Ես հիշում եմ մի երիտասարդ մարդու, մի մարդ՝ դեռևս երիտասարդ, ում մահանալ՝ մահն ինքն էր արգելել և միգուցե անարդարության սխալը։
Հակահիտլերյան խմբավորմանը[1] հաջողվել էր ամուր դիրք հաստատել ֆրանսիական հողում։ Գերմանացիները, արդեն պարտված, անօգուտ կերպով շարունակում էին կռիվն անմիտ դաժանությամբ։
Մի մեծ տանը (ինչպես ասում էին՝ Դղյակում), դուռը թակեցին բավականին վախվորած։ Ես գիտեմ, որ երիտասարդը գնաց դուռը հյուրերի առաջ բացելու, որոնք, հարկավ, օգնություն էին խնդրում։
Այս անգամ՝ գոռոց․
«Բոլորդ դո՜ւրս»։
Նացիստ լեյտենանտը, խայտառակ սովորական ֆրանսերենով, դուրս բերեց նախ ամենատարեց մարդկանց, այնուհետև երկու երիտասարդ աղջիկներին/կանանց:
«Դո՜ւրս, դո՜ւրս»․ գոռաց այս անգամ։ Սակայն, երիտասարդը չէր փորձում փախչել, այլ առաջանում էր ծանրորեն՝ գրեթե քահանայական:
Լեյտենանտը թափ տվեց նրան, ցույց տվեց պարկուճները, փամփշտագնդակները․ ակնհայտ էր, որ կռիվ էր եղել, և հողը մարտադաշտ էր։
Լեյտենանտը խլացավ արտառոց լեզվում, և դնելով պարկուճները, փամփշտագնդակներն ու նռնակը երիտասարդի քթի տակ, արդեն իսկ պակաս երիտասարդ (մարդն արագ է ծերանում), վճռականորեն գոչեց.
«Ահա ինչի եք դուք հասել»։
Նացիստը շարեց իր մարդկանց շարքով, ըստ կարգի, մարդկային թիրախին խփելու համար:
Երիտասարդն ասաց․
Գոնե թույլ տվեք ընտանիքս ներս մտնի:
Իմա՝ հորաքույրը (94 տարեկան), իր ավելի երիտասարդ մայրը, քույրն ու հարսը․ երկար ու անշտապ, լուռ քայլերթով, ասես ամեն ինչ արդեն ավարտված էր։
Ես գիտեմ, գիտեմ, որ այն մեկը, ում վրա արդեն նպատակադրել էին գերմանացիները, այլևս ոչ մի բան չէր սպասում բացի վերջին հրամանից։ Այդ պահին նա զգաց արտասովոր թեթևության զգացում, մի տեսակ երանություն (ոչ մի բանի ուրախ, սակայն), ծայրագույն ցնծություն: Մահվան ու մահվան հանդիպում:
Նրա փոխարեն ես չէի փորձի վերլուծել այդ թեթևության զգացումը։ Գուցե նա հանկարծ դարձել էր անպարտելի։ Մեռյալ-անմահ։ Գուցե հենց էքստազ էր: Ավելի շուտ կարեկցանքի զգացում էր տառապող մարդկության հանդեպ, անմահ կամ հավերժ չլինելու երջանկություն: Այդու նա մահվան հետ կապված էր գաղտնի բարեկամությամբ:
Այսժամ, հանկարծ վերադառնալով աշխարհ, լսվեց մոտալուտ մարտի բարձր թնդյունը։ Մաքիի մարտական ընկերները ցանկանում էին օգնել այն մարդուն, որը, ինչպես հայտնի էր իրենց, վտանգի մեջ է։ Լեյտենանտը հեռացավ իրավիճակը գնահատելու։ Գերմանացիները մնացին կարգով-շարքով, պատրաստ կանգնելու այդ անշարժության մեջ, որն ասես կանգնեցնում էր ժամանակը։
Եվ ահա նրանցից մեկը մոտեցավ և վճռական ձայնով ասաց. –«Մենք ոչ թե գերմանացիներ ենք, այլ ռուսներ», և մի տեսակ ծիծաղով ավելացրեց․ – «Վլասովի բանակից» -, և նրան նշան արեց, որ անհետանա։
Կարծում եմ, որ նա հեռացավ, [դեռ] թեթևության զգացումով, մինչև, որ հայտնվեց մի հեռավոր անտառում, որը կոչվում էր «Բուա դը բրույեր», ուր նա մնաց թաքնված իրեն քաջածանոթ ծառերի տակ։ Հանկարծակի, խիտ անտառում, որոշ ժամանակ անց, վերագտավ իրականության զգացումը:
Ամենուրեք հրդեհներ, հրդեհապար շղթաներ. այրվում էին բոլոր ագարակները։
Անգամ փքված ձիերը, ճանապարհին, դաշտերում, վկայում էին շարունակվող պատերազմի մասին: Իրականում, որքան ժամանակ է անցել:
Երբ լեյտենանտը վերադարձավ և տեղեկացավ, որ դղյակի երիտասարդ տիրուհին անհետացել է, ինչու բարկությունը, ցասումը նրան չմղեցին կրակի մատնել դղյակը (անշարժ և վեհաշուք): Որովհետև դա դղյակ էր:
Ճակատամասի վրա, նման անխախտելի հիշեցման, դրոշմված էր 1807 տարեթիվը։
Արդյո՞ք նա այնքան կրթված էր, իմանալու համար, որ դա Ենայի հայտնի տարին էր, երբ Նապոլեոնը, իր փոքր մոխրագույն ձիով անցավ Հեգելի պատուհանների տակով, որը ճանաչեց նրա մեջ «համաշխարհային հոգին», ինչպես գրեց իր ընկերոջը[2]: Կեղծիք և ճշմարտություն. թեպետ ինչպես Հեգելը գրել է իր մեկ այլ ընկերոջ, ֆրանսիացիները քրքրել և թալանել են իր տունը: Սակայն Հեգելը գիտեր տարբերել փորձով հաստատվածն ու էականը։
Այդ տարի՝ 1944 թվին, նացիստ լեյտենանտը ինչ-որ ակնածանք կամ մտադրություն ուներ դղյակի նկատմամբ, ինչն իր մեջ չէին առաջացնում ագարակները։ Ամեն ինչ, սակայն, խուզարկվել է։ Որոշակի գումար են վերցրել։ Առանձնասենյակում՝ «բարձր պալատում», լեյտենանտը թղթեր ու մի հաստ ձեռագիր գտավ, որը, ըստ երևույթին, ռազմական ծրագրեր էր բովանդակում։ Ի վերջո նա գնաց։ Ամեն ինչ այրվում էր, բացի Ամրոցից: Ավատատերերը փրկված են։
Այդ ժամանակ, անկասկած, երիտասարդի համար սկսվեց անարդարության տանջանքը։ Այլևս ոչ մի հափշտակություն․ զգացողություն, որ նա ողջ է միայն այն պատճառով, որ նույնիսկ ռուսների աչքում նա ազնվական դասի էր պատկանում։
Պատերազմն այդ էր, որ կար․ մի մասի համար կյանքը, մյուսների համար՝ մարդասպանության վայրագությունը:
Այսուհանդերձ, այն պահին, երբ կրակոցներն այլևս սառեցված էին, մնաց այն թեթևության զգացումը, որը ես անկարող եմ թարգմանել. ազատագրում կյանքի՞ց, բացվող անսահմանությո՞ւն: Ո՛չ երջանկություն, ո՛չ դժբախտություն։ Ոչ վախի բացակայություն, և միգուցե արդեն մեկ քայլ դեպի այն կողմ։
Գիտեմ, երևակայում եմ, որ այս անվերլուծելի զգացումը փոխեց այն, որը մնացել էր իր գոյությունից։ Կարծես նրանից դուրս գտնվող մահը կարող էր միայն բախվել նրա ներսում գտնվող մահվանը:
«Ես ողջ եմ։ Ոչ, դու մեռած ես»:
Ավելի ուշ, Փարիզ վերադարձած, նա հանդիպեց Մալրոյին[3]։ Մալրոն պատմեց նրան, որ իրեն գերեվարել էին (առանց ճանաչելու), սակայն հաջողվել էր փախչել՝ մի ձեռագիր կորցնելով։ «Դրանք լոկ արվեստի մասին մտորումներ էին, դյուրությամբ վերականգնվող, մինչդեռ ձեռագիրը չի կարող վերականգնվել: Պոլանի[4] հետ միասին նա հետաքննություններ անցկացրեց, որոնք չէին կարող ապարդյուն չլինել։
Ի՞նչ փույթ: Մնում է միայն թեթևության զգացումը, որը հենց մահն է կամ, ավելի հստակ՝ մահվանս ակնթարթը, որն այժմ և միշտ սպասման մեջ է։
Թարգմանությունը ֆրանսերենից՝ Սահակ Գալոյանի
[1] «Հակահիտլերյան խմբավորում»-ը (կամ «Դաշնակցային ուժեր») երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում կազմավորված կոալիցիա էր, որը միավորում էր մի շարք երկրներ՝ նպատակ ունենալով կասեցնել և ջախջախել նացիստական Գերմանիայի, ֆաշիստական Իտալիայի, Ճապոնիայի և նրանց դաշնակիցների ռազմական և քաղաքական նկրտումները։ Կոալիցիայի առանցքային ուժերը ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Խորհրդային Միությունն էին, որոնց հետ համագործակցում էին բազմաթիվ այլ երկրներ։
[2]«Ես տեսել եմ, թե ինչպես է Կայսրը՝ այս համաշխարհային հոգին, քաղաքից դուրս գալիս հետախուզության։ Արդարև, սքանչելի զգացողություն է տեսնել այնպիսի մարդու, ով, այստեղ կենտրոնանալով մի կետի վրա, ձիու վրա նստած, ձգվում է աշխարհով մեկ և իշխում նրա վրա․.. այս ամբողջ առաջընթացը հնարավոր դարձավ միայն այս նշանավոր մարդու շնորհիվ, որով անկարելի է չհիանալ»:
(Հեգելի նամակը գրված, 1806 թվականի հոկտեմբերի 13-ին՝ Յենայի ճակատամարտից մեկ օր առաջ, իր ընկեր Ֆրիդրիխ Իմմանուել Նիթհամմերին ուղղված նամակում) ( թարգմ․՝ Ս․Գ․ )։
[3] Անդրե Մալրո (1901-1976 թթ․,) ֆրանսիացի գրող, արվեստաբան և քաղաքական գործիչ։ 1930-ականներին Անդրե Մալրոն ակտիվորեն մասնակցել է ֆաշիզմի դեմ պայքարին և դարձել մշակույթի պաշտպանության միջազգային շարժման առաջամարտիկներից մեկը՝ միաժամանակ պահպանելով անկախ դիրքորոշումը։
[4] Ժան Պոլան (1884-1968 թթ․,) ֆրանսիացի գրող, գրականագետ և խմբագիր էր, ով մեծ ազդեցություն ունեցավ ֆրանսիական գրականության և քննադատական մտքի վրա։ Նա երկար տարիներ ղեկավարել է «Նուվել ռեվյու ֆրանսեզ» (La Nouvelle Revue Française) ամսագիրը, խրախուսելով ժամանակի նորարար գրողներին, այդ թվում՝ Ալբեր Կամյուին և Ժան Պոլ Սարտրին։