Արամ Ալավերդյան | Մարգուշա կատվի մելանխոլիան

Երեմիան տասներորդն ավարտում է՝ քեռակինը սկսել է տխրել: Նվարդը դեռ քեռակին չէր, ջոկատավար էր, Երեմիան՝ չորրորդ դասարանցի, ճարպիկ, գիտուն, փայլփլուն աչքեր ուներ, բուկը երկար սվիթեր էր հագնում, ուժեղ թենիս խաղում, բայցև՝ գիրք էլ էր սիրում կարդալ: Ապագա քեռակինը, համեստության համար, նրան դուր էր գալիս: Նվարդը բարեմիտ ժպտում էր, խիստ կարճ սանրվածք ուներ, դպրոցից դուրս՝ տաբատ էր հագնում, վայելչատես, ամենակարևորը՝ երբ Երեմիան, ամաչկոտ, թենիսի շար էր խնդրում, գրասենյակի դուռը լուռ բանալի էր տալիս՝ բացում, թաղուցքից մեն-մի հատ տալիս նրան, միշտ իր ժպիտով ասում՝ «…կարծեմ՝ վերջինն է, ձեր սեղանը բետոնե հատակի վրա է, դրա համար էլ՝ չի դիմանում, շուտ ջարդոտում է շարը: Երևան գնացողի պիտի պատվիրեք՝ բերեն»:

Երեմիան, հոր ակնկալիքներին հակառակ, հինգերորդում՝ առհավետ մաթեմատիկային հրաժեշտ տվեց, էլ հասու չէր: Գլխի մեջ ֆուտբոլն է, գիրք կարդա, թեպետ այնքան իրիկունը խաղալուց՝ ուշ, սոված էր գալիս տուն- միայն անունն էր, ուրիշ հարց է, երբ անձրև եղանակ էր լինում. նա, պարզապես, հաստափոր գրքի կեսը պիտի կարդար, հոգին հանգիստ, իրիկունը դուրս գար պատշգամբ, երեսին քամի հպեր, բավականություն զգար:
Դպրոցի տարիների ուրախություններից ամենաջինջը՝ հենց տակավին ամուրի ջոկատավար Նվարդենց տուն, մի օր, տատուպապի խնամխոս գնալն էր: Ամեն ինչ շատ հապճեպ գլուխ եկավ: Պապը, ընթրիքի սեղանին, բնավորություն ուներ՝ երկու-երեք հատ բերնեբերան լիքը բաժակ արաղ խմել, հետո սրսռոտ բաժակը, դեռ ճաշն անավարտ, սուրբսրբոտ, բերանքսիվայր շշի վզին հագցնել, ցուցադրաբար, տատի հայացքին ի տես, իբր վե՛րջ խմելուն, սեղանի իր նստատեղի կողմով, կամաց դնել պատուհանագոգին, քեֆը լավոտ՝ լուրջ բանից խոսել.
-Ա՛յ ախչի Համեստ, արի՛ գնանք մեր Զառիկի աղջկորանցից մեկնումեկին ուզենք:
-Ինտելիգենտի հետ դու յոլա գնոցո՞ղ ես, այտա՛, ժամով են հաց ուտում, ժամով ա քո համար սեղանին հաց դնելու: Քո բողազը ռեժիմի բողա՞զ ա,- ասում է Համեստը,- չգիտեմ՝ որ մեկն ա տանը, էն փոքրը, ոնց որ, դպրոցում ա աշխատում: Դու մեր տղայից խաբար իմացի՛, պսակվելու անուն ենք տալիս՝ արտասուքը կախում ա: Գնաց Գերմանիա բանակ-եկավ, աշխարհը ոտի տակ տվեց, աղջկանից խոսում ենք՝ ուզում ա թե մեզ կուլ տա:
Ամեն ինչ շատ արագ տեղի ունեցավ: Բաքվի հորքուրներից մեկը շոկոլադի տուփիկ էր բերել մեծ տատի համար՝ դա՛, Ծմակուհողից Էլզան, թոշակի վկայություն գրելու համար, հինգ աստղանի կոնյակ էր բերել՝ իրար արեցին, մի դեպիրիկուն, Փոլի ճանապարհով, ուր, տատի ասած, շառ աչքը քիչ է, հագիկ-կոկիկ, մարդուկին, արդեն տնատեր փեսա-աղջիկ՝ կռնբռնուկ, քթի տակ թեթև զրույցով, գնացին խնամխոս: Աղջկատերը, ընդունված կարգի համաձայն, քիչ-միչ, զգուշավոր չեմուչեմ է անում, ավելի ճիշտ՝ «չէ» չի ասում, ոչ էլ, իհարկե, «հա», հատուկ դիվանագիտական խաղ է բանեցնում: Օրինակ, ասում է՝ «դեռ ջահել են, ա՛յ մարդ, դրանցից ի՜նչ պսակվող». թեպետ կարգի՜ն ներքուստ ուրախանում են, որ իրենց աղջկան մուշտարի է դուրս եկել, էն էլ՝ ո՜վ-ով, պաշտոններում աշխատած, կարգին-սարքին անուն ունեցող Պավլիկի խալխից:
Հացի են նստում, մի քանի բաժակ հետո, ապագա խնամիները սկսում են յոթ պորտի արմատների ազգակցական կապերը քանդել՝ հատ-հատ անել, որը՝ ո՛ր քաղաքում է, ո՛րը՝ ումոնցից է աղջիկ ուզել, քանի ժառանգ ունի, վերջապես, իրար գովել, ինչ որ հարցով իրար օգնելու խոստում տալ: Հարսնացուն, վերջից մոտիկ, լավ մուգ թեյ է դամ դնում: Սկեսուր-սկեսրարացու՝ նրա ներսուդուրս անելուն հատուկ աչքով են հետևում, կողքանցի պռունկով տնտղում, տեսնեն՝ իրենց տղայի նշանածացուն տան մեջ ի՜նչ շարժուձև ունի, հոր-մոր հետ ի՜նչ խոսելաձև է բանեցնում: Մի խոսքով, խնամխոսի առաջին օրը, կարծես թե, «չէ»-ի ծպտուն չի լինում, իսկ «հա»-ն՝ դեռ պետք չէր, կարող էին համբերությամբ զինվել ու՝ սպասել: Պայմանավորվում են՝ մի տասը օրից՝ մեկ էլ գալ, արդեն՝ վերջնական խոսքի: Ամենածիծաղելին՝ Բաքվից բերած շոկոլադի տուփիկը, հերթով, մի քանի անգամ իրար տուն տանելն էր: Հարսի կողմն էլ, որ իր հերթին բերեց, Պավլիկն արդեն չդիմացավ, մեծավարի, կեղծ ջղայնությամբ կատակեց.
-Էս շոկոլադի գլուխը ցավում ա, սա մինչև չուտենք՝ պրծնենք, ձեր թաղից մեր թաղ՝ էնքան տանելու եք բերեք՝ ճանապարհին որդը կապելու ա :
Ու՝ ծիծաղել են:
Երեմիան ամբողջ սրտով ուրախացել է, երբ դպրոցի ամենասիրելի անձերից մեկը՝ իր քեռակինն է դառնալու, աշխարհի ամենահաճելի, բարեհամբյուր աղջկան՝ իր համակրելի քեռին է ուզելու: Քեռակնոջ համար Երեմիան առանձնահատուկ ընկեր էր: Հարս լինելու սկզբնական դժվար շրջանում, երբ սկեսուրի հետ առաջին կռիվները սկսվել են, իսկ քեռին առավոտ շուտ աշխատանքի է գնացել, իրիկունը հոգնած եկել, լվացվել, ճաշել՝ տան մթնոլորտը փոփոխվել էր:
Երեմիան, անձրև օրերին, քեռակնոջն այցելում էր, որ նոր գիրք ուզի: Նվարդը բանասիրականն էր հեռակայում, եղբայր-քույր ուներ քաղաքում, հազվագյուտ, արժեքավոր գրքեր գտնելու միջոց կար: Մի ամսով գրքատերից խնդրում էին, որ Նվարդին վրա հասցնեն կարդալու ուղարկեն: Իսկ քեռակինը, կարդալուց հետո, սիրով տալիս էր Երեմիային: Կատակ չէր, յոթ-ութերորդ դասարանում՝ Ստենդալ, Մոպասան, Ցվեյգ, Պաստեռնակ կարդալ, Այթմատով, կամ՝ Դումբաձե: Իսկ Մաթևոսյանը՝ ուրիշ կինո էր:
Այսպես, Երեմիան գրքի հետ կապվել է, արդեն գրականության դասերին հաճելի էր, դասերը, հետաքրքիր լինելուց՝ շուտ էին անցնում: Գրականության երկու ուսուցիչները՝ հակապատկեր էին. մեկն ասում էր՝ Հրանտ Մաթևոսյանը հանճար է, մյուսը՝ ֆակուլտատիվին միշտ փնովում նրան. «նատուրալ բաներ է գրում, ընթեռնել չի լինում: Խանզադյան կարդացե՛ք…»:
Քեռակնոջ ընկերները՝ ցերեկը, անձրև օրերին, մեկ-մեկ՝ Երեմիան էր, իսկ մշտականը՝ Մարգուշա շեկ կատուն: Մարգուշան, առհասարակ, Նվարդից անբաժան էր, անհավանական պաշտպան-ընկերուհի: Երբ հարսուսկեսուր, ինչ որ տան հարցի շուրջ, իրար վրա ձայն էին բարձրացնում, Մարգուշան, տատին նայելով, հերսոտ մլավ էր տալիս, մուռ-մուռ անում, իր լեզվով իբր սաստում: Որ հաշվես՝ մի առանձնակի բկլատ էլ չի, ուրեմն նրա անկեղծությունն ավելի քան վստահություն էր ներշնչում:
Երեմիային հայրն արդեն սովորելու ընտրության հարցում վստահում էր: Նա ազատություն ուներ, այսինքն՝ լրագրող ես ուզում դառնաս՝ խնդրե՛մ, հանկարծ, թե ուսուցիչ ուզես սովորել՝ քո՛ գործն է, իր քեֆով թող լինի: Հոր ուզածը՝ միմիայն որդին բարձրագույն ընդունվելն էր:
Իսկ Երեմիայի հոր սիրած զբաղմունքը շախմատն էր: Գործից հետո, մանավանդ շաբաթ-կիրակի, շախմատիստները՝ Կառլենը, Աշոտը, Վասիլը՝ շուտ-շուտ են հավաքվում: Անխոս գիտեին՝ մեջների ամենաուժեղ խաղացողն ով է, բայց վիզ առնել չկա: Կառլենն է: Դրա մասին խոսող չկա: Ընդունված չի: Երեմիայի հայրը՝ Արեգը, Կառլենին է միշտ տուն կանչում: Անհոգ օրերին, թեթև, հաճելի լռության մեջ՝ շախմատ են խաղում.
-Հը՛: Օհո՜:
-Հա՛, բա ոնց՞:
-Տաքտա՛ք ես դեռ, տաքտաք:
-Եղա՜վ, եղա՛վ: Քո ասածը լինի, քո ա՛-սա՛-ծըըը՜:
-Պա՛հ, տեսա՞ր դու:
-Փետուրդ շաղ եմ տալու, դու դեռ որտե՜ղ ես:
-Մի՛ շտապի, մի՛ շտապի:
-Բմբուլներդ քի՜չ ա մնացել քամու տամ…
Դեմ-դիմաց, խաղատախտակի շուրջ, պարար լռության մեջ, առանց իրար երեսի նայելու, նրանք անորոշ խոսքեր են արտաբերում: Արեգը տեսնում է, որ հաշիվն անհարմար է իր օգտին, տանուլ է տալիս, Կառլենի թույլ երակը գիտի, ոչ մարզական խորամանկության է դիմում, ինչպես ասում են: Խաղի մեջ սուզված, առանց շուռ գալու՝ կանչում է.
-Կնիկ ջաա՜ն:
-Հա: Արեգ, ասա՛,- տան եռուզեռի միջից արձագանքում է կինը՝ Մարիկը:
-Կնիկ ջան, էս կարո՞ղ ա՝ դու էսօր որոշել ես մեզ սովամահ անես,- խաղով տարված, կողքանցի, երգեցիկ արտաբերում է ամուսինը, հետո՝ Կառլենին.
– Էդքան որ մտածեի՝ Սպասկու հետ էլ ոչ ոքի կանեի, Շահբարո՛վ: Սրտիս թելը կտրեց, շուտ արա՛, մի քայլի վրա էրկու ժամ մտածում ես, տնաշե՛ն: Էէ՜, չեղա՛վ:
Կառլենն ուտել է սիրում, ինքն անգամ խոստովանում է: Մի անգամ, բարեկամի տան, ինչ որ հարցի շուրջ աղմկել են, աներոջ կողմից քաղաքից եկած անծանոթի մեկը նրան ասել է՝ «ընկեր ջան, դու ի՜նչ ուտիլիտար մարդ ես բայց…»: Կառլենը, քեֆը հազար, ոչ տանի-ոչ բերի, թե՝ «այոո՜, ուտել էլ եմ սիրում, տղամաարդը պիտի ուտի ու աշխատի…»: Նա իրեն չորս-հինգ բաժակից հետո, արդեն իրեն շատ լավ է զգում: Հետագա պարտիաներին արդեն համարձակ է մտածում, հենց այնպես, կեռումեռ տրամաբանությամբ, վստահ, որ ամենաճիշտ քայլը դա է հենց՝ որ կատարում է: Ու՝ իրար ետևից, երեք-չորս անգամ տանուլ է տալիս, մինչև կեսօր, իր օգտին եղած պարտիաների հերն անիծում՝ հաշիվը ձեռքից տալիս է երեկոյան մոտ:
Մարդու հատուկ տեսակ կա՝ուտելու սեղանի մեռած, որտեղ կերուխումի հարց լինի՝ ինքը գլխավերևն է, ուր էլ լինի՝ դիպված, սրատես աչքով, գալու՝ սեղանին կցան է լինելու. ֆիզիկայի ուսուցիչ Շահենն է: Արեգի կինը ափսե է շարել արդեն, գրաֆինը՝ սեղանի կենտրոնում, թթու լոբի-լոլիկի, մանր բողկի, կանաչ սոխի, գինձի աղանդերի ախորժաբեր բույրը տունն առել է:
Դրսի երկաթե դարպասի սողնակը՝ օտարոտի շրխկաց: Շահենի տանջահար, յուրահատուկ սողնակի զրնգոցն է: Շախմատիստները թունդ զբաղված են, «վեր կացե՛ք-վեր կացեք՝ կերակուրը սառավ- երկու րոպե՜, երկու քայլի հաշիվ ա, Կառլենի հարցը լուծեմ՝ վեր կենանք». կլանված համոզում է Արեգը:
Շահենը մտավ, երկար թիկնոցը հանեց՝ կախեց, իրանի ազատ տեղից՝ կոլոլ, հում, անկազմ մի ծրար հանեց, խորիմաստ, կարևոր տեսքով՝ բարևեց.
– Հաշիվը ո՞նց ա: Մեռնեմ՝ սրանք առավոտից եք նստած:
– Հա՛, Շահեն, երանի՜ սրանց համբերությանը: Ժամանակին ես եկել, Արաքսյա զոքանչդ քեզ սիրում ա: Մտիր, ձերքերդ լվա՛,-ասաց Արեգի կինը:
-Շահե՞ն՛,- առանց նրա կողմը շրջվելու՝ խոսեց, խաղատախտակին հափշտակ՝ դնդնաց Արեգը,- եկա՜նք, նստի՛ սեղանին, արաղը լցրու՛:
-Արաղի վախտ չի՛, վեր կացե՛ք, կարևոր գործ կա, տե՛ս՝ ինչ եմ բերել, Ստեփանակերտից են ուղարկել,- ծրարը մեկնեց Արեգին:
-Լավ, Կառլեն, վեր կացանք, արի՝ էս մեկը ոչ ոքի համաձայնվե՛նք ,- առաջարկեց՝ սեղանի բույրին ու Շահենի ծրարին կանխավայել Արեգը:
-Հացը մահանա բռնի՛ դու միշտ, հալդ հալ չի, ի՞նչ ոչ ոքի, խոխա չկենաս, հավերժական շախի հույս չպահես:
-Լա՛վ, լավ, վեր կա՛ց, գլուխս ուռել ա: Մեռա՜նք սոված,- ասաց Արեգն ու՝ վեր կացավ:
-Ի՞նչ թուղթ ա, տուր տեսնե՛մ:
-Կարդա՛:
-Իգոր Մուրադյանն ո՞վ ա, ծանոթ անուն չի: Հա՛, դե Ղարաբաղի հարցը հարյուր տարի ա մեր գլխին կախված, մի օր պիտի տրաքի, էլի՛: Սուրմալու-Սուրմալու՝ էս Նախիջևանի կողմերը չի՞:
-Լուծված հարց ա, պալիտբյուրո դրած արդեն, քննարկում են հիմա, ներքին կարգով: Միանում ենք Հայաստանին: Շաբաթների հարց ա,- ձեռքերը սրբեց, գլխարկը կախեց, սեղանին նստեց Շահենը:
-Հա՜յ-հաաա՛յ, երանի՛ քեզ: Ո՞նց ես էդ լոգիկայով դու խոխոցը ֆիզիկա տալիս, մարդ զարմանում ա: Թուրքն էլ սու՛ս արեց, ասեց՝ հա՛, առե՛ք-տարեք Ղարաբաղը, ձե՛զ լինի: Էս ծրարը գիտե՞ս ինչ ա, Շահեն:
-Ի՞նչ ա:
-Լեվիտանի սովինֆորմբյուրոյի՝ ա՛յ էն ձենով-օհան կռվի կանչելն ա: Պատրաստվե՛ք:
-Ի՞նչ կռիվ, ի՜նչ բան, դեմոկրատիա տված վերևից, պատմությունը՝ պատմություն, թուրքին ո՜վ ա ասում՝ տեղդ ծուխ ա: Սրտովդ չի՞, չեմ հասկանում, Արե՛գ:
-Սրտովս ա, Շահեն, թվանքի հոգս արե՛ք, սա լա՛վ խաբար ա, հարյուր տարի սպասված, բայց միևնույն ժամանակ՝ մեծ կռվի հարայ: Մեծ կռի՛վ, հասկանու՞մ ես…
-Ա՜խ, տեսնելու՞ ենք՝ Բլագովեշչենսկ բանակ գնացած մեկը՝ մեզանից, տուն նամակ գրի՛, փակետի վրա՝ Արմյանսկի Էսէսէռ, Նագոռնոկարախբախսկի օբլաստ, գյուղ էսի՛նչ, էսինչ էսինչյանից, փոստատար Եվգենն էլ բերի՛, թերթերի հետ՝ կոլոլած, կոխի՛ դարպասի վերևի աջ անցքը:
-Աա՜խ…

Մարգուշան քեռակնոջն է սպասում՝ դպրոցից գա: Նվարդն իրեն համեղ, յուղալի փլավ է տալիս, դուռը բացում է՝ դուրս թողնում՝ բակի անուշ զովին քսմսվի, մեջքն ու գլուխը՝ քաղցր շոյում, հետը զրուցում է, անհասկանալի հարցեր տալիս: Ինքն անլեզու է, բայց քեռակնոջ մեղմ խոսքի երանգից զգում է, որ իրեն երեխայի նման սիրելու խոսքեր է ասում: Նաև՝ խռովկան է: Քեռի-քեռակին իրար հետ որ կռվեն՝ անձնական ողբերգություն է ընդունում, հոնքերն իրար տալիս, մորմոք ձայնով՝ մի տեսակ մլավում, հաճախ նաև վնգստում՝ քեռու ոտնաթաթերը որ ճանկռոտի: Խռովկան՝ այն աստիճան, որ մի օր գլուխ է վերցրել՝ կորչելու համար, տնից գնացել: Բակից անցել է Ռուբենի մարագը, մի ալարկոտ անանուն որձ կա՝ խոտի դեզի մեջ, հետը խաղ տվել, իջել, Գզիրի ձորի վրա՝ վարսավիրանոցի աղբահորով բարձրացել, որ դուրս գա դեպի անծանոթ տեղեր, մոլորվի՝ ետ չդառնա տուն: Մարգուշան հոգնել է տան ամենօրյա միապաղաղ աղմուկից, հոգնել է՝ տեսնել տատի խուսքուզրույցը քեռակնոջ հետ, հոգնել է՝ տեսնել գործից եկած, բազմոցին գուլպաներով մեկնված քեռուն՝ միշտ քնկոտ, իր վրա հոխորտացող դեմքով: Ամեն ինչից հոգնել է: Ռուբենի մարագի անանուն որձն է՝ անուղղելի, անբան, մի տեղից մի բան քարշ տա բերի, կրծոտի, հետո՝ երեսը դնի պոչին ու՝ մրափ տա: Սա՛ է անելիքը:
Հա՛: Մեկ էլ՝ Երեմիային է կարոտում Մարգուշան, անգամ՝ չափազանց, բայց նա՝ մեկ-մեկ է երևում, իրեն միշտ տնական հավի ջլոտ ոսկոր է բերում, մատներով հաճելի տրորում է ծոծրակը, ափսո՜ս, հազվադեպ է երևում: Գալիս է՝ քեռակնոջ հետ, անվերջ, իր համար ձանձրալի զրույցներ են անում, գրքերը բացուխուփ անում, մեկը բերում՝ մյուսը տանում: Երեմիան գալիս է՝ Մարգուշան ուրախանում, գնալուց՝ բարձրանում է պատուհանագոգ, հպվում, քիթուբեխերը դեմ տալիս, առջևի թաթերով զարկվում ապակուն, դրսի համար՝ անձայն, վշտոտ մլավում: Երեմիան լքում է իրենց, ո՜վ գիտի, մեկ էլ երբ է իրենց տուն գալու: Երեմիայի գալով՝ Մարգուշայի օրը, մի ժամով լինի- երկու՝ սրտառուչ է դառնում:
Վերջին օրերին նա անհանգիստ է, սիրտն անախորժ բան է գուշակում, գիշերները՝ մե՛կ քնում է, մե՛կ՝ վեր թռնում: Այդպես եղել է՝ մի քանի տարի առաջ, երբ խոր գիշերը, հանկարծ մարդիկ՝ հուրհրատող, ամեհի կրակի լույսից արթնացել-տեսել են՝ կոլխոզի բենզակայանը պայթել, վառում է, ու՝ ձորի այդ հուժկու ալավը, ասում են՝ տիեզերանավից էլ են նկատել: Տիեզերքի շառը՝ Մարգուշան կանխագուշակում է, տիեզերքի հետ՝ նրա ոգին ու ենթագիտակցությունը, կարծես թե, կապ ունեն, մնում է՝ տիեզերանավից նկատեն: Ի՜նչ մի դժվար է որ: Սակայն, արդեն ոչ երիտասարդ Մարգուշան, այդքանի կախարդանքը իր միջով անց է կացնում, անբնական մի վիշտ՝ նրա սիրտը միշտ տանջում է, շուրջն ամեն ինչ իրեն տխրեցնում է: Մի քեռակին է՝ որ նրա ընկերուհին է: Երեմիան, ուշ-ուշ հյուր գալով, ինչքան նրան ոգևորում, այնքան ամեն հրաժեշտով՝ անբացատրելի տխրություն է բերում…

Թուրք Փարմանը, հանդի գործից խոնջահար, բրիգադի հետ, ճաշի դադարի է եկել գյուղամիջի սպառկոպի ճաշարան: Հևքը դրած, ջուխտ արմունկներով հենվում է մատուցափեղկին, ցաքուցրիվ, մետաղակուռ ատամնաշարի արանքից՝ նախ ժպտում խոհարար Նազիկին, խորտկեղենի բույրին՝ «փահ-փա՜հ» անում, գրական հայերենի առանձնահատուկ շեշտով ու պաշտոնականությամբ՝ դիմում սպիտակ զգեստն ու գլխարկը հագին կանգնած գործակատար Ալենին.
-Բարև ձե՛զ. խնդրում եմ՝ մի բաժակ թեյ լցնեք: Մուգ թեյ:
-Փարմա՞՜ն: Մեղա՜ քեզ, գրական հայերենի ես անցել, խեր լինի՞: «Թե՛յ»: Ի՜նչ ա կատարվում քո հետ,- ամենօրյա հանդարտությամբ, ժպտերես արձագանքում է ճաշարանի գործի վաղուցվա աշխատակից, դպրոցի տեխմասի Հոսանի բարեդեմ կին Ալենը:
-Ալե՛ն, դե կամաց-կամաց ուզում եմ լեզուս փոխեմ, էլի, էս ա Հայաստանին ենք միանում, բան չի մնացել,- անթույն կատակի է տալիս Փարմանը:
-Մի բուռ խալխ եք, ձեզ ի՜նչ ա եղել, դուք էլ մեզ հետ կգա՛ք, միասին կմիանանք Հայաստանին,- թեյ լցրեց, կատակի հանգը պահպանեց Ալենը,- հո չե՛ք քոչելու գնաք…
-Քաղաքից եկած՝ ստորագրություն են հավաքում, ասում են՝ մարդուգլուխ մի քանի հազար ստորագրություն ա մնացել, Հայաստան ենք դառնում: Ախրը՛, Ազրբեյջանը ձեզ ի՜նչ փիսություն ա արել, Ալե՛ն, դու էլի ծանր-ծանրումեծ ջուվար ես, աշխարհք տեսած մարդու կնի՛կ:
-Փիսի-լավի հարց չկա, Փարմա՛ն, մեր երկիրը Հայաստանն ա: Քո՛ երկիրն էլ. ութ երեխադ հայերեն են սովորում, կի՛նդ՝ հայերի մեջ ա գործ անում, դու՛՝ մեր մեջ: Քեզ ի՞նչ ունես կիսելու, տնաշե՛ն:
-Ինձ ինչ ա եղել, ճիշտ ես ասում, ով էշն ա՝ ես փալանը, բանվոր մարդ եմ,- հոնքերը մռայլեց Փարմանը:
-Ի՞նչ ստորագրություն ա, բայց ես բան չեմ լսել,- լրջացավ Ալենը:
-Պատրաստվի՛, պատրաստվի՛, Հայաստան ենք գնում: Զգացված եմ թեյի համար,-կայտառ գրականով ասաց Փարմանն ու՝ դուրս եկավ…

Նվարդը՝ Ստեփանակերտ մանկավարժականը հեռակայում է: Մեկնում է քաղաք քննություն հանձնելու, քեռին սկսում է տառապել, տեղը չի գտնում, ծխի՜-ծխի, մի տասը-տասնհինգ օր, ասես՝ իրար միս ուտողը չեն, որ տատին զանգում է. «Երեմիա, հենց ապրե՜ս, էն վերի կապույտը, արի՛ իրարից անջատի՛, կռիվը թափի՛: Մեր գիժը՝ էս Ճոթերից եկածին մի տեղին խփելու ա՝ սպանի՛, գնա բանտի դուռը»:
Նվարդը գնում է Ստեփանակերտ, այդ ապաշխարհ տղամարդու համար երկիրը խավար է դառնում: Արդեն Մարգուշայի հետ ընկեր է դառնում, կոշտ-կոշտ անել չկա, կերը՝ տեղը-տեղին, դուռը բացի՝ դուրս գա, շուռ տա թաղամասը՝ մի քանի ժամ իր քեֆին:
Ստեփանակերտ՝ տարին սովորականից լուռ է սկսվել, կարծես, մինչև դրսերում աղմուկ պտտվի: Անձայն, խոհանոցի քննարկումների ժամանակ է: Ինստիտուտի հայկական մասում, ուսանող տղաները սովորականից աշխույժ են, հարմարը՝ հանրակացարանին կպած լինելն է, «էս թուղթը տա՛ր՝ էն մեկը բեր»: Շշուկները հասել են դասախոսություններին, պաստառների համար կտոր է հարկավոր՝ մի տեղից ինքնիրեն ի հայտ է գալու:
Ուր որէ՝ միտինգ է սկսվելու:
Սկզբից՝ մանկավարժականի մի քառասուն-հիսուն հոգի ուսանողները, հետո՝ ամեն կողմից իրար տալով՝ «միացում», շատերը՝ ով տեղյակ է:
Ուսանողների ադրբեջանական մասում անհաղորդ լռություն է: Աղջիկները, կարգի համաձայն- անտարբեր, ծամքոտ, թուխ հագուկապ, զիլ կարմիր, կայծկլտուն, լաքոտ կոշիկներ, «Կռասնի Մոսկվայի» քաղցրաբույր, սվսվան թիկնոցներ- անլուր, ներսուդուրս են անում: Ո՛րը Աղդամից է եկել, ո՛րը Բեյլաքանից, ո՛րը Միրբաշիրից…

-Մարգուշ, Մարգուշա՜: Տե՛ս, է՜, էլի տափը ծակեց-կորա՜՞վ,- դուրս եկավ բակ, կատվին չգտավ, մտմտաց քեռին:- Մեկ ա, յուղ-մեղր էլ տաս՝ գլխին որ խփեց…
Նվարդի գալը մոտենում ա, վա՜յն էն ա՝ Մարգուշի գլուխը մի բան գա:
-Մարգու՛շ, Մարգուշա՜….

22.02.17

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *