Տատս
Հերթով
բոլոր շերտերի վրայով
արևի գնալու ժամն է:
Մեջքն է՝
արևի տաքացրածը՝
հին երկունքներից մնացածը:
Լեռն է,
որ տևական է,
երբ օրը երկար է…
***
Դեռ տևում է
աշնան մի հետևանք.
քամուց մինչև երկիր՝
բարին պատմություններում,
քամին մինչև երկիր՝
պատմելիս:
Դեռ տևում է
աշնան մի հետևանք
քամուց մինչև երկիր
պատմելիս…
***
Նորից մեր տեղից չելանք, երբ հիշեցինք
հեշտ, մեկ վայրկյանում թրջող հետևանքները,
կողմնակի բաները՝ հույսն անձրևի վրա,
երևելի՜ կայծակների՝
շուրջբոլորը՝ Մասիվների գլխին,
անձրևի դատարկ հատակները…
***
Անձրև չեկավ,
ոչ մի համբուրվողի
չթրջեց:
Սուրճը
մինչև պատմությունն
ավարտվեց,
մինչ աշնան՝
տեղը թաց
պատմությունը…
***
Մի հեռվություն
աշնան մատույցներից
ճանապարհը կարճում է,
գործը կարճում է,
առավոտը կարճում է,
երկար մտածածը կարճում է:
Ճանապարհները ձգվում են
մինչև ուշ աշուն,
մինչև ուշ աշուն
ճանապարհները
իրար տեղ են բռնում:
Սառը օդ
և շատ պատմություն.
ճանապարհները
իրար տեղ են բռնում…
***
Լեզվագարները
առաջին արևին
և վերջին արևին՝
մի հեռավոր տեսարանի
հենված.
դեռ չափազանց էր
մի պատմություն,
դեռ հրաշք էր թվում
մի պատմություն…
***
Ամենից թեթև ամպերը,
որ չեն ծանրանում
և թեթև-թեթև
վերածվում են,
խտանալիս
իրարով անցնում են:
Տեղերը տարբեր
և շնչելու ձևերը տարբեր.
ստվերները շարժվում են,
Ինչպես մենք…
***
Մի կիսատ եղանակ
ի՜նչ լավ է պտտվում
և օդը չի շարժում,
և օդը չի շարժում:
Մի կիսատ եղանակ
ի՜նչ լավ է պտտվում
և օդը չի շարժում,
և օդը չի շարժում…