Լիանա Վանեսյան | Նոստալգիա

Դարավերջի համատարած խեղճությունը դիպավ հատ-հատ ամեն մեկիս, բայց մեր աչքերը հարատև մրի մեջ տեսան սերեր, որ ուժեղ եղան խավարից անգամ: Ու տեսանք, որ խարխափելով, մթի մեջ շոշափելով իրար դեմքերը, ամուսինները համբուրում էին կանանց ճակատներն ու «Աստված քեզ հետ» ասում, թեև իրենք էին հեռանում այնտեղ, որտեղից դարավերջին այնքան քչերը վերադարձան…
Այսօր նայիր՝ ինչ պայծառ են լույսերը պողոտաների, ուր քայում ենք մենք մեղմիկ ձմեռով այնքան անտարբեր, ասես միշտ այսպես է եղել: Մենք իրար դեմքի չենք նայում, հոգնած, անժպիտ ուզում ենք տուն դառնալ, ու դու վերջում ինձ ոտքով չես ուղեկցում երեք թաղամաս, հետո չես սպասում հեռախոսի մոտ ժամուկես շարունակ, որ լսես ձայնս, ես չեմ պատասխանում, դու հարևանին պահ տված բենզինդ չես ծախսում սակայն, որ գաս ու տեսնես՝ ինձ ինչ է եղել….
Ինչ թեթև է կյանքն այսօր, նայիր, սարսափի միջով անցած այս քաղաքը որքան է փոխվել, հատված, վառված անտառների տեղ կյանքը դեկորատիվ, սիրունիկ զարդ է դարձել ծոցագրպանի…
Ես հնարավորություն ունեմ ամեն պահ տեսնել քո դիմագծերը, տեսնել՝ ինչպես ես ծերանում, հերթով նկատել աչքերիդ կողքին առաջացող կնճիռները, դու ճակատ չես մեկնում, դու հեռու ես առաջին գծից, բայց արի ու տես՝ ես ուզում եմ էլ չտեսնել քեզ…
Մենք կարող ենք երկուսով թևանցուկ գնալ լուսավոր, հազարավոր ջահերով զարդարված ռեստորանն այն խաչմերուկի, ու արծաթյա մեծ սկուտեղներով մեզ ծովամթերքներ բերեն, մենք կարող ենք միասին հիշել 94-ի սիգը ու ձեռքերով ցույց տալ, թե ինչ չափի էին, բայց ես չեմ վերցնում հեռախոսը, ու ջահերի տակ մեծ ռեստորանի դատարկ են մնում աթոռները մեր….
Մենք կարող ենք հետո միասին գնալ ամենանորաձև խանութները քաղաքի, նայել զգեստները ժամանակակից, ու դու բարձր կասես՝ օգնության շորերը սրանցից սիրուն էին…մենք կժպտանք տխուր…ես չեմ հավանի կոշիկները, որ կառնես ինձ համար, կասեմ՝ հարմար չեն….ու կմոռանանք մի պահ, որ 94-ին դու դպրոց գնացիր սպա եղբորդ հին կոշիկներով…
Հետո մենք մեծ հարսանիք կանենք ու ես ճերմակ-ճերմակ, մրից չխունացած թանկարժեք զգեստ կկրեմ, ու ամեն անգամ հենց ասեմ՝ ինչ թանկ է, դու սաստես ինձ՝ ասես՝ արի մոռանանք սև օրերը էդ… հետո դու դժգոհես, որ այսպիսի օրով, երբ քո հարսանիքն է, վերնաշապիկդ լավ չի արդուկված, ու տատիկդ չի ասի` բալա, էդ մթին, ցրտին ո՞վ պիտի տեսնի:
Մենք սիրուն մեքենայով կարող ենք գնալ եկեղեցի, ու հետո դուրս գալիս մեզ վրա բրինձ շաղ տան…ոչ ոք չի ափսոսի բրինձը, ու ոչ ոք այդ պահին չի հիշի տանը թողած երեխաներին…
Մենք կարող ենք հետո մեկնել ուր ուզենք, գնել տոմսերը` չփոխել տան հետ…
Մեր տանը կարող է տաք լինել, դու վառարանը չգցես քո թանկ գրքերը, երեկոյան բուխարու առաջ ինձ համար կարդաս սիրածդ տողերը…
Բայց մեր լուսավոր տան հեռավոր դարակների խորքում դու մի քանի մոմ կպահես միշտ, որովհետև դու մեծ էիր ու չես մոռանում սև օրերը էդ…

Այս նոր դարում 20 տարի անց, այսքան լույսի մեջ, այսքան զանգերի, մեքենաների, ինքնաթիռնեի…4 տարի է լուր չունես ինձնից…

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *