Կառավարական «Աուդին» կանգ առավ նախագահական նստավայրի առաջ։ Մեկն իջնելով մեքենայից անշտապ սկսեց քայլել հանդիսավոր ու ծանր, ակնոցը թաքցնում էր նրա կապույտ աչքերը և մարդը, հանդարտ մոտենալով շքամուտքին, քայլ գցեց դեպի աստիճանն ու զգաց, որ սրտում ինչ-որ թել կտրվեց։ Անձրևից փայլող գետնին, խավարուտ լույսերի մեջ նա մեռնում էր կաթվածից։ Հետո տեսավ բժիշկներին, լսեց ինչ-որ ձայներ ու զգաց, որ փողկապն ավելորդ է։ Պատկերացնում եք այն տղամարդուն, որը տեսել էր իր սիրելի կնոջը և մեքենայից իջնելով` վազել պողոտայի երկայնքով։ Մոտեցել էր նրան, տասը տարի անց բռնել ձեռքն ու տեսնել նրան նույնքան գեղեցիկ, ինչպես այն լուսնատարին, երբ միասին քնեցին արվարձանում կորած ինչ-որ փոքրիկ հյուրատանը։ Իր ամուսնուն այնքան սիրող կինը, որ նոր էր ծննդաբերել, հանկարծ հասկացավ, որ պստիկը նման է տասը տարի հետո իրեն պատահած երջանիկ մարդուն։ Ա՜յ քեզ տարաբախտություն ․․․
Մարի՜, նույն խեղճ կարոտը նույն խեղճ թեւերիս
Մահապարտի պես
Իմ բոլո՜ր, բոլոր մահվան ձեւերից
Ես ընտրեցի քեզ ․․․
Մեր հանդիպումը եղավ «Սարյանի» գինետներից մեկում։ Խիստ պատահական, խիստ անհավանական մի երեկո, երբ բոլորը սպասում էին ինչ-որ կարևոր լուրի։ Մենք իրար էինք նայում և զարմանում, թե որքան գեղեցիկ է կյանքը։ Զրուցում էինք այն հոգեբույժի մասին, որը վերջերս ինքնասպան եղավ իր բնակարանում։ Մեր կյանքը, որ հոսում էր բաժակների մեջ, թվում էր՝ չի ավարտվի և մեր նուրբ հպումները հանգում էին կարճ երկխոսությունների արանքում։ «Դոկտոր Աթմանը նախագահի հրամանագրով նշանակվել է արտակարգ և լիազոր դեսպան Լիբանանում, թերթերն աղաղակում են», – ասաց նա ոտքը սահեցնելով մարմարե հատակին: Հետո ձեռքը մտցրեց պայուսակի խորքը ու հեռախոսը հանելով սկսեց արագ թերթել լուրերը․ նա կարծեմ լարված էր այդ երեկոյին․ «Այ՛ս է, կարդում եմ կենսագրությունը։ Սովորել է համալսարանի ֆրանսիական բանասիրության բաժնում, շարունակել կրթությունը Մոսկվայում, հետո Փարիզի քաղաքական գիտությունների ինստիտուտում՝ «Faculté de sociologie et des relations internationales»։
Չգիտեմ՝ այն տարիներին քաղաքը լրիվ այլ էր, այն տարիներին սիրում էին երևի համաձայն սրտի և համաձայն սրտի էլ բաժանվում էին։ Հետո սկսվեց պատերազմը, ճակատգիրը կտրեց բոլորին ու քաղաքը լցվեց ստվերներով։ Այն նույն փողոցում, որտեղ մի ժամանակ մեռնում էին սիրուց, հիմա ձկնավաճառների կրպակներ են։ «Վաղն առավոտյան կգնամ հիվադանոց, պետք է տեսնել դոկտոր Աթմանին, տղան Փարիզից հետ չի դառնալու, չի ներում պապային իրեն թողնելու համար ․․․»,-ասաց քմծիծաղով։
Ամրորեն ապրված զարմանալի մի կյանք, պոետ և դիվանագետ։ «Անշուշտ, ոչ ոք նրան չհասկացավ, և նրա թողությունը դարձավ բանաստեղծություններ գրելը, հիմա արդեն սպիտակած, երբեմն գնում է քայլելու Բաալբեքի ավերակների մոտ», – նայում է ինձ ու նուրբ գինու բաժակը պտտում ձեռքի մեջ, գինին հանդարտ հպվում է բաժակի պատերին, երկուսիս քիմքն էլ շոյվում է դառը տտիպից։ Ասում եմ ՝ «Ճիշտ Ներուդայի պես և կամ իմ սիրելի Ժոն Պերսի, որը գրում էր անզորությունից», նայում է ինձ թույլ կկոցելով աչքերը և ձեռքը կրծքին հպելով, թվում է, թե խորտակվում եմ շուրթերի մեջ։ Քայլում ենք, ճանապարհն այնքան էլ երկար չէ, ու շարունակ սև կարճ զգեստով է, ոտքերի հանդարտ մերկությունը ձգվում է մինչև զուգագուլպայի ծայրը ու կենդանի մի թրթիռով՝ լույսերի մեջ մարմինը հևում է ուժասպառ։ Մութ, կարմիր պաստառներով ու ծխով լցված սենյակ, որտեղ նայում ենք իրար մերկ ու թվում է կպայթենք տխրությունից։ Սպիտակ վարդեր, որոնք խամրում են ծխից, և՝ համբույրներ, որոնք կուրանում են շուրթերի եզրին։ «Գործուղման թղթերը պատրաստ են, ես կմեկնեմ Բեյրութ՝ Աթմանի մոտ, իսկ դու Պետերբուրգ»։ «Ինձ մենակ չես թողնի չէ՞» ,- ասում եմ նրան, նա էլ թե․ «անհոգ եղիր, կարճ կտևի ու կհանդիպենք նորից, ինչ գեղեցի՜կ են ուսերդ, աստված իմ ․․․ »։
Լույսը Բեյրութի վրա Ֆերուզի ձայնով է բացվում, մե՜ղմ, կեղտոտ քաղաք, առնետները վազվզում են ջրափոսերի կողքով ու կրծոտում էլեկտրալարերը, մեկը մեռնում է բաց պատուհանի ետևում։ Ինչ-որ մարդիկ թմրադեղեր են վաճառում հենց ծովախորշի աշխատանոցներում, մի շուն վազվզում է փողոցի մեջտեղով ու պտտվում ընկած ջահելի շուրջը, որը քիչ առաջ մեթադոնի թքած հաբը տաքացնում էր գթալիկի մեջ ու ներարկում ինքն իրեն։ Պատրիարքը, ի սեր հավատի, Լաթաքիայում է (հռետորը պիտի պահպանի առողջությունը հավատացյալների առաջ փայլուն ճառելու համար)։ Հալեպը ռմբակոծում են։ Հատուկ փոստով ստանում եմ միակ նամակը․ «Քաղաքացիական պատերազմից ի վեր Լիբանանը չի կարողանում գլուխ բարձրացնել․ երեկ պատմում էին ինձ Հարիրիի սպանության մասին։ Այսօր ինձ համար սարասափելի օր էր, կատարյալ թշվառություն է շուրջս՝ ամենուրեք աղտեղություն։ Ն․ Գ․ դեսպանն այսօր կհանդիպի «Հըզբոլլահի» առաջնորդների հետ, Բանկերը շրջափակված են, ձեռքիս գումար չկա ու ստիպված էի այսօր Աթմանից դրամ խնդրել։ Հոգի՛ս, սիրտս պայթում է, բարեկամուհիս այստեղ է ապրում, փորձում էի նրան հյուր գնալ: Ծովախորշը արտակարգ գեղեցիկ է, Բեյրութից մինչև Տրիպոլի այնքան էլ երկար չէր, բայց ես մեռնում էի անհանգստությունից։ Համբուրում եմ աչքերդ, հուսով եմ չես տխրում առանց ինձ» – գրել է և ուղարկել երկու լուսանկար, որոնցում երևում է մայրամուտը ծովի վրա և Բաալբեքի ավերակները։ Իսկ ինձ մոտ՝ իմ խաղաղ կարոտի և լռության մեջ ճիշտ հակառակ աշխարհն է՝ շքեղ քաղաք, վիթխարի ծով, անսահման գեղեցիկ նավահանգիստներ, նրբակիրթ ու իրարամերժ մարդիկ։ Կամուրջները բացվում են կեսգիշերին ու սաստիկ ցուրտը հատում է ծովը, քայլում եմ դեպի ուղեկալները ու տեսնում Բալթյան նավատորմի շարանցումը։ Ռուբինշտեյնի փողոցում այլևս չեմ զգում ոտքերս՝ ցուրտն ու այս անասնական տխրությունը խառնվում են իրար, Իսաակիևյան տաճարի առաջ կիսամերկ մարմնավաճառները նայում են անցորդներին ու լույսը թափանցելով տաճարի գմբեթից, խաղալով ձնամրրիկի հետ անձայն տարածվում է նրանց մարմինների վրա։ Քայլում եմ ծովեզերքի երկար մայթով, նա իմ նամակներին այլևս չի պատասխանում, հուսահատ ճիգեր են։
Ոչ մի նորություն․ վաղը ծննդյան օրն է, ու ես ոչ մի կերպ չեմ կարողանում կապվել նրա հետ։ Հյուրանոցի նախասրահում զրուցում ենք մեր ընկերների հետ։ Ռուսներն ակներևաբար հաճելի զրուցակիցներ են, եբեմն նրանց հայացիքի լայնահուն ըթացքը սահում է ծովեզերքի վրա և անկողնու սպիտակ սավաններին, որտեղ կարմիր շրթներկը ինչ-որ կնոջ բավարարված հավակնության լուռ ու քմահաճ վկան է դառնում։ Լուսաբացի շեմին, զրույցը տաքանում է գինուց, հետո զրույցը մտնում է անկողին, հետո դառնում է շնչակտուր հևք և ամենավերջում բարեկմական հեռացումի մի ժեստ, որ թափվում է սիգարետի ծայրից։ Նրանց ծանոթ ձայները լցնում են հյուրանոցի նախասրահը ինչ-որ հին հայհոյանքի պես։
Մշուշների մեջ,
գետեզրից այն կողմ,
անմեղի դուռն է
աղետը բախում,
մոլորվում է մութ սանդղահարթակում
եբրայերենի մեղեդին տխուր,
ու սիրուց մինչեւ անուրախություն,
– Նոր տարվա շեմին, նախակիրակի,
– պատկերք սիրունն է
թեթեւ թելածում՝
չթարգմանելով թախիծը կրկին:
Պաղ իրիկունն է աչքերում լողում,
փաթիլն է դողում վագոնի վրա,
սառցեղեն քամին,
քամին անողորմ գրկում է ձեռքդ
ձեռնոցի նման։
Օդանավակայանը թաղված է լույսերի մեջ, ես վերադառնում եմ, նրանից լուր չունեմ արդեն տասը օր, սիրտս պայթում է։ Ճամպրուկը ձեռքիս հանդարտ քայլում եմ նախասրահում, ի՜նչ դատարկություն։ Բարձր ապակե աշտարակի տակ երկուսով ենք՝ ես և սրճարանի մատուցողը, նայում ենք իրար և նա միագամից բաժակը ձեռքին մոտենում է։ Կոնյակը տաքացնում է ինձ, սարսռում եմ, երբ մտածում նրա մասին։ Առաջին մեր հանդիպմանը սաստիկ ձյուն էր գալիս, ես թափ էի տալիս թևքերս, երբ տեսա նրան սև գեղեցիկ վերարկույով համալսրանի մուտքի մոտ։ Նա ինչ-որ մեկին էր սպասում, մոտեցա և հարցրի «Ձեր անունը Մարի է՞, ես Ձեզ տեսել եմ նախորդ օրը՝ կառավարության շենքից դուրս գալիս, հետևեցի երկար ու տեսա, որ մենակ քայլում եք»։ «Այո ՛, ես եմ»,- ասաց նա ու հաճելի ժպտաց։ Ես գիտեմ իհարկե, որ նա առաջին համբույրն ինձ չի ներել և չի էլ ների։ Այնքան հեռու է հիմա, Միջերկրականի ափին, նայում է ծովին ու մտածում է երևի ոչնչի մասին։ Նայում եմ իջնող օդանավերին։ Երկու անուն և երկու կանայք, որոնք նման են այնքան, երկու տղամարդ և երկու անուն, որոնք զարմանալիորեն կրկնում ենք միմյանց։ Մենք միևնույն արատավոր շրջանի մեջ ենք։ Տեսնում ես սիրելի՜ս մարդն այլևս գեղեցիկ չէ։ Տասը տարի անց երևի նրա երեխան էլ ինձ նման կլինի։ Մենք հիշում ենք միայն երեկոները, գիշերները, կյանքի ժամեր, որոնք անցան այս փոքրիկ քաղաքում, կորսված ցասկոտ քաղաքում։
Այստեղ, միայն այստեղ
ներանհատիկ լույսի
խնդությունը պիտի դառնար ինքնավըտանգ,
ու քո կամքը հըստակ՝ մերկ ու անառասպել
Սաղմնավորվեր պիտի թանձր ջրերի տակ,
Այստեղ, այս կողմերում
Ցնորաշարք որպես
Պիտի սահեր անհայտ կյանքը ինձնից մեկի
Բայց քո ձայնին հլու՝ չփոթորկվող երբեք ալիքները
նրան շպրտեցին երկինք։
Դու, որ տվիր նրան խաղաղության մարմաջ,
Տուր եւ խաղաղություն նրա անտուն հոգուն,
Եւ՝ երկնքի պատին աստղիկներով գամված
Հանդուրժիր մարմինը վերադարձած որդու ․․․