Լուսինե Խառատյան | Անձրև

Լուսանկարը՝ Լիլիան Գալստյանի

 

(Հատված անտիպ վեպից)

Tempo: Adagio

(տեղ-տեղ ջութակը ճռռռռում է, ապա միջամտում է թավջութակը` թանձր, փափուկ, տերունական)

Անձրևից հետո Մասիվի պանելայինները նվաղում, խեղճանում էին: Բաց պատուհանից ներս էր մտնում թարմությունը: Ամպերի ետևից իրենց բազմամուտք բարձրահարկի դեմ-հանդիման մի մուտքանի բարձրահարկի լուսամուտներին իջնում էր արևը, պառկում լուսամուտագոգերին։ Նանեն ընդամենը տաս տարեկան էր: Կանգնում էր ոտքերի ծայրերին՝ շուշաբանդերից դուրս ծորող մայրամուտը որսալու: Օրը շառագունում էր ու մայր մտնում Նանեի աչքերում: Անձրևից հետո ամպի ծվեններն ու անհամար շուշաբանդերը չորանում էին արևին տված մեծ լվացքի նման: Շենքերի պանելներին ընդգծված տուֆակտորները  մեծ-մեծ սկուտեղներով կախված չրեր էին հիշեցնում: Օրը գոլորշիանում էր հանգիստ, խաղաղ, անաղմուկ:

Քանի անգամ էր մտովի տեսնում այս պահը: Անցած տասնհինգ և ավել տարիների վրայով լարախաղացի պես ցատկոտելով ի վերջո այս օրվան էր հասել: Այդ ընթացքում այլևս ոչ մի անգամ անձրևից խեղճացած Մասիվը չէր տեսել: Նման անձրև էլ չէր տեսել, որ գալիս էր մեծ-մեծ ու գրեթե միանգամից ավարտվում՝ պատառոտված երկնքում այսուայնետեղ ծիածանների կամարներ թողնելով։ Անցիր տակով ու տղա կդառնաս։ Ասում էին։ Ու Նանեն վազում էր՝ ծիածանն աչքերում ու ծիածանի պատառիկները ոտքերի տակ՝ մեծ բեռնատարների անիվների կողքի նավթահոտում կոտրված։ Ափի մեջ էր առնում ծիածանը, տրորում ոտքերի տակի ջրափոսում, բայց տակով անցնել չէր կարողնում։

Վաղուց, շատ վաղուց Մասիվում չէր եղել։ Միշտ այս պատկերին էր վերադառնում, որտեղ անձրևից հետոյի թարմությունը կտիտի հոտ ուներ: Հիմա Լուկասի կողքին կանգնած՝ բարձրացել էր ոտքերի ծայրերին, որ տեսներ Լուկասի թիկունքին իջնող արևը: Լուկասն իր վերևներից աչքերը սահեցնում էր մինչև Նանեի ոտնաթաթերը: Երկմետրանոց, հաղթանդամ, կրթված մկաններով Լուկասը: Նանեի գլուխը միշտ մնում էր Լուկասի թևատակում: Մեկ-մեկ պարանոցն անգամ բռնվում էր՝ Լուկասի աչքերի մեջ նայելու համար գլուխը վեր պարզելուց: Նանեն սիրում էր Լուկասի քրտնահոտը ֆիզիկական աշխատանքից հետո, իրեն՝ Լուկասի կրծքին գալարվելիս, իրենց միավորող կանաչ անտառի հիշողությունը՝ Լուկասի թևատակի մամուռում, Լուկասի ժպտացող աչքերի կապույտում լողացող նավերն ու սուր քիթը՝ բաց ծով փնտրող առագաստի պես, Լուկասի՝ ուսը դեմ տալու պատրաստակամությունը: Լավ պատմություն էր էդ պատմությունը: Ու հիմա ինքն ամուսնանում էր: Պատմության հետ, որը երբեք չէր եղել Մասիվի պանելային շենքի ութերորդ հարկում: Չեր տեսել սովետական պանելային շենքերի լողացած խեղճությունն ու փառահեղությունը: Նանեի նման պուճուր, մեկուկես մետրանոց յար չէր ունեցել ու միայն Նանեի պատմածով էր պատկերացնում արևածաղիկ վաճառող տատիկներին:

Նանեի գլխում անդադար խոսում էր Հեղինակը։ Իր իսկ մասին՝ երրորդ դեմքով։ Ինչ ինքն իրեն հիշում էր՝ էդպես էր։ Ոճդ դուրս չի գալիս՝ փորձում էր հեղինակին ընդհատել Նանեն։ Թևատակի մամուռ, քրտնահոտ։ Յախք։ Էս տողերից հետո ոչ ոք չի շարունակի կյանքս կարդալ։  Նանեն ամուսնանում էր հոլանդացու հետ: Անտարբեր շարունակում էր Հեղինակը։ Ավելի ճիշտ՝ ֆրիզի։ «Իմ վիկինգ»՝ սիրում էր անվանել Լուկասին։ Տաս տարեկան էր, երբ Հայաստանից մեկնեցին: Պատմողական տոնով ասում էր հեղինակը։ Հայրը շատ բան փորձեց: Ապխտած ձկան, այնուհետև ներկերի արտադրություն, լիմոնադի ցեխ, անգամ հացամանների արտադրություն: Ոչինչ չաշխատեց: Միջին Ասիայում սովետական ցեխավիկի երկար տարիների քրտնաջան աշխատանքի արդյուքնում վաստակածն էլ վաճառեց Հայաստանում. վերջին երկու ռեֆրեժերատորն ու բուդկա-մոսկվիչը, ու մի ծանոթի միջոցով թղթերը սարքեց, անցավ Հոլանդիա, մի երկու տարի ապրեց փախստականական ճամբարում, հետո բերեց ընտանիքը: Նանեին, Արթուրին, կնոջը: Լավ էլի, էս ինչ կարծրատիպային կերպարներ ես նկարում։  Նանեն արագ ինտեգրվեց։ Նանեին բանի տեղ չդրեց հեղինակը։ Բոյը չէր համապատասխանում, բայց դեմքն իսկը ֆլամանական պատկեր էր. կաթնաթափանցիկ խորքում մի զույգ բաց շագանակագույն խոշոր աչք, փոքրիկ քիթ ու այտերը շրջանակող փափուկ, բաց շագանակագույն խոպոպներ:

Վալդորֆյան դպրոց տարան երեխաներին: Մեծացան ազատ ու ստեղծարար, բաց ու համագործակցային: Կլիշե Հեղինակի խոսքը կտրեց Նանեն։ Նանեն շատ լավ նկարում էր: Հատկապես պաստելով: Դաշտեր, ծաղիկներ ու շարունակական մայրամուտ: Միատոն շարունակում էր պատմել հեղինակը։ Անձրևից հետո: Ծիածանի կտորներ ոտքերի տակ։ Մեկ-մեկ մանկության շուշաբանդերն էլ էր տեղավորում նկարած մայրամուտներում: Ընկերները դրանք չէին տեսնում: Ճիշտ էնպես, ինչպես չէին հասկանում, որ նկարածը պանելային շենքեր են: Արևի տակ չորացող ծիրանաչրի տեղ էին դնում։ Ասում էին՝ շատ ախորժաբեր են: Կլիշե. որ Հայաստան ա պիտի անպայման ծիրա՞ն լինի։ Մի կտավ ուներ` «Աշխարհի կոտրված հայելին»: Համեմատում էին կուբիզմի վարպետների գործերի հետ։ Չէ մի չէ․ ո՞նց լռեցնեմ սրան։ Ու Նանեն ամեն անգամ փորձում էր բացատրել, որ յուրաքանչյուր բեկորում պարփակված է ողջ աշխարը։ Որ յուրաքանչյուր կտոր կարևոր է: Լսողները կեսից սկսում էին հորանջել՝ հեղինակի խոսքը կտրեց Նանեն։ Ապա դիմեց հեղինակինկարո՞ղ ա գիտես Էկզյուպերին ես։

Այդ նկարում անձրևից հետոյի աշխարհն էր։ Փորձեց հեղինակին բացատրել Նանեն։ Այն Նանեի համար կոտրված հայելի էր, որի ցաքուցրիվ կտորները նա փորձում էր հավաքել։ Նանեի միտքը շարունակեց հեղինակը։ Այդ կտորներում շատ ավելի մաքուր, թարմ, պարզ ու հստակ երկրաչափական եզրագծերով էին երևում մայրիկը, մոշը, լվացքը, տատիկի՝ խոհանոցում հասունացող խմորը, հոսանքի սյուներն ու լարերը, կանաչը, դպրոցի ճամփան, շենքերի կտուրների ալեհավաքները, իր սեփական ձայնը, Նունեի հայրիկը, առավոտյան սև սուրճի հոտը, իրենց հարևան Սլավիկի երկնագույն զապը, բակի բիսեդկան։ Նանեի աչքերում արցունքներ հայտնվեցին։ Միայն ծիածանն էր  պլստում, լղոզվում ու ի վերջո անհետանում։ Անձրևից հետո Նանեն ջանասիրաբար հավաքում էր կոտրված աշխարհի լվացված, մաս-մաքուր բեկորները, սոսնձում դրանք, ամբողջացող հայելուն շշնջալով յուրաքանչյուր կտորի անունը։ Մայրիկ։ Հայրիկ։ Նունե։ Բալկոն։ Ճանապարհ։ Դպրոց։ Ինքնաթիռ։ Ու այսպես ամեն անգամ՝ մինչև նոր անձրև։ Նանեն քանդում-հավաքում էր աշխարհը, Նանեն քանդվում-հավաքվում էր։ Ծեքծեքուն, սեթևեթ քաղցր-մաղցր տեքստ բարկացավ Նանեն։ Թաքուն սրբեց արցունքները։

— Գիտե՞ս, Նու՛ն, ինչ երկար եմ պատկերացրել էս օրը,- Հեղինակին ընդհատեց ու հայելուց դուրս եկավ։

Մեքենայի ղեկին Լուկասն էր: Հարսանիքը երեկ էր եղել: Տասնութերորդ դարի հոլանդական ֆերմայում: Շատ սիրուն ու ոչ հավակնոտ հարսանիք էր:  Հատուկ համեմունքներով մարինացված, արյունը մեջը փափկագույն սագով, անսահման գինով ու գարեջրով, հոլանդական ռոքով, ռուսական պապսայով ու հայկական ռաբիզով հարսանիք: Թաթա Սիմոնյանը պարեցրեց բոլորին։ Դաշտային մանր ծաղիկներ բոլոր սեղաններին: Սպիտակ, դեղին, երկնագույն: Սպիտակ սփռոցներ: Գինու թափանցիկ, նրբիրան բաժակներ: Նանեն` կաթնագույն ու եթերային՝ թափանցիկ հախճապակի, Լուկասը՝ բարձրահասակ ու ձիգ՝ անթափանց ծառաբուն: Նանեի ձեռքին ու մազերի մեջ բաց վարդագույն ծաղիկներ: Լուկասի կրծքի մուգ կապույտին՝ սպիտակ վարդ: Նանեի՝ Հայաստանից, Ռուսաստանից ու ԱՄՆ-ից եկած ազգականներն ու նրանց մանր ու մեծ երեխաները՝ բարձր ու աղմկոտ: Լուկասի՝ մայրն ու մոր զուգընկերուհին, հայրն ու հոր երրորդ կինը, երկու եղբայրները՝ իրենց ռուս և ուկրաինացի կանանցով՝ էլ ավելի բարձր ու աղմկոտ: Կլիշե. դե ձենդ կտրի։ Նանեի հոր բելառուս և ուզբեկ ընկերները, Ղազախստանի հյուպատոսը: Լուկասի գործատուն՝ մի հպարտ ֆերմեր: Նանեի ուսանողական ընկերները և թոշակի անցած սիրելի դասախոսն ու նրա կինը՝ Մաաստրիխտից: Լուկասի ավտոստոպի ընկերուհին, որի հետ մինչև Տիբեթ հասել էին` ճերմակ ատամնաշարով ու շատ սիրուն մանր ծաղկավոր շորիկով: Նանեի՝ Բարսելոնայի փոխանակման տարվա կատալոնացի սերը՝ Միրեան: Սև, կազմվածքն ընդգծող շրջազգեստով ու ալ կարմիր շրթներկով։ Լուկասի դպրոցական երկու ընկերները, որոնց հետ փախել էին Ամստերդամ ու սեքսի թանգարան գնացել: Տասնվեց տարեկանում: Նանեի մայրական տատը՝ գեր, ցածրահասակ, նստակյաց կյանքի առաջացրած հոդացավով, ձեռնափայտով, ու դեմքին սառած հավերժական դժգոհությունը: Լուկասի հայրական տատը՝ նիհար, բարձրահասակ, հեծանիվակենտրոն կյանքի առաջացրած լայն ու դուրս պրծած երակներով ու դեմքին ժպիտ: Կլիշե. կրկին զնգաց Նանեի գլխում։ Նանեին ու Լուկասին ծանոթացնող ընկերը՝ մեծ ու ծանր լուսանկարչական ապարատով: Արթուրն ու Սեդան՝ միասին։ Նանեի սիրելի զարմուհին՝ Նունեն, առանց ամուսին և երեխաներ։

Լավ քեֆ արեցին: Ամբողջ գիշեր: Առավոտյան արևագալին քնեցին ֆերմայի շրջակայքի հյուրատներում: Ու հիմա գնում էին Ֆրանսիա: Ստրասբուրգ: Այնտեղ Նանեի հորեղբայրը և Նունեի քեռին էր՝ Համլետը, որը եղբոր աղջկա հարսանիքին չէր եկել: Հատուկ: Նունեի եղբայրը՝ Ներսեսը, որոշել է, որ ինքը, որպես Ուփսալայում ուսանած կոնֆլիկտաբան, պետք է լուծի ընտանեկան կոնֆլիկտը: Լուկասն էլ հայտնվել էր դրա ճիշտ մեջտեղում: Նանեենց պեժոյում Լուկասը, Նանեն, Նունեն ու Ներսեսն էին: Հետևից Նանեի հոր հիբրիդ ֆոլսվագենն էր: Ղեկին Նանեի հայրը, Նունեի քեռին՝ Վաչեն: Կողքին՝ Նանեի եղբայրը՝ Արթուրը։ Հետևի նստատեղին՝ Նանեի hորաքույրները և Սեդան, Նանեի հորաքրոջ տակի հարևանը, որն Արթուրին «Մարիո» էր կոչում։ Փոքր էին, երբ ամառային արձակուրդներին Հայաստան էին գնացել։ Մարիոյի ժամանակներն էին։ Հորաքրոջ ու հարևանների երեխաների հետ «Մարիո» էին խաղում։ Երեխաներն իրար հերթ չէին տալիս։ Ամեն մեկն ուզում էր հաջորդ մակարդակ անցնել, որ հանկարծ հերթն ուրիշին չտա։ Երբ հերթը վերջապես Արթուրին հասավ ու նա շատ արագ հաղթահարեց առաջին մակարդակը, ժոստիկը հանգիստ մեկնեց կողքի երեխային։ Ինչո՞ւ ես տալիս, հաղթել ես, քո հերթն ա, պիտի էնքան խաղաս, մինչև պարտվես ու նոր տաս մյուսին։ Ասել էր հորաքրոջ տղան։ Չեմ ուզում, հաղթելը կապ չունի, էսպես բոլորիս հերթ կհասնի։ Ասել էր Արթուրը։ Ու Արթուրին ընդմիշտ հիշել էին բակի տղաները։ Ծալապակասին, որ հանգիստ հրաժարվել էր մակարդակ առ մակարդակ առաջ անցնելու ու բոլորին իր հաղթանակի բարձունքից նայելու բերկրանքից։ Հորաքրոջ տակի հարևան Սեդայի մեջ այդ օրը քաղցր ջերմություն էր թողել։ Ու նա մոռացել էր Արթուրի անունը։ Երբ տարիներ անց արդեն քսանամյա Արթուրը կրկին Հայաստան եկավ, Սեդան նրան Մարիո էր կանչում։ Արթուրի «ինչո՞ւ» հարցին պատասխանեց՝ հիշեցնելով խաղը։ Հա։ Ասաց Արթուրը։ Հաղթել չեմ սիրում։ Սիրում եմ, երբ մարդիկ իրար զիջում են։ Էդպես պատերազմներ էլ չեն լինի։ Հա, պապաս էլ չէր զոհվի։ Ասել էր Սեդան ու սիրտը առանց մարտերի հանձնել Արթուրին։ Բայց հետո կասկածը մեջն էր մտել: Առանց պատերազմի էլ կզոհվեր: Երևի: Որովհետև եթե դու չես պատերազմում, դիմացինդ անպայման հարձակվելու առիթ գտնում է: Ուրեմն պատերազմներն անխուսափելի են: Ու զիջելն էլ է պետք կռվով: Մի բան, որ երևի սովորել է պետք. ինչպե՞ս զիջել առանց պարտվելու: Կամ հաղթել՝ զիջելով։ Ու փաստն այն էր, որ Արթուրն այնքան էր զիջել վիդեոխաղերին, որ դրանք էին այլևս նրա իրական կյանքը։ Նա ապրում էր այդ խաղերում։ Կեսօրից հետո արթնանլուն պես մտնում ու այլևս դուրս չէր գալիս։ Այնտեղ նա գրեթե միշտ հաղթում էր։ Անգամ հերթն ուրիշին զիջելով։ Ու իրական [իրակա՞ն] կյանքի պատերազմները նրան այլևս չէին հուզում։

Նանեն ու Նունեն քանի օր է անդադար խոսում էին: Շարունակում էր միատոն պատմել Հեղինակը։ Նունեն Նանեից տաս տարով մեծ էր: Բայց կիսում էին Մասիվը: Կամ երևի՝ գարնանը նոր-նոր դուրս եկած կանաչի ծվենները գորշ-վարդագույն բարձրահարկերի անկյուններին ու բակերի գազոնային փեշերին: Ձմռանը՝ Նունեի ընկերուհի Հասմիկենց բակի հավերժական սառույցը, որը միայն մարտի վերջին էր հալվում: Հորաքրոջ պատշգամբին դեմ-հանդիման Մասիսը՝ փեշերը քաղաքի վրա փռած:

Հարսանիքի նախօրեին պիկնիկի էին: Մի մեծ, գեղեցիկ, կանաչ այգում: Արդեն երեկո էր: Ահագին գարեջուր էին խմել, որից պետք էր ազատվել: Երկուսով խորացան ծառերի մեջ:

— Have you ever had sex with a woman?[1] — հարցրեց Նանեն: Կլիշե. ասաց Հեղինակը։

— Չէ…,— հանկարծակիի եկավ Նունեն։

— So, you are not curious… Իսկ փոքր ժամանակ ինձ թվում էր՝ դու համարձակ ես։ I have tried many things. [2] Ու հիմա sure[3] եմ ամուսնանում: Կլիշե՝ Նանեի գլխում ծիծաղեց Հեղինակը։ Լուկասը լրիվ իմ ուզած վայրենին ա: A real dirty Viking.[4]

Իբր ի՞նչ։ Բիթնիկների ժամանակները վաղուց անցել են։ Մտածեց Նունեն։ Ճիշտ ա, մեր մոտ սկի չեն էլ հասել կամ մեր կողքով են անցել, բայց մեկ ա, էսօր այլևս ոչ ոքի էդ փորձարկումներովդ չես զարմացնի։ Ուղղեց շրջազգեստն ու խորը ներս շնչեց այգու կանաչը։

Հեռվում հարազատների ձայնն ու ծիծաղն էր: Իրար խառնված հայերենն ու ռուսերենը:

— Խեղճ Լուկասին մենակ թողեցինք: Ո՞նց ա շփվելու: Ոչ հայերեն գիտի, ոչ ռուսերեն,- ասաց Նանեին:

— Մի վախեցի, չի կորի: Ինքն ամեն տեղ իրա տեղը գտնում ա: Ես իրա հետ անտառում արշավի ժամանակ եմ ծանոթացել: Ամեն բան կարողանում էր անել, he knows all the plants and animals.[5] Ու ամենակարևորը՝ էրկու իմ բոյին ա: Գիտե՞ս, չէ՞, ի՞նչ լավ ա քեզ հետ: You are my first female relative with whom I can talk about anything. Somehow I so much relate to you.[6] Մամաս հաստատ գիտի, որ աղջիկ չեմ: Բայց ինքս էդ մասին իրան չեմ ասի: Հավեսը չունեմ: And if I ever tell her how much I was in love with Mirea, she will retreat to her favorite denial mode. They live their enitre lives in escapism.[7] Սաղ կյանքն էսքապիզմի մեջ ա ապրել։ Իբր չի լսել, իբր նման բան չկա… Իրա սիրած վիճակն ա: Լավ ինքնապաշտպանվում ա՝ իբր չգիտի էն, ինչ իրա հոգեկանը խառնում ա: She always stays in her comfort zone.[8] Տենց հանգիստ-խախանդ ապրում ենք, ու ինքը մենակ պապայի հետ ա կռվում: Մեզ հանգիստ ա թողնում:

— Իսկ վստա՞հ ես, որ ուզում ես ամուսնանալ:

— Գի՜ժ: Sure! If I wasn’t sure I would not marry.[9] Միրեան վառվեց-անցավ: Բարսելոնայի հետ: [Տո սու՞տը, ասաց Հեղինակը

— Բայց հարսանիքիդ լինելու ա:

— Հա: Ինքն իմ մասն ա: Ու Լուկասը գիտի:

— Իսկ Լուկասը տղաների հետ փորձե՞լ ա:

— Չէէէէէ… շատ սթրեյթ ա: [Կլիշե, ասաց Հեղինակը]։ Ու հենց դա էլ ա ինձ իրա մեջ դուր գալիս: Ամեն ինչում տղամարդ ա։ Իսկ Միրեայի պատմությունն ուրիշ պատմություն ա: Մի օր առիթ լինի կպատմեմ: Բայց ոչ էսօր:

— Փաստորեն Միրեայի պատմությանը դավաճանում ես Լուկասի պատմության հետ:

 — Հա, ես պատմության հետ եմ ամուսնանում… երևի… Նուն, իսկ դու մինչև ամուսնանալը սեքս ունեցե՞լ ես:

— Հա, — կարճ կապեց Նունեն: Ու չխաբեց: Ապագա ամուսնու հետ:

— So, you also do not follow the rules.[10] [Կլիշե, խայթեց Հեղինակը]։ Ինչ լավ ա, որ վերջապես տեսա քեզ: Գիտե՞ս ինչ երկար եմ պատկերացրել էս պահը: Ես որ փոքր էի, դու իմ պլանկան էիր:

Ուֆֆ, գաս հասնես քսանմեկերորդ դար, էդքան փորձ կուտակես, էդքան փորձության միջով անցնես, մի քանի անվանված ու չանվանված պատերազմ տեսնես,  ու դեռ աղջիկ լինել-չլինելը թեմա լինի։ Ի՞նչ ռուլ[11]: Կա՞ որ նման ռուլ, թե՞ միայն խոսքերում։ Ո՞նց։ Էլ թեմա չի։ Թե՞ թեմա ա։ Խաբար չի։  Դե որ թեմա լիներ, երևի խաբար կլիներ։ Նունեն դավաձիտ էր եղել էդ խոսակցություններից։ Ինքն իրենից։ Էդ խոսակցություններում հայտնվելու հավանականությունից։ Հավաստիությունից։ Ոչ թե թեմայի, այլ խոսակցության։

Հարսանիքին նախորդող երեկոյան, Լուկասի կողքին նստած, Նանեն նայում էր Նունեին ու հիշում նրա՝ ցավից լայնացած աչքերն ու ոռնոցը: Իննսուներկուսի ցուրտ ձմեռն էր: Նունեենց տանն էին: Նունեի հայրը նոր էր մահացել։ Նունեն խոհանոցում սպիրտայրոցի վրա սուրճ էր պատրաստում: Նունեն մի դեղին, ավելի ճիշտ՝ ժանգագույն կամբինիզոն ուներ: Ամերիկայից ինչ-որ մեկն օգնություն էր ստացել ու էժան վաճառել: Մեծերը վստահ էին, որ շատ հարմար է՝ ամեն բան փակում ու տաք է պահում: Նունեն էլ էր սիրում։ Իրենից բացի ոչ ոք չուներ դրանից։ Իսկ Նանեի աչքին տիեզերագնացի սկաֆանդր էր: Հետո, ավելի ուշ, երբ զինադադար եղավ, ատոմակայանը վերաբացվեց ու հոսանքի անջատումները վերջացան, հայկական հեռուստաալիքներն անորակ ռուսական դուբլյաժով ամերիկյան ֆիլմեր էին ցուցադրում, որտեղ բանվորները Նունեի կամբինիզոնի նման կամբինիզոն էին կրում՝ ճիշտ նույն գույնի։  Նանեն մի քանի անգամ վազելով անցավ խոհանոցով, Նունեի շուրջը քամի արեց՝ նրան տիեզերանավի հրամանատար անվանեց ու հարցրեց, թե երբ են Կարմիր մոլորակ հասնելու: Նունեն՝ զգույշ, սուրճը կթափես: Բայց իրեն Նունեի ուշադրությունն էր պետք: Վերջին անգամ էդպես ղռալեն որ վազեց, Նունեն արդեն ջազվեի պոչից բռնիչով բռնած սուրճն էր լցնում: Կպավ թևին: Ու եռման սուրճը թափվեց Նունեի ոտքին: Ճիշտ աջ ոտնաթաթին: Վա՜խ մամա ջան: Գոռաց Նունեն: Մինչև կհաներ հագի կամբինիզոնը, հետո տակի բրդյա ռետուզն ու տատի գործած գուլպաները, եռացող հեղուկն անելիքն արել էր. ոտնաթաթը մինչև ոսկոր եփվել էր, ու ամբողջ մակերեսին մի մեծ փուչիկ էր: Նանեի գլխում էդ փուչիկն ու Նունեի վնգստոցն էին մնացել: Հա, մեկ էլ ցավից լայնացած աչքերը: Իսկ Նունեի գլխում՝ պատահարին հետևած մեկ ամիսը, երբ ամբողջ օրը ոտքը վեր պարզած պառկած էր շուշաբանդով փակած պատշգամբի բազմոցին, վառարանի կողքին և լսում էր երկու տատերի, մայրական պապի ու իրենց երկրորդ հարկի հարևան կիրովաբադցի Սիրուշի խոսակցությունը: Փորձում էր փախչել էդ խոսակցությունից՝ մեկը մյուսի հետևից կլանելով գրքերը: Էդպես կարդաց տանը եղած ինոստրանկայի և «Նովի միրի» գրեթե բոլոր համարները: Հիմա հիշում էր, որ ամենատպավորիչը «Մադրապուր» անունով մի գործ էր ինչ-որ ինքնաթիռի մասին, որն օդաչու չուներ և խորհրդավոր մեկի կողմից էր կառավարվում։ Դետալները չէր հիշում, բայց ճակատագրի, աստծո, բարդ ու ծայրահեղ իրավիճակներում անհատի վարքի մասին մտորումներ առաջացնող գործ էր: Չէր հիշում կերպարներին, սյուժեի մանրամասները, սակայն գործի անունն ու իր կլանվածությունն ընդմիշտ դաջվել էին մեջը: Ու գլխում պարբերաբար վանկարվում էր․ մադ-րա-պուր, մադ-րա-պուր։ Ամենատարբեր իրավիճակներում։ Ասես այլաստանի գաղտաբառն էր, միայն իրեն հայտնի մանթրա։ Իսկ այդ ձմեռ ոտքը գետնին դնելուն պես արյունը հասնում էր եփած մսին ու սիրտը մղկտացնում: Պլեճ էլ էին շարում վառարանին: Ու Նունեն հավեսով ուտում էր՝ լսելով, թե ինչպես հայրական տատը, հարևան պառավն ու պապը համատեղ խաղում են մայրական տատի հոգու հետ:

— Նու՛ն:

Ուշքի եկավ: Նանեի ձայնն անտառ վերադարձրեց ու պլեճի փոխարեն վերցրեց Լուկասի՝ իրեն պարզած փայտի ծայրին խրած, ֆոլգայի մեջ փաթաթած խորոված կարտոֆիլը:

— Նան, իսկ դու պլեճը հիշու՞մ ես,- հարցրեց:

— Հաաաա: Ոնց չեմ հիշում:

Նանեն բացեց իր ֆոլգայով կարտոֆիլն ու նայեց Լուկասին: Ջինսի շալվար-վերնաշապիկով էր: Ոնց էր ուզում Լուկասի հետ Հայաստան գնալ: Նունեն ոտքի վառվելուց հետո Նանեի հետ երկար ժամանակ չէր խոսում, ու Նանեն շատ էր նեղվել: Նանեն Նունեի հորը շատ էր սիրում: Միակն էր, ում կարող էր անվերջ լսել: Ու վստահել իր գաղտնիքները: Երբ Ուզբեկստանից նոր էին Հայաստան տեղափոխվել, ինքը միշտ քնում էր Նունեի հոր գրկում: Ամուր բռնում էր քլանթը, որը սպիտակ մի քանի շերտ մառլյա էր՝ եզրերը տարբեր գույնի թելերով հելունագործած, նստում Նունեի հոր գրկին, գլուխը դնում կրծքին ու քնում: Սիրում էր, երբ Նունեի հայրը երգում էր: Կիթառով: Առանց կիթառ էլ հորովելն էր երգում: Նման ձայն էլ երբեք չէր լսել:

Քլանթը: Մայրական տատն էնքան էր ասել՝ «քո լաթը», որ անունը մնացել էր «քլանթ»: Նանեենց տունը Նունեենց տանից մի քանի շենք այն կողմ էր: Փոքր ժամանակ օր էր լինում, հատուկ գալիս էին Նունեենց տուն, որ Նանեն քներ: Առաջին անգամ, երբ գլուխը դրեց Լուկասի կրծքին, հիշեց Նունեի հոր ջերմությունը: Նույն հոտն էր։ Անտառի, փայտի, հողի։ Ու հանգստություն զգաց: Ապահովություն: Նունեի հայրն էլ էր կապտաչյա, խարտյաշ, ճերմակամաշկ։ Սևանի արևը նրան միանգամից խորովում էր։ Նանեն արդեն երեսունին ավելի մոտ էր քան քսանին, բայց դեռ մինչև քլանթը ձեռքին չլիներ՝ չէր քնի: Իսկ Լուկասի կրծքին հասկացավ, որ ինքն ունի այդ կարողությունը: Պարգևը: Ապագան տեսնելու: Ու որ այն իրեն Նունեի հայրն է փոխանցել:

— Նուն, գիտե՞ս, ես պապայիդ մահանալը զգացել եմ:

— Ո՞նց:

— Դե ես էն ժամանակ փոքր էի շատ: Հիշու՞մ ես քլանթս:

— Հա:

— Մեր տանը, էդ քլանթը աչքերիս, մանկական կռավաթկայի մեջ քնած էի, մեկ էլ վեր կացա: Նստեցի տեղերիս մեջ: Ու դիմացս մի արծաթագույն թեթև շառ էր: Գունդ։ Լույս էր տալիս: Ու ես գիտեի, որ էդ պապադ ա: Ու բռնեցի ձեռքերով էդ գունդը: Տենց ինքն իրա գիվթը[12] ինձ փոխանցեց:

— Ի՞նչ գիվթ:

— Psychic reading. Ապագան տեսնելու։ Բուժելու:

Նունեն լուռ էր: Երևի չի հավատում: Մտածեց Նանեն: Բայց շարունակեց: Անգլերենով, որ Լուկասն էլ հասկանա ու իրեն խոսակցությունից դուրս չզգա:

—  Երազներ եմ տեսնում, որոնք կատարվում են: Նաև տեսնում եմ այն, ինչ սովորական մարդիկ չեն տեսնում: Օրինակ, մի անգամ մեր աշխատավայրում մի նոր մարդ էին գործի ընդունել: Հենց առաջին անգամ իրեն որ տեսա, ինձ շատ վատ զգացի: Խեղդվում էի: Բայց իրենից չէր: Մեր աշխատավայրի պատերն ապակի են: Մի օր տեսնեմ էդ մարդն ա միջանցքում: Ու էլի խեղդվում եմ, ոնց որ ջրում: Ու տեսա, որ իրա կողքին մի փոքրիկ տղա կա, ու էդ տղան խեղդվում ա: Դուրս եկա ու ուղիղ հարցրի՝ ձեր տղան մահացե՞լ ա: Էդ մարդն այլայլվեց: Քարացավ: Պարզվեց տղան վեց տարեկանում լճում խեղդվել ա:

— Իսկ մեզ ի՞նչ ա սպասվում,- հարցրեց Լուկասը:

— Ծով, արև, մայրամուտ, շատ նարնջի հյութ, մանգո, կոկոս- ասաց Նանեն՝ մեղրամիսն Արուբայում պատկերելով։ Էս ո՞ր ռեկլամից էր, հարցրեց Հեղինակը։

[1] Կյանքում երբևէ աղջկա հետ սեքս արած կա՞ս։

[2] Ուրեմն հետաքրքրասեր չես․․․ Ես շատ բան եմ փորձել։

[3] Վստահ

[4] Իսկական կեղտոտ վիկինգ։

[5] Ճանաչում է բոլոր բույսերն ու կենդանիներին։

[6] Առաջին կին ազգականս ես, ում հետ ամեն ինչից կարող եմ խոսել։ Մի տեսակ քեզ հետ շատ ընդհանրություն եմ զգում։

[7] Եթե երբեևէ նրան ասեմ, թե որքան էի սիրում Միրեային՝ կմտնի իր սիրելի ուրացման վիճակի մեջ։ Նրանք իրենց ողջ կյանքը փախուստի մեջ են ապրում։

[8] Միշտ մնում է իր հարմարավետության դաշտում։

[9] Իհարկե՛։ Եթե վստահ չլինեի՝ չէի ամուսնանա։

[10] Ուրեմն դու էլ կանոններին չես հետևում։

[11] Կանոն։

[12] Gift, պարգև

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *