2001 թվականին առաջին անգամ անց կացված մեր գրական փառատոնը` «Գրական Տապանը», 2011-ի հաջողությունից ոգեշունչ, «նավարկության» է ելնում նաև այս տարի:
«Գրական Տապան»-ը գրողների, գրականագետների, ընթերցողների ֆորում է։
Հայաստան հրավիրելով աշխարհի տարբեր երկրների գրականության ներկայացուցիչներին, նրանց ներկայացնելով մեր մշակույթը, երկիրը, գրականությունը, «Գրական Տապան»-ը հայ գրողների, գրականագետների, լրագրողների, ընթերցողների և հրավիրյալ գրողների համար ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ մշակութային, հասարակական-քաղաքացիական խնդիրների քննարկման հարթակ է դառնում ։
Ընդսմին, թե՛ «Գրական տապան»- ի հյուրերը և թե հայաստանցի գրողները փառատոնի շնորհիվ հնարավորություն են ստանում հայ ընթերցողին, հանդիսատեսին ներկայանալ իրենց արվեստով, գրքերի կամ գաղափարների ու ծրագրերի շնորհանդեսներով, ընթերցումներով և այլն։
2012-ին ԳՐԱԿԱՆ ՏԱՊԱՆ-Ը (16-26 հոկտեմբերի) անց կկացվի երկու սիմվոլիկ հատվածների պայմանական բաժանմամբ՝ Պոեզիա և Արձակ։ Տեղի կունենան քննարկումներ, ընթերցումներ, կլոր սեղաններ, աշխատանոցներ։ Օտարերկրյա հյուրերը հնարավորություն կունենան այցելելու Լոռվա մարզում, ապա և՝ Երևանում ու նրա շուրջ գտնվող մշակութային-պատմական հուշարձանները, լինելու ՀՀ ԲՈՒՀ-երում և անմիջապես շփվելու բանասեր, օտար լեզուների և գրականության մասնագետ դասախոսների, ուսանողների հետ։ Լոռու մարզում՝ Դսեղում և Վանաձորում՝ Թումանյանի և Զորյանի տուն թանգարաններում, գրական թեյախմություններ կկազմակերպվեն։
«Գրական Տապան 2012»-ը ժողովարան է, հավաքատեղի գրողների, գրականագետների, մշակույթին և գրականությանը նվիրյալ, այն պարզապես սիրող մարդկանց համար:
«Գրական Տապան 2012»-ը ընթերցողի, ուսանողի համար հրաշալի առիթ է գրողին ու նրա գրականությունը լսելու, «գրական ասպարեզ»-ներում և վարպետության դասերի, պրակտիկ պարապմունքների միջոցով լիարժեքորեն տեղեկանալու աշխարհի արդի գրական անցուդարձին:
«Գրական Տապան 2012»-ը հրավիրյալ գրողների համար Հայաստանը տեսնելու, ճանաչելու, սիրելու հրաշալի առիթ է, իսկ հայ գրողների ու գրականության մարդկանց համար լավ հնարավորություն` հյուրընկալելու իրենց գործընկերներին:
Տապանն այս տարվանից և հետայսու կունենա իր «Նոյը», իսկ ներկայացված մշակույթները` ԳՐՈՂՆԵՐՆ ու ԳՐԱԿԱՆՈւԹՅԱՆ ՄԱՐԴԻԿ կլինեն Նոյյան «որդիները», «տոհմը», «նավազները»` գրականության հավատավոր հոտը:
ԳՐԱԿԱՆ ՏԱՊԱՆՆ առաջին անգամ անց է կացվել 2001-ին Երևանում, երկրորդ անգամ՝ 2011-ին Երևանում և Ջերմուկում։ Իսկ այս տարի՝ 2012-ին, այն անց կկացվի Վանաձորում, Լոռվա մարզում և Երևանում։ Փառատոնի ձևաչափը գնալով հարստանում է` ներառելով նոր գաղափարներ, մատուցման և մասնակիցների ու հանդիսատեսի միջև շփման նոր ձևեր։
ԳՐԱԿԱՆ ՏԱՊԱՆ 2012-ի օրերին կկայանա նախորդ փառատոնի հուշագրությունների գրքի՝ «Գրական Տապան 2011»-ի շնորհանդեսը և փառատոնի մասին պատմող ֆիլմի պրեմիերան։ Այս տարվա փառատոնի օտարերկրյա հյուրերի հուշագրության արդյունքը ևս կլինի գիրք, որը լույս կընծայվի 2013-ին։ Այս տարվա փառատոնի մասին էլ կնկարահանվի ֆիլմ:
Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին սպասվում է փառատոնի պաշտոնական կայքի բացումը:
Փառատոնի մասնակցության հայտը բեռնեք և ուղարկեք literary.ark@gmail.com էլ-փոստին մինչ սեպտեմբերի 5-ը: