Լիլիկ Ստեփանյան | Երկնքից երեք հեքիաթ ընկավ

ԵՐԳ ԶԱՆԳԱԿԱԾԱՂԿԻ ՄԱՍԻՆ

Կար, ապրում էր մի զանգակածաղիկ:
Նա աճել էր բացատում, որտեղ ուրիշ շատ ծաղիկներ կային՝ բազմերանգ ու բազմաբույր:
Զանգակածաղիկն այնքան նուրբ էր, կապույտ, եթերային… Առավոտյան նա սիրում էր դիմավորել արևագալը և շատ էր տխրում, երբ երեկոյան արփին մայր էր մտնում անտառի հետևում:
Գուցե դուք կարծում եք, թե նա միապաղա՞ղ էր ապրում: Ոչ, հավատացեք ինձ, նրա օրերը լի էին հրճվանքով, որովհետև նա սիրում էր իրեն շրջապատող ամեն ինչ և ամենքին: Նա սիրում էր նույնիսկ այն ժայռաբեկորը, որ չգիտես որտեղից էր հայտնվել բացատում, հենց իր արմատի մոտ: Զանգակածաղիկը երբեմն գլուխը հենում էր այդ քարին և հարթմնի երազում: Դա նրա ամենասիրած զբաղմունքն էր…
Արևի առաջին շողերի հետ արթնանում էր զանգակածաղիկը և օրն սկսում «բարի լույսով»: Նա ուրախ թափահարում էր գլխիկը և մեղմ զնգոցը հասնում էր բոլորին. «Բարի լո՜ւյս, խոտե՜ր ու ծաղիկնե՜ր, բարի լո՜ւյս, իմ պաղանո՜ւշ քար, բարի լո՜ւյս, բացա՜տ, բարի լո՜ւյս, արև՜»: Եվ բոլորը պատասխանում էին նրան ժպիտով. «Բարի լո՜ւյս»:
Հետո նա մի կում ցող էր խմում և սկսում ծաղիկներին ու խոտերին պատմել այն զարմանալի երազները, որ տեսնում էր ամեն գիշեր առվակի, զեփյուռի ու արեգակի մասին: Օրվա ընթացքում զանգակածաղիկը հետևում էր երկնքով սահող ամպերին և ծաղկից ծաղիկ թռչող թիթեռներին, հաճախ նույնիսկ երգում էր նրանց համար… Երեկոյան հրաժեշտ էր տալիս մայր մտնող արեգակին և, երբ հոգնում էր, քուն էր մտնում՝ գոհ ու երջանիկ Աստծո պարգևած օրով:
Սակայն զանգակածաղիկը երբեմն տխրում էր: Այդ պահերին նա հիշում էր հեքիաթային մի երազ, որ մի անգամ էր տեսել. շատ գեղեցիկ, սակայն անծանոթ, անանուն մի ծաղիկ գալիս, վերցնում էր նրան իր արմատի մոտ ընկած քարի մոտից ու բարձրացնում վեր, շա՜տ վեր և զանգակածաղիկը տեսնում էր աշխարհը՝ կապո՜ւյտ-կապո՜ւյտ… Եվ գնում էին նրանք միասին ու երջանիկ ծիծաղում…
Զանգակածաղիկը հավատում էր ու սպասում, և ամեն անգամ արշալույսին նրա հույսը շողարձակում էր ոսկեդեղին ճառագայթներով, որ մինչև արևն էին հասնում…
Այսպես անցան օրեր, էլի օրեր…
Մի առավոտ, երբ զանգակածաղիկը նոր էր արթնացել և ցողով լվացվում էր, ուժեղ քամի բարձրացավ: Արևը սովորականի նման «բարի լույս» չասաց և թաքնվեց ամպերի հետևում: Զանգակածաղիկը վախից կուչ եկավ հսկա քարի տակ և պինդ փակեց աչքերը՝ սպասելով, որ քամին դադարի: Նա չզգաց էլ, թե ինչպես շուտով քնեց և երազ տեսավ՝ այն կապո՜ւյտ-կապո՜ւյտ երազը…
Քամին անցավ, ամպերը ցրվեցին:
Զանգակածաղիկը, տեսնելով փայլող արևին, թափահարեց գլխիկը, որ ողջունի նրա հաղթանակը չար քամու նկատմամբ, բայց ավա՜ղ…
Չհնչեց այլևս այն մեղմ զնգոցը, որով նա ողջունում էր բոլորին…
Կանգնած էր զանգակածաղիկը մերկ գլխիկով. քամին պոկել էր նրա կապույտ, մաքուր երկնքի պես թրթռուն թերթիկները, իսկ նա իր հեքիաթային երազում չէր էլ նկատել այդ…
Իսկ արեգակը նրան էր փնտրում և, չգտնելով, մտածեց, որ գուցե ուժեղ քամին պոկել-տարել է զանգակածաղկին: Նա մռայլվեց մի պահ, բայց հետո ժպտաց: Չէ՞ որ նա արև էր և բացատում այնքա՜ն ուրիշ զանգակածաղիկներ և այլ ծաղիկներ կային՝ բազմերանգ ու բազմաբույր…
Իսկ զանգակածաղի՞կը.- կհարցնեք դուք: Բայց ես չեմ ուզում վշտացնել ձեզ, թեև ինքս ամեն անգամ անասելի տխրում եմ այս պատմությունը հիշելիս…

 

ՀԵՔԻԱԹ ԱՄԵՆԱԳԵՂԵՑԻԿ ՏԻԿՆԻԿԻ ՄԱՍԻՆ

Կար-չկար խաղալիք սարքող մի վարպետ կար: Նա ոսկե ձեռքեր ուներ և կարող էր ամենատարբեր խաղալիքներ սարքել, բայց գերադասում էր տիկնիկները, մանավանդ, որ դրանք ավելի լավ էին վաճառվում:
Մի օր, երբ վարպետը շատ տխուր էր, որոշեց մի հետաքրքիր տիկնիկ ստեղծել, այնպիսի տիկնիկ, որ կարողանա քայլել, գլուխ տալ ու պարել:
Շատ չարչարվեց վարպետը և ահա տիկնիկը պատրաստ է. սևաթույր գանգուրներով, գեղիրան, ժպտադեմ:
Վարպետը խնդրեց ծանոթ մի դերձակուհու՝ սև ու կարմիր ժանյակներից զգեստ կարել տիկնիկի համար: Հիմա պետք էր փորձել, թե ինչպես է նա պարում:
Վարպետի փոքրիկ տունը լեփ-լեցուն էր հետաքրքրասեր մարդկանցով:
Նա վերջին անգամ ուղղեց տիկնիկի մազերի ժապավենը և լարեց: Լսվեց մի պարզ, բայց շատ հաճելի մեղեդի ու տիկնիկը սկսեց պարել: Նա պարում էր ճիշտ և ճիշտ բալետի պարուհու նման, այնքա՜ն ճկուն, որ մարդիկ հաճույքից ծիծաղում և ծափ էին զարկում: Ա՜յ քեզ հրաշք տիկնիկ՝ միաբերան գնահատեցին բոլորը:
Վարպետը մի քանի օր հիացավ իր ստեղծագործությամբ, հետո տարավ խանութ, որտեղ տարբեր խաղալիքներ էին վաճառում:
Տիկնիկն անընդհատ շուրջն էր նայում, նա չգիտեր, թե իրեն ինչու են այդտեղ բերել: Շուտով մոտեցավ երկնագույն, կարճ խալաթով մի սիրունիկ աղջիկ և նրա փեշից մի թուղթ կախեց: «Հետաքրքիր է, ի՞նչ է գրված այդ թղթի վրա»,- մտածում էր տիկնիկը, երբ մի տղա մոտեցավ, նայեց թղթին և սուլեց. «Այ քեզ գիի՜ն…»: Տիկնիկը հասկացավ, որ թղթի վրա գրված է իր գինը և այն բավական բարձր է, որովհետև տղան շարունակեց.
– Շատ գեղեցիկ տիկնիկ է, ափսոս, այդքան փող չունեմ:
Տիկնիկն ուրախացավ, լսելով, որ ինքը շատ գեղեցիկ է: «Տեսնեմ, թե ինձ ո՞վ կգնի»,- մտածում էր նա ու նախօրոք հրճվում այն մտքից, որ կարող է իր տիրոջ համար ոչ միայն ակնահաճո լինել, այլև ուրախացնել՝ պարել ու զբոսանքի գնալ նրա հետ:
Այդ օրը տիկնիկին ոչ-ոք չգնեց:
Երկնագույն խալաթով աղջկա խնդրանքով տիկնիկը տեղում երբեմն-երբեմն պարային զանազան շարժումներ էր անում: Խանութի այցելուները խմբվում էին ցուցափեղկի առաջ, հիացմունքի ճիչերով դիտում պարը, հետո հարցնում էին՝ ինչ արժե և գլխիկոր հեռանում:
Հաջորդ օրը, ընդմիջումից առաջ, տիկնիկին մոտեցավ մի ծերուկ: «Աստվա՜ծ իմ, ես երբեք չեմ տեսել նման գեղեցկություն: Եվ մինչև հիմա ոչ-ոք չի՞ գնել: Տարօրինակ է: Ես ինքս հաճույքով կգնեի, բայց դե իմ ժամանակն անցել է, թոռներ էլ չունեմ, կասեն՝ ցնդել է ծերուկը»:
Հետո խանութ մտավ շքեղ հագնված կին՝ երեխայի ձեռքը բռնած: Փոքրիկ տղան երկար նայեց տիկնիկին, տեսավ, թե ինչ գեղեցիկ է նա պարում և խնդրեց մորը գնել:
-Ո՛չ, ո՛չ, դու այնքա՜ն անզգույշ ես, կարող ես ջարդել, ափսոս է: Տղան լաց եղավ, ոտքերը խփեց գետնին, բայց ոչինչ չօգնեց: Նա հետո մի քանի անգամ առանց մայրիկի խանութ եկավ՝ տիկնիկին տեսնելու, իսկ հետո մոռացավ:
Օրերն անցնում էին սպասումի մեջ:
Տիկնիկը հոգնում էր անընդմեջ պարելուց… Խանութի տնօրենը կարգադրեց հանել նրան առջևի ցուցափեղկից և տեղավորել վերջին շարքերում: Նրան դուր չէր գալիս, որ այցելուները պարող տիկնիկին նայելուց հետո մյուսներին չէին մոտենում, թեև նրանց գինը անհամեմատ մատչելի էր:
Տեղափոխումից հետո խանութն սկսեց ապրել առաջվա կյանքով: Խաղալիքները կամաց-կամաց վաճառվում էին: Միայն ամենագեղեցիկ տիկնիկն էր մնում տեղում: Մարդիկ կամ այդքան դրամ չունեին, կամ վախենում էին ջարդել (այդպիսի շքեղ տիկնիկ պահելու համար պետք է համապատասխան պայմաններ ունենալ), կամ էլ բավարարվում էին նայելով, թե նա ինչպես է պարում: Նայում էին, ծափահարում և գնում…
Միակ բանը, որ մխիթարում էր տիկնիկին՝ երկնագույն, կարճափեշ խալաթով աղջկա հավատն էր. «Դու շա՜տ լավն ես, դու մեր խանութի ամենագեղեցիկ տիկնիկն ես, գուցե և ամենագեղեցիկ տիկնիկն ամբողջ աշխարհում: Այ կտեսնես, քեզ անպայման կգնեն, միայն թե դու տեղում երբեմն պարային շարժումներ արա, թե չէ այստեղից այնքան էլ լավ չես երևում»: Նա ամեն առավոտ ուղղում էր տիկնիկի զգեստի ծալքերը և մի քանի հուսադրող խոսք ասում:
Որոշ ժամանակ անց տիկնիկը նկատեց, որ աղջիկը շատ ցրված է դարձել, իրեն քիչ է մոտենում, անընդհատ ժամացույցին է նայում, իսկ աշխատանքից հետո, խանութի մոտ, նրան միշտ մի երիտասարդ է սպասում:
Մի օր էլ աղջիկն աշխատանքի եկավ այդ երիտասարդի հետ և նրանք բոլորին շամպայն հյուրասիրեցին: Խանութի աշխատողները համբուրում էին աղջկան, շնորհավորում և բարի ճանապարհ մաղթում: «Նա երևի ինչ-որ տեղ է մեկնում»,- մտածեց տիկնիկը և նույն պահին էլ լսեց աղջկա ձայնը. «Արի՛, ես քեզ ցույց կտամ: Ահա, սա է: Իսկապես շատ գեղեցիկ է, չէ՞: Գիտե՞ս, նա քայլում և նույնիսկ պարում է»: Տիկնիկի աչքերն ուրախությունից փայլեցին: «Գուցե այս երիտասարդն ուզում է գնել ինձ իր հարսնացուի համար»,- մտածեց նա ու սկսեց պարել: «Այո, հրաշալի տիկնիկ է, երբ մենք երեխա ունենանք, նրա համար այսպիսի տիկնիկ կգնենք: Իսկ հիմա գնանք, թե չէ կուշանանք»:
Երկնագույն խալաթով աղջկան տիկնիկն այլևս չտեսավ:
Մյուս վաճառողուհիներն առանձնապես չէին սիրում նրան, առավոտյան ոչ-ոք չէր մոտենում, չէր ուղղում զգեստը, չէր բարձրացնում տրամադրությունը…
Հետո տիկնիկին ավելի հեռու և չերևացող մի անկյուն խցկեցին ու մոռացան:
Որոշ ժամանակ անցավ: Մի օր էլ խաղալիք սարքող վարպետը եկավ և հարցրեց՝ չի վաճառվել արդյոք տիկնիկը: Ասացին, որ ինչ-որ խաղալիքներ վաճառվել են և բերեցին դրամը: «Դե ոչ, դրանք չէ, ես պարող տիկնիկի մասին եմ հարցնում»: Վաճառողուհիները, երկար փնտրելուց հետո, գտան և բերեցին տիկնիկը, որի վրա հաստ շերտով փոշի էր նստել: Նա այլևս չէր քայլում: Իսկ երբ զգեստը թափ տվեցին ու լարեցին, որ պարի՝ պարզվեց, որ նա չի էլ պարում: «Երևի ինչ-որ բան փչացել է»,- ասաց վարպետն ու տիկնիկին տուն տարավ:
«Տարօրինակ է, իհարկե, որ քեզ չգնեցին, ախր այդքան գեղեցիկ ես և պարել գիտես: Չեմ հասկանում, ուրիշ ի՞նչ է պետք մարդկանց»,- քրթմնջում էր վարպետը,- դե լավ, տեսնենք ինչ է պատահել»:
Վարպետը հանեց տիկնիկի զգեստը, բացեց ներսն ու անսպասելիությունից քար կտրեց. տիկնիկի մետաքսից սիրտը վշտից ճաքել էր…
«Ահա թե ինչու էլ չես պարում, իմ խե՜ղճ տիկնիկ,- քեզ էլ ոչ-ոք չի գնի… Էհ, ոչինչ, մնա ինձ մոտ»:
Վարպետը տիկնիկին տեղավորեց իր համեստ տան ամենաերևացող տեղում՝ հին կոմոդի վրա:
Խաղալիքներ սարքող վարպետը մենակ էր ապրում: Իսկ հիմա նա երբեմն զրուցում էր տիկնիկի հետ կյանքի լավ ու վատից, թանկ ու էժանից, չարից ու բարուց… Նա շարունակում էր խաղալիքներ սարքել, միայն տիկնիկ այլևս չէր սարքում…

 

ՀԵՔԻԱԹ ԳՈՐՇ ՄՈՒԿԻԿԻ ՄԱՍԻՆ

Կար-չկար մի գորշ մուկ, ավելի ճիշտ՝ մի փոքրիկ գորշ մուկիկ, որովհետև երբ ասում ես մուկ՝ չես կարող երևակայել, որ նա ունի խոշոր, ձիթապտղի պես սև աչքեր, մուգ գորշավուն մաշկ՝ այնքան փայլուն, որ գիշերը լույսի տակ առկայծում է, և նուրբ մի պոչիկ՝ ոչ այնքան երկար:
Ուրեմն այսպես. այս փոքրիկ մուկիկն աշխարհում ամենից շատ վախենում էր գորշությունից: Ուղղակի տանել չէր կարողանում և շատ էր տխրում՝ ամեն անգամ հայելու մեջ նայելիս. «Տե՜ր Աստված, ի՜նչ գորշ եմ ես»,- հոգոց էր հանում նա, և կլոր աչքերը լցվում էին արցունքով:
Մի օր մուկիկը ջարդեց տանը եղած բոլոր հայելիները և որոշեց մոռանալ, որ գորշ է:
Հաջորդ օրը նա գնաց խանութ և գնեց բազմագույն կերպասներ՝ իր սիրած վարդագույնից մինչև սև, բոլոր գույները երկուսից բացի՝ գորշ և մուգ կապույտ (մուգ կապույտը նրան կոպտացնում էր):
Ամբողջ օրը լսվում էր կարի մեքենայի ձայնը: Մուկիկը նույնիսկ հարևանուհու մոտ սրճելու չգնաց: Երեկո էր արդեն, երբ կարելն ավարտեց:
Եվ ահա պատրաստ էին նոր զգեստները՝ ֆանտաստիկ ու ճամուկ: Երբ հագավ և դուրս եկավ տանից, ոչ-ոք չէր կարող ենթադրել անգամ, որ մեր փոքրիկ գորշ մուկիկը կարող է այսքան հրապուրիչ լինել: Նրան հաճոյախոսում էին ամեն քայլափոխի, ջանում էին գրավել ուշադրությունը, առաջարկում էին ուղեկցել, նույնիսկ սկսեցին ծաղիկներ նվիրել…
Հիմա դժվար էր մուկիկին գորշ անվանել: Նա ինքն էլ այդ մասին շուտով մոռացավ:
Ժամանակ անցավ: Նոր, գույնզգույն զգեստների փայլը խամրեց, և գույները խունանալով՝ գորշացան: Մուկիկն այնքան զբաղված էր տարբեր հրավերներով, որ չնկատեց այդ: Մի օր էլ, երբ քայլում էր երջանիկ ժպիտը դեմքին, մեկը ձայնեց.
– Տեսե՜ք, ի՜նչ ծիծաղելի է այս գորշ մուկն իր հնամաշ շորերով:
Մուկիկը սկզբում չհասկացավ լսածը: Անհանգստությունից նրա փոքրիկ
սրտիկն սկսեց ավելի արագ բաբախել: Հետո բառերն սկսեցին տեղ հասնել, և ամենաարագն, իհարկե, տեղ հասավ «գորշ» բառը… «Գորշ, գորշ մուկ, նա ինձ ասաց գորշ մուկ… Օ՜հ, ի՜նչ դժբախտ եմ ես…»,- մտածեց նա ու հեկեկոցն ատամներով ամուր սեղմած՝ վազեց տուն:
Տանը հայելիներ չկային և պետք էլ չէր, առանց այդ էլ ամեն ինչ պարզ էր: Մուկիկն ազատություն տվեց սիրտը կտրատող արցունքներին ու այնքան լաց եղավ, մինչև քնեց: Երազին մի տեսիլք հայտնվեց, ավելի ճիշտ՝ մի մեղմ ու բարի ձայն. «Փոքրի՜կ մուկիկ, հանգստացի՜ր ու ոչնչից մի՛ վախեցիր: Գորշն էլ գեղեցիկ գույն է, իսկ գորշությունը գույնի հետ կապ չունի»:
Առավոտյան մուկիկն արթնացավ խաղաղված և աշխատեց այդ մասին այլևս չմտածել:
Ժամանակ անցավ: Պարզվեց, որ այն տեսիլքն իրական էր: Դա մի ուրիշ մուկ էր, հոգատար և ուշադիր: Նրանք հանդիպեցին, նայեցին միմյանց աչքերի մեջ և ժպտացին:
– Իմ սիրունի՜կ, գորշ մուկի՜կ,- ասաց մուկը և մեր մուկիկն, ի պատասխան, ամոթխած ժպտաց: Առաջին անգամ նա չվախեցավ գորշ բառից, ընդհակառակը, դա նրան շատ բնական և նույնիսկ գեղեցիկ թվաց:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *