Այս հարցազրույցը անց է կացվել Մահհեթթընի Վերին Իսթ Սայդում գտնվող Հրեական հասարակական կենտրոնի դահլիճում։ Մեծաթիվ հանդիսատեսը՝ հիմնականում կանայք, զբաղեցրել էին բոլոր հնարավոր տեղերը հետևի շարքերում կանգնածների հետ․ Մայա Էնջըլոուի ձգողականության ուժի ապացույցը։ Բեմի կողքին կանգնած էր սևամորթ կանանց փոքրիկ մի խումբ՝ Սև մուսուլմանական միաբանության ճերմակ զգեստներով։ Նրա ներկայությունը իշխում էր տեղի ունեցող ամեն ինչի վրա։ Նրա խոսքերից շատերը բուռն ծափահարությունների արժանացան, հատկապես ռասայական խնդիրների, համառության անհրաժեշտության և«խիզախության» մասին հայտնած կարծիքները։ Նա աներևակայելի դերասան է և բեմական զորավոր ներկայություն ունի։ Թվում էր՝ պատասխաններից շատերը ուղղված էին հանդիատեսին, ինչպես նաև հարզազրուցավարին, այնպես որ, երբ Մայա Էնջըլոուին երեկոն ավարտեց իր գործի ընթերցմամբ՝ դարձյալ հափշտակված հանդիսատեսի համար, թվում էր՝ հենց դա էր ծրագրված զվարճանքի տրամաբանական շարունակությունը։
Ջորջ Փլիմփթըն, 1990
Հարցազրուցավար
Մի անգամ պատմել եք ինձ, որ գրում ես՝ պառկելով հավաքած անկողնու վրա, մի շիշ խերեսով «Roget’s Thesaurus բառարանով, դեղին տողավոր նոթատետրերով, մոխրամանով և «Աստվածաշնչով»։ Ո՞րն է «Աստվածաշնչի» գործառույթը։
Մայա Էնջըլոու
Տանախի և Աստվածաշնչի մեկնությունների, թարգմանությունների լեզուն այնքան երաժշտական է, պարզապես չնաշխարհիկ։ Ես ինքս ինձ համար կարդում եմ «Աստվածաշունչը»։ Վերցնում եմ ցանկացած թարգմանություն, ցանկացած հրատարակություն և բարձրաձայն կարդում պարզապես լեզուն, ռիթմը լսելու համար, և հիշեցնելու ինքս ինձ՝ որքան գեղեցիկ է անգլերենը։ Թեև կարողանում եմ մռթմթռալ յոթ-ութ լեզվով, անգլերենը դրանցից ամենագեղեցիկն է մնում։ Այն ամեն ինչի ընդունակ է։
Հարցազրուցավար
Կարդում եք, որպեսզի ոգեշնչվեք գրելու համա՞ր։
Էնջըլոու
Երաշտության համար։ Բովանդակության համար նույնպես։ Ես աշխատում եմ քրիստոնյա լինելու փորձի վրա, և դա լուրջ բան է։ Ասես՝ փորձես լավ հրեա, լավ մուսուլման, լավ բուդդայական, լավ շինտոիստ, լավ զրադաշտական, լավ ընկեր, լավ սիրեկան, լավ մայր, լավ բարեկամ լինել․ լուրջ բան է։ Այն դեպքերից չէ, որ մտածում ես՝ «օ, վերջ, ստացվեց»։ Ես ամեն օր անում էի դա մեծ ջերմեռանդությամբ։ Ճշմարտությունն այն է, որ ամբողջ օրը փորձում ես անել դա, և երեկոյան եթե ազնիվ ես ու մի քիչ խիզախություն ունես, նայում ես ինքդ քեզ ու ասում․ «Հը՜մ, միայն ութսունվեց անգամ փչացրի ամեն ինչ»։ Վատ չէ։ Ես փորձում եմ քրիստոնյա լինել, և «Աստվածաշունչը» օգնում է հիշեցնել ինքս ինձ՝ ինչի մասին եմ ես։
Հարցազրուցավար
Փոխանցո՞ւմ եք այդ երաժշտությունը Ձեր սեփական արձակին։ Կարծո՞ւմ եք՝ այն ունի՞ հատուկ հնչեղությունը, որ մարդիկ ասոցացնում են արքա Ջեյմսի տարբերակի հետ։
Էնջըլոու
Ես ուզում եմ լսել՝ ինչպես է հնչում անգլերենը, ինչպես է Էդնա Սուրբ Վինսենթ Միլլեյը լսել անգլերենը։ Ես ուզում եմ լսել այն, ուստի բարձրաձայն եմ կարդում։ Չի նշանակում, որ հետո կարող եմ իմիտացնել այն։ Ինձ հիշեցնելու համար է՝ որքան փառահեղ լեզու է անգլերենը։ Հետո փորձում եմ հստակ ու նույնիսկ յուրահատուկ լինել։ Մի փոքր նման է Ջերարդ Մենլի Հոփքինս կամ Փոլ Լոուորենս Դանբար կամ Ջեյմս Վելդոն Ջոնսըն կարդալուն։
Հարցազրուցավար
Իսկ խերեսի շիշը օրվա ավարտի՞ համար է, թե՞ երևակայությունը բոցավառելու։
Էնջըլոու
Ես գուցե առավոտյան վեցն անց տասնհինգ խմեմ, երբ արթնանում եմ, բայց սովորաբար տասնմեկին եմ մեկ բաժակ խերես խմում։
Հարցազրուցավար
Երբ թարմանում ես «Աստվածաշնչով» ու խերեսով, ինչպե՞ս ես սկսում օրվա աշխատանքը։
Էնջըլոու
Ապրածս ամեն քաղաքի հյուրանոցում ես մի համար եմ պահել։ Մի քանի ամսով սենյակ եմ վարձում, դուրս եմ գալիս տնից վեցին և փորձում եմ աշխատանքի հասնել վեցն անց կես։ Գրելու համար պառկում եմ անկողնուն, որ այս արմունկը բացառապես ծածկված լինի, ճիշտ կոշտուկների պես կոպիտ։ Երբեք չեմ թողնում, որ հյուրանոցի անձնակազմը փոխի անկողինս, որովհետև այնտեղ չեմ քնում։ Մնում եմ մինչև կեսօր՝ տասներկուսն անց կես կամ մեկն անց կես, հետո գնում եմ տուն ու փորձում շնչել․ աշխատանքս աչքի եմ անցկացնում հինգի կողմերը, կանոնավոր ընթրիք եմ ունենում՝ տեղը տեղին, հանգիստ, հրաշալի ընթրիք, ապա հաջորդ առավոտյան վերադառնում եմ աշխատանքիս։ Երբեմն ինչ-որ հյուրանոցներում մտնում եմ սենյակ ու հատակին գրություն հայտնաբերում, թե՝ «Սիրելի միս Էնջըլոու, թողեք փոխենք սավանները։ Կարծում ենք՝ մգլոտ են»։ Բայց ես թույլ եմ տալիս միայն ներս մտնել ու աղբամանները դատարկել։ Համառում եմ, որ պատերից կախված ամեն ինչ տանեն։ Չեմ ուզում որևէ բան լինի այնտեղ։ Ես սենյակ եմ մտնում ու զգում՝ ասես բոլոր հավատալիքներս կախված են։ Ոչինչ ինձ հետ այլևս կապված չէ։ Ոչ կաթնավաճառ աղջիկը, ոչ ծաղիկները, ոչինչ։ Ես զուտ ուզում եմ զգալ և հետո, երբ սկսեմ աշխատել, կհիշեմ։ Ինչ-որ բան կկարդամ, գուցե սաղմոսները, գուցե դարձյալ ինչ-որ բան միսթըր Դանբարից, Ջեյմս Վելդոն Ջոնսընից։ Եվ կհիշեմ որքան չքնաղ, որքան ճկուն է լեզուն, ինչպես է այն տրվում։ Եթե ձգում ես, ասում է՝ լավ։ Հիշում եմ դա ու սկսում գրել։ Նաթանիել Հավթրոնը ասում է․ «Հեշտ կարդալիքը անտանելի բարդ գրելիք է»։ Ես փորձում եմ այնպիսի սրություն տալ լեզվին, որ էջերից դուրս թռչի։ Պետք է որ հեշտ թվա, բայց ինձնից հավերժություն է պահանջվում այն հեշտացնելու համար։ Իհարկե, քննադատներ կան, որպես կանոն Նյու Յորքի քննադարները, որոնք ասում են, «Դե, Մայա Էնջըլոուն նոր գիրք է տպագրել, և իհարկե այն լավն է, որովհետև նա բնատուր գրող է»։ Սրանք այն մարդիկ են, որոնց կոկորդից ուզում եմ դնել ու հատակին գցել, որովհետև ինձնից հավերժություն է պահանջվում, որպեսզի այն երգի։ Ես աշխատում եմ լեզվի վրա։ Նման երեկոների ընթացքում, նայելով հանդիստաեսին, եթե ստիպված լինեմ գրել այս երեկոյի մասին իմ տեսակետը, կտեսնեմ ժանգոտ կարմիր, քրքրված թավշյա նստարաններն ու լուսավորությունը, որտեղ մարդկանց իրանները սեղմվել են նստարանի իրանին, և նարնջագույն լույս է ստացվել, ապա մարդկանց դեմքերի գեղեցիկ գույները՝ սպիտակը, վարդագույն-սպիտակը, բեժ-սպիտակը, բաց բեժը և շականակագույնը և թխագույնը․․․ ես կնայեի այդ ամենին, այդ բոլոր դեմքերին և թե ինչպես են դրանք նստած պարանոնցների վրա։ Երբ ավարտեմ գրելս՝ չորս կամ հինգ ժամ անց, գուցե էսպիսի մի բան հնչի․ մուկն էր նստած կարպետին։ Ահա ամենը։ Կատուն՝ չէ։ Բայց կշարունակեի խաղալ դրանով, քաշել ու ասել՝ սիրում եմ քեզ։ Արի ինձ մոտ։ Ես սիրում եմ քեզ։ Գուցե երկու-երեք շաբաթ ժամանակ պետք գա բացատրելու համար՝ ինչ եմ հիմա տեսնում։
Հարցազրուցավար
Ինչպե՞ս եք իմանամ՝ երբ է արդեն Ձեր ուզածը։
Էնջըլոու
Ես ճանաչում եմ՝ երբ ստացվում է իմ լավագույնը։ Գուցե եղածների մեջ ամենալավը չէ։ Գուցե մեկ այլ գրող կարողանա ավելի լավ բան ստանալ։ Բայց ես գիտեմ, երբ դա լավագույնն է ինձ համար։ Ես գիտեմ, որ գրողի զարգացրած մեծագույն արվեստներից մեկը «Ո՛չ-ոչ, վերջացրել եմ։ Ցտեսություն» ասելն է։ Եվ հանգիստ թողնելը։ Մանրադիտակի տակով չեմ անցկացնելու։ Ամբողջ կյանքը չեմ պատմելու։ Չեմ անի, ոչ։
Հարցազրուցավար
Որքա՞ն վերանայում է պահանջվում։
Էնջըլոու
Ես գրում եմ առավոտյան, ապա կեսօրի կողմ վերադառնում եմ տուն ու ցնցուղ ընդունում, որովհետև գրելը, ինչպես գիտեք, շատ բարդ գործ է, ուստի ստիպված ես կրկնակի լոգանք ընդունել։ Ապա դուրս եմ գալիս գնումների․ ես լուրջ խոհարար եմ, և ձևացնում եմ, թե նորմալ եմ։ Ինձ ողջամիտի տեղ եմ դնում․ «Բարի՜ լույս, լավ, շնորհակալություն, Դո՞ւք»։ Ապա գնում եմ տուն։ Ինձ համար ընթրիք եմ պատրաստում, և եթե հյուրեր ունեմ, մոմեր եմ դնում, գեղեցիկ երաժտություն և նման բաներ։ Այնուհետև երբ ափսեները տեսադաշտից դուրս են, կարդում եմ առավոտյան գրածներս։ Եվ հաճախ եթե ինը էջ գրած եմ լինում, գուցե կարողանամ պահել երկուսուկես կամ երեք էջ։ Դա ամենադաժան ժամն է, գիտե՞ք, իսկապես ընդունել, որ չի աշխատում։ Եվ կրճատել։ Երբ ավարտում եմ հիսուն էջ ու կարդում — հիսուն ընդունելի էջ — այնքան էլ վատ չէ։
1967 թվականից սկսած խմբագրիս չեմ փոխել։ Տարիների ընթացքում բազմաթիվ անգամներ ասել կամ հարցրել է․ «Ինչո՞ւ ես կետ-ստորակետ դնում ստորակետի փոխարեն»։ Եվ տարիների ընթացքում ես նրան այսպիսի բաներ եմ ասել․ «Էլ երբեք չեմ խոսելու հետդ։ Երբեք։ Հաջողություն։ Սա վերջն է։ Շնորհակալ եմ շատ»։ Եվ գնացել եմ։ Ապա կարդացել եմ գրածս ու մտածել իր առաջարկների շուրջ։ Հեռագիր եմ ուղարկել՝ տեքստով՝ «ՕՔ, շատ ճիշտ ես։ Հետո՞։ Էլ երբեք չհիշատակես սա ինձ մոտ։ Եթե անես, հետդ չեմ խոսի»։ Մոտ երկու տարի առաջ այցելել էի նրան ու կնոջը Հեմփթոնսում։ Ճաշասենայկի՝ մոտավորապես տասնչորս հոգանոց սեղանի մյուս ծայրում էի։ Վերջում ինչ-որ մեկին ասացի․ «Տարիներ շարունակ նրան հեռագրեր եմ ուղարկել»։ Սենյակի մյուս ծայրից նա ասաց․ «Բոլորը պահել եմ»։ Դաժա՜նի մեկը։ Սակայն խմբագրելը, սեփական ձեռքերով՝ նախքան խմբագրին փոխանցելը, ամենակարևորն է։
Հարցազրուցավար
Հինգ ինքնակենսագրական գրքերը հաջորդում են միմյանց ժամանակագրությամբ։ Երբ սկսեցիր գրել «Գիտեմ՝ ինչու է երգում վանդակված թռչունը», արդյո՞ք գիտեիր, որ շարունակելու ես։ Երկրորդ հատորում այն գրեթե տող առ տող ներկա է։
Էնջըլոու
Գիտեմ, բայց մտադրված չեմ եղել։ Մտածում էի՝ կգրեմ «Վանդակված թռչունը» և դրանով կավարտվի, կվերադառնամ պիեսներին ու հեռուստատեսության համար սցենարներ գրելուն։ Ինքնակենսագրությունը անտանելի գայթակղիչ է․ այն աննման է։ Հենց որ սկսեցի գրել, հասկացա, որ հետևում եմ Ֆրեդերիկ Դուգլասի հիմնած ավանդույթին՝ ստրուկի նարատիվին, այն է՝ առաջին դեմք եզակի թվով խոսել առաջին դեմք հոգնակի թվի մասին, միշտ ասել «ես»՝ նկատի ունենալով «մենք»։ Եվ ի՜նչ պատասխանատվություն է։ Փորձել աշխատել այս ոճի հետ, ինքնակենսագրական ռեժիմով, փոփոխել այն, դարձնել ավելի մեծ, ավելի հարուստ, ավելի հրաշալի և ավելի ընգրկուն քսանմեկորորդ դարում ինձ համար մեծ մարտահրավեր էր։ Արդեն հինգը գրել եմ և իսկապես հույս ունեմ (գրքերը պարտադիր ընթերցանություն են ԱՄՆ-ի բազմաթիվ համալսարաններում և քոլեջներում), որ մարդիկ կարդում են գրածս։ Ամենամեծ հաճոյախոսությունը այն է, երբ մարդիկ մոտենում են փողոցում կամ օդանավակայանում և ասում․ «Միսս Էնջըլոու, ես գրել եմ ձեր գրքերը անցյալ տարի և իսկապես․․․ նկատի ունեմ՝ կարդացել եմ․․․»․․․ Սա է, որ մարդիկը այնքան լրջորեն է ընկղմվում գրքերում, այնքան ամբողջական, որ կին լինի, թե տղամարդ, սև, թե սպիտակ, զգում է՝ սա իմ պատմությունն է։ Ես եմ պատմել այն։ Ես ոտքի վրա հորինում եմ այն։ Դա է մեծագույն հաճոյախոսությունը։ Իրականում չէի ակնկալում, որ կշարունակեմ նույն ժանրում։ Մտածում էի՝ մի փոքրիկ գիրք կգրեմ, լավ կլինի, ես էլ կվերադառնամ պոեզիային, մի քիչ երաժշտություն կգրեմ։
Հարցազրուցավար
Ի՞նչ կասեք գրքի ծագման մասին։ Ովքե՞ր են մարդիկ, որ օգնել են ձևակերպել միանգամից աչք ծակող նախադասությունները։
Էնջըլոու
Օ՜, դե՜, նրանք սկսել են տարիներ առաջ, նախքան ես կգրեի, երբ շատ երիտասարդ էի։ Ես սիրում էի ամերիկացի սև քահանային։ Սիրում էի ձայնի երաժշտությունը և անյքան հարուստ ու գրեթե անհավանական պատկերավորումը։ Արկանզասի եկեղեցու քահանան, երբ շատ երիտասարդ էի, նման արտահայտություններ էր օգտագործում․ «Աստված դուրս եկավ՝ արևը աջ ուսին, լուսինը՝ բնադրված ձեռքի ափին»։ Ուզում եմ ասել՝ ուղղակի սիրում էի դա, և սիրում էի սև պոետներին, սիրում էի Շեքսպիրին և Էդգար Ալան Պոյին և Մեթյու Արնոլդին․ շատ էի սիրում, դեռ սիրում եմ։ Տարիներ շարունակ համր լինելով՝ ես կարդացել ու մտապահել եմ, և այս բոլոր մարդիկ ահռելի ազդեցություն են ունեցել․․․ առաջին գրքում և նույնիսկ վերջին հրատարակվածում։
Հարցազրուցավար
Հա՞մր։
Էնջըլոու
Ինձ բռնաբարել են, երբ շատ փոքր էի։ Եղբորս ասացի այդ տղամարդու անունը։ Մի քանի օր անց նա սպանվեց։ Իմ յոթուկես տարեկանի մանկական գլխում մտածնվեց, թե իմ ձայնն էր նրան սպանել։ Այդպես դադարեցի խոսել հինգ տարի։ Իհարկե, այս մասին գրել եմ «Վանդակված թռչուն»-ում։
Հարցազրուցավար
Ե՞րբ որոշեցիր, որ գրող ես լինելու։ Եղե՞լ է ինչ-որ պահ, երբ հանկարծ ասես․ «Սա այն է, ինչ ուզում եմ անել հետագա կյանքիս ընթացքում»։
Էնջըլոու
Հը՜մ, ես Public Broadcasting Service-ի համար հեռուստատեսային սերիալներ էի գրում, և Կալիֆորնիայում էի։ Մտածում էի՝ բանաստեղծ ու դրամատուրգ եմ։ Դա այն էր, ինչով պատրաստվում էի զբաղվել հետագա կյանքում։ Կամ դառնալ անշարժ գույքի հայտնի գործակալ։ Դա վիրավորական է հնչում մի տեսակ, և էդպես էլ կա, բայց Ջեյմս Բոլդուինը մի երեկո ինձ ընթրիքի տարավ Ջուլ և Ջուդի Ֆեյֆերների հետ։ Երեքն էլ շատախոս են։ Պատմեցին ու պատմեցին, իսկ ես ստիպված էի պայքարել իմ զրուցելու իրավունքի համար։ Ստիպված էի խառնվել՝ որոշ պատմություններով կիսվելու համար։ Ուրեմն, հաջորդ օրը Ջուդի Ֆեյֆերը զանգահարում է Բոբ Լումիսին՝ Random House-ի խմբագրին, և առաջարկում, որ եթե կարողանա ինձ համոզել գրել ինքնակենսագրությունս, ապա հաստատ մի բան կստացվի։ Այդպես նա զանգեց ինձ ու պատմեց այդ մասին։ «Ոչ, ոչ, ոչ մի դեպքում հաստատ չեմ անի նման բան»։ Այդպես գնացի Կալֆորնիա աֆրիկյան և սև ամերիկյան մշակույթի մասին սերիալ նկարահանելու։ Լումիսը զանգահարեց ինձ մոտ երեք անգամ։ Անգամ անգամ ասացի՝ ոչ։ Ապա խոսեց Ջեյմս Բոլդուինի հետ։ Ջիմմին նրան տվեց մի խայծ, որը միշտ աշխատում է իմ դեպքում․ չնայած՝ հպարտ չեմ դրանով։ Հաջորդ անգամ երբ զանգահարեց, ասաց․ «Դե, միսս Էնջըլոու, էլ չեմ անհանգստացնի Ձեզ։ Անգամ լավ է, որ չեք փորձի գրել գիրքը, որովհետև ինքնակենսագրություն գրելը և որպես գրականություն ներկայացնելը համարյա անհնար է»։ Ասացի․ «Ի՞նչ եք խոսում։ Կգրե՛մ»։ Հպարտ չեմ, որ այս կոճակը կարելի է սեղմել, և ես անմիջապես կթռնեմ։
Հարցազրուցավար
Ամեն գրքի համար իշխող թեմա ընտրո՞ւմ եք։
Էնջըլոու
Փորձում եմ հիշել իմ կյանքի ժամերը, պատահարները, որտեղ գերիշխող են դաժանությունը, բարությունը, առատաձեռնությունը, նախանձը, երջանկությունը, ցնծությունը ․․․ հավանաբար, չորս դեպք ինչ-որ շրջանում, որի մասին պատրաստվում եմ գրել։ Ապա ընտրրում եմ մեկը, որը ամենալավն է տրվում իմ մեխանիզմին և որ կարողանամ գրել դրամա, առանց մելոդրամայի ջրերն ընկնելու։
Հարցազրուցավար
Արդյո՞ք գրում եք հատուկ լսարանի համար։
Էնջըլոու
Ավելի վաղ մտածում էի, որ լավ կլիներ, եթե կարողանայի գիրք գրել սև աղջիկների մասին, որովհետև շատ քիչ գրքեր կան նրանց համար, որտեղ ասվում է՝ ինչ է նշանակում, ինչպիսին է մեծանալը։ Ապա մտածեցի, որ ավելի լավ է լայնացնեմ շրջանակը, թիրախային խումբը, որին փորձում եմ հասնել։ Որոշեցի գրել սև տղաների մասին, ապա սպիտակ աղջիկների, ապա նաև սպիտակ տղաների։ Բայց այն, ինչև փորձում եմ մտապահել, մեծամասամբ իմ արհեստն է։ Ահա թե ինչի համար եմ ես փորձում, ես փորձում եմ թույլ տալ ինքս ինձ ոգեշնչվել իմ արվեստով (եթե շատ վերամբարձ և տարօրինակ չի հնչում), ընդունել մղումը և փորձել ամբողջ ուժով տիրապետել այդ արհեստին։ Եթե ընկճվում եմ կամ կորցնում ինքնատիրապետումս, մտածում եմ ընթերցողի մասին։ Բայց դա շատ հազվադեպ է․ մտածել ընթերցողի մասին, երբ աշխատում եմ։
Հարցազրուցավար
Այսինքն՝ մտքում հստակ ընթերցող չունեք, երբ նստում եք հյուրանոցի այդ սենյակում ու սկսում ստեղծագործելը կամ գրելը։ Այնտեղ միայն Դուք եք։
Էնջըլոու
Միայն ես եմ ․․․ և իմ ընթերցողը։ Ստախոս, կեղծավոր, հիմար կլինեմ, եթե արդեն չեմ, եթե ասեմ, որ չեմ գրում ընթերցողի համար։ Գրում եմ։ Բայց այն ընթերցողի, որը լսում է, որը իսկապես կաշխատի դրա վրա, կգնա այն ամենից անդին, ինչը, թվում է՝ ասում եմ։ Ուստի, գրում եմ ինձ համար և այդ ընթերողի, որը վաստակել է դրա իրավունքը։ Արևմտյան Աֆրիկայում՝ Գանայում, մի արտահայտություն կա, կոչվում է «խորը զրույց»։ Օրինակ, ասում են՝ «գողի համար խնդիրը տիրոջ բյուգելհորնը գողանալը չէ, այլ թե որտեղ կփչի այն»։ Հիմա, առաջին հայացքից, պարզ է թվում։ Բայց երբ իսկապես մտածում ես, տանում է ավելի խորը։ Արևմտյան Աֆրիկայում դա անվանում են «խորը զրույց»։ Կուզենայի մտախել, որ գրում եմ «խորը զրույց»։ Երբ կարդում եք ինձ, պետք է կարողանաք ասել․ «Օ՜, Աստված իմ, ինչ գեղեցիկ է։ Ինչ սիրելի է։ Հրաշալի է։ Գուցե ուրիշ ինչ-որ բան էլ կա՞։ Ավելի լավ է նորից կարդամ»։ Մի քանի տարի առաջ Մաշադու դե Ասիս անունով մարդու «Դոմ Կասմուրրո» գիրքը ընթերցեցի։ Նա հարավամերիկյան գրող է՝ սև հորից և պորտուգալացի մորից, որ գրում էր 1865 թվականին, ասենք։ Մտածում էի, որ լավ գիրք էր։ Ապա նորից կարդացի ու ասացի․ «Հը՜մ, չէի էլ գիտակցել, որ այդ ամենը այս գրքում էր»: Ապա նորից ու նորից կարդացի և հանգեցի այն եզրակացությանը, որ Մաշադու դե Ասիսի արածը հնարք էր․ նա գայթակղելով տարավ ինձ ծովափ՝ մայրամուտով հիանալու համար։ Եվ ես սիրով դիտեցի այն։ Երբ շրջվեցի՝ վերադառնալու համար, պարզեցի, որ ալիքը գլխիս մեջ է մտել։ Ահա թե երբ որոշեցի գրել։ Գրել այնպես, որ ընթերցողն ասի․ «Ի՜նչ հիասքանչ է։ Ա՜յ քեզ բան, սիրուն է։ Բեր նորից կարդամ»։ Կարծում եմ՝ այդ է պատճառը, որ «Վանդակված թռչունը» տպագրվում է արդեն քսանմեկ անգամ՝ կոշտ կազմով և քսանինը՝ բարակ։ Իմ բոլոր գրքերը դեռ տպագրվում են, կոշտ և բարակ կազմերով, որովհետև մարդիկ վերադառնում ու ասում են․ «Թող կարդամ։ Նա իրո՞ք ասել էր դա»։
Հարցազրուցավար
Գրքերը հատվածական են, չէ՞։ Ասես կարճ պատմվածքների շղթա կազմած լինեք։ Ինձ հետաքրքում է՝ որպես կենսագիր, եղե՞լ է, որ խեղաթյուրեք ճշմարտությունը ավելի լավ պատմություն ստանալու համար։
Էնջըլոու
Դե, երբեմն։ Սիրում եմ «խեղաթյուրել» բառը։ Երբեմն կերպարներից մեկը կազմված է լինում երեք կամ չորս մարդկանցից, որովհետև առանձին ինչ-որ մեկի բնույթը բավարար չէ գրելու համար։ Ընդհանուր առմամբ՝ պատմությունը ճշմարիտ է, սակայն երբեմն աղավաղում եմ փաստերը։ Բազմաթիվ մարդիկ, որոնց մասին գրում եմ, այսօր ողջ են, և ես պետք է նայեմ նրանց երեսին։ Ես գրել եմ իմ նախկին ամուսնու մասին, որը աֆրիկացի է, «Կնոջ սիրտը» գրքում։ Նախքան գրելը, զանգահարեցի նրան՝ Դար էս Սալաամ, և ասացի․ «Գրելու եմ մեր միասին անցկացրած մի քանի տարիներից»։ Նա պատասխանեց․ «Հիմա նախքան հարցնելդ, ուզում եմ իմանս, որ ազատման դիմումս կստորագրեմ, որովհետև գիտեմ՝ չես ստելու։ Այնուամենայնիվ, վստահ եմ՝ կարող եմ բանավիճել հետդ ճմշարտության մենկության վերաբերյալ»։
Հարցազրուցավար
Ի վերջո հավանե՞ց կերպարը, թե՞ վիճեցիք։
Էնջըլոու
Դե, նա չվիճեց, բայց ես էլ բարի էի գտնվել։
Հարցազրուցավար
Կարծում եմ՝ սա Ձեզ համար առավել հեշտ է դարձնում կենսագրությունից վիպագրության անցնելը, որտեղ կարելի է ամեն ինչ անել կերպարների հետ։
Էնջըլոու
Այո, բայց ինձ համար գեղարվեստական ոճը ամենասիրելին չէ։ Փորձում եմ հիմա ինչ-որ բան անել ինքնակենսագրության հետ։ Այն կառչել ու պոկ չի գալիս ինձնից։ Ես օգտագործում եմ առաջին դեմքը եզակի թիվը և փորձում եմ դա առաջին դեմք հոգնակի դարձնել, որ ամեն մեկը կարողանան կարդալ աշխատանքն ու ասել․ «Հը՜մ, այ սա է ճշմարտությունը, այո՛, ըհը՛մ» և ապրել այդ գրքում։ Առհելի, փառասեր երազանք է։ Բայց ես սիրում եմ ձևը։
Հարցազրուցավար
Մի՞թե Ձեր կյանքի արտասովոր իրադարձությունները չափազանց դժվար չեն ինքներս մեզ հետ ասոցացնելու համար։
Էնջըլոու
Օ՜, Աստված իմ, ես շատ հասարակ կյանք եմ ապրել։ Կարող եք ասել՝ դե հա՜, տասներեքում սա է պատահել հետս, տասնչորսում․․․ բայց սրանք զուտ փաստեր են։ Իսկ փաստերը կարող են դժվարիմաց դարձնել ճշմարտությունը, թե ինչ էր դա իրականում։ Ամեն մարդ արարած վճարել է հողին՝ հասունանալու համար։ Մարդկանց մեծամասնությունը չի հասունանում։ Դա, գրողը տանի՛, այնքան դժվար է։ Մարդկանց մեծ մասը պարզապես մեծանում են։ Ահա ողջ ճշմարտությունը։ Նրանք պատվի են առնում բանկային քարտերը, մեքենան կայանելու տեղեր են գտնում, ամուսնանում են, բավարար նյարդեր են ունենում երեխաներ ունենալու համար, բայց չեն հասունանում։ Ոչ մի կերպ։ Մեծանում են։ Բայց հասունանալը հող արժե, հող։ Նշանակում է՝ պատասխանատու ես անցկացրած ժամանակի, զբաղեցրած տարածքի համար։ Լուրջ գործ է։ Նաեւ պարզում ես՝ ինչ արժեք ունի սիրելն ու կորցնելը, համարձակվելն ու ձախողելը։ Եվ գուցե շատ ավելին՝ հաջողելը։ Ինչ արժե իրականում։ Ոչ մակերեսային արժեքներ, ոչ, ամեն մեկը կարող է ունենալ դա, ասում եմ՝ իրականում։ Ահա թե ինչի մասին եմ գրում։ Ինչի նման է դա։ Ես պարզապես շատ պարզ պատմություն եմ պատմում։
Հարցազրուցավար
Իսկ ստելը չի՞ գայթակղում։ Վիպագիրները ստում են, այնպես չէ՞։
Էնջըլոու
Տեղյակ չեմ նրանց ստելու մասին։ Նայում եմ որոշ մեծ գրողների ու մտածում, որ նրանց մեծությունը ճշմարտությունն ասելու մեջ է։ Փաստն այն է, որ նրանց օգտագործում են հորինված անունները, հորինված մարդկանց, հորինված վայրեր և հորինված ժամանակներ, բայց պատմում են ճշմարտությունը մարդու մասին՝ ինչի ենք մենք ընդունակ, ինչն է մեզ ստիպում կորցնել, ծիծաղել, ողբալ, ջախջախվել, և կրճտացնել մեր ատամները, և սեղմել բռունցքները, և սպանել միմյանց, և սիրել միմյանց։
Հարցազրուցավար
Ջեյմս Բոլդուինը, ինչպես նաև այս շարքի բազմաթիվ այլ գրողները, ասում էր, որ «երբ գրում ես, փորձում ես բացահայտել մի բան, որը չգիտես»։ Երբ գրում եք, փնտրո՞ւմ եք ինչ-որ բան Ձեր կամ մեր մասին, որը չգիտեք։
Էնջըլոու
Այո՛։ Երբ գրում եմ, փորձում եմ պարզել՝ ով եմ ես, ովքեր ենք մենք, ինչի ենք ընդունակ, ինչպես ենք զգում, ինչպես ենք կորցնում և ոտքի կանգնում, և խավարից գնում դեպի խավար։ Փորձում եմ դրա համար։ Բայց նաև լեզվի համար։ Փորձում եմ տեսել՝ ինչպես կարող է այն հնչել։ Ես իսկապես սիրում եմ լեզուն։ Սիրում եմ այն պատճառով, թե ինչ է անում մեզ համար, ինչպես է մեզ թույլ տալիս բացատրել ցավը և հաղթանակը, գոյության նյուանսներն ու նրբությունները։ Ապա թույլ է տալիս ծիծաղել, սրամտել։ Իրական խելքը երևում է լեզվում։ Մենք ունենք լեզվի կարիքը։
Հարցազրուցավար
Բոլդուինը նաև նշել է, որ իր ընտանիքը դեմ է եղել գրող դառնալու։ Հայրը զգացել է, որ հրատարակչական գործում սպիտակ մոնոպոլիա է տիրում։ Երբևէ նման զգացողություն ունեցե՞լ ես․ որ դեմ ես գնում մի բանի, ինչը իսկապես չափազանց դժվար է սև գրողի համար։
Էնջըլոու
Այո՛, բայց չեմ գտնում դա միայն գրականության մեջ։ Գտել եմ ամեն բանի մեջ, ինչ երբևէ փորձել եմ։ Ամերիկյան հասարակության գլխավերևում սպիտակ տղամարդն է, ապա սպիտակ կինը, ապա սև տղամարդը, իսկ ամենաներքևում՝ սև կինը։ Միշտ էլ այդպես է եղել։ Ոչ մի նոր բան։ Չի նշանակում, որ ինձ չի ցնցում դա, թափ չի տալիս․․․
Հարցազրուցավար
Կարող եմ հասկանալ դա սոցիալական տարբեր շերտավորություններում, բայց ինչո՞ւ արվեստում։
Էնջըլոու
Դե, դժբախտաբար, ռասիզմը համատարած է։ Այն չի դադարում համալսարանի դարպասների մոտ կամ բալետի բեմում։ Ես ճանաչում եմ հրաշալի սև պարողների՝ թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց, որոնց ժամանակին ասել են, թե նրանք ֆիզիկապես ձևավորված չեն բալետի համար։ Այսօր մենք շատ քիչ սև պարողներ ենք տեսնում բալետում։ Ցավոք, թատրոնում ու կինոյում էլ ռասիզմն ու սեքսիզմը կանգնած են դռան դիմաց։ Ես Հոլիվուդի առաջին սև կին ռեժիսորն եմ։ Որպեսզի ռեժիսորությամբ զբաղվեի, գնացի Շվեդիա և կինոյի դասընթաց վերցրի՝ հասկանալու համար՝ ինչ կարող է կամերան անել։ Չնայած արդեն պիես էի գրել և անգամ պարտիտուրա հեղինակել, թույլ չէին տալիս նկարահանել։ Մի երիտասարդ շվեդացի ռեժիսորի բերեցին, որը նախկինում չէր սեղմել սև մարդու ձեռք։ «Ջորջիա, Ջորջիա» ֆիմն էր՝ Դայանա Սենդսի մասնակցությամբ։ Մարդիկ կա՛մ վատաբանեցին, կա՛մ հաճոյախոսեցին ինձ։ Երկուսն էլ սխալ էին, որովհետև դա իմ ուզածը չէր, այն չէր, ինչ ես կանեի, եթե կարողանայի ինքս ղեկավարել ընթացքը։ Ուստի մտածեցի․ «Դե՛, կարծում եմ՝ ավելի լավ կլինի տասն անգամ ավել պատրաստված լինեմ։ Դա էլ նոր բան չէ։ Կուզենայի նոր լիներ։ Բոլոր դեպքերում գիտեմ՝ պետք է տասն անգամ ավելի պատրաստված լինեմ, քան իմ սպիտակ հակառակորդը»։
Հարցազրուցավար
Եվ այնուամենայնիվ, ձեռագիրն է հայտնվում խմբագրի գրասեղանին, ոչ թե մարդը կամ մարմինը։
Էնջըլոու
Այո։ Պետք է այնպես կառավարեմ գործիքներս, բառերս, որ կարողանամ այս նախադասությունը ակնդետ դարձնել էջում։ Պետք է այնպես փայլեցնեմ ձեռագիրս, որ փայլեցվածի տպավորություն չթողնի։ Ուզում եմ ընթերցողը, հատկապես խմբագիրը, կես ժամ ընկղմված լինի գրքում, նախքան հասկանալը, որ կարդում է։
Հարցազրուցավար
Բայց արդյո՞ք դա գրամեքենայի առջև նստած ցանկացած մեկի նպատակը չէ։
Էնջըլոու
Իհարկե։ Հնարավոր է չափազանց զգայուն լինել, մի քիչ պարանոյա ունենալ։ Բայց չեմ կարծում՝ դա վատ է։ Քեզ զգոն է պահում, ոտնաթաթերին կանգնած։
Հարցազրուցավար
Կա՞ մի թել, որ ձգվում է հինգ ինքնակենսագրականների միջով։ Ինձ թվում է՝ գերիշխող թեման երեխայիդ հանդեպ տածած սերն է։
Էնջըլոու
Այո, իհարկե, ճիշտ եք։ Կարծում եմ՝ հիմնականը դա է։ Ենթադրում եմ, որ հաջողակ եմ, որ հիմնական թելը կարելի է նկատել ընդհանուրի մեջ։ Հուսամ՝ իմ աշխատանքում մի թեզ կա, այն է՝ մենք կարող է շատ պարտությունների հանդիպենք, բայց պետք է չպարտվենք։ Հեշտ է հնչում, գիտեմ, բայց հավատում եմ, որ ադամանդը ծայրահեղ ճնշման և ժամանակի արդյունք է։ Ավելի քիչ ժամանակը բյուրեղն է։ Դրանից ավելի քիչ՝ ածուխը։ Ածուխից քիչ՝ բրածոյացված տերևները։ Իսկ դրանցից քիչ՝ պարզապես սովորական կեղտ։ Իմ բոլոր գործերում՝ ֆիլմերում, տեքստերում, բանաստեղծություններում, արձակում, էսսեներում, ասում եմ, որ կարող ենք շատ պարտությունների առերեսվել, բայց հատկանշականն այն է, որ հանդիպում ենք դրանց, բայց արդեն ավելի ուժեղ ենք, քան նախկինում և ավելի լավը, քան թույլ ենք տալիս ինքներս մեզ լինել։ Մարդիկ ավելի շատ նման են, քան նման չեն։ Ոչ մի առեղծված էլ չկա։ Ամեն մարդ արարած՝ լինի հրեա, քրիստոնյա, ուրացող, մուսուլման, շինտոիստ, զեն բուդդիստ, աթեիստ, ագնոստիկ, ամեն մարդ ուզում է ապրելու լավ տեղ, երեխաների համար դպրոց հաճախելու վայր, առողջ երեխաներ, որպեսզի մեկին սիրի, խիզախություն և անսահման հանդգնություն՝ փոխադարձ սերն ընդունելու, շաբաթ կամ կիրակի գիշերներն անկացնելու մի տեղ և Աստծոն հավերժացնելու վայր։ Ոչ մի առեղծված էլ չկա։ Բացարձակ։ Եվ եթե ես ճիշտ եմ իմ աշխատանքում, ապա սա հենց աշխատանքիս ասածն է։
Հարցազրուցավար
Իսկ հետ գնացե՞լ եք Ստեմփս, Արկանզաս։
Էնջըլոու
1970 թվականն էր մոտենում, Բիլ Մոյերսը, Վիլլի Մորիսը ու ես մի առիթով հանդիպել էինք։ Ջուդիթ Մորիսն էլ էր մեզ հետ, կարծում եմ՝ նա էր կազմակերպիչը։ Մի երկու, կամ ութ-յոթ սկոթչ էինք խմել։ Վիլլի Մորիսը այն ժամանակ Հարփըր ամսագչում էր։ Մի առաջարկ եղավ․ ինչո՞ւ բոլորս միասին Հարավ չգնանք։ Վիլլի Մորիսը Յազուից էր՝ Միսսիսսպիից։ Բիլի Մոյերսը Մարշալ, Տեխասից, որը մի ցատկի հեռավորության վրա է իմ ծննդավայրից՝ Ստեմփսից։ Գիշերվա կեսին հանկարծ միտք ծագեց՝ ինչո՞ւ Բիլ Մոյերսն ու Մայա Էնջըլոուն Յազու չգնան Վիլլի Մորիսին տեսնելու։ Ասացի՝ շատ լավ։ Երկուսին էլ համաձայն էի։ Ապա ասացին, որ Վիլլի Մորիսը և Բիլ Մոյերսը կգան Ստեմփս, Արկանզաս՝ Մայա Էնջըլոուին տեսնելու, և ես վրա բերեցի՝ ոչ մի դեպքում, Խոսե։ Ես չեմ վերադառնա այդ փոքրիկ քաղաք երկու սպիտակ տղամարդու հետ։ Չեմ անի։ Դե, որոշ ժամանակ անց, Բիլ Մոյերսը զանգահարեց (ստեղծագործության վերաբերյալ շարք էր անում) ու ասաց՝ Մայա՛, արի գնանք Ստեմփս։ Պատասխանեցի, որ՝ ո՛չ։ Շարունակեց խոսքը, ուզում էր ստեղածագործականությունից զրուցենք։ Ասացի՝ գիտես, չեմ ուզում իմանալ՝ որտեղ է այն։ Իսկապես չեմ ուզում և հիմա նույնպես։ Արևմուտքում մարդկանց ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ նրանք չափից դուրս զբաղված են իրերը մանրադիտակի տակ զննելով և այլն։ Ստեղծարարությունը ավելին է, քան իր մասերի ընդհանրությունը։ Ուզում եմ միայն իմանալ, որ այն կա։ Ուզում եմ Տոմ Թամբի պես ձեռքս դնել մեջքից հետևում և սալոր հանել այնտեղ։ Ինչևէ, Մոյերսը, ինչպես նաև Ջուդիթը շարունակեցին համառել և նախքան կիմանայի, հայտնվեցի Ստեմփսում։ Բիլ Մոյերսի հետ՝ ուղիղ տատիկիս տան շեմքին։ Աստվա՜ծ իմ։ Քաղաքից դուրս եկանք․ ես, Բիլը և Ջուդիթը։ Մեր հետևում Նյու Յորքի թիմն էր, գիտեք, ոնց որ «այո՛, փորեք հենց այնտեղ՝ որտեղից գալիս եմ, անցեք գործի» և այլն։ Ստեմպսից մոտ երեք մղոն դուրս եկանք, ասացի․ «Կանգնեցրո՛ւ մեքենան։ Թող հետևից եկող մեքենան մեզ հասնի։ Այդ մարդկանց հետդ վերցրու, իսկ ես նրանց մեքենայով կգամ»։ Հանկարծ հետ գնացի այն օրեր, երբ տասներկու տարեկան էի, այն փոքրիկ քաղաք, որտեղ իմ տատիկն ասում էր․ «Քույրի՜կ, երբեք սպիտակ տղաների հետ ճամփա չգնաս»։ Ես 200 տարով մեծ էի սև պղպեղից, բայց ասացի․ «Կանգնեցրո՛ւ մեքենան»։ Եվ արեցի։ Դուրս եկա մեքենայից։ Եվ, ախր, ճանաչում էի այդ տղաներին․ Բիլին որ հաստատ։ Բիլ Մոյերսը իմ ընկերն է, եղբայր-ընկերը։ Մենք հոգ ենք տանում միմյանց։ Բայց մանկության վիշապները, վախերը, գրոտեսկները միշտ էլ դեմ-դիմաց են դուրս գալու մանկության դռան մոտ։ Ցանկացած այլ վայր ներքին է և կապ չունի այն մեծ վախի հետ, որ ընկնում է մեկի վրա, երբ դեռ երեխա է։ Եվ այնուամենայնիվ, Բիլ Մոյերսի շոուն արեցին։ Եվ կարծես թե լավ էլ հայտնի ծրագիր է, առաջինն է ստեղծագործականների մեջ․․․
Հարցազրուցավար
Վերադառնալը մեղմե՞ց մանկական վախերը։
Էնջըլոու
Նրանք նման են եվրոպական հնադարյա և հոգնած կառույցներից կախված գրիֆինների։
Հարցազրուցավար
Չեն փոխվո՞ւմ։
Էնջըլոու
Չէ, և, եթե ինչ, ավելի վատն են դառնում։
Հարցազրուցավար
Բայց քառասուն տարի անցավ նախքան Հարավ, Հյուսիսային Կալիֆորնիա վերադառնալը։ Պատճան ամենուրեք գրիֆիններ գտնելու վա՞խն էր․ Ստեմփսը տիպիկ համայնքային քաղաք է։
Էնջըլոու
Դե՜, ես հանդիսատեսին ապացուցելու ոչինչ չեմ ունեցել երբեք։ Միշտ էլ մտահոգված եմ, թե ո՞վ եմ ես․ ինձ և Աստծո համար։ Իրականում։ Չեմ գնացել հարավ, որովհետև չէի ուզում մեծացնել ազդեցությունս, որովհետև ձանձրալի, անիրական է, ճշմարիտ չէ․ ինձ ոչնչի մասին չի ասում։ Եթե իմանայի վախիս մասին, ավելի շուտ կգնայի։ Պարզապես մտածում եմ, որ հարավը միշտ էլ չեմ հավանել։ Հիմա տեղափոխվել եմ։ Այնտեղ եմ ապրում։
Հարցազրուցավար
Հավանաբար ինքնակենսագրականներ գրելը, ինքդ քո մասին նոր բաներ իմանալը կհեշտացներ ետ գնալը։
Էնջըլոու
Գիտեմ՝ շատերը մտածում են, որ գրելը «մաքրում է օդը»։ Բայց ամենևին էլ այդպես չէ։ Պարզապես ամեն ինչ ավելի լավ գիտես, մարդկանց համար անուններ ունես։
Հարցազրուցավար
«Վանդակված թռնում» մի հատված կա, որտեղ Դուք և Ձեր եղբայրը ուզում եք «Վենետիկի վաճառական»-ից մի հատված բեմադրել, բայց չեք համարձակվում, որովհետև ձեր տատիկը գուցե բացահայտեր, որ Շեքսպիրը ոչ միայն մահացած է, այլ նաև սպիտակ։
Էնջըլոու
Չեմ կարծում, որ մեռած լինելը նրա համար խնդիր կդառնար։ Փորձել եմ համակերպել նրան․ մայրս գիտեր Շեքսպիրին, բայց մեզ տատիկս էր մեծացնում։ Երբ ասացի, որ ուզում եմ արտասանել (Պորցիայի մասն էր), մայրս ասաց․ «Դե, քույրիկս, ի՞նչ ես պատրաստվում ներկայացնել»։ Արտահայտությունը շատ գրավիչ էր։ Այսպես էր հնչում․ «Այժմ, փոքրիկ տիկին Մարգարիտը կներկայացնի իր ներկայացումը»։ Մայրս ասաց․ «Դե, քույրիկս, ի՞նչ ես պատրաստվում ներկայացնել»։ Ասացի․ «Մամա, պատրաստվում եմ ներկայացնել մի հատված, որը գրել է Ուիլյամ Շեքսպիրը»։ Տատիկս հարցրեց․ «Քույրիկ ջան, ո՞վ է այդ Ուիլյամ Շեքսպիրը»։ Ստիպված էի ասել, որ նա սպիտակ էր, թե չէ հաստատ ջրի երես էր դուրս գալու։ Մեկնումեկը բերանից բաց կթողներ։ Ուստի ասացի․ «Մամա, մամա, նա սպիտակ է, բայց մեռած, – ապա շարունակեցի, – արդեն դարեր մեռած է»,- հուսով, որ կների նրան այդ փոքրիկ «յուրահատկության» համար։ Նա պատասխանեց․ «Չէ՛, մեմ, փոքրիկ տիկին, չես ներկայացնելու։ Չէ, մեմ, փոքրիկ տիկին»։ Այդպես էլ կարդացի Ջեյմս Ջոնսոնին, Փոլ Դանբարին, Քոնթի Քուլենին, Լենգսթըն Հյուջին։
Հարցազրուցավար
Գրքերը թույլատրվա՞ծ էին տանը։
Էնջըլոու
Սրանցից ոչ մեկը տանը չէր․ դպրոցում էին, դպրոցից էի հետս տուն բերում, իսկ եղբայրս Էդգար Ալան Պո էր նվիրել, որովհետև գիտեր՝ սիրում էի նրան։ Այնքան էի սիրում, որ նրան ԷԱՊ էի անվանում։ Բայց, ինչպես արդեն ասել եմ, երիտասարդ ժամանակ խնդիր ունեի․ յոթուկես տարեկանից մինչ տասներկու տարեկան համր էի։ Կարող էի խոսել, բայց չխոսեցի հինգ տարի․ ես այն էի, ինչ կոչվում է «կամավոր համր»։ Բայց կարդում ու մտապահում էի հատվածներ․ չգիտեմ՝ մարդիկ ծնվում են տեսողական հիշողությամբ, բայց կարծում եմ՝ կարող են զարգացնել։ Ուղղակի ունեմ դա։
Հարցազրուցավար
Ո՞րն է «Աստծո բոլոր երեխաները ճամփորդական կոշիկների կարիք ունեն» վերնագրի նշանակությունը։
Էնջըլոու
Նույնիսկ երբ երիտասարդ էի, երբեք համաձայն չեմ եղել Թոմաս Վուլֆի «Այլևս չես կարող գնալ տուն» վերնագրին։ Բնազդաբար չէի համաձայնում։ Ճշմարտությունն այն է, որ երբեք չես կարող լքել տունը։ Տունը տանում ես քեզ հետ․ այն եղունգներիդ տակ է, մազարմատներում, ժպտալու ձևում, կոնքերիդ շարժման մեջ, կրծքավանդակիդ մեջտեղում, ամենուր է, և կարևոր չէ՝ ուր ես գնում։ Կարող ես կրկնօրինակել այլ վայրերի շարժումներն ու ձևերը, և անգամ սովորել նրանց պես խոսել։ Բայց ճշմարտությունն այն է, որ տունը ատամներիդ արանքում է։ Բոլորն էլ դա են փնտրում․ հրեաները գնում են Իսրայել, սև ամերիկացիները և սփյուռքի աֆրիկացիները գնում են Աֆրիկա, եվրոպացիները, անգլո-սաքսոնները՝ Անգլիա և Իռլանդիա, գերմանական ծագումով մարդիկ՝ Գերմանիա։ Շատ տարօրինակ բան է։ Կարող ենք հիմարեցնել ինքներս մեզ, կարող ենք ասել․ «Այո, սիրելիս, Թել-Ավիվում եմ ապրում, իրականում․․․»։ Ճշմարտությունը համառ փաստ է։ Այս գիրքը տուն գնալու փորձի մասին է։
Հարցազրուցավար
Եթե պետք լիներ գրողի օժտել ամենակարևոր գործիքներով, բացի, իհարկե, դեղին տողավոր նոթատետրերով, որո՞նք կլինեն։
Էնջըլոու
Ականջները։ Ականջները։ Լեզուն լսելու համար։ Բայց չկա որևէ գործիք, որ ամենակարևորը լինի։ Նախ և առաջ՝ խիզախությամբ։
Հարցազրուցավար
Երբևէ զգացե՞լ եք, որ չեք կարող տպել Ձեր աշխատանքը։ Կշարունակեի՞ք գրել, եթե Random House-ը վերադարձներ ձեռագիրը։
Էնջըլոու
Չէի մտածում, որ շատ հեշտ էր լինելու, բայց գիտեի, որ մի բան անելու եմ։ Իրական պատճառը, որ սև մարդիկ այսօր գոյություն ունեն, այն է, որ դիմադրություն կար այն լայն հասարակությունում, որն ասում էր՝ չեք կարող անել դա․ չեք կարող գոյատևել։ Եվ եթե գոյատևում ես, հաստատ չես կարող բարգավաճել։ Եվ եթե բարգավաճում ես, չես կարող չտրվել դրան կրքով կամ կարեկցանքով կամ հումորով կամ էլ քո ոճով։ Մի խոսք կա մի երգից․ «Մի թող ոչ ոք քեզ շեղի ճանապարհից»։ Ես միշտ հավատացել եմ դրան։ Դրա համար էլ գիտեի, որ ոչ ոք չէր կարող փոխել ճանապարհս, եթե չտպագրվեի, ապա կձևավորեի այս թատրոնը։ Այո։ Ինչո՞ւ ոչ։ Ինչ-որ մեկն արել է։ Համաձայն եմ Տերենտիուսի հետ։ Նա ասել է․ «homo sum: humani nihil a me alienum puto»։ Ես մարդ արարած եմ, ոչ մի մարդկային բան չի կարող օտար լինել ինձ։ Երբ հանրագիտարանում փնտրում ես Տերենտիուսին, անվան կողքին շեղատառ գրված է․ «Վաճառվել է հռոմեցի սենատորի, ազատվել է այդ սենատորի կողմից»։ Նա Հռոմի ամենահայտնի դրամատուրգն էր։ Նրա պիեսներից վեցը և այդ տողը մեզ են հասել Ք․Ա․ 154 թվականից։ Այս մարդը, որ ո՛չ սպիտակ էր ծնվել, ո՛չ էլ ազատության մեջ, առանց քաղաքացիություն ստանալու որևէ շանսի ասել է․ «Ես մարդ արարած եմ։ Ոչ մի մարդկային բան չի կարող օտար լինել ինձ»։ Ես ներծծել եմ դա, անձնականացրել տասներեք թե տասներկու տարեկանում։ Հավատում եմ, որ եթե մտքիս դնեի, գուցե չտպագրվեի, բայց ինչ-որ մեծ երաժշտություն կգրեի կամ մի բան կանեի լավ ընկեր դառնալու ուղղությամբ։ Այո՛, մի հրաշալի բան կանեի։ Գուցե դրկից հարևանիս, իմ ջենթլմեն ընկերոջ, սիրեկանիս հետ, բայց հրաշալի կլիներ այնքան, որքան որ կարողանայի։ Ուստի երբեք մտահոգված չեմ եղել որ աշխարհն ասի՝ որքան հաջողակ եմ ես։ Դրա կարիքը չունեմ։
Հարցազրուցավար
Նշեցիք խիզախությունը․․․
Էնջըլոու
Ամենակարևորը բոլոր զորություններից։ Առանց դրա չեք կարող անընդհատ գործի դնել ուրիշ զորություններ։
Հարցազրուցավար
Ի՞նչ կարծիքի եք այն սպիտակ գրողների մասին, որ գրել են սևերի կյանքի մասին․ Ֆլոլկների «Շառաչ և ցասումը» կամ Վիլյամ Սթայրոնի «Նաթ Թրնըրի խոստովանություննեըի»։
Էնջըլոու
Ժամանակ առ ժամանակ հիասթափված եմ․ ավելի հաճախ՝ եմ, քան չեմ։ Արդար չէ, որովհետև չեմ ասում, թե գրողը ստում է տեսածի մասին։ Իմ հիասթափությունն այն է, որ իրականում նրանք չեն տեսնում ավելի խորը, ավելի զգուշավոր։ Հաճելի է տեսնելը՝ ինչպես են Փիթեր Օ՛Թուլը կամ Մայքլ Քեյնը Անգլիայում վերնախավի ներկայացուցչի դեր են տանում։ Աշխատավոր դասակարգը ստիպված էր զննել վերնախավին, ստիպված էր եղել այդպես անել՝ իրենք իրենց այդ դիրքին հասցնելու համար։ Սև ամերիկացիներն էլ ստիպված են եղել սպիտակ ամերիկացիներին ուսումնասիրել։ Ստրկության տակ դարեր շարունակ սպիտակ տղամարդու ժպիտը կամ քմծիծաղը կամ էլ սպիտակ կնոջ ձեռքի շարժումը կարող էր սև մարդուն տեղեկացնել, որ վաճառված էր կամ մտրակվելու էր։ Այդպես մենք զննել ենք սպիտակ ամերիկացուն, մինչդեռ սպիտակ ամերիկացին պարտավոր չէր մեզ ուսումնասիրել։ Հաճախ թվում է՝ գրողը մութ ապակուց է ներս նայում։ Եվ ես միշտ մի քիչ (ոչ քիչ) տխրում եմ այդ աղքատիկ պատկերից։
Հարցազրուցավար
Եվ կարող եք վերցնել այն ամեն պահի, եթե․․․
Էնջըլոու
Այո-այո։ Կան ոմանք, որ ոգևորվում և տեղեկացնում են։ Շատ ավելի լավ է ինձ համար, հասկանում եք, երբ Էդնա Վինսենթ Միլլեյի նման գրողը այդպիսի խորությամբ խոսում է իր մասին և մեզ որևէ այլասիրություն չի առաջարկում։ Ապա, երբ նայում եմ նրա աչքերին՝ ինչպես է նա տեսնում սևին կամ ասիացուն, սիրտս լուսավորվում է։ Բայց բազմաթիվ այլ գրողներ հիասթափեցնում են ինձ։
Հարցազրուցավար
Ո՞րն է գրելու լավագույն մասը Ձեզ համար։
Էնջըլոու
Դե, կարող էի ասել՝ վերջաբանը։ Բայց երբ լեզուն տրվում է ինձ, երբ գալիս ու ենթարկվում է, հանձնվում ու ասում․ «ես քոնն եմ, սիրելիս»․ այ սա է լավագույն մասը։
Հարցազրուցավար
Ինչ-որ բաների վրայով չե՞ք թռչում գրելիս։
Էնջըլոու
Ոչ, կարող է սրբագրությունը բաց թողնեմ, զուտ որպեսզի տեսնեմ՝ ինչ կապեր ունեմ։
Հարցազրուցավար
Արդյո՞ք ջանքերի մեծ մասը գնում է բառերը թղթին գրելու համար, թե՞ դրանք սրբագրելու։
Էնջըլոու
Ինչ-որ գործ հոսում է, և, գիտե՞ք, կարող է երեք օր տևել։ Կարծում եմ՝ նավարկությունում կարևոր բառը մղվելն է․ մղման երեք օր։ Մնացյալ օրերը պարզապես սարսափելի են․ անդուլ աշխատել ու հետ գցել՝ փորձելով շաղկապել բոլոր «և-երը, դեպի-ները, համար-ները, որովհետև-ները, հետևաբար-ները, այնուամենայնիվ-ները», հասկանո՞ւմ եք․ այս բոլորը։
Հարցազրուցավար
Եվ հետո, ի վերջո, գրում եք «Վերջ» և ահա այն․ մի քիչ խերես եք խմում։
Էնջըլոու
Մի քիչ շատ խերես։
Թարգմանությունը անգլերենից՝ Անահիտ Ղազախեցյանի