Մհեր Արշակյան | Լուսինե Խառատյանի «Սիրիավեպը»

«Սիրիավեպը» բացառիկ խորամանկ ստեղծագործություն է, երևի նմանը չունի հայ արձակի պատմությունում։ Խորամանկության փակագծերը կբացվեն վերջում, քանի որ մենք, ի վերջո, դետեկտիվի հետ չէ, որ գործ ունենք, երբ «սպանությունը» հենց սկզբից գալիս է բեմի առաջնամաս։ Խորամանկությունը վեպի կառուցվածքի մեջ է, երբ գրեթե անկիրք, բայց հետևողական լեզվով հեղինակը շարադրում է կուռ դեպքեր, որոնք սկզբից մինչև վերջ ենթադրում են միմյանց։

Այս վեպը լույս է տեսել 2022-ին, սակայն այդ տարվա հունվարի 5-ին վեպից մի հատված («Աիշա» գլուխը) «Գրանիշ» էլեկտրոնային կայքում լույս է տեսնում «Սիրիական նովել» վերնագրով։ Լուսինեն այն կարծիքին է, որ աշխարհը ստեղծվում է գրականության մեջ։ Այս վեպը համաքայլ է գոյություն ունեցող աշխարհի հետ այն իմաստով, որ վեպը գրված է, ինչպես ասում են, ինտերակտիվ լեզվով։

Սա մի գործ է, որտեղ վխտում են իրավիճակի հետ հաշտ ու «խաղաղ» հերոսները։ Այն միաժամանակ էքզիստենցիալ ու արկածային գրականության նմուշ է։ «Էքզիստենցիալը» կրկին այստեղ մազե կամրջի վրայով քայլող եզրույթ է այն իմաստով, որ հերոսների հակաէքզիստենցիալությունը սահմանափակված է խաղի կանոններով, որոնց հետ համընթաց է յուրաքանչյուրի ուղին։ Թերևս, բացառությամբ Աիշայի։ Բայց ամեն ինչ՝ սկզբից։

Հայաստանցի երեք հետազոտող կին աշխատանքի բերումով այցելում են Սիրիա ամերիկյան դրամաշնորհով։ Այդ հետո սիրիական հետախուզության ղեկավարը կբացահայտի, որ դրամաշնորհը ոչ մի կապ չունի Ամերիկայի հետ և որ այն տված կազմակերպությունը գրանցված է Կիպրոսում։ Բոլոր դեպքերում փողը տրված է, ուղևորությունը՝ ուժի մեջ։ Նրանք արդեն Երևանում ունեն որոշակի պայմանավորվածություններ, որոնք նրանց՝ այդ կանանց պիտի օգնեն դուրս չգալ իրենց բոլորովին օտար պետության սահմանած խաղի կանոններից․

«Երկիր մուտք գործող ցանկացած մեկին առնում են տոտալ կանտրոլի տակ,-նկատեց Շուշանը»։

Այսինքն, հետազոտող կանայք արդեն գիտեն, որ իրենց հետազոտությունների առարկա երկիրը Ֆինլանդիա կամ Չեխիա չէ, այստեղ նույնիսկ կին լինելը կարող է հարցեր առաջացնել։

«Արևելք ա, հազար ու մի բան կարա պատահի։ Մենք էլ՝ կին…»:

Կրկին Շուշանն է ասում։ Իսկ ովքե՞ր են մյուս երկուսը՝ Էսթերը և Աստղիկը։ Հենց վերջինս էլ պատմում է գրքի իրադարձությունները։ Պետք չէ ասել, որ Դամասկոս մտնելու պահից նրանք անմիջապես հայտնվում են Սիրիայի հատուկ ծառայությունների ուշադրության ներքո։ Եվ այնպես չէ, որ գրքի մի մեծ հատվածում այդ փաստը որոշում է դեպքերի հետագա ընթացքը։ Կանանց Դամասկոսում դիմավորողը Բահան է, որին «մեր» կանայք «գիտեն» դեռ մինչև Սիրիա թռնելը՝ Աստղիկի զարմիկը՝ Արայիկն է խորհուրդ տալիս կապվել նրա հետ․

«Ինքը շատ հոգատար է։ Անցյալ տարի քրոջս անգամ մի քանի ամիս իրանց տանն ա պահել»։

Իսկ ինչո՞ւ էին այս կանայք թռչում Սիրիա, ի՞նչ ունեին այնտեղ հետազոտելու։ Աստղիկը մանրամասնում է․

«Ուզում էինք հետազոտել Լիբանանի ու Սիրիայի հայկական համայնքները: Ազգագրական հետազոտություն՝ հարցազրույցներով ու ներգրավված դիտարկմամբ: Նպատակը՝ հասկանալ համայնքի տոնածիսական կյանքում տեղի ունեցած փոփոխությունները Սիրիայի և Լիբանանի միջավայրի ազդեցությամբ»:

«Ուզում էինք հետազոտել»։ Այս ձևակերպումը գեղարվեստական ծուղակ է, որն, ի տարբերություն այլ ծուղակների, իր մեջ բանալի ունի։ Չմոռանանք, որ գործ ունենք նաև արկածային ստեղծագործության հետ, իսկ առանց ծուղակի արկածային ոչինչ չես կառուցի։ Եվ ինչպես արկածային գրեթե բոլոր ստեղծագործություններում, հենց ծուղակի մեջ էլ ամփոփված է ելքը։

Դամասկոս

Նկատենք, որ «Սիրիավեպ»-ում այս երեք կանայք ասես որպես օտար օրգանիզմ լինեն՝ազատ թոքերով, աշխարհ տեսածի աչքերով, մարդիկ, որոնք իրենց ամուսիններին ու երեխաներին թողել են Հայաստանում ու մեկնել արևելյան մի երկիր, որտեղ դեպքերի հետագա ընթացքը նրանց իշխանության տակ չէ։ Արևելքի առաջին նշաններից մեկը, որը, այսպես ասենք, տոտալիտարիզմի խորքային հիգիենայի բաղադրիչն է երեք կանանց աչքում, Բահայի տան լոգարանն է․

«Երբ արթնացանք (Բահայի ու Ասմայի տանը-Մ. Ա.), արևն արդեն բարձր կախված էր երկնքում և վառում էր: Քրտինքի մեջ կորած էինք: Հերթով ցնցուղվեցինք: Անհնար էր չնկատել լոգարանի կեղտոտ սալահատակը: Մազեր սև ու փայլուն սալիկների վրա: Կարճ ու երկար: Կեղտոտ սրբիչներ: Առավոտյան սրտխառնոց: Ցնցուղի տակ կանգնած կոկորդումս ասես հաստ, երկար, սև մազափունջ լիներ: Խեղդվում էի: Աչքիցս չէին հեռանում Ասմայի մազածածկույթից ազատված թևերն ու կնոջ մաքրության մասին ճառերը՝ քաղցր օծանելիքով համեմված»:

Թվում է, թե ինչ կապ ունի այստեղ Արևելքը կամ տոտալիտարիզմը։ Բանն այն է, որ Ասման՝ Բահայի կինը, նպատակներ չունի, Լուսինե Խառատյանն Ասմայի կերպարում ցույց է տալիս արևելյան կնոջ՝ իր պարտքի մեջ փակված կյանքը։ Այդ կյանքում Դամասկոսից դենն աշխարհ չկա, այդ կյանքը որևէ ճամփաբաժան չունի, Ասման չի կարող մտածել ավելի լավ կյանքի մասին, եթե անգամ դրա պատկերացումն ունի։ Ասման իր տան մեջ անգամ չգիտի, թե հանուն ում լինի ավելի հիգիենիկ։ Նա իր կյանքի ամենագլխավոր քայլն արել է՝ ամուսնացել է և ավարտել կնոջական հնազանդության ցիկլը։ Ահա ինչու նա միայն հյուրեր է ընդունում, իսկ ինքը նույնիսկ հյուր լինելու շռայլությունը չունի։ Նա նույնիսկ իրեն չի կարող թույլ տալ մտածել ավելի լավ ու հիգիենիկ տան մեջ ապրելու մասին։ Ընդհուպ չի կարող զարմանալ, թե երեխաներ ունեցող այս կանայք առանց իրենց ամուսինների ինչ գործ ունեն Սիրիայում։ Չի կարող մտածել՝ ոչ թե որ հոգու խորքում համաձայն է այս հայ կանանց «սանձարձակության» հետ, այլ ուղղակի դա իր ասելու բանը չէ։ Բահան՝ տոտալիտարիզմի այդ պահապանն իր արևելյան «բնական» անմիջականությամբ ինքն է զարմանում․

«-Իսկ ինչի՞ մասին են մտածում ձեր ամուսինները: Ինչպե՞ս կարելի էր այդքան փոքր երեխաների մայրերին թողնել միայնակ ճանապարհորդել: Ո՞վ է խնամում երեխաներին:

-Տատիկները,-ասաց Էսթերը,-մենք հետազոտողներ ենք և ամուսնանալիս կարծում եմ մեր ամուսինները դա լավ գիտակցել են:

-Ախ, Արևմուտք, Արևմուտք,-շարունակում էր Բահան»:

Իսկ Բահայի հայ ընկեր Րաֆֆին, ընդհակառակը, հենց հայաստանցի կնոջ հետ է ուզում ամուսնանալ․

«Նրանք ամուսնուն ոչ մի պահանջ չեն ներկայացնում: Բա չէ, սիրիացի կանայք, մինչև ամուսնանալը մի հսկայական ցուցակ են դեմ տալիս, առնվազն երեք բանալիով տան, մեքենայի և ամառանոցի: Եթե տղամարդը չի կարողանում՝ բանի պետք չի»:

Րաֆֆին բացում է սիրիացի կնոջ ցանկությունների մատյանը։ Այնտեղ իրավունքներ չկան, այնտեղ «հետազոտող» չկա, այնտեղ սեփական ազատություն չկա, կա միայն անհոգություն, ընդհուպ սիրո կարիք չկա։ Եվ այդ կարիքը չկա «մեր» Րաֆֆիի ցանկություններում։ Րաֆֆին ընտանեկան խաղաղություն է ուզում, բայց սեփական «խաղի կանոններով», առանց պահանջների կին է ուզում։ Րաֆֆին ուզում է, որ ինքը լինի «սիրիացի այն կինը», որը թելադրում է, թե ինչպիսին պիտի լինի իր ամուսինը․

«-Ինձ համար մի կարգին աղջիկ կճարե՞ք,-հարցրեց Րաֆֆին,-հազար անգամ եկա Հայաստան, ոչ ոք դուրս չեկավ: Կարգվելուս ժամանակն էլ շուտով կանցնի:

-Ուզածդ ի՞նչ ա որ,-հարցրեց Շուշանը:

-Դե որ ակտիվ, ուրախ, աշխատող, չդժգոհող, սիրուն աղջիկ լինի»:

Չմոռանանք, մեր հետազոտողները եկել են դիտարկելու Լիբանանի ու Սիրիայի հայկական համայնքները, մինչդեռ դեռ համայնքներից առաջին հայ մարդուն չեն հասել, իսկ հետազոտությունն արդեն սկսված է։ Սիրիական աշխարհն ինքն է բացվում Աստղիկի, Էսթերի և Շուշանի առաջ։ Նրանք չեն եկել փորձությունների հետևից, նրանք արկածներ չեն փնտրում, թեպետ գիտեն, որ գործ ունեն քաղաքացիական մի շարք իրավունքներից կաղող պետության հետ։ Այս աղջիկների «տեսարժան վայրերը» մարդիկ են, որոնք սեփական իրավունքներից չեն խոսում, այլ՝ սխրանքներից։ Հարությունը, որի հետ Աստղիկին, Էսթերին ու Շուշանին ծանոթացնում է Բահան, նախկին ահաբեկիչ է, հետախուզման մեջ է և Սիրիայից դուրս գալ չի կարող, Սիրիան, ըստ Բահայի, հոգում է նրա անվտանգության մասին։ Հետազոտողներին Հարությունի մոտ է բերել Բահան։ Հարությունը պատմում է, թե ինչ «սխրանքների» է ձեռք զարկել, պատմում է իր մասնակցությամբ իրականացված ահաբեկչությունների մասին, որոնց պատճառով նրան թիրախավորել են հակառակորդները, բայց սպանվել է կինը։ Շուշանը հիացած է Հարությունի կերպարով, նա անպայման պետք է ստորագրի Շուշանի որդու լուսանկարի վրա։

«Դուք և ձեր նման մարդիկ,-ասում է Շուշանը,-իր համար իսկական հերոսներ եք»։

Կյանք չէ, այլ՝ հովվերգություն։ Հետազոտող կանայք Հարությունի հետ հանդիպումը չէին էլ փնտրել։ Բայց իրենց աչքերով տեսան ԱՍԱԼԱ-ի մարտիկի, որի կազմակերպության մասին լեգենդներ էին լսել։ Եվ ագարակը, որտեղ խոսում են Հարությունի հետ, կոչվում է ԱՍԱԼԱ, որն արաբերեն նշանակում է արմատ։ Ագարակը պատկանում է Բահային, որը Դամասկոսում հետազոտողների միակ ուղեկիցն է։ Եվ հանկարծ․

«Րաֆֆին շատ պարզ բացատրեց, որ Բահան Մուխաբարաթի աշխատակից է՝ սիրիական հետախուզական ծառայության»:

Բարեբախտաբար գրքի հերոսները պետք է լքեն Դամասկոսը և գնան Հալեպ։ Մինչդեռ Բահան խորհուրդ չի տալիս՝ «եթե ինձ չլսեք ու գնաք, պատասխանատվությունը ձեր վիզը»։ Բահայի փորացավն այն է, որ հետազոտողները Հալեպում մարդկանց տներ չգնան, այսինքն, հատուկ ծառայությունների հսկողությունից դուրս չգան։ Իսկ քանի դեռ մեր հերոսները Հալեպ չեն հասել, միջանկյալ փորձենք հասկանալ, թե ինչպես է Լուսինե Խառատյանը զարգացնում դեպքերը։ Հատկապես հետաքրքիր է այն փաստը, որ հեղինակն այս գործը գրել է վավերագրական լեզվով, նա կարծես ոչինչ չի հորինում, դեպքերի վրա բացարձակ իշխանություն չունի, արկածային գրականության մյուս առանձնահատկությունն այն է, որ հերոսներն իրենք են ներքաշվում դեպքերի մեջ, նրանք ուղղակի ընտրություն չունեն։ Ուշադրություն պետք է դարձնել այս հանգամանքին՝ նրանք դեպքերի վրա իշխանություն չունեն մի երկրում, որտեղ ազատություն չկա։ Նրանք Բահայի «բռնապետության» ներքո են, որին, ի դեպ, Էսթերն անզգուշորեն ասում է, թե իրենց հետազոտությունն իրականացվում է «ԱՄՆ-ից մի լավ հայ բարերարի» փողերով։

«Ես ու Շուշանը կայծակնահար իրար նայեցինք, դեռ Երևանում որոշել էինք ԱՄՆ անունը չտալ»։

Մինչդեռ Էսթերը իր ընկերուհիների տագնապները չունի, նրա համար ԱՄՆ անունը հիշելը նույնն է, ինչ ցանկացած այլ երկրի հիշելը։ Մեր հետազոտողների միջև առաջանում է առաջին ճեղքը՝ Աստղիկն Էսթերին մեղադրում է Բահային չափից դուրս շատ տեղեկություններ տրամադրելու մեջ, իսկ նա՝ Աստղիկին ու Շուշանին՝ իրենց Մուխաբարաթի դուռը բերելու համար։ Հերոսներն ասես ներքաշված լինեն ճակատագրի մեջ, կարծես թե ոչինչ դեռ տեղի չի ունենում, բայց, Սահյանի բառերով ասած, մի տեսակ տագնապ կա, որ չես ասի ոչ մի բառով։ Լուսինե Խառատյանը դեպքերը զարգացնում է հետազոտողների ճանապարհին հանդիպած ցանկացած հերոսի մեջ քլթքլթացող լարվածություններով, բոլորը ինչ-որ բան կիսատ են ասում, բոլորը զգուշանում են։ Լեզուն Լուսինեի միակ հենարանն է տոտալիտարիզմի կողպված դռների հետևում մնացած ասելիքը փակագծերից դուրս բերելու համար։

Հալեպ

Հալեպում հետազոտողների գլխավոր հյուրընկալը տիկին Վարդին է՝ հիսունն անց, շատ գործունյա ու նախաձեռնող, կարճ կտրած խարտյաշ մազերով, ուղիղ դիմագծերով, ճերմակամաշկ, արագաշարժ մի կին։ Հալեպում նա է հայաստանցի հետազոտողների աշխատանքների կազմակերպման պատասխանատուն։

«Ի դեպ, հենց տիկին Վարդին էր կազմակերպել մեր հրավերը մի ազդեցիկ անձնավորության միջոցով, որին առհասարակ չգիտեինք»։

Հալեպում Աստղիկը, Էսթերը և Շուշանը ավելի մեծ հնարավորություններ են ունենում հայ համայնքի հետ շփվելու։ Միանգամից այստեղ իմանում են, որ հայ համայնքը Սիրիայում ներկայացվում է իր եկեղեցու միջոցով, կուսակցությունները հանդես են գալիս մշակութային, մարզական կամ հասարակական կազմակերպությունների անվան տակ, «սուրիական օրենքը կարգելե հայկական կուսակցությունները Սուրիայեն ներս»։ Ի դեպ, Դաշնակցությունն առանձնապես լավ հեղինակություն չունի այստեղ, կամ, ավելի ճիշտ, իր հեղինակությունը պահում է հայկական հարցով մտահոգ այլ կառույցներին փնովելով։

Ամեն ինչ կարծես թե հալած յուղի նման է ընթանում հետազոտողների համար։ Քիչ առաջ նրանք դզող-փչողների փողոցում հանդիպել են հայկական համայնքից մի ընտանիքի հետ, որի տանտիրուհին՝ Անին, իր մասին մեկ նախադասությամբ ասում է. «Ամբողջ օրը տունի գործերով եմ։ Մաքրություն, ճաշ, երեխաներ։ Հալեպ ծնած մեծացած եմ»։ Անիի ամուսինն արաբախոս կաթոլիկ ընտանիքից է։ Թերևս այսքանը։ Կարծես թե ոչինչ չի կատարվում։ Չհաշված՝ Շուշանի ալերգիան, որը պարոն Վարդանը փորձում է կանխել մետրոնիդազոլով։ Մինչդեռ Շուշանին հենց այդ դեղը չի կարելի որպես բալասան։ Ու դա թանկ է նստում Շուշանի վրա։ Չհաշված նաև այն, որ Անիի տնից Հալեպի բերդ ուղևորվելով Աստղիկը մի պահ կորցնում է իր խմբին։ Երբ նրան գտնում են, բանն արդեն բանից անցած է լինում՝ խմբին հրավիրում են Մուխաբարաթ՝ հասկանալու համար, թե նրանք ինչո՞վ են զբաղված Հալեպում։ Տիկին Վարդին ցնցված է․

«-Կյանք մը հոս ապրած եմ, անոնց քով չեմ գացած։ Աս ի՞նչ փորձանք էր»։

Մուխաբարաթը սիրիական КГБ-ն է։ Հարցաքննողը գնդապետ է, նրբանկատ մի մարդ, որն ուզում է հասկանալ՝ արդյո՞ք աղջիկներն իրենց հետազոտությամբ չեն վտանգում սիրիական պետականության սյուները։ Սկիզբը, համենայնդեպս, հովվերգական-նախատինքային է․

«Գնդապետը ժպտաց, մեր կողմը թեքեց սեղանին դրված լուսանկարը.

-Թոռս է: Ամեն օր աշխատանքից հետո նախ իրեն եմ այցելում: Դժվարանում եմ հասկանալ՝ ինչպե՞ս կարող է մայրը երեխային մի քանի շաբաթ թողնել հանուն պտույտի»:

Բոլորի անունից խոսում է Աստղիկը։ Նա ազնվորեն ասում է, թե ինչ տներ են այցելում (հիշենք Բահայի հրաժեշտի հորդորը՝ մարդկանց տներ չգնաք), ինչ են ուզում իմանալ․

«-Իսկ ի՞նչ նպատակով եք մարդկանց տուն գնում,-հարցրեց Մուխաբարաթի գնդապետը:

-Ուզում ենք տեսնել ինչպե՞ս են ապրում:

-Ձեզ կենցաղային պայմաննե՞րն են հետաքրքրում… (…) պարտադի՞ր է տները գնալ: Կարող եք պարզապես զրուցել մարդկանց հետ և նրանք կպատմեն:

-Գուցե: Բայց աչքով, վիզուալ տեսնելն ուրիշ է: Օրինակ, տներում Արարատի նկարը կա: Կամ հայկական կոնյակ, որոշ տներում՝ հայկական եռագույնը»:

Ի՞նչ է պարզվում։ Բահան աղջիկների մասին զեկուցագիր է գրել Մուհաբարաթին, որ նրանք ԱՄՆ-ի ու Իսրայելի լրտես են։ Այդ մասին աղջիկներին ասում է Նա, այս վեպի ամենախորհրդավոր մարդը, որը նրանց Պահապան հրեշտակն է, Սիրիայում տեղաշարժվելու աներևույթ այցեքարտը։ Նա անուն չունի, նա կիսաԳոդո է, կաֆկայական Դղյակի տեր ու տնօրեն, որի մասին վեպի առաջին էջերից խոսում են, սպասում են, հույսեր են կառուցում, իսկ Նա չկա ու չկա։ Եվ ահա Նա հայտնվում է։ Ու հանկարծ պարզվում է, որ աղջիկները լուրջ խնդիրներ ունեն Սիրիայում․

«Ձեր մասին գրված զեկուցագիրը շատ լուրջ է։ Փաստացի ձեր այցելությունն իսկապես ֆինանսավորվում է ԱՄՆ-ից։ Ձեր հրավերում այլ բան է գրված։ Ու էս երկու փաստերն իրար հետ համադրելը բավարար է, որ դուք հայտնվեք զնդանում ու այլևս երբեք արևի երես չտեսնեք»։

Ու հիմա սկսվում է պայմանական փախուստը Սիրիայից, պայմանական, որովհետև նրանք տեղաշարժվում են Սիրիայի մեջ, գնում են Ղամշլի, քրդաբնակ մի քաղաք, որտեղ մուտքի իրավունք է պետք։

Աիշա

Աիշան լիբանանցի մուսուլման աղջիկ է։ Նրան բռնաբարել է իր մաթեմատիկայի տխեղծ ուսուցիչը և դրանով հարկադրել ամուսնության։ Այլապես եղբայրները սպառնում էին հաշվեհարդար տեսնել երկուսի հետ էլ։ Աիշան փախչում է տնից ու նետվում առաջին պատահած ավտոմեքենայի տակ։ Հենց Նրա ավտոմեքենան է դա լինում։ Աիշան ի տարբերություն «Լարսի թակարդը» պատմվածքի հերոսուհու, անում է իր «քայլը»՝ փախչում է բռնարարից: Բայց դա ամբողջն է, ինչ նա կարող է անել: Փախուստը նրա առաջին ինքնուրույն քայլն է, վերջինը կլինի մեքենայի անիվների տակ նետվելը: Դա կոչվում է ընդառաջ գնալ ճակատագրին, որը միշտ ենթադրում է մահ («Մահը ճակատագիր է դարձնում մարդու կյանքը». Անդրե Մորուա): Բայց Աիշան հրաշքով է փրկվում: Աիշան իր միջից փորձում է մաքրել ճակատագրի «խաղի կանոնները», նա դառնում է կամյուական իմաստով էքզիստենցիալ հերոս այն տարբերությամբ, որ որևէ փորձությունից գաղափար չունի:

Տեսեք, վիպական այս գիծը հետազոտության չի տրվում, Աիշայի ողբերգությունը ոչինչ չի կարող ավելացնել կամ պակասեցնել «Հայաստանէն եգաձ տիկնանց» «ի պաշտոնե» ուսումնասիրություններին։ Բայց Աիշան այս ստեղծագործության հպանցիկ աստղն է, որը ևս մեկ շտրիխ է ավելացնում Նրա՝ վեպի ամենախորհրդավոր մարդու, կերպարին։ Մենք հասկանում ենք, որ Նա փաստորեն ապրում է ռիսկերի մեջ։ Ոչ մեկին հայտնի չէ, թե իրականում ինչով է զբաղված Նա, հետքերը կորցնելու համար թուրք-իրաքա-սիրիական սահմանին գտնվող Ղամշլիում Նա սիրամարգեր է աճեցնում, որպեսզի, ինչպես Աիշան է ասում, գլխի չընկնեն, թե իրականում ինչով է զբաղվում։ Այսինքն, նրա խորհրդավորությունը երկաթե փականքի տակ է։ Բայց «Հայաստանէն եգաձ տիկնանց» համար Նա կբացի բոլոր փակագծերը։

«Կտեսնեք, շատ շուտով այս տարածաշրջանում իրավիճակը լարվելու է: Այդ պարագայում այստեղ տարբեր բանակներ կառաջանան: Իսկ մենք հայերի, ասորիների և քրդերի հիմքով կստեղծենք մերը՝ Արևմտյան Հայաստանի պաշտպանության բանակը Սիրիայի և Թուրքիայի տարածքում,-ասում է սիրամարգեր պահող Նա:

-Իսկ ո՞ւմ համար կկռվի այդ բանակը:

-Սկզբում հանուն Սիրիայի ինքնիշխանության: Հետո՝ կերևա:

-Այդ ամենը ֆանտասմագորիա է,-ասաց Էսթերը»:

Ահա այսպիսի տեսիլքներ խնամող մարդու պաշտպանությունն է «վայելում» Աիշան։ Նա աղջկան արգելում է արևի լույսի տակ փողոց դուրս գալ, աղջկան հարկադրում է ընդունել քրիստոնեություն, իր առանձնատանն ընդունել հյուրերին։ Արդյո՞ք Աիշան դժբախտ է այսպիսի հովանավորության արդյունքում։ Ոչ։ Բայց նա որոշակիության ծարավ մարդ է։ «Հ (Հակոբ)+Ա (Աիշա)=?»: Հենց այս հարցական նշանն է փորագրում Աիշան հետազոտողների գիշերակացի տան տանիքի դռան կողքի պատին փորագրված «Հ+Ա=» գրության վերջում։

«Սիրիավեպի» հեղինակը մի հետաքրքիր կիրառուկ է օգտագործում ամբողջ վեպում՝ առաջնային բոլոր կերպարներին նա ոչ այնքան ներկայացնում է, որքան նրանց շուրջը հյուսում փակագծեր։ Նա, Աիշան այդպիսի կերպարներից են։ Միակը, որը որպես «փակագիծ» բացվում է այս վեպում, Բահան է։ Բայց այդ քողազերծումը նույնպես հասկանալի է՝ եթե Բահան չբացահայտվի, այս գրքում տոտալիտարիզմը կհաղթի։ Այդպիսի մարդը խորհրդավորության իրավունք չունի։ Հետազոտողները շատ արագ են բաժանվում բոլորից, որոնց հետ հանդիպում են։ Նրանցից ոմանք պատմում են իրենց գրեթե ամբողջ կյանքը, ինչպես Աիշան, Աբու Հակոբը, Գեներալը կամ Հարությունը, որի անունը իսկական չէ։ Բայց բոլորը ամբողջ փակագծազերծումով հանդերձ չեն կորցնում իրենց խորհրդավորությունը։ Եվ խորհրդավորության այս շքահանդեսի պսակը Նա է, կիսաԳոդոն, որն, ի վերջո, գալիս է ու պատմում ավելին, քան «Հայաստանէն եգաձ տիկնայք» կսպասեին լսել նրանից։

Աիշայի դեպքում միակ որոշակին այն է, որ այսպիսի մարդու հետ նա չի կորի։ Բայց նրա գլխին անընդհատ կախված է լինելու եղբայրների «ֆեթվան»՝ գտնել ու սպանել։

Հետազոտություն

Աստղիկը, Շուշանը և Էսթերը Սիրիա են եկել առաջին հայացքից պարզ առաջադրանքով՝ բացահայտել հայկական համայնքի աշխարհը՝ իրականացնել «ազգագրական հետազոտություն՝ հարցազրույցներով ու ներգրավված դիտարկմամբ»։

Նրանք բացահայտում են Սիրիայում «խցանված» մարդկային աշխարհներ, որոնք պետք է իրենց ներքին «նիստուկացը» համապատասխանեցնեն պետական նիստուկացին, որում գրեթե ներաշխարհային ոչինչ չի մնում։ Նույնիսկ երբ Աբու Հակոբի կամ Հարությունի նման պատմում են ամենևին հայկականության հետ կապ չունեցող ինչ-որ սխրանքների մասին, դրանք մեծ հաշվով ներկայացնում են ոչ մի կողմից քննություն չբռնած փիլիսոփայությունների լույսի ներքո: Մարքսիստ են նրանք, կոմունիստ, ազգայնական, թե դաշնակցական, ձախ են, թե աջ՝ նրանք փակ շրջանակի մեջ են, ոչ մի այլ գաղափար չի շոշափել իրենց համոզմունքների խոցելիությունն ու անխոցելիությունը։

Նրանք իրենց փիլիսոփայությունների մեջ գնալու տեղ չունեն։ Չկա մի գաղափար, որը ներաշխարհային իմաստով կբազմապատկի նրանց, ահա ինչու Րաֆֆին մեր հետազոտողների հետ չի խոսում իր սեփական աշխարհից, նա ներկայանալու աշխարհ չունի, այստեղ ոչ ոք գրեթե ներկայանալու աշխարհ չունի։ Լուսինե Խառատյանն ուղղակի հրաշալի է ցույց տալիս առանց սեփական աշխարհի մարդու ողբերգությունը, ընդ որում՝ պատմելով այդ մարդու մասին ու հնարավորություն տալով, որ այդ մարդը ներկայանա։ Լուսինե Խառատյանն, ի վերջո, սիրիահային չի ներկայացնում, նա ներկայացնում է տոտալիտար հային։ Հայտնի բան է, որ տոտալիտար մարդը այն մարդն է, որի մեջ որոշակի չէ բռնակալը կամ զոհը, նա իրերի դրությունն ընդունած մարդն է։

Հեղինակը մեծ ջանքեր չի գործադրում այդ մարդկանց աշխարհ մտնելու ու այնտեղից դուրս գալու առումով, այսինքն, հետազոտության «նյութ» համարվող մարդիկ ի վերջո հետազոտողներին դուրս են մղում իրենցից, ու վեպը դա հրաշալի է ցույց տալիս՝ ոչ ոք մինչև վերջ չի ներկայանում։ Բոլորն էլ ըստ էության մեկ զրույցի շրջանակում մատնում են իրենց կիսատությունը, նույն Րաֆֆին ավելի ամբողջական լինելու համար փնտրում է հայաստանցի կին, ինքն իր հերթին սիրիացի կնոջն է հետազոտել, որը մինչև ամուսնանալը մի հսկայական ցուցակ է դեմ տալիս, առնվազն երեք բանալիով՝ տան, մեքենայի և ամառանոցի։ Բժիշկ պարոն Վարդանն ընդհանրապես անհաղորդ է Շուշանի ալերգիային, որի դեմ նշանակում է նույն կնոջը հակացուցված մի դեղ։ Պարոն Վարդանը սրիկա չէ, պարոն Վարդանն ուղղակի չի կարող երկու մարդու մեջ տեսնել երկու մարդ՝ նա մարդուն մոտենում է տոտալիտարիզմի ձեռագրով, հիվանդությունը չի կարող «անհատականություն» ունենալ։

Ամբողջ վեպի մեջ երկու անհատականություն կա՝ Նա և Աիշան, երկուսն էլ վեպ են «մտնում» Լիբանանից, այն երկրից, որտեղ հետազոտողներն ի վերջո չեն գնում, որովհետև դեռ պետք է Սիրիայից ողջ և անվնաս դուրս գան։ Նա-ն ինքնին խորհրդավոր արարած է, իսկ ցանկացած խորհրդավոր արարած մեծ է իր հետազոտողից։ Իհարկե, հետազոտողները Նրան իրենց ծրագրի մեջ ներառելու խնդիր չեն դրել, որովհետև Նա միակն է, որն ինքն է թելադրում խաղի կանոններ, թեպետ ապրում է վտանգների մեջ։ Նա-ն միակն է, որ բառացիորեն վտանգում է իր կյանքը, դիցուք, Սիրիա հրավիրելով հայաստանցի երեք հետազոտողի։

«Սիրիավեպը» պատմում է սահմանափակ գործիքներով մարդու ներաշխարհը փորփրելու մասին։ Նրանք փորձում են անհատականություններ կորզել մի իրականությունից, որտեղ նույնիսկ անուն ունենալը պարտադիր չէ։ Նրանք կողմնակի աչք են, օտար օրգանիզմ, ահա ինչու կարող են ընդհուպ թունավորվել ազգային խոհանոցի կերակուրից։ Նրանք գիտեն, որ մարդկանց հետ ամեն հանդիպման ճանապարհին ականներ են դրված, Մուխաբարաթը աչք չի կտրում այդ ճանապարհի ոչ մի միլիմետրից, բայց Աստղիկը, Շուշանը և Էսթերը այդ ճանապարհով քայլում են ինչպես ականներ որսացողները, որոնք սակայն դրանք վնասազերծել չեն կարող։

Ըստ էության մեծ փորձությունների միջով են անցնում Աստղիկը, Շուշանը և Էսթերը այն իմաստով, որ այդպես էլ մինչև վերջ որոշակի չէ, թե ինչն է իրենց կարելի և ինչը՝ ոչ։ Նրանք անհանգիստ են, նրանք չգիտեն, թե արդյո՞ք ականը կպայթի այնտեղ, որտեղ չկա։ Սա է Սիրիան։ Նրանք եկել են հետազոտելու մի փակ աշխարհ, որտեղ բաց լինելն ինքնին փորձություն է։

Պատահակա՞ն է, որ հետազոտողների, այսպես ասած, ոդիսևսյան ուղին նրանց բերում է Քեսապ, որտեղ նրանք վերջապես մի փոքր Հայաստան են կառուցում իրենց շուրջը, այսինքն, զգում են իրենց ականներից հեռու։ Գուցե պատահական է, բայց Լուսինե Խառատյանը «հասունացրել» է Քեսապը, ութսուն տոկոսով հայերով բնակեցված այդ «նախապատմական» քաղաքը, որտեղ դեռ Տիգրան Մեծի օրոք են ապրել հայերը։ Այստեղ է, որ նրանք վերջապես շունչ են քաշում փակ աշխարհի «հետևողական» ծանրությունից ու եփում իրենց բորշչը։ Որից հետո որոշում են իրացնել վերջապես գտած թեթևությունը։ Նրանք խաղ են խաղում, որը կոչվում է «Անկեղծություն»․

«Նստում էին շրջանով, լուցկի վառում և այն իրար փոխանցում։ Ում վրա լուցկին հանգչեր, մյուսները նրան մեկական հարց էին տալիս։ Պայմանն այն էր, որ մասնակիցները ցանկացած հարցի պետք է անկեղծ պատասխանեին»։

Այս խաղն ամեն ինչ դնում է իր տեղը։ Վերջապես մենք հասկանում ենք, թե որտեղ է «խորամանկել» Լուսինե Խառատյանը։ «Սիրիավեպում» հետազոտողների առաքելությունն ամենևին այն չէ, որի մասին հեղինակը գրում է՝ «ազգագրական հետազոտություն՝ հարցազրույցներով ու ներգրավված դիտարկմամբ»։ «Սիրիավեպը» բոլորովին այլ բանի մասին է։ Դա այն է, ինչը, դիցուք, Շեքսպիրը դուրս է բերում «Մակբեթից»՝ արտաքին մարտահրավերներից դեպի ներքին մարտահրավերներ, այսինքն, արտաքին աշխարհից անցում դեպի ներքին աշխարհ։ Եվ ահա մեր հետազոտողներն անկեղծանում են․

«-Սիրիայում  եղած ընթացքում ինչի՞ մասին ես ամենաշատը մտածել,-հարցրեց Էսթերը: Շուշանը լուռ էր: Երկմտում էր: Հետո գինին քաշեց գլխին ու ասաց.

-Որ քեզ հետ էլ երբեք ճամփա չեմ գնա:

Զարմանքից գինին թռավ Էսթերի կատիկը: Ես սկսեցի նրա մեջքին խփել:

-Էսա կբացատրեմ: Կարող ա դու ճիշտ ես: Դու մեզնից, ինձնից որ հաստատ, դուխով ես, չես վախենում ոչ մի բանից: Բայց անտանելի ես: Դու ոչ մի պայմանավորվածություն չես պահում: Հասկանում եմ՝ ինքնուրույն լինելը և ցանկացած հարցում տարբերվող կարծիք ունենալը լավ է, բայց ոչ էս իրավիճակում: Ես կգերադասեի, որ ստեղծված իրավիճակում մենք կարողանայինք իրար հարյուր տոկոսով վստահել, ոչ թե անընդհատ սպասել, թե մեկս մյուսին երբ կքցի:

-Բայց ես ձեզ չեմ քցել,-ասաց Էսթերը:

-Դեռ ոչ: Միայն ես անընդհատ էդ պահին եմ սպասում: Մենք որոշում ենք Ամերիկայի մասին ոչինչ չասել, և ահա դու Բահային տեղում պատմում ես: Որոշում ենք ջնջել բոլոր ձայնագրությունները, չէ՛, դու պիտի անպայման պահես: Ու ես չգիտեմ, չեմ կարող կանխատեսել, թե քո հաջորդ որոշումը որը կլինի: Մի խոսքով, եթե շանս ունենայի, քեզ հետ ռազվեդկի չէի գնա… Մենք վտանգի մեջ ենք, իսկ ես ուզում եմ անփորձանք երեխաներիս մոտ վերադառնալ»:

Հասկացա՞ք։ Շուշանը դարձավ հետազոտության օբյեկտ։ Ու հընթացս նա «մերկացնում» է Էսթերին, որը ոչ մի պայմանավորվածություն չի պահում։ Հարցն այն չէ, որ Էսթերը պատրաստ չէ իր ընկերուհուց լսել այսպիսի բաներ։ «Սիրիավեպի» հեղինակը բոլորովին ուրիշ «հետազոտություն» է մեզ առաջարկում։ Նա, ըստ էության, ամբողջ վեպում առաջին անգամ ընթերցողին ներքաշում է ինքնաճանաչողության օբյեկտ դառնալու մի գեղարվեստական հնարքի մեջ։ Իսկ Էսթերն ի՞նչ ունի ասելու․

«-Քո հերթն է, հարցրու,-ասաց ինձ Էսթերը:

-Այստեղ երազներ տեսնու՞մ ես: Ի՞նչ ես տեսնում:

-Անցյալ գիշեր ինչ-որ կաշմառ էր: Երազումս Բահայի հետ սեքս էի անում: Հետո՝ Նրա հետ: Հետո՝ խմբակային: Իբրև գիտեմ, որ Բահան ՍՊԻԴ ունի: Բայց դա ինձ հետ չի պահում,-ասաց ու սկսեց բարձր ծիծաղել:

-Իսկ ո՞ր մեկի հետ էր ավելի հաճելի,-հարցրի ես:

-Դա արդեն երկրորդ հարցն ա, կարող ես տալ, եթե մի կռուգ էլ գնանք,-ասաց Շուշանը: Հաջորդ լուցկին Էսթերի վրա հանգավ:

-Դե հիմա դու ասա՝ Սիրիայում եղած ընթացքում ինչի՞ մասին ես ամենաշատը մտածում:

-Որ ուզում եմ բաժանվել:

-Այո: Ահագին ժամանակ մտածում էի այդ մասին: Բայց ոչ այս խորությամբ: Այս ճամփորդությունն ինձ ցույց տվեց՝ ինչի համար եմ ծնվել: Ես արկածներ եմ ուզում: Ադրենալին: Ամուսնուցս վաղուց հաճույք չեմ ստանում: Ոչ անկողնում, ոչ կյանքում: Նա անտանելի ձանձրալի ու կանխատեսելի է: Ես գիտեմ նրա ամեն հաջորդ խոսքն ու արարքը: Դրայվ չկա, հասկանու՞մ եք: Ու էսպես պառավում ենք: Աիշայի կյանքն անգամ ավելի լավն է, քան իմը: Էն փորձությունները, որոնց միջով նա անցել է, նրան ուժեղացրել, փոխել են: Իսկ իմ կյանքն ասես գծած ճանապարհ լինի՝ «ա» կետից «բ» կետը հասնելու համար: Տուն-աշխատանք-ճաշ-երեխաներ-լվացք-ամուսին անվերջ շրջապտույտ: Երբեմն անգամ երեխաներիս եմ ատում»:

Էսթերը ըստ էության ցույց է տալիս, թե ինչ է իսկական հետազոտությունը։ Նա ընդհանրապես այս խմբի Ուրիշն է, ամենաանվրդովը, Էսթերի վրա դժվար է իշխանություն ունենալ, թեպետ ինքը պատրաստ է խաղալ ընդունված նորմերով։ Բայց ինքն իրեն երբեք չի դավաճանի։ Ինչու՞։ Որովհետև հոգու խորքում ինքը դրայվ թելադրող է։ Ահա ինչու հաճախ է խախտում պայմանավորվածությունները, իսկ երբեմն էլ սեփականն է առաջարկում։

«-Ինչի՞ց ես ամենաշատը վախենում,-հարցրեց Շուշանը Աստղիկին:

-Ցավից,-ասացի ես,-ֆիզիկական ցավից: Էս ամբողջ պատմության մեջ էլ ինձ վախեցնում ա հնարավոր կտտանքների գաղափարը: Էդ մտքից պատրաստ եմ ամեն բան էն գլխից պատմել ու ընդունել, միայն չտանջեն:

-Դե էդ հարցը քեզ էլ տանք: Իսկ ինչի՞ մասին ես ամենաշատը մտածում էս քանի օրը:

Շառագունեցի: Բայց ուզում էի, չէ՞, կիսվել, ասել էդ մասին:

-Գեներալի: Չեմ հասկանում, չեմ կարող բացատրել, բայց ձգում ա ինձ: Անգամ երազում եմ տեսնում:

-Դու՞ էլ ես սեքս անում,-ծիծաղեց Շուշանը:

-Չէ, բանը դրան չի հասնում, բայց… անընդհատ ուզում եմ: Բանն էլ էն ա, որ զինվորականներն ինձ երբեք չեն գրավել: Իսկ հիմա… Չգիտեմ, գուցե շարունակական լարվածությունից ա:

-Հիմա որ գար ու առաջարկեր, կքնեի՞ր հետը,-հարցրեց Էսթերը:

-Տենց ուղի՞ղ: Չէ… Դժվար… Ես բարիերներ ունեմ, որոնք հաղթահարել չեմ կարողանա»:

Հետազոտությունների շրջանակը փակվում է։ Նրանք մերկացել են։ Այս խաղը դառնում է մի ռիտուալ, որը նրանց, ավելի կոնկրետ, Աստղիկին բացում է աստվածային առաքելության առաջ։ Հետազոտությունը մարդու աշխարհից տեղափոխվում է աստվածային աշխարհ։ «Սիրիավեպն» ավարտեց մարդկանց։ Փոխվում են հարթությունները։ Աստղիկը հրաշալի է նկարագրում այդ փոփոխությունը․

«Ես միշտ դուրս եմ մտնում։ Ասում էի ինքս ինձ։ Աշխարհը տունս է, պատյանս էլ ամենուր հետս եմ քարշ տալիս։ Ինչու՞ կյանք մտնում, աշխարհ մտնում, իսկ դուրս ելնում կամ դուրս գալիս։ Տնից։ Ինչու՞ է ծնունդը աշխարհ բերում, իսկ մահը՝ տանում։ Մի խոսքով, այսուհետ ես դուրս միայն մտնելու եմ։ Չէ՞ որ այն, ինչ դրսում է, նաև ներսում է»։

Աստղիկի մոտ մի ամբողջ մետաֆիզիկական հեղաշրջում է տեղի ունենում։ «Սիրիավեպը» սահուն գնում է մետաֆիզիկական մի աշխարհ, որտեղ հետազոտելու անսպառ նյութ կա։ Եվ այդ նյութի թեման բացում է սիրիական հետախուզության ղեկավարը, նա, որն «ի պաշտոնե» ամենամոտն է այս աշխարհի գաղտնիքներին։ Նա Աստղիկին ասում է․

«-Հասկանո՞ւմ եք, ես վստահ եմ, որ հայերն ի վերուստ իրենց վրա դրված դեր ունեն: Առաքելություն: Պահպանել ու հսկել Աստվածներին: Սրբազան գիտելիքը: Պատահական չէ, որ նրանք սրբազան լեռների ու սարերի փեշերին են բնակվում: Արարատը նրանցից վերցրին: Սակայն դրախտի պռունկը՝ Դերսիմը, դեռ նրանց հսկողության տակ է: Գուցե փոխակերպված նրանց, բայց նրանց»:

Աստղիկն ականջներին չի հավատում, որ այսպիսի բան կարող է լսել։ Մի ամբողջ պետության հետախուզության ղեկավարից։ Իրականում զարմանալու բան չկա։ Տոտալիտար աշխարհներում ավելի հակված են մետաֆիզիկական թեմաներին։ Որովհետև գիտությունը միշտ դժվար է գտնում իրեն այդպիսի երկրներում։ «Սիրիավեպում» սրա ակնարկը չկա։ Ավելին, Գեներալը Քեսապի հյուրանոցից Աստղիկին տանելով սիրիա-թուրքական սահմանի գյուղերը բացահայտելու, որոնցում կամ հայեր են ապրել, կամ դեռ ապրում են, խոսում է այդ կողմերում հայերի հատուկ առաքելության մասին․

«-Ես ձեզ հենց էնպես չէի պատմում սակրալ լեռների ու հայերի մասին,-ասաց Գեներալը,-հասկանում եք, դուք՝ հայերդ, պահապաններ եք: Պահապաններ, որոնք չեն հասկանում ինչն են պահպանում: Դուք գիտելիքին չեք տիրապետում: Եվ երևի դա պետք էլ չէ: Ի վերուստ ձեր վրա դրված դերն այդ գիտելիքը պահպանելը, թարգմանելն ու փոխանցելն է: Միայն չեմ հասկանում՝ ինչպե՞ս կարող եք թարգմանել՝ առանց հասկանալու՝ ինչ եք թարգմանում»:

Գեներալը խորամանկ պլաններ ունի՝ հետազոտող Աստղիկի միջոցով մերձենալ հայերի հնարավորություններին։ Գեներալն արդեն իսկ սկսել է փնտրտուքները «Հայաստանէն եգաձ տիկնանց» առկա հանդիպումներում։ Նա պետական գաղտնիքներ չի փնտրում, երբ մտերմաբար հարցաքննում է Աստղիկին, նա փնտրում է սակրալ գաղտնիքներ։ Ոչինչ, որ, ի վերջո, Աստղիկը և խումբը այդ գաղտնիքներից հեռու են և ընդհանրապես հեռու են որևէ գաղտնիքից, բայց նրանք օրգանապես են ընդունակ կրելու կամ կլանելու գաղտնիքը, նրանք հայ են, նրանց օրգանիզմը, ըստ Գեներալի, կարող է վերցնել ու փոխանցել աստվածների հաղորդածը (սա վերլուծաբանի, այսինքն, իմ ձեռամբ, Կոնստրուկտի փառաբանում չէ, այլ թե ինչպես է Կոնստրուկտը սակրալ դառնում մի իրականությունում, որտեղ ազատություն չկա․ ժամանակակից առասպելները պարարտ հող են գտնում տոտալիտար ուղեղներում)։ Գեներալը կատակելու տրամադրություն չունի։ Բայց Սիրիայի ամենաուժեղ մարդկանցից մեկը որևէ գործիք չունի նախ մոտ լինելու այդ գաղտնիքներին, երկրորդ՝ համոզել համագործակցել նրան, որը «կարող» է ամենամոտը լինել։ Ի՞նչ է անում Գեներալը, նա գերարժևորում է Աստղիկին իր կոնստրուկտի միջոցով, ասես նրան սիրիական հատուկ ծառայություններին «ինտեգրելու» մետաֆիզիկական մեթոդն է փորձում։

Վերջ։ Այս ամենը կարող է վերածվել խելագարության։ «Հայաստանէն եգաձ տիկնայք» այլևս այն չեն անում, որի համար եկել են Սիրիա։ Հեռանալու ժամանակն է։ Եվ նույնիսկ Լիբանան գնալու մասին պետք է մոռանալ։ Այլապես ի՞նչ է նշանակում՝ օգնեք հասկանալի դարձնել Դերսիմը, բացատրել այն, թարգմանել, ընկալելի դարձնել այլոց համար։ Այնպես չէ, որ Աստղիկը կասկածներ չունի, գուցե իսկապե՞ս ինչ-որ բան հասկանալու կարիք կա, որն ընկալման ավանդական եղանակներով մեզ տրված չէ․

«Գուցե ապագան ավելի՞ն գիտի այսօրվա մասին, քան անցյալը: Արանքներում մնացածը: Հա, ես արանքներում մնացածն եմ՝ ոչ այս կողմ, ոչ այն կողմ, ոչ ազգագրագետ, ոչ պատմաբան, ոչ քաղաքագետ, ոչ գործակալ, ոչ անցյալամետ, ոչ ապագայամետ»:

Ի վերջո՝ ի՞նչ։ Գեներալը միակը չէ, որ «պարտվում» է այս վեպում։ Այս վեպում հաղթողներ չկան։ Այս վեպում գլխավորը ապրելն է։ Ապրել նրանց մեջ, որոնք կործանում են մարդկանց, որոնք փնտրում են աստվածներին ու նրանց գաղտնիքները, որոնք ոչ մեկին ոչինչ չունեն պատմելու, որոնք պատմելուց «աղերսում» են իրենց կարևորությունը, որոնք ուրիշ աշխարհ չգիտեն էլ։

3+3

Այսպիսով վեպում մենք ունենք կանանց երկու գիծ. գծի մի կողմում հետազոտողներն են՝ Շուշանը, Էսթերը և Աստղիկը, մյուս կողմում՝ Ասման, տիկին Վարդին և Աիշան։ Առաջին երեքը, այսպես ասենք, ազատ աշխարհի «թևերով» (Կիպրոսում գրանցված, բայց ամերիկացի հայ բարերարի փողերով) ապրող երեք կին են, երկրորդ երեքի համար Սիրիայից դենն աշխարհ չկա (ոչ որպես դրախտ, այլ՝ բանտ), Ասման նույնիսկ Դամասկոսից դուրս չի եկել։ Առաջին երեքը գիտեն ինչ է տոտալիտարիզմը, երկրորդ երեքն ապրում են այն։ Առաջին երեքի համար կին լինելը նրանց ամբողջ «գործունեությունը» չէ, երկրորդ երեքը կին լինելուց բացի ուրիշ «առաքելություն» չունեն։ Առաջին երեքին ոչ ոք չի կարող իր տեղը ցույց տալ, երկրորդ երեքի տեղն «ըստ էության» ցույց են տվել ծնված օրից։ Առաջին երեքի թիկունքում սեփական պետության մեջ հետապնդման սպառնալիք չկա, երկրորդ երեքի կյանքում այդ հետապնդման վտանգն ամենօրյա է։ Առաջին երեքը Սիրիա են եկել խաղաղության միջից, երկրորդ երեքը «նստած» են վառոդի վրա։

Բայց ընդհանրացնող բաներ էլ է կան։ Նրանք բոլորն էլ փխրուն խաղաղության ներկայացուցիչներ են։ Հատկապես իրենց ներքին աշխարհում։ Այդ աշխարհից դուրս Ասման, տիկին Վարդին և Աիշան ոչինչ չեն որոշում։ Ահա ինչու հիվանդությունն այդպիսի դրսում «անհատականություն» չունի ու դեղը միշտ մեկն է։

Վեպի մի դրվագում մենք տեղեկանում ենք, որ «այս տարածաշրջանում իրավիճակը լարվելու է»։ Այս կանխատեսման հեղինակը Գեներալն է։ Վեպի հեղինակը սրա զարգացումը չունի, սա ֆոնային տագնապ է։ Դեպքերի զարգացումը վեպից դուրս է։ Բայց ընթերցողն աղոտ հասկանում է, որ ինքն իր համար պատասխան չտվող խաղաղությունը այստեղ ոչինչ չի որոշում, նրա փոխարեն բոլոր որոշումները կայացվել են։ Ընթերցողն աղոտ տեսնում է, որ սիրիացի այս կանայք հաջորդ օր չունեն, Սիրիայում ոչ ոք չունի այդ օրը։ Գեներալի այդ կանխատեսումը քույրեր ու ճակատագրակից է դարձնում Շուշանին, Էսթերին, Աստղիկին, Ասմային, տիկին Վարդիին և Աիշային։ Հերոսների գլխավոր արկածն առջևում է։ Դա պատերազմն է, որը ժանտախտի բացիլի նման արդեն մտել է տարածաշրջան։

Կարդալու վերջաբան

Այս վեպը, փորձենք ամփոփել, իրականում նոր խոսք է գրականության մեջ այն իմաստով, որ Լուսինե Խառատյանը արկածային պատմությունը դարձնում է հողեղեն։ Բայց այդ արկածայնությունը վերաբերում է իրենց՝ հետազոտողներին, բոլոր մյուս հերոսները պարզապես կերպարներ են՝ և Աբու Հակոբը, և Հարությունը, և Բահան, և տիկին Վարդին, և նույնիսկ Նա, որը հենց այդ արկածայնության այցեքարտն է վեպում։

Վեպի վերջում Աստղիկը Էսթերի տան համակարգչային էկրանին հայտնաբերում է նրա նամակը։ Դա մի հանելուկային, Ստանիսլավ Լեմի «Սոլյարիսի» մոտիվներով գրված նամակ է, որը գրեթե աստվածային առաքելության մասին է։ Ըստ էության՝ նամակ այն մասին, որ դրա հեղինակը ապագայից է գործուղվել ներկա հասկանալու համար այն նախատիեզերական ժամանակները, «երբ հնագետները չէին կարողանում ֆիզիկապես տեղափոխվել ժամանակի մեջ, և անցյալի մասին նրանց պատկերացումները ձևավորվում էին հողի ու փոշու մեջ երևակայությանը զոռ տալով»։ Նամակի հեղինակը ապագայի գործակալն է մի իրականությունում, որին ինչ-որ ախտ է պատել։

«Տիեզերական Oվկիանոսի խորհուրդը որոշեց, որ ես պետք է ներկայով զբաղվեմ։ Այսինքն, այն ժամանակով, որտեղ էի, ոչ թե այդ ժամանակի հնադարով»։

Էսթերը այս աշխարհ է եկել մի իրականությունից, որը մեր ժամանակների ախտաբանությունը չունի: Սա ի վերջո նամակ է, թե ինչպես են տապալվում առաքելությունները: Այս մեկի մեջ Տիեզերքի մատն է խառը՝ Տիեզերական Օվկիանոսը՝ Ամենաբանականությունը նրան ուղարկել է մեր օրեր, համարյա ինչպես Աստծո Որդին է գալիս: Կարճ ասած նրան ուղարկում են մարդկանց աշխարհ, այսինքն, մեր օրեր՝ «հասկանալու, թե այդ վայրենի ժամանակներում ինչպես էին ապրում մարդիկ»: Նամակը «գուժում» է, որ այդ մտքից նամակի հեղինակի շուրջը թիթեռներ են հայտնվում՝ միջատներ, որոնք ապագայի աշխարհում այլևս չկային, քանի որ «նրանք այլևս պետք չեն կատարյալ աշխարհում, մեր պապերը դրանցից հեշտությամբ ձերբազատվել էին, որ իրենց թևիկների մի թեթև շարժումով չխախտեն մեր աշխարհի անսահման ներդաշնակությունը»: Նամակի հեղինակը, պետք է նկատենք, թիթեռների ի հայտ գալով պատմում է սիրո զգացման մասին, նա վերածննդի զգացում ունի ախտերի աշխարհ ուղևորվելու մտքից: Ապագան չունի պատասխանը այն հարցի, թե մարդիկ ինչպե՞ս են ապրել առանց կատարելության: Իսկ դրա համար հնագետ է պետք: Ու նրան զետեղում են այս աշխարհ: Զետեղում բառը վեպի ամենասկզբից է գալիս, երբ ռուսախոս Էսթերը Դամասկոսի հայկական համայնքի հետ հանդիպման առաջին օրը ասում է, թե ովքեր են իրենք՝ «խումբ մը ստեղծած են, մեզ էլ այնտեղ զետեղած են»:

«Հենց էստեղ սիրեցի «զետեղել» բառը: Գրքերում զետեղված, շրջանակված, փայտացած տառեր ու բառեր: Զե(տեղ)ված լեզու: Գիտելիք: Երևի տեղն էր պատճառը: «Տեղ»: Այն(տեղ), այս(տեղ): Տեղից կարևոր ոչինչ չկա: Տեղն է թրթռացնողը: Այդ միակ որոշակին այդ տիեզերական անորոշության մեջ: Անգամ ժամանակն անտեղի է, եթե չկա տեղի որոշակիություն: Եվ դուք ինձ որոշակի տեղ եք ուղարկել: Տեղ, որտեղ ես երբեմն անտեղի եմ: Անպատեհ, ինչպես Շուշանն ու Աստղիկն են ասում: Ի հեճուկս ֆիզիկայի օրենքների: Ժամանակի ու տարածության մասին: Տեղ, որտեղ ես կամ: Իմ տեղն այս մեռած լեզուն է (ներկայի, ախտի լեզուն-Մ. Ա.): Որում ես զետեղված եմ»:

Էսթերի համակարգչային նամակը սիրո խոստովանություն է անկատար աշխարհին։ Վեպի բոլոր էջերում նա մի անվրդով, ամեն ինչ տակն ու վրայից իմացողի խաղաղությամբ աղջիկ է, նա երբ ուզում է՝ անկեղծ է, երբ ուզում է՝ լռում է, նա կարելի է ասել՝ գիտի սկիզբն ու վերջը։ Նա չի կարող իջնել մանրամասների աստիճանին, նա չգիտի, թե ինչ է խուճապը, եթե դա անձնական առողջության մասին չէ։ Էսթերը միակն է, որը փորձում է կատակել, երբ Ղամշլիից վերադառնալու ճանապարհին կրակում են Նրա մեքենայի վրա, այսինքն, Նրա հանդեպ մահափորձի ակամա թիրախներից է դառնում հետազոտական խումբը։ Ահա թե որտեղ է ի հայտ գալիս արկածայինը բառի ամենադասական իմաստով։ Փաստորեն ամեն ինչ չէր ավարտվել Սիրիայից ողջ ու առողջ վերադառնալով, փաստորեն արկածայինն այն չէր, որ Սիրիայի ամեն միլիմետրի վրա նրանք քայլում էին մազե կամրջով։ Կամ ավելի ճիշտ դա արկածայինն էր, որից հետո սկսվում է ֆանտաստիկը։

Հեղինակը այս նամակով խոստովանում է մի տապալված և միաժամանակ սիրելի առաքելության մասին։ Նամակով Աստղիկը տեղեկանում է, որ հանձին Սիրիայի, իրենք ոտք են դրել այնտեղ, որտեղից սկզբնավորվել է լեզուն։ Եվ եթե Էսթերի այս նամակի իրականությունը հնարավոր է, ինչո՞վ հնարավոր չէ Գեներալի ասածը, ըստ որի «հայերն ի վերուստ իրենց վրա դրված դեր ունեն: Առաքելություն: Պահպանել ու հսկել Աստվածներին: Սրբազան գիտելիքը: Պատահական չէ, որ նրանք սրբազան լեռների ու սարերի փեշերին են բնակվում»։ Այստեղ հարց է առաջանում՝ արդյո՞ք նամակի հեղինակը՝ Էսթերը, իր Կոնստրուկտը գերարժևորում է Սիրիայում ապրած փորձությունների ֆոնին։ Հազիվ թե։ Էսթերի նամակը սիրո խոստովանություն է այս աշխարհին, որտեղ ամեն ինչ հնարավոր է։ Հնարավոր է և առաջին լեզվի էպիկենտրոն Սիրիան, և սրբազան գիտելիքի ապաստարան Հայաստանը։ Նամակը կարծես կտակ լինի մարդկությանը, որ՝ այլ աշխարհ չի լինելու, պետք է սիրել ու արժևորել այս մեկը։

Նամակի վերջում Էսթերը (կամ նամակի հեղինակը) դիմում է սիզիփոսյան արարքի։ Եթե հիշում եք, ըստ հունական դիցաբանության վարկածներից մեկի, Սիզիփոսը կնոջից վրեժ լուծելով աստվածներին խնդրում է կարճ ժամանակով իրեն Հադեսից վերադարձնել երկիր։ Կինը բառացիորեն է կատարում մահամերձ Սիզիփոսի կամքը՝ չթաղել իրեն և մահից հետո նրա մարմինը նետել հրապարակ։ Երբ աստվածները կարճ ժամանակով կյանք են շնորհում, Սիզիփոսը հրաժարվում է վերադառնալ Հադեսի աշխարհ։ Նամակի հեղինակը նույնպես հրաժարվում է վերադառնալ․

«Այս նամակով ես անջատվում եմ Տիեզերական Oվկիանոսից ու մնում այստեղ։ Նրանք (մենք) սիրում են (ք) բազմակետեր։ Իսկ մեր (ձեր) կետադրության մեջ բազմակետերը բացակայում են։ Եվ, իսկապես, ու՞մ են դրանք պետք, եթե այդտեղ ոչինչ բազմակետերով չի ավարտվում… Եվ ուրեմն ես ուզում եմ մերկացնել լեզուն, դատարկել, իմաստազրկել այն, թողնել անպաշտպան»։

Ի՞նչ է նշանակում «մերկացնել լեզուն, դատարկել, իմաստազրկել այն, թողնել անպատշպան»։ Նամակից դատելով մարդիկ լեզվի հետ արել են խելքներին փչածը։ Այդ լեզվով մեղադրում են, գաղափարախոսություններ են հնարում, այդ լեզվով սպանում են, այդ լեզուն ապրում է մարդու փոխարեն։ Իմաստազրկել լեզուն նշանակում է նախ այն ազատագրել «կոնստրուկտներից», որոնք ժամանակակից լեզվի ախտն են։ Իմաստազրկել լեզուն նշանակում է ունենալ մի իրականություն, որտեղ գրականությունն ավարտել է իր գործը։ Կամ, որ նույնն է, վերադառնալ այն իրականություն, որտեղ դեռ լեզուն չկար, բայց այնպես, ինչպես աստվածանչյան Անառակ որդին է վերադառնում յուր հորական տունը, երբ ոտքի տակ էր տվել աշխարհը ու չափազանց շատ իմաստներ էր կրում իր մեջ։ Այդպիսի իմաստազրկված լեզվի մեջ հաղթում է մարդկային հավասարությունը։ Պատահական չէ, որ նամակում Էսթերը հիշում է, թե ինչպես են թվային ժամանակների սկզբում սպանվում մի շարք լեզուներ, «օրինակ, կոմունիզմի լեզուն։ Այդ լեզվով պատմում էին ապագան, որն այդպես էլ չեկավ։ Պատմում էին այն տեղը, որտեղ չհասան»։ Նամակի հեղինակը հրաժարվում է վերադառնալ, քանի որ գիտի, թե ինչպես «որակազրկել» մահացու լեզուն։ Այդպիսի լեզվի կարիքը կա, այդպիսի լեզուն դեռ պետք է ազատագրի Աիշային, այսինքն, դառնա իրավունք, որտեղ ոչ մի եղբոր մտքով չի անցնի ունենալ սպանելու իշխանություն:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *