Քո արվեստը դպրոցում | Արարատի մարզի Լուսառատի միջնակարգ դպրոց

«Քո արվեստը դպրոցում» ծրագրի երկրորդ հանդիպումը Լուսառատ գյուղում էր, բայց մինչ դպրոցում երեխաների հետ հանդիպմանն անցնելը, ուզում եմ մի քանի դիտարկում կատարել ծրագրի կազմակերպչական կողմի, խոսել դպրոց հասնելու երկար պատմության մասին:
Այն, որ ծրագիրը Կրթության և գիտության ու Մշակույթի նախարարությունների ամենասպասված ու արդյունավետ միջոցառումներից մեկն է, կասկածից դուրս է, սակայն նախաձեռնելով ծրագրի մասնակցության մասին տեղեկություններ հաղորդելու այս ձևաչափը՝ նպատակ չունեմ խոսել միայն «պուպուշ» թեմաներից և իմ գրառումներում անդրադառնալու եմ նաև ծրագրի, ծրագրի հետ առնչվող այս կամ այն գերատեսչության, դպրոցներում հանդիպող թերացումներին, բացթողումներին:

Առաջին խնդիրը, որի հետ առնչվում եմ, դպրոցների հետ կապ հաստատելու բարդ, երբեմն մեկ օրից ավել տևող գործընթացն է: Փորձելով աշխատել ստույգ, առանց այլոց անհանգստացնելու, համացանցում փնտրում եմ դպրոցների հեռախոսահամարները և պարզվում է, որ կա՛մ դպրոցը հեռախոսահամար չունի, կա՛մ չաշխատող համարներ են տեղադրված: Հաջորդ քայլը մարզպետարանի կրթության բաժնի հետ կապ հաստատելն է, սակայն պետք է փաստեմ, որ Արարատի մարզպետարանի քաղաքային հեռախոսահամարներից և ոչ մեկը աշխատանքային տարբեր օրերի այդպես էլ չպատասխանեց իմ հեռախոսազանգերին: Դպրոցների հեռախոսահամարները վերջիվերջո ձեռք բերեցի մարզպետարանի ֆեյսբուքյան ծանոթ-աշխատակցի միջոցով:
Մյուս ամենալուրջ խնդիրը. դպրոցների տնօրեններին կամ պատասխանատու անձանց ծրագիրը պատշաճ ներկայացված, ծանուցված չէ. տնօրենները ծրագրի մասին տեղեկանում են իմ զանգից, և անկեղծ ասած՝ «Ես Հասմիկն եմ, ներկայացնում եմ «Քո արվեստը դպրոցում» նախադասությունը սկզբի համար հնչում է համարժեք «Ես Հասմիկն եմ, ներկայացնում եմ «Ֆաբերլիկ» ընկերությունը» արտահայտությանը: Իհարկե, մի փոքր խոսելուց հետո պատկերը շատ արագ փոխվում է, տնօրենները մեծ պատրաստակամություն են հայտնում մեր հանդիպումը կազմակերպելու, բայց երբեմն՝ «Արդյո՞ք մենք իրավունք ունենք անցկացնելու այդ դասաժամը» հարցը այդպես էլ մինչև վերջ թեական ենթատեքստով առկախված է մնում օդում: Լավ կլիներ, որ տնօրենները ոչ միայն երկտող գրությամբ ծանուցվեին, այլ նաև նախապես տեղեկացված լինեին, թե ինչ մասնագետ է այցելելու դպրոց և ինչ թեմայով է լինելու անցկացվելիք դասը: Օրինակ, Արարատի թիվ 3 դպրոցում, որը շատ պատրաստված աշակերտներ ուներ, նախնական ծանոթացում թեմայի հետ կարող էր առավել արդյունավետ երկխոսության հիմք դառնալ:

 

Իսկ հիմա լուսավորի մասին, ավելի ճիշտ Արարատի մարզի Լուսառատի միջնակարգ դպրոցի, որն ինձ դիմավորեց լուսավոր, մեծ դասասենյակում:
Եվ նորից, գլխավոր հարցը, որ կրկնվելու է բոլոր դպրոցներում՝ ո՞ւմ գիտեն ժամանակակից հայ գրողներից: Եվ կրկին նույն հուսահատ պատկերը. կրկին՝ Արարատի մարզում միայն վաղամեռիկ բանաստեղծ Արտակ Համբարձումյանի անունն են լսել: Մարզում նաև Արտակ Համբարձումյանին նվիրված ասմունքի օլիմպիադա է անցկացվում և աշակերտները շտապում են ինձ համար ասմունքել նրա բանաստեղծություններից: Մյուս հեղինակների մասին, ցավոք, ոչինչ չեն լսել:
Շատ աշխույժ, մի փոքր ավելի բարդ կառավարվող ունկնդիրներ ունեմ, դժվար է սկսվում մեր շփումը, երբեմն թվում է, որ ինձ չեն լսում: Սակայն հետզհետե աշակերտները սկսում են ընկալել իրենց մատուցվող ժամանակակից հայ բանաստեղծների ստեղծագործությունները, մասնակցել քննարկմանը, իրենց կարծիքն արտահայտել:
Անմիջապես աչքի են ընկնում մի քանի աշակերտներ՝ Ֆլորան, Սոնան, Հասմիկը, որոնք բացառիկ ընկալունակ են, անմիջապես հասկանում են ընթերցած բանաստեղծության ուղերձները, միտքն ու հույզերը:
Ֆլորային հուշում եմ, որ իր անունով մի հրաշալի բանաստեղծություն կա ինձ մոտ և խնդրում ընթերցել Հակոբ Մովսեսի նույնանուն բանաստեղծությունը:
Հետզհետե դասաժամի հունի մեջ մտնող աշակերտները սկսում են իրենց ավելի ազատ զգալ, և վերջում պարզվում է, որ Անդրանիկն ու Արթուրը ինձ ուղղված հարցեր ունեն՝ «Եղե՞լ է գրաքննություն խորհրդային երկրում կամ արդյո՞ք Ավետիք Իսահակյանը կոմունիստական հասարակարգը գովերգող բանաստեղծություններ է գրել և այդ փաստն է, որ նրան հայտնի է դարձրել»: Անկեղծ ասած, զարմացած ու հիացած եմ տղաների մտքի ընթացքի գաղափարական լայնախոհությունից:
Դասաժամից հետո զրուցում եմ տնօրեն Վերգուշ Առաքելյանի ու գրադարանավարի հետ, ինչպես նախորդ դպրոցում, այստեղ ևս չեն լսել գրադարանների համալրման՝ Մշակույթի նախարարության գրական ծրագրերի մասին: Ինձ հետ զրույցում մտահոգություն են հայտնում, որ դպրոցի գրադարանը շատ վաղուց նոր գրքեր չի ստացել, մանկական գրականություն չունեն, նոր լույս տեսնող գրքերից իրենց ոչինչ չի հասնում, անգամ՝ կրթական ծրագրով անցնող հեղինակների գործերը գրադարանում չկան: «Մեկ օրինակ մաշված «Վերք Հայաստանի» ունենք»,- իր մտահոգություն է ամփոփում գրադարանավարը:
Տխուր է, որ տարիներ շարունակ պետության ֆինանսներով տպագրված գրքերը դպրոցներ չեն հասել, փոխարենը՝ լճացած մնացել են ինչ-որ նկուղներում: Մշակույթի նախարարությունն ու Ազգային գրադարանը ոչ միայն համապատասխան գրքեր գնելու, այլ նաև դրանք կոնկրետ դպրոցներ հասցնելու լուրջ խնդիր ունեն. գյուղական դպրոցների գրադարանները տեղեկության, շփումների բացակայության պատճառով պետական միջոցներով գնվող և գրադարաններին տրվող գրքերի համալրման ծրագրերից ամբողջովին դուրս են մնում:

 

 Դասաժամին ընթերցվել են ստեղծագործություններ՝ Գարնանային գլխապտույտՀայաստան՝ սա իմ երկիրն էՍիրային բանաստեղծություններ՝ գրված անպատեհ ժամանակներում բանաստեղծական շարքերից:

 

Արարատի մարզի Լուսառատ գյուղի դպրոցի աշակերտուհի Ֆլորան կարդում է Հակոբ Մովսեսի «Ֆլորա» բանաստեղծությունը

https://www.youtube.com/watch?v=gZ0azRhtNpg&list=PLxfQ1Cd7DYOuJaMurpIcmRtoaOdzaDCEC&index=4&t=0s

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *