Երբ խորը մթության մեջ Արևը բացեց աչքերը, դեռ չգիտեր, որ հենց այդ օրվա ամենապայծառ ու արևոտ պահին ողջ ծանրությամբ փոսն է ընկնելու:
Գիշերները երազում խեղդվում էր: Թվացյալ ամուր հողը փախել էր ոտքի տակից, ու ինքը մնացել էր անթիվ-անհամար ծրագրերի ու ճանապարհների մեջտեղում, որոնց ոչ սկիզբն էր երևում, ոչ վերջը, ոչ էլ հիշում էր, թե ինչի համար ու հատկապես ինչից էին սկսվել: Առավոտյան արագ սուրճ, լանչի ընդմիջման փոխարեն՝ ոտքի վրա ծամված ինչ-որ բան, օրվա մեջ մի քանի հանդիպում, որտեղ լուրջ դեմքով քննարկվում է Հայաստանի, տարածաշրջանի ու հատկապես աշխարհի ապագան, ու ինքն էլ շատ լուրջ փորձագիտական կարծիք է հայտնում ու կանխատեսումներ անում՝ միայն մտքում ինքն իրեն հեգնելով:
Լիցքավորվող հեռախոսի էկրանին ժամը 5-ն էր: Կրկին արթնացել էր առավոտյան 5-ին՝ ինչպես միշտ առանց զարթուցիչ: Վերցրեց հեռախոսը: Մի քիչ դիմագիրքը թերթեց, մի քիչ՝ մեյլերը: Հետո, ինչպես միշտ, մտավ ԻՎԻ հավելված: Թուրքական հերթական սերիալի հերոսները նույն տեքստերն էին ասում՝ «քեզ ում տեղն ես դրել», «առանց քեզ կյանք չունեմ», «դու իմ հայրենիքն ես», «սիրում եմ», «ատում եմ», «ալլահ-ալլահ», ու տենց: Երևի մի տարի կլիներ, ինչ նեթֆլիքս չէր մտնում: Նստել էր ԻՎԻ-ի ռուս-թուրքական ասեղին ու ուղեղն օրերով անջատել: Էդպես հեշտ էր: Չէր խորանում շուրջբոլորը տեղի ունեցողի մեջ: Մեկ-մեկ մտածում էր, որ ռուսական էփ ա, ու որ ձրի պանիրը միայն թակարդում ա լինում, ու որ՝ ով գիտի ինչ անձնական տվյալներ են քաշում, բայց մեկ ա, էդ սերիալները մագնեզիումից, B6-ից, վալերյանկայից, անգամ՝ ալկոհոլից լավ էին աշխատում՝ մոռացնելով միոման, բարձր ճնշումը, հոր հիվանդությունը, 2020-ի պատերզամից հետո Լոս ուղարկված որդու և ամուսնու՝ Նարեկի ու Հակոբի խնդիրները, պատերազմից հաշմանդամ վերադարձած ընկերուհու որդու անտանելի ցավերը, ամենօրյա ռեժիմով հոխորտացող Ալիևի սպառնալիքները, 2023-ի սեպտեմբերի արցախցիների անծայրածիր շարասյունը, ռուսներին, հնարավոր երկրաշարժի տագնապները, տարիքն առած ատոմակայանի գոյությունը, հիմնական աշխատանքի բացակայությունն ու անկայուն եկամուտները, դատարկ հաշվեհամարները, անձյուն ձմեռն ու սիրտ մաշող հունվարյան թախիծը:
Փոսից ութ ժամ առաջ
Մինչև ժամը 6-ը քնեց սերիալի տակ: Հետո արթնացավ զարթուցիչից: Դրսում մութ ու ցուրտ էր: Անդուր, անձյուն հունվարյան ցուրտ:
Չէ՛, մի բան սխալ ա: Կյանքի կեսից ավելին արդեն անցել ա: Գնալով ավելի ա քչանում մնացածը: Անցածն էլ ա քչանում: Չի հերիքում: Այն անցածը, որն ինքն ամեն օր ամենայն ջանասիրությամբ կառուցում ա: Ա՛յ, եթե էն պահին այլ կողմ թեքված լիներ՝ հիմա կլիներ ծովի ափին, արմավենիների տակ մայրամուտին նայելիս: Կամ ալիքների գրկում: Ծովն ու արևը կշոյեին հոգնաբեկ ու ձանձրացած մարմինը: Երազել հեռու ծովերի ու արմավենիների մասին: Մանգոյի ու կոկոսի մասին: Լայն սոմբրերոյի: Մոխիտոյի ու տաք գիշերներում բոբիկ պարերի: Այն սիրուն, ջահել տղայի, նրա մատների մասին: Ու հետո ուշքի գալ թուրքական սերիալի մեջտեղներում այն գիտակցությամբ, որ արդեն երեք ժամ է համակարգչի առաջ ես, հեռախոսի էկրանին տափակ երկխոսություններ են, գրել ես մեն-մի նախադասություն. «հետազոտությունը իրականացվել է մարտ-մայիս ամսիներին»: Չես գրել, թխել ես նախորդ հետազոտության հաշվետվությունից: Անջատել սերիալը: Յութուբով գտնել ու միացնել Բախի Գոլդբերգի վարիացիան՝ անպայման Գլեն Գուլդի կատարմամբ: Մատները սահեցնել ստեղնաշարով: Գրել. «Գործադիր ամփոփում»: Գրածը բերել մեջտեղ ու մգեցնել: Ուշքի գալ երկու ժամից ու հասկանալ, որ էջը դատարկ է: Գործադիր ամփոփում: Ու էսպես համարյա ամեն օր: Ա՛յ, որ մնար Լոնդոնում, չվերադառնար, ամեն օր կգնար գործի-կգար տուն: Ինչ-որ հաշվարկներ կաներ, կստանար աշխատավարձ, հետո իրիկունը կմաշեր որևէ փաբում: Չէ՛, էդ էլ չեղավ: Երբ Նարեկը ծնվեց, պիտի էդ օրվանից, ավելի շուտ՝ դրանից առաջ ճիշտ պլանավորեին, որ Նարեկն ու Հակոբն էսօր Լոսում չլինեին, ինքն ու Նարեն՝ Երևանում: Կարելի էր, չէ՞, մնալ Լոնդոնում: Նարեկն էնտեղ դպրոց կգնար, հետո՝ համալսարան: Բայց իրենք ոչինչ չէին պլանավորում, հոսում էին կյանքի հետ, մինչև հոսանքն էս ափ շպրտեց: Սկի չշպրտեց էլ, կանգնեցին: Պարզվեց՝ սկի հոսանք էլ չէր, ճահիճ էր, որը քաշեց, քաշեց էնքան, որ հիմա էլ հնարավոր չէր էս փոսից դուրս գալ:
Պիտի Վանաձոր քշեր: Մենակ: Ժամը առավոտյան 9-ին ֆոկուս խումբ էր վարելու: Պիտի անպայման հենց այդ օրը քշեր: Չսիրած ծրագրի վերջին միջոցառումն էր:
Փոսից յոթուկես ժամ առաջ
Հեռախոսով յանդեքսի քարտեզը միացրեց, որ հանկարծ մթով չխառնի ու Վանաձորի փոխարեն Գյումրի քշի: Շարժիչը տաքացավ: Մեքենան էլ սկսեց տաքանալ: Ինքն էլ: Հատկապես, երբ միացրեց երաժշտությունը՝ Սեզարիա Իվորայի տաքուկ, փամփլիկ ձայնը:
Ինչ չոր են ճանապարհները: Լավ էր ոչ ոքի չլսեց, որ ասում էին՝ երկար ճամփան քո բանը չի, գոնե ճանապարհի ընկեր վերցրու, մենակ մի գնա:
Մայրուղին գրեթե դատարկ էր: Շատ քիչ էր երթևեկը, հատկապես՝ Երևանից տանող ուղղությամբ: Վարորդական իրավունքը՝ 20-ի, ինքը՝ 40-ի մոտակայքում էր, բայց ընդամենը 2 տարի էր մեքենա վարում: Ուսանող տարիներին նվիրել էին: Էն թվերին համարյա ոչ ոք քննություն չէր հանձնում վարորդական իրավունք ստանալու համար: Երբ սկսեց վարել, հա մտածում էր՝ ո՞նց է էսքան տարի առանց մեքենայի ապրել: Ինքը՝ կանանց ազատության ու անկախության ջատագովը: Մի տարուց է՛լ ավելի դուխովացավ: Ինքն ու մեքենան այլևս անբաժան էին: Ճանապարհի երկայնքով անկապ շինություններ ու խանութներ էին: Դիմացից՝ մեծ բեռնատարների լույսեր: Երանի սենց հա քշեր, ու ոչ մի դեդլայն չունենար: Կուտակել էր աշխատանքային պարտքեր ու դրանցից լույսի արագությամբ փախչում էր ԻՎԻ: Արդեն ոչ միայն չէր պատասխանում մեյլերին, այլև պարզապես չէր բացում դրանք: Հեռախոսը հենց ծնգում էր՝ գլուխը թեքում էր, ասես իրեն չի առնչվում: Բոլորն իր արյամբ էին սնվում: Հենց էդպես էլ տեսնում էր՝ կապույտ երակներից արյունը շիթով հոսում էր դեպի բազում վորդում հավաքված տեքստեր ու էքսելում արված հաշվարկներ ու մեյլերի գլխին կանգնած պարտատերեր: Ու ամեն բան ալ կարմիր էր:
Փոսից յոթ ժամ առաջ
Ճանապարհն այնուամենայնիվ խառնեց: Յանդեքսն էլ չօգնեց: Էդպես ա լինում, երբ առաջ ընթանալու փոխարեն սկսում ես անցյալում զվռնել: Ճիշտ իր կյանքի պես, երբ պարբերաբար շեղվում ա մայրուղուց ու հայտնվում մութ ու քանդված փողոցներում: Երևի որովհետև իր ընտրությունն էն գլխից մայրուղին ա եղել, բայց իրեն միշտ հրապուրել են անհայտ փողոցները: Արդյո՞ք դա չի պատճառը, որ սկզբում իրեն շատ հուզում ու հետաքրքրում էին հետազոտությունները. բացահայտել անհայտը: Միայն հետո հասկացավ, որ այդ անհայտն այնքան էլ անհայտ չի, որ դա միայն ժամանակի ու տարածության այս հատվածում պրպտողի համար է անհայտ, ու որ մեծ հաշվով անգամ Նյուտոնի օրենքները երբեք անհայտ չեն եղել, պարզապես շատ համընկնումներ էին պետք, որ մարդիկ դրանք բացահայտեն: Համընկնումնե՞ր, թե՞ կանխազգացում: Պատահա՛ր: Իրադարձություն: Կարելի է անվերջ նայել անձրևին ու երբեք չհարցնել, թե ինչու՞ են կաթիլներն ընկնում երկրի վրա այլ ոչ հակառակ ուղղությամբ: Բայց այդ հարցը չէր տա, այլ կհարցներ՝ իսկ ի՞նչ է պետք անել, որ կաթիլները հակառակ ուղղությամբ ընկնեն: Ինչ-որ պահի դադարեց հարցեր տալ:
Աշտարակի գիշերային փողոցներով պտտվեց-պտտվեց՝ մինչև կրկին մայրուղի ընկավ: Սեզարիայի ձայնի ամառային մայրուղին: Չէ՛, ստոպ տալու ժամանակն ա: Ինչքա՞ն կարելի ա հասկանալ, զգալ, զզվել ու ոչինչ չանել: Շարունակել մխրճվել ճահիճը: Նյուտոնն է մեղավոր ու երկրի ձգողության ուժը: Շարունակել համաձայնվել: Օրինակ, էն օրը ինչու՞ ընդունեցիր Աննայի՝ ծրագրում ընդգրկվելու առաջարկը: Որովհետև արցախցիների մասի՞ն էր, ու կար էդ սիրտ մաշող մեղքի զգացումը, որ պետք է անպայման Արցախի հետ կապված մի բան անել, որ բավարար չես արել, չես անում: Չէ՞ որ մտադիր էիր դադար առնել: Ինքդ քեզ մինչև ե՞րբ կարող ես վատնել:
Հը՞: Բանակցել հերթական դրամաշնորհը գերմանացիների, լեհերի, չեխերի, շվեդների կամ ամերիկացիների հետ: Ոգևորվել, թե հետաքրքիր է լինելու: Ինչքա՜ն նոր բան կիմանա ու կսովորի: Ամեն նոր հետազոտությունից սկզբում ոգևորվում էր, հետո՝ կնքում ծառայությունների մատուցման պայմանագիր, հետո կեսերից, իսկ եթե ավելի անկեղծ՝ հենց սկզբից անասելի ձանձրանում, հետո՝ տվայտվում, որ չի հասցնում, հետո վերջին շնչում ինչ-որ բան խզբզում ու հանձնում: Չէ, բայց վերջ, էլ չի վերցնելու էն բոլոր գործերը, որոնք իրեն առաջարկում են:
Փոսից վեցուկես ժամ առաջ
Ապարանի փողոցները դեռ տոնական էին: Միայն լույսերը վառ չէին: Ասում էին, թե այս տարի Երևանի կեսը եկել էր Ապարան՝ նկարվելու: Անսովոր էր պճնված Ապարանը: Անսովորը մնաց ետևում ու սկսվեց սովորը:
Փշատերև անտառակներ՝ ձյունածածկ լեռների փեշերին: Աթարի բլրակներ, անվրդով, դանդաղ ու ծույլ քարե տներ, դրանց տանիքներից կանխատեսելիորեն դեպի երկինք գնացող ծուխ: Ռիա Թազա: Նոր Ուղի: Եզդիերեն: Թե՞ քրդերեն: Երևի՝ նայած ում հետ խոսես: Չեկած ապագայի վկայությունը ճանապարհի մեջտեղում. մայրուղու երկայնքով սպիտակի մեջ ձգվող գորշ տներ ու շինություններ, անվադողերից զուրկ մեքենաների կմախքներ: Չոր էր ճանապարհը: Անգամ Ծիլ Քարի հատվածում, որտեղ սովոր էր տեսնել փրկարարներին, որտեղ սովոր էր ձյանը, մերկասառույցին ու մրրկահողմին, չոր էր: Գլոբալ տաքացումը Հայաստան կոմունիզմից շուտ հասավ: Ինքն իր համար ճանապարհ հարթեց: Նոր Ուղի: Գտնել քո՛ ուղին: Նոր ուղի գտնելու համար, պետք է դուրս գալ հին, ծեծված ուղուց: Բայց չմոռանալ վտանգների մասին: Երկնակամարի պղնձագույնը, ձյունը, ճանապարհի սևամոխրագույնը՝ սպիտակ գծերով, լեռնալանջերի կարմրագույն հողը, փշատերևների կապտականաչը, ճամփեզրերին ձյան տակից ծիկրակող փուշ ու թփերը, այդ նոր, շատ նոր աշխարհը, ամեն օր, ամեն անգամ լուսաբացին: Կանգնեց, իջավ, խորը ներշնչեց նոր աշխարհը, բարևեց ծագող արևին, շարունակեց: Սպիտակ իջնող լեռնանցքը՝ փռված Փամբակի լեռների տիրամիսուն կտրող մեքենաների տակ: Հա, պետք է կանգնել աղբյուրի մոտ՝ տեսնելու մանկությունից այնքան ծանոթ արևային խճանկարը: Վերադարձին կկանգնի: Սու, սու, տիրամիսու…
Անկապ կյանք, անկապ ճանապարհներ: Անկապ, բայց ոչ կապը կտրած: Անսեր գործ: Անսեր, բայց ոչ սերը կտրած: Անգործ սեր: Ու՞ր էր թե: Երեկ վոթսափով Հակոբի կյանքը կերավ՝ թե ոչ մի բանից կայֆ չեմ ստանում, ի՞նչ անեմ: Հետո ինքն իր կյանքը կերավ, թե՝ ինչի՞ եմ հասել էս կյանքում:
‑ Ազի՞զ, ո՞նց ես,- որդու ձայնն էր ամերիկյան գիշերվա միջից:
‑ Քեզ չե՞մ ասել՝ հետս տենց չխոսես:
Երբ անջատեց հեռախոսը՝ կոկորդը սեղմվեց. փոխանակ էրեխու հետ նորմալ խոսեր, ամեն անգամ կռվով կամ դժգոհությամբ էր ավարտում՝ ինչու՞ չի արթնանում, ինչու՞ չի քնում, ինչու՞ չի աշխատում: Սաղ էդ իր սեփական չստացվածություններն են պատճառը: Հակոբը հազար անգամ ասեց՝ չես ուզում, գործից դուրս արի: Զբաղվի ինչով ուզում ես: Բայց չէ, ինքը հա նույն փոսն էր ընկնում: Մեկ կամ երկու տարին մեկ աշխատանք էր փոխում ու ամեն անգամ գործից դուրս գալիս հայտարարում, թե վերջ, էլ նույն սխալը չի գործի, կզբաղվի միայն նրանով, ինչ սիրում է, որ ազատ թռչնակ է, ազատ կճախրի: Հետո հերթական ընկերը կամ բարեկամը համոզում էր կամ խնդրում օգնել: Ու էդպես շարունակվում էին փակ շրջանում իր պտույտները: Համարյա սուֆի: Թրամփի հայտարարած ֆինանսավորման դադարը գուցե հենց իր համար էր: Ոնց որ քովիդը: Իսկ մի տարի առաջ ո՞վ կմտածեր, որ Վաշինգտոնում մեկը կփռշտա ու Հայաստանում հարյուրավորները գործազուրկ կդառնան: Հակոբն ու Նարեկը Լոս գնացին 2022-ին, Ջերմուկի դեպքերից հետո: Հակոբն ամբողջ կյանքում անվտանգության մարմիններում էր աշխատել, անգամ Ղարաբաղում էր կռվել, բայց ընտանեկան խորհուրդը որոշեց, որ նոր ուղի է պետք: Ու գնացին: Ինքն ասաց՝ կդիմանամ: Բայց Թրամփն իշխանության եկավ ու հիմա ապօրինի միգրանտներին սպառնում էր հետ ուղարկել: Հատկապես նրանց, որ Մեքսիկայով էին մտել:
Փոսից հինգ ժամ առաջ
Վանաձորի կոմբինատի շենքերը՝ ներսից աճած բուսականությամբ: Վանաձորի կոմբինատի ուրվականը՝ քաղաքի ու իր վրա: Ռիա Թազա՞: Անցյալում է մնացել նոր ուղին: Ճախրում էր կոմբինատի գլխին:
Մեքենան կայանեց, իջավ: Արցախցիներն արդեն հավաքվել էին: Մինչև իր գալն էլ խնդիրներն էին քննարկում: Տեղավորվեց, ներկայացավ, միացրեց ձայնագրիչը, տվեց առաջին հարցը: Ավելի ճիշտ՝ հարցերը: Մեթոդաբանորեն սխալ էր, բայց՝ ինչ կարևոր է. «2020թ. պատերազմից հետո ի՞նչ էիք մտածում ապագայի մասին։ Ինչպե՞ս էիք պատկերացնում հետագա զարգացումները։ Ի՞նչ անձնական և ընտանեկան պլաններ ունեիք»։ Հետո՝ մնացած հարցերը:
Հույսս դրել եմ ապրելուն, բայց պատրաստվել եմ ամենավատին, ռուսի ասած. «Надейся на лучшее, гатовься к худшему»:
Բոլորս տրամադրված էինք, որ մնալու ենք: Եթե հաղթահարել ենք ամենադժվարը, սովին, մթությանը դիմադրել ենք, մեր ղեկավարությունը, որ սկսել է շքեղ բաներ սարքել Ղարաբաղում, մտածել ենք՝ մնալու ենք, հաստատ կմնանք Ղարաբաղում, մեր հույսը դա էր: Բոլորս էլ դուրս եկանք հանուն մեր երեխաների փրկության, զոհեր ունեինք, ճիշտ է, բայց երեխան մնում է երեխա:
Ճիշտն ասած, երևի թե բոլորիս զգացմունքները, պատասխանատվությունը, որ չպիտի թողնենք Արցախը, դա է տարել մեզ Արցախ, և երանի էինք տալիս այն մարդկանց, ովքեր ընտրության հնարավորություն չունեն, այսինքն՝ շուշեցիներն ու հադրութեցիները, որ իրենց տունը չկա, կարող են և՛ վերադառնալ, և՛ չվերադառնալ, բայց մենք պարտավոր էինք:
Վերադարձանք, սկզբնական շրջանում մեղքի զգացողություն ունեինք այն հարցի շուրջ, որ երեխաներին նորից բերեցինք այն օջախ, որը շրջապատված էր թուրքերով, ադրբեջանցիներով, համարենք կղզի, որը շրջափակված է, ապագա չէր ներշնչում, բայց, քանի որ մենք սիրում էիք մեր երկիրը, կառչած էինք արմատներով այնտեղից:
Ինձ ծանոթ ռուսը ասել է․ « Мне плевать на Арцах, мои друзья, мои братьи погибают в Украине, я хочу поехать обратно, чтобы защищать»:
Խոսում էին իրար ընդհատելով, հարցից հարց էին թռնում: Չէր խառնվում, երկրորդ մոդերատոր էլ չկար, որ միասին ֆոկուսի բերեին խումբը: Էդպես թողեց, որ քննարկումն ինքն իր համար ուղի հարթի՝ առանց իր միջամտության: Մի պահ անգամ մտքով կրկին ծովափին էր, բայց թափ տվեց ինքն իրեն, ուշքի եկավ: Ինչ վատ ստացվեց: Երբ երիտասարդ էր՝ որքա՜ն ջանք ու եռանդ էր դնում բովանդակության մեջ: Շատ էր աշխատում, որ քննարկումը ստացվեր, որ քննադատաբար ու տարբեր դիրքերից նայեին խնդրին, որ հենց իրենք ինքնուրույն գային եզրահանգումների: Իսկ հիմա ընթացքին տիրություն չէր անում, թողնում էր ինքնահոսի: Ու հոսեց-հասավ նրան, որ «Ստալինը ճիշտ էր», ու որ «ուժեղ առաջնորդ ա պետք», պետք էր Քոչարյանին ու Պուտինին լսել, Ալիևից օրինակ վերցնել: Ու ամենատխուրն էն էր, որ իր համար մեկ էր: Մի աշխարհում, որտեղ միլիոնավորների աչքի առաջ ամեն օր հազարավոր մարդիկ էին կոտորվում, փոքրիկ քարը չէր կանգնեցնի ջրի ընթացքը: Իսկ առաջ վստահ էր, ոնց հենց էդ փոքրիկ քարն է նոր ուղի գցում:
Արդեն անջատել էր ձայնագրիչը, երբ մի տարեց կին, որն ամբողջ ընթացքում գրեթե ոչինչ չէր ասել և որի մասին ինքը միայն գիտեր, որ որդին զոհվել է վառելիքի պահեստի պայթյունի ժամանակ, ասաց.
‑ Գիտե՞ք, ես զգում էի, որ էսպես ա լինելու: Ոնց որ մի բան ինձ ասեր՝ վեր կաց գնա Հայաստան, ռուսին վստահելը վատ ա վերջանալու: Ես հո կալցոն հիշու՞մ էի: Բայց որ էրեխեքիս հետ խոսում էի, իրանց որ լսում էի, մի ուրիշ ձայն ասում էր՝ չէ՛, մի քիչ էլ սպասի, քո կյանքի փորձը տխուր փորձ ա, կարող ա էս ջահելներն ավելի լավ են հասկանում, երևի ղեկավարությունը մի բան գիտի: Ու էդ երկու ձայնը մեջս հա կռվում էին: Մինչև էկանք հասանք էդ կետին: Բայց ես պիտի էն առաջին ձայնին լսեի, որ լսեի, երևի տղաս էլ հիմա ողջ կլիներ:
Փոսից երեք ժամ առաջ
Վերջ: Կարևորը՝ լուսանկարեց ներկաներին, գրանցման թերթիկները փոխանցեց ստորագրելու: Հաշվետվությունը պատրաստ է: Լավ ա, որ Թրամփը ֆինանսավորումը սառեցնում ա: Երևի ի վերուստ իրենց, կամ ավելի ճիշտ հենց իրե՛ն ասում են, որ ստոպ տա, հասկանա, մտածի: Թե չէ ինչ իրեն հիշում ա՝ գլխապատառ վազում ա, սկզբում՝ հայտնի լայն ճանապարհներով, որոնք գլորվում, գլորվում, ճահիճ են դառնում: Ու էլ տեղ չկա գնալու:
Իսկ ինչքան լավն էր սկիզբը: Անգամ մանկապարտեզում, դեռ սովետի ժամանակ, իրեն ընտրել էին գեղասահքի դպրոց տանելու: Շատ ճկուն մարմին ուներ: Հայրն ասաց՝ չէ՛, պրոֆեսիոնալ սպորտը լավ բան չի՝ տրավմաներ, բան: Հետո պիտի պարուհի դառնար: Կամ դերասանուհի: Ոչինչ, որ քիչ վաստակեր: Հո՞ կլիներ նիհար, ձիգ, սիրուն: Ուղեղն ուրիշների կյանքով ու աղբով չէր լցնի: Մարմինը կաշխատեցներ ու կմոռանար: Լավ, արի ընդունի, որ հիմա էլ ես մոռանում: Չէ՛, պատկերները գլխումդ են: Անգամ պարելիս: Այ, օրինակ, քսան տարի առաջ էն բաքվեցի կնոջ հետ արածդ հարցազրույցը: Էդ կինը երեխային մորգում էր ունեցել, որովհետև ծննդատները հայերին չէին ընդունում: Բայց չես պարում այլևս: Շատ հազվադեպ ես պարում, միայն քեֆերին: Հետո աշխարհը կանգ առավ: Ինքն էլ՝ սովետի ավերակների վրա: Ավերակների վրա պարելը նման էր Ֆելինիի «Ութ ու կես»-ի խելագար կնոջ պարին ծովափնյա ավազներում: Իսկ ծովը փայլում էր: Ու ինքն էլ շարունակում էր պարել: Ու հիմա շատ ավելի նման էր այդ կնոջը: Քաշով հատկապես: Միակ իմաստ ունեցող բանը, որ կարելի է անել կյանքի մեջտեղում, պարելն է:
Փոսից երկուսուկես ժամ առաջ
Պիտի անպայման տատին տեսներ: Խոստացել էր: Մի ժամից ոչ ավել կնստի տատի ճահճում, միասին կկռկռան, հետո լույսով ճամփա կընկնի: Անցյալ տարի տատը վաճառել էր երկրաշարժից հետո պապի կառուցած տունը, փողն ուղարկել Ռուսաստան՝ տղային, իսկ ինքը տեղափոխվել մեկ սենյականոց բնակարան Դիմաց թաղամասի հին բարձրահարկերից մեկում, որտեղ Արևը չէր եղել:
Հեռախոսի էկրանին գրվեց «Նարե»: Աղջիկն էր: Ձայնը չէր լսվում, խզված էր: Մաաամ, մուրաբան որտե՞ղ ա: Վաայ, ցավդ տանեմ, հիվանդացե՞լ ես: Տաքություն ունե՞ս: Էսա մտնեմ տատիկիս մոտ ու գամ: Արցախցի տարեց կնոջ ասածը հա մտքում էր՝ պիտի են առաջին ձայնին լսեի: Հիմի էդ առաջին ձայնն ասում էր, որ տատին անպայման պետք է այցելի:
Տատը սեղանին շարեց չիրն ու չամիչը:
– Չեք գալիս մոտս,- ասաց:
– Հա, չի ստացվում,- աչքը հեռախոսին էր:
– Էլ առաջվանը չեմ,- ասաց տատը:
– Ես էլ,- ասաց Արևը՝ որդու ինստագրամի լուսանկարները թերթելով:
– Պատվով թաղեցին Անուշին,- հարևանի մասին էր,- տղերքը Ռուսաստանից էկան, թանկ դագաղ էին առել, լավ քար դրեցին՝ Լալվարի գրանիտ:
– Հա,‑ ասաց՝ հորանջելով:
Տատը գազօջախի մոտ սուրճն էր խառնում: Հետո կանչեց Արևին:
‑ Վերևիս հարևանը վրես ջուր ա թողել,- ասաց,- հիմա խոհանոցից խոնավության հոտ ա գալիս, որ խնդրեմ աթոռին կբարձրանա՞ս էդ վերևի դարակների դռները բացես:
Արևը գլուխը բարձրացրեց հեռախոսից, ոտքի տակ աթոռ դրեց, հանեց կոշիկներն ու բարձրացավ աթոռին: Մի պահ գլուխը պտտվեց: Բացեց ցածր առաստաղի տակի դարակների դռներն ու բաց թողնելով՝ իջավ: Հեռախոսի ու էս գործողության արանքում նկատեց դարակում շարված սովետական արտադրության խռուստալը: Էդ բաժակներով կիրովականյան խոնավ ու զով ամառներում կոմպոտ էին խմում: Հիմա սեղանին նոր, թուրքական ապակե բաժակներ էին՝ հոնի կոմպոտով:
Դուռը թակեցին: Երիտասարդ տղա էր: Ձեռքը պարզած ժպտում էր: տատը վերցրեց պարզածն ու դուռը փակեց:
– Լալ էր: Խաչը տվեց, գնաց,- խաչն ու տակի գրությունը պարզեց Արևին: Վերցրեց:
Ոսկեգույն մեծ խաչ էր: Գրությունով հայտնում էր, որ խուլուհամր է, 1000 դրամ էր ուզում խաչի համար:
– Վիիիյ, բա գնաց, բա փողը ո՞նց տիմ տալ,‑ ասաց տատը:
– Փողի հետևից կվերադառնա:
Հեռախոսը զանգեց:
– Մաաամ, ինչքա՞ն ժամանակից տուն կգաս, ‑ ասում էր աղջկա հիվանդ ձայնը:
– Հիմա գալիս եմ, ցավդ տանեմ,- բարձր-բարձ ասաց, որ տատը լսի:
Երիտասարդը վերադարձավ: Արևը պարզեց հազար դրամը:
-Ազիզ, գնա՛, լուսով տուն հասնես: Համ էլ էրեխեն մենակ ա,- ասաց տատը:
Դուրս թռավ: Վերջ: Էս քարն էլ թոթափեց: Տարին նոր-նոր ա սկսվում: Մնաց էն մի պարտքը: Էլ ոչ մի գործ չի շալակի: Ստոպ կտա, կմտածի՝ ինչ ա ուզում էս կյանքից: «Неладно что-то в Датском королевстве. Распалась связь времен»` պտտվում էր գլխում:
Պոկվեց, սլացավ, թռավ, հասավ աղբյուրին: Երբ փոքր էր, իր աչքին ամենամեծ աղբյուրն էր: Հսկա պատ՝ լեռան մեջ խրված, վրան՝ արև ու արևաբոյ ծաղիկ: Հիմա պարզվեց՝ գաճաճի մեկն ա: Բայց էլի էր կողքով անցել: Ուղղակի ինքը չէր ղեկին: Երբ ղեկին դու ես, ամեն բան փոքրանում ա:
Փոսից մեկ ժամ առաջ
‑ Մաաամ, ե՞րբ կհասնես:
‑ Դուրս եմ էկել, ցավդ տանեմ, մի էրկու ժամից:
Փոսից րոպեներ առաջ
Մանկության ճամփան էր: Ամեն շաբաթ-կիրակի հոր հետ Կիրովական էին գնում-գալիս: Սկզբում՝ ավտոբուսով: Հետո՝ 06-ով: Ավտոբուսը միշտ կանգնում էր Ապարանում՝ ջուր խմելու:
Վաաայ: Էս աչքը կպե՞լ էր: Հակոբը հենց զգում էր, որ աչքը կպնում ա, մի տեղ մեքենան կանգնեցնում ու մի քիչ քնում էր: Կամ սուրճ խմում: Գուցե՞ Գնթունիքում իջնի սուրճ խմի: Նարե՝ գրվեց հեռախոսի էկրանին: Ե՞րբ կգաս, սոված եմ: Շատ ցածր էր ձայնը: Չէ՛ չի կանգնի: Աչքի առաջ երևաց սպասը՝ թարմ կտրատած համեմով: Կեփի՝ հենց տուն հասնի: Խառնելը հանգստացնում ա՝ դու ես իրավիճակի տերը:
Մի անգամ հորեղբոր հետ Կիրովականից ավտոբուսով Երևան էին գալիս: Ապարանում ավտոբուսը կանգնեց, որովհետև իրենց դիմացի ուղևորը վատացել էր: Միայն Երևանում հորեղբոր և հոր զրույցից հասկացավ, որ սրտի կաթվածից մահացել էր: Հետագա 30 տարիների ընթացքում Ապարանով անցնելիս միշտ հիշում էր այդ օրվա շշուկները, հորեղբոր այլայլված դեմքը, ուղևորների կապոցները, կողքի կնոջ կապոցին նստած ավտոբուսի տատանումներից աչքերը թարթող գերմանական տիկնիկը, որից ինքն էլ ուներ: Եվ իր մանկական զարմանքը, որ մի վայրկյան առաջ քեզ ժպտացող ու կենսախինդ մարդը կարող է վերջանա հաջորդ վայրկյանին: Հենց էդպես, տեղ չհասած:
Ճանապարհի երկայնքով փռված ձյունը փայլում էր արևի տակ: Ապարանն անցավ: Քուչակ՝ գրված էր: Նահապետ՝ անցավ մտքով: Հարթավան՝ գրված էր: Ավան-Առինջ՝ անցավ մտքով, սու-սու, տիրամիսու․․․ ինչի՞ հիշեց, հա՛, շուտով կուրվագծվի Արա լեռը: Էնտեղ ամառանոցի համար հողակտոր ունեին, որն էդպես էլ ամառանոց չդարձավ: Միայն փոսը փորեցին: Սովետի քանդվելու տարիներին վարկ վերցրին, գումարը տվին շինարարին: Մենակ իրենք չէ, բոլոր հարևաններով: Շինարարը փորեց փոսերը, փողն առավ, իրենց քցեց ու թռավ: Մնաց փոսն ու ամառվա սկզբներին փոսի կողքին արվող խորովածը: Փոսի ծայրին բուսնած մասրենին՝ աշնանը: Սուր օդը, մայրամուտը: Տնկած 1-2 ծառը: Ռուդոլֆ Խաչատրյանի հետ հանդիպումը՝ Արա լեռան փեշերի անտառակում, մոլբերտի կողքին: Ցրտից կապտած փշերը, դրանց վրա նստող ձմեռը, որը լեռան ծայրից փուշ առ փուշ իջնում էր ձոր: Հետո, երբ հողակտորն ու փոսը դեռ կային, բայց այլևս չկային իրենց այցելությունները, ամառ օրով օտարերկրյա հյուրերի հետ Արա լեռան կողքով քշելիս միշտ պատմում էր Արայի ու Շամիրամի պատմությունը: Բայց չէր պատմում իր ու լեռան պատմությունը: Կորավ կապը Արայի, Արալեզների, մանկության ու այսօրվա միջև: Նույն գալարներով անընդհատ ընթացող ճանապարհն էր, բայց չգիտես ինչու տարբեր տեղեր էր հանում: Հարցերն էին պատճառը: Հարցերն էին որոշում՝ ուր դուրս կգաս: 2018-ի հարցը «գնալ, թե՞ մնալ»-ն էր: Նույնն էր նաև 2016-ինը, 17-ինն ու 15-ինը: Իսկ 2019-ինը՝ «տու՞ն կառուցել, թե՞ բնակարան գնել»-ն էր:
Երբ բացեց աչքերը, դիմացից իր վրա ահարկու արագությամբ երկու մարդատար մեքենա էր գալիս: Հանդիպակաց գոտում էր: Ղեկն արագ աջ թեքեց: Չմոռացավ հայելու մեջ ստուգել այլ մեքենաների առկայությունը: Մեքենան կտրուկ թեքվեց ու թռավ: Դիմացի փայլուն սպիտակում մեն-մի հաստաբուն ծառ էր: Վերջ: Ուրեմն սա էր: Առանց կանխազգացման: Օդում, թռիչքի ժամանակ, փորձեց թեքել ղեկը, որ խուսափի ծառից: Նարե: Գրված էր հեռախոսի էկրանին:
Փոսը
Մեքենայի թարթիչները՝ աջ-ձախ: Աջից միայնակ ծառն էր՝ խորը արմատներով երկիրը գրկած, երկար ու մեծ ճյուղերով՝ երկինքը: Ձախից՝ մի խումբ տղամարդ մինչև ծնկները ձյան մեջ խրված: Բացեցին դուռը: Չշարժվեք՝ ասաց տղամարդկանցից մեկը: Մեկ ուրիշը հարցրեց՝ ջուր ունե՞ք, ու պարզեց շիշը: Շատ չխմեք՝ ասաց: Բերանը չորացել էր: Երկու կում արեց: Տղամարդկանցից մեկը ձյուն տվեց՝ քուր ջան, դիր վզիդ: Մյուսն էլ թե՝ ճակատիդ: Դրեց պարանոցին:
Ծամոնը բերանում նարնջագույն բաճկոնով տղամարդը ձյան սպիտակին գրեթե արև էր: Սիրո պես անհեթեթ՝ սև շալվար-բաճկոնավոր տղամարդկանց արանքում: Նա ասաց.
‑ Բախտդ բերել ա, քուր ջան: Մատաղ ունես անելու: Ես էս կողքի գյուղից եմ, ստեղ խորը առու ա, էս սաղ դաշտի միակ փոսն ա: Հիմա մեջը լիքը ձյուն ա, փափուկ էս ընգել: Մի միլիմետր էն կողմ ընգնեիր՝ վրեդ սաղ տեղ չէր մնա:
‑ Քուր ջան, տղամարդ ունե՞ս՝ զանգես գան,- հարցրեց նարնջագույնի կողքի անթրաշ տղամարդը:
Հայացքով փնտրեց հեռախոսը: Կողքի նստատեղից ընկել էին լափթոփն ու պայուսակը: Դիմապակուց դուրս աշխարհը լղոզված էր: Երկար ժամանակ չէր հասկանում՝ որտեղ է հեռախոսը: Հետո տեսավ, որ ոտքերի տակ է: Քանդեց ամրագոտին, վերցրեց հեռախոսը:
‑ Կարո՞ղ ա շտապ զանգել եք,- հարցրեց:
‑ Աբարանի հիվանդանոց զանգե՞նք,- ասաց նարնջագույն տղամարդը:
‑ Ո՞նց էր շտապ օգնության համարը,- հարցրեց:
‑ 1-03:
Հավաքեց: Հայտնեց, որ վթարի է ենթարկվել:
‑ Քուրս, տղամարդ չունե՞ս,- հարցրեց ջուրը մեկնող տղամարդը, – որտեղի՞ց ես:
Սիրտն ուժեղ խառնում էր: Գլուխը պտտվում: Մտքերը խառն էին: Աշխարհը՝ ֆոկուսից ընկած:
‑ Էս ո՞նց ա, որ պադուշկեքը չեն բացվել,- հարցրեց նոր մոտեցած տղամարդը:
Կրկին խորը շնչեց: Բոլոր մկանները դողում էին:
‑ Ո՞նց էր ոստիկանության համարը,- հարցրեց հավաքվածներին:
‑ 1-02,‑ ասաց անթրաշը:
Հավաքեց: Հայտնեց վթարի մասին:
‑ Ապպա էլ զանգե՞մ,- հարցրեց տղամարդկանց,- ինչ-որ մեկին խփե՞լ եմ:
Մի նիհար, վտիտ, շփոթված երիտասարդ առաջ եկավ:
‑ Հա, մեր մեքենան եք քերել,- ասաց:
Զանգեց ապահովագրական, հայտնեց վթարի մասին:
Լսվեց շտապօգնության ձայնը: Քայլելով մոտեցան:
‑ Քայլել կարո՞ղ եք,- հարցրեց շատ երիտասարդ բժշկուհին:
‑ Այո:
Բժշկուհին թևից բռնեց, օգնեց դուրս գալ մեքենայից:
Տեր Աստված, շնորհակալ եմ, փոսը դեմ տվեցիր ու փրկեցիր:
Փոսից կես ժամ անց
Շտապօգնության մեքենայում չափեցին ճնշումը:
‑ Լավ ա, որ բարձր ա, եթե ընկած լիներ, ավելի վտանգավոր կլիներ,- ասաց բժշկուհին:
Նայում էր ցուցամատին հագցրած սատուրացիան չափող սարքին: Սարքից քիչ հեռու աշխարհը դեռ լղոզված էր: Ընդամենը երկու օր առաջ էր եղունգների շիլակը հանել: Թե ի՞նչ էր մտքով անցել: Ենթագիտակցորեն երևի զգացել էր: Եթե հիմա շիլակը լիներ՝ սարքը չէր աշխատի: Ո՞նց կարող էր ամեն բան էսպես դասավորվել: Ի՞նչ ա ուզում ինձ ասի:
‑ Երակ չունեմ,- ասաց բուժքրոջը, որը փորձում էր երակ մտնել, – փախչում են երակներս:
Բուժքույրը մտահոգ նայեց իրեն, ապա՝
‑ Շատ հաստ ու երկար են էս ասեղները,- ասաց բժշկուհուն:
Այնուամենայնիվ կարողացավ երակ մտնել ու ամրացրեց կատետրը:
‑ Սա համենայնդեպս,- բացատրում էր բժշկուհին,- եթե ցավազրկող կամ այլ բան պետք լինի, արագ անենք: Խրոնիկ հիվանդություններ կամ դեղորայքից ալերգիա ունե՞ք:
‑ Ոչ: Համենայն դեպս եթե ունեմ էլ, այդ մասին չգիտեմ,- պատասխանեց:
‑ Չափազանց ադեկվատ եք նման վթարի ենթարկված մարդու համար,- ասաց բժշկուհին,- վիրահատություններ տարե՞լ եք:
‑ Կույր աղիք,- պատասխանեց:
‑ Քանի՞ տարեկան եք,- հարցրեց բժշկուհին:
Տարիքը չէր հիշում: Ծննդյան թիվն ասաց:
Ձեռքերն ու ոտքերը դողում էին: Մտքերը աչքի առաջ փռված աշխարհի պես լղոզված էին: Զոռով, սրտխառնոցով ինքն իրեն համոզել էր ֆոկուս-խումբն անել: Չէր ուզում մարդու երես տեսնել, չէր ուզում մարդկանց դժբախտությունը հետազոտել, վերքերը քչփորել: Հիմա էս փոսն ասում ա՝ հրաժարվի՛ր այն ամենից, ինչ քոնը չի: Չուզելով մի արա գործ: Հերի՛ք ինքդ քեզ ստիպես: Տեսավ՝ ոնց որ լավ չի հասկանում, որոշեց դաս տալ: Վախը չափեց: Մազից կախեց, բայց չթողեց, որ մազը կտրվի: Ասում ա՝ շանսը տալիս եմ, փոխի՛ր ճանապարհդ, քըրթ կտրի:
Հիվանդանոցի ընդունարանում նախ լիցքավորման դրեց հեռախոսը: Ապա հետևելով բուժքրոջ հրահանգներին՝ պառկեց ու բացեց փորը: Մեկ այլ երիտասարդ բժշկուհի մոտեցրեց սոնոգրաֆիայի սարքը և նկարեց որովայնը: Ոչինչ չասաց:
‑ Ձեդո հու՞նց ես,- ընդունարանի մյուս կողմում պառկած և շիրմայով իրենից փակած հիվանդին հարցնում էր այլայլված դեմքով մի երիտասարդ:
Ձեդոն ձայն չէր հանում:
‑ Գաստրոսկոպիա ա պետք անել ձեդոյին,- ասաց բուժքույրը:
Ով որտեղ կարացել՝ տեղավորվել ա: Ասում էր այսօրվա ֆոկուս խմբի մասնակիցներից մեկը՝ պատասխանելով այն հարցին, թե՞ որտեղ են Հայաստանում բնակություն հաստատել Արցախից տեղահանվածները: Ձեդոն էլ Ապարանում ա փաստորեն կարողացել: Ի՜նչ ավարտվող են բոլորը: Գնում, գնում, ու էսպես մի օր վերջանում են: Խառն էին դողդողացող մտքերը: Չգիտեր՝ բարկությա՞ն, թե՞ անզորության:
‑ Ինչ-որ հանգստացնող բան կտա՞ք,- դիմեց բուժքրոջը:
‑ Կարամ կապլի տամ,- Ձեդոյից գլուխն իր կողմ դարձրեց բուժքույրը:
Ի՞նչ կարող էր անել կապլին բարձր ճնշմամբ, արագ սրտխփոցներով մարմնին: Աչքերի առաջ աշխարհն էլի լղոզված էր: Դողացող ձեռքով վերցրեց իրեն պարզված պլաստիկ բաժակը: Արագ կուլ տվեց: Միայն ռենտգենի սենյակում սովոր շարժումով ակնոցը հանելիս հասկացավ, որ ակնոց չկար: Փաստորեն վթարի ժամանակ ընկել էր: Ահա թե ինչու էր աշխարհը լղոզվել: Իսկ ինքն արդեն մտածում էր, որ գլխի հետ մի բան էն չի: Հին սարքով պարանոցն ու ողնաշարը մանրամասն նկարեցին: Հետո գնաց վճարելու: Եզրակացության մեջ գրեցին «գործնականում առողջ»: Տեսնես ի՞նչ է նշանակում: Տեսականորեն հնարավոր է առողջ չէր: Բայց ի՞նչ կապ ունի այստեղ տեսականը: Գործնականում առողջ: Չէր հիշում՝ երբ էր վերջին անգամ բժշկի գնացել: Հենց երեկ էր էդ մասին մտածում. ընթացքը փոխելու համար ուզում էր համոզվել, որ ոչ մի լուրջ հիվանդություն չունի, որ դեռ ժամանակ ունի: Կարող ա տնօրինել մնացածը: Գուցե՞ հենց ինքն էր պատվիրել էս առիթը, որ հասկանա, որ գնահատի, որ կանգ առնի ու մտածի, քանի դեռ գործնականում առողջ է:
Ընդունարանի դռան մոտ կանգնած բարձրահասակ ու սպիտակահեր տղամարդը մտքերն ընդհատեց․
‑ Տիկին, ինչպե՞ս եք, դու՞ք եք վթարի ենթարկվել:
‑ Այո,- պատասխանեց:
‑ Էվակուատոր պե՞տք չի:
‑ Երևի պետք ա:
‑ Իսկ տղամարդ ունե՞ք, որ օգնի:
Լուռ էր: Տղամարդն էվակուատոր առաջարկեց: Բժշկական հետազոտություններն ավարտված էին, և խնդրեց իրեն հետ տանել դեպքի վայր՝ տեղում նաև էվակուատորի հարցը կհասկանան: Գնացին:
Փոսից երկու ժամ անց
Դեռ տեղ չէին հասել, երբ հեռախոսը զանգեց:
‑ Ալո,- ասաց:
‑ Բարև Ձեզ, Արևիկ Աբրահամյանի հե՞տ եմ խոսում,- խոսափողում ծխող տղամարդու խռպոտ ձայն էր:
‑ Այո:
‑ Քննիչ Կարապետյանն է, Արագածոտնի քննչականից: Ձեր դեմ վթարի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել, պետք է շտապ ներկայանաք Ապարանի ոստիկանություն:
‑ Բայց ես անձամբ եմ ոստիկանություն զանգահարել և տեղեկացրել վթարի մասին: Դեպքի վայրում արդեն պարեկներն աշխատում են:
‑ Դա ինձ չի վերաբերվում: Պետք է գաք դիմում գրեք:
‑ Տիկին, տղամարդ չունե՞ք, ասեք թող զբաղվի,- կողքից խորհուրդ էր տալիս մեքենան վարող սպիտակահեր տղամարդը:
Հեռախոսն անջատեց: Ճանապարհի երկայնքով փափուկ ու սառը ճերմակությունն էր: Ներսը վառվում էր: Պառկեր ու վեր չկենար: Պարեկները մի քանի հարց տվեցին: Օրգանիզմում ալկոհոլի պարունակությունը դեռ շտապօգնության մեքենայում էին ստուգել: Գրեց և ստորագրեց, որ աչքը կպել է, դուրս է եկել հանդիպակաց գոտի, ուշքի է եկել այն պահին, երբ պետք է բախվեր դիմացի մեքենային, փորձել է վերադառնալ երթևեկության իր գիծ ու ընկել փոսը: Իրեն մեղավոր է ճանաչում: Մյուս մեքենայի երիտասարդ վարորդը արագ հետուառաջ էր անում: Նա էլ ստորագրեց՝ որպես անմեղ կողմ: Արևը նայեց ֆոկուսի եկած ծառին, աշխարհին, փոսի վրա հպարտ նստած մեքենային: Անգամ լուսանկարեց, որ հիշատակ մնա: Տաս մետրից ավել էր եղել թռիչքը: Մատաղ ա անելու:
Պարեկներին զանգեց Կարապետյանը և պահանջեց, որ Արևը վերադառնա Ապարան՝ ցուցմունք տալու: Սպիտակահեր տղամարդու անունը Հարություն էր: Պայմանավորվեցին, որ մեքենան կհանի ու կբերի Երևան: Խնդրեց մինչ այդ իրեն հետ տանել Ապարան՝ քննիչ Կարապետյանի մոտ ցուցմունք տալու:
Փոսից երեք ժամ անց
Ոստիկանության շենքի դիմաց վիլիսներ էին: Քննիչ Կարապետյանի սենյակում ծուխ էր: Քննիչը նստած էր հին համակարգչի հետևում՝ դեմքին լուրջ ու զբաղված արտահայտություն, սեղանին՝ թղթերի կույտեր, քրեական օրենսգիրք, մոխրաման՝ բերնեբերան ծխուկներով լցված, անկյունում՝ կանաչ ներկը թափած սեյֆ, դիմացի սեղանի մոտ՝ նկարած ունքերով, ալ կարմիր ուռճացված շուրթերով, երկար, սուր-սուր սև եղունգներով, սևսաթ հարթ ֆենած մազերով ու սև դերմանտինե շալվարով, բարձրակրունկ կոշիկներով մի էակ:
‑ Դիմում գրել գիտե՞ս,- հարցրեց Արևին:
Գլխով հաստատեց:
‑ Նստի՛,- ասաց և պարզեց թուղթ ու գրիչ:
Ծուխն անտանելի էր:
‑ Քրդատի ո՞ր հոդվածն էր էդ,- ձեռքի ծխախոտը նյարդային շարժումներով տարուբերելով, բիզ-բիզ մազերը մյուս ձեռքով ուղղելով՝ քննիչը հարցրեց ունքերը նկարած աշխատակցուհուն:
Կինը թոթվեց ուսերը:
‑ Թելադրում եմ, գրի՛,- հրահանգեց՝ բարձրացնելով ծառայողական սվիտերի թևքերն ու ի ցույց դնելով բազուկների մկանները,- ՀՀ Արագածոտնի մարզի քննչական վարչության քննիչ, երրորդ դասի խորհրդական Ա. Կարապետյանին:
Սա թելադրելու վրա ինքն իր կոչումից փքվեց Ա. Կարապետյանը: Արևն այնքան վաղուց ձեռքով բան չէր գրել, որ սխալներ արեց: Ճղեց, նոր թուղթ վերցրեց: Հարությունը, որը սենյակում սպասում էր, ասաց.
‑ Բայց հեչ պարտադիր չի դասի մասին դիմումում նշել:
‑ Դու կրթություն ունե՞ս, գրել-կարդալ գիտե՞ս,- ծխուկը մոխրամանում հանգցնելով ու ոտքի կանգնելով՝ հարցրեց Կարապետյանը: Պարզվեց ցածրահասակ երիտասարդ էր՝ Հարությունի ուսից:
‑ Հարգանքով պետք է խոսես քաղաքացու հետ,- ասաց Հարությունը:
‑ Սպիտակ մազերդ եմ հարգում, բան չեմ ասում,- փրփրեց քննիչը, ապա դիմեց աշխատակցուհուն,- Նարինե՛, ես սրա հավեսը չունեմ, թելադրի թո գրի:
‑ Ձեր աշխատանքը բարդում եք ուրիշների վրա,- շարունակում էր Հարությունը,- մարդը վթարի է ենթարկվել, դեռ շոկի մեջ է, դուք պետք է գայիք դեպքի վայր, ստիպել եք գալ էստեղ, հիմա էլ կոչումներով եք ֆիքստուլանում: Թե որ դասի խորհրդական եք, դա կարևոր չի դիմումում:
Թղթերի կույտերի հետևում ծխախոտի ու ձմռան ծանրությունից մոխրագունած դեմքը կարմրեց:
‑ Դուրս արի կաբինետիցս,- գոռաց քննիչը:
‑ Պարոն Հարություն, խնդրում եմ հանգստացեք,- փորձեց հաշտեցնել Արևը՝ վերցնելով նոր թուղթ ու կրկին գրելով դիմումը:
‑ Հարգալից խոսեք քաղաքացու հետ,- ասաց Հարությունը:
‑ Վայ արա, հորս արև, էս ո՞վ ա, 12 ժամ ունեմ դեպքը փակելու համար:
‑ Դա մեր խնդիրը չի, ձերն է,- անվրդով շարունակում էր Հարությունը:
‑ Նարինե՛, սրան ստուց հանի, թե չէ՜,- սեղանից վերցրեց քրեական օրենսգիրքն ու թափահարեց Հարությունի ուղղությամբ:
‑ Տիկին, որ խնդրեմ, դուրս կգա՞ք սենյակից,- դիմեց Հարությունը:
Ականջներում ուժեղ խշշում էր: Միայն մի բան էր ուզում՝ արագ ավարտել այս պատմությունն ու պառկել սեփական անկողնում, գլուխը թաքցնել վերմակի տակ ու մի քանի օր դուրս չգալ:
‑ Ի՞նչ պիտի գրեմ, թելադրեք վերջացնեմ,- դիմեց Կարապետյանին:
‑ Էսա պետի մոտ կտանեմ քեզ,- շարունակում էր հոխորտալ Կարապետյանը:
‑ Տա՛ր,- ասաց Հարությունը:
‑ Խնդրում եմ, եկեք շուտ ավարտենք,- ևս մեկ անգամ փորձեց հանդարտեցնել տղամարդկանց,- ավագ խորհրդական…
‑ Երրորդ դասի խորհրդական,- ուղղեց Կարապետյանը՝ կրկին փքվելով:
‑ Երկրորդ կարգի հաց, երրորդ կարգի հաշմանդամ, չորրորդ կարգի քաղաքացի,- շշնջում էր,- իսկ ի՞նչ եք դուք խորհուրդ տալիս,- կրկին ճղեց թուղթն ու նորը վերցրեց:
Կարապետյանն արագ դուրս եկավ սենյակից՝ միջանցքում բարձրաձայն հայհոյելով:
‑ Պետը կանչում ա,- ասաց Հարությունին՝ վերադառնալով:
‑ Հարգալից վերաբերմունք եմ պահանջում: Ասա թող պետդ ստեղ գա,- անվրդով էր Հարությունը՝ ինչ-որ փաստաթուղթ սեղանին դնելով:
Կարապետյանի դեմքն այլայլվեց, փոքրացավ՝ սեղանի ճմրթած թղթերի պես: Պետը եկավ, ծանոթացավ Հարությունի՝ սեղանին դրված վկայականի բովանդակությանը, նախատեց Կարապետյանին՝ չհասկանալու համար, թե ում հետ ոնց ա պետք խոսել:
Փոսից հինգ ժամ անց
Արևի ականջների խշշոցն ուժեղացավ: Մայրուղու երկայնքով պառկած սպիտակ դաշտերը հիմա հստակ էին. ակնոցը գտել էր: Դրանք ակնարկում էին անկողնու փափկության, մոր ձեռքերի ուժի, հիվանդ ժամանակ մեղրով ու լիմոնով թեյի, տատիկի տան անդրդվելիության, Երևան-Վանաձոր ճանապարհի անփոփոխ ոլորանների մասին: Մա՛մ, ե՞րբ կհասնես: Հարցնում էր Նարեն: Շուտով, ցավդ տանեմ:
Հեռախոսը դրեց վերարկուի գրպանը: Մեքենան հետևից բերում էին: Նստած էր Հարությունի մեքենայում: Փակեց աչքերը: Օրվա կադրերը հերթով ֆոկուսի էին գալիս. անկանխազգացում առավոտը, Սեզարիա Իվորիան, ամառը, ծովը, սոմբրերոն, Սպիտակի ոլորանների աղբյուրը, 8-9-ը տարեկանում ավտոբուսում սրտի կաթվածից Ապարանում մահացած ուղևորը, կողքի նստատեղի կնոջ կապոցի վրայի տիկնիկի թարթվող աչքերը, «Ռիա Թազա» ցուցանակը, Ղարաբաղի նավթի պահեստի պայթյունը, տիրամիսուն, Ստալինի բեղերը, չկերած նարինջն ու չխմած սուրճը, Լալվարի գրանիտը, Նարեկի ձայնը, Կարապետյանի սեղանին թողած դիմումը, Արև տատը, դաշտի մեջ անհարկի խրված միայնակ ծառը, գազօջախին խառնվող սպասի ճերմակությունը: Այ էսպիսի գործադիր ամփոփում: Ձեռքը տարավ գրպանը, որ հեռախոսը հանի: Ինչ-որ բան գրպանից ընկավ: Նայեց: Հաստ, ոսկեգույն խաչն էր: Երևի տատն էր արագ գրպանը դրել, իսկ ինքը չէր էլ նկատել: Խուլուհամր խաչը: Ականջների խշշոցը կարծես դադարեց: Չի ասում՝ դադար վերցրու, ծանրութեթև արա: Կարո՞ղ ա ասում ա՝ от добра добра не ищут, մի՛ բողոքի, մի՛ տրտնջա, մի՛ քանդի, մի՛ կտրի, մի՛ փախի, մի՛ թաքնվի, գլուխդ բարձր շարունակի քայլել օրվա միջով, ընդունի, որ երբեք չի կարգավորվելու, որ ապրելը հենց էս խառնաշփոթն ա, ու էդ անկատարության մեջ ամեն առավոտ արևին դիմավորելու կարելիությունը:
‑ Տիկին Արև, հիմա դեռ տաք եք, բայց հնարավոր է ավելի լուրջ վնասվածքներ ունենաք, եթե վաղը արթնանաք՝ գնացեք բժշկի,- հրաժեշտ տալով՝ ասաց Հարությունը:
Փոսից ինը ժամ անց
Երեկոյան, երբ Նարեն արդեն կերել էր սպասը, խմել ջերմիջեցնողն ու մեղր-կոճապղպեղ-լիմոնով թեյը, երբ Նարեկի ու Հակոբի հետ արդեն խոսել էին, վերջապես մտավ անկողին: Վերցրեց հեռախոսը: Սեղմեց ԻՎԻ-ի կոճակը: Թուրքական սերիալում վթար էր: Մեքենան մայրուղուց դուրս էր թռել: Ամենաթեժ պահին դուրս եկավ սերիալից: Փակեց աչքերը: Վերջին ամիսներին առաջին անգամ էր փորձում ինքնուրույն, առանց սերիալի քնել: Քնում ու արթնանում էր անվերջ շարունակվող սերիալներում, միևնույն օրվա մեջ՝ առանց ամփոփման: Նախկինում, դպրոցական տարիներից սկսած, միշտ «Հայր մեր»-ն էր ասում քնելուց առաջ: Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա զմեզ ի չարէն ՝ խուլուհամր խաչը բարձի տակ ձեռքում սեղմած փորձեց ամփոփել օրը, որ վերջանա: Թե՞ այնուամենայնիվ՝ եւ թող մեզ զպարտիս մեր, որպես և մեք թողումք մերոց պարտապանաց:
Սպիտակ էր ամեն բան: Ինքն ու տատն էին: Քայլում էին ամպերի վրայով: Թվում էր, թե ուր որ է կընկնի՝ ոտքի տակ հող չկար: Բայց շարունակում էր քայլել՝ ինքը բացելով ուղին: Տատը հետևում էր իրեն: Հստակ ու ուղիղ էր հետագիծը: Օդում Հակոբի ձայնն էր: Ասում էր՝ կարևոր չի, ինչ հետևություն ես արել, կարևոր չի՝ ոնց ես բացատրում, կարևոր չի, որ էդ բացատրությունդ հընթացս փոխվում ա: Կարևոր ա, որ այն օգնի շարունակ(վ)ել:
Շարունակ(վ)ել փոսու՞մ, թե՞ փոսից դուրս:
30.01.2025-20.02.2025