Զոյա Փիրզադ | Կանթով գավաթը

Ինչպես բոլոր երեկոներըԶոյա Փիրզադ, Ինչպես բալոր երեկոները (պատմվածքների ժողովածու), Էդիթ Պրինտ, 2014, Թարգմանությունը պարսկերենից` Գևորգ Ասատրյանի:

Զոյա Փիրզադը ծնվել է Հարավային Իրանի Աբադան քաղաքում: Սովորել է տեղի հայկական դպրոցում: Հեղինակին ճանաչում են բերել «Ինչպես բոլոր երեկոները», «Տտիպ խուրմա», «Զատկի նախօրեին» պատմվածքների ժողովածուները և «Լույսերը ես կհանգցնեմ», «Ընտելանում ենք» վեպերը: Թարգմանվել է անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, չինարեն, ճապոներեն, հունարեն, նորվեգերեն, թուրքերեն, վրացերեն և այլ լեզուներով: Ներկայացվող «Ինչպես բոլոր երեկոները» ժողովածուն հեղինակի երախայրիքն է: Առաջին անգամ լույս է տեսել 1991-ին: Փիրզադեի ստեղծագործություններն արժանացել են իրանական և միջազգային մի շարք բարձրագույն մրցանակների: Հայերն տպագրվում է առաջին անգամ:
Հուլիսի 11-ին, ժամը 18:00-ին «Էդիթ Պրինտ» գրատանը տեղի կունենա գրքի շնորհանդեսը, որին ներկա կլինի նաև հեղինակը:

 

Կանթով գավաթը

Խանութի մեծ ցուցափեղկին շեղատառ գրված էր. «Բարի գալուստ, 1920-ական թվականներ»։ Խանութի անունը «1920-ական թվականներ» էր։ Երիտասարդ կինը դուռը բացեց, ներս մտավ։ Նրա մուտքն ազդարարեց չերևացող զանգակի ձայնը, բայց տղամարդը, որ կիսախավար խանութի ետնամասի լուսավորված հատվածում, հին գրասեղանի առջև նստած թերթ էր կարդում, գլուխը չբարձրացրեց։
Կինը քայլեց խանութում և շուրջը նայեց։ Կողք կողքի շարված էին հին աթոռներ, արդուզարդի հայելավոր սեղանիկներ և դրվագազարդ, ծանր ու մեծ պահարաններ, որոնցից յուրաքանչյուրի վրա փոքրիկ պիտակով նշված էին գինն ու արտադրության թվականը։ Կինը պայուսակի երկար կանթը ուսից ուս գցեց ու հայացքը վեր բարձրացրեց։ Առաստաղից ապակե, բյուրեղապակե, հախճպակե տասնյակ ջահեր էին կախված` մեծ ու փոքր, մեկ կամ մի քանի մոմանոց։ Ջահերի ստվարաթղթե, քառանկյուն գնապիտակները անշարժ կախված էին խանութի տաք ու գաղջ օդում։ Կինը մոտեցավ պահարանով ու վարագույրով առանձնացված հատվածին։ Մի քանի տեղից պատռված թավշե կարմիր վարագույրի վրա չորս ճախրող արագիլ էր ասեղնագործված։ Պահարանի դիմաց մեծ, կաշվե բազմոց էր դրված, որի վրա խառնափնթոր լցված էին խնամքոտ ձեռքերի կարոտ ամեն տեսակի իրեր. ճենապակե ափսեներ ու սկահակներ, օդաչուական հին ակնոց, մի քանի ստեղը պակասող ծանր, սև գրամեքենա, ծաղկամաններ, մոմակալներ, մոխրամաններ ու փոշոտ զարդեր: Կինը հանեց արևի ակնոցն ու խոր շունչ քաշեց։ Օդը հագեցած էր խոնավության ու հնության հոտով։ Մի զույգ ձեռնոց վերց֊րեց, շուռումուռ տվեց։ Ձեռնոցը վարդագույն սատինից էր, ձախ ձեռքի մատներին դեղին բծեր կային։ Նորից տեղը դրեց և նայեց հին շրջանակով լուսանկարին. երիտասարդ կնոջ կողքին խիստ ու խոժոռ դեմքով մի պատանի էր կանգնած։ Լուսանկարի կինը՝ գունատ ու նիհար, ձիգ նստած էր կաշվե մեծ բազմոցին` հարթ մազերը գլխին հավաքած։ Ժանեկավոր, փակ օձիքով հագուստը մարգարտաշար մի մանյակ էր զարդարում։ Սեղմված շուրթերով մռայլադեմ տղան սևեռուն նայում էր լուսանկարչական սարքի ոսպնյակին։
Երիտասարդ կինը մատով մաքրեց լուսանկարի փոշին, ժպտաց ու քթի տակ շշնջաց. «Դո՞ւ էլ իմ տղայի նման լուսանկարվել չէիր սիրում»։
Ինչ-որ մեկն ասաց. «Ճիշտ է, լուսանկարվել չէր սիրում»։
Երիտասարդ կինը արագ շրջվեց։ Երկար, ուղիղ մազերը թափվեցին թիկունքին։
Կաշվե մեծ բազմոցին մի կին էր նստած։ Հարթ մազերը հավաքված էին գլխի վրա, ժա֊նե֊կավոր, փակ օձիքով հագուստի վրա մարգարտե շարան կար։
Երիտասարդ կինը հարցրեց. «Ձե՞ր լուսանկարն է»։
Կինը մարգարտե մանյակը փաթաթեց մատին։ «Այո՛, ես ու տղաս ենք»։
Երիտասարդ կինը պայուսակի երկար կանթը մյուս ուսին գցեց ու աչքի տակով նայեց խանութի խորքի հին գրասեղանի կողմը…
Կաշվե բազմոցին նստած կինն ասաց. «Մի՛ անհանգստացեք, նա ընտելացել է իմ ներ֊կայությանը»։
Հետո տեղից վեր կացավ ու կանգնեց պահարանի մոտ։ «Այս պահարանի իրերից շատերը, որ տեսնում եք, իմն են։ Ավելի ճիշտ` իմն են եղել։ Քանի որ ոչ ոք չունեի, իմ մահից հետո հարևանները իրերս հանել, փողոց են շպրտել։ Իսկ նա ¥նայեց գրասեղանի մոտ նստած տղամարդու կողմը) դրանք հավաքել, բերել է այստեղ։ Նրա գործն էլ հենց այդ է։ Այն ամենը, ինչի կարիքը ուրիշները չունեն, նա իր խանութն է բերում ու վաճառում նրանց, ովքեր հետաքրքրասիրությունից կամ պարզապես ժամանցի համար գնում են այդ իրերը»։
Երկու կանայք գրեթե նույն հասակն ունեին և համարյա տարեկիցներ էին, թեև լուսանկարի կինն իր երկարաթև, սև շրջազգեստով և գլխին հավաքած մազերով ավելի տարեց կամ գոնե ավելի լրջախոհ էր թվում։ Մյուսի հագին տաբատ էր և անթև վերնաշապիկ, որի վերին մերակը կոճկած չէր։
Երիտասարդ կինը դարձյալ լուսանկարին նայեց. «Հարազատներ չե՞ք ունեցել։ Բայց ձեր տղան…»։
Կինը մարգարտաշար մանյակը փաթաթեց մատին, նայեց լուսանկարին ու ասաց. «Տղաս պատերազմում զոհվեց, ամուսինս ու նաև բոլոր հարազատներս…»։
Կինը քրտնած ճակատից հեռացրեց մազափունջը. «Ձեր որդին ու ամուսինը ո՞ր պատերազմում են զոհվել»։
Լուսանկարի կինը մի քանի վայրկյան աչքերը փակեց, հետո բացեց։ Ապա ձեռքը մեկնելով` պահարանից հախճապակե մի գավաթ վերցրեց. «Այս գավաթը ամուսինս էր մեր որդու համար գնել»։
Պայուսակի կանթը ճնշում էր կնոջ ուսը։ «Ցավում եմ. պետք է որ շատ սարսափելի լիներ»։
Կինը մատը սահեցրեց բաժակի մանր, կարմիր ծաղիկների վրայով։ «Պատերա՞զմը նկատի ունեք։ Այո՛, սարսափելի էր։ Այսինքն` մինչև այն պահը, քանի դեռ նրանք չէին զոհվել։ Հետո արդեն այնքան էլ սարսափելի չէր: Տղաս ամեն առավոտ այս գավաթով կաթ էր խմում»։
Պայուսակն ասես ավելի էր ծանրացել։ Կինը գավաթին նայեց։ Ճերմակ հախճապակու վրա` մանր ու կարմիր ծաղիկներից վերև, ինչ-որ անուն էր գրված։ «Ձեր որդո՞ւ անունն է»։
«Տղայիս անունն է։ Իմ պապի անունն էինք տվել` մի շա՜տ հին անուն։ Ձեր որդու անո՞ւնն ինչ է»։
«Իմ տղայինն էլ է հին անուն։ Արևելյան մի հին անուն»։
Մի աննկատ ժպիտ լուսավորեց կնոջ գունատ դեմքը։ «Դուք Արևելքի՞ց եք։ Մենք պարսկական մի հին գորգ ունեինք։ Միշտ ամուսինս էր այդ գորգը մաքրում` շատ նուրբ ավելով։ Ասում էր. «Կոշտ ավելը գորգը կփչացնի»։
Երիտասարդ կինը կոճկեց վերնաշապիկի վերևի կոճակը։ Ջանաց ժպտալ։ «Ձեր ամուսինը իրավացի է եղել. կոշտ ավելը փչացնում է նրբահյուս գորգը»։
Կինը կանթով գավաթը դրեց պահարանի վրա ու առաջացավ դեպի կաշվե բազմոցը։
Երիտասարդ կինը մոտեցավ, պահարանից վերցրեց կանթով գավաթն ու շրջվեց կաշվե բազմոցի կողմը։ Բազմոցը դատարկ էր։
Կինը խոր հոգոց հանեց։ Հետո մոտեցավ, կանթով գավաթը դրեց հին գրասեղանի վրա և բացեց դրամապանակը։ «Շատ գեղեցիկ խանութ ունեք»։
Տղամարդը գլխով արեց ու հորանջեց։ Կնոջը վերադարձրեց դրամի մնացորդն ու շարունակեց թերթ կարդալ։
Դրսում արևոտ, տաք եղանակ էր։ Քամի էր խաղում։ Կինը թիկունքում լսեց խանութի դռան փակվելու խուլ ու բութ ձայնը։
…Տան դուռը բացելուն պես փոքրիկ տղան ընդառաջ վազեց։ «Ի՞նչ ես գնել ինձ համար»։
Կինը նայեց որդուն. «Կանթով գավաթ»։
Կանթով գավաթը լվաց ջրի ծորակի տակ, չորացրեց ու տվեց որդուն. «…Որ առավոտներն այս գավաթով կաթ խմես»։

Թարգմանությունը պարսկերենից  Գևորգ Ասատրյանի

Share Button

1 Կարծիք

  • George Peram says:

    Հիանալի տողեր,այս զուսպ տողերի մեջ այսքան ասելիք չեմ հաւատում,ուղղակի ցնցված եմ:Առաջին անգամ եմ կարդում Զոյա Փիրզադի աշխատանքներից, յոյսով եմ էլի առիթ կունենամ կարդալու նրա ուրիշ գործերը:
    Նոյնպես պիտի նշեմ որ սքանչելի թարքմանութիւն էր:Շնորհավորոմ եմ թէ հեղինակին եւ թէ թարքմանիչին այս գովելի գործի համար:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *