Հեռուստատեսային լուրերը լսելուց հետո թոշակառու Պայքարը մռթնած դեմքով դուրս է գալիս տնից ու քայլում դեպի կանգառ: Ճանապարհի կեսից կանգ չի առնում, նույնիսկ երբ հարևան թոշակառուները հրավիրում են տաղավարում մի օյին նարդի շրխկացնելու, քանզի գիտակցում էր, որ ուզեր, թե չուզեր, քաղաքականության մասին ակամայից խոսք էր բացվելու, իսկ դրա շուրջ խոսելու ցանկություն Պայքարն ամենևին էլ չուներ, առավել ևս՝ լուրերի առավոտյան թողարկումից հետո:
Չէր խնայում իրեն Պայքարը. մի կողմից՝ առողջական խնդիրները, մյուս կողմից՝ անտեր քաղաքականությունը: Ժամանակի ընթացքում նա դարձել էր հիվանդությունների քայլող պատմություն, ինչպես պոլիկլինիկայի բուժքույրն էր նրան հաճախ այդպես կոչում՝ անկետան լրացնելիս: Նույնիսկ հանգիստ վիճակում նրա ճնշումը հաճախ նորմայից բարձր էր լինում, իսկ լուրերը լսելուց հետո կրկնակի էր բարձրանում: Ստամոքսը ցավում էր, երբ ուտում էր տապակած կամ կծու ուտեստներ։ Անհանգստանում էր կրծքավանդակի սեղմող ցավից, ինչը սիրտ-անոթային խնդրի մասին էր վկայում: Արդեն մեկ տարի կլիներ, ինչ թողել էր ծխելը (չնայած մերթընդմերթ, կնոջից թաքուն, մեկ հատիկ փստացնում էր), բայց բրոնխիտը չէր վերացել և արտահայտվում էր չոր հազով: Արթրիտն էլ ցուրտ եղանակներին էր իր մասին հիշել տալիս: Այդ ամենի հետ մեկտեղ՝ երբեմն էլ, տարիքի բերումով, ունենում էր հիշողության կորստի դրսևորումներ, և պատահում էր, որ մոռանում էր՝ լուրերը լսե՞լ է, թե՞ ոչ, ինչի պատճառով լսում էր տվյալ թողարկման կրկնությունն ու երկրորդ անգամ նյարդայնանում:
Այդ օրը տնից դուրս գալու պատճառը նույնպես մոռացության էր մատնվել: Չէր հիշում, թե ուր պետք է գնար, բայց դուրս եկավ՝ հույսով, որ ճանապարհին կհիշի: Եկավ, հասավ կանգառ, սակայն գլխում պտտվում էին նախագահների հանդիպումները, ելույթները, քաղաքական գզվռտոցները, ընտրությունները, պատերազմները և դավադրության տեսությունները: Որքան էլ փորձում էր ուղեղին զոռ տալ, միևնույն է՝ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների թեկնածուների անուններն ավելի լավ էր հիշում, քան իր օրվա անելիքը:
Կինը՝ Թամարը, չէր կիսում ամուսնու քաղաքական հայացքները, բայց որովհետև վախենում էր Պայքարի զավզակությունից, որը երկու ժամից պակաս չէր տևում, նախընտրում էր լռել: Պայքարն ինքն էլ հոգնել էր ճառաբանելուց և քաղաքական երկխոսությունների մեջ մտնելուց, մեկ է՝ իրեն ոչ ոք չի լսում, իսկ աշխարհը վարի է գնում: Ուզում են կործանե՞լ մոլորակը՝ թող կործանեն, իրե՞ն ինչ…
Վերջապես ժամանում է ավտոբուսը: Մի երիտասարդ իր տեղն է զիջում Պայքարին, և թոշակառուն հարմար տեղավորվում է: Ավտոմեքենայի հռնդյունն ու փողոցի աղմուկը խլացնում են ժողովրդի՝ քաղաքական տգետներից բաղկացած լինելու մասին Պայքարի մտքերը: Փոխարենը՝ մաս-մաս վերականգնվում է հիշողությունը, և աստիճանաբար բացահայտվում տնից դուրս գալու և դեպի Պրոսպեկտ ուղևորվող ավտոբուսը նստելու շարժառիթը: Բայց հանկարծ կտրվում է Պայքարի հիշողության թելը, երբ ավտոբուսն անցնում է ԱՄՆ դեսպանատան մոտով: Թոշակառուն զայրանում է և քթի տակ փնթփնթալով՝ մտովի անեծքներ է ուղղում դեսպանատան շենքի կողմը: Դարձյալ մոռանալով Պրոսպեկտ գնալու դրդապատճառը՝ նա վերստին հիշում է ԱՄՆ-ի վերջին նախագահական ընտրությունների արդյունքները և թթված դեմքով իջնում ավտոբուսից: Նա համոզված էր, որ սխալ ավտոբուս է նստել, քանզի իր նախընտրած երթուղայինները երբեք չեն անցնում այդ անիծյալ դեսպանատան կողքով:
Կանգառում մի քանի րոպե սպասելուց հետո Պայքարը Պրոսպեկտ ուղևորվող մեկ ուրիշ ավտոբուս է բարձրանում: Նստելատեղերը զբաղված են լինում, և ուղևորներից ոչ ոք, այդ թվում՝ ջահելները, ծերունուն չեն զիջում իրենց տեղը: Պայքարին դա ավելի է վրդովեցնում, քան ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները: Իբր դա քիչ էր՝ երկու կին էլ իսրայելա-պաղեստինյան հակամարտության հնարավոր ավարտն էին քննարկում հենց իր քթի տակ: Պայքարը մի կերպ զսպում է իրեն, որ նրանց ամոթանք չտա քաղաքական վայրուվերումների, անգիտության համար: Վճարելով երթևեկության գումարը՝ նա, ավելի նյարդայնացած, լքում է ավտոբուսը:
Որոշում է մնացած ճանապարհն անցնել ոտքով, բայց շատ չանցած՝ հոգնում է: Հասնելով կանգառ՝ նորից ավտոբուս է նստում ու փայփայում այն հույսը, որ քաղաքականությունն իրեն չի հետապնդի, և ինքը վերջապես կհիշի, թե ինչի համար է գնում Պրոսպեկտ:
Նա տեսնում է վերջին շարքում նստած մի տարեց տղամարդու, ում ոտքերի մոտ դրված տարողունակ պայուսակի միջից դուրս էին ցցվել որոշ շինգործիքների կոթեր: Հանձին նրա տեսնելով շինարարի՝ Պայքարն ուրախություն է զգում, քանի որ ինքն էլ էր ժամանակին զբաղվել շինարարությամբ և ակնկալում էր հաճելի զրույց ունենալ այդ ոլորտի աշխատողի հետ: Թարսի պես մոտենում էր տարեց մարդու՝ ավտոբուսից իջնելու պահը, ու հենց Պայքարը գալիս, նստում է նրա կողքին՝ նա վերցնում է իր պայուսակն ու հեռանում: Նրա տեղը զբաղեցնում է գեղեցկատես, ինքնագոհ դեմքով մի կին, որը սմարթֆոնով տեսանյութ է դիտում և ականջակալով լսում: Պայքարի աչքից չի վրիպում տեսանյութի բովանդակությունը, որն առնչվում էր ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին: Ինչ-որ մեկը պաստառ էր թափահարում՝ «Make America Great Again» գրությամբ: Թեպետ Պայքարին անհասկանալի էր պաստառին գրվածը, բայց, նրա ընկալմամբ, եթե գրությունը հայերեն չէ, ուրեմն արժանի չէ ուշադրության։ Դեմքը մոտեցնելով կնոջը` Պայքարը ցանկանում է դիտողություն անել նրան` քաղաքական իրադարձությունների շրջանակում ոչ ստույգ աղբյուրներից տեղեկություններ քաղելու համար։ Բայց թոշակառուի ականջը, ինչպես զգուշացած կատվինը, ձգվում է, երբ առջևում հանկարծ լսվում են ինչ-որ շշուկներ։ «Էլ մեքսիկներ չեն լցվի»,- փսփսում է ուղևորներից մեկը: «Տո չէ՛ հա, Ամերիկան ա, մեկ ա՝ լցվելու են»,- պատասխանում է մյուս ուղևորը: «Դե, գոնե ռուս-ուկրաինական կռիվը կպրծնի»,- հավելում է երրորդ ուղևորը:
Ամերիկա անունը լսելուն պես Պայքարը սեղմում է բռունցքներն ու կատաղությունից փրփրում: Հայացքը կրկին հառում է ականջակալով կնոջ հեռախոսին: Էկրանին երևում է ԱՄՆ-ի նորընտիր նախագահը՝ ելույթ ունենալիս: Կրծքավանդակի՝ զայրույթի պահին ի հայտ եկած սուր, ծակող ցավը սկսում է տանջահար անել Պայքարին: Նա կծկվում է և փորձում կարգավորել իր անկանոն շնչառությունը՝ ուշադրություն չդարձնելով շրջակա աշխարհին, կործանվող մոլորակին: Ուզում է ցրել սևեռուն մտքերը, բայց նրա մտապատկերում շարունակում են երևալ այն մասոնները, որոնք Գորբաչովի ձեռքով քանդեցին Սովետը: Նա համոզված էր, որ Իոսիֆ Վիսարիոնովիչից հետո ԽՍՀՄ-ի մյուս բոլոր ղեկավարները ԱՄՆ-ի մեծահարուստ հրեաների կողմից վարձված գործակալներ էին: Սովետն ավերելուց հետո, ինչպես կարծում էր Պայքարը, հրեա-մասոնները պատրաստվում են ԱՄՆ-ի նորանշանակ նախագահի ձեռքով ավերել նաև ամբողջ աշխարհը, կոտորել մարդկությունը, ինչպես ժամանակին կոտորեցին հնդկացիներին ու ճապոնացիներին:
Պայքարը կանգնածների շարքում հեռվից նկատում է Ամերիկայի մասին փսփսացողներից մեկին, որը չէր դադարում պնդել, որ գաղթականների հոսքը Միացյալ Նահանգներ կասեցվելու է: Դա ճաղատ գլխով և նյարդային շարժումներով մի տղամարդ էր, որն իր արտաբերած ամեն խոսքից հետո հպարտորեն նայում էր շուրջը, որպեսզի տեսնի, թե այլոց վրա ինչ տպավորություն է թողնում: Այս անգամ նա առանց շշուկի, գրեթե բարձրաձայն հայտարարում է, որ ԱՄՆ-ն նոր նախագահի օրոք բարգավաճելու է: Դա Պայքարի համբերության բաժակի վերջին կաթիլն էր: Վեր կենալով տեղից և առաջ գցվելով՝ Պայքարը գազազած բացականչում է. – Տո Թրամփի տիրոջ… Գլխապտույտի և ինքնազգացողության վատթարացման հետևանքով փռվում է առջևի ուղևորի վրա, ապա ընկնում հատակին՝ ասելիքը չավարտած: Գլուխը, որ ընկնելիս հարվածում է նստարանի ձողին, համակարգչի պես վերագործարկվում է, ու նա վերջապես հիշում է, թե ինչի համար էր գնում Պրոսպեկտ: Մոտենում էր թոռան ծնունդը, և ինքը պետք է նվերներ գներ:
Ավտոբուսը ժամանում է կանգառ: Քիչ հեռվում կայանած տաքսու ռադիոն հաղորդում է ամերիկացի տիեզերագնացներ Բուտչ Ուիլմորի և Սունի Ուիլյամսի մասին, որոնք տիեզերանավի անսարքության պատճառով ստիպված են եղել մնալ տիեզերակայանում: Նրանց վերադարձը, արդեն այլ տիեզերանավով, հնարավոր կդառնա հաջորդ տարվանից ոչ շուտ: