Արդեն բազում տարիներ կրկնում են, որ վերացական գեղանկարչությունը հասել է իր գագաթնակետին. այն չունի ոչ մի «հետո»: Դա ինձ անարդարացի է թվում. մեծ գեղարվեստական շարժումները տարբերվում են արմատականությամբ, սահմանից այն կողմ առաջընթացի մշտական ձգտմամբ, մինչև շփումը սահմանավոր սահմանի հետ, աշխարհների աշխարհի: Եվ այդժամ գալիս է որևէ մեկը, ցատկ է կատարում, հայտնագործում այլ ազատ տարածություն և նորից դեմ առնում պատին: Պետք է թռչել անցնել այն և նորից գնալ սահմանից դեն: Ետդարձի ճանապարհներ չկան: Վերացապաշտությունը նոր ակադեմիա՞ է դարձել: Կարևոր չէ, ցանկացած շարժում դառնում է դպրոց, ցանկացած ոճ` «հնարանք»: Ողբալի է, երբ ակադեմիան վերջնագիծն է և ոչ թե ետհրման կետը: Բարոկկոյի և մաներիզմի խոշորագույն ներկայացուցիչները չէին մերժում իրենց նախորդների արվեստը. նրանք այն ուռճացրին, գնացին սահմանից դեն: Նույնը կարելի է ասել սիմվոլիստների պոեզիայի մասին, այն չէր ժխտում ռոմանտիզմը, սակայն նրա մեջ վարանամտություն ներմուծեց, ինքնաճանաչման պահ: Եվ առաջին վերացապաշտների կլասիցիզմից և «վերաց ական էքսպրեսիոնիզմի» ռոմանտիզմից հետո մեզ չի բավում մաներիզմը, վերացական բարոկկոն: Իրականում վերացական գեղանկարչությունը ստերիլ կարող է դարձնել հենց իր հավակնոտությունը` լինել մեկուսացված և ինքնաբավ լեզու: Իսկ այն բացարձակ սուբյեկտիվ է` չէ՞ որ գեղանկարիչն է, և միայն գեղանկարիչը, ստեղծում ու կիրառում այդ լեզուն, և նրա մոտ յուրաքանչյուր լեզվի համար չկա հիմնարար տարր. այն չի կարող որպես նշանների և խորհրդանիշների համակարգ ծառայել, միապես հասկանալի լինել բոլորին, ով օգտվում է այդ համակարգից: Եթե յուրաքանչյուրը խոսում է իր լեզվով, անհասկանալիություն է առաջանում, ասել է թե` լեզվի մահն է: Շիզոֆրենիկների երկխոսություն: Լավագույն գեղանկարիչ-երացապաշտները հայտնագործեցին համակողմանի լեզվի նման ինչոր բան, վերադառնալով որոշ նախաձևերի, որոնք պատկ անում էին մարդկային կեցության ընդհանուր և հնագույն հիմքերին: Բայց դա լեզո՞ւ է: Ես ավելի շատ կասեի, թե մենք գործ ունենք նախալեզվի կամ, եթե հարմար է, կիսալեզվի հետ: Գեղանկարիչ-երացապաշտների մոտ զառանցանքի և պայծառացման արանքում ինչ-որ միջին մի բան է ստացվում: Եվ թեև նրանք արհամարհում են հասկանալիությունը, կապը, ժամանակ առ ժամանակ նրանց հաջողվում է այլոց հետ հաղորդակցվել: Իսկ պոեզիայում հակադարձն է տեղի ունենում. բանաստեղծն ուրիշ ելք չունի, նա պիտի օգտվի բառերից, որոնցից յուրաքանչյուրն ունի ամենքին հասկանալի նշանակություն, և նրանց օգնությամբ ստեղծի նոր լեզու: Այդ բառերը, չդադարելով լեզու լինելուց, այսինքն` շփման միջոց, հանդես են գալիս նաև որպես ինչոր այլ բան. պոեզիան` պարտադիր ինչոր նախկինում երբեք չլսվածն է, նախկինում երբեք չարտահայտվածը, դա լեզուն է և նրա բացառումը, այն, ինչն անցնում է «սահմանը»: Վերացական գեղանկարչությունը կուզենար դառնալ մաքուր գեղանկարչական լեզու, բայց դրանով հանդերձ այն մերժում է ի սկզբանե յուրաքանչ յուր լեզվին հատուկ արնախառնությունը, նշանների և ձևերի օգտագործումը, որոնց նշանակությունը բոլորի համար ընդհանրական է: Ասել է թե` կա՛մ նա չի բարձրանում լեզվի մակարդակին, կա՛մ ձգտում է նրա սահմանից դեն: Եվ մի դեպքում ծնում է համր լռություն, մյուսում` ճիչ: Մոնդրիան կամ Պոլլոկ: Մեր առջև փորձն է, որն իր մեջ կրում է այն բանի բացառումը, ինչը հենց ինքն է հաստատում: Հնարավոր է հենց դրանում է նրա վեհությունը. միայն նա, ով չի փախչում իր հակասականությունից և դա բացում է ծայրագույն անկ եղծությամբ, ի հայտ է բերում իր ճշմարիտ, միշտ երկ ակի էությունը: Եվ, ետհրվելով այդ հակասականությունից, ոչ թե ժխտելով այն, վերացական գեղանկարչությունը կզորի գնալու դրա ետևից` իրենով իսկ իր համար հաստատած սահմաններում իրացվելու, հաստատելով սեփական բացառումը:
Թարգմանությունը՝ Շանթ Մկրտչյանի
Արտատպված է «Նարցիս» հանդես, թիվ4, 2011-ից