Նա խալի էր: Եղածը՝ խալի էր: Այն էլ՝ գործարանի: Անգամ ձեռագործ չէր: Ուղղակի կավրոլիտների մեջ միակ խալին էր եղել: Այն կավրոլիտների, որ լինոլյումի գործարանում էին ստանում: Այդ լինոյումների արտադրամասի կավրոլիտների միջի միակ խալին գտել էր, որ ուժը կձգի գորգին: Միտքը՝ ժողովրդական արվեստի թանգարանն էր վիշապագորգերի կողքին: Դե ոչինչ, որ իր մեջ հատուկ խորհուրդ չկար, եզրամասերին օձակերպ զարդանախշեր չկային, կենտրոնում էլ՝ թաքնագիր:
Նա իրեն գորգ էր զգում ու գորգ գիտեր: Ուղղակի մեջքը զարդարում էր գործարանային պիտակը: Իսկ այդ պիտակում գործող խալիների շտրիխ-կոդն է ու նպատակը՝ ենթակա է օգտագործման: Ու կապ չուներ՝ ով կօգտագործեր այդ խալին՝ հարևան արտադրամասի տնօրենը, թե իր արտադրամասի բանվորի երեխան: Նա ենթակա էր օգտագործման:
Մի քիչ ավելին էր, քան կավրոլիտը, ուստի հեշտ էր այդ անմեղսունակների վրա հոգեբանական ճնշում գործադրում: Մեկ՝ կավրոլիտների փոշեկլանիչների ու աղտոտված ապրելու մասին էր խոսում, մեկ ճիճուների, որոնք սիրում էին կենակցել կավրոլիտների հետ, խոնավության մասին էր պատմում, որոնց արդյունքում կավրոլիտները մեկը մյուսին բորբոսախտով էր վարակում: Կարճ ասած՝ սարսափեցնում էր տիկնայք ու պարոնայք կավրոլիտներին: Լինոլյումների մասին լռենք: Նրանք ամենօրյա օգտագործման, իրենց վրայի կեղտը ջրի մի հարվածով մոռացող, կրունկից պատռվող, կրակից հալչող, ջրից գունափոխվող երևույթներ էին: Նա լինոլյումներին չէր էլ նկատում:
Առջևում մեծ նպատակներն էին:
Վիշապագորգի ծիր կաթինը բռնած՝ խալին սկսեց իրեն այլ կերպ պահել կավրոլիտների նկատմամբ:
Մեկ այս կավրոլիտի նախշն էր գովում, մեկ մյուսի գլուխը լվանում, թե որքան կարևոր է կավրոլիտի խոնավությունը, երրորդին, թե բա փոշու պատճառն, իհարկե, արտադրամասն է: Իսկ դե լինոյումները պարբերաբար լսում էին, որ եթե նրանք չլինեին, խալին փռվելու տեղ չէր ունենալու: Լինոլյումն է խալուն մաքուր պահում: Լինոլյումի գործը ծանր է, կյանքը՝ կարճ: Բայց դե ոչ մի լինոլյում այդ օրերին չէր պատկերացնելու, որ խալու ձգտումը հարուստ տունը չէր: Անգամ տունը չէր: Ազգային թանգարանն էր նրան սպասում: Իսկ ազգային լինոլյում, Հայաստանը ոչ մի դարում չի ունեցել: Դա նշանակում էր, որ նրանց ուղիները տարբեր էին լինելու հենց այն պահից, երբ լինոլյումն էլ խալուն պետք չէր գալու:
Ընտրյալն ընտրվեց իր կոլեկտիվում: Հետո՝ նրան ընտրեցին մյուս արտադրամասերի լինոլյումներն ու կավրոլիտները, որովհետև ծնվել էր մի ընտրյալ, որը գոռոզ չէր: Ով հանգիստ պառկում էր կավրոլիտի տակ-վրա, թաց ու չոր լինելյումի։ Խալին նրանց հետ էր: Ուրեմն՝ նրանք էլ խալու հետ էին:
Իսկ խալին գիտեր իր արժեքը, վատ լինոլյումի ու կավրոլիտի ֆոնին նա արծվագորգի էր նման:
Մյուս արտադրամասերի խալիները արվեստի թանգարանին չէին ձգտում: Ուզում էին լավ տուն գնալ: Դա նշանակում էր մաքուր հատակ, մաքուր կյանք: Դե իսկ լոգանքն իսկական հաճույք էր: Իրենց դնում էին ընտրովի սարքի մեջ ու մի կողմից՝ գոլորշի, մյուսից՝ փոշի, լողացնում, մաքրում, հարդարում ու մեքենայով տուն էին բերում: Սոցիալապես քիչ ապահով տներում, խալիներն իրենց թելերի վրա զգում էին սառը ջրի, հայկական-ժողովրդական ճիպոտի ու հատակի փայտի ամուր շունչը: Հետո ստիպված էին լինում մի քանի օր մնալ արևին թիկն տված, որ չորանային: Գիշերը դրսից վախենում էին, շների մեզից վախենում էին, կատուների ճանկերից վախենում էին: Երբեմն՝ այդ ընտրյալներին գողանում էին գիշերով, ու նրանք առավոտյան պետք է ծանոթանային նոր տան հատակի ու ընտանիքի անդամների կատակների հետ: Եթե չէին գողացվում, արևայրուքից կամ արևահարումից հետո մի քանի տղամարդ խալու գլուխը պատերին տալով հասցում էին տուն:
Նույնը սպառնում էր մեր խալուն: Դե, որովհետև նա դեռ վիշապագորգ չէր: Ախր ձեռագործ էլ չէր: Մեքենան էր նրան ստեղծել: Նա չուներ գորգի վրա դրված սերն ու չարչարանքը: Մանկական հիշողություններում՝ մեքենայի չխկչխկոցն էր, ոչ թե գորգագործի երգը, նրան մեքենայի անիվներին էին գործել, ոչ թե մոր ձեռքերը, նա իր ամբողջ մարմնով մի կարգին կնոջ չէր տեսել, իսկ այ գորգի ամեն թելիկին խուտուտ էր տվել իրեն ստեղծողը, ամեն թելիկ ձգվել, ոլորվել, շոյվել ու կտրվել էր գորգագործից: Նա գորգ չէր դառնում, որովհետև նրան գորգ չէին ստեղծել: Դրա համար խալին չուներ գորգի արժանիքները: Նրա ծնողները մեքենաներ էին, տատն ու պապը՝ պատվեր: Նա ինքը մի մեծ, երկար ու հաստ պատվեր էր ու հենց այդ արժեքով էլ ապրում էր՝ պատվիրված:
Բոլոր արտադրամասերի լինոլյումներն ու կավրոլիտները քվեարկեցին, ամեն ինչ արեցին ու մեծ ջանքերով խալուն աշխատանքի տեղավորեցին՝ մի նախարարի աշխատասենյակի դիմաց փռվելու: Նրա վրա էին իրենց ոտքերը սրբում արժանի ու անարժան, մեծ ու փոքր, երբեմն՝ ծակ կոշիկներով մարդիկ:
Հետո՝ նախարարը դուրս եկավ աշխատանքից: Աշխատասենյակի բոլոր իրերը, նաև խալին, տեղափոխվեցին նախարարի տուն: Քանի որ տունը լի էր այլ խալիներով, մեր ընկերոջը տեղավորեցին դարակում:
Այստեղ նա ծանոթացավ ժառանգաբար փոխանցված այլ խալիների հետ: Բոլորն էլ մի ընդհանուր գիծ ունեին: Բոլորն էլ պատրաստվել էին: Սիրով, հաճույքով, թե Չինաստանում, այնքան էլ կարևոր չէր: Նրանք պատրաստված էին և ոչ ստեղծված:
Բայց ի տարբերություն մեր ընկերոջը, նրանք ժառանգվել էին: Նախ սիրվել էին, հետո՝ ժառանգվել: Իմացավ, որ ոչինչ այնքան դուրեկան չէ, որքան սիրված լինելը: Երբ նա, ով քայլում է քեզ վրա, սիրում է քեզ: Երբ քո խնամքի մասին մտածում են: Երբ քեզ ամուր ու տաք են պահում, կոշիկները հանում, նոր են քեզ մոտենում, որ կտակեն ուրիշի: Միայն թե սրտնեղում են, որ պահարանում են: Փիլիսոփայում են՝ երբ խալուն հավասարեցնում են գորգին, նա կտրվում է իրականությունից: Երկար տարիներ մնում են պահարաններում, որ չփչանան: Պատմում էին, որ մի ծերուկի այնքան սիրեցին՝ մինչև պահարանում նրան կերան ուտիճներն ու մկները:
Խալին հասկացավ: Նա արդեն ոչ թե վիշապագորգ է ուզում լինել, այլ սիրված վիշապագորգ: Այո, նրան պետք է սիրեն: Թեկուզ և ամբողջ օրը ոչ ոք չմոտենա: Կարևորը՝ սիրեն, ու այն էլ շատ:
Կարևորն իրենով հիանան, ու այն էլ՝ շատ:
Կարևորը նրա անունը շատ տան, նա լինի վիշապագորգ, ու այն էլ՝ շատ:
Սիրված խալիներն ասացիմ, որ այս պահարանում ամեն ինչ կա: Այն շատ մեծ է: Կարող ես ոտքերդ երկարել, կիսով չափ պառկել, պահարանի անցքից երեկոյան ֆիլմեր, իրական երեկոներ, արևածագ ու մայրամուտ տեսնել: Այդ պահարանում նրանց չեն սպառնում փայտոջիլները, որոնք անընդհատ խուտուտ են տալիս, խայթում ու չեն թողնում քնել: Մի խոսքով, ամեն ինչ շատ գետնային է:
Բայց գետնային հրաշքը մեր խալու սրտով չէր: Նա պետք է նախ սիրվեր, հետո՝ վիշապագորգի ճամփեն բռներ: Խալին մյուսների սիրուն պատասխանեց հայտարարությամբ՝ «դուք անհաջողակներ եք», հետո այնքան հարվածեց պահարանի դռանը, որ ուղղակի դուրս նետվեց պահարանից…. հենց այն պահին, երբ նախկին նախարարն ու ներկա տեղակալը գիշերով հոգի էին կանչում: Իրար զարմացած նայեցին գորգն ու նախարարը: Վերջինս համոզվեց, որ սա հենց այնպես չէ: Նրանք ուզում էին հավատալ հոգուն, հավատացին. կա-չկա հոգին գորգի մեջ է ու տարան գորգի հոգու մասնագետի մոտ: Հանճարեղ գուշակն էլ, հենց որ առավ 1 000 000 դոլլարի բուրմունքը, ասաց, որ գորգի միջի հոգին երթանոսական Արգավանդ աստծո հոգին է:
Քանիսը հավատացի՞ն՝ 2-ը: Բայց այդ երկուսը հարուստ էին….. գորգն սկսեց ճանաչվել: Այնքան ճանաչեցին, մեկը սիրեց, և նա փող ուներ, բոլորը՝ սիրեցին: Այնքան սիրեցին, մեկը պաշտեց, և նա փող ուներ, բոլորը պաշտեցին: Պաշտում էին արտադրամասի գորգի բույրը, նախշերը, թելերը: Կավրոլիտներն ուրախանում էին, տեսնելով իրենց ընտրյալին, որը նրանց արդեն վաղուց չէր նկատում: Պաշտում էին լինոլյումները՝ համոզված, որ գորգը հիշում է նրանց անունները՝ հատ-հատ: Պաշտում էին բոլորը ու համատարած: Անգամ տիկինները, որոնք մեծ հաճույքով ճիպոտափոշեհան կանեին այս խալին:
Խալին չհասցրեց նկատել՝ երբվանից մարդիկ իրեն սկսեցին գորգ կոչել։
Այնքան պաշտեցին, մեկը սրբացրեց, ու նա փող ուներ, սրբացրին բոլորը: Իսկ այդ մարդը հարևան երկրի խալիների արտադրամասի տնօրենն էր: Այ նա շատ լավ գիտեր գորգի ու խալու, չարի ու բարու տարբերությունը: Նրա նպատակը մեկն էր, որն ուներ 4 մետր երկարություն ու 2 մետր լայնություն, անունը՝ վիշապագորգ: Նա միակն էր, որ պետք է քայլեր այդ վերջին գորգի վրա: Պաշտվող խալին սրբացվող գորգից մեկ քայլ էր հեռու: Շատ հարմար էր ընդհանուր աղմուկի մեջ սրբացնել նրան: 10 օրում նա կարողացավ համոզել, թե իբր Արգավանդի հոգով գորգը գործվել է 50 000 տարի առաջ, գործողն էլ եղել է կինը՝ երթանոսական աստվածուհի Արահիտը: Իսկ թանգարանի այսպես ասած վիշապագորգն ընդամենը 1500 տարեկան է: Ընդամենը 1500՝ 50 000-ի դիմաց:
Գորգագետներն ու գորգագործները հանկարծ ֆինանսավորվող արձակուրդի մեկնեցին: Մարդիկ հերթով-շարքով-կարգով եկան, տվեցին իրենց հավատն ու անգամ չհարցրին՝ ինչպես էր Արահիտը գորգ գործում: Փաստորեն մենք 50 000 տարվա պետություն ենք: Իսկ ինչո՞ւ է մեր սուրբ-սրբոց ԳՈՐԳԸ 2 տարեկանի արտաքինով ու նախշերով: Ոչ ոք չհարցրեց: Բոլորը տեսան գորգի հետնամասի շտրիխ-կոդը, բոլորը տեսան, ոչ ոք չհարցեց, թե ինչպես էր Արահիտն այն տարիներին շտրիխ-կոդեր անում: Հարց չառաջացավ:
Ինչո՞ւ: Որովհետև հիմա սրբացնելու ժամանակն էր: Մեկը հավատացել էր, և նա փող ուներ…. Հարևան պետության խալիների արտադրամասի տնօրենի վերջնական հարվածը եղավ ժողովրդական արվեստի թանգարանի միակ վիշապագորգը: Հանկարծ այն շատ արագ խամրեց ու կորցրեց իր կարևորությունը: Ասենք՝ վերջերս մարդիկ շատ էին հոգնել այդ խալիչայից…. Դրա վրա այնքան խաչ կա…. Դա ճնշում է: Ճնշում է բոլորին ու համատարած:
Վիշապիկին հանեցին ու կախեցին Սրբագորգը:
Անցնող-դարձող-հիացողների քանակն անսպառ էր:
Հետո՝ անցնող-դարձողներն էին շատ:
Հետո՝ ուղղակի անցնողներն էին դառնում ու գնում: Դե գորգը, որը նախորդ կյանքում խալի էր եղել, այնքան էլ հետաքրքիր չէր: Նրա մասին ամեն ինչ լսել էին, ամեն ինչ տեսել էին: Բացահայտելու նոր բան չկար: Խալին իրենց տալու ոչինչ չուներ: Իսկ սրբացնող հարուստն արդեն նոր հողաթափերն էր փորձում նոր վիշապագորգի վրա: Նրան էլ պետք չէր ոչ խալին, ոչ Արգավանդի հոգին, ոչ էլ ժողովրդական սերը….
Արդյունքում՝ խալին սիրված էր, արգավանդագորգ, վիշապագորգ, արծվագորգ: Նա ամեն ինչ էր՝ ժողովրդական արվեստի թանգարանում: Բայց այսպիսի դատարկություն դեռ չէր զգացել: Դե՝ ինչո՞վ զարմացներ, ո՞ւմ զարմացներ: Ոչ եզրերն էին օձակերպ զարդանախշերով, ոչ թաքնագրեր ուներ, ոչ ծնող էր ունեցել, ոչ սիրող, ոչ բացահայտող, ոչ էլ մի իմաստուն խորհուրդ: Կարճ ասած՝ ստեղծվել էր օգտագործման համար: Վերջերս էլ հաճախ էին սկսել նկատել նրա իրանի տեղեկությունը՝ քաշը, գինը, բաղադրությունը, տարեթիվն ու Արահիտյան շտրիխ-կոդը:
Մինչև որ եկավ արվեստի թանգարանի տնօրենն ու հանել տվեց թյուրիմացությունը՝ այդ կավրոլիտ-խեղկատակությունը, որը մեծ աղմուկ էր բարձրացրել:
Նա էլի խալի էր: Հիմա՝ ուղղակի, նեղ ու մռայլ նկուղում, որտեղ նրան խայթում ու խուտուտ էին տալիս փայտոջիլները: Այստեղ ոչ ոտքերդ կարող էիր երկարել, ոչ արևն ու լուսինը, ոչ էլ իրական երեկոները տեսնել: Այստեղ իր պես այլ արտադարամասերի գորգեր էին դես ու դեն ընկած: Բոլորը գիտեին ու հիշում էին հարևան պետության այն մարդուն: Նրա գալով թանգարանից մի-մի վիշապագորգ էր կորել: Վերջինը՝ նորեկի գալուց հետո կորավ:
Խալին մնաց սեփական արտադրության ոչնչով, իսկ կավրոլիտներն ու լինոլյումներն ինքնակամ սկսեցին շարքից դուրս գալ կամ ջրի մի հարվածով իրենց վրայից մաքրել այն հիշողությունը, որը հիմա կոչվում է լվացրած ուղեղ….