«Քանզի ե՛ս միայն գիտեմ իմ մտադրութիւնները,
որ խորհում եմ և պիտի խորհեմ ձեր մասին,- ասում է Տէրը.-
մտադրութիւն, և ոչ թէ չարութեան. Դրանից յետոյ ես լոյս կը տամ ձեզ»:
Երեմիա 29:11
Արդեն կես ժամ է՝ նույն սևազգեստ մարդիկ բարձրանում են կես ժամ առաջ սկսված բլուրը: Ոչինչ չի փոխել իր սկզբի ձևերը: Դիմագծերը: Դիմախաղը: Աչքերի այլայլված սառնությունն ու անորոշ գամվածությունը շարունակ առաջացող կետին: Դիմացից քայլող կնոջ թաշկինակի շարժման ուղությունը: Երիտասարդ մորուքավոր տղամարդու դեմքի սարսռեցնող ու տարօրինակ ժպիտը, որ սովորաբար ունենում են կյանքի հետ միակ թելը կորցրած մարդիկ: Եվ մյուսը՝ արդեն ծեր, որ անընդհատ խոսում է ի՛ր կետի հետ, հետևում է իր կետին դարուփոսերի մեջ, խոտերի վրա, ջրափոսերում խորտակված: Անվերջ:
Արդեն կես ժամ է՝ նույն սևազգեստ մարդիկ բարձրանում են կես ժամ առաջ սկսված բլուրով, ու ոչ ոք իրեն չի պահում գերեզմանոց մտած յուրաքանչյուր մարդու կարեկից բնազդներով. Աջուձախ հայացքով չի շոյում գերեզմանաքարին դաջած նկարի այտն ու մազերը, մտքում չի կրկնում՝ Տեր ողորմյա: Սովորականի պես միայն եղանակն է. բլուրը վերջանալուն պես ընդունարանից դույլերով ջուր կշպրտեն՝ ի նշան նորեկի առաջին այցելութան յէրկինս:
***
Միանման են գժանոցի պատերը, հատկապես հատակն ու առաստաղը: Միանման ամեն բանից մարդու աչքը հոգնում է: Նույնիսկ երբ նա գիժ է: Նույնիսկ ավելի արագ: Ինչպե՞ս հասա այստեղ: Երրորդ ամիսն եմ ինձ հարցնում: Իննսուներկու օր: Երկու հազար երկու հարյուր ութ ժամ: Հարյուր երեսուներկու հազար չորս հարյուր ութսուն րոպե գումարած երեքը: Էժանագին ու պարապ հաշվարկ է: Ինչքան կմնամ: Հարցնում եմ ու կծկվում, ասես սպասում եմ, որ ինչ-որ մեկը ուր որ է ինձ կխփի ու կգլորի գետնին: Ես կընկնեմ, կթավալվեմ, կհռհռամ՝ խառնելով տարիքները, որոնք երևի ապրել եմ կամ կապրեմ: Կթնկթնկամ, կողբամ՝ պոկոտելով կիսով սպիտակած մազերս, կպահանջեմ տղայիս: Տղայի՞ս:
Միալար ցավը, ոչինչ չի անում քեզ, որովհետև հաշտվում ես, համաձայնում հետը: Ցավի մի այլ, կեղտոտ տեսակ կա. Այն գիտե՝ երբ և որտեղ քեզ գտնել ու ինչ առնել քեզնից որպես մատաղ: Այ հենց այդ ցավը ողնաշար է ջարդում: Ենթադրենք իմ ողնաշարը ջարդված է, հապա ուղեղիս ինչո՞ւ կպան: Ես չարացա՞ծ եմ: Չարացած մարդիկ իրենց սիրով էլ են վնաս տալիս, իսկ իմ սերը անուժ, թույլ բան է: Կողքի սենյակում էլի աղմկում են: Մի՛ լսի: Պատկերացրու՝ դու գնացքում ես, որ պիտի քեզ տանի հեռու: Դուք անցնում եք քաղաքներ, գյուղեր: Դուք տեսնում եք միանման մարդկանց, հիանում նույն անտառներով: Ոչ ոքին պարտված չլիելու հեշտանքից խլանում է նույնիսկ անիվների աղմուկը: Արևը սիրում է մաշկդ: Փշաքաղդ ժպտում է արևին: Կլոր փորիկդ տաքանում է: Ներսում խտղտում է տղադ: Իսկ տղա՞ էր: Ես… ես չհասցրի իմանալ:
***
Տնքալով կռացավ ու բացեց վառարանի շիկացած դուռը. տաքությունից շրթունքներն ու աչքերը սկսեցին մրմռալ. Երկար էր լացել: Նորից աչքերը լցվեցին: Շշմած մի քանի վայրկյան հայացքը մեխած պահեց ճտճտացող փայտին՝ փորձելով գտնել բլուրի առավորտվա կետը, որպեսզի հարցնի՝ ինչո՞ւ եղավ: Հետո ծնկների ցավից մոռանալով անելիքը կանգնեց ու զգաց՝ ինչպես գլխացավն իրեն գլորեց բազմոցի մեջ: Շողերին սիրում էր. բոլոր հայրերն էլ պարտավոր են սիրել իրենց դուստրերին: Չնայած… ինչ իմաստ ուներ իր սերը, եթե Շողերը դրան չէր հավատում: Խենթի պես սիրել էր և Շողերի մորը՝ իր կյանքի կնոջը, բայց ում այդպես էլ չկարողացավ ներել. Շողերը վեց էր, երբ մահացավ: Չանցած երեք տարի՝ ինքը նորից ամուսնացավ: Սրա համար էլ երևի Շողերն չընդունեց իր սերը: Ու այլևս երբեք հայր ու աղջիկ կապված չեղան: Արևմտյան հեքիաթներ չհյուսվեցին ծնող-որդի ընկերության: Նույնիսկ հակառակը ՝գնալով սառան ու սառան:
Շողերը մորը նման չէր: Երևի իր ներսի ամենակուլ ցավը դրանից է: Արդեն հասցրել էր մաս-մաս թաղել կնոջը: Երկու անգամ նույն մեռելը թաղել դժվար չէր լինի: Շողերը իրեն էր նման, նույն ինքն էր… հաստակողությամբ, սիրելու ձևով… տանջվելու, ներել չիմանալու, նորից տանջվելու: Սեփական դին թաղել էր փաստորեն: Շատ օտարված ուղղակի: Շատ հեռու ու աղոտ: Վերջնականապես բաժանվեցին, երբ Շողերն ամուսնացավ, ավելի ճիշտ՝ փախավ: Ինքը երբևէ հասկանալու փորձեր արե՞լ էր: Ինչո՞ւ է միայն նոր մտածում այս մասին, երբ հասկանալն այլևս պետք էլ չէ: Չի՛ արել: Եվ ուրեմն ինչու է ուզում կետից պատասխան ստանալ՝ ինչո՞ւ եղավ: Իր արածի համար է պատասխան տալիս: Իր արածի: Իր մեղքի: Չէր մեռնի առանց կին: Կմեծացներ Շողերին: Կլիներ օրինակելի հայր: Կուղեկցեր նրան խորանի մոտ: Կօրհներ միությունը: Կխաղար նորածին տղուկի հետ: Իսկ տղա՞ կլիներ…
***
Երբ երկար ժամանակ ձեռք չես տալիս հիշողությանդ, այն սկսում է նվվալ: Նվվոցը անդուր բան է թույլ մարդկանց համար: Ուրեմն պիտի հիշողությունը անընդհատ պատմել: Բերանացի: Բառացի: Եվ ինչքան պատմում ես, այդքան անգիր ես անում, ու պատմածդ նմանվում է աղոթքի: Հա՛յր մեր: Դու կմոռանաս նրանց դիմագծերը, բայց նրանց գոյությունը՝ երբեք. Լինելը պատմություն է, դիմախաղը՝ նկար:Դու կմոռանաս նրանց անունները, բայց անվան հետ կապված ցավն ու հաճույքը՝ երբեք. Զգացածը պատմություն է, բառերը՝ ջուր: Քո անգիր արած պատմությունները դու պիտի վերապատմես ցմահ: Դրանք կսկսեն անիրական թվալ, ու դու բոլորի աչքին կսկսես երևալ որպես քո հնարած աշխարհում պատահական զարթնած մեկը: Եվ նրանք կլինեն ճիշտ, որովհետև չգիտեն ճշմարտությունը: Դու վաղուց կորցրել ես իրականությունը և արդեն ետևից որքան էլ վազես, Շողեր, հասնողը չես: Կանչես՝ չի կանգնի: Կյանքը անճարակներին չի սիրում: Անճարակներն էլ կյանքը: Ձեր առաջին հանդիպմանը ի՞նչ էիր հագել: Հագիր հիմա էլ:
***
-Ես գիտե՜ի, ես գիտեի…,- իսկ թաշկինակը նույն տեղում էր, ինչ բլուրին: Պառկել, շուռումուռ էր գալիս անկողնու մեջ՝ հստակ չիմալաով ինչից է ավելի շատ տանջվում. Մտքից, որ տղան դեռ երկար ուշքի չի գա, թե որ էլ երբեք ոտքի չեն կանգնի: Մեղքի մասին ոչ մի խոսք. նե ցնդել էր: Պիտի տանեին իր տնից: Չպիտի մնար: Թե չէ ի՞նչ կմտածեին մարդիկ: Եվ հետո ինքը չգիտեր, որ էսպես կվերջանա: Կլավանար: Կբերեին: Նորից կհղիանար: Չէ: Ավելի ներսը եթե նայեր… չէ՛: Ամենասկզբից սխալ եղավ ամեն բան: Շողերը չպիտի դառնար իր հարսը: Խղճաց ուղղակի : Վաղ թե ուշ տղան կընտրեր ինչ-որ մեկին: Կհաղթահարեին ցավը: Տուն կդառնային: Ընտանիք: Ինքն էլ կխաղար տղուկի հետ ու կօրհներ կյանքը: Իսկ տղա՞ կլիներ… Իսկ ինքը երբևէ Շողերին փորձե՞լ էր սիրել: Եվ ինչո՞ւ է հարցնում հիմա, երբ այլևս սիրել պետք չէ: Կսկսեր խնայել: Վախի ցնցումից հետո կսկսեր խնամել: Մի քանի օրից կանցներ այդ վիճակը, ու երբեք էլ նա չէր հայտնվի էդ միանման ու հոգնեցնող պատերի ներսում: Շողեր…Շողեր…
Ինքը զգում է՝ դեռ երկար է շուռումուռ գալու էս անկողնում ու լալու ցավից, խորքից եկած ցավից, երբևէ չխոստովանած, բայց հո գիտակցված մեղքի զգացումից. Դա առավել ծանր է նստում, ավելի թանկ է, քան ապաշխարանքը:
***
Արդեն մի ամբողջ կյանք է՝ ես խնդրում եմ, որ ինձ չխղճան: Երևի իմ խնդրանքն արդարացի չէ: Չէր: Մարդիկ հեշտ են ապրում, երբ խղճալու ինչ-որ մեկին ունեն: Դրա համար էլ աստված ոմանց ցավացնելու մի բան միշտ գտնում է: Անընդհատ: Միշտ: Աստված չի հոգնում: Ըստ երևույթին՝ մարդիկ էլ չեն հոգնում …խղճալուց: Բայց միայն: Ես երջանիկ եղել եմ: Երբ դեռ մայրս կար: Երբ սիրեցի ու ամուսնացա: Երբ իմացա, որ հղի եմ… Սրանից հետո էլ ոչինչ չկա: Ակնթարթների համար ապրել եմ: Բոլորս էլ ի վերջո ակնթարթների համար ենք ապրում, պատրաստում մեզ, մեր մարմինն ու հոգին: Մեր կարգավիճակն ու հուզումները: Ոմանք պահելով մոռանում են դրանց ձևերը: Ոմանք ակնթարթին ավելին են տալիս, քան պետք է… Մի սովորական երեկոյի ես սպասում էի ամուսնուս : Եղբոր հետ անտառում էին: Մի պահ երևի ննջել էի, երբ զարթնեցի, տունն անսովոր խաղաղ էր: Քնատ քայլեցի հյուրասենյակ՝ տեսնելու՝ դեռ չկա՞ն… Դուռը բացելուց հետո՝ մի ակնթարթում ես կորցրի անցյալս, ներկաս, բայց ամենաշատը՝ ապագան: Էնտեղ գետնին արյունաշաղախ պառկած էր ամուսնուս եղբայրը. Ծառ էր ընկել վրան՝ անզգույշ կտրելու հետևանքով ու իր թափով գլորել ձորը: Ամուսինս ոչինչ չէր հասցրել անել… Ցավից ուժեղ գալարվում էի ու լսում՝ ինչպես է սկեսուրս գոռում՝ ես զավակ եմ կորցրել, դրա ժամանակը չունեմ: Հիվանդանոցից տուն եկա, երբ արդեն թաղել էին ու հանդարտվել… ինքը դեռ մեկին ուներ, իսկ ես՝ չէ:
Նույն ոսկրացավով զարթնում էի ամեն օր ու շոշափում որովայնս: Չգիտեմ՝ ինչ էի ուզում հասկանալ կամ զգալ: Դուռը փակվում է մեր առաջ, իսկ մենք դեռ երկար կանգնած նայում ենք նրան, որովհետև շշմած ենք մեր հուսամների նման ավարտից: Նույն քարը հոգուս դեմ տված ապրում էի կեսօրներ, որոնց իմաստին կասկածում էի նույնքան, որքան հավատում էի երեխայիս գոյությանը… Նույն բանն էի զգում բոլորի հանդեպ ու միշտ: Հոգնած հաշտվածություն: Մինչև սկսեցի խանգարել: Ոտքի տակ ընկնել: Մենակությունից զրուցում էի տղայիս հետ: Մի քանի անգամ, երբ հատկապես անտանելի տխուր էի: Մինչև սկեսուրիս պնդմամբ ինձ տեղափոխեցին այստեղ…. Հագիր կապույտ շորդ, Շողեր: Կանգնիր պատուհանին ու նայիր արևին: Երբ երկրի վրա իր շողերը դադարում են ապրել, Արևը ետ է առնում նրանց…..
***
Սեղանին դատարկված շշեր էին, ծխախոտի մոխիր էդ շշերի վրա, ինչ-որ անպետք թղթեր: Երեք օր էր՝ սենյակի դուռը չէր բացվել ու ալկոհոլի, ծխի հոտի խառնուրնդերը դարձել էին դասական գարշահոտություն: Կենդանի շունչ էլ չկար: Չէ՛, կար: Մեկնված էր սեղանի դիմաց դրված փոքրիկ բազմոցին: Մի ոտքը գցած էր փափուկ մակերեսին, մյուսը երերում էր գետնին՝ օղակներ նկարելով: Նույն բլուրի այլայլված աչքերն էին, այս անգամ արդեն գամված առաստաղին ու ավելի պսպղուն: Ու թանձր: Երեք օր միայն խմել էր: Արդեն չէր մտահոգվում, թե ինչ կմտածեն: Իրեն սղոցով Շողերը պոկեց բոլորից: Կամ կացնով: Իրեն զգում էր որպես դասական անողնաշար: Ներան կին էր առել ու խոստացել, որ տեր կլինի, որ երջանիկ կլինեն: Եվ պիտի պաշտպաներ: Բայց մատը մատին չխփեց նույնիկ այն ժամանակ, երբ տանում էին իրենից: Իր ներկային,ապագաին, իր երեխայի մորը, որ էլ չկար: Բայց ո՞ւմ մեղքով: Էլի իր: Ինքը հիշում է Շողերի բոլոր դիմագծերն ամենայն մանրամասնությամբ, դիմախաղերը, երբ վրդովվում էր կամ ուրախանում, հիշում է մարմնի նշանները հատ առ հատ ու հոտը՝ երեխայի, որ մայրական կաթ է դեռ ծծում: Հիշում է Շողերի կապույտ շորը, որ հագել էր առաջին հանդիպման օրը և երեք օր առաջ բլուրին և բլուրից առաջ էլ՝ երեխայի ետևից գնալիս: Հիշում է ցավը… ու երջանկությունը, որ շուտով մայրանալու է: Ու տղա է ունենալու: Եվ անվերջ նույն հարցը՝ իսկ տղա՞ է տեսնես: Շողեր… Շողե՜ր: Իր կյանքը կշարունակվի, ինչպես բոլորինը… Ամեն շաբաթ կես ժամ կբարձրանա բլուր ու կես ժամ կիջնի: Ծաղիկներ կտանի: Ամեն շաբաթը կդառնա ամեն ամիս… ապա երեք ամիսը մեկ: Ապա կհիշի միայն խմելիս: Հետո միայն անցավորների կենացի ժամանակ: Երևի կամուսնանա նորից: Տղաներ կունենա: Կապրի: Բայց արդեն ինքնահոսի: Նույնիսկ մտքերն են թևաթափ… Ողնաշարը ջարդվել է: Մենք աշխարհում միայն մեկ միակ ենք ունենում: Մնացածը հերթական են: Հերթականներով գոյատևում են: Չե՛ն ապրում: Կգոյատևի: Շողերը տղա էր ուզում… Շողեր, Շողե՜ր:
***
Նույն սևազգեստ մարդիկ արդեն ամբողջ կյանք է՝ իջնում են կես ժամ առաջ սկսած բլուրը… և նրանցից ոչ ոք էլ չի համարձակվում լալ:
Բայց Պօղոսը բարձր ձայնով կանչեց ու ասաց. Դու քեզ վնաս մի՛ հասցրու, քանի որ բոլորս այստեղ ենք:
Նա լույս խնդրեց ու ներս խուժեց. ԵՒ զարհուրած ընկաւ Պօղոսի և Շիղայի առաջ.
ԵՒ նրանց դուրս բերելով՝ ասաց. Տիա՛րք իմ, ես ի՞նչ պետք է անեմ, որ փրկուեմ: Եվ նրանք ասացին. Հաւատա՛ Տէր Յիսուս Քրիստոսին և կը փրկուես դու և քո ամբողջ տունը:
Գործք Առաքելոց 16:28-31