Գրեգորի Կորսո | Մահվան տարեդարձը

Բիթ շարժման վառ ներկայացուցիչներից էր: Ներկայացված պոեմներից որոշները Գրեգորի Կորսոյի «Մահվան տարեդարձը»` քաոս հիշեցնող ժողովածուից են: Այդ ժողովածուն հեղինակի ամենածանր շրջանում է ստեղծվել:

 

Միջնադարյան անատոմիա

Բերանը դղյակն է,
ատամները՝ դարպասը:
Լեզուն դրակոնն է,
կոկորդն էլ՝ զնդանը:
Քիթը նետաձիգն է,
աչքերն՝ աշտարակները
խարտյաշ կույսերի:
ուղեղը դիտակետն է,
որից դավաճան սև ասպետին
նշմարել է լինում:

 

Աշխարհի քարտեզին նայելիս

Գերմանիան մսատեր է՝
միշտ լիքը սեղաններով:
Մտքովս կապիկի միս ուտել էր անցնում,
բայց տենց էլ չփորձեցի:

Հոլանդացի երեխեքը սիրուն են, խարտյաշ.
հեչ նման չեն Բրեյգելի
անմեղ թոթոլներին:

Շվեդիան էլ տարածաժամանակային
օդանավակայան կառուցելու
քայքայիչ մտքեր ունի:

Անգլիական Սբ. Պողոսն էլ
Աստծո մարդկանց սենյակն է:

Ֆրանսիան տարօրինակ գիլյոտինի հայրն է:

Իտալիան՝ աշխարհի գեղեցկության մայրը:

Իսպանիայում արյունաշրջանառության
պաշտամունքը պղտորում է տխրուրախությունը:

Մոնակոն անպիտան է:

Մեքսիկան էլ Տասը պատվիրանների
գերին է՝ Աստծո մեծագույն ձեռքբերումը:

Ամերիկան ամենախոստումնալից կայսրությունն է.
դրոշմանիշ սիրողները պիտի վերանայեն
իրենց ամերիկյան հավաքածուն:

Վենեսուելայի ափով էլ դիակներ են ցրված:

 

Կատարյալ խառնաշփոթ… համարյա

Վեց սանդուղք վազեցի վերև՝
դեպի փոքր սենյակս
բացեցի պատուհանս
ու կյանքում ամենակարևոր բաները
սկսեցի դուրս շպրտել:

Առաջինը Ճշմարտությունն էր, որ գործ տվողի նման ղժղժում էր.
«Մի’ արա. ահավոր բաներ կպատմեմ քո մասին»:
«Իյա, իրո՞ք: Թաքցնելու բան չունեմ, ռադդ քաշի’ր»:

Հետո Աստծո հերթն էր, որ ապշած նվնվում էր կատաղությունից.
«Ես մեղք չունեմ, ես էս ամենի հետ կապ չունեմ»:
«Ռա’դ եղիր»:

Հաջորդը կաշառատու Սերն էր.
«Խոստանում եմ՝ երբեք չես իմանա՝ իմպոտնցիան ինչ է,
Vogue-ի կազմերի բոլոր աղջիկները, բոլորը՝ քեզ»:
Էդ հաստաքամակին դուրս հրեցի՝ գոռալով.
«Հիասթափեցնելու համար մի հատ ես»:

Վերցրի Հույսը, Հավատն ու Կարեկցանքը,
որ երեքով կպել էին իրար.
«Առանց մեզ կմեռնես հաստատ»:
«Ավելի շուտ կգժվեմ ձեր երեսից: Հաջողություն»:

Հետո՝ Գեղեցկությունը… ա՜խ, Գեղեցկությունը:
Պատուհանի մոտ տանելիս ասացի.
«Քեզ բոլորից շատ էի սիրում…
բայց դու մարդասպան ես: Գեղեցիկն սպանում է»:

Իրականում նրան գցելու միտք չունեի
միանգամից վազեցի ներքև
ճիշտ պահի հասա, նրան բռնեցի
«Դու ինձ փրկեցիր», գոռաց:
Վայր դրեցի՝ ասելով. «Գնա»:

Վեց սանդուղք հետ բարձրացա,
որ փող գտնեմ,
բայց դուրս շպրտելու փող չկար:

Սենյակում միայն Մահն էր մնացել
թաքնվել էր խոհանոցի լվացարանի հետևում ու գոռում.
«Ես իրական չեմ.
ես ընդամենը բամբասանք եմ, որ կյանքն է տարածել»:

Ծիծաղելով դուրս շպրտեցի Մահը, հետն էլ՝ լվացարանն ու մնացած ամենը
ու հանկարծ հասկացա,
որ միայն Հումորն է մնացել:

Դե, Հումորին միայն կարող էի ասել.
«Հլը պատուհանը վերցրու ու դուրս շպտրվիր»:

 

Առավոտ շուտ գրված

1
Աքլորը կանչեց արեւածագին
Հավը քնած է
– Հավանոցում ձվածեղ է սարքվում
2
Սա էլ Զեւսն է՝
քաղված մի տանձ,
որ ամերիկացի փոքրիկ է կծոտում

3
Մի մարդ փողոցն է անցնում
Անկյունում կանգնած ծափահարում եմ
– բարեհաջող անցավ

4
Մեխն իր ճամփան է գտնում
մուրճի ամեն
հարվածի շնորհիվ

5
Տաքսին կանգ է առնում 42 փողոցի գրադարանի մոտ
– չեմ հասկանում

6
Երկու մարդ իրար աչքերի մեջ են նայում
– մի կոշիկը չկա

7
Ոսկե անհնազադնության ճառագայթներ
– հսկայական բարձերի մեջ հազալով

8
Մոր խոսքերը
Երեխայի լսելը
– թագավորություն այրելու պլանները

9
Շնորհակալ ենք Աստծուն Լոնգիի համար
նրա երկար թիկնոցները
ու Նապոլեոն գլխարկները
ու երկարաքիթ սպիտակ դիմակները
– Ինձ նման մի թռչուն
անցնում է Մոնոպրիքսի վրայով

10
Աղջիկս, ներիր քեռուդ
Կեսօրի անիծյալ քամու ժամանակ
քեռի լինել ես չեմ կարող

Թարգմանությունը անգլերենից՝ Լիլլի Ղազարյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *