ՄԱՐԻԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ | Խաղաղ ժամանում

Մարիամ Կարապետյան

Ներկայությունից առաջ`
մի քիչ խաղաղություն`
լայնություններից առաջ դնելու…

***
Բոլոր չեղած բաները անցան՝
համարյա վստահ, որ մենակ են,
և իմ ներկայությունը լրացավ՝
բոլոր ձևերով հավասար սահուն,
և անքուն լրիվություններս՝
կլոր, լեցուն բառերով,
և նռան, խաղողի հետ եղածներս՝
աղքա˜տ, աղքա˜տ…

Մոլորված, անհնարին մարդիկ
գնացին`
հերթով հմայելով ձեռքերը, ոտքերը
և բոլոր ավերումների խոսքերը երազված
և դեմքերի ձայնը, երբ սովորում էին լռել…
Քայլեցին երկրի մեջ
ոտքերի մատների վրա,
չոր բաներից մինչև
մանր ընթացքները…
Դարձած ճանապարհները
նույն կողմ թեքվեցին
տարբեր հանգով…

Մութն ընկնում էր
անհուսությունից առաջ,
մինչև կեցվածքները…

***
Աշխարհում ապրելու
անբառությունը
և դաշնությունը խաղի
հոգու հետ…

Բոլոր ծնրադրած լռությունները
և բոլոր բառերը քեզնով:

…Երբ մենք արդեն կիսված կլինենք,
անուններ դնելիս
զգո՛ւյշ եղիր…

***
Արի՛ կտավները փոխենք,
և դու
ժամանակների մասին մտածես
նույնը,
ինչ ծառերը-
հոտ առ հոտ…

Ամեն անգամ նորից
նշենք Տեղերը
ու խաղաղ լինելը
չմերժենք…

***
Ձեռքի մանրագույն շարժումը
երկու սրտերի միջև…

Հոգին ելնում է պատկերների միջից
աշխարհ նկարելու օրը…

Իջնող հայացք`
ծավալման կեսին…

***
Նա այսօր
մոլորակի բազմազանությանը սովորեց
ու քույրերի մասին…

…Թող գա ու պատմի ինձ
ծնունդը
ճոճվող մեջքով
այս երջանիկ լինելու օրը…

Քնքշանք անժամանակ՝
տեղը տարտամ թողած…

***
Փոքրերի անավարտ խաղաղությունը
շարունակություն է հորինում
միանգամից
հորինելու մասին:

Վերջին պահին ստվերը
այլ կողմ է շրջվում:

Նրանց ժամանումները
խաղաղ դարձան…

***
Մատներից այն կողմ՝
աչքերի մեջ,
մեզ չի խանգարի,
ինչ քամունն է.
ինչ-որ օդ՝
հայացքի մեջ ուրիշ
այցի պահին…
Մենակ՝
քամին պաշտպանելով…
Քամուց մնացած լրիվություն՝
տողերի արանքների մասին…

***
Մկանները
գունավորում են կորագծերը:
Գլխարկների ու աչքերի
առաջին իմաստները:
Թարթվող աշխատանք:
Արթնանալը
նորացումով անավարտ
տևում է
դեմքի բոլոր երանգներով:
Լռությունները
սովորեցնում են իրար:
Փխրուն արթնացման
թրթռոց…

***

Անդորրի մեջ հասակ առածները
խաղաղություն են սիրում,
Աստծո քնքշությունն ու ներշնչանքը,
և հաղթահարումից չեն մխիթարվում:
Նրանցն են
բոլոր երևակայվող զրույցների կիսատությունը,
թվարկումների կիսատությունը,
տևումների անպատճառ երկարությունը
և գալիք բոլոր խաղաղությունները…

***
Դու լուսանում ես,
երբ ես մտածում եմ,
և բառերը՝
խաղաղ վկայություն գիշերվա:
Հանգիստը տևում է այնպես,
ինչպես
անհանգստությունն է տևում նույնքան:
Եվ դեպի բարին է ուղղորդվում չասվածը…

***
Հերթով անցնելիս երևացող
բառեր:
Բառերի երևալու հաճույքը:
Տարածության կոշտությունը և փափկելը
անցնելիս:
Օրորոցի վերադարձը
և աչքերի բոլոր վերադարձները…

Share Button

3 Կարծիք

  • Lusine Haroyan says:

    Ուրիշ տիրույթի պոեզիա… Ապրես:

  • Մարիամ Կարապետյան says:

    Շնորհակալություն: 🙂

  • gevorg says:

    Խորություն խաղալը ժամանակակից շատ գրողների է հատուկ, իսկ այդ «խորությունը» «հասկանալը»՝ ընտրյալ ընթերցողին…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *