ծխելուց միշտ պետք է խոսել
ծխելու վնասների մասին
ու ծխել, ծխել
ու լսել ժամացույցին
ու նկարել մոխրամանի հատակին
ու ծխել էն ծխախոտը…
ու մատներով խաղալ ծխի հետ
ու քիթը խցկել ծխի մեջ
ու քեզ կորցնել ծխի մեջ
ու լինել էն ծուխը
ու օդափոխիչից դուրս գալ
ու կորել օդում
ծխելուց անպայման, անպայման է խոսել
ծխելու վնասների
ու օդափոխիչում կորելու մասին
***
Արի ուտենք ծովախոզուկի ականջներ,
որովհետև աշխարհը յոթանասուն տոկոս ծով է,
քսան տոկոս խոզ,
տասը տոկոս աշխարհն ինքն իրենից պակաս է,
Արի գնանք պակաս աշխարհը գտնելու,
որ հանձնենք ծովերին կամ խոզերին,
որ բոլոր աշխարհները կցենք իրար,
Արի ականջ դնենք ծովախոզուկին,
տեսնենք ծովեր հնչում են,
Արի լսենք հեքիաթներ այն մասին,
որ ծովախոզուկը ոչ ծովից է, ոչ խոզից։
***
Ես հոգուս խորքում մուկ եմ,
ում ճառագայթում են, որ վերանա,
ես թակարդներ եմ փնտրում,
որ փրկվեմ։