Նարինե Ապոյան | Մա’մ

Մա՛մ,
Լվա՛ գլուխս
ու էն ամենը, ինչ կա այդտեղ…
Սանրիր վարսերս ու հյուսերիս մեջ երազներս դիր
Ու ձիգ կապիր հավատով, ինչպես դպրոցական տարիներին էիր անում
Ու համոզիր,
Որ ես ամենալավն եմ,
Որ մի օր ամեն ինչ կվերջանա…
Մա՛մ,
Երգիր ինձ համար.
Սիրո մասին չէ.
Սիրո մասին իմ իմացած երգերը կիսատ են ու չեն թողնում քնեմ, մա՛մ,
Իսկ ես քնել եմ ուզում,
Երկա՜ր-երկա՜ր,
Որ կարողանամ չմեռնել ողջ-ողջ…
Շոյիր վարսերս,
Դեմքս,
Օգնիր փակեմ աչքերս,
որ չեն տեսնում լավ բան,
ու կոպերիս տակ թող էլ չհավաքվեն արցունքներս
ու չներծծվեն բիբերիս մեջ,
Ոչ էլ ներս հոսեն ու խեղդեն ինձ կոկորդումս…
Ամենամաքուր մայրական սիրով լվա ինձ սիրուց, մա՛մ,
Որ մեղքի պես խաչվել է հոգուս ու չի թողնում սիրտս բնականոն կծկվի…
Թթվածին դարձիր ինձ համար,
Բա՛ց երկրորդ շնչառությունս.
Ես խեղդվում եմ համատարած այս կարոտի մեջ…
Ետ տար ինձ, մա՛մ,
փոքրացրու,
Այնքան, որ տեղավորվեն սրտիդ մի անկյունում.
Այնտեղ, ուր միշտ տեղ կա ինձ համար առանց վճարի,
Առանց այն էլ թանկ եմ վճարում գոյությանս համար…
Բարուրիր ինձ, մա՛մ,
Կապիր ձեռքերս,
Որ չխաչվեն գրկելու համար…
Ոտքերս վաղուց է կապված,
Փախչել չեմ կարող իրականությունից, մա՛մ…
Կապիր ինձ սպիտակ հավատով,
Որ չերազեմ ուրիշ աշխարհների մասին,
Օգնիր հավատամ,
Որ միակ դրախտը դու ես երկնքում ու երկրի վրա,
ու Աստված ինձ համբուրել է քո շուրթերով…
Աստծո հանդեպ ես անհավատ եմ, մա՛մ,
Բայց դու աղոթի՛ր ինձ համար քո աթեիստ կրթությամբ,
Ես հավատում եմ քեզ, մա՛մ,
Հավատում եմ,
Որ միայն քո բերանից դուրս եկած բառերն են սեր շնչում,
Ամենամաքուր ու անշահախնդիր սերը…
Ես չեմ հավատում սիրուն,
Բայց սիրում եմ քեզ, մա՛մ,
Նրա համար,
Որ կաս,
Իսկ որ ե՛ս կամ,
Չեմ կարող ներել քեզ…
Ների՛ր ինձ, մա՛,
Մայրերն ամեն ինչ կարողանում են ներել,
Ներիր էն ամենի համար, ինչ չգիտես,
Ինչ գիտես սուտ է…
Փրկիր ինձ, մա՛մ, փրկիր ինձ ինձնից,
Որովհետև ինքս ինձ էլ չեմ դիմանում…
Ես մեծացել եմ, մա՛մ,
Շա՜տ եմ հասունացել,
Էնքան շատ, որ գիտակցաբար դանդա՜ղ խելագարվում եմ…
Ասա, որ պետք չէր էսքան երջանիկ ապրել,
Էսքան կատարյալ,
Կատարյալ սխալ…
Ասա՛, մա՛մ,
Ասա կամ հերքիր գոյությունս,
Որ ճի՛շտ քո դաստիարակության արտացոլանքը չէ…
Հերքի՛ր ինձ, մա՛,
Հերքի՛ր կամ հերիքի՛ր ինձ.
Որովհետև ես ինձ էլ չեմ հերիքում…

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *