Լիլիթ Ղազարյան | Թատրոն

Արի գնանք թատրոն,
նայենք թե ինչպես են մարդիկ խաղում դերեր՝
լավ իմանալով ներկայացման ավարտը,
ճիշտ մեզ պես։

Արի գնանք թատրոն,
մութ դահլիճում հայացքս գամված կլինի բեմին,
բայց կտեսնեմ միայն քեզ,
ու դերասանների խաղի մեջ կճանաչեմ ինձ ու քեզ,
մեր չկայացած վեճերը,
մեր չեղարկված մեղրամիսը,
երեխաներին, որ չենք ունենա,
աղմկոտ կիրակիները, որ չեն գա,
ու ամեն ինչ կլինի այնքա՜ն իրական, բայց չիրականացված։

Մենք երկու ժամանոց ներկայացման ընթացքում կապրենք մեր ողջ կյանքը,
կապրեցնենք մեր պատմությունը,
որն էդպես էլ իրական չի դառնա։
Դու կհուզվես մեր չեղած առաջին զավակի ծնունդից,
ես կարտասվեմ չեղած երկրորդի մահվան համար,
ու մենք սառած, դահլիճի կարմիր աթոռներին գամված,
կապրենք մի կյանք, որ պիտի լիներ,
բայց չեղավ․․․

Արի գնանք թատրոն,
տեսնենք բեմականացված ցավն ու
գուցե խղճանք ինքներս մեզ
կամ համոզվենք, որ մեր պատմությունը
մեկն է հազարների մեջ՝
իրար պես ու իրար այնքա՜ն նման։

Արի գնանք թատրոն։
Ես երկու ժամվա ընթացքում կսիրահարվեմ քեզ խելագարի պես,
կփախչեմ քեզ հետ աշխարհի ծայրը՝ խենթ դեռահասի նման,
կհիասթափվեմ առաջին անգամ,
կկարկատեմ պատռված վերնաշապիկդ,
ու օձիքիցդ կառնեմ ուրիշի հոտը։
Ես երկու ժամվա մեջ տիեզերական սիրուց կհասնեմ մինչև ճղճիմ կենցաղ,
գոլորշիով կվառեմ ձեռքս՝ քեզ համար թեյ պատրաստելիս,
կկոտրեմ ափսեները խոհանոցի հատակին, երբ նորից հարբած տուն գաս,
հետո նորից կսիրեմ, կսիրեմ այնքան, որ բաց կթողնեմ
ու նորից կլինես սիրված, բայց ոչ իմը։

Արի գնանք թատրոն։
Դու երկու ժամվա ընթացքում ինձ համար տակնուվրա կանես ողջ կյանքդ,
կփոխես հասցեդ, դերդ, անունդ,
կվերանաս աշխարից, որ նորից գտնվես, բայց ինձ հետ,
կհասցնես կորել ու կորցնել ի՛նձ էլ, քե՛զ էլ։
Դու իմ բյուրեղյա պատկերին սովորած՝ կբարկանաս իմ նյարդայնացնող սովորություններից
ու կփախչես դեպի աներևույթն ու անիրականը։
Մեր մեջ քեզ կորցրած՝ կփորձես վերագտնել քո հին եսին,
ու ինձ, որ սիրված էր․․․ միայն, երբ քոնը չէր․․․

Արի գնանք թատրոն,
արի չվատնենք տարիներ, դեմքեր ու դեպքեր։
Երկու ժամ… մենք սեղմ ժամկետներում կապրենք մեր կյանքը,
կապրեցնենք մեր պատմությունը
ու կհեռանանք․․․

Արի գնանք թատրոն,
որովհետև էնտեղ՝ բեմում, ամեն ինչ կարելի է,
որովհետև մարդիկ սիրում են այն դերերը, որոնց համար վճարում են,
որովհետև տոմսով կյանքը կանխատեսելի ժամանակահատված ունի․
այն չի ձանձրացնում, չի երկարում, ընթրիքի պլաններին չի խանգարում։
Տոմսով կյանքն էլ երևի ավելի հեշտ լինի․
մեր հարաբերությունները կսկսվեն 6:30 թատրոնի մուտքի մոտ,
հետո միջանցքով կքայլենք դեպի դահլիճ՝
իրար ձեռք բռնած,
ափս քո ափի մեջ թաքստոց գտած,
կգտնենք մեր տեղերն ու կնստենք,
ներկայացումը սովորականի նման կսկսվի տաս րոպե ուշ,
ու թեև սպասելի է, մենք անհամբեր կսպասենք, ասես առաջին անգամ ենք թատրոնում։
Վարագույրը բացվելուն պես ես կշրջվեմ դեպի բեմը
ու թաքուն կժպտամ քո՝ իմ կնճիռների մեջ կորած հայացքի ջերմությունից,
ու մենք կորսանք իրար հայացքները մութ դահլիճում,
կծիծաղենք ու կլացենք միասին,
կժպտանք մեր սիրած տողերը լսելիս,
ձեռքս դեռ ափիդ մեջ՝ մենք կքայլենք կյանքի հեռուներ՝ թատրոնում նստած,
ու ներկայացումը կավարտվի ճիշտ ժամը իննին,
սպասելի, բայց ցավոտ։
Կյանքի այդ գլուխն էլ կավարտվի բարձր ծափահարություններով,
ու դերասանները գլուխ տալով կհեռանան՝
հերթական կյանքը խաղալու։
Դահլիճում կվառվեն լույսերը, որպես ազդանշան, որ մեր պատմությունն էլ վերջացավ,
ու մենք, առանց ուրիշ ելք ունենալու, դուրս կգանք թատրոնի շենքից
էլի ձեռք-ձեռք բռնած,
մի քիչ ծերացած, մի քիչ նեղացած,
էլի սիրող ու սիրված,
ապրած ու ապրեցրած,
ու կքայլենք դեպի իմ տուն, կամ քո, կամ մեր
կամ էլ ամեն մեկս մեր,
ու կավարտվի մեր երկու ժամանոց երկար կյանքը․․․

Արի գնանք թատրոն․․․

hոկտեմբերի 31, 2021
Երևան

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *