Մալյան թատրոնի «Դու կարող ես» ներկայացումը
Երևանցիների սիրելի թատրոնի խաղացանկից տարբեր ու առանձնացող՝ «Դու կարող ես» ներկայացումը ուսուցողական-մանկական է, և դատելով այն փաստից, որ մեր ժամանակներում հնարավոր է օրվա մեջ երկու ներկայացում խաղալ, կնշանակի հետաքրքրություն կա թատրոնի և թեմայի շուրջ։
Իսկ թեման մանկական բուլինգն է, իբրև հասակակիցների միջև բռնության ձև։ Երևույթը նոր չէ, նորությունն անվանումն է։ Աշխարհում անցյալ դարի կեսերից, մեզանում վերջերս կիրառվող այս տերմինը՝ բուլինգը, որոշակի խմբի կողմից (աշակերտ, ուսանող) նույն խմբի անդամի նկատմամբ կիրառվող շարունակական ագրեսիվ վարքն է։ Բուլինգը զանազան ձևերով է արտահայտվում՝ հետապնդում, հոգեբանական տեռոր, ծեծ, հեգնանք, ծաղր կամ բամբասանք։
Իսկ բուլինգի առիթ կարող է լինել մարդու արտաքինը, ֆիզիկական կամ հոգեբանական խնդիրները, դեռահասների շրջանում առավել տարածված պատճառներից է նաև սոցիալական վիճակը՝ ակնհայտ աղքատությունը։
Հայաստանում երեխաների 35 տոկոսը դպրոցում ծաղրանքի- բուլինգի ականատես է եղել: Հարցվածների 84%-ը կարևորում,է, որ Հայաստանում պետք է ավելի շատ աշխատանք իրականացնել բռնության դեպքերը կանխելու ուղղությամբ:
Այս հարցումները խոսում են Մալյան թատրոնի նոր՝ «Դու կարող ես» ներկայացման արդի, ժամանակահունչ լինելու մասին։
«Կապ չունի, դո՛ւ դի՛ր»
Դրամատուրգ Հայկ Սեկոյանը «Դու կարող ես» պիեսը գրել է տասը տարի առաջ, երբ մեզանում դեռ բուլինգ բառն անգործածելի էր։ Դերասան Վահագն Գասպարյանը ներկայացման բեմադրիչն է, նաև՝ ինտերակտիվ բնույթն ապահովողը, իբրև կապող օղակ հանդիսականի և բեմական իրողության միջև։
Եվ ստեղծվում է թատրոն-մանուկ հանդիսատես կապը, իբրև հավասարների զրույց, մտորելու- որոշում կայացնելու առիթ։ Թատրոնի հանդիսականը 5-15 տարեկան դպրոցականներին են, նրանք էլ դառնում են իրապես մասնակից դահլիճ, աղմկարար, բայց կառավարվող։
«Լավ չի, էլի՛, լավ չի՛» բառերով պարբերաբար տեսարանը քարացնում ու երևույթը ակտիվ հանդիսականի դատին է հանձնում Վահագն Գասպարյանը։
Ինտերակտիվ ներկայացման հանդիսական երեխաներն այն աստիճանի են կարևորված, որ ամենասկզբից իրենք էլ անուն են ընտրում հերոսի համար, իրենց նախասիրությամբ հանդերձավորում Արամին և ուղարկում բեմ։
Թույլ տեսողությամբ Արամն (դերասան Արտյոմ Ավետիսյան) առաջին անգամ ակնոցով հայտնվում է դասարանում, արժանանում դասընկերների ծաղրական քրքիջին և ընկրկում՝ թաքցնելով ակնոցը։ Ու երբ զայրացած ուսուցիչը (դերասան Լևոն Մելոյան) նրան կանչում է դաս պատասխանելու, լավ չտեսնող Արամը գրատախտակը մաքրում է ուսուցչի գլխարկով, ինչն էլ դառնում է ավելի ուժգին ծաղրի առիթ։
Ճիշտ պահին հայտնվում է դահլիճը կառավարող Վահագնը և գոչում․ «Ստո՛պ, եթե դուք լինեիք Արամի փոխարեն, կհանեի՞ք ակնոցը»։ Հարցին հետևում է միասնական ու աղմկոտ «Ոո՜ո՜չ-ը»։ Դահլիճից հնչում է 7-ամյա տղեկի վստահ հուշումը՝ «Կապ չունի, դո՛ւ դի՛ր»։
Արամին երգով օգնության է շտապում «Համարձակություն»- Արմենուհի Կարապետյանցը, պարմանուհու աչք շոյող վառ գույնի զգեստավորումով։
«Քո սարսափն ու վախն եմ ես, դու իմն ես, վախեցիր բոլորից, դու իմն ես, հզոր եմ ես, վախդ վկա»․ ռոքային ելևէջներով Արամին գայթակղում- երգում է Վախ-Հարություն Բեգ- Վանյանը։ Ագրեսիվ հանդերձանքով Վախը հայտնվում էր ամեն պահի և անսպասելի վայրերից, բայց վտարվում է հանդիսականի ու Արամի համատեղ ջանքով։
Ինտերակտիվ հանդիսականը օգնության է հասնում նաև «երկրագունդը կլոր է» չիմացող Քաջիկին (Արման Մաթևոսյան), ծանրաշարժ, մի քիչ ծիծաղելի հսկա գլոբուս պատրաստած ուսուցչին, որին երեխաների ծաղրուծանակը դրել էր անհարմար դրության մեջ։
Անսպասելիորեն ոտքը վնասած Կարինեին (Աննա Զաքարյան) օգնության է հասնում փոքրիկ հանդիսականը, իբրև նեցուկ հենակ տրամադրելով։ Հենակով տեղաշարժվելով էլ աղջիկը ընկերների հուշումով պատրաստում է Արամի ծննդյան տորթը։ Ակնոցը, հենակն ընդամենը սիմվոլ են, որոնք թույլ են տալիս դժվարությունից դուրս գալ, բայց երեխաները սովորում են հանդուրժել, հասկանալ իրենցից տարբեր հասակակցին։
«Դու կարող եսը» քիչ դերակատարներով, երեխաների ակտիվ մասնակցությամբ, ուրախ քննարկումներով թեթևաշունչ մանկական ներկայացում է, որը նպատակ ունի իրազեկելու և կանխարգելելու, սկսելու ամենասկզբից։ Չէ՞ որ տարբեր իրադրություններում բոլորն էլ կարող են բուլիգի թիրախ լինել, անգամ՝ ուսուցիչը։
Ամենասկզբից սկսելը կարևորում է մանկական բուլինգի մասնագետ Վիկտորիա Օհանյանը, շեշտելով, որ այդ կարգի ներկայացումները փոքր տարիքից երեխային սոցիալական նորմեր սովորեցնելու, իրենցից տարբերի նկատմամբ հարգանք սերմանելու լավ հիմք են։ Ու քանի դեռ չունենք պայքարի համապարփակ ծրագիր, ներկայացումները առավել կարևոր են իբրև իրազեկում, իսկ բռնությունը չպիտի ընկալվի միջանձնային մակարդակում հարցեր լուծելու միակ տարբերակ։
Դպրոցական բուլինգի մասին ժամանակին բարձրաձայնել է նաև այժմ կրթության փոխնախարար Արաքսյա Սվաջյանը։ Նրա տեսակետով, Հայաստանում դպրոցական բուլինգը շարունակում է անտեսված խնդիր մնալ, չկան բուլինգի կանխարգելման վերաբերյալ իրավական կարգավորումներ, դպրոցներում բուլինգի կանխարգելման, ուսուցիչների վերապատրաստման ծրագրեր մեզանում չեն իրականացվել։
Ի՞նչպես անել, որ դպրոցը դառնա անվտանգ միջավայր յուրաքանչյուր սովորողի համար՝ նվազագույնի հասցնելով բուլինգի դեպքերը։Բուլինգից զերծ դպրոցական միջավայր ունենալու գործում կարևոր է նաև գեղարվեստի միջոցով հանրային իրազեկումը։
Մալյան թատրոնի «Դու կարող ես» ներկայացումը այս թեմայով գեղարվեստական հաջող ձեռնարկում է։
Հ․Գ- Զարմանալի բան է լավ գրողը, որի ստեղծած պատկերը տասնամյակներ անց մտորելու-համեմատելու առիթ է դառնում։ Վանո Սիրադեղյանի պատմվածքներից մեկում չարաճճի աշակերտների բուլինգի թիրախը հղի ուսուցչուհին էր, իսկ պատմությունը ներկայացվում էր երրորդ կողմի՝ ականատես որդու հայացքով։
Գայանե Մկրտչյան
թատերագետ