Ծեր նկարիչ Վանգ-Ֆոն և նրա աշակերտ Լինգը թափառում էին Հանի թագավորության ճանապարհներով: Նրանք շատ դանդաղ էին առաջ շարժվում, քանի որ Վանգ-Ֆոն հաճախակի կանգ էր առնում, որպեսզի գիշերները զմայլվեր երկնային լուսատուներով, իսկ ցերեկները` ճպուռներով: Երկուսն էլ չնչին ուղեբեռ ունեին, որովհետև Վանգ-Ֆոն ոչ թե իրերն էր սիրում այլ դրանց պատկերները, այդ իսկ պատճառով աշխարհում բացի վրձիններից, չինական լաքից, թանաքամաններից, մետաքսից և փայլուն թղթից ոչինչ արժեքավոր չէր համարում,որ ձեռք բերեր: Նրանք ծայրահեղ աղքատ էին, քանի որ Վանգ-Ֆոն իր նկարները փոխանակում էր ընդամենը մի բաժին կորեկի շիլայի հետ և լիովին արհամարհում էր փողը: Նրա աշակերտ Լինգն այնպես էր կքել և մեջքը պատկառանքով կորացրել ճեպանկարներով լեցուն պայուսակի ծանրությունից, որ ասես ողջ երկրակամարն էր կրում իր ուսերին, և ասես այդ պայուսակի պարունակությունը նրա աչքերի առջև ուրվագծում էր ձյունածածկ լեռների, գարնանային գետերի և ամառային լուսնի պատկերը:
Սակայն Լինգը լույս աշխարհ չէր եկել թափառելու մի ծերունու հետ, որը ջանում էր տիրանալ այգին և որսալ աղջամուղջը: Լինգի հայրը ոսկի փոխանակող էր: Մայրը նեֆրիտավաճառի միակ դուստրն էր և ժառանգել էր հայրական ողջ ունեցվածքը, սակայն որովհետև արու զավակ չէր, անեծքի էր արժանացել: Լինգը մեծացել էր մի տան մեջ, որտեղ հարստությունը բացառում էր ամեն տեսակ պատահականություն: Խնամքով ծեփված այդ գոյությունը նրան չափազանց երկչոտ էր դարձրել. նա վախենում էր միջատներից, որոտից և մահացածների դեմքերից: Երբ լրացավ Լինգի տասնհինգ տարին, հայրը նրա համար մի շատ գեղեցիկ կին ընտրեց, և որդուն շնորհված երջանկությունը պատկերացնելու միտքն անգամ նրան մխիթարում էր, թե հասել է մի տարիքի, երբ գիշերն արդեն պետք է օգտագործեր միայն քնելու համար: Լինգի կինը դյուրաբեկ էր՝ ինչպես եղեգը, անարատ՝ ինչպես կաթը, կակուղ՝ ինչպես թուքը և աղի՝ ինչպես արցունքը: Ամուսնությունից հետո Լինգի ծնողների զսպվածությունը նրանց ուղեկցեց մինչև մահ, և որդին միայնակ մնաց կինաբարիսով ներկված իր տան, անդադար ժպտացող կնոջ ու գարնանը վարդագույն ծաղիկներով պճնվող սալորենու հետ: Լինգը մաքրահոգի այդ կնոջը սիրեց այնպես, ինչպես սիրում են երբեք չխունացող հայելին կամ պահապան թալիսմանը: Ժամանակակից երևալու համար նա թեյարաններ էր այցելում և չափավոր օգնում աճպարարներին ու պարուհիներին:
Մի երեկո, պանդոկում նրա սեղանակիցը Վանգ-Ֆոն էր: Հարբեցողի կերպարն ավելի լավ պատկերելու համար, ծերունին գինովցել էր: Նրա գլուխը կողքի էր թեքվել, կարծես փորձում էր չափել իր ձեռքի և բաժակի միջև ընկած հեռավորությունը: Բրնձից պատրաստված խմիչքը արձակել էր ծերունու լեզվի կապանքները, և նա այդ երեկո այնպես էր խոսում, ասես լռությունը պատ էր, իսկ բառերը` գույներ այն ներկելու համար: Վանգի շնորհիվ Լինգը բացահայտեց տաք խմիչքների գոլորշուց մշուշված խմողների դեմքերի գեղեցկությունը, կրակի բոցով անհավասար լիզատված մսերի շագանակագույն լույսը և սփռոցների վրա թերթիկների նման թափթփված գինու հետքերի վարդագույն ուրվագիծը: Հանկարծ քամին բացեց պատուհանները, և անձրևը տարափով ներխուժեց սենյակ: Վանգ-Ֆոն մի կողմ թեքվեց՝ Լինգին թույլ տալով հիանալու կապտավուն զոլավոր կայծակով: Լինգը, այս ամենով հիացած, այլևս չվախեցավ որոտից:
Լինգը փակեց ծերունի նկարչի հաշիվը և, քանի որ Վանգ-ֆոն փող չուներ ու անապաստան էր, խոնարհաբար նրան առաջարկեց գիշերել իր տանը: Նրանք միասին ճամփա ընկան: Լինգը ձեռքին մի լապտեր ուներ, որի աղոտ լույսն ընկնելով փոքրիկ ջրափոսերի մեջ անսպասելի բոցկլտումներ էր առաջացնում: Այդ երեկո Լինգը զարմանքով նկատեց, որ իր տան պատերը կարմիր չեն, ինչպես ինքն էր կարծում, այլ գրեթե հասած նարնջի գույն ունեն: Բակում Վանգ-Ֆոն նկատեց ծառերից մեկի նրբագեղ ուրվագիծը, որին մինչ այդ երբեք ուշադրություն չէր դարձրել, և այն համեմատեց երիտասարդ կնոջ հետ, որ ասես չորանալու համար վարսերը մեջքին էր փռել: Միջանցքում Լինգը հիացմունքով դիտում էր պատի ճեղքերի երկայնքով մրջյունի տարակուսող վազքը, և այդ միջատների նկատմամբ Լինգի ունեցած սարսափը միանգամից չքացավ: Լինգը հասկացավ, որ Վանգ-Ֆոն իրեն նոր հոգի և աշխարհաճանաչման նոր ձև է պարգևել և ծերունուն տրամադրեց այն ննջասենյակը, որտեղ ծնողներն էին մահացել:
Տարիներ շարունակ Վանգ-Ֆոն երազել էր նկարել հին ժամանակներում ուռենու տակ վին նվագող արքայադստեր: Որպես բնորդուհի հանդես գալու համար ոչ մի կին բավարար չափով անիրական չէր, սակայն Լինգը կարող էր դա անել, որովհետև, պարզապես, կին չէր: Հետո Վանգ-Ֆոն ցանկացավ նկարել մեծ մայրու տակ կանգնած, աղեղից նետ արձակող արքայազնի: Բայց ժամանակակից ոչ մի երիտասարդ որպես բնորդ հանդես գալու համար բավարար չափով անիրական չէր, և Լինգը սեփական կնոջը կանգնեցրեց պարտեզի սալորենու տակ: Դրանից հետո Վանգ-Ֆոն Լինգի կնոջը նկարեց աղջամուղջի ամպերի մեջ` փերու կերպարանքով, և երիտասարդ կինը լաց եղավ, որովհետև դա մահվան նախանշան էր: Այն պահից սկսած, երբ Լինգն Վանգ-Ֆոյի կերտած դիմանկարները գերադասեց սեփական կնոջից, վերջինիս դեմքի փայլը հետզհետե չքացավ՝ տաք քամիներից և ամառային անձրևներից թառամող ծաղկի պես: Եվ մի առավոտ նրան գտան վարդագույն սալորենու ճյուղից կախված. կոկորդը սեղմող գլխաշորի ծայրերը խառնվել էին քամուց ծածանվող մազերին: Նա սովորականից ավելի վտիտ էր և հին ժամանակների բանաստեղծների գովերգած գեղեցկուհիների պես ջինջ: Վանգ-Ֆոն վերջին անգամ նկարեց կնոջը, որովհետև սիրում էր մահացածների դեմքերը պատող կանաչավուն երանգը: Լինգն այդ ժամանակ ներկերն էր տրորում, և այդ աշխատանքն այնքան ջանք էր պահանջում, որ մոռացավ նույնիսկ արցունք թափել:
Արևմուտքից բերվող բոսորագույն թանաքով ուսուցչին ապահովելու համար Լինգն իրար ետևից վաճառեց ստրուկներին, նեֆրիտները և շատրվանի ձկները: Երբ տունն ամբողջովին դատարկվեց, նրանք հեռացան, և Լինգն իր ետևից փակեց անցյալի դուռը: Վանգ-Ֆոն հոգնել էր այն քաղաքից, որտեղ դեմքերն այլևս տգեղության և գեղեցկության ոչ մի գաղտնիք չէին կարող սովորեցնել, և ուսուցիչն ու աշակերտն սկսեցին միասին թափառել Հանի թագավորության ճանապարհներով:
Նրանց անունն ու փառքը արդեն թնդում էին բոլոր այն գյուղերում, ամրոցներում և տաճարների գավիթներում, որտեղ մայրամուտին իրենց ապաստանն էին գտնում անխոնջ ճամփորդները: Ասում էին, թե Վանգ-Ֆոն կարողանում էր իր նկարներին կյանք ներշնչել այն վերջին գունավոր վրձնահարվածով, որն ավելացնում էր նրանց աչքերին: Հասարակ գյուղացիները նրան խնդրում էին պահապան շան, իսկ ազնվազարմ պարոնները` զինվորների պատկերներ նկարել: Հոգևորականները Վանգ-Ֆոյին մեծարում էին որպես իմաստունի, իսկ ժողովուրդը վախենում էր նրանից ինչպես կախարդից: Վանգին զվարճացնում էին այս տարակարծությունները և հնարավորություն տալիս ուսումնասիրելու իրեն շրջապատող երախտագիտության, վախի կամ հեզության դրսևորումները:
Լինգը կերակուր էր մուրում, հսկում ուսուցչի քունը և մեծագույն բավականություն ստանում ոտքերը մերսելուց : Այգաբացին, երբ ծերունին դեռ քնած էր լինում, նա գնում էր որոնելու եղեգների ետևում պատսպարված ամոթխած բնապատկերներ: Երեկոները Լինգը համբերատար հավաքում էր վրձինները, որ ուսուցիչը հիասթափված մի կողմ էր շպրտում: Երբ Վանգը տխրում էր և բողոքում ծերությունից, Լինգը, մեղմ ժպտալով, ցույց էր տալիս բազմամյա կաղնու ամուր բունը: Երբ Վանգն ուրախ էր լինում և կատակում էր, Լինգը խոնարհաբար ձևացնում էր, թե իբր լսում էր: Օրերից մի օր, երբ նրանք հասել էին կայսերական քաղաքի արվարձաններից մեկը, Լինգը փնտրեց և գտավ մի պանդոկ, ուր ուսուցիչը կարող էր գիշերել: Ծերունին փաթաթվեց քուրջերով, իսկ Լինգը տաքացնելու համար պառկեց նրա կողքին, քանի որ գարունը նոր էր բացվում և հատակը դեռ սառցակալած էր: Արշալույսին պանդոկի միջանցքներում ծանր քայլերի աղմուկ բարձրացավ, լսվեցին պանդոկապանի սարսափահար շշուկները և բարբարոսների լեզվով արձակված հրամանները: Լինգը սարսռաց, հիշեց, որ նախորդ օրը տիրոջ նախաճաշի համար բրնձով կարկանդակ էր գողացել: Նա ամենևին չմտահոգվեց, որ եկել էին իրեն ձերբակալելու, նրա անհանգստության միակ պատճառն այն էր, թե ով էր վաղը Վանգ-Ֆոյին օգնելու անցնել գետի ծանծաղուտը:
Զինվորները լապտերները ձեռքներին ներս մտան: Գույնզգույն թղթի ետևում թրթռացող բոցը կարմրակապտավուն երանգներ էր գցում կաշվե սաղավարտներին: Աղեղների լարերը թրթռում էին նրանց ուսերին, իսկ զինվորներից ամենադաժաններն անհեթեթ ոռնոցներ էին արձակում: Նրանցից մեկը ձեռքը կոպտորեն դրեց Վանգ-Ֆոյի ծոծրակին, որը հասցրեց նկատել, որ զինվորի թեզանիքների գույնը թիկնոցին չի ներդաշնակում:
Խորդուբորդ ճանապարհի երկայնքով երերալով, Լինգի օգնությամբ, Վանգ-Ֆոն հետևեց զինվորներին: Այս ու այն կողմ խմբված անցորդները քամահրանքով նայում էին այս երկու մեղսագործներին, որոնց, անկասկած, գլխատելու էին տանում: Վանգի բոլոր հարցերին զինվորները պատասխանում էին միայն վայրի ծամածռություններով: Նրա կապկպված ձեռքերը ցավից տնքում էին, իսկ Լինգը հուսահատ աչքերով նայում էր ուսուցչին ու ժպտում, ինչն ավելի քնքույշ էր, քան լացը:Նրանք մոտեցան կայսերական պալատի նախաշեմին, որի մանուշակագույն պատերը ցերեկվա լույսի տակ ասես տարածվել էին՝ ինչպես մայրամուտի կիսագունդը: Զինվորները Վանգ-Ֆոյին տարան բազմաթիվ քառակուսի և շրջանաձև սենյակների միջով, որոնց ձևերը խորհրդանշում էին տարվա եղանակները, աշխարհի երկրները, արականը և իգականը, հարատևությունը, իշխանության առանձնաշնորհը: Դռները, երաժշտական հնչյուններ արձակելով, պտտվում էին իրենց առանցքների շուրջը և այնպես էին դասավորված, որ պալատի արևելքից մինչև արևմուտք անցնելիս այդ հնչյունները մի ամբողջ գամմայի էին վերածվում: Ամեն բան պայմանավորված էր գերմարդկային կարողությամբ և մտքի նրբաթափանցությամբ, զգացվում էր , որ այստեղ արտաբերվող չնչին հրամանն անգամ պետք է նախնիների իմաստության նման վճռական և ահասարսուռ լիներ: Օդը գնալով նոսրացավ, լռությունն այնքան խորն էր, որ մահապատժի դատապարտվածն անգամ չէր համարձակվի բղավել: Ներքինին բարձրացրեց վարագույրը, և մարդկանց փոքրիկ խումբը մտավ այն սրահը, որտեղ գահակալում էր Երկնքի Որդին:
Սրահը պատերից զուրկ էր և հաստատված էր կապտավուն քարե հաստ սյուների վրա: Սյուների մյուս կողմում բացվում էր պարտեզը, որտեղ յուրաքանչյուր ծաղիկ օվկիանոսի հակառակ կողմից բերված հազվագյուտ տարատեսակներից էր: Ավաղ, դրանցից ոչ մեկը չէր բուրում` վախենալով իրենց բույրով ընդհատել Երկնային Վիշապի խորհրդածությունները: Այդ լռության մեջ Կայսեր՝ լողացող մտքերը հարգելով՝ ոչ մի թռչուն չէր համարձակվում պարիսպներից ներս մտնել նրանք նույնիսկ մեղուներին էին քշել: Հսկայական պարիսպը պարտեզը բաժանում էր աշխարհից, որպեսզի սատկած շների և կռվի դաշտում մահացածների վրայով անցնող քամին դույզն իսկ չդիպչի Կայսեր թեզանիքին անգամ:
Երկնային Տերը բազմել էր նեֆրիտե գահին և, չնայած քսանամյա տարիքին, ծերունու կնճռոտ ձեռքեր ուներ: Նրա հագուստը երկնագույն էր, ինչը խորհրդանշորեն հիշեցնում էր ձմռան և կանաչ գարնան մասին: Դեմքը գեղեցիկ էր, սակայն անթափանց` ինչպես շատ բարձրում դրված հայելին, որը միայն աստղերն ու անողոք երկինքն է արտացոլում: Նրա աջ կողմում կանգնած էր Կատարյալ Հաճույքների նախարարը, իսկ ձախ կողմում` Արդար Պատիժների խորհրդականը: Սյուների տակ շարված կուրտիզանուհիները ականջները սրում էին նրա շուրթերից դուրս եկած չնչին խոսքն անգամ որսալու համար, այդ իսկ պատճառով ցածր խոսելը նա սովորություն էր դարձրել :
– Օ, Երկնա՛յին Վիշապ ,- ծնկաչոք ասաց Վանգ-Ֆոն,- ես ծեր
եմ, աղքատ, թույլ: Դու ամառն ես, ես` ձմեռը: Դու Տասը Հազար կյանք ունես, ես` ընդամենը մեկը, որը շուտով կավարտվի: Ես քեզ ի՞նչ եմ արել : Կապկպել են ձեռքերս, որոնք երբևէ քեզ վնաս չեն պատճառել:
-Դու հարցնում ես, թե ինչ ես արել ինձ, ծե՛ր Վանգ-Ֆո,- ասաց Կայսրը:
Նրա ձայնն այնքան քաղցրահունչ էր, որ լաց լինելու ցանկություն էր առաջացնում : Կայսրը բարձրացրեց աջ ձեռքը, որի արտացոլանքը նեֆրիտե սալահատակին, ստորջրյա բույսի նման, կանաչակապտավուն գույնի էր, իսկ բարակ մատների երկարությամբ հիացած Վանգ-Ֆոն իր հուշերում փորձեց փորփրել, թե արդյոք չի նկարել Կայսեր կամ նրա որևէ ազգականի միջակ դիմանկար, որն արժանի է ոչնչացման: Սակայն դա քիչ էր հավանական, որովհետև մինչ այդ նա հազվադեպ էր կայսերական արքունիք այցելել ` նախընտրելով գյուղացիների հյուղակները, կուրտիզանուհիների թաղամասերը կառամատույցի երկայնքով տարածվող պանդոկները, ուր բեռնակիրները մշտապես իրար հետ վեճի են բռնվում:
– Դու հարցնում ես, թե ինչ ես արել ինձ, ծե՛ր Վանգ-Ֆո,- վերսկսեց Կայսրը և իր երկար պարանոցը խոնարհեց դեպի իրեն ուշադրությամբ լսող ծերունու կողմը: – Ես հիմա քեզ կասեմ: Եվ քանի որ ուրիշի թույնը ներծծվում է մեր ինն անցքերի միջով, ապա սխալներդ ներկայացնելու համար ստիպված եմ քեզ ուղեկցել հիշողություններիս միջանցքներով ու պատմել ողջ կյանքս: Հայրս քո նկարների հավաքածոն զետեղել էր պալատի ամենագաղտնի սենյակում, որովհետև կարծում էր, թե նրանցում պատկերված կերպարները անհրաժեշտ էր հեռու պահել հասարակ մարդկանց աչքերից, որոնց ներկայությամբ նրանք չէին կարող հայացքները խոնարհել: Հենց այս սրահներում եմ ես կրթություն ստացել, ծե՛ր Վանգ-Ֆո, և շուրջս այնպիսի միայնություն էին ստեղծել,որն ինձ թույլ էր տալիս հասունանալ: Հոգուս մաքրությունը մարդկային հոգիների ցեխոտ ցայտերից զերծ պահելու համար ինձնից հեռացրել էին իմ ապագա նպատակների երերուն ալիքը և բոլորին արգելել նույնիսկ սենյակիս մոտով անցնելու` վախենալով, թե կնոջ կամ տղամարդու ստվերն ինձ վրա կտարածվի: Այն մի քանի զառամյալ աղախինները, որոնք հոգ էին տանում իմ մասին, հնարավորինս քիչ էին երևում: Ժամերը շրջանաձև պտույտներ էին կատարում և նկարներիդ գույները արևածագին ավշավետում էին և մթնշաղի հետ դալկանում: Գիշերները, երբ ինձ չէր հաջողվում քնել, ես նայում էի քո նկարներին և այդպես՝ տասը տարի շարունակ: Ցերեկը գորգի վրա նստած, որի նախշերն արդեն անգիր գիտեի, դատարկ ափերս դնում էի դեղին մետաքսապատ ծնկներիս և երազում մոտալուտ ապագայում ինձ սպասվող երջանկության մասին: Ես մտովի պատկերացնում էի այն աշխարհը, որի կենտրոնում միատարր և ձեռքով մշակված դաշտավայրերի նման՝ Հանի թագավորությունն էր, որն ակոսում էին Հինգ Գետերի ճակատագրական գծերը: Ամեն ինչ շրջապատված էր ծովով, որտեղ հրեշներ էին ծնվում, իսկ փոքր ինչ հեռվում երկինքը պահող լեռներն էին: Այս ամենը պատկերացնելու համար ինձ օգնում էին քո նկարները: Դու ինձ հավատացրել ես, որ ծովը նման է քո կտավների վրա տտրածված ջրե ընդարձակ սփռոցի, այնքան կապույտ, որ քարը, ընկնելով նրա մեջ, կարող է միայն շափյուղայի վերածվել, որ կանայք ծաղիկների նման բացվող և փակվող էակներ են, որոնց քամին քշում է, որպեսզի կարողանան առաջ գնալ քո պարտեզների արահետներով , և որ սահմանները հսկող երիտասարդ բարեկազմ զինվորներն ասես հենց իրենք նետեր լինեն՝ ընդունակ սիրտ խոցելու: Տասնվեց տարեկանում ես տեսա, թե ինչպես կրկին բացվեցին ինձ աշխարհից բաժանող դռները. ես բարձրացա ամրոցի սանդղագլուխ՝ ամպերով զմայլվելու ,սակայն քո մայրամուտների ամպերն ավելի գեղեցիկ էին:
Հրամայեցի բերել գահավորակս և անդադար օրորվելով այն ճանապարհներին, որտեղ չէի նախատեսել ո՛չ ցեխ, ո՛չ քարեր, ես կտրեցի անցա կայսրության գավառները և չգտա լուսատտիկների նման կանանցով լի պարտեզները, քո այն կանանց, որոնց մարմինն իսկ արդեն պարտեզ էր: Ափերի գլաքարերը տեսնելով՝ ես հիասթափվեցի օվկիանոսներից, քո կտավներում պատկերված նուռն ավելի կարմիր էր, քան մահվան դատապարտվածի արյունը, գյուղերի մակաբույծներն ինձ թույլ չէին տալիս հիանալու բրնձի դաշտերի գեղեցկությամբ, կենդանի կանանց մարմինն ինձ այնպես է վանում, ինչպես մսագործների կեռերից կախված մեռած միսը, և իմ զինվորների կոպիտ ծիծաղից սիրտս խառնում էր: Դու ինձ ստել ես, Վանգ-Ֆո՛, ծե՛ր խաբեբա, աշխարհն ընդամենը մեր արցունքներից անդադար մաքրվող հետքերի մի կույտ է, որն անզգա մի նկարիչ նետել է ունայնության մեջ: Հանի թագավորությունը ամենագեղեցիկը չէ, և ես Կայսր չեմ: Միակ կայսրությունը, ուր արժե թագավորել, այն է, ուր դու՛, ծերունի՛ Վանգ-Ֆո, թափանցում ես Հազար Ոլորանների և Տասը Հազար Գույների ճանապարհով:
Միայն դու ես խաղաղ թագավորում մշտնջենական ձյունով պատված լեռների և չթոշնող նարգիզներով լեցուն դաշտերի վրա: Այդ իսկ պատճառով, Վանգ-Ֆո՛ , ես երկար մտածեցի ինչպես պատժել քեզ, ում կախարդությունների պատճառով հիասթափվեցի այն ամենից, ինչին տիրում եմ և տենչում այն, ինչը երբեք չեմ կարող ունենալ: Եվ որպեսզի քեզ բանտարկեմ այն միակ պատժախցում, որտեղից փախչել չես կարող, որոշեցի այրել աչքերդ, քանի որ դրանք թագավորությունդ քո առջև բացող երկու կախարդական դռներն են: Եվ քանի որ ձեռքերդ էլ դեպի քո կայսրությունը տանող տասը ճյուղավորում ունեցող ճանապարհներն են, ես որոշեցի կտրել դրանք: Հիմա հասկացա՞ր ինձ, ծե՛ր Վանգ-Ֆո:
Լսելով այս դատավճիռը՝ աշակերտ Լինգը գոտուց հանեց ատամնավոր դանակը և փութաց հարձակվել Կայսեր վրա: Երկու ներքինիները ետ պահեցին նրան: Երկնքի Որդին ժպտաց և հոգոց արձակելով՝ ավելացրեց.
– Ես քեզ ատում եմ նաև այն բանի համար, որ դու՛, ծերունի՛ Վանգ-Ֆո, կարողանում ես քեզ սիրել տալ: Սպանեցե՛ք այս շանը: Լինգը մի կողմ թռավ, որպեսզի իր արյունը ուսուցչի հագուստին հետք չթողնի: Զինվորներից մեկը բարձրացրեց թուրը, և Լինգի գլուխը պոկված ծաղկի նման ընկավ պարանոցից: Սպասավորները տարան նրա մնացորդները, իսկ Վանգ-Ֆոն հիասթափված էր, սակայն հիացավ աշակերտի ալ կարմիր արյան գեղեցիկ հետքով: Կայսրը նշան արեց, և երկու ներքինիները մաքրեցին Վանգ-Ֆոյի թաց աչքերը:
-Լսի՛ր, ծե՛ր Վանգ-Ֆո,- ասաց Կայսրը,- սրբի՛ր արցունքներդ, որովհետև լաց լինելու ժամանակը չէ: Քո աչքերը պետք է մաքուր մնան, որպեսզի այն չնչին լույսը, որ մնացել է դրանց մեջ, արցունքներդ չպղտորեն: Պատճառը միայն վրեժխնդրությունը չէ, որ ես քո մահն եմ ցանկանում, պատճառը դաժանությունը չէ լոկ , որ ես ցանկանում եմ տեսնել, թե ինչպես ես տառապում: Քո ստեղծագործությունների իմ հավաքածոյի մեջ կա մի սքանչելի նկար, ուր, անշուշտ, անչափ փոքրացված, բայց գնդի մակերեսին անդրադարձող զարդապատկերների նման առարկաներն անգամ գերազանցող լեռները, գետախորշերն ու ծովը երևակվում են: Այդ նկարն անավարտ է,Վանգ-Ֆո՛, քո գլուխգործոցը անավարտ վիճակում է: Այն պահին, երբ բլրակին միայնակ նստած վրձնում էիր այդ կտավը, դու, անկասկած, նկատեցիր, թե ինչպես թռչնակ անցավ, իսկ նրա ետևից՝ մանկիկ, որը հետևում էր թռչնակին: Եվ թռչնակի կտուցը կամ մանկան այտերը քեզ մոռացնել տվին կոհակների լաջվարդ կոպերը: Դու անավարտ ես թողել ծովի մուշտակի ծոպքերը, ժայռերի ջրիմուռե վարսերը: Վանգ-Ֆո՛, ես ցանկանում եմ, որ դու քո վերջին լուսավոր ժամերն անցկացնես ավարտին հասցնելու համար այդ նկարը, որտեղ իրենց տեղը կգտնեն քո բազմամյա կյանքի ընթացքում կուտակած գաղտնիքները: Եվ, անկասկած, ոչնչանալու պատրաստ աչքերդ կբացահայտեն մարդկային զգայարանների սահմաններում գոյություն ունեցող հարաբերությունները: Այսպիսին է իմ ծրագիրը, ծե՛ր Վանգ-Ֆո, և ես կարող եմ քեզ ստիպել կատարելու իմ ցանկությունը: Եթե հրաժարվես, քեզ կուրացնելուց առաջ կհրամայեմ այրել քո բոլոր աշխատանքները, և դու կնմանվես այն հորը, որի զավակներին նահատակել են և խորտակել հետագա սերունդների հույսը: Բայց հավատա՛, եթե ուզում ես, այս վերջին հրամանը բարությանս արգասիքն է, քանի որ գիտեմ, որ նկարն այն միակ սիրուհին է եղել, որին դու երբևէ գուրգուրել ես: Եվ քո վերջին ժամերը զբաղեցնելու համար քեզ վրձին, ներկեր ու թանաք նվիրելը նման է մահվան դատապարտվածին կին նվիրաբերելուն:
Կայսրն իր ճկույթով նշան արեց, և երկու սպասավորները երկյուղածությամբ բերեցին անավարտ նկարը, որտեղ Վանգ-Ֆոն ծովի և երկնքի պատկերն էր ուրվագծել: Վանգ-Ֆոն սրբեց արցունքները և ժպտաց, որովհետև այս փոքրիկ ճեպանկարը հիշեցնում էր իր երիտասարդությունը: Ամեն բան այստեղ վկայում էր հոգու մաքրության մասին, որին Վանգ-Ֆոն այլևս հավակնել չէր կարող: Սակայն նկարի մեջ ինչ-որ բան պակասում էր, քանի որ այն ժամանակ, երբ Վանգ-Ֆոն նկարել էր, դեռ չէր հասցրել զմայլվել լեռներով, լերկ կողերը ծովում ողողող ժայռերով և բավարար չափով չէր թափանցել վերջալույսի տրտմության մեջ: Վանգ-Ֆոն ընտրեց վրձիններից մեկը, որը նրան պարզել էր ստրուկը և անավարտ ծովի վրա լաջվարդ լայն ջրահոսքեր սփռեց: Նրա ոտքերի մոտ նստած ներքինին ներկերն էր տրորում, նա շատ վատ էր կատարում իր գործը, և Վանգ- Ֆոն այդ պահին շատ անկեղծ ափսոսեց իր աշակերտ Լինգի մահը:
Վանգը վարդագույն ներկեց լեռան վրա հանգչող ամպի թևքի ծայրերը: Հետո ծովի երեսին փոքրիկ կնճիռներ ավելացրեց, որոնք ընդամենն ավելի էին խորացնում հանդարտության զգացումը: Նեֆրիտե սալահատակը մերթ ընդ մերթ առանձնահատուկ կերպով խոնավանում էր, բայց իր նկարով տարված Վանգ-Ֆոն չէր էլ նկատում, որ աշխատում էր ջրի մեջ նստած:
Նկարչի վրձնահարվածներից խոշորացած խարխուլ նավակն արդեն հայտնվել էր մետաքսե կտավի առաջին պլանում: Հեռվում լսվող թիերի համաչափ աղմուկը հանկարծ ուժեղացավ և դարձավ ավելի հաճախական ու աշխույժ` ինչպես թռչունների թևերի հարվածները: Աղմուկը մոտեցավ, մեղմորեն լցվեց սրահի մեջ, հետո դադարեց, և նավակի թիերից կախված անշարժ կաթիլներն սկսեցին դողդողալ:
Վանգի աչքերն այրելու համար նախատեսված շիկացած երկաթն արդեն վաղուց սառել էր դահճի ծխացող խարույկի վրա: Մինչև ուսերը ջրի մեջ ընկղմված կուրտիզանուհիները բարձրացել էին ոտքի ծայրերին: Ջուրն արդեն հավասարվել էր Կայսեր սրտին: Լռությունն այնքան խորն էր, որ լսվում էր անգամ, թե ինչպես են ինչ-որ մեկի արցունքները կաթկթալով թափվում:
Լինգի արցունքներն էին: Նրա հագին իր ամենօրյա մաշված զգեստն էր՝ պատռտված թևնոցով, որ զինվորների ներխուժումից առաջ չէր հասցրել կարկատել: Պարանոցին արտասովոր կարմիր մի շարֆ կար:
Վանգ- Ֆոն, շարունակելով նկարել, մեղմ ձայնով ասաց.
– Ես կարծում էի` դու մեռած ես:
– Եթե Դուք կենդանի եք,- երկյուղածորեն ասաց Լինգը,- ես ինչպե՞ս կարող եմ մեռնել:
Նա ուսուցչին օգնեց բարձրանալու մակույկին: Նեֆրիտե առաստաղը ջրի վրա այնպես էր արտացոլվում, որ կարծես Լինգը քարանձավում էր նավարկում: Կուրտիզանուհիների սուզված հյուսքերը օձերի նման գալարվում էին ջրի մակերեսին, իսկ Կայսրի դալուկ գլուխը լոտոսի պես օրորվում էր:
-Նայի՛ր, սիրելի աշակե՛րտս,- մելամաղձոտ ձայնով ասաց Վանգ- Ֆոն,- այս դժբախտները փտելու են, եթե արդեն չեն փտել: Ես պատկերացնել անգամ չէի կարող, որ ծովի մեջ այնքան ջուր կա, որ կարող է Կայսրին խորտակել: Ի՞նչ անեմ:
-Ոչնչից մի՛ վախեցիր, Ուսուցի՛չ, – շշնջաց աշակերտը: Շուտով նրանք ցամաք կհասնեն և նույնիսկ չեն էլ հիշի, որ իրենց թեզանիքները երբևէ թրջվել են: Միայն Կայսրն իր սրտում մի քիչ ծովային դառնություն կպահի: Այս մարդիկ ստեղծված չեն նկարի ներսում մոլորվելու համար:
Եվ նա ավելացրեց.
-Ծովը գեղեցիկ է, քամին` հաճելի, ծովային թռչուններն իրենց բներն են կառուցում: Ուսուցի՛չ, ե՛կ գնանք ալիքներից այն կողմ գտնվող երկիր:
-Գնանք,- ասաց ծեր նկարիչը:
Վանգ-Ֆոն բռնեց ղեկը, իսկ Լինգը կռացավ թիերի վրա, որոնց համաչափ, հստակ, սրտի բաբախյունի նման կանոնավոր աղմուկը կրկին լցրեց սրահը: Ջրի մակարդակն աննկատելիորեն նվազում էր մեծ ուղղահայաց ժայռերի շուրջը, որոնք կրկին վերածվում էին սյուների: Շուտով մի քանի հատուկենտ ջրափոսեր փայլփլեցին նեֆրիտե սալահատակին: Կուրտիզանուհիների շորերը չոր էին, սակայն Կայսրի թիկնոցի ծոցագրպանում փրփուրի մի քանի նշույլներ էին մնացել:
Վանգ- Ֆոյի անավարտ նկարը դեռ ցածր սեղանին էր դրված: Նկարի առաջին պլանում մակույկն էր: Այն հետզհետե հեռանում էր ` աներեր ծովի վրա սպիացող բարակ հետք թողնելով: Նավակի մեջ նստած երկու տղամարդկանց դեմքերն արդեն չէին նշմարվում: Կայսրն առաջ էր թեքվել և ձեռքն աչքերին հովանու նման պահած՝ նայում էր, թե ինչպես է հեռանում Վանգ- Ֆոյի նավակը, որն աղջամուղջի գունատության մեջ ոչ այլ ինչ էր, քան աննշմար մի հետք: Ոսկե գոլորշի բարձրացավ և տարածվեց ծովի վրա: Վերջապես մակույկը պտտվեց այն ժայռի շուրջը, որը փակում էր ծովափի մուտքը: Քառակուսի ստվերն ընկավ նավակին, որի թողած հետքը մաքրվեց ամայի մակերեսի վրայից, իսկ նկարիչ Վանգ- Ֆոն և աշակերտ Լինգը մեկընդմիշտ անհետացան Վանգ- Ֆոյի հորինած այդ նեֆրիտե կապույտ ծովում:
Ինչպես փրկվեց Վանգ-Ֆոն (“Արևելյան նովելներ” շարքից)
Գալիմար հրատարակչություն 1963 թ. (Gallimard 1963)
Ֆրանսերենից թարգմանեց` Լուսինե Բլբուլյան-Շուքուրյանը