Մարիամ Հարությունյան | Մետամորֆորզներ

°շարժումներ՝ աչքերը դեռ չբացած կամ կույր°

Վաղվա երազները փշրվող քամու պես
Խուտուտ են տալիս այտերը, որ չմրսի,
Բայց այս անգամ դժվար թե գլորվելիս խաբես՝
Իբր ոչինչ չկար, ձյունն էր խաբարբզի,
Իբր տուն ես եփել ու զույգ-զույգ ծղոտով
Բարձի վրա գործել ես աչքուլունք՝
Քարի դարից եկած անմեկնելի երկտող,
Մի քիչ սրա նման, բայց ավելի խորունկ։
Երեկոյան, մինչև ժամերգավարտը,
Ես փամփուշտները կլցնեմ բոլոր,
Ու սպիներից կլպստեմ մակարդը,
Ու կկախվեմ պատից թավալգլոր,
Ես քեզ, որ ինձ համար մի քիչ ավելի թանկ ես,
Քան թելադրած ու սովորած բաները,
Պինդ կխցկեմ սառած գրպանիս տակը,
Որ հուզմունքից պոկվեն կարերը։

 

°ճանաչեցի՞ր. դե մոռացիր°

կարող ես իմ փոխարեն սառը սուրճի հաշիվը ստանալ,
բայց եթե ձեռի հետ մի ծամելու բան էլ վերցնես,
ես հաստատ կուտեմ, իսկ հետո կգնամ տուն,
ու չնայած քայլել էինք, մի-մի բերան ծխել,
հենց հասնեմ տուն, մի ձև հետ կտամ էդ ամենը,
որ գիշերը գոնե մի քիչ թեթևացած քնել ստացվի։
կարող ես իմ փոխարեն որոշել զբոսանքի երթուղին,
մենակ թե ոչ նորից պռոսպեկտ ու էդ անտեր պուրակով,
քանի դեռ ոտքերս բաց չեն, ու չեմ կարող ջրի մեջ վազվզել,
համ էլ վաղուց արդեն նոր անկյուններ չեմ տեսել քաղաքում։
հիշեցի. իրար հետ պիտի ջազ լսելու գնայինք,
բայց էսօր դու ես ընտրում երթուղին, ես դրա մասին կլռեմ։
իսկ վաղը խնդրել ես՝ շուտ արթնանամ, գամ քեզ հանելու,
եթե դժվար չէ, անձամբ, ոչ թե ուրիշ ձևերով,
ու էդ մտքից իմ քունը սարսափելի ուժեղ է տանում,
վաղն էլ է տանելու, համ էլ ցուրտ է լինելու, համ էլ ախր…
ես ոնց որ թե էլի նեղացել էի քեզնից, սովորականի պես՝
միայն մտքում, աննկատ, խորքային, անիծելու աստիճան։

 

°որովհետև չկա այն, ինչ եղել էր°

Եթե մաքուր լինես ու առանց շպարի, քեզ կսիրեն,
Եթե ոտքերդ բարալիկ լինեն, աչքերդ՝ կանաչ, մաշկդ՝ սփրթնած,
Եթե մազերդ շատ կարճ չկտրես, հատկապես՝ հանկարծ,
Եթե նման չլինես ոչ ոքի, նույնիսկ ինքդ քեզ,
ու դրա հետ մեկտեղ
Եթե Ռուբենսին տարբերես Ռեմբրանդից, բայց նախընտրես պոստմոդեռնը,
Եթե ըմբռնես ալյուզիան ու չնեղանաս սարկազմից,
Եթե լինես խոցելի ու անմեղ, խորն ու անմաշկ,
Եթե միշտ հասկանաս, աջակցես, լաց չլինես,
Եթե միշտ թեմա ունենաս խոսելու ու չակնկալես ոչինչ,
քեզ կսիրեն,
քեզ հաստատ կսիրի,
քեզ կսիրի այն տղան,
Որ ոչ թե միս ու արյունից է, այլ ձախողումից ու հույսից,
Որ դասական երաժշտություն է լսում ու ծխում դաստակը ծալած,
Որ այնքան տեղին է տառապում, և որին անվերջ ուզում ես փրկել՝
հոգուդ գնով փրկել,
բոլոր հրեշներից փրկել,
ինքդ հրեշ դառնալու չափ փրկել սրտագին…

 

°ու երանի էլ երբեք չլինի°

Տեսնես կարո՞ղ եմ ապրել այնպես,
որ հետաքրքիր լինեմ Աստծու համար.
մարդկանց այլևս հազիվ թե հետաքրքրեմ,
նրանք այնքան քիչ բան են տեսել,
որ ինքնապաշտպանական բնազդներից մեկով
ծանոթ ուրվագծեր են փնտրում ամեն ինչի մեջ,
մինչդեռ Աստված ամեն բան տեսել է ահավասիկ։
Ես ուզում եմ ապրել
և շտապում եմ փակել աչքերս,
որովհետև մարդ եմ, ոչ թե Աստված,
և նախընտրում եմ խորհել,
որպեսզի թվա, թե իրերն իմ վերահսկողության տակ են։
Դանդաղ ներշնչում եմ
և օդի հոսանքի հետ զգում,
թե ինչպես են աշխատում օրգաններս,
թեպետ դեռ չեմ հաշտվել իմ չափազանց լինելու հետ՝
չափազանց մեծ ու շոշափելի, չափազանց կարմիր,
երբ արտասվում եմ, չափազանց հաճախ արտասվող.
միայն գիտեմ, որ չեմ կարող վերահսկել գոյությունս։

 

°

Վաղնջական ժամանակներից ի վեր
այս փոշոտ օդը ճեղքող առաջին սևագլուխները
տուն են փնտրել ու չեն գտել,
ու հիմա ես՝ որպես նրանց վերամարմնավորում,
կարոտում եմ ոտքերս քոչվոր,
աչքերս՝ ծառերի կանաչը տարբերող,
ականջներս՝ թռչուններին մի ծվոցից ճանաչող,
առանց անուններ փնտրելու անհրաժեշտության։
Եթե ստացվի այնպես, ինչպես միշտ է եղել,
հազիվ ոտնաթաթերս դիպչեն ավետյաց հողին,
տաք ածխի պես նրանց կայրի վերջակետի ցավը,
և մեղրածոր կաթը նույնքան դառնաղի կթվա,
ինչքան ցայտաղբյուրի ջուրն ամառվա տապին։
Բայց եթե բախտս, այդուհանդերձ, բերի,
և չկրկնեմ մեզ շղթայող ասացվածքը,
դուրս պոկվեմ (օ՜, ինչպիսի՜ բերկրանք, ի՜նչ օդ),
ես կգտնեմ այն պատը,
որի ստվերում կհաշտվեմ անկատարության հետ՝
իմ մարմնի, նրան ծածկած ստվերի, այս աշխարհի։

 

°

Ինչ անսովոր է հետևելը նրանց, ովքեր
դեռ հույսեր են կապում գալիք սերունդների հետ,
Կամ զրուցելը նրանց հետ, ովքեր
դուրս են գալիս ցույցերի ու ինչ-որ բան վանկարկում,
Ինչ հետաքրքիր է լսելը նրանց, ովքեր
ծրագրեր ունեն եկող հինգ տարվա համար,
Բայց էլ ավելի` ովքեր բալիկներ են ունենում,
նրանց համար սենյակ հարդարում
և երկհարկանի մահճակալն ի վերջո օգտագործում
ըստ նշանակության,
Ինչ զարմանալի է տեսնելը նրանց, ովքեր
հրաժարվում են դաջվածք անելուց,
Որ ծերանալուց հետո մաշկը չկախվի, իրենք էլ` չափսոսան,
Բայց էլ ավելի` նրանց, ովքեր վախենում են ինքնաթիռներից,
Եվ ոչ երբեք` օդանավակայան տանող տաքսին նստելուց,
Ինչ տարօրինակ է ամեն օր պարզելը, որ մարդիկ
դեռ հավատում են ուրիշ մարդկանց,
Որ դեռ անհանգստանում են
ուրիշ մարդկանց կարծիքից,
և ուրիշ մարդկանց դեռ վեր են դասում
Ծառերից, Շներից, Երկրաշարժներից,
Ձայնի տատանումից, Գույներից,
Լռությունից, Ձյունից։

 

°առայժմ°

Հիմա հերոսություն է ծածուկ մնալը,
Ու քանի որ բառը շատ է մերկացնում,
Գրելը ծայրահեղ վտանգավոր է։
Մինչև կես բաժակ ջուր խմեմ,
Մի գլուխ էլ թերթեմ ինչ-որ բաներ՝ չկարդալով,
Ստուգեմ, որ մեքենան բակում կանգնած լինի,
Ասեմ «բարի գիշեր, սիրտ»,
Մնացած բոլոր բառերը հօդս կցնդեն,
Ու այստեղ հավաքելու կմնան դատարկ անոթներ,
Կմախքներ, ձևականություններ։
Իսկ ես ուզում էի պատմել, որ երեկ
Իմ նախկին ընկերուհին ամուսնացավ
(մտքում լսվեց «մահացավ»… մեղա՜),
Ու ինձ չէին հրավիրել, ինչպես որ ենթադրելի էր,
Դրա համար էլ հիշեցի, թե ինչ բան է սերը,
Ու որ ինչքան ուժեղ սիրես մեկին,
Նույնքան ուժեղ էլ մի օր կարող ես նրան ատել՝
Ներսից կրծելով ինքդ քեզ չիրացրած ջերմության համար։
Ես ատում եմ, որ դուք շարունակում եք լինել,
Որ կարողացաք շարունակել առանց ինձ,
Ասես՝ ի հեճուկս, մինչդեռ պիտի
Ամայանայիք, դատարկվեիք, իմ կարիքը զգայիք,
Պիտի հրաժարվեիք իմ բացակայությունից։
Անցյալը չես փոխի, էլ ինչո՞ւ եմ ուրեմն
Ափսոսանքով նայում հետ, մտածում։
Մի՞թե մեկ ուրիշ տարբերակն ավելի լավը կլիներ,
Քան այն, ինչ ունեմ ու ապրում եմ հիմա։
Այնքա՜ն եմ ուզում ունենալ իմ մահճակալը,
Ունենալ իմ զգեստապահարանը,
Ունենալ իմ անկյունը, որտեղ կբերեի
Փողոցի բոլոր սոված կատուներին,
Մինչև հատակը պատռվեր նրանց ծանրությունից,
Բայց ես կբերեի՝ էլի ու էլի։
Չեմ ամաչում իմ ցանկություններից,
Երբ հիմա ինչ-որ մեկը հաստատ մտածում է՝
Ինչ լավ կլիներ, որ պատերազմ չլիներ։
Բայց ախր ես գիտեմ, որ միշտ է լինելու,
Եթե ոչ այստեղ, ուրեմն՝ այնտեղ,
Իսկ ես կարող եմ ինչ-որ մի օր
Ունենալ իմ մահճակալը,
Իմ պահարանն ու հայելին,
Դա խաղաղությունից պակաս կարևոր է,
Բայց շատ ավելի հավանական ու հավատալի։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *