշելիս՝ Բելգրադի ռմբակոծությունը, Աստվա՜ծ իմ: Բալկաններում նա միայն լուրջ չի ընդունում Կուստուրիցային եւ համարում է աճպարար արվեստում։ Չգիտեմ էլ՝ ոնց եղավ, որ ընկերացա սեն Ժակի հետ։ Հավանաբար մեր պրոֆն էր մեղավոր, մենք գժի պես սիրահարվել էինք Բյուզանդիային, նա անգիր տեքստեր էր ասում Թագավորաց գրքից, Հովհաննու Հայտնությունից, իսկ ես բարձր ու երբեմն երգելով, ձեռքս գլխիս տակ՝ մռթմռթում էի «Դիգենիս Ակրիտասից» ինչ-որ մոռացված ասքեր։ Սովորաբար նստում էինք ամառային այգում, երկուսս էլ նայում էինք մի կարճ փեշի։ Գծած ոտքեր, նուրբ սրունքներ, բարակ կապտերակ մաշկ, աչքներս մեղրի պես հոսում էր…
Հետո երկուսս էլ սիրահարվեցինք, ու բոլոր երազանքները հօդս ցնդեցին։
Ժակն իրոք սուրբ է, երբեմն պինդ՝ արյուն բերելու չափ ձիգ, կրնկով կոխում էր ոտքս, որ ավել բաներ չասեի, ոչ մի աղջկա չնեղեի իմ ինտելեկտուալ խոստովանություններով։ Նա իմ ծանր օրերին գալիս, նստում էր աստիճանին ու երկար նայում էր մեր փայտե պատուհանին։ Մի սիգարետ էր կպցնում, հետո բարձր մի բան արտասանում, վերջում սկսում էր քրֆել։ Երբեմն զանգում էր, գնում էինք կինո նայելու: Թատրոնում ես կողքիս աղջկան հանգիստ չէի տալիս, սա շարունակ ծկլթում էր իմ գրոհներից, իսկ Ժակին կենտրոնացած (ես կասեի անջատված), նայում էր «Տարկովսկի»։ Ինձ թվում է, եթե Տարկովսկին իմանար, որ Ժակը պաշտում է իրեն, հաստատ ավելի շուտ կմեռներ։ Բայց մենք թատրոնում ձեւ էինք բռնում, թե փայլուն իտալերեն ենք խոսում։ Մի անագամ էդպես ֆորմալ, անհասկանալի էսպեռանտոյով շփվում էինք, ու երբ ինքը ինչ-որ բան ասաց, որին պիտի համաձայնության բացականչությամբ արձագանքեի, ասացի՝ «pronto»՝ այսինքն «ա՜լո»։ Չկարողացավ զսպել ծիծաղը, խայտառակ եղանք:
Լավ թողնե՜նք, թողնե՜նք հիմարությունները, հավանաբար աշնանը մենք կհանդիպենք Ամբրոսիանայում կամ Պիացա դել Սան Մարկոյում, եսի՞մ , ով իմանա՜:
Գիշերը հոսում է, վերջնականապես ջախջախված եմ, կեսօրվա տոթից, քրտինքից, խմիչքից օձիքս դեղնել է, թեւքերս բարձրացրել ու նստել եմ աստիճաններին։ Շնչելու օդ չկա, ձեռքս պինդ բռնել է, էնքան ծանր հոգոց ենք հանում: Ցածր երգում եմ Էլվինայի «Մայրամուտը»։ Նա գիտի, որ ես ոգու արարած եմ ու ցասումս մեղմելու միակ ձեւը՝ ինձ Աստծուն մոտեցնելն է։ Մենք երկուսս էլ՝ որպես ընկերներ, ասել կուզի ՝ ընկերովի, մնացել ենք քսաներորդ դարում։ Երկուսս էլ կարդում ենք Բրոդսկի։ Ես կռվում եմ բանաստեղծի հետ անձնական կյանքում նրա կամազրկության համար, իսկ Ժակը լսում է ինձ ու ասում. «Հիմար բաներ մի խոսիր: էդ Նույնն է, թե ինքդ քեզ հայհոյես»։
«Դեռ չեմ կարողնում ապաքինվել, ասա ի՞նչ անեմ, էլ էսպես հնարավոր չէ։ Քանի գնում ավելի է խորանում, երեկ զանգել էր, ինձ թվաց օդը մակարդվում է մեջս»։ «Ի՞նչ է եղել, պատմի տեսնեմ, այսինքն սպասի տաքսի նստենք ».- ձեռքը երկարեց ու մեքնան կանգնեց՝ տաք ասֆալտին հետք թողնելով։ Նստեցինք. համարյա ուժ չկար, աչքերս ուռած էին։ «Դե ինչ ասեմ, հանդիպեցինք, նստած կոնյակ էինք խմում, անտարբեր, սառը: Կարծես մի քսան տարվա ամուսիններ լինեինք, որոնց երեխեքն արդեն մեծ մարդիկ էին, ու իրենք որոշում էին, որ ամեն մեկն իր կյանքով է ապրելու։ Դրանից մի օր առաջ էլ էր նույն բանը, պարզապես թեթեւ խանդի չափաբաժնով։ Մեր սեղանին մոտեցավ նախկին փոխնախարարներից մեկը ու սողունի պես համբուրեց նրան։ Ես զուսպ պահեցի ինձ, բայց էնպես էի նողկում, երեւի էդ ժամանակ մրսեցի, էնպես սուր քամի ու դատարկ էր կողքս»։ «Հետո՞, ոչինչ չասացի՞ր».- օձիքիցս բռնած հետ է հրում դեպի պատուհանը, որ թարմ օդ շնչեմ,-«Չէ՜, բան էլ չասացի, ասեցի մենակ, որ հոգնել եմ արդեն, որ էս խավարն արդեն ուտում է ինձ, որ համբերությունս չի հերիքում, որ տղամարդը չի ներում էն կնոջը, որի երջանիկ անցյալում ինքը չկա»։ Ժակը ժպտաց, ձեռքը տարավ գրպանը, մի երկու հազար հանեց, դրեց մեքենայի առջեւի նստարանին, մեջքիցս մի կերպ բռնած իջեցրեց ու կողքերը շտապ նայելով մտցրեց «Անդերգրաունդ»։ Սիգարետը կպցրեց, պոչը, ատամի տակ ճզմելով, բերանս դրեց ու ասաց.- «Ծխի՛, ու էլ ձենդ չլսեմ…»։ Գիշերը հանգիստ, անշտապ մերկանում էր, քայլում էինք։ Ես՝ պիջակս ուսիս գցած, ինքն էլ ոտքերը հետ-առաջ անելով դեսից- դենից էր խոսում։ Մեղմ ու միալար ոռնում էի, նստել էի ասֆալտին ու բան չէի զգում։ «Ախր, ինչի՞ ես քեզ կոտորում, ժամանակ տուր, ախր ո՞նց չես հասկանում, որ հիմա ինքը ոչ թե քեզ չի ուզում, կամ զզվում է քեզանից, այլ՝ հասկացի, ինքն իրեն չի ներում, թող հանգստանա, ժամանակ է պետք։ Համբերի, խաղաղ սպասի ու ամեն բան լավ կլինի»,- ասում է, ու տեսնում եմ՝ ոնց է քարացած վրաս նայում։ Ոչ մեկի հավեսը չունեմ, ո՛չ մի պատմության, ո՛չ աշխատանքի, ո՛չ ճամփորդության։ Անվերջ, անվերջ երգում եմ, անկապ բաներ՝ կիսատ–պռատ։ «Բա էսօրվա հանդիպանն ի՞նչ ասեց, ի՞նչ որոշեցիք ».- հարցրեց ինձ Ժակը: «Ոչ մի բան, կրկին ոչ մի բան, ասում է՝ գիտեմ, որ ինձ ատում ես, բայց հիշիր ինձ այն երջանիկ անգամի պես մերկ, երբ մենք չէինք գուշակում մեր բաժանումը. այս անգամ ես երկար եմ գնում».- ասում եմ: «Գիտե՞ս չէ, որ քեզ այլեւս հետ չեմ ընդունի»: Ասում է.- «Գիտե՛մ»։ «Զգում էի որ նա տառապում է, քամին խաղում էր երկուսիս մեջ, երկուսս էլ ծխում էինք, սպիտակ սիրուն զգեստ էր հագին, անընդհատ մազերս էր շոյում, նայո՜ւմ էր, նայո՜ւմ էր, նայում էր: Զգում էի, որ չի հագենում, զգում էի՝ ոնց է կոնյակը հոսում երակներով, ոնց է ոտքերը սեղմած պայքարում ինքն իր դեմ»: Մեկ էլ Ժակի դեմքին տեսնում եմ սառած տարակուսաքի ժպիտը. «Հավատա՛, էնքան եմ սիրում, որ ազատ եմ թողնում, թող գնա, ոչինչ պետք չի, թող գնա, որ երկուսս էլ ապրենք, էս քաղաքը երկուսիս համար նեղ է, դու գիտես…»։ Մի որոշ ժամանակ անհետացա, չէի զանգում, ոչ մի կապ արտաքին աշխարհի հետ, ոչ մի արձագանք: Դուրս էի գալիս միայն դիմացի սրճարան՝ սուրճ ու ջուր խմելու, մարդկանց նայելու։ Հոդվածների վրա էի աշխատում, ուզում էի արագ հրապարակել, ինքս ինձ թաղել գործերի մեջ, որ մտածելու ժամանակ չմնա։ Մեկ էլ մի օր զանգ ստացա, պրոֆն էր, թե բա՝ «Իմացար, չէ՞, Ժակը մեկնում է Հունգարիա սովորելու, ապրելու»: Ասում եմ՝ «Մի էդ կրիտինին նայի՜ր, բա ինչո՞ւ ինձ ոչինչ չասաց»,- նա էլ թե՝ «Դե մի շտապիր, սպասում է թղթերը հաստատեն ու վիզան տան, որ հանգիստ սրտով ասի»։ Հենց նույն օրը զանգեց, եկավ մոտս, նստեցինք աշխատասենյակում, մեր աղջիկներից մեկին էլ հետն էր բերել, նա էլ հետներս սուրճ խմեց։ Նստած իրար երեսի էինք նայում: Զգում էր, որ իրականում տխուր եմ, բայց սրտի ուրախությամբ էր պատմում։ Մեկ էլ էս աղջիկը, որին հետն էր բերել, սկսեց ինչ-որ հիմար բաներ խոսել, փորձում էր խայթել ինձ, երեւի որոշել էր վաղուց սրտին կուտակվածը ասել: Ինձ նյարդայնացնելու համար առանձնահատուկ սուր բառեր էր ընտրում. Ոչ տարավ, ոչ բերեց. «Բա գիտես, չէ՞, նախկին ընկերուհիդ ինչ օյին է խաղացել մի տղայի գլխին, խեղճը ինքնասպան լինելուց է փրկվել, դա կին չէ, հրեշ է–հրեշ, աչքիս քեզ էլ է ապուշի տեղ դրել»: Ես էլ հունից դուրս եկա ու մի երկու ոչ պարկեշտ բան ասեցի նրան, լավ կոպիտ էր հնչում ասածներս, որովհետեւ համ աղջիկն էր լացում, համ էլ կողքի սեղաններից ուշադիր մեզ էին նայում։ Ջուրը թափվեց սեղանին ու ծլլալով սկսեց կաթկթալ տաք գետնին։ Ժակին ձեռքերով փակեց բերանս ու ներս քաշեց դեպի աշխատասենյակ, որն էնքան էլ հեռու չէր սրճարանից: «Անասու՜ն, մտածելո՞վ ես խոսում, գժվել ես դու, ոնց էս էդ խոսքերը քեզ թույլ տալիս։ Կենդանի-կենդանի ես դառել»,- գոռում էր։ Էնպես էի կարմրել, էնպես էի հեւում ջղայնությունից, էնպես ինձ խայտառակված, խոցված էի զգում, էնպես էի հայհոյում, որ ոստիկաններն ու պարետը սենյակի դուռը բռնած մի կերպ էին զսպում։ Ժակը թույլ էր ֆիզիկապես, մի հատուկ ուժ չուներ, բայց էնպես խփեց մռութիս, որ աչքերիս դիմաց սեւացավ։ Ես նրան պատասխանել չէի կարող, նախ որ սպառվել էի եւ հետո …։ Նայեց ինձ ու աչքերը լցվեցին։ Ես էլի էի գոռում, ես էլի էի ձայնում, էլի էի կանչում: Մոտեցավ, գրկեց, ջուր բերեց։ Փռվել էի սեղանին եւ հասկանում էի, որ շուտով էլ ոչ մեկին չեմ ունենալու։ Աչքիս առաջ գալիս-գնում էին արշավական օրերերը, մեր սիգարետները, պատերազմները, ժամերով ձգվող զրույցները, մխացող սենյակը Թուրքիայում, մեր ընկերական ճամփեքը, «աղջիկկպցնոցիները»։ Հիշում եմ, երբ Ազնավուրը մահացավ, զանգեց ցավակցեց ինձ, ու սկսեցինք միասին լացել լսափողի հակառակ կողմերից, հեկեկալ ուղղակի:
Միանգամից երկուսին էի կորցնում ու ավելի շատ հայհոյում էի անկարողությունից։ «Մեկնեց։ Կմեկնի։ Մեկնելու է։ Կգա՛ …», – մտածում եմ կիսաձայն։
Օդանավերին եմ նայում, գալիս–գնում են, արծաթ գիշեր է։ Փողկապս արձակած նստել եմ օդակայանի աստիճաններին, նայում են թռիչքուղուն ու զգում եմ, որ բոլոր ճամփեքը մենակ տանում են։ Մի կոնյակի շիշ է երկուսիս մեջտեղում, ասում եմ. «Դեռ հավքը չկանչած երկու անգամ կուրանաս ինձ»: Ասում է. «Էշ–էշ մի խոսի,. ես Կայսրինը կայսրին եմ տալու, աստծոնը՝ Աստծուն»։
Թեւս ընկած երգում էր, ձեններս գլուխներս էինք գցել գիշերվա կեսին.
«Hier encore, j`avais vingt ans
Je carresais le temps et jouais de la vie
Comme on joue de l`amour
Et je vivais la nuit
Sans compter sur mes jours qui fuyaient dans le temps
J`ai fait tant de projet qui sont restés en l`air
J`ai fondé tant d`espoirs qui se sont envolés
Que je reste perdu ne sachant ou aller
Les yeux cherchant le ciel mais le coeur mis en terre
Hier encore j`avais vingt ans
Je gaspillais le temps en croyant l`arreter
et pour le retenir, même le devancer
Je n`ai fait que courrir et me suis essoufler
Ignorant le passé, conjuguant au futur
Je precedais de moi toute conversation
et donnais mon avis que je pensais le bon
Pour critiquer le monde avec désinvolture
Hier encore j`avais vingt ans … »
Կգա, արդեն փոխված, կգա հին ու մեծ բարեկամի պես կամ պարզ օտարականի։ Կդառնա այն, ինչ ուզում է, իսկ ես գուցե արդեն ավարատած լինեմ իմ աշխատությունը այդ սիրելի, բայց չարաբաստիկ ճարտարապետության մասին։