Լյուդմիլա Ուլիցկայա | Աուտոպսիա[1]

            ***

Կոգանը սիրում էր իր հրեշային աշխատանքը, հատկապես կյանքից ժամանակին հեռացած հանգուցյալներին՝ ծեր, կյանքից տանջված, ճաղատացած, թևատակի և աճուկային հատվածների փարթամ մազածածկույթից զրկված, շատ քայլելուց մաշված, ելունդավոր և կոշտուկավոր ոտնաթաթերով, կախ ընկած կրծքերով և ամորձապարկերով։ Դանդաղ հագնելով օղազրահի ձեռնոցները՝ ուսումնասիրում էր քարացած մարմինը՝ չկարդացված գիրքը, մակերեսային առաջին կարծիքն էր կազմում՝ գնահատելով մարմինը՝ ըստ միայն իրեն հայտնի չափանիշների․ արդյո՞ք հանգուցյալը մահացել էր իրեն բաժին հասած ժամանակին, թե՞ չէր ապրել մինչև ճակատագրի կողմից սահմանված ժամանակը։ Նրանց, ովքեր սահմանված ժամանակից շատ ավելի էին ապրել, կոչում էր «մոռացվածներ» և փոքր-ինչ անհանգստանում էր, որպեսզի ինքն էլ չդառնար նրանցից մեկը։ Երեխաներին և երիտասարդ կանանց դիահերձել չէր սիրում՝ նախապատվությունը տալով վստահելի և օրինավոր քանակակազմին։

            ***

            Կոգանի առաջին կինը՝ գինեկոլոգը, մինչև նրանց ամուսնալուծությունը մի արտահայտություն էր ասել նրան, որը մինչև օրս հիշում է․ միայն պաթոլոգիական մարդը կարող է պաթոլոգոանատոմի մասնագիտություն ընտրել։ Կանացի հիմարություն․ ըստ Կոգանի՝ պաթոլոգոանատոմը մաքուր մարմնականության քահանան էր, այն տաճարի վերջին քահանան, որը լքել էր հոգին։ Իսկ երկրորդ կինը՝ Նինոչկան, գրադարանավարուհի էր և նույնիսկ «աուտոպսիա» բառը չգիտեր։ Եվ դա հրաշալի էր։

            Սովորաբար մանրակրկիտ դիահերձումը երկու ժամ էր տևում, և այդ ընթացքում նա հասցնում էր ընթերցել կյանքի պատմությունը, ինչպես բուժող բժիշկներն են ընթերցում հիվանդության պատմությունը։ Իր խելացի հայացքով ցինկապատ սեղանի վրա փռված մարմնի հետևում նվաղ կամ թեթևակի ճարպակալած երեխա էր տեսնում՝ նրա բոլոր կարմրուկներով, քութեշներով[2], սեռական հասունացման պոռթկումներով, առողջացած կոտրվածքներով, մանր վնասվածքներով․․․

Հիմնականում հաստատում էր ախտորոշումը, որը հանգեցրել էր մահվան, բայց երբեմն մահացած մարմնի բացված գիրքն անսպասելի սյուժեներ էր ներկայացնում․ կաթվածից մահացած հիսունամյա տղամարդ աղիների չախտորոշված քաղցկեղով, որն արդեն վերջին փուլում էր, կամ ավտովթարից մահացած հայտնի դերասան, որի անոթներն այնպիսի վիճակում էին, որ ավտովթարը ազատել էր նրան անխուսափելի վաղահաս կաթվածից, կամ ինքնասպան կինը չախտորոշված սպիտակարյունությամբ․ ասես մի քանի հիվանդություններ մրցակցության մեջ լինեին դեռևս ողջ մարմնում, և ոչ միշտ էր ուժեղագույնը հաղթում․․․

Կոգանն ամենահին պաթոլոգոանատոմներից էր, վաղուց թոշակի էր անցել, բայց ժամանակ առ ժամանակ, երբ բացառիկ բարդության դեպքեր էին լինում, նրան կանչում էին դիահերձումների և դատաբժշկական փորձաքննությունների։ Այս անգամ ուրբաթ էին զանգահարել, բայց նա արդեն ամառանոց էր գնացել, չէր ուզում վերադառնալ, և մոսկովյան հիվանդանոցի՝ մի ամբողջ բժշկական քաղաքի գլխավոր բժիշկը՝ Կոգանի նախկին աշակերտը, խնդրեց նրան երկուշաբթի գալ, քանի որ դեպքն այնքան բացառիկ և տագնապալի էր, որ լավ կլիներ, որպեսզի Կոգանն առաջինն ուսումնասիրեր այն, քանի դեռ քննիչները չէին եկել։

Սեղանին երիտասարդ տղա էր պառկած՝ նիհար, անթերի կազմվածքով, դեղնամարմարագույն մաշկի գույնով, կրծքավանդակին դանակի վերքով, գանգի դիմային հատվածում բազմաթիվ կապտուկներով, ճակատի վրայի քերծվածքներով և կոտրված ոտնաթաթերով․․․

Մոտեցավ դիահերձարանի աշխատակիցը՝ ծերուկ սանիտար Իվան Տրոֆիմովիչը, և սվսվոցով ինչ-որ բան ասաց։ Վերջին տարիներին Կոգանը սկսել էր կորցնել լսողությունը և նյարդայնանում էր, երբ ինչ-որ մեկը քթի տակ ինչ-որ բան էր փնթփնթում։ Նա «հըմ» արեց, սանիտարը գլխով արեց և այնպես կողքի վրա շրջեց դիակը, որ երևաց հանգուցյալի մեջքի մի մասը․ ողնաշարի երկու կողմերում՝ երրորդ-հինգերորդ ողերի մակարդակին՝ թիակների վրա երկու զուգահեռ խորը կտրվածքներ կային, որոնք ասես հետմահու էին արվել։ Սանիտարը նորից ինչ-որ անհասկանալի բան փնթփնթաց, և Կոգանը, դիպչելով տարօրինակ կտրվածքներին, բղավեց․

-Բա՛րձր խոսեք, Իվա՛ն Տրոֆիմովիչ, ես լավ չեմ լսում։ Ինչ-որ մեկը ձե՞ռք է տվել դիակին։

-Ո՛չ, ուրբաթ հենց այսպես էլ բերել են․․․ Ես ինքս էլ եմ զարմանում։

-Լա՛վ, կհասկանանք, – փնթփնթաց Կոգանը, աչքի անցկացրեց հիվանդության պատմությունը, տարուբերեց գլուխը։ Շտապօգնությունը ուրբաթ օրը ժամը 22։45 էր բերել հիվանդին, և մեկ ժամ անց վերջինս մահացել էր։ Հավանաբար մահը դանակահարության արդյունքում էր վրա հասել․․․

Կոգանը հայացք գցեց դրված գործիքների վրա։ Ամբողջական հավաքակազմ՝ հերձակ, սղոց, անդամահատման դանակներ, կրանիոտոմ, ռասպատոր․․․ Սկսեց գանգից, ինչպես որ կարգն է։

Երկուսուկես ժամ անց Կոգանը ստորագրեց դիահերձման արձանագրությունը։ Մահը վրա էր հասել դանակահարության և դրան հաջորդող արյունահոսության արդյունքում, հարվածները և գանգի թեթև վնասվածքները, ինչպես նաև կոտրված ոտնաթաթերը չէին կարող մահվան պատճառ լինել։

Ճնշված և միանգամայն տանջված վերադարձավ տուն՝ հստակ վճիռով․ իր կյանքի վերջին դիահերձումն էր։ Մտքից դուրս չէին գալիս հանգուցյալի մեջքի վրայի համաչափ կտրվածքները։ Կատարյալ տիրապետում էր մարդկային մարմնի անատոմիային, բայց այդ կտրվածքների խորքում գտնվող երկու գրպանները, անհայտ նշանակության այդ երկու առաձգական պարկերն առաջին անգամ էր հանդիպում վաթսուն տարվա աշխատանքային գործունեության ընթացքում։

Կոգանը լայն մտահորիզոն և ռացիոնալ մտածելակերպ ունեցող բժիշկ էր՝ առանց որևէ մետաֆիզիկական թափառումների, բայց այդ հանգուցյալի անատոմիան նրա մտքերը տանում էր անցյալ դարում արդիական ֆանտաստիկ վեպերի ուղղությամբ, որոնք այլմոլորակայինների, օտարականների մասին էին, կամ դպրոցականների համար նախատեսված դիցաբանության․․․ Նա մոլորված և շփոթված էր։

Մարիա Ակիմովնան արդեն երկրորդ օրն էր, ինչ հիվանդանոցի զբոսայգու նստարանին նստած էր։ Սկզբում տեղեկատվական պատուհանի մոտ էր, իսկ հետո երբ այն փակվեց, դուրս եկավ փողոց և նստեց այգու նստարանին։

***

Նրա որդին՝ Վսեվոլոդը, Վոլեչկան, սովորականի նման ուրբաթ երեկոյան համերգ էր գնացել և չէր վերադարձել։ Շաբաթ առավոտյան զանգահարեց նրա ընկերը՝ դաշնակահար Միշան, որի հետ Վոլյան հաճախ էր նվագում, և հարցրեց՝ արդյոք տանն էր Վոլյան, թե ոչ։

            -Անհանգստանում եմ, Մի՛շա, տուն չի եկել և չի էլ զգուշացրել։

            -Ես հիմա կգամ, – պատասխանեց Միշան։

            Հեռախոսազրույցից մեկ ժամ անց կես կապույտ դեմքով և ծռմռված քթով Միշան եկավ Մարիա Ակիմովնայի մոտ՝ Դելեգացկայա փողոց։

            -Երեկ համերգից հետո դուրս եկանք, երեք մոտոցիկլետներով եկան տղաները, որոնք նույնպես երաժիշտներ են, շատ դաժան․․․ Մեզ ընդհանրապես չէին հավանում։ Արդեն վաղուց։ Առաջինը բռնեցին Վոլյային, խլեցին պատյանը, նա թեքվեց դեպի այդ տղան, իսկ մյուսը մոտոցիկլետով հենց ոտքերի վրայով անցավ, նա ընկավ, այդ պահին իմ աչքին էլ հասցրին, ես նույնպես ընկա։ Այլևս ոչինչ չեմ տեսել։ Ըստ երևույթին, անցորդներն են շտապօգնություն կանչել, իսկ թե ինչ եղան Նադյան և Դաշան, չիմացա։ Առավոտյան զանգահարեցի նրանց, չեն պատասխանում։ Հիմա, հիմա է պետք զանգել․․․

            Եվ Միշան սկսեց զանգել, պարզել, թե որ հիվանդանոց էին տարել նախորդ օրը Վոլյային։ Այնուհետև Մարիա Ակիմովնան զանգեց երեցփոխանին և ասաց, որ այդ օրը գիշերային հերթափոխին գալ չէր կարող, որովհետև որդին հիվանդանոց էր ընկել, և լավ կլիներ երեկոյան մաքրությանը կանչել Կիրիլովնային կամ հորաքույր Զինային։ Թեև երեցփոխանը խստապահանջ կին էր, Մարիա Ակիմովնային, որին ճանաչում էր դեռևս այն ժամանակներից, երբ վերջինս Մաշա էր, լավ էր վերաբերվում, չնայած որ բարձրից էր նայում նրան։ Սակայն Մարիա Ակիմովնային բոլորն էին բարձրից նայում՝ բացի որդուց և նրա երաժիշտ ընկերներից, բայց վերջինս չէր էլ նկատում դա։

            Կեսօրին եկան Լենինի պողոտայում գտնվող հիվանդանոց։ Ընդունարանում ասացին, որ Վոլյային տեղափոխել էին վիրահատական բաժանմունք, և պետք է արդեն գնային տեղեկատու։ Տեղեկատուում հյուսքով և ժապավենով երիտասարդ կինը աչքի անցկացրեց թղթերը և ասաց, որ մահացել էր։

            -Չեք կարող տեսնել։ Դիահերձարանում է։ Արդեն միայն դիահերձումից հետո կարող եք, – պատուհանիկից ասաց կինը։ – Իսկ փաստաթղթերը բաժանմունքում կստանաք․․․

            Միշան, որը Մարիա Ակիմովնայից շուտ էր գլխի ընկել, թե ինչ էր եղել, նստարանին նստեցրեց նրան և սկսեց լաց լինել։ Մարիա Ակիմովնան լուռ նստել էր նրա կողքին և ուղիղ դիմացն էր նայում։

            Նրա կյանքը կործանվել էր, վերջացել, և նա հասկացավ, որ միշտ էլ գիտեր, զգում էր, որ այդպես էլ լինելու էր։ Կյանքն ամենասկզբից աչքի առաջ եկավ։ Թե ինչպես էր մայրը մահացել, Նովոսյոլովո գյուղում հոր՝ խիստ և լռակյաց գյուղացի քահանայի հետ էր ապրել, դպրոց էր գնացել, բոլորից վատ էր սովորել, իսկ հետո գյուղի դպրոցը փակել էին, երեխաները սկսել էին վեց կիլոմետր այն կողմ գտնվող Պլես գնալ, իսկ նրա համար դժվար էր այդքան հեռու գնալը, քանի որ ամենափոքրն էր, թույլ էր և հաճախ էր հիվանդանում, տանն էր մնում, իսկ հայրը չէր ստիպում։ Այդպես տանն էր մնում, վառարանն էր վառում և ապուր ու շիլա պատրաստում, իսկ երբ մի փոքր մեծացավ, Մոսկվայից եկավ հոր ազգականներից մեկը՝ հորեղբայր Օսիպը, և նրանք զրուցեցին, ու նրան թվում էր, թե իր մասին էին խոսում։ Իսկ առավոտյան հայրն ասաց, որ այդուհետ ապրելու էր քաղաքում՝ հորեղբայր Օսիպի տանը։ Իսկ հայրը մեկնեց հյուսիս՝ Պսկով, դարձավ վանական, և այդ ժամանակվանից Մաշան ընդամենը մեկ անգամ էր տեսել նրան, երբ ծնվել էր Վոլեչկան։ Այդ ժամանակ հորեղբայր Օսիպը, որի հետ անձնագրով ամուսնացած էր, քանի որ ծեր էր, չգիտեր, թե ինչպես սենյակը թողներ Մաշային, նրան և Վոլեչկային տարավ հոր մոտ՝ վանք։ Հայրը մի բառ անգամ չասաց, ոչինչ չհարցրեց, սակայն նրա որդուն Վսեվոլոդ անվանակոչեց՝ ըստ տոնացույցի։

            Ամբողջ ընտանիքով վերադարձան Մոսկվա՝ Դելեգացկայա փողոց, որտեղ իրենց՝ մեծ կոմունալ բնակարանի սենյակում էին ապրում, Մաշան և Վոլյան այդ ժամանակ արդեն հաշվառված էին այնտեղ։ Շատ չանցած հորեղբայր Օսիպը մահացավ։ Մաշան աշխատանքի ընդունվեց մսուր՝ իբրև հավաքարար։ Վոլեչկայի հետ այնտեղ մնացին երեք տարի, իսկ հետո Վոլեչկային տեղափոխեցին մանկապարտեզ, և կրկին Մաշային բախտը ժպտաց, այնտեղ հավաքարարի հաստիք ազատվեց, և նրան ընդունեցին, և այդպես էլ շարունակվեց․ ամբողջ կյանքի ընթացքում որդու հետ էր՝ թե՛ դպրոցում, թե՛ երաժշտական ուսումնարանում։

            Վոլեչկան երեխա չէր, հրեշտակ էր․ խուլիգանների հետ չէր շփվում, թե՛ մանկապարտեզում, թե՛ դպրոցում ավելի շատ աղջիկների հետ էր ընկերություն անում։ Մոտավորապես տասը տարեկանում ինքն իր համար շվի էր սարքել, և փչում էր, նուրբ հնչյունները ծորում էին։ Իսկ դպրոցում վատ էր սովորում։ Այդպես էլ ավարտեց դպրոցը։ Բայց Մաշան չէր բարկանում նրա վրա, քանի որ ուսման մեջ նա նույնպես հաջողակ չէր եղել։ Գրել-կարդալ գիտեր, բայց ո՛չ մեկը, ո՛չ մյուսը անելու կարիք երբեք չէր լինում։ Եթե ազատ ժամանակ էր ունենում շարֆեր և բլուզներ էր գործում։ Վոլեչկայի համար սվիտեր էր գործում։

            Ամեն բան կարգին էր նրանց մոտ․ իրենց սենյակն ունեին, թեև աշխատավարձը ցածր էր, բայց ամեն ամիս ստանում էր։ Վոլյան երաժշտական ուսումնարան էր ընդունվել, վերցրին նրան, չնայած որ երաժշտական դպրոց չէր հաճախել։ Դասախոսները շատ էին հավանել նրան։ Ասել էին, որ երաժշտական տաղանդ ուներ։ Իսկ Մաշային որպես հավաքարար էին ընդունել ուսումնարան։ Շատ լավ էր կատարում իր աշխատանքը․ կամացուկ, աննկատ, իսկ մաքրությունն ասես ինքնուրույն էր ձևավորվում նրա շուրջ։ Բայց ուսումնարանը Վոլյան չավարտեց, հասարակական առարկաները (կուսակցական պատմություն, գիտական ​​աթեիզմ, տարբեր տեսակի քաղաքական տնտեսություններ) չէր կարողանում հանձնել, և այնքան շատ «պոչեր» էին կուտակվել, որ նրան հեռացրին։ Սկսեցին միանգամից բանակ կանչել, զորակոչային տարիք էր։ Բայց առողջական վիճակի պատճառով չտարան, հանձնաժողովը պալարախտ էր հայտնաբերել նրա մոտ։ Մարիա Ակիմովնան անհանգստացել էր, տղան միշտ առողջ էր եղել, որտեղի՞ց էր ծագել այդ հիվանդությունը։ Բայց նրա ծանոթ քահանան ասաց, որպեսզի բուժեր նրան, աղոթեր և հույսը դներ Աստծո վրա։ Սկսեցին հաբեր տալ նրան, խմում էր և կամաց-կամաց բուժվում։ Աշխատելու գնաց ատաղձագործական  արտել։ Նրան դուր էր գալիս։ Այնտեղ գրեթե բոլոր աշխատակիցները հաշմանդամներ էին, խաղալիքներ, գդալներ, ափսեներ էին պատրաստում։ Վսեվոլոդի մոտ լավ էր ստացվում աշխատանքը։ Եվ անընդհատ ֆլեյտա էր նվագում։ Նոտաներով էր նվագում, երբեմն՝ առանց, իր սեփական երաժշտությունն էր նվագում։ Մաշան շատ էր սիրում, երբ կանգնում էր անկյունում, վերցնում էր ֆլեյտան, և ֆլեյտայից հորդում էին մե՛րթ Հայդը, մե՛րթ Մոցարտը, մե՛րթ մեկ ուրիշ հասարակ երաժշտություն, որը Վոլյան էր հորինել, ընդամենը երեք-չորս նոտաներ էին, որոնք այնպես էին միահյուսվում, որ մե՛րթ ուզում էր լաց լինել, մե՛րթ ժպտալ․․․

            Հենց այդ ժամանակ էլ Վսեվոլոդի մոտ եկավ Միշան՝ իբրև աշակերտակից, արդեն ավարտել էր ուսումնարանը՝ դաշնամուրային մասնագիտացմամբ, սկսեցին միասին նվագել, հետո նրանց միացան ևս երկու երաժիշտներ՝ ջութակահար Նադյան և թավջութակահար Դաշան։ Կվարտետ ստեղծեցին և սկսեցին ելույթ ունենալ։ Նրանց գլխավորը Վոլեչկան էր։ Նա իր սեփական երաժշտությունն էր հորինում։ Նրա ֆլեյտան անընդմեջ լալիս էր և ժպտում, իսկ առանց դրա այդքան էլ լավ չէր ստացվում։ Բայց ատաղձագործական աշխատանքը չէր թողնում, քանի որ երաժշտությունից ոչ մի եկամուտ չուներ։ Անօգուտ ծախսեր էին միայն։ Ուզում էին ստուդիայում իրենց երաժշտությունը ձայնագրել, բայց ձայնագրության մեջ երաժշտությունը վատ էր հնչում։ Ֆլեյտան գրեթե չէր լսվում, մյուս գործիքները խլեցնում էին դրա երգեցիկ հնչերանգը, և ողջ թովչանքն անհետանում էր։ Բայց մարդիկ գալիս էին նրանց համերգներին։ Այդքան էլ շատ մարդ չէր գալիս, բայց նրանք, ովքեր գալիս էին, արդեն չէին հեռանում։ Եվ բերում էին ուրիշներին՝ իրենց նմաններին, որոնք յուրահատուկ երջանկություն էին փնտրում ֆլեյտայի հնագույն ելևէջներում։ Երաժշտությունն ասես պարզ և մանկական լիներ։

            Մաշան նույնն էր, միայն թե ծերացել էր, դարձել Մարիա Ակիմովնա, և այժմ հավաքարար էր աշխատում ո՛չ թե դպրոցում կամ ուսումնարանում, այլ Տվերսկայա փողոցի եկեղեցում։ Նրան առաջարկում էին մոմեր վաճառել, բայց փողի հետ գլուխ դնելու ցանկություն չուներ, բացի այդ՝ հաշվարկից նույնպես թույլ էր, վախենում էր սխալվել կամ ավելի վատ՝ նույնիսկ շատ հեշտությամբ կարող էին խաբել նրան։ Իսկ լաթի և դույլի հետ նա հաշտ ու համերաշխ էր։

            Գիտեր, միշտ էլ իմացել էր, որ իր որդին արտասովոր տղա էր, մի կաթիլ անգամ չարություն չկար նրա մեջ, բոլորը սիրում էին նրան։ Նա ասես չարիք չէր տեսնում, մի որոշ ժամանակ այն նույնպես չէր նկատում Վոլեչկային։ Իսկ աղջիկները հաճախ էին նկատում, շատերին էր նա դուր գալիս։ Շարունակ պտտվում էին նրա շուրջ․ ազատ տղամարդ էր, իսկ մեր քաղաքում այդքան էլ շատ չեն ազատ տղամարդիկ, մինչդեռ ազատ կանայք լիքն են։ Նրանցից ոչ ոքի չէր նեղացնում, ոչինչ չէր խոստանում, ոչ մի տեսակի տղամարդկային ուշադրություն չէր ցուցաբերում, և նրանք մեկը մյուսի հետևից հեռվանում էին նրանից․․․ Բոլորն, ըստ երևույթին, ցանկանում էին, որ Վսեվոլոդը ամուսնանար նրանց հետ։ Բայց Մարիա Ակիմովնան երբեք այդ մասին չէր խոսել որդու հետ․․․ Իհարկե, ափսո՜ս․․․ Դաշան լավն էր, Նադյան՝ նույնպես․․․

            Այդպես Մարիա Ակիմովնան նստել էր տեղեկատու պատուհանիկի կողքի նստարանին՝ առանց մի կաթիլ արցունք թափելու, իսկ նրա կողքին նստել էր Միշան և լաց էր լինում։ Իսկ Մաշան վերհիշում էր ապրած կյանքը և պարզ հասկանում էր, որ Վոլյան հեռացավ այնպես, ինչպես որ եկել էր՝ հրաշքի նման։ Չգիտեր, թե ումից էր հղիացել, որտեղից էր նա հայտնվել, և չգիտեր, թե ուր էր հեռացել։

            Միայն մի բանն էր սարսափելի․ ինչո՞ւ էին նրան սպանել։

            Եվ ո՞վ։ Ո՞ւմ էր նա խանգարում։

            Ըստ երևույթին, նույնը Միշան էր մտածում, որովհետև գրկեց Մարիա Ակիմովնային, ով ցածրահասակ էր, իսկ Միշան՝ երկար, մի գլուխ նրանից բարձրահասակ, և ասաց․

            -Մեղավորը Վոլյայի երաժշտությունն է, ամեն ինչում երաժշտությունն է մեղավոր։ Տանել չէին կարողանում այն, կրակի էր մատնում նրանց։ Այն՝ նրա երաժշտությունը, հրավառ էր։ Երկնային․․․

            -Այո՜, այո՜․․․ – գլխով էր անում Մարիա Ակիմովնան։ Նա համաձայն էր, որ նրա երաժշտությունը երկնային էր։ Ջանքեր էր գործադրում, որպեսզի հիշեր այն, բայց չէր կարողանում։ Նրա հետ գնաց նաև այդ երաժշտությունը․․․

***

            Ցավն ապշելու աստիճան մեծ էր․ ավելին, քան կարելի էր պատկերացնել։ Ամբողջությամբ ճակատի մեջ էր տեղավորվում, իսկ նա կախված էր դրանից, ինչպես խոհանոցային սրբիչն է կախված լինում մեխից։ Այդ ցավը, սուր ծայր ուներ։ Այն կոնաձև էր և հենց այդ սուր ծայրին էր կենտրոնացված։ Ամբողջ աշխարհում ոչինչ չկար՝ բացի այդ ցավից։ Բայց հանկարծ մի փոքրիկ, փայլփլուն կետ հայտնվեց, այն ասես շարժվում էր, թեթևակի պտտվում և դեպի իրեն էր քաշում նրան։ Սև կոնի պատերն է՛լ ավելի սևացան, և նկատելի դարձավ, որ դրանք շարժվում են, ասես այդ պայծառ կետը ստիպում էր դրանց պտտվել և ներքաշում էր դրանց։ Իսկ ինքը զգում էր այդ շարժման քաշող ուժը։ Կետը լայնանում էր, դրա միջից երևում էր արևի վառ ճառագայթը, և նա նետվեց այնտեղ։ Ցավը նրա հետ էր, բայց նույնպես պտտվում էր և դադարում էր այդչափ տանջալից լինելուց։ Ու «լյա» նոտան ծագեց այդ լայնացող կետի մեջ, և նա լիովին հարմարվեց դրան ու շարժվեց այդ լույսի կողմ։ Խավարի միջանցքը պտտվում էր, ճնշում էր նրան, հետո թեթևակի ճեղքվածք էր տալիս, ասես լայնանում էր, և շարժումը դեպի լուսավոր կետ ավելի զգալի էր դառնում։ Անկախ իր կամքից քաշում էր նրան այնտեղ, բայց նրա կամքը նույնպես ձգվում էր դեպի այդ կողմ։

            Դժվարին տուն վերադարձը մի ակնթարթ հայտնվեց նրա մտքում։ Չորս սև պատերի ճնշումը թուլանում էր։ Արդեն գրեթե հասել էր ամեն ինչի վրա տարածվող լույսին։ Բայց նորից վերադարձավ ցավը՝ այս անգամ ոչ թե կոնաձև, խրվելով ճակատի մեջ, այլ արդեն ծակելով մեջքը՝ սուր, ասես կրկնակի լիներ։ Եվ այդ պահին ինչ-որ սաստիկ ուժ դուրս հրեց նրան այդ սև խողովակից, մեջքի ցավը բռնկվեց և հանդարտվեց։ Վերջին ճիգերը գործադրելով՝ բացեց հենց նոր մեջքին ակոսված մեծ, խոնավ թևերը։

            Ոտքերը թեթև շարժումներ իրականացրին, ինչպես թույլ լողի ժամանակ, ձեռքերն ազատ տարածվել էին ամբողջ երկարությամբ, թևերի ամբարձիչ ուժը դեպի վերև էր սլացնում նրան, և նա զգաց, որ ամեն ինչի չափսերը փոփոխվել են, քանդվեց կոորդինատային ցանցը, որին նա վարժվել էր, իսկ «լյա» հնչյունն աներևակայելի կերպով լայնացավ՝ ասես ներծծելով լսելիի բոլոր երանգները և այն երանգները, որոնք դուրս էին մարդկային լսողական համակարգի սովորական շրջանակից․․․ Այն ցավից վեհ էր, ցավը մնացել էր ոտքերի տակ։

             Նրանք կարծում են, թե սպանել են ինձ։ Բայց դա անհնար է։ Ոչ ոքի սպանել հնարավոր չէ։ Խեղճ չարաճճի երեխաներ․․․ Եվ այդ պահին կողմնային տեսողությամբ նկատեց նոր կիսաթափանցիկ և շողշողուն թևերի վերնամասերը։ Գույն չունեին, արտացոլում էին շուրջը տարածվող փայլը, վարդագույն և կանաչավուն երանգ էին տալիս, իսկ այդ թևերն այնքան հեշտ էր կառավարել, որքան խմելը կամ երգելը․ ընդամենը թեթևակի ջանք էր հարկավոր, որը գործադրում ես քայլելիս կամ լողալիս։ Եվ նա լողաց՝ վայելելով շարժումը, քամու քնքշությունն ու լույսի թեթևակի դռդռոցը․․․

            Բայց առաքելությունս այդպես էլ չկատարեցի։ Իսկ հնարավո՞ր էր այն կատարել։ Չէ՞ որ ես առաջինը չեմ, ով չի կարողացել կատարել։ Քանի՞սն են եղել նրանք՝ անմեղ ծնվածները։ Մեկն ասում էր, որ նրան չէին կարողացել լսել, մյուսը գրում էր, բայց ոչ ոք չէր հականում նրա գրածները, կար նաև մեկը, ով երգել էր, բայց նրան նույնպես չէին կարողացել լսել։ Իսկ ես ֆլեյտա էի նվագում․․․ Որտե՞ղ է ֆլեյտան։ Կաշվե բաճկոնով այդ դժբախտ տղա՞ն էր խլել այն։ Ափսո՜ս։ Հանկարծ հասկացավ, որ ֆլեյտան իր մո՜տ էր։ Այն խրված էր լայն գոտու մեջ, որն ամուր ձգում էր նրա մարմինը։ Նա հանեց այն։ Բլոկֆլեյտա՝ փայտե, երկար, դիմային հատվածի վրա յոթ անցքերով և հակառակ կողմում օկտավային կափույրով։ Մոտեցրեց շրթունքներին և փչեց։ Եվ այն լավագույն ձայներից մեկով հնչեց։

            Նա սավառնում էր անծանոթ աշխարհում, ամեն րոպե ճանաչելի էր դառնում փոխադրանկարի նման, որը փայլփլում է անպետք թղթի կտորի տակ։ Ո՛չ, այդ աշխարհն անծանոթ չէր։ Մենք բոլորս այստեղ եղել ենք, եղել ենք․․․ Նա լիովին տրվեց և՛ շարժմանը, և՛ մեղեդիին, և՛ անհայտացող մտքին։ Այն՝ այդ չարտահայտված միտքը, ինչ-որ տեղ էր կանչում նրան։ Եվ նա լողաց այնտեղ, ուր այդ միտքն ուղղորդում էր նրան։ Եվ չկային ոչ մի «սկզբում» և «հետո»․ ամեն բան միաժամանակ էր և լիաչափ։ Իսկ այդ ժամանակն ավարտվել է, – գլխի ընկավ նա։

***

            Արդեն երկար տարիներ էր, ինչ Կոգանը ննջասենյակում՝ կնոջ հետ չէր քնում, աշխատասենյակում էր փռվում՝ նեղ թախտին։ Երեկոյան երկար ընթերցում էր, հետո նամակ գրեց որդուն, որը ինչ-որ կաբալիստական գրքերով էր տարվել։ Որդին ապրում էր Թել Ավիվի մերձակայքում գտնվող Բնեյ Բրակ փոքրիկ քաղաքում, և ծերուկը փորձում էր ձևացնել, թե որևէ կերպ կապի մեջ էր նրա հետ։ Հետո նամակ գրեց դստերը՝ ամերիկյան համալսարանի պրոֆեսորին։ Նա զբաղվում էր ժամանակակից հոգեբանությամբ։ Երբեմն իր աշխատությունների հղումներն էր ուղարկում հորը, և վերջինս տհաճությամբ ընթերցում էր նրա հոդվածները, որոնք նույն բողոքի զգացումներն էին արթնացնում նրա մեջ, ինչ որդու խորհրդածումները․․․ Այդ օրվա աուտոպսիան վերհիշեց։ Թիակների կտրվածքների առեղծվածային պարկերն անբացատրելի էին, նյարդայնացնում էին իրենց անբացատրելիությամբ և ընդհանրապես չէին համապատասխանում նրա խիստ և ճշգրիտ գիտելիքներին։ Նայեց ժամացույցին, արդեն գիշերվա երեքն էր։ Գնաց լոգարան, հանեց դնովի ծնոտը, դրեց ջրով բաժակի մեջ, ողողեց բերանը, որոշակի դժվարությամբ միզեց։ Պառկեց և միանգամից քնեց։ Բայց շատ չանցած արթնացավ։ Դիմացն ինչ-որ աղոտ, բաց գույնի ուրվապատկեր էր՝ անճանաչելի ծանոթ։ Կոգանը շարժում արեց դեպի այն, անկողնու մեջ տեղից մի փոքր վեր կացավ։ Իսկ և իսկ այդ օրվա հանգուցյալն էր։ Ոչ մի բառ չարտաբերվեց։ Միայն կամացուկ, ասես հարևանների տանից, հնչում էր աղքատիկ, պայծառ մի երաժշտություն։ Ֆլեյտա։ Եկածը հրավիրում էր գնալ նրա հետևից։ Եվ Կոգանը գնաց։ Կատարվածում միստիկայի չնչին երանգ անգամ չկար։ Համոզիչ իրականություն․․․

            Առավոտյան Կոգանի կինը երկու անգամ կանչեց նրան նախաճաշելու, նա չէր գալիս։ Մտավ աշխատասենյակ։ Մահացած Կոգանը, վանդակավոր ծածկոցով փաթաթված պառկած, ժպտում էր։

Թարգմանությունը ռուսերենից՝ Էլիզա Ստեփանյանի

[1] Դիահերձում։

[2] Սուր վարակիչ (գլխավորապես մանկական) հիվանդություն, որ արտահայտվում է մարմնի ընդհանուր թունավորումով, կոկորդի ցավով և կարմրավուն ցանովի՝ մաշկի վրա (սկառլատինա):

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *