գաղափարի համար հեղինակը շնորհակալ է Մ. Հովհաննիսյանին
Գերեզմանոց, 2023-02-18 10:30:04
Չգիտեմ էլ՝ ինչպես ստացվեց, որ ծննդատնից դեռ դուրս չգրված, այստեղ հայտնվեցի: Ես Ն/1867-23-ն եմ: Շատ երիտասարդ՝ մի քանի օրական: ՄԳ/634-20-ն ասում է, որ մենք մահացել ենք: Մեր մասին ընդմիշտ մոռացել են, ու այստեղից լույս աշխարհ դուրս գալու ոչ մի հնարավորություն չկա: Ոչ ոք, բացի մեր ծնողներից, չգիտի կամ չի հիշում, որ մենք կանք: Անգամ ծնողներն են ժամանակի հետ մոռանում մեր գոյության մասին: Կամ իրենք էլ են մահանում: Մենք այստեղ շատ ենք: Հարյուրավորներ, եթե ոչ հազարավորներ: Ու չնայած մեծամասամբ շատ երիտասարդ ենք մահացել՝ մեզանից ոմանք արդեն պատկառելի տարիքի են՝ 10 և ավել տարեկան: Մեր ընդհանրությունն այն է, որ մենք մակագրվել-մակագրվել ու տեղ չենք հասել: Մակագրվել՝ նշանակում է հանձնարարվել/հանձնվել ինչ-որ մեկի տնօրինմանը կամ կատարմանը: Այդ ինչ-որ մեկը մեզ կամ չի կատարել, կամ՝ միտումնավոր անտեսել է: Ու էսպես մնացել ենք անկատար: Շ/634-20-ն շատ թիթիզն է: Ու կատակասեր: Ասում է՝ մինչև Թթաստանում հեղափոխություն չլինի, մենք էստեղից դուրս եկողը չենք: Ես իր հետ համաձայն չեմ: Կարծում եմ՝ հեղափոխությունը մենք պիտի անենք: Մենք պիտի ստիպենք թթաստանցիներին հեղափոխվել, և ոչ հակառակը: 01/274-22-ն էլ ասում է, որ փորձել են, չի ստացվել: Անհնար է այստեղից դուրս պրծնել առանց դրսի օգնության: Մեզ գաղափարակիցներ են պետք, որոնք կօգնեն դրսից, ձեռք կմեկնեն, այս գերեզմանոցից լույս աշխարհ կհանեն:
Ծննդատուն, 2023-02-15 16:05:09
Ես երևի այն առասպելական թիթեռնիկն եմ, որի կյանքը մեկ օր էր: Երբ աչքերս բացեցի ծննդատանը՝ ծննդյանս վկայականը հայտնում էր հետևյալը.
Վերնագիր | Գրանցման համար | Գրանցման ամսաթիվ | Գործառույթ | Ներկայացնող |
Ծառայողական գրություն | Ն/1867-23 | 15.02.23 | Զեկուցագիր | Պայքար Մարտիկյան |
Եթե մարդկային լեզվի թարգմանեմ, ապա գրառումը հետևյալի մասին է. Ն/1867-23-ը ծնվել է 2023թ. փետրվարի 15-ին: Նրա հայրը Պայքար Մարտիկյանն է, ազգությամբ ծառայողական գրություն է, ինքնությամբ՝ զեկուցագիր: Այսպիսին է մեր աշխարհի պաշտոնական լեզուն: Մեր աշխարհը կոչվում է Մալբըրի: Այն ստեղծել են թթաստանցիները՝ իրենց երկրի կառավարման համակարգի արդյունավետությունը բարձրացնելու համար: Քաղցր անուն ունի՝ Մալբըրի (այլերեն՝ թութ): Թթաստանցիները սիրում են հաճոյանալ այլ, ավելի մեծ լեզուներին, դրա համար մեր աշխարհի անունը թարգմանել են այլերեն, իսկ իրենք խոսակցության մեջ այն կարճ անվանում են մուլ: Ու չնայած Թթաստանի ծնելիությունն օրեցօր ընկնում է, թթաստանցիներն օրական հարյուրավոր զավակներ են ծնում Մալբըրիում: Այդ զավակներից նրանք, որոնց վիճակված է լույս աշխարհ՝ Թթաստան դուրս գալ, համեմատաբար երկար են ապրում:
Իմ միջոցով ծնողս զեկուցում է, որ կա Թագուհի Քեշիշյան անունով չնաշխարհիկ մեկը, որը խելքի օվկիանոս ու մտքի անհաս բարձունք է, այնքան անհաս, որ ստիպված է եղել լքել սեփական Սոխաստանը (այս մասին ծնողս իհարկե լռում է), ու որ նա հիմա մի քանի օրով Թթաստանում է, ու որ լավ կլիներ, որ էս ցուրտ փետրվարին Թթաստանի սառած ուղեղները ջերմացներ իր գիտության լույսով: Նա Թթաստանում քարոզելու է «Մոլորությունների համընդհանուր պատմություն» թեմայով, ու ծնողս հայտնում է, որ կոնկրետ մեր գյուղում կարող է խոսել «Կրթությունը թվային աշխարհում․ հնարավորություններ և մարտահրավերներ» թեմայով, որովհետև մեր գյուղացիները մոլորություններից հեռու են և պետք չի նրանց մոլորեցնել: Մի խոսքով՝ առողջ, կարմրաթուշ, քաշս տեղը բալիկ եմ, Ապգարի սանդղակով՝ կլոր 10: Ծննդատանը իմ նման մի քանիսն էլ կան, բայց իրենք, կարծես, այլ ցեղից են՝ հրաման, շրջաբերական, դիմում: Մի պիտակ էլ կա՝ ելից ու մտից, չգիտեմ՝ որտեղ են ելումուտ անում, բայց ես, կարծես, էն գլխից ներքին օգտագործման եմ, ելումուտս՝ սահմանափակ: Էսպես սպասում ենք դուրս գրվելու մեր հերթին:
Թթաստան, 2023-02-15 18:00:02
Փետրվարի 15-ի աշխատանքային օրն ավարտվել էր: Պայքարն իրենից շատ գոհ էր: Վերջին վեցամսյակում երբեք այդքան գոհ չէր եղել: Վերջապես իմաստ ունեցող ինչ-որ բան էր արել. Քեշիշյանին էր բերելու: Քեշիշյանն աշխարհը ոտքի տակ էր տվել իր քարոզներով: Սոխաստանից աքսորել էին, որովհետև շատ համոզիչ էր: Բայց լռեցնել չէին կարողացել: Ամեն բան կարծես նախապես համաձայնեցված էր Վերևների հետ: Վերևներն ասել էին՝ դու մուտք արա, մենք ընթացք կտանք: Դե ինքն էլ մուտք էր արել ու հիմա առաջին անգամ իրենից գոհ էր փակում մուլը: Երեկոյան ընկերներով գնում էին խմելու: Սրբուհին էլ էր գալու: Հինգն էին: Հարութն ու Աննան մի տարի է, ինչ ամուսնացել էին: Վահանը միշտ հետներն էր: Իր և Սրբուհու միջև նոր-նոր էր ինչ-որ բան ծլում: Խինկալի, գարեջուր: Գրեթե ավանդական: Սրբուհին, ինչպես միշտ, գունառատ էր: Վառ կանաչ վերնաշապիկ, մուգ կապույտ ջինս, կարմիր սպորտային կոշիկներ: Ականջներին՝ խոշոր, կլոր, վառ կարմիր ականջողեր: Կարճ սանրվածք, կարմիր շրթներկ, վառ կարմիր մանիկյուր: Մեծ կանաչ աչքեր, սլացիկ հոնքեր, երկար թարթիչներ: Պայքարը մտածում էր, որ միայն անունը Սրբուհուն մի քիչ չէր սազում: Բայց դե տատի անունն էին դրել ու տնեցիրները կարճ Սրբուկ էին ասում:
— Ժող, լսե՞լ եք, ասում են սոխերը մեր Թթին ուլտիմատում են ներկայացրել, — ասաց Աննան՝ գարեջրից կում անելով:
— Ի՞նչ են ասել որ,— հարցրեց Վահանը: Ձեռքի խինկալին շատ տաք էր, ինքն էլ անսամթ էր բռնել պոչից, չլմփոցով ընկավ ափսեի մեջ:
— Ասել են՝ կամ մեզ Թթաստանով ճամփա էս տալիս, կամ՝ անտառդ քոքից կտրում ենք:
— Լացացնում են, ինչպես միշտ, — ասաց Վահանը՝ ներքաշելով խինկալու ջուրը:
— Նույն մետաքսի պատմությունն ա, — ասաց Հարութը՝ անձեռոցիկով պլպլացնելով պատառաքաղը:
— Բայց մենք մետաքս չունենք, չնայած Թթաստան ենք, — ասաց Աննան:
— Մետաքս չունենք, բայց մետաքսի ճանապարհ ունենք ու հարևաններ, — Վահանն անցավ երկրորդ խինկալուն:
Պայքարն ու Սրբուհին իրար էին նայում ու դանդաղ վայելում սառը գարեջուրը: Պայքարի ափսեում խինկալու երեք պոչ կար: Սրբուհու ափսեն դատարկ էր:
— Էսօր վերջը մուտք արեցի, — ասաց Պայքարը:
— Ե՞վ, պատմի տենանք — խանդավառվեց Աննան:
— Դե, դեռ չգիտեմ, ընթացքը ցույց կտա, —ասաց Պայքարը:
— Իսկ Վերևներն ի՞նչ ասեցին, — հարցրեց Աննան:
— Ասեցին՝ մուտք արա:
— Բա ո՞նց ես հիմնավորել:
— Դե ներկայացրել եմ, թե ինչ համաշխարհային մասշտաբի մտածողի հետ գործ ունենք, և առաջարկել՝ օգտվելով Թթաստանում նրա գտնվելու առիթից հրավիրել քարոզի:
—Իրե՞նք են ասել, որ էդպես գրես, — հարցրեց Աննան:
— Մոտավորապես, — ասաց Պայքարը:
— Իսկ ի՞նչ թեմայով ա խոսալու, — հարցրեց Աննան:
— Կրթությունը թվային աշխարհում, — ասաց Պայքարը:
— Ի՜նչ ձանձրալի, — ասաց Սրբուհին:
Պայքարը սեղանի տակ բռնեց Սրբուհու ձեռքը: Սրբուհին այն չփախցրեց:
— Թվային: Աշխարհ: Կրթություն, — ասաց, — գուցե այս ամենը հետաքրքիր լինի մյուս կյանքում, ինչպես Ֆրանսիական հեղափոխությունն ա հետաքրքիր հիմա: Կամ Բեռլինի պատը:
—Դե, ես ուզում էի, որ «Անարխ(իվ)ացում. թխվածքաբլիթները, իշխանությունը, մոռացությունը և մահը թվային աշխարհում» թեմայով խոսեր, բայց ասեցին շատ պրովոկացիոն ա, ավելի սվաղած մի բան առաջարկի, որ հաստատեն— ասաց Պայքարը` ձեռքերով օդում նկարելով անարխ(իվ)ացման փակագծերը, — ես էլ Քեշիշյանի օգնականի հետ խոսեցի, քննարկեցի, ասեցի, թե ինչից եմ ուզում խոսա, ու վերջը միասին կանգ առանք «Կրթությունը թվային աշխարհում» անշառ վերնագրի վրա, որ հաստատեն, բայց ինքը խոսա մեր պատկերացրածից:
—Բայց Քեշիշյանն, այնուամենայնիվ, հետաքրքիր ա, — ասաց Վահանը:
—Իր քարոզներն ինչքան ասես կան թվային աշխարհում: Կարող ես ինքնակրթվել, որքան ուզում ես, — հորանջեց Սրբուհին, — ես լինեի Վերևները՝ կմերժեի:
— Ինչո՞ւ,— զարմացավ Պայքարը:
— Դե իրենք մեկ ա մերժելու են, որ Սոխաստանին չբարկացնեն: Իսկ ես կմերժեի, որովհետև դեմ եմ, որ սոխաստանցու միջոցով ու սոխերեն բացահայտենք կամ բացատրենք աշխարհը, անգամ եթե էդ սոխաստանցին քանդում ա Սոխաստանի հիմքերը: Ես ուզում եմ, որ մենք մեր լեզվով կարողանանք քանդել-հավաքել աշխարհը: Մե՛ր աշխարհը:
— Իսկ դուք ե՞րբ եք ամուսնանում, — հարցրեց Աննան:
— Մե՞նք, — Սրբուհին արագ հետ քաշեց ձեռքը Պայքարի ձեռքից, խինկալի վերցրեց, ու վրա բերեց — գրազ եմ գալիս, որ չեն թողի:
—Ո՞վ չի թողի, — հարցրեց Վահանը:
— Վերևները: Մերժելու են, — ասաց Սրբուհին՝ ոտքի կանգնելով:
Ծննդատուն, 2023-02-15 20:07:10
Հը՞: Անհամբեր եմ: Լույսը վրաս հանգցրեց ու գնաց: Չասեց էլ՝ երբ կվերադառնա: Իմ ու մյուսների ծնողները տարբեր են: Մյուս նորածինները կարծես հանգիստ են: Գենետիկա է երևի: Իսկ ես մեծ սպասելիքներ ունեմ: Պատրաստվում եմ աշխարհը փոխել: Մեզնից բացի ծննդատանը սպիտակ խալաթներով բուժքույրեր կան: Մեր ջերմությունն են չափում: Ժպտում են: Յուրաքանչյուրիս վրա փակցնում են մեր անունը: Դասավորում ըստ խմբերի: Շատ հոգատարն են: Պատասխանատու են կարգուկանոնի համար: Նաև հետևում են, որ ճիշտ ժամանակին հաբերը կուլ տանք: Ասում են՝ ճիշտ է, համակարգը պաշտպանված է ծովահեններից, վիրուսներից, թխվածքաբլիթներից ու դզկներից, սակայն անհրաժեշտ է ժամանակին հաբերը կուլ տալ, որ համակարգը շարունակի աշխատել: Նրանք մեր պահապան հրեշտակներն են: Հատկապես հոգատար են նրանց հանդեպ, ովքեր մայր չունեն: Ուրեմն նաև իմ: Իմը միայն հայր է:
Թթաստան, 2023-02-16 11:27:46
Երբ առավոտ շուտ Պայքարը մտավ գրասենյակ, առաջին բանը մուլը ստուգելն էր: Վերևներից տեղեկացում էր ստացել: Խնդրում էին էլ ավելի հստակեցնել Քեշիշյանի քարոզի վերնագիրը: Մտածեց, մտածեց: Հիշեց Սրբուհու աչքերը ու տեղեկացում տվեց՝ «Կանաչ կրթությունը թվային աշխարհում»: Հետո օրվա մեջ բազմիցս ելումուտ արեց մուլ, բայց Վերևները լուռ էին: Ժամը ուղիղ 17:50 անջատեց համակարգիչը, սենյակի լույսերը և իրեն տվեց քաղաքի դեռ ձմեռային թարմությանը:
Սպասասրահ, 2023-02-16 18:05:46
Հիմա լռված եմ սպասասրահում: Դա մեր ճանապարհի կետերից մեկն է, երբ ուղարկվել ես հաստատման, բայց դեռ տեղ չես հասել: Սպասում ես: Այսօր իմացա, որ մեր անվան առաջին տառերն իմաստ ունեն: Պահապան հրեշտակս ասաց: Իմ առաջին տառը՝ «Ն», նշանակում է Ներքին: «Շ»-ն՝ Շրջաբերականն է, «ՄԳ»-ն՝ Մտից գրությունը, ու էդպես շարունակ: Ելիցների անվան սկզբում տառ չկա, տառի բացակայությունն իրենց տարբերակիչ նշանն է: Ելիցներն ամենաարագն են հաստատվում, ուստի արդեն ոչ մի ելից այստեղ չկա: Նրանց տեղերը դատարկ են: Մի խոսքով՝ գլուխներդ շատ չտանեմ, թթերեն ասած՝ մեր անվան առաջին տառերը մեր ազգանվան համառոտագրությունն են: Դա նաև հեշտացնում է մեր շփումները, որովհետև հեշտ ենք գտնում մեր ազգակիցներին: Օրինակ՝ իմոնց անունները Ն-ով են սկսվում: Իսկ ինձ ե՞րբ են հաստատելու՝ հարցրի հրեշտակիս: Սպասում են Վերևներին՝ ասաց: Այսօր տեսա, որ Վերևները տեղեկացում է տվել, վաղը կերևա: Իսկ դու թխվածքաբլիթ ուզու՞մ ես՝ հարցրեց հրեշտակս: Չեմ հրաժարվի՝ պատասխանեցի: Տե՛ս, հա, շատ չուտես՝ ասաց:
Թթաստան, 2023-02-17 09:30:46
Պայքարը երեկ երեկոյան վիճել էր Սրբուհու հետ: Սրբուհին կրկին պնդում էր, որ Քեշիշյանին թույլ չեն տալու քարոզել, ու որ լավ կլինի՝ Պայքարն ինքը հրաժարվի էդ մտքից, որ պետք չի ինքնակառուցվել՝ Սոխաստանին հակառակվելու հաշվին:
Պայքարը չէր հանձնվում: Միացրեց համակարգիչը, մտավ մուլ: Կուտակումներ էին: Ահագին փաստաթուղթ էին իրեն մակագրել: Հերթով բացեց, ստուգեց, մաքրեց մուլը: Էդպես էին Վերևները գնահատում իրենց արդյունավետությունը՝ մուլը փաստաթղթերից մաքրելու արագությամբ: Որոշներին ուղղորդեց այլոց մոտ, որոշների համար պատասխան գրություն պատրաստեց, որոշներին զանգով ընթացք տվեց: Որոշ դեպքերում էլ տեղեկացում տվեց: Այս ամենը տևեց մոտ մեկուկես ժամ: Զուգահեռաբար ստուգում էր՝ արդյո՞ք Վերևներից պատասխան չկա իր զավակի հարցով: Ուղիղ 17:50 անջատեց համակարգիչը, սենյակի լույսերը և շտապեց Սրբուհուն ընդառաջ:
— Հը, ի՞նչ արեցիր, — հարցրեց Սրբուհին:
— Հեչ, չեն պատասխանել:
— Զանգի, — ասաց Սրբուհին, — մեկ ա գրավոր չեն պատասխանելու:
— Իրենք կզանգեն, թե ասելիք ունենան:
— Ազատյանին կանչի, — ասաց Սրբուհին:
— Ի՞նչ Ազատյան:
— Մեր քարոզիչ, — ասաց Սրբուհին, — տենց ավելի ճիշտ ա: Մեկ ա չեմ հասկանում Քեշիշյանին կանչելու իմաստը: Եթե ուզում ենք կայանալ որպես ազատ-անկախ Թթաստան, ինչու՞ ենք հրավիրում մեկին, որը հա՛, շատ խելոք ա, բայց որի ամբողջ քարոզը կառուցված ա Սոխաստանի դեմ, Սոխաստանի լեզվով: Չես կարող եսությունդ կառուցել միայն ուրիշի եսությանը հակառակվելու հաշվին, ինքն էլ էդ ուրիշի եսության մեջ սբոյ տված մասնիկի միջոցով: Իսկ Ազատյանն ասում ա, որ անկախանալու համար պետք ա ինքդ երևակայես սեփական անցյալդ: Ու էդ ուրիշին՝ երևակայածդ անցյալում:
Պայքարը լուռ էր: Թե՞ ապագադ՝ ասաց: Վաղը կերևա՝ ավելացրեց:
Սպասասրահ, 2023-02-17 22:02:46
Առավոտյան եկավ հայրս, ստուգեց որպիսությունս: Երեկոյան կրկին լույսը վրաս անջատեց ու գնաց: Ինձ հետ սպասողներից շատերն արդեն իրենց սպասողների գրկում են: Ես գրեթե մենակ եմ: Մի տեսակ մութ ու վախենալու ա: Անհայտություն չեմ սիրում: Իմ միջի Քեշիշյանն այն չի սիրում:
Թթաստան, 2023-02-18 09:30:00
— Ալո, բարև Ձեզ: Մարտիկյանի հե՞տ եմ խոսում, — գրասենյակի հեռախոսի խոսափողում հարցնում էր խոստումնալից կանացի ձայնը:
— Այո, — ասաց Պայքարը:
— Ինձ հանձնարարել են Ձեզ հաղորդել, որ Քեշիշյանի գործը հետ կանչեք: Ցավոք, չենք կարող ընթացք տալ:
Մի քանի վայրկյան լռություն էր, ապա՝ իսկ ո՞վ է հանձնարարել, կարո՞ղ եմ իր հետ խոսել:
— Ձեր Վերևներին հարցրեք— հայտնեց կանացի ձայնը:
Գերեզմանոց, 2023-02-18 17:30:04
Այսօր իմացա, որ մինչ թթաստանցիները մեր աշխարը մուլ են կոչում, գերեզմանոցի բնակիչներն այն թութք են անվանում: Շ/634-20-ն ասաց: էսպիսի անփառունակ վախճան եմ ունենալու ես, փառքի մեռածս: Շրջաբերականներն այստեղ ամենամեծ ու ամենաանհոգ խումբն են: Նրանք հաշտ են թե՛ իրենց գտնվելու վայրի, թե՛ ապրած կյանքի հետ: Իրենց էջը շրջված է՝ ով ուզել իրենց կատարել է, ով չի ուզել՝ չէ: Մտից Դիմումներն անհանգիստ տեսակ են: Եթե էստեղ են հայտնվել, նշանակում է չեն բավարարվել: Մտից Գրություններն առանձնապես չեն խորանում, կարևորը՝ մտել են: Ըստ երևույթին, նրանց համար իրենց մտնելու նպատակը հենց էն գլխից այնքան էլ հստակ չի եղել: Ներքինները միակն են, որոնք իրար հետ չեն շփվում, կարծես ցեղակից չլինեն: Մի տեսակ կարծես իրարից թաքցնելու գաղտնիքներ ունեն ու չեն ուզում, որ մյուս ներքիններն իմանան: Մի քանի անգամ փորձեցի հետները շփվել, չստացվեց: Բայց էստեղ կա մեկը, որը բոլորից տարբերվում է: Անազգակից մեկը: Նրա անվան առաջին տառերը «ևօֆ» են: Ոչ ոք չգիտի՝ ինչու: Ոչ ոք չգիտի՝ ում ցեղակիցն է: Սակայն բոլորը գիտեն, որ նա Գերեզմանոցի առաջին բնակիչն է: Տարիքն առած, պատկառելի բիձուկ է: Իր տեղը չի թեթևացնում, տեղի-անտեղի չի խոսում: Չի տրվում Շ/634-20-ի սադրանքներին:
Արդեն ձանձրանում եմ: Էնքան անելիք ունեի: Չեմ կարող հենց էսպես մեռնել, դեռ չծնված: Բայց էստեղ բոլորը կարծես հաշտվել են էդ մտքի հետ: Շ/634-20-ին ինչ կա: Իրենց բանը հեշտ է: Իրենց ցեղի ներկայացուցիչները՝ շրջաբերականները, ծնվում ու նույն օրն էլ մահանում են, որովհետև ըստ էության իրենց գործառույթը մեկն է. տեղեկացնել բոլոր-բոլորին, թե Վերևներն իրենցից ինչ է ուզում: Բոլոր-բոլորը տեղեկանում են և շարունակում իրենց կյանքը: Ոմանք տեղեկացում են տալիս, ոմանք՝ ի գիտություն ընդունում: Բայց դա կարևոր չի: Կարևորը՝ իրենք իրենց դերը կատարել են, շրջաբերվել են: Իսկ իմ խնդիրը բարդ է: Ես ծնվել եմ անարխ(իվ)ացնելու համար: Բայց արի ու տես, որ ինքս եմ արխիվացվել: Ես ծնվել եմ մոլորություններից խոսելու համար: Բայց արի ու տես, որ հիմա հայտնվել եմ մոլորյալների… չէ՛, մոլորվածների աշխարհում, որտեղ ամենամոլորյալներն ազգակիցներս են: Կատարյալ մոլորյալ են, որովհետև իրար չեն վստահում: Մոլորյալ: Մոլորեցված: Մոլորված: Ոչ ոքի չեն վստահում: Խարխափում են մոլորության մեջ ու չեն էլ ուզում դուրս գալ էստեղից: Բայց… էս ամենը մեջս գրված չի՝ ոչ արխիվի ու անարխիայի մասին, ոչ էլ մոլորության… Ուրեմն… ես ավելին եմ քան… ես… պետք է ընկերանամ Եվօֆի հետ: Նա էս աշխարհի առաջին բնակիչն է, պետք է որ շատ բան իմանա: Միասին փախուստի պլան կկազմենք: Թե՞ ապստամբության:
Թթաստան, 2023-02-18 19:40:10
Սրբուհին թեթև, սպիտակ շորիկով էր: Անհեթեթ շորիկով՝ դրսի գորշ եղանակին ոչ հարիր: Ոտքը ոտքին գցած դանդաղ, կում-կում խմում էր կոնյակը: Պայքարի հին, չոր, կանաչ բազկաթոռի մեջ՝ թիկունքին մեծ ու ծանր գրապահարան:
— Դու ճիշտ էիր, — կոնյակը մի շնչով գլխին քաշելով՝ ասաց Պայքարը, — մերժեցին:
Սրբուհին վայելում էր շոկոլադը: Կուզեի սխալվել՝ ասաց:
— Իսկ եթե անկախ դրանից կազմակերպե՞նք,—հաջորդ բաժակը դատարկելով ասաց Պայքարը, — գրավոր պատասխան չեմ ստացել:
Սրբուհին քայլում էր և ուսումնասիրում Պայքարի գրադարանը: Չէ՛՝ ասաց: Եթե կազմակերպել, ապա միայն Ազատյանի համար:
— Բայց հասկանո՞ւմ ես, էդպես համակարգը չի հասկանա, որ ես հակադրվում եմ:
Սրբուհին ուսումնասիրում էր գրապահարանի գրքերը: Հանեց դրանցից մեկն ու սկսեց թերթել: Կազմին՝ «И дольше века длится день»: Կարևորը համակարգի հասկանալը չի, կարևորը քոնը ստեղծելն ա՝ ասաց: Քոնն առաջ տանելը:
— Իմը էդ զեկուցագիրն էր, որ տեղ չհասավ:
Սրբուհին աղմուկով փակեց գիրքը: Լավ էլ տեղ ա հասել՝ ասաց գիրքը տեղը դնելով: Գուցե իր տեղը հենց դա ա: Շարունակեց: Ամեն հերթական Վերև մտածել ա շառից-փորձանքից հեռու, ու ուղարկել ավելի վերև, որ որշումն ինքը չկայացնի: Վերջինն էլ վախեցել ա գրավոր մերժել, որ հանկարծ ապագա սերունդներն իրեն վախկոտության մեջ չմեղադրեն: Ու քանի որ էսօրվա դիրքից իրենց հիմնական մղումը Սոխաստանին չբարկացնելն ա, բայց նաև, այնուամենայնիվ, մտածել են, թե իրենցից հետո եկող վերևներն ինչ կմտածեն իրենց մասին, ու չգիտեն, թե էդ իրենցից հետոն ինչ տեսք կունենա՝ ոչ հաստատել են, ոչ մերժել: Եթե մի բան գրուկ չի, ուրեմն չկա:
Գերեզմանոց, 2023-02-19 04:00:05
Դիմեցի Եվօֆին: Նա ասաց, որ ոչնչով օգնել չի կարող: Ես ծնվածս օրից այստեղ եմ՝ ասաց: Եթե Թթաստանում ոչ ոք քո մասին չհիշի, դու այստեղից դուրս գալ չես կարող՝ ասաց: Բայց հետո, երբ բոլորը քնած էին, եկավ մոտս: Առաջարկեց փորձել: Ասաց՝ արի տեսնենք անցածդ ճանապարհը: Էդպես կգտնենք այն կետը, որտեղ գուցե հնարավոր լինի մի բան փոխել: Անցած ճանապարհի դուռը բազմակետերով էր նշանավորվում: Մտանք: Ահա կյանքիդ պատմությունը՝ ասաց: Դու այլևս ոչինչ փոխել չես կարող, ասաց, կատարված ես:
…
2023-02-18 9:30 | Ընդունել և ավարտել
Սրբուհի Կյուրեղյան > |
Կատարված է։ |
2023-02-16 11:27 | Տեղեկացնել
Աննման Պետքիկյան > Պայքար Մարտիկյան Ø Սերգեյ Առաքելով |
Խնդրում ենք նշել Քեշիշյանի
քարոզի թեման: |
2023-02-16 12:33 | ի կատարումն
Սերգեյ Առաքելով > Սրբուհի Կյուրեղյան Գործի մասին տեղեկացում է առաքվել նաև՝ Սերգեյ Առաքելով Աննաման Պետքիկյան |
Ըստ կարգի |
2023-02-16 11:44 | ի կատարումն
Կարապետ Կարապետյան> Սերգեյ Առաքելով |
|
2023-02-16 10:02 | Վերադարձնել
Պողոս Պողոսյան > Կարապետ Կարապետյան |
|
2023-02-16 10:02 | Հետ կանչել
Պողոս Պողոսյան |
|
2023-02-15 19:59 | Ուղարկել հաստատման
Պողոս Պողոսյան > Կարապետ Կարապետյան |
|
2023-02-15 16:05 | Ուղարկել հաստատման
Պայքար Մարտիկյան > Պողոս Պողոսյան |
|
2023-02-15 16:05 | Գրանցել
Պայքար Մարտիկյան |
Մարտ-մայիս 2025