ԼԵՎՈՆ ՋԱՎԱԽՅԱՆ | Այստեղ կյանքն է ապրում

Հավատը կյանք է։ Հավատը ոչնչի մեջ
կյանք է դնում, կյանքի մեջ՝ հավիտենականություն։
Հավատում ես` կաս, չես հավատում՝ չկաս, ոնց որ էս փուչ աշխարհը։ Մենք կոմունիզմին էինք հավատում։ Հնգամյակը մեկ նրա գալուստին էինք սպասում։ Իսկ նա հորիզոնի նման առաջներս ընկած գնում էր, գնում ու չէր գալիս։ Մենք էլ էինք գնում, կարող է և մեր տեսած տեղն էինք հասնում, բայց որքան մոտենում, նա այնքան հեռանում էր։ Կոմունիզմ չկար ու չկար… Կոմունիստները ասում էին՝ բացառվում է նրա չգալը։ Այդ հույսով էլ ապրում էինք։ Հույսը հավատ էր պահում, հավատը` պետություն: Մենք փոքրիկ «պտուտակներ» էինք։ Մենք կյանք էինք նորոգում։ Հիմա, որ հետ եմ նայում, կարմիր մայրամուտի մեջ խորտակված հորիզոններ եմ նշմարում՝ նման գույնզգույն ծիածանների, որոնց տակով վաղուց անցել էինք։ Կրթությունը ձրի էր, առողջապահությունը` ձրի, բնակարանամուտը՝ ձրի, հանգիստը՝ ձրի, լույսը՝ ծրի, «մութը»՝ ձրի… Բայցևայնպես, այն ժամանակ հարստությունը չարիք էր համարվում։ Ես
կարող եմ ասել, որ խորհրդային ժողովուրդը յոթանասուն տարի աղքատության մեջ էր։ Ինչպիսի սրբազան աղքատությու:Միայն թե օղորմածիկ հերս տրտնջում էր` գողի, բոզի երկիր ա, գողի, բոզի երկիր… Գողերն ու բոզերը հետո էին գալու։ Ակզբում եկան սովորական բոզերը։ Նրանք գալիս էին գործազրկությունից, քաղցից, տնանկությունից, խելքապակասությունից և հազար ու մի այլ զրկանքներից։ Նրանցից մեկը դեռ մինչև հիմա գալիս է։ Քառասունն անց կին է. Դեղին ներկած մազերի վրա թասակը՝ ոնց որ գարշոկ գլխին շուռ տված։ Դուխի, պուդրի էր ծախում, հետն էլ ձեռի հետ դրամ մուրում։ Աչքդ էլ թե թեքեցիր, արծաթիդ տերը չես… Ասի.
-Հա’մ դուխի ես ծախում, հա՛մ մուրացկանություն անում, համ էլ գողությու՞ն…
–Մի բան էլ եմ անում,– ասաց։
-Ի՞նչ,– ասի։
–Բոզություն,– ասաց խրոխտ ու կտրուկ։
–Դու դժոխքի դուռը կգնաս,– զգուշացրի,– դու կրակի բաժին կդառնաս…
-Ափսոս,– ասաց՝ ոտից գլուխ ինձ չափելով,-ձեռքս փող չկա, թե չէ քեզ սաունա կտանեի…
Առևտուրը եռում էր։ Փափլիկ մի ձեռք շոյում էր արծաթյա մատանին զարդարող ագաթի բնապատկերը: Կինը գայթակղիչ մարմնամասերով էր, դուրս ընկած «պերեդոկով» ու ներսից փախած «զադոկով»։ Առջևը ետևն էր, ետևը՝ առջևը… Ձեռդ ոնց էլ գցեիր, բռնելատեղ էր… Ու էդ ամենը պահած՝ աչքն իմ զարդին էր։
–Ի՞նչ արժե,– հարցրեց։
Սև, վառվռուն աչքերից կրակ ու կիրք էր շողարձակվում։
–Յոթ հազար դրամ,– ասի։
Ինչ էլ թանկ է,– խաղացկուն հայացքն ինձ էր էր տնտղում:
-Հազար դրամ կիջնեմ,– զիջեցի կարողացածիս չափով:
-Չէ՛, էլի պիտի իջնեք,– ժպտում էր ակնկալիքով։
-Չեմ կարող,– ասի։
֊Ինձ համար էլ չեք կարո՞ղ…,– խոնարհվել էր զարդեղենի վրա։ Շրջազազ գեստի բացվածքից մեղմիկ խայտում էին «ջուխտակ շամամ» կրծքերը։ Դրանք այլևս մեղսունակ էին։ Սիրտս հույզերիս նվագն էր։ «Ջուխտակ շա մամ կրծքերը քո եղան ինձ համար գրգռատուն…»,– երգում էր։ Աչքերը ճակատի վրայով խորամանկ ծիկրակում էին:
–Չէ՛, չեմ կարող,– իբր չէի հասկանում ակնարկը:
-Ախր, փող չունեմ,– նեղացկոտ երեխայի նման շուրթերը ուռցրեց։
–Կունենաս, կունենաս,– կողքից միջամտեց բանիմաց Սեթոն, որ իր ոսկու առևտուրը թողած՝ անցել էր իմ արծաթին։– Քեզ ի՞նչ է եղել, իրիկունը մեքենադ խոդ կտաս, առավոտը կանջատես… Ու ճռճռան դրամները իրենց-իրենց կգան…
-Մեքենաս փչացել է,– պչրուհին կոնքերի վրայից իր զգեստը ցած ձգեց՝ իզուր ջանալով այն հասցնել ծնկներին։
-Մեքենադ վրեդ չի՞… Երբ պետք լինի, կաշխաւոեցնես, էլի… ,-տեղի չէր տալիս Սեթոն։
-Դե, լավ, էլի,-շշնջաց շինծու ամոթխածությամբ,– գոնե կամաց ասեք…,– ու աչքը չէր կտրում մատանուց։– Հիմի չեք տալի՞ս…
-Քո՛ւյր ջան,– անզիջում էի ես,– չեմ կարող։
–Բա ես ո՞նց եմ տալիս…,– ուղիղ նշանառությամբ կրակում էր։ Արդեն բանը բանից անցել էր։
–Ո՞վ ունի քո հնարավորությունները,– փորձում էի արդարանալ։
–Ես էլ հենց գիտեմ տղամարդ ես,– շանթեց հուսահատված։
Նա արհամարհանքով մի կողմ էր շրջվել։ Նրա մարմինն իր ողջ բարեմասնություններով շորորաց սեղանիս կողքով։ Տղամարդ էի, տերն էի։ Իմ տղամարդկությունը կնոջ համար չէր։ Ես այն խնայել էի տուն պահելու համար։ Իմ ապրուստն իմ չարչիությունից էր։ Ուրիշ տարբերակ չունեի: Քանզի ոչ ոք խելիք պակաս չուներ։ Մեկը գնում, մյուսը գալի էր: Մի կին էլ եկավ`բռի մեջ ոսկի մատանին սեղմած։ –էդ ի՞նչ է,– գործի անցավ Սեթոն։
-Ոսկի է,– ասաց կինը ու շուտասելուկի նման գրամ յոթ դեցի է, պրոբը՝ հիսունութ, գրամը տասնվեց դոլարով յոթանասուներկու դոլար։
-Դե, արի ու սրան խաբի,– հռհռաց Սեթոն։
Բոլորս ծիծաղեցինք։ Ուրախությունը մերաշխատանքի հիմնական բաղադրիչն էր։ Սեթոն «պերեխվատչիկ» էր։ Այսինքն՝ եկած ոսկին «պերեխվատ» էր անում։ «Պերեխվատչիկները» հատկապես շուկայի բերանին էին նստում, որ եկած ապրանքն առաջինն իրենք «համփ» անեին։ Իրենց համար «պերեխվատչիկ» էին, ուրիշի համար՝ կործանիչ։ «Իմ քյարը խաբելու մեջ ա,– ծանոթությանս առաջին օրն իսկ խոստովանվել էր Սեթոն։– Ես չխաբեմ, մեկ ա, ուրիշը պիտի խաբի… Ուրիշն էլ որ խաբեց, բա իմ էրեխեքին ո՛վ պահի…»։ Աշխատում էր Սեթոն՝ ժպիտը դեմքին, լույսն՝ աչքերում, ջան ու ղուրբանը՝ լեզվի ծայրին… Ու թե ոսկի բերողը երիտասարդ էր, հարցնում էր` «բաշպորտ» ունե՞ս… Այսինքն թե՝ հո գողացած չի՞… «Բաշպորտի» բացակայությունը ավելի էր գցում ապրանքի գինը, որը ոչ մի կերպ չէր անդրադառնում Սեթոյի վախի վրա։ «Գողցած էլ լինի, բերեք»,– հետո խնդմնդում էր Սեթոն՝ իր ուզած գինը դրոշմելով հաշվիչի վրա։ Խաբում էր Սեթոն, էնպիսի սիրով էր խաբում, էնպիսի ջիգյարով, որ ակամայից ուզում էիր խաբվողը դու լինես։ Ոսկին հազար ու մի ծակ ու ծուկ ուներ։ Մի ծակից տալիս, մյուսից ելնում էր։ Եթե կշիռի մեջ չհափողվեր, հաշվի մեջ էր հաջողացնում, եթե հաշվի մեջ էլ չհաջողվեր, պրոբի մեջ… Սակայն նրա ամենազորեղ օգնականը ձեռքի էլեկտրական հաշվիչն էր՝ «խաբիչը», որ շան նման հավատարիմ էր տիրոջ կամքին։ Մեր շուկան մեր տունն էր, ու մեր տան մեջ սուտը միշտ տեղ ուներ։ Այն տոնածառի պես զարդարուն էր, խնդուն ու բարեբեր։ Միայն թե գաղտնիքը պիտի մեր մեջ պահեինք։ Սեթոն ջոկել էր, որ ես գաղտնապահներից չեմ։ Դեռ ավելին, իմացածս թերթին եմ տալիս։ Դա չէր կարող չխոցել նրա զգոնությունը։
–Լևո’ն ջան, ցավդ տանեմ,– ձեռ ու ոտ էր ընկել իմ կոլխոզ ընկերը,– ես քու տան նաֆարն եմ… Ում ուզում ես, գրի, ինչ ուզում ես, գրի, մենակ թե, խնդրում եմ, իմ մասին մի՛ գրի…
Ասաց ու խիղճը հանգիստ անցավ իր գործին։ Ես էլ՝ իմ գործին։ Չեմ կարող ասել, թե մտքով ինչ էր անցել, մեկ էլ Սեթոն աչքը գցեց ձեռքիս տակի թղթին:
–էդ ի՞նչ ես անում, արա՛,– ժպտաց կասկածամիտ:
«Գողին» դեպքի վայրում էր բռնել։ ֊
-Հեչ,– ասի,– քու մասին եմ գրում։
–Վա՛յ, մամա՛ ջան…,– գլխին բամփեց ա,–քու մերը չմեռնի, Լևո’ն…
-Մեռել ա…-ասի:
Ծիծաղեցինք:Լկտիությանս սահման չկար։ Ուրախությունը լիաբերան էր։ Ո՛չ նա էր ուղղվողը, ո՛չ էլ ես։ Ես հո չէի՞ թողնի, որ էս տեսակ «մատերիալը» քոռ ու փուչ լինի։ Սեթոն իմ խասիաթը լավ գիտեր։ Բայց, համենայնդեպս, խնդրում էր… է՛հ, ով չէր ուզենա ապահովագրված լիներ շուլուխչի, քֆուրչի Լևոն Ջավախյանից։
Ինձ էդ էր խնդրում, իր երեխաներին՝ մեկ ուրիշ բան։ Նրա մուսան էլ խմած վախտն էր գալիս. Երբ գործը քնում էր ու խիղճն արթնանում։ Յոթ երեխա ուներ, պիտի նրանց դաստիարակությամբ զբաղվե՞ր, թե՞ ոչ։ «Ռույլը» (բաժակը) ձեռք էր վերցնում ու ընտանիքը ղեկավարում։
-Էրեխեք ջան,– ասում էր,– ես ապրում եմ մի ժամանակ, երբ անում եմ բաներ, որ չպիտի անեի, ու անում եմ բաներ, որ չեմ կարա չանել… Շատ եմ տխրում, երբեմն էլ նվաստացած եմ զգում… Բայց դուք մի՛ արեք էն, ինչ ես չեմ կարա չանեմ… Կարո՞ղ եք`ժամանակը փոխեք, կարո՞ղ եք՝ երկիրը փոխեք, բայց դուք մի փոխվեք… Ո՛չ երկրին կուլ գնացեք, ո՛չ էլ ժամանակին…
Սեթոն խմում էր, երբեմն խմում էր, երբեմն էլ դառը բաժակների արանքում մսխում գրպանի եղած-չեղածը։
-Ինչի՞ ես խմում, Սեթո՛,– ասում էի։
–Դու գրում ես,– ասում էր,– ես էլ խմում եմ…
Կյանքը ստեղծագործություն է։ Մեկը գրում է, մյուսը՝ ապրում… Մեր շուկան մեր տունն է։ Այստեղ կյանքն է ապրում։ Սեթոն իմ տան «նաֆարն» է, սակայն որին ես դավաճանաբար մատնեցի։ Ես չանեի, մեկ ուրիշն էր անելու։ Ուրիշը որ աներ, բա իմ գիրն ո՞վ պահեր… Կյանք է։ Հետևաբար՝ իմ գիրն է շարունակվում։ Նոր բոզեր են հայտնվել, որոնք նոր խաղեր են տալիս։ Դրանք մեր իմացած բոզերից չեն։ Կա’մ փողի վրա են, կա’մ աթոռի։ Կրքեր են բորբոքում, միտինգներ ալեկոծում։ Եվ ես չէի ասի, թե դա սեռական խանդավառություն է։ Տխուր իրողություն է։ Հեռուստացույցները ողողված են անկոչ հյուրերով, որոնք ոչ մի կերպ չեն լքում մեր բնակարանները։ Չաղ են ու պարարտ, նիհար ու ճիվաղ, կոկոնած ու թոռոմած, առանց բռնելատեղերի, կրքի ու ջերմության կատարյալ բացակայությամբ։ Նրանց ամենօրյա ներկայությունը շարունակ մեր շուկայի բոզերի բացակայությունն է կարոտել տալիս։ Քաղաքագետների, ֆինանսիստների, շոու-բիզնեսի մեծ ու փոքր աստղերի, էքստրասենսների, բախտագուշակների, հեքիմների, էսթետների ու բարոյագետների, պետական այրերի ու մայրերի թռիչքները եթերային ափսեներում, նրանց բարո և անբարո քարոզները, բայղուշ կռկռոցն ու բանդագուշանքն անվրեպ միևնույն ուղղությամբ են տանում։ Դեպի մեծ աղետ։ Ամերիկայում փոթորիկ է։ Բանկ բանկի հետևից է պայթում։ Դոլարը ցնցում է աշխարհը։ Եթե արևմուտքը դրանով կարող է գնել աշխարհի լավագույն մասը, թեկուզ և Ամերիկան, ապա նա արդեն իսկ գնել է աշխարհը։ Պատերազմը մտել է մեր գրպանները։ Դոլարը սոսկ ապրանքափոխանակման միջոց չէ. այն ջեբի ատոմային ռումբ է, որ պայթել էր ստամոքսում։ Մեր շուկան շոկի մեջ էր։ Խուճապը համակել էր բոլորիս։ Սեթոն սփրթնած պատեպատ էր զարկվում։ Դոլար-դրամ ճակատամարտում երեք միլիոն դրամ էր տանուլ տվել։ Ինչպես միշտ, հաղթողը դոլարն էր, պարտվողը՝ Սեթոն ու սեթոյանմանակ հայ ժողովուրդը։
-Մենք աշխատում ենք, ուրիշները՝ հարստանում,– բորբոքվել էին մարդիկ:
-Մեր ձեռքի դոլարն իրանք հավաքեցին, դրամի աղբանոցը թողեցին մեզ,– տրտնջում էին։
–Սաղ Վազգենն ա մեղավորը,– կար մեղադրող։
–Ինչի՞,– կային չհասկացողներ։
-Որ Ռոբերտին Ղարաբաղից չբերեր, հո էսենց չէ՞ր լինի…,– կային և այսպես մտածողներ։
–Որ մի տեղից հարս ես բերում ու հարսը աղջիկ չի լինում, դու մեղավո՞ր ես…,– կար և այսպես մտածող։
Մարդիկ շվարած երես երեսի էին նայում։ Նրանց մեջ ամենատուժածը Սեթոն էր։ Գլուխը կախ՝ մտածմունքի մեջ էր։ Կյանքն էլ մի անկտրել ձմերուկ էր, որի կեսը կերել էին որդերն ու զեռունները։
-է՜, աշխա՛րհ, աշխա՛րհ…,– հոգոց քաշեց Սեթոն,– սաղ կյանքում խաբում ենք, խաբվում, տուժում ու տուժվում, ջաններիս միսն ուտելով՝ մի կոպեկի արժանանում, որ էս ա հա՜ պիտի վայելենք, էն էլ ոտներս տնկում ու՝ առա՛ջ, Հայաստա՛ն…
Սկիզբ կար, որ վերջում էր…
10.03.09թ.

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *