Ես արթուն եմ։
Գլուխս հենել եմ ապակուն ու մի ամբողջ ընթացք քունքիս վրա հարվածներ եմ զգում։ Գիտակցությունս այդպես մթագնում է, և ահա, թմբիրի մեջ եմ։
Գուցե իրո՞ք քնել եմ ճանապարհին։
Կոպերս ծանր են, ծանր անցում է։ Ընթացքի մեջ Երևանը կամ մաշվում-գնում է կամ էլ նորոգվում։ Պատուհանից այն կողմ Մանումենտի բարդիները փոքրանում են հանկարծ, գաճաճ դառնում, և ահա, վերջապես սկսում եմ ավելի պարզ տեսնել, սկսում եմ վերհիշել տեղանքը։
Խորը շունչ եմ քաշում. վախենալու բան չկա, երազում հազար անգամ արել եմ այսպես…Կամուրջը վերջանա, կիջնեմ մեքենայից, ոտքով կհատեմ մեծ փողոցը։ Դիմացի սարը դեռ ստվերի մեջ է, անգամ ամառն է այստեղ ուշանում։ Սարը չի փոխվում, չի ջահելանում, միայն հառաչում է, չէ, բան չի փոխվել..․
Ահա, տեղում եմ։ Ոտքս դիպչում է տաքացած հողին, ու այստեղ են բոլորը։ Ծանոթ ձայներ եմ լսում՝ ծիծաղի, մի հին պատմության, որ դեռ չի եղել, տխրության, սիրո…
Այստեղ են բոլորը։ Ծաղկած բալենիները ցանկապատել են կարոտս ու մոտ չեն թողնում։
Դարպասի գույնը դեռ առաջվանն է, դեռ երկար չենք ներկելու։
Բացում եմ դուռը, ճռռոցից շրջվում են բոլորը ու նայում են ինձ։ Ահա նա․․․սլացիկ ու սիրուն, մազերը նոր են սկսել ճերմակել։ Ես վազում եմ մոտը, փակում եմ աչքերս ու գրկում եմ, փարվում եմ իրեն ինչքան ուժ ունեմ։ Ծանոթ բույրերը փշաքաղեցնող են, նորից լցվում եմ առաջվա նման արևի, սիրո, ծիրանի կտի ու խոնավ հողի սիրելի բույրով։ Գոգնոցում ծիրանի կտեր են, թևերով մրջյունները հանգիստ վերուվար են անում․․․
Արևը դեռ չի դիպչել դիմացի սարին՝ իր գործած գուլպան ինքն է հագցնում հոգնած ոտքերիս․․․շոյում է գլուխս․․․Ցավոտ կարոտ է։
Կարծես արթուն եմ։
Գլուխս ծանրացել է նիհար ծնկներին։ Ու արդեն մազերս շոյում են մի ուրիշ ձեռքեր։ Ծխախոտի դառնահոտը լցվում է քիթս։ Հազար անգամ տեսել ու երբեք չեմ սիրել այս վերնաշապիկը՝ գույները այստեղ դեռ չեն խունացել։ Ճակատի գծերը դեռ երկու հատ են, աչքերի ծայրերը ծածուկ ժպտում են՝ դեռ չի ծերացել։ Ինձ գրկում է, գլուխս սեղմում կրծքին, քունքս սեղմվում է ոսկրոտ ուսերին։ «Լավ է լինելու», ասում է անբառ, հայրերը կարող են առանց բառ խոսել․․․
Ձեռքիս նկարչական ալբոմս է հին, շանս կծոտած փոքր հողաթափերս, հին ձայնաերիզներս։ Օղու բաժակը հպում է քթիս, համբուրում այտս։ Զրնգուն ծիծաղը սեղանի ծայրից գալիս է դանդաղ, հանգչում շուրթերիս։
Բալենիները նոր-նոր բողբոջում են․․․ավելի եմ փոքրանում։
Բարձրանում եմ, քայլում եմ ծառերի միջով, ճոճանակներին, սեղանների շուրջ, թթի ծառերին, փողոցի վրա, ամպերի միջով․․․ ամենուր նրանք են, ում բաց չեն թողնում։
Երկար չեն խոսում հետս, անցնում են ամենքը իրենց գործերին․․․իրենք չգիտեն որտեղից եմ ես։ Հերթով գրկում եմ բոլորին, պահում եմ հավասարակշռությունս, բա՜ն չեմ ցույց տալիս։ Մի վերջին անգամ շնչում եմ բույրը արևի, սիրո, ծիրանի կտի․․․Ցավը թողնում է։
Թարթում եմ աչքերս, ու բալենին դեռ չեն էլ տնկել, տեղը ազատ է մեծ երկնքի տակ։ Քայլել չգիտեմ, խաղաղ ու անգիտակ դեռ խորը քնում եմ․․․․
***
Քունս չի տանում։
Հևիհև հետ եմ գալիս նույն սարի մոտ, իջնում եմ մեքենայից, վազելով հատում եմ խաչմերուկը։ Երևանի գույները ցավեցնում են աչքերս, թվում է` կընկնեմ։ Նախկին բալենու հիվանդ ճյուղերը քաշում են փեշս։ Ոչ ոք չկա ինձ ճանաչող, այս կողմերում ինձ ոչ ոք չի սպասում։
Անծանոթ թիկունքները փակել են ինձնից ճանապարհները տունդարձի…էլ բան չի երևում։ Ինչո՞ւ ես այսպես անում, Երևա՛ն։
Ու շշուկ է միայն, որ դեռ արձագանքում է գլխումս, խառնվում մազերիս մեջ, խառնվում քամուն ու հարում է ինձ, խփում է, տապալում սառած ասֆալտին, դաղում ողնաշարս, սուլում է, ու մեռնողի պես ծանր, հուսահատ տնքում «հե՛տ գնա, ինչի՞ ես եկել»․․․